Սալոմե (նկար)

Վարդգես Սուրենյանցի նկար

«Սալոմե», հայ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի 1907 թվականին ստեղծած կտավ, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1][2]։

Սալոմե
տեսակգեղանկար
նկարիչՎարդգես Սուրենյանց
տարի1907
բարձրություն155 սանտիմետր
լայնություն155 սանտիմետր
ժանրհոգևոր արվեստ
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաՍալոմե
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

1900-ական թվականներին Սուրենյանցի արվեստում նկատելի է ստեղծագործական մեթոդի, գեղանկարչական տեխնիկայի, գունային կառուցվածքի վերանայում[3][4]։ Սիմվոլիստ գեղանկարիչների նման Սուրենյանցի սերը դեպի ոճավորումը զուգակցվում, ներդաշնակվում է առեղծվածային այլաբանությունների` մահվան, սիրո, տառապանքի, սպասման հետ[5]։ Սալոմեի կերպարին անդրադարձել են բազմաթիվ արվեստագետներ։ Էդուարդ Մունքի, Գուստավ Կլիմտի, Ֆրանց ֆոն Շտուկի, Գ. Մորոյի նկարներում հանդիպող ճակատագրական կնոջ պատկերը Սուրենյանցի արվեստում Շամիրամից հետո ներկայանում է Սալոմեի կերպարով[Նշում 1]։ 1900-ական թվականներին հայ մտավորականության ուշադրության կենտրոնում Օսկար Ուայլդի «Սալոմե» ողբերգության հերոսուհին էր։ Վահան Տերյանը թարգմանում է Ուայլդի մեկ գործողությամբ պիեսը, հայ բեմում Սալոմեի դերակատարմամբ հաջողությամբ հանդես է գալիս Եկատերինա Դուրյան-Արմենյանը, իսկ Սուրենյանցը, տարվելով «Սալոմե» դրամայով, թափանցում է Ուայլդի փիլիսոփայական խորքը և նկարում «Սալոմե» կտավը։ Սուրենյանցի «Սալոմեն» իր տիրական հմայքով ինքնատիպ համադրություն է՝ իրեն հատուկ մթնոլորտի մեջ բոլորվող, արևելյան ծանր բուրումներով և շռնդալից գույներով համակված, մղձավանջին մոտեցող էրոտիզմով լեցուն մի երազ։ «Սալոմե» կտավում սերն ու մահը ճակատագրի, նախախնամության տիրապետության տակ, ստեղծում են տարօրինակ և հայտնատեսությամբ հորինված գործողություն[5]

Նկարագրություն խմբագրել

Սուրենյանցը Սալոմեին պատկերել է կտավի ձախ կողմում՝ մուգ շագանակագույն դռան ֆոնի վրա՝ կտավի մյուս դատարկ մասում թողնելով կանաչավուն, կապտաերկնագույն երանգներով տարածություն։ Հերոսուհու կերպարի ռոմանտիկ դրսևորումն ի հայտ է գալիս զարդանախշերի թրթռացող կորագծերից, կարմիր, սև, շագանակագույն վրձնահարվածներից, կտավի բնականոն մոխրաշագանակագույնը ստեղծում են գունային շքեղ միջավայր, անհանգիստ երաժշտական կշռույթ[5]։ Պատկերի հմայքը պայմանավորված է թաքուն երկրաչափականությամբ, որը կազմված է կորերի խաղից, որն էլ ստեղծում է դիտողի վրա ազդելու ռիթմ։ Կորերը նկատելի են դեմքի, թիկնոցի, գլխարկի[Նշում 2] ձևերի մեջ, որոնք յուրօրինակ նազանք են հաղորդում Սալոմեին։ Ուսերի, գլխարկի կորերը և դեմքի օվալն արձագանքում են նրա հագուստի կոր գծերին և նրբություն ու մեղմություն են ներմուծում պատկերի մեջ[5]։

Սուրենյանցի համար մարդկային մարմինը նշանների նշանն է, այն խորհրդավորը, որով կյանքը կազմված է բազում տարածականության և բազմապիսի չափականության հետ։ «Սալոմե» կտավի շարունակությունն ասես լինի «Արևելյան պարուհի» (1912) կտավը[5]։

Ցուցադրություն խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Արևմտաեվրոպական դեկադանսի հիմնադիր Օսկար Ուայլդի «Սալոմեն» 1892 թ. գրվել էր հատկապես ֆրանսիացի հայտնի դերասանուհի Սառա Բեռնարի համար, և պրեմիերան նրա մասնակցությամբ տեղի ունեցավ Փարիզում 1896 թ.: Տարիներ հետո` 1905 թ., Ռիխարդ Շտրաուսը գրեց համանուն օպերան։
  2. Ինչպես նկարիչն իր իսպանական հիշողություններում է գրում` «Կանայք մի առանձին հատկանիշ շոր չունեն, գլուխներին գցում են մեծ շալ, որը մոկադո կամ մոնտո է կոչվում» (Վ. Սուրենյանց. Նամակներ Իսպանիայից.– «Արձագանք», 6.I.1898, էջ 2–3:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սուրենյանց Վարդգես Հակոբի | Սալոմե - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  2. «A Look Inside the National Gallery of Armenia». www.civilnet.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.(չաշխատող հղում)
  3. «Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  4. www.encyclopedia.am (ամերիկյան անգլերեն). {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Սիմվոլիզմի միտումները Վարդգես Սուրենյանցի արվեստում, Շուշանիկ Զոհրաբյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  6. 6,0 6,1 «Surenyants Vardges | armeniaculture.am». www.armeniaculture.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Արարատ Աղասյան. Վարդգես Սուրենյանց (1860-1921), Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ, 2010 թ։
  • Վ. Հարությունյան. Վարդգես Սուրենյանց, Երևան, 1960 թ։

Արտաքին հղումներ խմբագրել