Գրքարվեստ, գրքի գեղարվեստական ձևավորման արվեստ։ Գրքարվեստում համադրվում են զուտ գեղարվեստական (արտահայտչական, խորհրդանշական, գեղազարդիչ) և գրքի կառուցվածքատեխնիկական ու նշանային տարրերը, որոնցով տպագրությունը ձեռք է բերում գեղարվեստական նշանակություն։

Ոսկան Երևանցի, «Քերականութիւն»

Գրքի կառուցվածքի, գեղարվեստական ձևավորման և էջկապի խնդիրները լուծվում են գրքի դիզայնի եղանակներով։ Գրքարվեստը ժամանակակից իմաստով՝ որպես գրքի գեղարվեստական ձևի ստեղծման և տպագրության արվեստի ինքնուրույն տեսակ, ձևավորվել է գրատպության գյուտից հետո (Եվրոպայում՝ 1440-ական թվականներ)։ Այն համադրում է տեքստը, գրաֆիկան (գծանկար, փորագրություն, վիմագրություն և այլն), տառարվեստն ու տպագրաֆիկան և ամբողջանում հրատարակիչների, խմբագիրների (գրական, գեղարվեստական, տեխնիկական), նկարիչների, լուսանկարիչների և պոլիգրաֆիստների համատեղ աշխատանքով։

Պատմություն խմբագրել

Ժամանակակից գիրքն իր տեսքով և կառուցվածքային բաղադրիչներով նման է կոդեքսին։ Միջին դարերում այն ձեռագիր էր, բավական ստվարածավալ, հաստությունը հաճախ գերազանցել է լայնությանը։ Տեքստերում որպես պատկերազարդում օգտագործել են զարդարուն սկզբնագրեր, հյուսկեն մոտիվերով գլխազարդեր, վերջազարդեր ու լուսանցազարդեր, հյութեղ ներկերով ու ոսկով արված մանրանկարներ և այլն։ XIII–XV դարերում ստեղծվել են պատկերազարդ մատյաններ, մշակվել է գունազարդ գլխատառերի աստիճանակարգություն (փոքրատառ և մեծատառ), որտեղ լայնորեն կիրառվել են նաև մանրանկարչական տարրեր։ XV դարում Իտալիայում գրքի պատկերազարդում­ներում օգտագործվել են անտիկ ճարտարապետության մոտիվներ ու զարդանախշեր։ Տպագրվել են հին դասականների երկեր, որոնց էջերն անհամեմատ թեթև էին, տառերի գունային ցայտունությունը՝ նվազեցված։

 
Աստվածաշունչ, 1666-1668 թվականներ

Առաջին տպագիր գրքերը ձեռագրերի վերատպություններ են, որոնք լրամշակվել են ձեռքով (ներկում, սկզբնատառերի ավելացում, նախշազարդում և այլն)։ Իսկ դարավերջին տպագրության հիմնական գույնը դարձել է սև-սպիտակը։ Կանոնավորվել են գրքի ներքին կառուցվածքը, տեքստում կողմնորոշման և ծավալի չափման (համարակալում, ցուցիչներ) միջոցները, ի հայտ է եկել տիտղոսաթերթը (XIV դարում՝ նախշազարդ), մշակվել են տպատառերի գծապատկերման սկզբունքները և այլն։ XVII դարում փայտափորագրությանը փոխարինել է մետաղափորագրությունը, որը հնարավորություն է տվել փորագրանկարում արտահայտելու պատկերի ավելի նուրբ մանրամասեր և նրան հաղորդել թեթևություն։ Պղնձափորագրությամբ ստեղծվել են առանձին ներդիրներ, հաճախ՝ գրքից ավելի մեծ չափերով, և որպես ներդիր փակցվել գրքերին։ 1820–30-ական թվականներին գրքարվեստում տեղի են ունեցել ոճական կտրուկ փոփոխություններ. գերակշռել են ռոմանտիզմի տարրերը։ Մշակվել են ավելի արտահայտիչ գծապատկերով ու համամասնություններով տիտղոսագրային տառեր։ Տիտղոսագրերի և շապիկների մակագրությունների շարվածքներում հերթագայում են տառի գծապատկերների ու չափերի կտրուկ անցում­ները, իսկ տեքստի շարվածքում օգտագործվել են առավել ընդգծված տառեր, գլխանիստային (կատարվել է փայտանյութի ընդլայնական սղոցվածքի վրա) փորագրանկարի ներդրման շնորհիվ հնարավոր է դարձել զգալիորեն բարելավել փորագրանկարի որակը, և պատկերազարդման կլիշեն անմիջապես տեղադրել էջկապի մեջ ու նրան հաղորդել նկատելի շարժունություն։

XX դարում առավել տարածվել են գրքարվեստի գործածության համար հարմար եղանակներն ու ձևերը։ Մանկական գրքերում առավել կարևորվել են խաղային և ստեղծագործական ունակություններ զարգացնող տարրերը. պատկերազարդում­ները գերակշռել են տեքստին, լայնորեն կիրառվել է գունավոր տպագրությունը և այլն։ Գիտական գրականության մեջ ներդրվել են նյութի խմբավորման և տեքստի ու տեսողական շարքերի համադրման գեղարվեստական-կառուցվածքային մեթոդներ։ Գրքարվեստը նկատելիորեն զարգացել է հատկապես XX դարի 2-րդ կեսին՝ պայմանավորված պոլիգրաֆիայի կտրուկ առաջընթացով, տպագրության եղանակների (օֆսեթ, խոր տպագրություն և այլն) կատարելագործմամբ, լուսաշարվածքի, դարավերջին նաև համակարգչային տեխնիկայի ներդրմամբ, գրքի լուսանկարչական տեսանելիացմամբ, որը նպաստում է նրա հավաստիության տպավորության ստեղծմանը։

Ժամանակակից ավանգարդիզմի արտահայտչամիջոցները հնարավորություն են տալիս ընդլայնելու գրքի բլոկի և բացվածքի ձևերն ու շարժունությունը։ Դրանց հիման վրա զարգանում են նաև գրքի գեղարվեստական կառուցվածքի ստեղծման դիզայներական եղանակներ։

Հայկական գրքարվեստ խմբագրել

 
«Հիսուս որդի», 1661 թվական

Հայերեն առաջին գրքերը (ձեռագիր մատյաններ) գրվել են մագաղաթի, 971 թվականից՝ նաև թղթի վրա։ Գրքի չափերն ընտրվել են նրանց նշանակությանը համապատասխան. գրպանի կամ ձեռքի գրքերը (Սաղմոսարան, Աղոթագիրք, Նարեկ և այլն) պատրաստել են փոքր՝ 4 x 6 սմ-ից մինչև 10 x 14 սմ չափերով, հոգևոր-եկեղեցական գրքերը (ընթերցվում էին ձեռքին բռնած)՝ միջին չափերի, եկեղեցուց դուրս չբերվող գրքերը (Ճաշոց, Հայսմավուրք, Վարք սրբոց և այլն)՝ մեծ՝ 40 x 60 x 20 սմ չափերով, և գրվել են հաստ (կոշտ) մագաղաթի վրա, խոշոր թավ տառերով, աշխարհիկ գրքերը՝ փոքրադիր (շարվել են 8 կչփ-ի մանր և գեղեցիկ բոլորգրով

Մեզ հասած հայերեն ամենահին նկարազարդ և թվագրված ամբողջական ձեռագիր մատյանը՝ IX դարի «Լազարեան Աւետարան»-ը, գրված է բոլորաձև երկաթագրով։ X–XII դարերում ձևավորվել է բոլորգիրը և հետագայում դարձել գերիշխող նաև տպագրության մեջ։ Սկզբում գրել են չընդհատվող, հարադիր բառերով և փոքրատառ (նաև հատուկ անունները)։ Գլխատառով գրել են միայն գլուխների, բաժինների, նոր պարբերությունների սկզբնատառերը։ Եկեղեցական գրքերում առանձին բառերի վրա դրվել են առոգանության նշաններ՝ ընթերցանության, և երաժշտական խազեր՝ երգելու համար։ Պատրաստի ձեռագիրը նկարազարդել է զարդանկարիչը (ծաղկող). նախ լրացրել է բաց թողնված սկզբնատառ-գլխագրերը (հիմնականում՝ կարմիրով, որի շնորհիվ կոչվել է կարմիր տող), ապա գրել գլխագրերը, որպես կանոն, զարդատառերով, որոնցից առավել շքեղները կոչվել են փառագիր։ Գործածվել են պատկերազարդման խորան (Ավետարան, Ճաշոց, Շարակնոց, Ճառընտիր և այլն), լուսանցազարդ, սկզբնատառ, գլխազարդ, վերջազարդ ևն տեսակները։ Զարդանկարչից հետո մանրանկարիչը նկարել է արդեն բնագրի բովանդակությանը վերաբերող պատկերները, Ավետարաններում՝ 4 ավետարանիչների դիմանկարները՝ իրենց խորհրդանշաններով, Աստվածաշնչում՝ աշխարհի արարման, ջրհեղեղի և ընդհանուր տեսարաններ, մարգարեների պատկերներ և այլն։ X դարի վերջին և հատկապես XI դարի 2-րդ կեսին ձևավորվել են գլխազարդով՝ հիմնականում խորանով կամ կիսախորանով, հաճախ՝ ավետարանիչի խորհրդանշանով կամ նրա հետ կապված զարդարուն սկզբնատառով, տեքստից ավելի մանր գրված վերնագրով տիտղոսաթերթեր։ XII դարում ի հայտ են եկել հաճախ ամբողջ էջի բարձրության սկզբնատառերի դիմաց՝ աջակողմյան լուսանցքում գեղեցիկ խաչով պսակված լուսանցազարդերով։ Զարդարուն շրջանակով գլխազարդը կամ կիսախորանը ստացել են հիմնականում ուղղանկյուն ձևեր, որոնք, խորանների նման, վերևում զարդարված են խաչի, ծաղկի կամ անոթի շուրջը պատկերված խորհրդանշական թռչուններով։

XII դարից Կիլիկիայում, Վասպուրականում, Գլաձորում, Տաթևում, Ղրիմում և այլուր տիտղոսաթերթը դարձել է ձեռագրի ամենագեղեցիկ էջերից։ Համեմատաբար համեստ են մյուս գրքերի (Ճաշոցներ, Մաշտոցներ, Ճառընտիրներ, Շարակնոցներ և այլն) տիտղոսաթերթերը։

 
«Ուրբաթագիրք»

Հայկական մատյանների տիտղոսաթերթերն իրենց հարուստ զարդարվեստով զուգադաս են խորանների ու խաչքարերի զարդարվեստին և ունեն նույն խորհրդանշական իմաստը։ Այլ ձևերով, բայց նույնպիսի հարուստ զարդարվեստով են արված միայն իռլանդական և անգլիական միջնադարյան ձեռագրերի տիտղոսաթերթերը։ Ավարտուն ձեռագիրը (մատյան, գիրք) կազմել է կազմարարը։ Համեմատաբար ստվարածավալ գրքերի կազմերի վրա դրվել է նաև կաշվե կամ մետաղե փակիչ՝ ճարմանդ։ Փառակազմ Ավետարաններն ու Աստվածաշունչներն ունեցել են նաև մետաքսե շապիկներ՝ շուշպաներ։

Հայ հնագույն տպագրությունը երկգույն է. վերնագրերը և տեքստի որոշ հատվածներ տպագրվել են կարմիր, մնացածը՝ սև։ Տպատառերը (առանց զարդագրերի) 2 տեսակի են՝ բոլորգիր և գլխագիր։ Հիմնական շարվածքը կատարվել է խոշոր, ուղիղ բոլորգրով՝ մոտ 14 կչփ-ով, գլխատառերը՝ 16 կչփ-ով։ Բոլոր գրքերում օգտագործվել են զարդագրեր։ Գրքերը 8-ծալ են (մամուլում՝ 16 էջ), Հակոբ Մեղապարտի բոլոր 5 գրքերի յուրաքանչյուր էջի վերևի մասում զետեղված է փայտափորագիր ժապավենաձև զարդ-շրջանակ՝ գլխազարդ (24-ն են), որոնց մեջ գրված են տվյալ էջերի խորագրերը. դրանք ավելի հաճախ կիսվել ու տեղադրվել են բացվածքի աջ և ձախ շրջանակներում, օրինակ՝ Երազ Ացոյց, Ծննդեան Տղայոց կամ Ճաղիանոց Հաքիմ և այլն (Ուրբաթագիրք

 

Աբգար Թոխաթեցու տպագրությունները նույնպես երկգույն են՝ զարդափակ էջերով և ուղղանկյան մեջ առնված խորագրերով։ Առաջին իսկական տպագրական տառերը 1579 թվականին ձուլել է տվել Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցին՝ ֆրանսիացի գրաձուլող Ռոբերտ Գրանժոնին, որոնք հիմք են դարձել հետագա հայկական տպագիր բոլորգրի համար։ Դրանք 3՝ 10–12, 16 և 36 կչփ-երի տառեր էին՝ քիչ դեպի աջ թեքված։ Պատրաստել է նաև ավելի խոշոր զարդագրեր (ուղիղ), որոնք օգտագործել է պարբերությունների սկզբի գլխատառերի համար։ Նրա և Հովհաննես Տերզնցու տպագրած «Տօմար Գրիգորեանը» (1584) ուշագրավ է բարձր վարպետությամբ կատարված մեծաքանակ աղուսակներով ու բոլորակներով։ Հայ տպագրական արվեստի նոր որակ են Ոսկանյան տպագրությունները։ Ոսկան Երևանցու հրատարակած գրքերն աչքի են ընկնում բարձրարվեստ շարվածքով, գրագետ խմբագրված և սրբագրված բնագրերով ու տպագրության բարձր որակով։ Դրանց շնորհիվ նրա տպագրած գրքերի զգալի մասը հետագայում տարբեր տպարաններում նույնությամբ վերատպվել ու տարածվել է։ Ոսկան Երևանցու՝ 1666-1668 թվականներին տպագրած Աստվածաշնչում օգտագործվել է տպատառերի 7 տեսակ։ Նրա փոքր տառերը (երկրորդ ձեռք) կոչվել են «Ոսկանյան» և լայնորեն տարածվել են հայ տպագրության մեջ ու հասել մինչև մեր օրերը (10 կչփ-ի հասարակ)։ Ոսկանյան տպագրություններն առանձնանում են նաև պատկերների առատությամբ (Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» պոեմում՝ շուրջ 100 պատկեր, Աստվածաշնչում՝ 159, ևն, երբ մինչ այդ եղած հրատարակություններում օգտագործվել են առավելապես 1 տասնյակ պատկերներ)։ Զգալիորեն ավելացվել է նաև գրքի տպաքանակը (Աստվածաշունչը՝ 5000 օրինակ), և մեսրոպատառ գիրքն առաջին անգամ տարածվել է աշխարհում։

Հայկական գրքարվեստի հետագա զարգացումն ընթացել է այդ ավանդույթների և տպագրական արվեստի եվրոպական միտում­ներին համահունչ՝ յուրաքանչյուր վայրում իրեն բնորոշ առանձնահատկություններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։