Արամ Սիմոնյան

հայ հրապարակախոս, պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Հրաչիկի Սիմոնյան (ապրիլի 12, 1955, Գորիս, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հունիսի 8, 2022[1], Երևան, Հայաստան), պատմագետ, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014)[2], Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ[3][4]։ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր[5]։

Արամ Հրաչիկի Սիմոնյան
Դիմանկար
Ծնվել էԱպրիլի 12, 1955 թվական
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մահացել էՀունիսի 8, 2022 թվական (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1977) և ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ (1981)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2000)
ՄասնագիտությունՊատմաբան և հրապարակախոս
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
ԱմուսինԿարինե Աշոտի Մանասյան
ԾնողներՀայրը՝ Հրաչիկ Սիմոնյան
Զբաղեցրած պաշտոններՌեկտոր, Երևանի պետական համալսարան (1977) և ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ (1981)
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ

Մովսես Խորենացու մեդալ (2009) Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2014) Ղազախստանի պետական պարգև՝ «Ղազախստանի անկախության 20-ամյակ» Թուրքմենստանի պետական պարգև՝ «Մահթուլկուլի Ֆրագի» մեդալ (2014)

«Վաչագան Բարեպաշտ» մեդալ
ԵրեխաներՍիմոնյան Մարիամ,Սիմոնյան Անի

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն

խմբագրել

1961-1972 թվականներին Արամ Սիմոնյանը սովորել է Գորիս քաղաքի միջնակարգ դպրոցում։ 1961 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան[6], այնուհետև 1972 թվականին ավարտելով Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցը՝ Արամ Սիմոնյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ[6]։ 1977-1981 թվականներին ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան[2]։ 1983 թվականինին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 2000 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն[2]։ 2005 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում[2]։ Տիրապետում է 3 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն[4]։

Գիտական գործունեություն

խմբագրել

Արամ Սիմոնյանը հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են[4]։ Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թվականների պատմության խնդիրներին[4]։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների[4]։ Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ[4]։

Գիտական գործունեության առաջին շրջանը։

Նա հենց սկզբից անդրադարձ է կատարում տնտեսական պատմությանը։ Արամ Սիմոնյանը «Արևելյան Հայաստանի պրոլետարիատի պատմություն» աշխատության մեջ օգտագործում է արխիվային հարուստ նյութեր, ինչպես նաև  պատմագիտական գրականության քննական վերլուծությամբ, լուսաբանում է Արևելյան Հայաստանում տնտեսության զարգացման ընթացքը, որ տեղի էր ունենում տնայնագործական արտադրության արդյունաբերականացման ու ապրանքայնացման ճանապարհով,որի հետևանքով էապես փոխվում է ներքին շուկայի բնույթն ու ծավալները, իսկ այս ամենի հետևանքով ստեղծվում են արդյունաբերական նոր ձեռնարկություններ, ու նորովի տեղաբաշխվում հները[6]։ Հեղինակը ցույց է տալիս արևելահայ պրոլետարիատի ձևավորման ու տեղաբաշխման ընդհանուր պատկերը։ Նա ներկայացնում է 19-20-րդ դարերի ընթացքում Արևելյան Հայաստանի բնակչության սոցիալական կառուցվածքը և վերջինիս մեջ պրոլետարիատի տեղն ու դերը[6]։

Իր երկրորդ մենագրության մեջ՝ «Рабочие Закавказья в общероссийском рынке наемного труда в конце XIX- начале XX вв. (историко- статистический анализ)», գիտնականը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Համբարյանի հետ միաժամանակ Հայաստանում սկիզբ դնելով պատմագիտության մեջ մաթեմատիկական մեթոդի կիրառմանը, պատմավիճակագրական վերլուծության է ենթարկում Անդրկովկասում և Արևելյան Հայաստանում բնակչության տեղաբաշխումը, շարժը, դասային ու դասակարգային կառուցվածքը, կրթական մակարդակը, զբաղվածությունը, ինքնագործ ու վարձու աշխատողների թվաքանակը, արդյունաբերության ճյուղային կառուցվածքը, դասերից ու դասակարգերից յուրաքանչյուրի տեսակարար կշիռը և ըստ այդմ ներկայացնում համառուսաստանյան շուկայում այդ ժամանակաշրջանում Անդրկովկասի՝ ի մասնավորի Արևելյան Հայաստանի բանվորության տեղն ու դերը[6]։

ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ Հայաստանի պատմաբանների համար հրատապ խնդիր է դառնում նախկինում արգելափակված թեմաների ուսումնասիրությունը։ Այդ տեսակետից հատկապես կարևոր էր նորագույն պատմության ամենաբախտորոշ ժամանակահատվածում՝ 1917-1921 թթ., տեղի ունեցած իրադարձությունների և հատկապես մեր ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմության գիտական անկողմնակալ ու անաչառ լուսաբանումը[6]։

Գիտական գործունեության երկրորդ շրջանը։

Ինչպես և սպասելի էր, իր գիտական գործունեության երկրորդ շրջանում Արամ Սիմոնյանն առաջիններից մեկն է ձեռնամուխ լինում հենց վերը նշված խնդրի լուծմանը,կարճ ժամանակ անց գիտական հանրության դատին ներկայացնում ‹‹Զանգեզուրի գոյամարտը (1920-1921 թթ.)››[7] ծավալուն մենագրությունը, որն արժանացավ մասնագետների հավանությանը, և հեղինակին միաձայն շնորհվեց պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Աշխատության մեջ արխիվային հարուստ նյութերի, ժամանակի պարբերական մամուլի հրապարակումների, պատմական իրադարձությունների մասնակիցների հուշերի ու ինքնակենսագրականների, ինչպես նաև առկա գրականության մանրազնին հետազոտության ու  անաչառ վերլուծության հիման վրա քայլ առ քայլ հետևելով Զանգեզուրի հերոսամարտի սրընթաց փոփոխվող ընթացքին՝ գիտնականը այն բաժանում է չորս առանձին փուլերի՝ հիմք ունենալով դրանցից յուրաքանչյուրի ժամանակ երկրամասի առջև ծառացած հիմնախնդիրը, վերջինիս լուծման համար ձեռնարկված միջոցառումները և ձեռք բերված արդյունքը[6]։ Դրանցից առաջինը, որ ընդգրկում է 1920 թվականի հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածը, սկսվում է կարմիր բանակի կողմից Զանգեզուրի գրավմամբ և ավարտվում հակաբոլշևիկյան ապստամբությամբ, երկրորդ փուլը՝ նույն թվականի հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի վերջ, նշանավորվում է Զանգեզուրի զինյալների կողմից մղված կենաց ու մահու պայքարի միջոցով գավառից ադրբեջանասովետական զորքերի դուրսմղմամբ։ Երրորդ փուլում՝ 1920 թվականի դեկտեմբեր-1921 թվականի մարտ, երկրամասի ղեկավարությունը և բնակչությունը հիմնականում զբաղվում են պատերազմի հետևանքով աղետալի վնասներ կրած ներքին կյանքի կարգավորման և պաշտպանության ամրապնդման խնդիրներով[6]։ Իսկ չորրորդ փուլը՝ 1921 թվականի մարտից մինչև նույն թվականի հուլիսի 12-ը, առանձնանում է այն բանով, որ փետրվարյան հակախորհրդային ապստամբության պարտության հետևանքով Երևանից և Արարատյան դաշտավայրից հազարավոր վտարանդյալներ, հասնելով Զանգեզուր, այնտեղ առաջացնում են հուսալքություն, խուճապ ու պարտվողական տրամադրություններ՝ ավելի վատթարացնելով առանց այդ էլ գավառում տիրող ծանր իրավիճակը։ Ահա հենց այս պայմաններում է ավարտվում Զանգեզուրի գոյամարտը, որովհետև հուլիսի 12-ին Զանգեզուրն անվերապահորեն հռչակվեց Խորհրդային Հայաստանի անբաժան մաս, և երկրորդ անգամ հաստատվեց խորհրդային կարգ, որն ունեցավ անհամեմատ ավելի երկարատև գոյություն[6]։

Նրա մյուս կարևոր գործը «Զանգեզուրի հերոսամարտը 1917-1920 թթ.»[8], մենագրությունն է։ Աշխատության մեջ գիտնականը նախ ներկայացնում է երկրամասի ամբողջական պատմությունը Զանգեզուրում ու Նախիջևանում թուրք-թաթարական նվաճողների դեմ զորավար Անդրանիկի ղեկավարությամբ մղված կռիվները, իսկ ապա նրան փոխարինած Գարեգին Նժդեհի գլխավորած կենաց ու մահու պայքարը մինչև 1920 թվականի համազանգեզուրյան առաջին համագումարը՝ զուգահեռաբար անդրադառնալով նաև նույն ժամանակահատվածում Արցախում ընթացող համանման իրադարձություններին, պատճառաբանում Անդրանիկի՝ Արցախ չմտնելու փաստը, լուսաբանում Արցախը Ադրբեջանին բռնակցելու գործում Կովկասյան բյուրոյի դրսևորած բացահայտ կամայականությունն ու նրա կայացրած որոշման ահավոր ծանր ազդեցությունը երկրամասի բնակչության հետագա ճակատագրի վրա, ինչպես նաև հանուն ազատության ու անկախության արցախահայության մղած պայքարը, որը 20-րդ դարի վերջին պսակվեց հաջողությամբ[6]։

Արցախը, արցախյան հիմնահարցը և արցախահայությունը միշտ նրա ուշադրության առանցքում էին։ Ուսանողի շրջանակում հայրենիքը սիրելու, հոգատարության, միմյանց նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման խնդիրները եղել են նրա՝ որպես ուսուցչի ուշադրության ներքո։ Այդ մասին են փաստել նրա բազմաթիվ այցելություններն Արցախ, տեղի համալսարանի հետ սերտ համագործակցությունը տարբեր ձևաչափերով, «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն. անցյալը, ներկան և ապագան»[9] 2006 թվականի հունիսի 21-ից 24-ը Ստեփանակերտում միջազգային գիտաժողովի նախաձեռնումն ու անցկացումը[10], Արցախի տարբեր հատվածներում ավանդական դարձած ծառատունկերի իրականացումը, որը հայրենաճանաչության յուրօրինակ դրսևորում էր։

Արցախի և արցախահայության կողքին գտնվելու Արամ Սիմոնյանի դիրքորոշումը դրսևորվեց նաև Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների ընթացքում։ Մինչ այդմ նա իր գործընկերներ Ա. Ղարիբյանի և Է. Բաբայանի հետ հրատարակության պատրաստեց նաև «Арцах-Карабах. Библиография на русском языке 1988-2012 гг.» ժողովածուն[10]։

Մեծ է Արամ Սիմոնյանի վաստակը ոչ միայն հայոց պատմության գիտական ուսումնասիրության ու լուսաբանման, այլև ձեռք բերված արդյունքների հանրայնացման գործում[6]։ Ընդ որում՝ այդ ամենը նա անում է թե´ բազմամյա դասախոսական գործունեությամբ, թե´ հանրապետական և միջազգային ամենատարբեր գիտաժողովներում (Երևան, ՄոսկվաԼոնդոն, Բեռլին, Մադրիդ, Նյու Յորք, Բրյուսել, Հռոմ, Փարիզ, Թեհրան և այլուր) կարդացած հետաքրքիր զեկուցումներով և թե´ դպրոցական ու բուհական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների պատրաստմանը գործուն մասնակցությամբ[6]։

Նրա գիտելիքների և հմտությունների բարձր ձիրքը արարողակարգային օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների ընդունելությունների ժամանակ թողնում էր լավագույն տպավորություն՝ մեծ համբավ բերելով մեր երկրին և ԵՊՀ-ին։ Նրա հյուրերի թվում էին նաև Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահը, ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Բալանդինը[10]։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել

Արամ Սիմոնյանի աշխատանքային գործունեությունը սկսվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին[2]։1981-1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ գիտաշխատող[2]։ 1986-2000 թվականներին հանդիսացել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ[2]։1993-1995 թվականներին եղել է ԵՊՀ գիտքարտուղար, իսկ 1995-2000 թվականներին՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ[2]։ 1998 թվականին անդամագրվում է ՀՀԿ-ին[3]։ 2000 թվականին, դարձել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006 թվականի մայիսին ընտրվել, 2011 թվականի մայիսին վերընտրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում[11]։ 2006 թվականին Արամ Սիմոնյանը դարձել է նաև ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ[6]։ 2008 թվականի հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է[2][4]։ 2015 թվականի հունիսի 25-ին ընտրվել է Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի պաշտոնում[12]։

2006 թվականին ընտրվելով ԵՊՀ ռեկտոր՝ Արամ Սիմոնյանն անմիջապես ձեռնամուխ եղավ մայր բուհում ուսումնական գործընթացի կազմակերպման բարեփոխմանը, և արդեն 2007 թվականին մագիստրատուրայում, 2008 թվականին բակալավրիատում, իսկ 2010 թվականին ասպիրանտուրայում ներդրվեց կրեդիտային համակարգ[6]։ Սկսած 2007 թվականից՝ համալսարանը տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով ուսանողներին է տրամադրում ուսումնառության ուղեցույցը և դասընթացների տեղեկագիրքը, իսկ 2010 թվականից բոլոր շրջանավարտներին տրամադրում է եվրոպական նմուշի դիպլոմի հայերեն և անգլերեն հավելված։ Ավելին, կրթական ծրագրերը արդիականացնելու, եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու և աշխատաշուկայի ժամանակակից պահանջները բավարարելու նպատակով բակալավրիատում ու մագիստրատուրայում բացվել են մի շարք նոր մասնագիտություններ[6]։ Նա 2008 թվականին համալսարանի կառավարման համակարգում ներդրեց ռազմավարական պլանավորման գործընթաց, ուստի 2010-2014 թվականներին իրականացվեց զարգացման առաջին ռազմավարական ծրագիրը[6]։ Համալսարանի ներքին ապահովման համակարգ ստեղծելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ (ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի, ԵՊՀ գիտխորհրդի և ֆակուլտետների գիտխորհուրդների որակի ապահովման մշտական հանձնաժողովների ստեղծում ևն) 2012թվականին ԵՊՀ-ն ներգրավվեց ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացում, իսկ 2015 թվականի փետրվարին ՀՀ բուհերից առաջինը և միակը արժանացավ ինստիտուցիոնալ պետական հավատարմագրման՝ 6-ամյա ժամկետով։ Պետք է նշել, որ տվյալ գործընթացին մասնակցում էին եվրոպական փորձագետներ և Նիդերլանդների հավատարմագրման գործակալությունը[6]։

  Ուսումնառության ճկուն ուղիները և տեղեկատվության ակտիվ քաղաքականությունը, կրթական ձեռքբերումների լիարժեք ճանաչումը, ուսումնառության օժանդակության ծրագրերն ու դրամաշնորհների, կրթաթոշակների և ուսումնական վարկերի լիարժեք տեղափոխելիությունն անհրաժեշտ պահանջներ են ակադեմիական շարժունության արդյունավետ իրականացման համար։
- Արամ Սիմոնյան
 

Մեծ էին ԵՊՀ-ն ժամանակակից հետազոտական համալսարան դարձնելու Արամ Սիմոնյանի կատարած աշխատանքները։ Նրա ղեկավարման տարիներին ԵՊՀ-ում գիտակրթական զարգացմանը զուգահեռ բացվեցին մի շարք նոր ստորաբաժանումներ՝ Չինագիտության կենտրոնը, Հայ-հնդկական կենտրոն-ամբիոնը, ԵՊՀ ռուսական կենտրոնը[10]։ Կրթության բարձր որակի ապահովման հետ մեկտեղ, նրա ուշադրության առանցքում էր նաև ուսանողների և աշխատակազմի կենսագործունեության համար բարվոք պայմանների ապահովումը։ ԵՊՀ-ի բազմաթիվ մասնաշենքեր վերանորոգելուն զուգահեռ ստեղծվել է նաև ժամանակակից սպորտհամալիրը, հյուրատունը, հանրակացարանը[10]։

Արամ Սիմոնյանի ռեկտորության տարիներին ուսումնականից բացի էական փոփոխություններ են տեղի ունեցել նաև համալսարանի գիտական կյանքում։ Այսպես, մայր բուհը ոչ միայն դարձել է աշխարհում գիտակրթական առաջնակարգ հաստատություն, այլև հայագիտական կադրերի պատրաստման ու գիտական հետազոտությունների իրականացման առաջատար կազմակերպություն։ Հենց նրա նախաձեռնությամբ ու անմիջական ղեկավարությամբ է համալսարանում ստեղծվել Հայագիտական հետազոտությունների ինստիտուտն ու վերջինիս գիտական օրգան ‹‹Հայագիտության հարցեր›› քառամսյա հանդեսը, սփյուռքագիտության ամբիոնը, մագիստրոսական կրթության շրջանակներում տեղ գտել հայագիտական ու ցեղասպանագիտական ծրագրեր, ինչպես նաև կյանքի կոչվել մի շարք նոր գիտական կենտրոններ և ստորաբաժանումներ[6]։

Արամ Սիմոնյանի ջանքերով Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ ԵՊՀ գրադարանի մուտքի մոտ՝ Չարենցի փողոցի կողմից հիմնվեց երախտիքի ծառուղին, որի աջ և ձախ կողմերում տեղադրվեցին 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունը, հասարակական լայն շրջանակներում քննադատած, բողոք ու կարեկցանք հայտնած, ինչպես նաև հայության մի ստվար հատվածին մահվան ճիրաններից փրկած և օգնություն ցուցաբերած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները[10]։

  «Մեր հասարակությունը ներկայումս ապրում է գլոբալ ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքները։ Արագ տնտեսական վերականգնում և կայուն զարգացում ապահովելու համար հարկավոր է ունենալ դինամիկ ու ճկուն բուհական համակարգ, որը բոլոր մակարդակներում պետք է ձգտի ինովացիաների՝ հիմնված կրթության և գիտության միահյուսման վրա։ Մենք պետք է հասկանանք և ընդունենք, որ բարձրագույն կրթությունն առանցքային դերակատարություն ունի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաջողությամբ դիմագրավելու ու մեր հասարակության տնտեսական, մշակութային և սոցիալական զարգացմանը օժանդակելու հարցերում։ Այդ պատճառով բարձրագույն կրթության համակարգում հասարակական (նաև պետական) ներդրումների աճը պետք է դիտարկվի որպես կարևորագույն գերակայություն»։
- Արամ Սիմոնյան
 

Ընտանեկան դրություն

խմբագրել

Արամ Սիմոնյանը հայ մեծանուն գիտնական, հասարակական–քաղաքական գործիչ, ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի (1928-2016 թվականներ) որդին էր։ Արամ Սիմոնյանը ամուսնացած էր, ունի երկու դուստր[4]։ Կինը՝ Կարինե Աշոտի Մանասյանը ծնվել է 1953 թվականի հունիսի 29-ին[13]։ Մեծ աղջիկը՝ Սիմոնյան Մարիամը, ծնվել է 1983 թվականի մայիսի 29-ին[13]։ Արամ Սիմոնյանի երկրորդ աղջիկը՝ Անի Սիմոնյանը՝ ծնվել է 1986 թվականի հունիսի 1-ին[13]։

Արամ Սիմոնյանը մահացել է Երևանում 2022 թվականի հունիսի 8-ին՝ 67 տարեկանում[14][15][16]։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել
  • Սիմոնյան Արամ, «Զանգեզուրի գոյամարտը 1920–1921 թթ.», Երևան, 2000, 672 էջ[7]։
  • Սիմոնյան Արամ, «Զանգեզուրի հերոսամարտը 1917-1920 թթ.», Երևան, 2009, 752 էջ, 2-րդ հրտ., Երևան, 2017, 741 էջ[8]։
  • Սիմոնյան Արամ, «Զանգեզուրի գոյապայքարը 1917-1921 թթ.», Երևան, ԵՊՀ հրատ., 2017,1096 էջ[19]։
  • Симонян А. Г., Гарибян А. А., «Арцах-Карабах. Библиография на русском языке 1988-2010 гг.», Ереван, изд. ЕГУ, 2011, 360 с.[20]։
  • Սիմոնյան Արամ, Մանուկյան Ժակ, «Երևանի պետական համալսարանը Արցախյան գոյապայքարում», Երևան, ԵՊՀ հրատ, 2011 թ., 256 էջ[21]։
  • Սիմոնյան Արամ, «Տասը հարց, տասը պատասխան», Երևան, ԵՊՀ հրատ, 2009 թ., 48 էջ[22]։
  • Սիմոնյան Արամ, «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն. Անցյալը, ներկան և ապագան», Երևան, ԵՊՀ հրատ․, 2007 թ., 586 էջ[9]։
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արամ Սիմոնյան հոդվածին

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Ա.Սիմոնյանի կենսագրական տվյալները ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 «Էլիտար թշվառները. Արամ Սիմոնյան».
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Ա.Սիմոնյանի կենսագրական տվյալները ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայքում։».
  5. ««ՀՐԱՏԱՊ․ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2019 թ․ մայիսի 23 (չաշխատող հղում)».(չաշխատող հղում)
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 «ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 60-ԱՄՅԱԿԸ ,Հասանելի է՝ 09․02․2023թ․։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
  7. 7,0 7,1 Սիմոնյան, Արամ (2000 թ․). Զանգեզուրի գոյամարտը 1920 -1921 թթ. Երևան: ԵՊՀ հրատ․. {{cite book}}: Check |title-link= value (օգնություն); External link in |title-link= (օգնություն)
  8. 8,0 8,1 «Զանգեզուրի գոյապայքարը 1917-1920 թթ․» (PDF).
  9. 9,0 9,1 Սիմոնյան Արամ (2007 թ.,). Լեռնային Ղարաբաղի հանրապետություն. Անցյալը, ներկան և ապագան. Երևան: ԵՊՀ հրատ․.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆ (1955-2022)» (PDF).
  11. ««ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  12. ««ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  13. 13,0 13,1 13,2 «[ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների բազա:]». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  14. «Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը».
  15. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/08/1273021/ © 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  16. «Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/08/1272945/ © 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  17. «Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին».
  18. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
  19. Սիմոնյան, Արամ (2017). Զանգեզուրի գոյապայքարը 1917-1921 թթ. ԵՊՀ հրատ․. {{cite book}}: Check |title-link= value (օգնություն); External link in |title-link= (օգնություն)
  20. Симонян А. Г., Гарибян А. А., (2011). Арцах-Карабах. Библиография на русском языке 1988-2010 гг. Ереван: изд. ЕГУ.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  21. Սիմոնյան Արամ,Մանուկյան Ժակ (2011 թ.). Երևանի պետական համալսարանը Արցախյան գոյապայքարում. Երևան: ԵՊՀ հրատ․.
  22. Սիմոնյան Արամ (2009 թ.). Տասը հարց, տասը պատասխան. Երևան: ԵՊՀ հրատ․.