Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություն, Հայաստանի առաջին նկարչական դպրոցը։ Հիմնադրվել է 1921 թվականին, գտնվում է Երևանում, Արշակունյաց պողոտայի 39-րդ շենքում։

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Տեսակքոլեջ
Հիմնադրված է1921
Անվանված էՓանոս Թերլեմեզյան
ՏնօրենԱննա Մնացականյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԱրշակունյաց 39, Երևան
Կայքterlemezyan.com

Պատմություն

խմբագրել

Նկարչական դպրոցը ստեղծվել է 1921 թվականին՝ Ժողովրդական կոմիսարների խորհրդի հատուկ դեկրետով, Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի օրոք։ Սկզբնապես կոչվել է «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում, 1938 թվականին՝ գեղարվեստական ուսումնարան, 1941 թվականին վերանվանվել է հայ մեծ նկարիչ Փանոս Թերլեմեզյանի անունով և կարճ ժամանակահատվածում դարձել գեղարվեստի միջնակարգ լավագույն կրթարաններից մեկը։

Առաջին տնօրենն է եղել Հովհաննես Թադևոսյանը, որը գլխավորել է ուսումնական աշխատանքներն ու կազմել դասատուների կազմը։ Հաստատության ակունքներում են կանգնած ժամանակին Եվրոպայի լավագույն կենտրոններում՝ Վիեննայում, Փարիզում, Մյունխենում, Մոսկվայում, կրթություն ստացած և մեծ հեղինակություն վայելող արվեստագետներ Մարտիրոս Սարյանը, Վրթանես Ախիկյանը, Ստեփան Աղաջանյանը, Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեճյանը, Գաբրիել Գյուրջյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյանը և այլք։ 1927 թվականին ուսումնարանը տվել է իր առաջին շրջանավարտները, որոնց թվում էին անվանի հայ գեղանկարիչներ Մհեր Աբեղյանը, Սեդրակ Ռաշմաճյանը, Բաբկեն Քոլոզյանը, Արմեն Չիլինգարյանը և այլք։ Մյուս տարիների շրջանավարտներից են Հովհաննես Զարդարյանը, Գրիգոր Խանջյանը, Ղուկաս Չուբարյանը, Մարիամ Ասլամազյանը, Արա Բեքարյանը, Էդուարդ Իսաբեկյանը, Արա Հարությունյանը,Կարապետ Տիրատուրյանը և այլք։

 
Գլխավոր մուտք

Մինչև 2007 թվականը ուսումնարանը (հետագայում վերանվանվեց քոլեջ) գտնվում էր Լեոյի փողոցի շենքում, հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ տեղափոխվել է Արշակունյաց պողոտա[1]։

Կառուցվածք

խմբագրել

Սկզբում ունեցել է նկարչության, քանդակագործության (բրուտանոցով), 1925 թվականից՝ նաև ոսկերչության, փայտագործության, ասեղնագործության (ավելի ուշ՝ գորգագործության) բաժիններ։

Այսօր քոլեջը բաղկացած է գունանկարչության, քանդակագործության, դիզայնի բաժիններից։ Կարևոր տեղ է հատկացվում ընդհանուր մասնագիտական կրթության մեջ տեսական բաժնին, որտեղ արվեստի պատմության լսարանին կից գործում է ժամանակակից տեխնիկայով հագեցած ֆոտոկինոլաբորատորիան, որը հնարավորություն է տալիս ուսանողներին յուրացնել դասավանդվող նյութը, ծանոթանալ համաշխարհային արվեստի պատմության էջերին վավերագրական, պատմական, գեղարվեստական ու արվեստաբանական տեսանյութերի օգնությամբ, ինչպես նաև վիրտուալ այցելություններ կատարել աշխարհի տարբեր թանգարաններ։

Դասավանդման առանձնահատկություններից է այն, որ այստեղ դասավանդում են ակտիվ ստեղծագործական կյանքով ապրող նկարիչները, որոնք Հայաստանի նկարիչների միության անդամ են[2]։

Կարևոր և երկար սպասված իրադարձություն էր քոլեջի կյանքում 2007 թվականից գործող «Թերլեմեզյան» ցուցասրահը, որն իրականացնում է համահայկական մշակութային փառատոներ, ուսանողական և դասախոսական ամենամյա ցուցահանդեսներ և «Թերլեմեզյանականներ» մշակութային միջոցառումների շարքը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ Փ. ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ(չաշխատող հղում)
  3. «Թերլեմեզյանի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2019-06-02-ին. Վերցված է 2014-03-06-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 569