Ալեքսանդր Քալանթար
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթար ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Հայրապետի Քալանթար (սեպտեմբերի 20, 1855[1][2], Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 20, 1913[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]), հայ անասնաբույծ, խմբագիր, հասարակական-քաղաքական և գրական գործիչ։ Անդրկովկասում անասնաբուծության գիտության հիմնադիր։
Ալեքսանդր Քալանթար | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1855[1][2] Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 20, 1913[2] (58 տարեկան) Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] |
Բնակության վայր(եր) | Թբիլիսի[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | անասնաբույծ, խմբագիր, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Մշակ[2] |
Գործունեության ոլորտ | անասնապահություն[2] |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1879)[2] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Երեխա(ներ) | Իզաբելլա Քալանթար և Լևոն Քալանթար |
Կենսագրություն
խմբագրել1875 թվականին ավարտել է Բաքվի ռեալական գիմնազիան, 1879 թվականին՝ Մոսկվայի Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ 1882-1883 թվականներին ուսումնասիրել է անասնապահության, մասնավորապես՝ կաթնատնտեսության զարգացումն Անգլիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում և Դանիայում։ Եղել է Ռուսաստանում անասնապահության հետազոտման հանձնաժողովի անդամ, ուսումնասիրել անասնապահության վիճակը 19 նահանգներում։ 1888 թվականից Թիֆլիսում շարունակել է գիտական գործունեությունը, գործնականում նպաստել Կովկասի կաթնատնտեսության զարգացմանը, կատարելագործել կաթնատնտեսական մեքենաներն ու գործիքները (սերզատ, խնոցի, պանրի մամլիչ)։ Քալանթարի մոտ 140 գյուղատնտեսական աշխատությունները վերաբերում են անասնապահության տարբեր ճյուղերի, ծխախոտագործությանը, շերամապահությանը ևայլն։ Հիմնադրել և ղեկավարել է Կովկասի հայկական գյուղատնտեսական ընկերությունը, ընտրվել Կովկասի կայսեր, գյուղատնտեսական ընկերության պատվավոր անդամ, խմբագրել «Կավկազսկոյե սելսկոյե խոզյայստվո» թերթը։ Քալանթարը ծավալել է հասարակական-քաղաքական և հրապարակախոսական աշխույժ գործունեություն, կարդացել հրապարակային դասախոսություններ, հոդվածներ տպագրել պարբերական մամուլում։ 1883 թվականից մինչև կյանքի վերջը եղել է «Մշակ» թերթի խմբագիրը, երբեմն նաև հրատարակիչը (սկզբում շարունակել է Գ․ Արծրունու բուրժուա-դեմոկրատական ավանդույթները, իսկ հետագայում գրավել է լիբերալ դիրք և դարձել կադետական կուսակցության անդամ)։ 1905-1907 թվականների ռուսական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության տարիներին պաշտպանել է կադետական կուսակցության ծրագիրը[3][4]։
Գրական գործունեություն
խմբագրելՔալանթարը զբաղվել է նաև գրական ստեղծագործությամբ․ «Նամալյան», «Վրձին» գրական անուններով տպագրել է պատմվածքներ («Պատրիկյանի նամակները», 1891, 1893, «Մանրանկարներ», հ․ 1 - 2, 1904), ակնարկներ, ֆելիետոններ, որոնցում արտացոլված են ժամանակի հայ հասարակական կյանքը, գյուղում կատարվող տնտեսական տեղաշարժերը, երիտասարդության ձգտումները և այլն։ Պայքարել է ռեալիստական գրականության և թատրոնի համար, արտահայտվել բարբառներով հարստացված գրական հայերենի օգտին։ Երկար տարիներ գլխավորել է Թիֆլիսի հայ հրատարակչական ընկերությունը։ Թարգմանել է Մարկ Տվենի, Ֆրանց Հոֆմանի և ուրիշ հեղինակների ստեղծագործություններ։
Ընտանիք
խմբագրել- Դուստրը՝ Իզաբելլա Քալանթարը դերասանուհի էր[5]։
- Որդին՝ Լևոն Քալանթարը, ռեժիսոր էր և թատերագետ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/kalantar-aleksandr-ajrapetovich.htm
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄՇԱԿ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
- ↑ 5,0 5,1 «Изабелла Калантар». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Քալանթար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |