Vache Veranyan/Ավազարկղ2

Հակոբ Համազասպի Մանանդյան (), հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1925), ԽՍՀՄ ԳԱ (1939) և ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։

Կենսագրություն խմբագրել

 
Հակոբ Մանանդյանի կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնում

Ծնվել է Ախալցխայում, անտառապետի ընտանիքում[1][2][3]։ 1880-1883 թվականներին Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Կարապետյան վարժարանում։ 1883-1893 թվականներին սովորել է Թիֆլիսի I գիմնազիայում, 1893-1897 թվականներին՝ Ենայի, Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարաններում և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1898 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների, իսկ 1909 թվականին՝ Դորպատի համալսարանի իրավաբանական ֆակուլտետները։

Ստանալով փայլուն և բազմակողմանի կրթություն` Հ. Մանանդյանը 1897 թ. հաջողությամբ պաշտպանում է «Պատմութիւն Աղուանից» աշխատության հեղինակի հարցի շուրջը» ավարտական թեզը` ստանալով փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան: Նրա աշխատանքի պաշտոնական ընդդիմախոսներն էին հայտնի գիտնականներ Բ. Դելբրույկը և Հ. Գելցերը, որոնց առաջարկությամբ էլ Հ. Մանանդյանի թեզը ներկայացվում է տպագրության և լույս է տեսնում Լայպցիգում` 1897 թ.: 1901-1903 թթ. պրոֆ. Ֆրանց Ֆինկի և Եզնիկ Գյանջեցյանի հետ միասին երիտասարդ հայագետը նախաձեռնում է Աբգար Հովհաննիսյանի նյութական օժանդակությամբ լույս տեսնող «Հանդէս հայագիտութեան» / հայերեն և գերմաներեն լեզ./ գիտական պարբերականի հրատարակումը և դառնում է նրա խմբագիրներից մեկը: 1902 թ. հունվարից նա նշանակվում է «Արարատ» ամսագրի խմբագրի տեղակալ: Էջմիածնում գտնվելու տարիներին / 1900-1905 թթ./ Հ. Մանանդյանը մտերմանում է ճեմարանում դասավանդող ուսուցիչներ Կոմիտասի և Հրաչյա Աճառյանի հետ: Վերջինիս հետ ուսումնասիրում է Էջմիածնի մատենադարանի իմաստասիրական և պատմագրական ձեռագրերը, ծրագրում է աշխատություն գրել հայոց մշակույթի մասին: Միաժամանակ նա այստեղ լայն հասարակական և հրապարակախոսական գործունեություն է ծավալում, աշխատակցում է օրաթերթերին, իսկ 1906 թ. մարտի 5-ից դառնում է խմբագիր-հրատարակիչ Գ. Մելիք-Կարագյոզյանի «Արշալույս» հայկական օրաթերթի ժամանակավոր խմբագիրը: 1900-1905 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1905-1907 թվականներին՝ Թիֆլիսի առաջին և երկրորդ արական գիմնազիաներում, 1906-1907 թվականներին՝ Ներսիսյան դպրոցում, 1911-1913 թվականներին՝ Բաքվի ժողովրդական համալսարանում և 1915-1919 թվականներին՝ առևտրական դպրոցում։ 1919 թվականի դեկտեմբերին հրավիրվել է ԵՊՀ, նշանակվել պատմալեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, 1921-1922 թվականներին՝ ռեկտոր, 1921-1923 թվականներին՝ արևելագիտության և պատմագրական ֆակուլտետների դեկան, 1921-1925 թվականներին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925-1931 թթ.՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։

Հակոբ Մանանդյանն ապրել է իր ժամանակի հասարակական-քաղաքական կյանքով և արձագանքել դրան: Դժբախտաբար, Հ. Մանանդյանի, ինչպես այս, այնպես էլ հետագա տարիների հասարակական և հրապարակախոսական գործունեությունը անուշադրության է մատնվել նրա կենսագիրների կողմից, հանգամանք, որն, անշուշտ, ստվերում է թողնում Մանանդյան-քաղաքացու դեմքը: Նրան հատկապես հուզել են Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները: Ինչպես ժամանակի մյուս առաջադեմ ու հեռատես գործիչները, Մանանդյանը ևս Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը կապում էր ռուս ժողովրդի եղբայրական օգնության հետ: 1920 թ. մայիսից Հ. Մանանդյանը ընդմիշտ տեղափոխվում է Հայաստան: Նա գործուն մասնակցություն է ունենում համալսարանի ստեղծման ուղղությամբ տարվող նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքներին: 1921 թ. հունվարին Լուժողկոմատը հրավիրում է համալսարանի խորհրդի անդրանիկ նիստը` քննարկելու համալսարանի ռեկտորի ընտրության հարցը: Փակ քվեարկությամբ համալսարանի առաջին ռեկտոր է ընտրվում Հակոբ Մանանդյանը։ ԵՊՀ-ում առաջինն է դասավանդել հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմություն։ 1931 թվականին ընդհատել է մանկավարժական աշխատանքը և զբաղվել միայն գիտական գործունեությամբ։

Գիտական գործունեություն խմբագրել

 
Հակոբ Մանանդյանի հուշաքարը Երևանի Տերյան փողոցում

Հեղինակ է հայերեն, ռուսերեն և գերմաներեն ավելի քան 150 աշխատությունների՝ նվիրված հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու մշակույթին։ Զբաղվել է հունական իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ[4]։ Այս բնագավառում հայագիտական մնայուն արժեք է «Հունաբան դպրոցն և նրա զարգացման շրջանները» (Վիեննա, 1928)[5] ուսումնասիրությունը։ Հայ պատմագիտական մտքի մնայուն գործերից են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերություններին[6][7] նվիրված «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին» (ռուսերեն, Եր., 1930, 1954, 1985), «Ֆեոդալիզմը հին Հայաստանում» (Երևան, 1934[8], 1981), «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» (Եր., 1930, 1985)[9], «Երատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը»[10], «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» (Եր., 1936[11], 1985), «Տիգրան Բ և Հռոմը» (Եր., 1940[12], 1972[13], 1977, ռուսերեն՝ 1943, ֆրանսերեն՝ 1963), Արմավիրի հունարեն արձանագրությունները[14] և այլ մենագրություններ։

Հակոբ Մանանդյանը հայագիտության ասպարեզ մտավ որպես բանասեր: Դեռևս Էջմիածնում մանկավարժական աշխատանքին զուգընթաց նա սկսում է բանասիրական առաջին պրպտումները Գևորգյան ճեմարանի հարուստ մատենադարանում և մի շարք ուշագրավ հոդվածներ ու գրախոսականներ տպագրում «Արարատ» ամսագրում: Ի սկզբանե Հ. Մանանդյանը հանգում է այն ճիշտ հետևությանը, որ հայոց պատմության հարցերը անհնարին է համակողմանի լուսաբանել, առանց ուսումնասիրելու հայկական և օտար աղբյուրները: Հ. Մանանդյանի բանասիրական հետազոտությունների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Մովսես Խորենացուն նվիրված ուսումնասիրությունները: Գիտական մեծ արժեք ունեն Հ. Մանանդյանի հետազոտությունները` նվիրված գրերի գյուտին և Մեսրոպ Մաշտոցի գործունեությանը: Հայաստանի 4-5-րդ դարերի քաղաքական, սոցիալ – տնտեսական և մշակութային կյանքի հետազոտության վրա հենվող նրա հարցապնդումները բացահայտում են Մաշտոցի կենսագրության և գործունեության, գրերի գյուտի պատմության հետ կապված մի շարք առեղծվածներ: Նա իրավացիորեն գրերի գյուտը համարում է ոչ միայն մշակութային, այլև քաղաքական նշանակություն ունեցող խոշորագույն իրադարձություն: Հայաստանի պատմության հելլենիստական ժամանակաշրջանի հարցերի լուսաբանմանն է նվիրված պատմաբանի «Տիգրան Բ և Հռոմը» արժեքավոր մենագրությունը: Փաստական և աղբյուրագիտական հարուստ նյութերի հիման վրա Հ. Մանանդյանը վեր է հանել Տիգրան Երկրորդի փոթորկալից ժամանակաշրջանի գիտական պատմությունը: Մանրակրկիտ կերպով համադրելով, գիտականորեն քննելով և վերագնահատելով Տիգրան Երկրորդի ժամանակաշրջանին նվիրված բոլոր սկզբնաղբյուրներն ու առկա գրականությունը` Հ. Մանանդյանը ժխտել է պատմագրության մեջ եղած այն թյուր տեսակետը, ըստ որի, Հռոմեական հանրապետության դեմ Տիգրանի և Միհրդատի մղած պայքարը ոչ այլ ինչ էր, քան “բարբարոս Արևելքի” պայքար “ քաղաքակիրթ Արևմուտքի” դեմ: Միաժամանակ պատմաբանը բացահայտեց հռոմեական նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի` մինչ այդ մութ մնացած դրվագները: Սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա կառուցված նրա եզրակացությունները ու հարցապնդումները գիտական մեծ նշանակություն ունեն:

Ընդհանուր պատմագրության մեջ առաջին անգամ Հ. Մանանդյանն ապացուցեց Հռոմի դեմ հայերի մղած պատերազմների ազատագրական բնույթը, ցույց տվեց, որ հայերը մղում էին պաշտպանական-ազատագրական պատերազմներ` հանուն իրենց հայրենիքի անկախության, մինչդեռ պատմագրության մեջ արմատավորվել էր այն սխալ տեսակետը, թե իբր հայ-հռոմեական պատերազմներն իրենց բնույթով եղել են ազգային-կրոնական: Ակադեմիկոս Մանանդյանի կարևոր ներդրումներից մեկն էլ այն էր, որ նա մեծ վարպետությամբ կարողացավ վեր հանել հելլենիստական մշակույթի, կենցաղի, ինչպես նաև առևտրի, արհեստների, քաղաքների և տնտեսության զարգացման երևույթները Տիգրան Մեծի ժամանակի Հայաստանում: Նա նկատում է, որ Հռոմը, կործանելով Հայաստանի հելլենիստական մշակույթը, դրանով իսկ ոչնչացնում էր նաև երկրի «տնտեսական ու մշակութային հետագա զարգացման նախադրյալները»: Մեծ է «Տիգրան Բ և Հռոմ» երկի ճանաչողական նշանակությունը համաշխարհային պատմության հելլենիստական ժամանակաշրջանի հանգուցային հարցերի լուսաբանման բնագավառում: Անգնահատելի է ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի աշխատությունների գիտական արժեքը հին և միջնադարյան Հայաստանի, Աղվանքի, Վրաստանի ու Առաջավոր Ասիայի այլ երկրների պատմության ուսումնասիրության բնագավառում: Կեսդարյա գիտական բեղմնավոր գործունեության ընթացքում նա հրատարակել է հարյուրից ավելի աշխատություններ, որոնք նպաստել են պատմագիտության, բանասիրության, պատմական աշխարհագրության և պատմագիտության օժանդակ ճյուղերի զարգացմանը:


Ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատության ստեղծումը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի մ թ.ա. VI - XVI դարերի ամբողջական պատմությունը (հ. I-III, 1945, 1952, 1957, նաև՝ 1977, 1978), որը, սակայն, մնացել է անավարտ։ Դեռևս 1920-ին, Հրաչյա Աճառյանի աշխատակցությամբ, հրատարակել է XII-XIX դարերի հայկական վկայաբանական գրականության հայտնի բոլոր բնագրերը (հ. I-II), գիտական հրատարակության է պատրաստել հին հունական իմաստասերների (Նոնոս, Էլիաս, Զենոն Ստոիկ, Արիստոտել և այլք) երկերի հայերեն թարգմանությունների բնագրերը։

Մահ խմբագրել

 

Վախճանվել է 1952թ. փետրվարի 4-ին Երևանում: Հ.Մանանդյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանի հիմնադրման, կայացման և համալսարանական գիտության զարգացման գործում:

Աշխատություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Հովհաննիսյան Պ., Հ.Մանանդյանի նորահայտ հոդվածը բուդդայականության մասին.- ԲԵՀ, 1990, N 2, էջ 115-120։
  • Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 15-16։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տիգրան Երկրորդը և Հռոմը», Հակոբ Մանանդյան, 1972, Երևան (վերահրատարակություն), էջ 5․
  2. «Выдающийся советский историк Я. А. Манандян», Բորիս Գրեկով, 1956․
  3. «Բարեկամություն։ Հոդվածներ, ակնարկներ, ուսումնասիրություններ, հիշողություններ, նամակներ։ Հայ և ռուս ժողովուրդների գրական և կուլտուրական կապերի մասին», Կազմ.՝ Ա. Մ. Արզումանյան; Խմբ.՝ Գ. Վ. Վիրապյան, 1958, Երևան, էջ 734-752.
  4. Հ. Մանանդյան. Մեկնութիւն ստորոգութեանցն Արիստոտելի, Տպարան գիտութեանց ճեմարանի կայսերականի։ Ս.-Պետերբուրգ 1911։
  5. Յակոբ Մանանդեան. Յունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները։ Քննական ուսումնասիրութիւն, Վիեննա։ Մխիթարեան տպարան, 1928 (Ազգային մատենադարան, ՃԺԹ)։
  6. Հ. Մանանդյան. Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կյանքի պատմության, Հտ. 1, Արտատպ. ՀՍԽՀ Գիտության և արվեստի ինստիտուտի Տեղեկագրի №2-ից։ Երևան 1927։
  7. Հ. Մանանդյան. Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կյանքի պատմության, Հտ. 2, Արտատպ. ՀՍԽՀ Գիտության և արվեստի ինստիտուտի Տեղեկագրի №4-ից։ Երևան 1927։
  8. Հ. Մանանդյան. Ֆեոդալիզմը Հին Հայաստանում։ Հրատարակություն Մելքոնյան ֆոնդի։ Երևան 1934։
  9. Հ. Մանանդյան. Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում, Հրատարակություն Մելքոնյան ֆոնդի, Երևան 1930։
  10. Հ. Մանանդյան. Երատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը, Հրատարակություն Մելքոնյան ֆոնդի, Երևան 1934։
  11. Հ. Մանանդյան. Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պևտինգերյան քարտեզի, Գիտհրատի տպարան։ Երևան 1936։
  12. Հ. Մանանդյան. Տիգրան Բ և Հռոմը, ԱՐՄՖԱՆ–ի հրատարակչություն, Երևան 1940։
  13. Հ. Մանանդյան. Տիգրան Երկրորդը և Հռոմը, Երևանի Պետական Համալսարանի հրատարակչություն։ Երևան, 1972։
  14. Հ. Մանանդյան. Արմավիրի հունարեն արձանագրությունները նոր լուսաբանությամբ, Պետհամալսարանի Հրատարակչություն, Երևան 1946։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 212  


Կատեգորիա:Հայ պատմաբաններ Կատեգորիա:Հայ բանասերներ Կատեգորիա:Հայ աղբյուրագետներ Կատեգորիա:Դորպատի համալսարանի ուսանողներ Կատեգորիա:ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Կատեգորիա:Պատմական գիտությունների դոկտորներ Կատեգորիա:Հայ պրոֆեսորներ Կատեգորիա:ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկաններ Կատեգորիա:Հայերը Վրաստանում Կատեգորիա:ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ Կատեգորիա:Հայ ուսուցիչներ Կատեգորիա:Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Խորհրդահայեր