Վրացական ճարտարապետություն

Վրացական ճարտարապետություն, Վրաստանի տարածքում ճարտարապետության հնագույն հուշարձանները պատկանում են մեր թվարկությունից առաջ 5-րդ հազարամյակին։ 3-րդ հազարամյակից պահպանված Իմիրիս-լեռ գյուղատեղիի՝ հատակագծում շրջանաձև տները, կենտրոնում օջախով ուղղանկյուն շինություններն (Կվացխելեբի) ուշ շրջանի վրացական «դարբագի» ժողովրդական բնակարանի նախօրինակն են։ Հայտնի են այդ շրջանի խեցեղեն իրերն ու կավե արձանիկները։

Ակակի Կորովա պետական թատրոն Սենակիում, նեոկլասիցիզմի տարածված տարրերով բարոկո Վրաստանում: Ճարտարապետ Վաղթանգ Գոգոլաձե

Ոսկերչական արվեստ խմբագրել

Ոսկերչական արվեստը ծաղկում է ապրել մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում, տարածում են գտել բրոնզե կերտվածքները՝ ձուլածո արձանիկներ, «կոլխյան» կացիններ, փորագրված գոտիներ։ Անտիկ շրջանի Վրաստանում (մեր թվարկությունից առաջ 6-5-րդ դարերից-մեր թվարկության 3-րդ դար) ստեղծվել են մի շարք նշանավոր քաղաքներ (Մցխեթ, Վանի և այլն), Ուփլիսցիխե վիմափոր քաղաքը պատկերացում է տալիս ազնվականների բնակարանի մասին։ Այդ շրջանի բազմաթիվ կառույցներ Վանիի տաճարը (մեր թվարկությունից առաջ 2-րդ դար), Մցխեթի դամբարանը (մեր թվարկությունից առաջ 1-ին դար), Արմազիսխևիի (2-3-րդ դարեր) և Զալիսի (մեր թվարկության առաջին դար) բաղնիքները վկայում են հելլենիստական, իսկ մյուսները (Դեդոփլիս-մինդորի տաճարը, մեր թվարկությունից առաջ 1-ին դար)՝ Իրանի արվեստների հետ եղած կապերի մասին։ Հելլենիստական արվեստի հետ աղերսվում են նաև այնպիսի հուշարձաններ, ինչպես Վանիի (մեր թվարկությունից առաջ 3-2-րդ դարեր), Սարկինայի (մեր թվարկությունից առաջ 2-րդ դար) քանդակները, Զալիսի խճանկարները և այլն։ Միաժամանակ տեղական առանձնահատկություններն արտահայտվել են բրոնզյա, այսպես կոչված, «կոլխյան վահանակածներում (մեր թվարկությունից առաջ 3-րդ դարից-մեր թվարկության 3-րդ դար)։

Արվեստի ազգային յուրօրինակություն խմբագրել

Վրացական արվեստի ազգային յուրօրինակությունը հատկապես ակնհայտ է միջին դարերի հուշարձաններում։ Բազմաթիվ կառույցներից (քաղաքների, ամրոցների, պալատների, կամուրջների ավերակներ) առանձնանում են պաշտամունքային շինությունները։ 4-րդ դարից-5-րդ դարի 1-ին կեսին վրացական ճարտարապետությունը (ի սկզբանե քարի և թաղակապ) յուրացրել է համաքրիստոնեական ճարտարապետության ձևերը (բազիլիկ)։ Մշակվել է բազիլիկի յուրօրինակ ձևը, որ ներկայանում է 5-րդ դարի վերջի 6-րդ դարի կառույցներով (Բոլնիսի Սիոն, Սվետիցխովելի Վախթանգ-Գորգասալ, Մցխեթ, 5-րդ դար և այլն)։ 6-րդ դարն ստեղծվել է յուրօրինակ ոչ գմբեթավոր տիպ, այսպես կոչված, «եռաեկեղեցի բազիլիկ», որի առավել կատարյալ տարբերակը մշակվել է 6-7-րդ դարերի սահմանագծում (Զեգանի, Նեկրիսի և այլն)։ 6-րդ դար 2-րդ կեսից առաջատար է դարձել գմբեթավոր ճարտարապետությունը։ 6-րդ դարի վերջին 7-րդ դարի սկզբի Մցխեթի Զվարի մեծ տաճարի ճարտարապետությունում զարգացվել է Նինոծմինդայի տաճարի (6-րդ դարի 2-րդ կես, անկյունային սենյակներով քառակոնք) կոմպոզիցիոն գաղափարը։

Ցրոմիի գմբեթավոր տաճար խմբագրել

Ցրոմիի գմբեթավոր տաճարը (7-րդ դար 30-ական թվականներ)՝ քրիստոնեական ճարտարապետություն «ներգծված խաչ» տիպի հնագույն օրինակներից է։ Համաքրիստոնեական և իրանական մոտիվների ու թեմաների գծա-դեկորատիվ վերամշակումն առկա է նաև քանդակազարդումների (ճարտարապետություն հարդարանք, ստելաներ), խճանկարչության մեջ (5-6-րդ դարեր)։ 7-րդ դարի կեսից նկատելի է այդ, այսպես կոչված, «դասական ոճի» (Սամծևրիսի) ավարտունությունը, որ դրսևորվել, է 8-րդ դարից-10-րդ դարի 1-ին կեսին։ Մի շարք տեղական դպրոցներում կատարվել են նոր «ճարտարապետական լեզվի» որոնումներ (Գուրջանիի 8-րդ դար, Վաչնաձիանիի 9-րդ դար, գմբեթավոր տաճարները)։

Քանդակագործության ասպարեզում վերջնականորեն հաղթահարվել է հելլենիստական ժառանգությունը (Աշոտ Կյուրոպաղատի պատկերով հարթաքանդակը, Օպիզա, IX դ․, Զարզմայի Աստվածածնի վերափոխման սրբապատկերը, 886 և այլն)։ Նույնն առկա է գեղանկարչության մեջ (Դավիթ-Դարեջայի, Նեսգունի որմնանկարները, Ցիլկանի Աստվածածնի սրբապատկերը և այլն), իսկ գրքի մանրանկարչությունը կախման մեջ է հին նմուշներից («Ադիշի ավետարան», 897)։ X դ․ կեսին հիմնականում ավարտվել է այսպես կոչված «գեղանկարչական ոճ»-ի կոնստրուկտիվ և գեղարվեստական-դեկորատիվ միջոցների ձևավորումը։ XI դ․ սկզբի երեք գմբեթավոր կաթողիկեներում՝ Քութայիս (1003), Աչավերդի, Սվետիցխովելի (1010- 1029 թվականներ), արդեն չկա X դ․ ճարտարապետության յուրահատուկ ճկունությունը, իսկ XI դ․ 30-ական թվականներին տեղի է ունեցել հատակագծերի միասնականացում (երկսյուն «ներգծված խաչ» և դահլիճավոր եկեղեցի՝ վաղ շրջանի բազմազան տիպերի փոխարեն) և կազմավորվել է ճակատների հարուստ հարդարանքի ամբողջովին փոխկապակցված համակարգը (Սամթավիսի, 1030 թվական և այլն)։

10-11-րդ դարեր խմբագրել

X-XI դդ․ նշանակալի զարգացում է ապրել քարի և մետաղի քանդակագործությունը։ X- XI դդ․ սահմանագծին նախկին մասնակի որմնանկարների փոխարեն ստեղծվել են ճարտարապետության հետ խստորեն հարաբերակցված ամբողջական որմնանկարներ (Դավիթ-Գարեջա, Աթենի Սիոն և այլն), որոնք բյուզանդականի հետ ընդհանուր հատկանիշներից բացի ունեն պատկերագրության և ոճի ինքնատիպություն, առանձնանում են մի քանի տեղական դպրոցներ (տաոկլարջեթյան, գարեջիական, սվանոռաճյան)։

Մանրանկարչությունը, որ X դ․ ստեղծել էր վառ ինքնատիպ հուշարձաններ («Ջրուչի ավետարան», 940 թվական), XI դ․ նկատելիորեն հետևել է բյուզանդական կանոններին («Զաքարիա Վալաշկերտցու վարքը»)։ XII-XIII դդ․ ճարտարապետությունը շարունակել է XI դ․ ճարտարապետության միտումները, սակայն տաճարները դարձել են կամերային, փոքրաչափ, աչքի են ընկնում նուրբ դեկորատիվությամբ (Իկորթա, Փիտարեթի և այլ գմբեթավոր տաճարները)։ Դեկորատիվությունը գերակշիռ տեղ է գրավում նաև XII-XIII դդ․ դրվագումներում։ Գծանկարով ու կոլորիտով հիանալի են նկարիչներ Տևդորեի (XI-XII դդ․) և Միքայել Մաղլակելիի (1140) արտահայտիչ որմնանկարները, Գելաթիի գլխավոր տաճարի, Վարձիայի, Բեթանիայի, Ղինծվիսիի, Տիմոթեսուբանիի, Բերթուբանիի նուրբ խճանկարները, որոնց մոտ են երփնագիր սրբապատկերները։ Մանրանկարներում միավորված են բյուզանդական կամ արևելյան արվեստի նվաճումներն ու որոշակիորեն ազգային կերպավորումը («Ջրուչի ավետարան», XII դ․, «Աստղագիտական տրակտատ», 1188 թվական, «Գրիգոր Աստվածաբանի ճառը», XIII դ․ և այլն)։

Կիրառական արվեստի ճյուղերից աչքի են ընկնում միջնորմավոր արծնապակյա կերտվածքները։

13-րդ դար խմբագրել

XIII դ․ 2-րդ կեսից նկատելի են ճարտարապետության ճգնաժամի նշաններ՝ ամբողջ հորինվածքի անօրգանականություն, XIV դ․՝ պրոֆեսիոնալ վարպետության անկում։ XV դ․ կատարվել է Լենկթեմուրի ավերած կառույցների վերականգնում, սակայն XVI -XVII դդ․ վերելքի շրջանում էլ ճարտարապետությունը (հիմնականում աղյուսե) էկլեկտիկ է, մի շարք հուշարձաններում ուժեղ կերպով արտահայտվել է իսլամական արվեստի ազդեցությունը։ XIV-XY դդ․ գեղանկարչությունը մոտ է այսպես կոչված «պալեոլոգյան» ոճին (Ուբիսի, Նաբախթևի, XV դ․ Սկիզբ), իսկ XVI -XVIII դդ․ ակնառու են արևելաքրիստոնեական ողջ արվեստի ճգնաժամին բնորոշ ընդհանուր գծեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։