Ենթակա
Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է (մյուսն ստորոգյալն է)։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում ստորոգյալի մատնանշած գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ։ Օրինակ՝ «Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է» նախադասության մեջ ենթական Վիքիպեդիա գոյականն է։ Հայերենում ենթական դրվում է ուղղական հոլովով։ Բացառություն է մասնական ենթական, որ դրվում է բացառական հոլովով[1]։ Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին։ Հայերենում նախադասության ենթական արտահայտվում է՝
- գոյականներով
- դերանուններով
- փոխանվանաբար գործածված ածականներով
- թվականներով
- դերբայներով և այլն։

Միայն ստորոգյալով կամ ստորոգյալով և լրացումներով կազմված նախադասությունն անվանվում է անենթակա նախադասություն, որտեղ քերականական ենթակա չկա և չի կարող վերականգնվել։ Անենթակա նախադասության ստորոգյալը սովորաբար երրորդ դեմքի է, բայց առանց կոնկրետ դիմայնության գաղափարի։ Այսպես՝ «Լուսացավ», «Մթնեց», «Երկաթը տաք-տաք կծեծեն» և այլն[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան,1987, էջ 198-199
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 13։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 515)։ |