Զաբել թագուհու վերադարձը

Վարդգես Սուրենյանցի նկար

«Զաբել թագուհու վերադարձը», նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավ։ Նկարվել է 1909 թվականին, այժմ պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում մշտական ցուցադրությամբ[1]։ Կտավը ներկայացնում է Կիլիկիայի հայկական թագավորության մեջ նշանակալի դեր խաղացած Զաբել թագուհու կերպարը։ Սուրենյանցի՝ պատմական թեմատիկայով ստեղծված բարձրարվեստ կտավներից մեկն է։

Զաբել թագուհու վերադարձը
տեսակգեղանկար
նկարիչՎարդգես Սուրենյանց
տարի1909
բարձրություն72 սանտիմետր
լայնություն107 սանտիմետր
ժանրպատմական գեղանկարչություն և դիմապատկեր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

Ուշագրավ է, որ նկարը հայտնի էր նաև «Զաբել թագուհու թագադրությունը» անվան տակ, սակայն նկարում կատարվող գործողությունը բոլորովին այլ դեպքերի մասին է պատմում։ Նկարում առկա են թագավորական գահանշանների հիմնական էլեմենտները, նշանակում է Զաբելն արդեն թագուհի է։ Այդ հաստատում են նաև պատմիչները, որոնց վկայությամբ Զաբելին թագադրել են 1219 թվականին, այսինքն երբ նա դեռևս մանուկ էր[2]։

Թեմա խմբագրել

Նկարի կենտրոնական կերպարը Կիլիկիայի հայկական թագավորության թագուհի Զաբելն է։ Լևոն 2-րդի դուստրն է, նա հոր կամքով կարգվում է գահաժառանգ, և քանզի մանկահասակ էր, նրա խնամակալ է դառնում Կոստանդին Գունդստաբլը։ Լևոև 2-րդի մահից հետո Կիլիկիայի իշխանները 1222 թվականին Զաբելին կնության են տալիս Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպին՝ վերջինիս հանձնելով հայկական գահը[3]։ Շուտով Ֆիլիպն աչքի է ընկնում հակահայ հայացքներով, ի վերջո հայ ֆեոդալների կողմից նա բանտարկվում է ու արտաքսվում երկրից։ Զաբել թագուհին, անսահման վշտի մեջ թողնում է աշխարհիկ կյանքն ու գնում է Սելևկիա, ուր որոշում է դառնալ վանքի մայրապետ։ Կոստանդին Գունդստաբլն ու հայ իշխանները հորդորում են Զաբելին ամուսնանալ Կոստանդինի որդու՝ Հեթումի հետ և խնդրում վերադառնալ Սիս։ Հակառակ իր կամքի Զաբելն ընդունում է իշխանների առաջարկը։ Այս վերադարձն էլ պատկերված է Սուրենյանցի կտավում[2]։

Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ։ Նրա նախաձեռնությամբ Սիս մայրաքաղաքում 1241 թվականին կառուցվել է հիվանդանոց[4]։ Զաբելը հմուտ է եղել ուսման և գիտության մեջ, նպաստել շինարարական աշխատանքներին, 1238 թվականին հովանավորել է Անդուլ մենաստանի վերակառուցումը, Սսում կառուցել Կաթողիկե և Ս. Մարինե եկեղեցիները։ Պահպանվել են Զաբելի և Հեթում 1-ինի պատկերներով դրամներ[3]։

Նկարագրություն խմբագրել

«Զաբել թագուհու վերադարձը» ստեղծագործությունն իր հորիվածքային որոշ տարրերով, կերպարների դասավորությամբ, հորիզոնական դեպի դիտողն ուղղված և ճարտարապետությամբ սահմանափակված հորինվածքով, թերևս, հիշեցնում է Ջոտտոյի «Սուրբ Ֆրանցիսկը Սուլթանի առջև» որմնանկարը։ Սուրենյանցի նկարում անկյունագծերի հատումներն աջ կողմում կազմում են նաժիշտի գլխի գագաթը, ձախում՝ Զաբելի ձեռքը, նրա գլխավերևն ու հագուստի ստորին մասը[5]։

Զաբելի սլացիկ հասակը, կիսաթեք գլուխը, կրծքին դրած ձեռքը, կիսախուփ աչքերը անհուսալիություն և անզորություն են արտահայտում։ Սպասուհիները ծնկի են եկել, խոնարհվել իրենց թագուհու առջև։ Որպես բռնության խորհրդանիշ, դռների մոտ կանգնած են սպառազեն երկու զինվորներ։ Սառը, միապաղաղ հատակը, միօրինակ կամարները և կանաչ վարագույրով ծածկված մռայլ հեռուն լրացնում են Զաբելի կերպարը, որոնց միջոցով նա դառնում է ավելի արտահայտիչ, զուսպ և ինքնամփոփ[2]։

Կոմպոզիցիայի կառուցման ժամանակ նկարիչն առաջնորդվում է ուղղահայաց և զուգահեռ գծերի սկզբունքով։ Այդ հարցում օգնության են գալիս նաև նույն ձևով դրված գունային գծերը։ Դա հատուկ երաժշտականություն է հաղորդում նկարին և միաժամանակ փոքր չափի աշխատանքը դարձնում մեծակտավ ստեղծագործություն[2]։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սուրենյանց Վարդգես Հակոբի. {{cite book}}: Text "Զաբել թագուհու վերադարձը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ղազարյան, Մանյա (1960). Վարդգես Սուրենյանց/Մենագրություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. 3,0 3,1 «Զաբել թագուհի». www.historyofarmenia-am.armin.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: Text "historyofarmenia.am.am" ignored (օգնություն)
  4. «Զաբելը՝ Կիլիկիայի հայոց թագուհի» (PDF). Հ.Օ.Մ./1910. 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  5. Զոհրաբյան, Շուշանիկ (2014). Վարդգես Սուրենյանցի նկարների կոմպոզիցիոն-տարածաչափական առանձնահատկությունները (PDF). Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել