Յանուշ Կորչակ

բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ, լեհական բանակի սպա

Յանուշ Կորչակ (լեհ.՝ Janusz Korczak, իրական անունը՝ Հենրիկ Գոլդշմիտ, հայտնի է նաև որպես Ծեր Բժիշկ կամ Պարոն Բժիշկ, հուլիսի 22, 1878(1878-07-22)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 7, 1942(1942-08-07)[4], Տրեբլինկա, Treblinka, Գեներալ-նահանգապետություն[4]), բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ, լեհական բանակի սպա։

Յանուշ Կորչակ
(Հենրիկ Գոլդշմիտ)

Janusz Korczak
(Henryk Goldszmit)
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1878(1878-07-22)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 7, 1942(1942-08-07)[4] (64 տարեկան)
Մահվան վայրՏրեբլինկա, Treblinka, Գեներալ-նահանգապետություն[4]
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ազգությունաշկենազի
Կրոնհուդայականություն
ԿրթությունՎարշավայի համալսարան (1905), Վարշավայի կայսերական համալսարան և Flying University?
ԵրկերHow to Love a Child?, King Matt the First?, Little King Matty...and the Desert Island? և Kaytek the Wizard?
Մասնագիտությունմանկավարժ, մանկաբույժ, մանկագիր, սցենարիստ, գրող, ուսուցիչ, բժիշկ, դաստիարակ, իրավապաշտպան, հեղինակ, փիլիսոփա և հրապարակախոս
ԱշխատավայրBersohns and Baumans Children's Hospital?, Ռուսական կայսերական բանակ, Free Polish University? և Լեհաստանի զինված ուժեր
Ծնողներհայր՝ Józef Goldszmit?, մայր՝ Cecylia Gębicka?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄասոնականություն
Կայքpskorczak.org.pl
 Janusz Korczak[6] Վիքիպահեստում

Կորչակը նորարար մանկավարժ էր, կրթության մասին տեսական և գործնական հրապարակումների հեղինակ։ Նա առաջինն էր երեխաների իրավունքների և երեխաների ամբողջական հավասարության ոլորտում։ Որպես մանկատան տնօրեն՝ նա մյուսների հետ միասին հիմնադրել է երեխաների արբիտրաժային դատարան, որտեղ երեխաները կարող էին բարձրացնել իրենց հետաքրքրող հարցերը, նրանք այդտեղ նաև կարող էին հայցեր հարուցել իրենց ուսուցիչների դեմ։

Կորչակը ստեղծել է «Փոքրիկ շրջահայաց» վերնագրով առաջին ամսագիրը, որտեղ հրատարակել է երեխաների ուղարկած նյութերը, և որը նախատեսված էր առաջին հեթին երեխաների համար։ Նա առաջիններից մեկն էր, ով հետազոտեց երեխաների զարգացումը և հոգեբանությունը, ինչպես նաև տվեց նրանց դաստիարակչական ախտորոշումը։ [փա՞ստ]

Կորչակը լեհ հրեա էր և իր կյանքի ընթացքում հայտարարել է, որ պատկանում է երկու ազգերին։

Երիտասարդություն և կրթություն խմբագրել

Կորչակը ծնվել է Վարշավայում լեհացած հրեաների՝ իրավաբան Յուզեֆ Գոլդշմիտի (1844-1896) և Ցեցիլիա Գեմբիցկայի (1853/4-1920) ընտանիքում։ Նրա ծննդյան վկայականի բնօրինակը չի պահպանվել, այդ պատճառով նրա ծննդյան ամսաթիվն անորոշ է։ Գոլդշմիտ ընտանիքը ծագումով սերում է Լուբելսկի շրջանից, իսկ Գեմբիսկի ընտանիքը՝ Պոզնանի շրջանից։ Նրա նախապապ Մաուրիցի Գեմբիսկին և պապ Հերշ Գոլդշմիտը բժիշկներ են եղել։ Յանուշ Կորչակի հոր և մորական պապի գերեզմանները (մոր գերեզմանը չի գտնվել) գտնվում են Վարշավայի Օկոպովա փողոցի վրա գտնվող Հրեական գերեզմանատանը։

Գոլդշմիտ ընտանիքի սկզբնական լավ տնտեսական կարգավիճակը սկսեց վատանալ 1890-ականների սկզբին՝ հոր հոգեկան հիվանդության հետևանքով, ով հոգեբուժական հաստատություն ընդունվեց՝ հոգեկան խանգարում ախտորոշմամբ և մահացել է 1896 թվականի ապրիլի 26-ին։ Հոր մահից հետո Կորչակը, որն այդ ժամանակ 17/18 տարեկան ուսանող էր, սկսեց դասավանդել իր ընտանիքին օգնելու համար։ Նրա մայրը՝ Ցեցիլիա Գոլդշմիտը, ենթավարձակալության էր հանձնում Վարշավայի իրենց բնակարանը։ Կորչակը հանձնել է միջնակարգ դպրոցի իր վերջին քննությունը (մատուրան) և ավարտել է դպրոցը քսան տարեկանում։

Երբ Յանուշ Կորչակը երեխա էր, նա շատ էր կարդում։ Տարիներ անց գետտոյում գրած իր օրագրում նա նշել է. «Ես գժվում էի, խելագարվում էի կարդալու համար։ Աշխարհն անհայտանում էր աչքիս առաջ, միայն գիրքը գոյություն ուներ»։ 1898 թվականին նա ընդունվեց Վարշավայի կայսերական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1899 թվականի ամռանը նա առաջին անգամ մեկնեց արտերկիր՝ Շվեյցարիա, որտեղ ծանոթացավ Յոհան Հայնրիխ Պեստալոցցու գործունեությանը և մանկավարժական աշխատանքին։ Ավելի ուշ կարճ ժամանակով ձերբակալվեց Վարշավայի բարեգործական միության ընթերցասրահներում իր գործունեության համար։ Այնտեղ նա սովորել է վեց տարի, վերկրկնելով առաջին տարվա դասընթացը։ Նա սովորել է նաև Ավիացիոն համալսարանում։ Իր իսկ բնորոշմամբ այդ ընթացքում նա քաղաքի խարխուլ թաղամասերում ծանոթացել է պրոլետարիատի կյանքին։

Անդամակցել է «Մարդու իրավունքներ» միջազգային ֆեդերացիայի «Ծովի աստղ» մասոնական խմբավորմանը, որը հիմնադրվել է «կրոնի սահմաններով բաժանված բոլոր մարդկանց միավորելու համար, որոնք հետապնդում են ճշմարտությանը` ցուցաբերելով հարգանք ամբողջ մարդկության հանդեպ»։

Բժիշկ խմբագրել

1905 թվականի մարտի 23-ին ստացել է բժշկի աստիճան։ Նույն տարվա հունիսին նա զինվորագրվել է ցարական բանակ՝ որպես բժիշկ և մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին (այդ ժամանակ Լեհաստանը շրջափակված էր)։ Ծառայել է Հարբինում։ Կորչակը չինարեն է սովորել Մանչուրիայի երեխաներից։ Վերադարձել է Վարշավա 1906 թվականի մարտի վերջերին։ 1905-1912 թվականներին որպես մանկաբույժ աշխատել է Բերսոնի և Բաումանի անվան մանկական հիվանդանոցում։ Հիվանդանոցի տված բնակարանի դիմաց և որպես, այսպես կոչված տեղամասային «բժիշկ», նա հիվանդանոցում մշտապես հերթապահում էր և կատարում իր աշխատանքը մեծ նվիրումով։ Իր բժշկական պրակտիկայում նա չէր խուսափում քաղաքի պրոլետարական հատվածներից։ Նա հաճախ սիմվոլիկ վճար էր վերցնում աղքատ հիվանդներից կամ նրանց գումար էր տալիս դեղերի համար, և չէր տատանվում բարձր վճարներ պահանջել հարուստներից, որը հեշտանում էր՝ որպես գրող իր համբավով։

1907-1911 թվականներին ճանապարհորդել է արտասահման ակադեմիական նպատակներով, հաճախել է դասընթացների, պրակտիկա է անցել մանկական հիվանդանոցներում, այցելել է հիվանդանոցային և սոցիալական հաստատություններ։ Նա մոտավորապես մեկ տարի անցկացրել է Բեռլինում (1907-1908 թվականներ), չորս ամիս Փարիզում (1910 թվական) և մեկ ամիս Լոնդոնում (1910 կամ 1911 թվական)։ Ինչպես ինքն է գրել տարիներ անց, Լոնդոնում նա որոշեց, որ ընտանիք չի կազմի, սակայն փոխարենը «կծառայի երեխաներին և նրանց կարիքներին»։ Սոցիալապես շատ ակտիվ է եղել այդ ժամանակ և անդամակցել է, շատերի պես, Վարշավայի հիգիենիկ միությանը և Ամառային ճամբար միությանը։ 1904, 1907 և 1908 թվականներին նա աշխատել է ամառային ճամբարներում, որոնք Ամառային ճամբար միության կողմից կազմակերպվել են հրեա և լեհ երեխաների համար։

1906 թվականին լույս տեսավ նրա «Հյուրասենյակի երեխան», որը շատ լավ ընդունվեց ընթերցողների և քննադատների կողմից։ Այդ ժամանակվանից հրատարակումներով ձեռք բերված հեղինակության շնորհիվ Կորչակը Վարշավայում դարձավ հայտնի և հեղինակավոր մանկաբույժ։ 1909 թվականին նա անդամակցեց «Օգնություն որբերին» հրեական միությանը, որը մի քանի տարի անց կառուցեց մանկատուն, և Կորչակը հետագայում դարձավ դրա տնօրենը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նորից զորակոչվել է ցարական բանակ։ Ծառայել է հիմնականում Ուկրաինայում` որպես դաշտային հիվանդանոցային բաժնի կրտսեր ղեկավար։ 1917 թվականին նա վերադարձել է բժշկական աշխատանքի Կիևի մոտ գտնվող ուկրաինացի երեխաների ապաստարաններում։ Դրանից երկու տարի առաջ Կիևում անցկացրած կարճ գործուղման ժամանակ Կորչակը հանդիպել է լեհական հասարակական և ազատագրական գործիչ Մարիա Ֆալսկային Ռոգովսկա տոհմից, ով այդ ժամանակ լեհ տղաների համար ապաստարանի կառավարիչ էր։ Ավարտելով ռուսական բանակում իր ծառայությունը կապիտանի կոչումով՝ նա վերադարձել է Վարշավա 1918 թվականի հունիսին։

Լեհաստանի անկախության հռչակումից հետո (1918 թվականի նոյեմբերի 11-ին) Կորչակը կրկին վերադարձավ լեհական բանակ։ Այս անգամ նա զինվորագրվեց նորաստեղծ լեհական բանակին։ Լեհ-բոլշևիկյան պատերազմի ընթացքում (1919-1921 թվականներ) նա ծառայել է` որպես ռազմական հիվանդանոցների բժիշկ Լոձում և Վարշավայում։ Նա տառապել է նաև տիֆով։ Իր աշխատանքի համար նա արժանացել է Լեհական բանակի մայորի կոչման։

Մանկատունը և «Մեր տունը» խմբագրել

 
Վարշավայի այն որբանոցը, որտեղ ապրել և աշխատել է Կորչակը

Ստեֆանիա Վիլչինսկայի հետ միասին նա հիմնադրել և ղեկավարել է Կրոխմալնա 92 փողոցի վրա գտնվող մանկատունը (ներկայում՝ Յակտորովսկա փող., 6)։ Այն Վարշավայում հրեա երեխաների համար մանկատուն էր, հիմնադրված՝ «Օգնություն որբերին» հրեական համայնքի կողմից։ 1912 թվականի հոկտեմբերի 7-ին Տունը սկսեց իր գործունեությունը, և Կորչակը դարձավ դրա տնօրենը։ Ստեֆանիա Վիլչինսկան (1886-1942 թթ.), ով հայտնի էր՝ որպես միսս Ստեֆա, դարձավ գլխավոր մանկավարժը։ Կորչակը ղեկավարել է մանկատունը 30 տարի։ 1940 թվականի հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Մանկատունը տեղափոխվեց Խլոդնա փողոցի գետտո։ Կորչակն այցելել է պաշտոնական գրասենյակ՝ տեղափոխումը կանխելու համար միջամտելու նպատակով և տեղում ձերբակալվել է։ Նացիստները նրան բանտարկել են Պավիակ բանտում, սակայն նա ազատվել է գրավի դիմաց մի քանի շաբաթ անց։

1919 թվականից սկսած Կորչակը Մարիա Ֆալսկայի հետ հիմնադրեցին մեկ այլ հաստատություն՝ «Մեր տունը» մանկատունը՝ լեհ երեխաների համար, որը սկզբում գտնվել է Վարշավայի մոտ գտնվող Պրուշկով քաղաքում, իսկ 1928-ից՝ Վարշավայի Բիելանի թաղամասում։ Հայտնի շվեյցարացի հոգեբան Ժան Պիաժեն, որն այցելել է Կորչակի կողմից հիմնադրված և տնօրինվող մանկատունը, նրա մասին ասել է .

  Այդ հիանալի մարդը խիզախություն ունեցավ վստահել իր խնամակալության տակ գտնվող երեխաներին և դեռահասներին, հանձնելով կարգապահության հարցը նրանց ձեռքը և տալով մեծ պատասխանատվության հետ կապված խիստ հանձնարարություններ։
- Ժան Պիաժե
 

Կորչակի համագործակցությունը Ֆալսկայի հետ տևեց մինչև 1936 թվականը։ Նորարար ուսուցման մեթոդներն օգտագործվել են նաև «Մեր տունը» մանկատանը։ Երկու հաստատություններն էլ 7-14 տարեկան երեխաների համար էին նախատեսված, որտեղ իրականացվում էր ինքնակառավարվող համայնքի հայեցակարգը, որով ստեղծվել են սեփական հաստատություններ, ինչպես խորհրդարանը, դատարանը, թերթը, ծառայողական ժամերի համակարգը, նոտարը և վարկային կազմակերպությունները։

Երկրորդ համաշխարհային պատերազմ, գետտո, վերջին երթը խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո՝ որպես լեհական բանակի սպա Կորչակը ինքնակամ զինվորագրվել է զինվորական ծառայության, սակայն չի ընդունվել տարիքի պատճառով։ Գերմանական շրջափակման ընթացքում նա կրել է լեհական բանակի համազգեստ։ Նա չի կրել հրեաներին նացիստների կողմից պարտադրված խտրականացման նշանը՝ Դավթի աստղը, համարելով՝ այդ խորհրդանշանի սրբապղծում։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Վարշավայի գետտոյում։ Նեվերլին, ով հետագայում դարձել է Կորչակի կենսագիրը, փորձել է տալ նրան կեղծ փաստաթղթեր, քաղաքի արիական մասից, սակայն բժիշկը հրաժարվել է հեռանալ գետտոյից։ Սկսած 1939 թվականից գետտոյում շարունակել է գրական գործունեությունը՝ օրագիր գրելով։ Երկու տարի նա ոչինչ չի գրել, քանի որ իր ամբողջ էներգիան նվիրել է Մանկատան երեխաների խնամքին և այլ գործունեությանը, որը լայնորեն կապված էր գետտոյում երեխաների վիճակի հետ։ Օրագիրն առաջին անգամ հրատարակվել է Վարշավայում 1958 թվականին։ Վերջին գրառումը կատարվել է 1942 թվականի օգոստոսի 4-ին։

1942 թվականի օգոստոսի 5-ին կամ 6-ին առավոտյան Փոքր Գետտոյի տարածքը շրջապատվել է ՍՍ-ականների և ուկրաինական ու լատվիական ոստիկանների կողմից։ Այսպես կոչված «մեծ գործողության» ընթացքում՝ գերմանացիների կողմից Վարշավայի գետտոյի բնակչության հիմնական ոչնչացման փուլում, նա կրկին մերժեց օգնության առաջարկները՝ չցանկանալով թողնել Մանկատան երեխաներին և աշխատակազմը։ Գետտոյից դուրս հանման օրը Կորչակը տարել է իր երեխաների խումբը Ումշլագպլաց, որտեղից մեկնում էին մահվան ճամբարներ տանող փոխադրամիջոցները։ Երթին մասնակցեցին մոտավորապես 200 երեխա և մի քանի տասնյակ դաստիարակներ, այդ թվում Ստեֆանիա Վիլչինսկան։ Նրանց վերջին երթը դարձավ լեգենդ։ Այն դարձավ պատերազմի առասպելներից մեկը և հիշողությունների հաճախակի թեմա, որը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը իր մանրամասներով։ «Ես չեմ ուզում խռովարար կամ առասպելների բացահայտող լինել, սակայն ես պետք է ասեմ, թե ինչ եմ տեսել։ Մթնոլորտում իներցիա կար, մեխանիկական շարժումներ և հոգեկան անտարբերություն։ Ոչ մի տեսանելի խառնաշփոթ չկար, որ հաստատեր, որ Կորչակն այնտեղ է, ոչ մի ողջունում (ինչպես նկարագրում են որոշ մարդիկ), իհարկե չի եղել նաև յուդենրատի միջամտությունը, ոչ ոք չի մոտեցել Կորչակին։ Չեն եղել ձեռքերի շարժումներ, երգեր կամ հպարտորեն բարձրացված գլուխներ, ես չեմ հիշում, որ որևէ մեկը կրեր Մանկատան դրոշը, սակայն նրանք այդպես էին ասում։ Այնտեղ մի ահավոր, հյուծված լռություն էր տիրում ... Երեխաներից մի քանիսը բռնել էին Կորչակին, նրա շորերից, հնարավոր է ձեռքից, նրանք քայլում էին, կարծես տրանսում։ Ես ուղեկցել եմ նրանց ամբողջ ճանապարհին մինչև Ումշլագպլացի դարպասը...»[7]: Մեկ այլ տարբերակի համաձայն, երեխաները քայլում էին չորս շարքով, պահելով ուսուցչի գրած վեպերից մեկի հերոս՝ Մաճիուշ Առաջին թագավորի դրոշը։ Երեխաներից յուրաքանչյուրն իր մոտ ուներ իր սիրած գիրքը կամ խաղալիքը։ Երթի սկզբում քայլող տղաներից մեկը ջութակ էր նվագում։ Ուկրաինացիները և ՍՍ-ականները խփում էին ճիպոտով և կրակում երեխաների ամբոխի վրա, չնայած երթը վարում էր մի տղամարդ, որն ակնհայտորեն սիրում էր երեխաներին։ Յանուշ Կորչակը սպանվել է իր երեխաների հետ միասին Տրեբլինկայի նացիստական մահապարտների ճամբարում[8]։

1933 թվականին գրականության և մանկավարժության ոլորտներում մեծ ավանդի համար Կորչակը պարգևատրվել է «Լեհաստանի վերածննդի արծաթե խաչ» շքանշանով[9]։

Գրող, հրապարակախոս, ռադիոլրագրող խմբագրել

Առաջին աշխատությունը հրատարակել է 1896 թվականի սեպտեմբերի 26-ին «Կոլցե» շաբաթաթերթում։ Որպես կրտսեր միջնակարգ դպրոցի աշակերտ՝ նա չէր կարող պաշտոնապես հրատարակել իր գործերը մամուլում, այդ պատճառով նա մակագրեց իր աշխատանքը «Հեն.» կեղծանվան տակ, ավելի ուշ նա օգտագործել է այլ գրական մականուններ, ինչպես Հեն-Րիկ, Հագոտ, Ծեր Բժիշկ։ Յանաշ Կորչակ նրա գրական կեղծանունը, որը մի փոքր է տարբերվում Յանուշ Կորչակից, ավելի հայտնի դարձավ, քան իր սեփական անունը, քանի որ վերցվել է Յ.Ի. Կրաշևսկու «Յանաշ Կորչակը և Բլեյդսմիթի գեղեցիկ դուստրը» գրքից։ Նա օգտագործել է այն առաջին անգամ 1898 թվականին «Ո՞ր ուղիով» վերնագրով չորս գործողությամբ իր առաջին ողբերգությունը մակագրելիս, երբ այն ուղարկում էր ողբերգությունների մրցույթին։ Պիեսն ինքնին հաջողությունների չհասավ։

1898-1901 թվականներին նա իր աշխատանքները հրատարակել է «Ընթերցասրահ յուրաքանչյուրի համար» ամսագրում։ 1900 թվականից նա սկսել է հրատարակել իր աշխատանքները Յանուշ Կորչակ անվամբ, նա նույնիսկ իր անձնական նամակներն էր ստորագրում այդ անվան տակ, սակայն օգտագործում էր նաև մյուս անունները։ Հեն-Րիկ գրական մականունով նա համագործակցել է «Կոլցե» երգիծական շաբաթաթերթի հետ։ 1901 թվականից նա սկսել է գրել հոդվածների շարք։ 1905 թվականին հրատարակվել է այդ հոդվածների ընտրանին «Կոլցե» շաբաթաթերթում՝ «Ֆիդլ-Ֆադլ» վերնագրով, ինչպես նաև մամուլում հրատարակվել է «Փողոցի երեխաները» վեպը (1901)։

Կորչակի ժառանգությունը՝ որպես գրող ընդգրկում է ընդհանուր առմամբ 24 գիրք և ավելի քան 1400 տեքստ, որոնք տպագրվել են տարբեր ամսագրերում։ Պահպանվել են շատ քիչ ձեռագրեր, տպագրություններ և փաստաթղթեր, այդ թվում նամակներ, միասին մոտավորապես 300 նյութ։

Մանկավարժական ամենակարևոր աշխատանքներն են համարվում՝ չորս մասից բաղկացած գրքաշարը՝ «Ինչպես սիրել երեխային» (1920 թվական), «Դաստիարակչական պահեր» (1924 թվական), «Երբ ես նորից երեխա դառնամ» (1925 թվական), «Հարգվելու երեխայի իրավունքը» (1929 թվական) և «Խաղային մանկավարժություն» (1939 թվական)։ Իր մանկական գրքերից են «Մաճիուշ առաջին թագավորը» և «Մաճիուշ թագավորը ամայի կղզում» (1923 թվական), որոնք մեծ տարածում գտան և թարգմանվել են ավելի քան 20 լեզվով։ Այլ հայտնի գրքերից են «Փոքր Ջեքի սնանկությունը» (1924 թվական), «Կյանքի կանոնները» (1930 թվական) և «Կայտեկ կախարդը» (1935 թվական)։ 1937 թվականին Կորչակն իր գրական աշխատանքի համար պարգևատրվել է Լեհական գրական ակադեմիայի «Ոսկե ակադեմիական ձիթենու տերևով»։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա օրագիր է վարել, որը շատ կարևոր է իր ստեղծման հանգամանքների շնորհիվ. այն պատերազմի ժամանակ հեղինակի ունեցած ապրումների մասին է։

Իր մանկավարժական աշխատանքում Կորչակն օգտագործել է այդ ժամանակահատվածի ժամանակակից գործիքները։ Նա ստեղծել է երեխաների և դեռահասների թերթը «Փոքրիկ շրջահայաց» վերնագրով (1926-1939 թվականներ)։ Թերթը հիմնադրվել է՝ որպես «Մեր շրջահայաց» Վարշավայի թերթի շաբաթական հավելում։ Առաջին համարը լույս է տեսել 1926 թվականի հոկտեմբերի 9-ին և համարվել է երեխաների կողմից ստեղծված լեհական առաջին ամսագիրը։ 1930 թվականից սկսած գրող Յեժի Աբրամովը, որը հայտնի է եղել պատերազմից հետո՝ որպես Իգոր Նեվերլի գրական կեղծանվամբ, եղել է նրա խմբագիրը, նա հայտնի է եղել նաև՝ որպես Կորչակի քարտուղար։ Թերթը գործել է, չնայած հակասեմիթականության, անհանդուրժողականության և ռասայական սեգրեգացիայի զարգացմանը 1930-ական թվականներին։ Վերջին համարը հրատարակվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։

Որպես հանրաճանաչ մանկավարժ՝ Ծեր բժիշկը իրականացրել է իր գործունեությունը ռադիո թողարկումների շարքի միջոցով։ Նա ստեղծել է երիտասարդ ռադիոունկնդիրների համար իր սեփական ոճը և պարզ լեզվով հաղորդել է նրանց կարևոր բաների մասին։ 1936 թվականին բժշկի կրթական ծրագիրը հանվել է ռադիոյից, չնայած ունկնդիրների ոգեշնչված կարծիքներին, քանի որ աճող հակասեմիթական և արտաքին ճնշումները վերաբերում էին դրան։ Կորչակը վերադարձել է ռադիո երկու տարի անց և հաղորդակցվել է լեհական ռադիոունկնդիրների հետ նաև պատերազմի սկզբին՝ 1939 թվականի սեպտեմբերի առաջին օրերին։

Մանկավարժ խմբագրել

Տեսակետներ խմբագրել

Վաղ երիտասարդությունից սկսած Կորչակը հետաքրքրվել է երեխաների դաստիարակման հետ կապված հարցերով և նրա վրա մեծ ազդեցություն է թողել «նոր դաստիարակության» տեսությունը և պրակտիկան։ Նա ոգեշնչվել է նաև մանկավարժական առաջընթացի տեսությամբ, որը մշակվել է Ջոն Դյուիի և մյուսների կողմից, ինչպես նաև Դեքրոլիի, Մոնտեսորիի, Պեստալոցցու, Սփենսերի և Ֆրյոբելի աշխատանքներով։ Ծանոթացել է նաև Տոլստոյի մանկավարժական գաղափարախոսությանը։ Նա շեշտել է երեխաների հետ երկխոսություններ վարելու կարևորությունը։

Նա փորձ է ձեռք բերել, աշխատելով երեխաների հետ, առաջինը՝ որպես ուսուցիչ, հետո՝ որպես հասարակական գործիչ, և վերջապես՝ որպես մանկատան տնօրեն և «Մեր տունը» մանկատան համահիմնադիր։ Միջպատերազմյան ժամանակաշրջանում դասավանդել է երկրի տարբեր համալսարաններում, այդ թվում Հատուկ մանկավարժության ազգային ինստիտուտում (ներկայում՝ Մարիա Գրժեգոժևսկայայի անվան հատուկ մանկավարժության ակադեմիա), Ուսուցիչների ազգային ինստիտուտում, Հուդայականության ուսուցիչների պետական սեմինարիայում։

Կորչակը պաշտպանել է երեխաների էմանսիպացիան, ինքնահաստատումը և հարգանքը իրենց իրավունքների նկատմամբ։ Ժողովրդավարության սկզբունքը, որը Կորչակը կիրառել է հավասարապես երեխաների և մեծահասակների նկատմամբ, գործադրվել է նրա հաստատությունների ամենօրյա պրակտիկայում երեխաների ինքնակառավարման համակարգի միջոցով։ «Երեխան հասկանում և մտածում է, ինչպես մեծը` արդարն արդար է, նա ուղղակի չունի փորձի նույն քանակը» [փա՞ստ]:

Ամսագիրը, որը հրատարակվել է երեխաների համար և նրանց կողմից՝ որպես ֆորում, նոր տաղանդների համար «բարեբեր հող» և կարևոր հիմք ստեղծելու նպատակով, հատկապես նախատեսված էր ուղղափառ հրեաների ընտանիքների երեխաների համար։ Որպես բժիշկ՝ Կորչակը նախընտրում էր վերասոցիալականացումը, ինչպես նաև հասարակության ցածր խավի երեխաների ըմբռնելի և նորարարական խնամքը։

Նա պահանջել է, որ երեխայի տեղը լինի իր տարեկիցների կողքին, այլ ոչ տանը։ Նա ջանացել է հաստատել, որ երեխաներն ունեն իրենց մանկական կարծիքները և անփորձ գաղափարները, նրանք սոցիալականացման գործընթացի սուբյեկտ են հանդիսանում՝ դրանով իսկ նախապատրաստվելով մեծահասակ կյանքին։ Փորձել է տալ երեխաներին անհոգ մանկություն, բայց ոչ պարտականություններից զերծ։ Նա հավատում էր, որ երեխան պետք է հասկանա և զգացական փորձ ձեռք բերի իրավիճակից, անկախ եզրակացություններ անի և հնարավորին չափով կանխի ակնկալվող հետևանքները։ «Չկան երեխաներ, կան մարդիկ»,- գրում էր Կորչակը։ [փա՞ստ]

Կորչակը սեփական երեխայի պես էր վերաբերվում ցանկացած երեխայի, որին բուժել կամ մեծացրել էր։ Նրա հետագա գործունեությունը հաստատեց այդ վերաբերմունքը։ Նրա այլասիրական գաղափարները թույլ չէին տալիս աջակցել կամ առանձնացնել իր խնամքի տակ եղած ընտրյալ երեխաների մի խմբի միայն։ Նա չէր համարում, որ ավանդական ընտանիքի կառուցվածքն ամենակարևորն է և սոցիալական կապերի հիմնական օղակն է։ Չէր ընդունում այն դերը, որն ունեցել է պահպանողական քրիստոնյա կամ ավանդական հրեա շրջապատը։

Կորչակի դաստիարակչական գաղափարախոսության հիմնական տարրերն են եղել՝

  • հրաժարում բռնությունից՝ ֆիզիկական և բառացի, որն առաջ է գալիս տարիքի մեծությունից կամ բարձր պաշտոնից,
  • մեծահասակների և երեխաների միջև դաստիարակչական փոխազդեցության գաղափարը, որն ընդլայնել է դասական մանկավարժության սահմանումը,
  • համոզմունք, որ երեխան մարդ է, այնպես ինչպես և մեծը,
  • կրթական գործընթացում յուրաքանչյուր երեխայի անհատականության հաշվառման սկզբունք,
  • համոզմունք, որ երեխան ավելի լավ է ծանոթ իր սեփական կարիքներին, ոգեշնչմանը և զգացողություններին, և այդպիսով իրավունք ունի ունենալ իր սեփական կարծիքը, որը հաշվի է առնվում մեծի կողմից,
  • իրավունք տալ երեխային հարգել, անտարբեր լինել, ձախողվել, առանձնանալ, սեփական կարծիք և գույք ունենալ,
  • համարել երեխայի զարգացման գործընթացը՝ որպես բարդ աշխատանք։

Ներկա ընկալումը խմբագրել

Կորչակի մտածելակերպը երեխաների իրավունքների մասին ուղղորդիչ կետ է ժամանակակից շատ հեղինակների համար[10]։ «Բարեփոխել աշխարհը նշանակում է բարեփոխել դաստիարակությունը»,- կարծում էր Կորչակը[11]։

Կորչակը եղել է այժմ «բարոյական կրթություն» կոչվող մանկավարժական միտման առաջատարներից մեկը, չնայած նա այդ թեմայով չի ստեղծել որևէ համակարգված տեսություն։ Նրա ժամանակակից մանկավարժական գաղափարները հիմնվել են գործնականի վրա։ Նա դեմ էր կրթության մեջ ուսմունքին՝ չնայած որ լավ տեղեկացված էր այդ ժամանակվա մանկավարժական և հոգեբանական միտումներին։ Ըստ Իգոր Նեվերլիի՝ Կորչակը չի նույնացրել իրեն որևէ առանձին քաղաքական գաղափարախոսության կամ կրթական ուսմունքի հետ։ Չնայած դրան՝ նա համարվել է տարբեր միտումների հետևորդ։ Կոլբերգը համոզված է, որ «Երեխաները պարզապես համայնք են» աշխատությունը հիմնված է Կորչակի գործունեության վրա։ Առաջարկվել է, որ Կորչակը և Պաուլո Ֆրեիրեն դպրոցում և երկխոսության տեսության վերաբերյալ նմանատիպ հայացքներ են ունեցել ժողովրդավարության մասին։

Մանկավարժական սիրո աջակիցները հիմնավորում են իրենց տեսությունը Կորչակի կողմից մշակված ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մոդելի վրա։ Այլ հեղինակներ փնտրում են «կրոնական կրթության» միտումի սկիզբը Կորչակի և Մարտին Բուբերի գործունեության մեջ։ Կորչակի գաղափարներն օգտագործվում են մտավոր անկարողություններով երեխաների կրթության «նորմալիզացման գաղափարախոսության» մեջ։ Երեխաներ մեծացնելու իր մոտեցումն ազդել է երեխաների հետպատերազմյան օրենսդրական նախաձեռնության վրա։ Լեհաստանը մեծապես նպաստել է դրան և ակտիվորեն մասնակցել 1959 թվականի Երեխայի իրավունքների կոնվենցիայի պատրաստմանը, նաև նախաձեռնել է «Երեխաների իրավունքների համաձայնագրի» ստեղծումը, որը 1989 թվականին ընդունվել է Միավորված Ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից։

Ինքնություն խմբագրել

Յանուշ Կորչակը իրեն համարում էր և՛ հրեա, և՛ լեհ։ Նա աշխատել է սերտացնել լեհերին և հրեաներին։ Լեհերենը նրա մայրենի լեզուն էր, նաև այն լեզուն, որով գրել է իր աշխատանքները։ Նա սկսել է սովորել եբրայերեն միայն 1930-ականներին, երբ ավելի մոտ է ծանոթացել սիոնիստական շարժմանը և շնորհիվ գերմաներենի իր իմացության սկսել է մի քիչ հասկանալ իդիշ լեզուն, որով խոսում է Լեհաստանի հրեաների մեծամասնությունը։ Միայն 1930-ականներին սկսեց հետաքրքրվել հրեաների ազգային վերածննդով, համագործակցել է սիոնիստական երիտասարդական կազմակերպությունների ամսագրերի հետ, մասնակցել նրանց սեմինարներին։ Այդ ժամանակահատվածում նա ճգնաժամ ապրեց իր անձնական և մասնագիտական կյանքում։ Որոշ չափով երկու գործուղումը դեպի Պաղեստին` 1934 և 1936 թվականներին օգնեցին նրան հաղթահարել ճգնաժամը, ինչպես նա գրել է. «Խորասուզվել անցյալում, աջակցություն ստանալ ներկան լուծելու համար, և հասնել ապագային»։ [փա՞ստ]

Ֆիլմեր խմբագրել

  • «Դուք ազատ եք, բժիշկ Կորչակ» (գերմ.՝ Sie sind frei Doktor Korczak), գերմանական ֆիլմ, ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆորդ, 1975 թվական։ Կինոնկարում ցուցադրված են Յանուշ Կորչակի վերջին տարիները, նրա դերակատարն է Լեո Գեննը։
  • «Կորչակ» (լեհ. Korczak), լեհական ֆիլմ, 1990 թվական, ռեժիսոր՝ Անդժեյ Վայդա, սցենարը՝ Ագնիեշկա Հոլլանդ։ Այն ներկայացնում է բժ. Կորչակի ճակատագիրը, դրվագային ձևով նացիստական հանցագործությունները Մանկատան երեխաների և իրենց ուսուցիչների նկատմամբ «Ռեյնհարդտ ակցիայի» անցկացման ժամանակ։ Կորչակի դերը կատարում է Վոյճեխ Պշոնիակը։

Համառոտ մատենագրություն խմբագրել

Գեղարվեստական խմբագրել

  • Փողոցի երեխաներ (Dzieci ulicy, Վարշավա, 1901)
  • Koszałki Opałki (Վարշավա, 1905)
  • Սալոնի երեխան (Dziecko salonu, Վարշավա, 1906, 2e druk 1927)՝ մասամբ ինքնակենսագրական
  • Mośki, Joski i Srule (Վարշավա, 1910)
  • Józki, Jaśki i Franki (Վարշավա, 1911)
  • Sława (Վարշավա, 1913, herzien 1935 en 1937)
  • Bobo (Վարշավա, 1914)
  • Մաճիուշ առաջին թագավոր (Król Maciuś Pierwszy, Վարշավա, 1923)
  • Մաճիուշ թագավորը ամայի կղզում (Król Maciuś na wyspie bezludnej, Վարշավա 1923)
  • Bankructwo małego Dżeka (Վարշավա, 1924)
  • Երբ ես նորից երեխա դառնամ (Kiedy znów będę mały, Վարշավա, 1925)
  • Խելառների սենատը (Senat szaleńców, humoreska ponura պիես Վարշավայի Աթենեում թատրոնի համար, 1931)
  • Kajtuś czarodziej (Վարշավա, 1935)

Մանկավարժական աշխատություններ խմբագրել

  • Momenty wychowawcze (Վարշավա, 1919, 2e druk 1924)
  • Ինչպես սիրել երեխային (Jak kochać dziecko, Վարշավա 1919, 2e druk 1920 als Jak kochać dzieci)
  • Հարգվելու երեխայի իրավունքը (Prawo dziecka do szacunku, Վարշավա, 1929)
  • Pedagogika żartobliwa (Վարշավա, 1933)

Այլ աշխատություններ խմբագրել

  • Օրագիր (Pamiętnik, Վարշավա, 1958)

Յանուշ Կորչակը հայերեն խմբագրել

  • Երբ ես նորից երեխա դառնամ (վիպակներ, ակնարկներ), Ե., Հայաստան, 1967, 318 էջ։ Ռուս. թարգմ.՝ Պ. Մարտիրոսյան։

Անվանակոչումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118565397 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1970-1979/janusz-korczak
  6. 6,0 6,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:Janusz_Korczak
  7. (Լեհերեն) M. Rudnicki: Ostatnia droga Janusza Korczaka. „Tygodnik Powszechny” 1988 nr 45:
  8. Лифтон, Бетти Джин (2004). Король детей. Жизнь и смерть Януша Корчака. Москва: Текст. ISBN 5-7516-0479-2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  9. Михаил, Чабан (2011). «Януш Корчак, старый доктор (Эрш Хенрик Гольдшмит)». Վերցված է 09․07․2019-ին.
  10. (անգլերեն) Patricia Anne Piziali, 1981, A comparison of Janusz Korczak's concept of the Right of the Child with those of Other Selected Child Advocates, George Washington University
  11. (անգլերեն) Lifton, B. J. (2003), Who was Janusz Korczak? In J. Korczak, Ghetto diary (pp. vii–xxx). New Haven, CT: Yale University Press.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Յանուշ Կորչակ հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանուշ Կորչակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանուշ Կորչակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 662