Սահակ Լիսիցյան
Սահակ Դանիելի Լիսիցյան (սեպտեմբերի 10, 1864, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ։
Սահակ Լիսիցյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1864 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 30, 1934 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Գերեզման Սահակ Լիսիցյանի |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Աշխատատու | Երևանի պետական համալսարան և ՀԱՊՀ |
![]() |
Ստեփան Լիսիցյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Բելգիայի Լիեժ քաղաքի պոլիտեխնիկ դպրոցում։ Նախագծել և կառուցել է Երևանի և Անդրկովկասի մի շարք քաղաքների ջրմուղներ։ 1887-1918 թվականներին եղել է Թիֆլիսի ջրմուղի և սանիտարատեխնիկական բաժնի վարիչը։ Իր նախագծած ընդարձակ զտիչներն օգտագործելով՝ կառուցել է ավելի կատարելագործված ջրամատակարարման համակարգ, որը թույլ է տվել Քուռ գետի ջրերի հաշվին լրացնել Ավճալայի աղբյուրների ջրի պակասը և ավելացնել մատակարարվող ջրի քանակը։ 1909 թվականին ջրմուղայինների համագումարում նա զեկուցել է Նատախտարիի աղբյուրներից օգտվելու առավելությունների մասին, որի հիման վրա մշակվել և իրագործվել է նոր ջրմուղի նախագիծ։ Իրականացվել է նաև նրա՝ Քուռի աջ բազուկը ծածկելու և այն փողոց դարձնելու առաջարկը։
1908 թվականին Լիսիցյանի նախագծով և Ա. Ղարաջյանի միջոցներով կառուցվել է մի շինություն, որը միացվել է Խուդադյանի տանը և շենքում տեղավորվել են ընկերության բոլոր հիմնարկությունները՝ որբանոց, գրադարան-ընթերցարան, ճաշարան և խորհրդի գրասենյակը[1]։
1919 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Շվեյցարիա։ 1925 թվականին կառավարության հրավերով վերադարձել է Հայաստան և նշանակվել Երևանի ջրմուղի վարիչ։
Նրա մասնակցությամբ նախագծվել և կառուցվել են՝
- Երևանի առաջին ջրմուղը
- Շուլավերի և Անդրկովկասի շատ քաղաքների ջրամատակարարման համակարգեր
Լիսիցյանին է պատկանում Այղր լճից ջուրն էլեկտրականությամբ բարձրացնելու գաղափարը։ Նրա ղեկավարման տարիներին սարքավորվել է առաջին բաղնիքը, բարելավվել քաղաքի ջրամատակարարումը։ Ճարտարագետի մտահղացմամբ կառուցվել են Գետառի մաքրող զտիչները, որոնց շնորհիվ քաղաքին մատակարարվող ջրի քանակն ավելացվել է 40 հազար դույլով՝ հասնելով մինչև 200 հազար դույլի։
1925-1930 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, այնուհետև՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Մահը
խմբագրելՀիվանդության պատճառով կյանքի վերջին տարիներին չի զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Ժողկոմխորհի որոշմամբ նրան նշանակվել է անհատական կենսաթոշակ։ Մահացել է Երևանում։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։