Ալեքսանդր Մելիք-Ազարյանց
Ալեքսանդր Մելիք-Ազարյանց (1847, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1923, Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ բարերար և գործարար։ Եղել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության պատվավոր անդամ, Ներսիսյան ճեմարանի պատվավոր հոգաբարձուներից մեկը[1]։
Ալեքսանդր Մելիք-Ազարյանց | |
![]() | |
Ազգություն | հայ |
---|---|
Ծննդյան օր | 1847 |
Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | 1923 |
Վախճանի վայր | Թիֆլիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Մելիք-Ազարյանցը ծնվել է Թիֆլիսում 1847 թվականին: Ըստ վրացական աղբյուրների՝ նա Բաքվում նավթահանքեր է ունեցել: Ազարյանցի կարողության մասին կան այլ տեղեկություններ, ըստ որոնց՝ նա ունեցել է նաև պղնձի հանքավայրեր ու քարե ջրաղացներ: 1896 թվականին Զանգեզուրի գավառում, Ուգուրչայ գետի մոտ՝ տեղի բեկերից վարձակալած մասնավոր հողերի վրա, հայտնի մեծահարուստ Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը կառուցում է ամենամեծ պղնձամոլիբդենային գործարանը և այն անվանում «Սյունիք»[2] (Սյունիքի պղնձաձուլական գործարան), որտեղ կիրառվում էին ֆրանսիական սիստեմի վատերժակետային հնոցներ, ամերիկյան բովիչ հնոցներ, կոնվերտորներ և այլն։ Օգտագործվում էր քարածուխ[3]: Մելիք-Ազարյանցը ժամանակի ամենահարուստ ու ամենաազդեցիկ հայերից մեկն է եղել ԹԻֆլիսում:
Բոլշևիկների իշխանության գալուց կարճ ժամանակ առաջ Մելիք-Ազարյանցը կնոջն ու ծնողներին ուղարկում է Ֆրանսիա, իսկ ինքը մնում Թիֆլիսում` սպասելով իր Եկամտաբեր տան ապագա գնորդուհուն, որը պետք է ժամաներ Ֆրանսիայից: Բայց վերջինս, տեսնելով Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, տունը գնելու մտքից հետ է կանգնում: Մելիք-Ազարյանցը մնում է Թիֆլիսում: Երբ նրա տունն ու ունեցվածքը ազգայնացրել են, նրան մի փոքրիկ տարածք են հատկացրել տան նկուղային հատվածում, և երբեմնի հզոր ու հարուստ վաճառականը 1923 թվականին մահացել է աղքատության մեջ: Նրան հողին են հանձնել ընկերները[1][4]։
ԸնտանիքըԽմբագրել
Հարստություն կուտակելուց հետո Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը որոշել է ընտանիք կազմել։ Նա ամուսնացել է Թագուհի Հովսեփյանի հետ։ Շուտով ծնվել է նրանց աղջիկը, որին նույնպես Թագուհի են անվանել։ Մեկ տարի անց ընտանիքում ծնվել է ևս մեկ աղջիկ` Սոֆյան։ Աղջիկները մեկը մյուսից գեղեցիկ են եղել։ Երկուսն էլ լավ կրթություն են ստացել։ Թագուհին վաղաժամ հեռացել է կյանքից՝ 22 տարեկան հասակում, 1904 թվականին։ Պահպանվել է մահվան մասին եզրակացությունը, որտեղ գրված է, որ Թագուհին ծանր հիվանդ է եղել։ Փաստաթղթում չի նշվում, թե կոնկրետ ինչ հիվանդությունից է մահացել։ Հայրը երկար է սգացել աղջկա մահը, մի քանի տարի անց կառուցել է Եկամտային տուն և նվիրել կյանքից հեռացած աղջկան։ Այդ ժամանակների համար յուրահատուկ համալիրի շինարարությունը տևել է երեք տարի և ավարտվել 1915 թվականին[1][4]։
1910 թվականին 26 տարեկան Սոֆյան ամուսնացել է Հովհաննես Քալանթարովի հետ։ Երիտասարդն ունևոր ընտանիքից է եղել, տիտղոսավոր խորհրդական է և զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Սոֆյան ամուսնությունից հետո հղիացել է։ Մեկ տարի անց ծնվել է որդին` Նիկոլայը։ Նրանք շարունակել են ապրել Թիֆլիսի այն տանը, որն Ալեքսանդրը նվիրել է նորապսակներին` որպես հարսանեկան նվեր։ Այդ տունը գտնվում է Լերմոնտովի 14 փողոցում։ Երեք պատուհանների վանդակաճաղերի վրա պահպանվել են առաջին սեփականատիրոջ անվան և ազգանվան սկզբնատառերը` Ա.Ա։ Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը ևս մեկ տուն է ունեցել Ֆրեյլինսկայա փողոցում, այժմ` Սուլխան-Սաբա։ Պահպանվել են բոլոր երեք տների գնման փաստաթղթերը[1][4]։
Մելիք-Ազարյանցի Եկամտաբեր տունըԽմբագրել
Մելիք-Ազարյանցի Եկամտաբեր տունը կառուցվել է 1912-1915 թվականներին ռուս ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով: Այն Թիֆլիսի առաջին եկամտաբեր տունն էր և հարուստների տներից առաջինը, որ այդքան նրբորեն ու զգուշորեն էր կառուցվել:
Շենքը հսկայական տարածք է զբաղեցնում, ունի 4-5 հարկ, մի քանի մուտքեր, շքեղ պատուհաններ: Ճակատային մասը զարդարված է մարդակերպ քանդակներով ու զարդանախշերով: Մինչ 1953 թվականն այն քաղաքի ամենաբարձր ճարտարապետական կառույցն է եղել: Այդ հսկայածավալ կառուցը նաև ստորգետնյա հարկեր ունի, ասում են` 4-5 հարկ էլ ներքևում է թաքնված: 1990-ականներին ստորգետնյա առաջին ու երկրորդ հարկերում սրճարաններ ու բարեր են գործել, այժմ էլ ներքին 2 հարկերը կան[1]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մելիք-Ազարյանցի եկամտաբեր տունը. Թիֆլիսի այցեքարտը Ռուսթավելու փողոցում
- ↑ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԸ 1917-1920 ԹԹ.», Արամ Սիմոնյան, Երևան, 2017, էջ 37, 38
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան», հատոր 2, էջ 9
- ↑ 4,0 4,1 4,2 Թիֆլիսցի մեկենաս Մելիք–Ազարյանցի ծոռնուհին ցանկանում է վերադարձնել պապիկի տունը
ԱղբյուրներԽմբագրել
- «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԸ 1917-1920 ԹԹ.», Արամ Սիմոնյան, Երևան, 2017, էջ 37, 38, 42, 43, 101
Արտաքին հղումներԽմբագրել
- Թբիլիսիում այրվել է Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի՝ պատմական արժեք ներկայացնող տունը
- Մելիք-Ազարյանցի եկամտաբեր տունը. Թիֆլիսի այցեքարտը Ռուսթավելու փողոցում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 9)։ |