Թբիլիսիի հայոց վանք
Թբիլիսիի հայոց վանք[2] (նաև՝ Հարանց վանք, Պաշավանք), հայկական առաքելական վանական համալիր Թբիլիսի քաղաքի Տափիթաղ (վրացերեն՝ Գարեբունի) թաղամասում՝ Կուր գետի աջ ափին[1][3]։ Հիմնադրվել է 14-րդ դարում: Եղել է Թիֆլիսի ամենամեծ եկեղեցին մինչև ոչնչացումը և քաղաքի խոշորագույն մշակութային-կրոնական հաստատությունը[1]։ 1914 թվականին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրն էր։ Գտնվել է Թբիլիսիի նախկին Գարեուբանիի (Ներքին թաղ) կամ Վանքի Մեծ, այժմ՝ Աթոնելի փողոցում, Կուր գետի աջ ափին[3][4][5][6]:
Թբիլիսիի հայոց վանք վրացերեն՝ ვანქის ტაძარი | |
---|---|
![]() Գլխավոր եկեղեցին. 19-րդ դար | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Թեմ | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ոչնչացված |
Ճարտարապետական նկարագրություն | |
Հիմնադիր | Գրիգոր Լուսավորիչ |
Ճարտարապետական տիպ | Եռանավ բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 931 թ. |
Հիմնադրված | 14-րդ դար (ըստ ավանդույթի՝ 4-րդ դար) |
Փակված է | 1938 |
Գմբեթ | 3 |
Շինանյութ | Բարձրորակ աղյուս[1] |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Ըստ ուսումնասիրող Գ. Աղայանցի՝ վանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 4-րդ դարում։ Այդ ժամանակից էլ պահպանվել է գլխավոր եկեղեցու արևելյան ճակատի որոշ հատվածներ, իսկ բուն վանքը հիմնադրվել է 931 թվականին Ումեկի որդիներ Առյուծի, Սուջաթի և Ջալապի կողմից[1][5]։
Վանական համալիրը կազմված է եղել եկեղեցուց, զանգակատնից, մատուռից, թանգարանից, առաջնորդարանից, որոնք շրջապատված են եղել պարսպով: Եկեղեցին եռանավ բազիլիկա էր, երեք գմբեթով, որոնցից կենտրոնականը ամենաբարձրն էր: Ներսից պատերին առկա են եղել որմնանկարներ, որոնց վերին շերտը 1789 թվականին նկարել է Հովնաթան Հովնաթանյանը: Ուներ քիչ հանդիպող հետաքրքիր հորինվածք: Նմանեցվել է ՀՀ Լոռու մարզում գտնվող Սանահինի վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից 1211 թվականին կառուցված գավթի ճարտարապետական հորինվածքին[5][6][7]։
Բազմադարյա պատմության ընթացքում վանքը ենթարկվել է բազմաթիվ նորոգությունների և վերակառուցումների: Մասնավորապես, 1480 թվականին կատարվել է բավականին մեծամասշտաբ վերանորոգում: Այդ է պատճառը, որ վանական համալիրի կառուցումը վերագրվում է հենց այդ ժամանակաշրջանին: Վերանորոգումը կատարվել է Ավսարքիսյանի, Բաստամյանի, Նազարբեկյանի, Օզաանյանի և վրաց իշխան Սոլաղովի նվիրատվություններով[7]: 18-րդ դարում մի քանի անգամ վերանորոգման է ենթարկվել Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Համադանցի օրոք: 19-րդ դարում կատարված վերանորոգման ժամանակ կառուցվել է համալիրի դարպասը, թանգարանը, առաջնորդարանը, որի մասին զանգակատան պատին թողնված է եղել համապատասխան արձանագրությունը[5][6]։
1882 թվականին վանքը լիովին վերանորոգումների կարիք ուներ: Սակայն այս անգամ նրա 400-ամյա հոբելյանի առիթով հրապարակվում է ոչ թե նորոգելու, այլ հին եկեղեցին հիմնովին վերակառուցելու մասին[8]: 1884 թվականի մարտի 4-ին Վանքի վերակառուցման հարցերը քննարկելու նպատակով հրավիրվում է ժողով, որին մասնակցեցին Հովհաննես Չիթախյանը, Ալեքսանդր Մանթաշյանը, Իսահակ Ծովիանյանը, Հարություն Շամխարյանը, Գաբրիել Սունդուկյանը և Ալեքսանդր Սունդուկյանը[9]: Վերակառուցումը ավարտվում է 1901 թվականին և վերաօծվում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանի կողմից[5][6][10]։
Թանգարանը կառուցվել է 1893 թվականին Միքայել Թամամշյանի նախաձեռնությամբ և բարեգործ Ավետիս Ղուկասյանի ֆինանսավորմամբ՝ անվանվելով Ղուկասյան: 1902 թվականի փետրվարի 21-ին Վարդանանց տոնի առիթով և Խրիմյան Հայրիկ Կաթողիկոսի ձեռամբ հանդիսավոր պայմաններում կատարվել է թանգարանի բացման արարողությունը[5][6]։
Վանական համալիրի ղեկավարման ներքո էին գտնվում նաև Թիֆլիսի մի շարք շինություններ: Հայտնի է, որ 1816 թվականին վանքին էին պատկանում քաղաքի թվով 23 բնակելի շենքեր[5]:
ՃարտարապետությունԽմբագրել
Վանական համալիրը միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ նմուշ է։ Գլխավոր եկեղեցին գմբեթավոր բազիլիկ էր՝ կազմված 3 նավից և երեք գմբեթից, որոնք տեղակայված էին իրար կողքի։ Բոլոր երեք նավերը ավարտվում էին արևելյան կողմում։ Ունեցել է երեք խորան, որոնցից կենտրոնականը նվիրված էր Սուրբ Աստվածածնին, հյուսիսայինը՝ Քրիստոսի առաքյալներին, հարավայինը՝ Գրիգոր Լուսավորչին։ Շինարարության ժամանակ օգտագործվել է բարձրորակ աղյուս[1][6]։
ՈչնչացումԽմբագրել
1938 թվականին Վրացական ԽՍՀ-ի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Լավրենտի Բերիայի կարգադրությամբ կազմակերպվում է Թիֆլիսի հայոց վանքի ոչնչացումը: Վրացական ԽՍՀ ներքին գործերի աշխատակիցները, պետական լծակները գործի դնելով, սպառնալիքների և ճնշման միջոցով հավաքագրում են Վանքի թաղամասի (Տափիթաղի) հայ բնակչության մի քանի ստորագրություններ[11], որոնց հիման վրա իբր Թբիլիսիի քաղաքային իշխանությունը որոշում է քանդել հայկական վանական համալիրը: Այդ որոշման մասին գրվեց «Խորհրդային Վրաստան» թերթում, որտեղ ասվում էր, թե իբր «Թիֆլիսի խորհրդի նախագահությունը բավարարեց Թիֆլիսի աշխատավոր հայերի միջնորդությունը, որոնք խնդրում էին քանդել Վանքի եկեղեցու շենքը: Հողամասը կհատկացվի հայկական լրիվ միջնակարգ դպրոց կառուցելու համար»[12]։ 1938 թվականին հազարամյա հայկական վանական համալիրը ոչնչացվում է: Քանդումը տեղի է ունենում գիշերով, որպեսզի քաղաքի հայազգի բնակչության շրջանում ընդվզումներ չլինեն: Քանդման ժամանակ թալանվում են այնտեղ եղած արժեքավոր պատմական իրերը: Վանքի բակում գտնվող հայազգի ականավոր հասարակական, մշակութային, քաղաքական, պետական, ռազմական գործիչների գերեզմանները նույնպես թալանվում և ոչնչացվում են[11]: Ոչնչացվում են Հովհաննես Այվազովսկու եղբոր՝ արքեպիսկոպոս Գաբրիել Այվազյանի, Լորիս-Մելիքովի գերեզմանները: Նրանց աճյունների մնացորդները թալանված և պղծված վիճակում տեղափոխվել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակ: Լորիս Մելիքովի գերեզմանի ոչնչացման ժամանակ բացում են նրա հրեշտակներով զարդարված ցինկից պատրաստված դագաղը, գողանում բոլոր արժեքավոր իրերը, այդ թվում՝ նրա դաշույնն ու մեդալները: Ականատեսների պատմելով՝ վանքի բակում թաղված հայ ականավոր թատերագիր և տոհմիկ թիֆլիսցի Գաբրիել Սունդուկյանի աճյունը թալանվելուց հետո քաղաքի հայ բնակչության շնորհիվ տեղափոխվում է Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատուն: Տեղափոխելուց առաջ դիակն արդեն վնասվել էր. գողացել էին նույնիսկ Սունդուկյանի հագի հայտնի ճտքակոշիկները[5][6][13]։
Վանքի ոչնչացումից հետո տեղում կառուցվեց այսօր գործող թիվ 104 դպրոցը[5]: Ներկայումս կանգուն է միայն զանգակատունը, որը գտնվում է դպրոցի բակում՝ շրջապատված քարե և երկաթյա պատնեշով։ Հարակից շինություններում նկատելի են վանքի կառույցների որոշ հատվածներ[6]։
Վանքի բակի թաղումներԽմբագրել
Առաջնորդանիստ Վանքը հայտնի էր նաև ազգային իր զերեզմանոցով, որը գտնվում է վանական համալիրի բակում: Այն գոյություն ուներ առնվազն միջնադարից: Վանքի գերեզմանատանն ամփոփված էին հասարակական, մշակութային, պետական, քաղաքական, հոգևոր ոլորտի բազմաթիվ ականավոր հայերի աճյունները, այդ թվում[4][5][6]՝
- Տ. Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյան (1812-1880 թթ.) - Վիրահայոց թեմի առաջնորդ
- Տ. Խորեն եպիսկոպոս Ստեփանյան (1840-1900 թթ.) - Վիրահայոց թեմի առաջնորդ
- Տ. Եսայի արքեպիսկոպոս Աստվածատուրյան - Վիրահայոց թեմի առաջնորդ
- Տ. Գարեգին արքեպիսկոպոս Սաթունյան (1852-1910 թթ.) - Վիրահայոց թեմի առաջնորդ
- գեներալ Միքայել Լոռիս Մելիքյան (1824-1888 թթ.), աճյունը տեղափոխված է Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակ
- Բահբութ Շելկովնիկյանց (1837-1878 թթ.), աճյունը տեղափոխված է Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակ,
- Ալեքսանդր Մատինյանց (1843-1909 22.) - Թբիլիսիի քաղաքապետ
- Պողոս Իզմայիլյան (1852-1895 թթ.) - Թբիլիսիի քաղաքապետ
- Դավիթ Ղորղանյանց (1831-1900 թթ.) - պետական խորհրդական
- Գաբրիել Սունդուկյան (1825-1912 թթ.) - դրամատուրգ, աճյունը տեղափոխված է Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Պանթեոն
- Աբգար Հովհաննիսյան (1849-1904 թթ.) - «Արձագանք» պարբերականի գլխավոր խմբագիր
- Պետրոս Սիմոնյան (1830-1911 թթ.) - «Մեղու Հայաստանի» պարբերականի գլխավոր խմբագիր
- Ալեքսանդր Մանթաշյան (1849-1911 թթ) - բարերար, խոշոր գործարար, հուշաքարը տեղակայված է Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցու բակում
- Հովսեփ Էյֆենդյանց (1806-1862 թթ.)
- Հովհաննես Դավթի Լազարյան, ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Главный армянский храм старого Тифлиса был попросту стерт с лица земли.(ռուս.)
- ↑ «ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅՈՑ ՎԱՆՔԸ»։ armenianchurch.ge (hy-am)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-01-30
- ↑ 3,0 3,1 Տիերի Ժան-Միշել (1989)։ Հայկական մշակույթ ։ Նյու Յորք: Harry N. Abrams. ։ էջ 586։ ISBN 0-8109-0625-2
- ↑ 4,0 4,1 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998:
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 «Վիրահայոց թեմի պաշտոնական կայք. Եկեղեցիների պատմություն:»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-09-ին։ Վերցված է 2016-12-23
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Ванкский собор (Аранц Ванк, Паша Ванк).
- ↑ 7,0 7,1 Մելիքսեթ-Բեկ Լ., Հայերը Վրաստանում, «Кавказ и Византия», Երևան, 1979, էջ 178:
- ↑ «Արձագանք», 1882, N 10:
- ↑ «Արձագանք», 1884, N 10, էջ 142:
- ↑ «Մասիս», 1901, N 52, (29 դեկտ.), էջ 832:
- ↑ 11,0 11,1 Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 75-76, Է.Կոտոյանի 09.12.1997թ.-ի վկայություն:
- ↑ «Խորհրդային Վրաստան» (1938, N 85, 23 սեպտեմբեր):
- ↑ Սամվել Կարապետյան, Վրաց պետական քաղաքականությունը, և հայ մշակույթի հուշարձանները, Երևան, 1998, էջ 76-77, Կիմա Կարապետի Հակոբյանի վկայություն:
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թբիլիսիի հայոց վանք կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |