Հռիփսիմեի վանքը (Սուրենյանց)
«Հռիփսիմեի վանքը», Վարդգես Սուրենյանցի կտավներից մեկը։ Նկարը կատարվել է 1897 թվականին Մոսկվայում՝ ձեռքի տակ ունենալով բնականից նկարված փոքր չափի էտյուդ[1]։ «Հռիփսիմեի վանքը» ցուցադրվել է Պերեդվիժնիկների 1897 թվականի 25-րդ ցուցահանդեսում, այժմ ներկայացվում է Հայաստանի ազգային պատկերասրահում մշտական ցուցադրությամբ[2]։
Հռիփսիմեի վանքը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վարդգես Սուրենյանց |
տարի | 1897 |
բարձրություն | 81 սանտիմետր |
լայնություն | 150 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Թեմատիկա
խմբագրելՍուրենյանցի 1890-ական թվականների ստեղծագործությունների շարքում հազվադեպ երևույթ է բնանկարը, չնայած դրան՝ 1897 թվականի գործերի մեջ կա մի բնանկար, որը չի զիջում թեմատիկ մյուս նկարներին․ դա «Հռիփսիմեի վանքը» պատկերն է։ Էտյուդի օգնությամբ նկարիչը ստեղծել է հայրենասիրական խոր գաղափարով հագեցված մի հուզիչ պատկեր՝ թափանցված ռոմանտիկ խոհերով։ Նկարի հիմքում դրված գաղափարը շարունակությունն է պատկերների այն շարքի, որը Սուրենյանցը ստեղծել էր 1890-ական թվականներին՝ հայկական տխուր, ողբերգական տպավորությունների ներշնչմամբ[1]։
Սուրենյանցը պատկերը կառուցել է շատ համարձակ և խորիմաստ կոմպոզիցիոն լուծումով։ Նպատակ դնելով ուժեղացնել այն տպավորությունը, որ մարդ ստանում է 7-րդ դարից պահպանված, հայկական ճարտարապետության պարծանքը հանդիսացող Հռիփսիմեի վանքից, միաժամանակ ձգտելով արտահայտել այն սրտահույզ տրամադրությունը, որն առաջացնում է ամայի դաշտի մեջ մեկուսի կանգնած այդ որբացած մենաստանը։ Դժվար չէ նկատել, որ այս դեպքում էլ տվյալ եկեղեցին ոչ թե որպես սրբավայր է ոգեշնչել նկարչին, այլ որպես հայ ժողովրդի անցյալի մշակույթի ժառանգություն, վաղ միջնադարի հայկական ճարտարապետության անզուգական կոթող, որի գոյությունը ազգային հպարտության զգացումով է համակում, և որի պարսպափակ, մեկուսի վիճակը տխուր խոհեր է արթնացնում մարդու մեջ։
Նկարագրություն
խմբագրելԱշնանային լուսնկա թովիչ երեկո, ամայի, չոր և քարքարոտ տարածություն։ Կտավի մեջտեղում վեր է խոյանում դարերի պատմություն ունեցող հայկական ճարտարապետության լավագույն կոթողներից մեկը՝ Հռիփսիմեի տաճարը։ Գետնի հետ կոթողը գրեթե նույն տոնով է վերցված, որից վերջինս առավել ամրություն է ստացել։ Կոմպոզիցիոն տեսակետից լուսնի հաջող լուծումը կապտագույն երկնքում դիտողի ուշադրությունը բևեռում է տաճարի վրա, իսկ տոնային միասնականությունը նպաստում է գետնի և եկեղեցու միակուռ ամրությանը[3]։
Եկեղեցին պատկերված է հարավարևմտյան կողմից, ինչը հնարավորություն է տվել ընդգրկելու նախ զանգակատունը, որը եկեղեցու ֆոնին միացած՝ նրա հետ մեկտեղ ներկայանում է մի միաձույլ ամբողջություն, ապա և եկեղեցու ընդհանուր տեսարանը՝ պարսպով ու նրա շրջապատով[1]։ Առաջին հայացքից բնանկարի ընդհանրությունը թվում է մի փոքր մռայլ ու խուլ, սակայն երկար դիտելու դեպքում այն սկսում է լուսավորվել և ավելի ու ավելի է գամում դիտողին։ Վանքը, գտնվելով կոմպոզիցիայի կենտրոնում, վեր է խոյանում իր հոյակապ գեղեցկությամբ։ Կտավում կա մի կողմից հայրենի բնության պատկերում, որն իր չորությամբ ու ամայությամբ թվում է, թե սիմվոլացնում է ավերակ, ամայի դարձած հայրենիքը, մյուս կողմից հայ ժողովրդի հոգևոր կարողությունների, նրա մշակույթի բարձրարժեք հուշարձանների գովերգում[3]։
Սուրենյանցի ռոմանտիկ խոհերի լրացումն է հանդիսանում օրվա պահը՝ աշնանային իրիկնամուտը։ Արևը մայր է մտել, մութը սկսում է մեղմորեն տարածվել՝ պարուրելով եկեղեցին, պարիսպը, դաշտը․առարկաների ուրվագծերը սկսում են անորոշանալ, գույները թանձրանում են, գորշանում։ Պղտոր կապույտ երկինքը, գորշ հողագույն գետինը, պարիսպը և եկեղեցին՝ իրենց թանձրացած կոլորիտով, կատարելապես համահունչ են պատկերի գաղափարին, իսկ նկարչի մտահղացումն էլ համահունչ է իր ժամանակի հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված ռոմանտիկական խոհերին, որով ապրում էր հայրենասեր նկարիչը[1]։
Աղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Մարտիկյան, Եղիշե (1975). Հայկական կերպարվեստի պատմություն (PDF). Երևան: «Հայաստան».
- ↑ «Սուրենյանց Վարդգես Հակոբի». www.gallery.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
{{cite web}}
: Text "Հռիփսիմեի վանքը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ" ignored (օգնություն) - ↑ 3,0 3,1 Ղազարյան, Մանյա (1960). Վարդգես Սուրենյանց/Մենագրություն. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)