Արմինիայի ապստամբություն, 850-855 թվականներին տեղի ունեցած ընդվզում Արմինիա կուսակալության տարածքում։ Այն գլխավորել են Բագրատունի իշխանական տոհմի ներկայացուցիչները։ Ռազմական ընդհարումները տեղի են ունեցել ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքում։

Արմինիայի ապստամբություն
Հայ-արաբական պատերազմներ

Աշոտ Բագրատունի՝ ապստամբության ղեկավարներից
Թվական 850-855
Վայր Արմինիա կուսակալություն
Պատճառ Արաբական խալիֆայության ձուլման քաղաքականություն
Արդյունք
Հակառակորդներ
Հայեր
վրացիներ ու աղվաններ
Արաբական խալիֆայություն
Հրամանատարներ
Հայոց իշխան
Աշոտ Բագրատունի
Յուսուֆ զորավար
Բուղա զորավար

8-րդ դարում տեղի ունեցած հակաարաբական ապստամբություններից այն տարբերվում էր առավել կազմակերպվածությամբ ու ձեռք բերած արդյունքներով։ Համազգային ելույթն ավարտվում է հայերի հաղթանակով, ինչի արդյունքում Հայաստանը ձեռք է բերում լիակատար ինքնավարություն, իսկ Արաբական խալիֆայության իշխանությունը դառնում է ձևական։ 855 թվականին Սմբատ Խոստովանողի մահից հետո իր որդին՝ ապստամբության հիմնական ղեկավար Աշոտ Բագրատունին, ճանաչվում է հայոց իշխան։ 862 թվականին նա հայտարարվում է նաև իշխանաց իշխան, իսկ 885 թվականին վերականգնում է հայոց թագավորությունը։

Հայաստանը արաբական խալիֆայության կազմում խմբագրել

Արաբական արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 642-650 թվականներին։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին՝ Բյուզանդական կայսրությանը և Սասանյան Պարսկաստանին՝ արաբները արշավեցին Հայաստան[1]։ Արաբական հետագա արշավանքներից խուսափելու նպատակով ժամանակի հայկական վերնախավը Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ պայմանագիր է կնքում խալիֆայության հետ, որով Հայաստանը ընդունում է նրա գերիշխանությունը, իսկ խալիֆայությունը պարտավորվում է հարգել նրա ինքնիշխանությունը։ Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Չողա երկիրը (Դերբենդ) միավորվեցին վարչատարածքային մեկ միավորի՝ Արմինիա կուսակալության մեջ[2]։ Հայաստանն արաբների օրոք կառավարում էին արաբ ոստիկանները, երբեմն էլ՝ արաբների կողմից նշանակվող հայ իշխանները։ Նրանց նստավայրը Դվինն էր։ Հայաստանի ամիրայությունը կամ Արմինիա կուսակալությունը (արաբ․՝ إمارة أرمينيا‎‎) կիսանկախ վարչատարածքային միավոր էր։

Թեոդորոս Ռշտունուն հաջորդել են Համազասպ և Գրիգոր Մամիկոնյանները, որոնց կառավարման տարիներին Հայաստանն ապրել է ինքնավար և խաղաղ ստեղծագործական կյանքով։ Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (685-689) զոհվել է արաբ-բյուզանդական նվաճողների դեմ մարտում։ Նրան հաջորդել են նախ Ներսեհ Կամսարականը (689-693), ապա՝ Սմբատ Բյուրատյան Բագրատունին (693-726695 թվականին ներխուժելով Հայաստան՝ արաբական զորքերը Սմբատ Բագրատունուն հարկադրել են ճանաչել խալիֆայության գերիշխանությունը։ Կուսակալության տարիներին տեղի էր ունենում հայ նախարարներին պետական և քաղաքական կյանքից արտամղելու քաղաքականություն։ Հայ ազնվականները, չհամակերպվելով, համառ պայքար են մղել Հայաստանի ինքնիշխանության և իրենց ավանդական իրավունքների վերականգնման համար։

 
Բագրատունիների զինանշան

8-րդ դարում Արմինիայում տեղի են ունենում հակաարաբական ապստամբություններ, որոնք գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ 8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրության օգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Մինչդեռ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տներրի հիմնական մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։

Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (մոտ 790-826), որը հայտնի է «Քաջ» և «Մսակեր» մականուններով, իշխանանիստը Կոգովիտ գավառի Դարույնք ամրոցից տեղափոխել է Արշարունիք գավառի Բագարան բերդաքաղաք։ Նրա եղբայր Շապուհը ստանձնել է հայոց սպարապետի պաշտոնը։ Թուլացող խալիֆայությունը հարկադրված ճանաչել է Աշոտ Քաջի ինքնիշխանությունը, համակերպվել Հայաստանում և Հարավային Կովկասում Բագրատունիների գերակայության հետ։ Աշոտ Բագրատունու մահից հետո Հայոց իշխանի կամ Իշխանաց իշխանի գերագույն պաշտոնը ժառանգել է նրա ավագ որդին՝ Բագարատ Բ Բագրատունին (826-851), իսկ սպարապետությունը՝ կրտսեր որդին՝ Սմբատ Բագրատունի Աբլբասը (852-8559-րդ դարի առաջին կեսին հարկերի գանձումը Հայաստանում վերապահվել է Հայոց իշխանին, և խալիֆայության գերիշխանությունն արտահայտվել է Հայոց իշխանից տարեկան որոշ հարկեր ստանալով։

Հայ իշխանական տների հզորացում խմբագրել

9-րդ դարի սկզբներին Արաբական խալիֆայությունը սկսում է թուլանալ ու մասնատվել։ Օգտվելով դրանից՝ հայ իշխանական տները աստիճանաբար ընդլայնեցին իրենց տիրույթները Արմինիա կուսակալության տարածքում։ Բագրատունիները արաբ եկվոր ամիրաների դեմ համառ պայքարում տիրացան երկրի գրեթե մեկ երրորդին։ Նրանց տիրույթներն ընդգրկում էին Տարոնը[3], Արշարունիքը, Շիրակը, Աշոցքը, Բագրևանդը և Տայքը։ Հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունին (790-826) իր իշխանության կենտրոն էր դարձրել Բագարան բերդաքաղաքը՝ Ախուրյանի ափին։ Աշոտ Մսակերին հաջորդեց որդին՝ Բագարատը, որն ստացել էր Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը (826-851)։ Վերջինիս իրավունքները Հայոց իշխանի համեմատ շատ ավելի մեծ էին։ Նա փաստորեն դարձել էր Արմինիայի ոստիկանի տեղապահ՝ փորձելով անգամ դառնալ ոստիկան։ Բագարատ Բագրատունու օրոք Հայաստանը վերականգնեց իր ինքնավարությունը[4]։

Բագրատունիները ոչ միայն իրենց ձեռքում կենտրոնացրին քաղաքական իշխանությունը, այլև հսկողության տակ վերցրին եկեղեցին։ Նրանց ազդեցությունը տարածվում էր անգամ Վերին Միջագետքում։ Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և համագործակցում էր Հայաստանի իրենց տոհմակիցների հետ։ Բագրատունիներից բացի աչքի էին ընկնում Վասպուրականի տեր Արծրունիները, Սյունյաց և Արցախի իշխանական տոհմերը։ Նրանք ևս զենքի ուժով ընդարձակեցին իրենց տիրույթները՝ բազմիցս հաղթելով արաբ ամիրաներին։

Ապստամբության ընթացքը և ավարտը խմբագրել

847 թվականին Բաղդադում գահ բարձրացավ Մութավաքիլ խալիֆը, ով հպատակ երկրների նկատմամբ սկսում է վարել խիստ քաղաքականություն։ Դրա նպատակն էր լցնել խալիֆայության դատարկված գանձարանը և վերականգնել նախկին հզորությունը։ Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբ 849 թվականին ուղարկվեց Աբուսեթ (արաբ․՝ أبو سيد‎‎) ոստիկանը։ Նրան տրամադրել էին մեծաքանակ զորքեր, որոնք պետք է աջակցեին Աբուսեթին հարկահավաքության ժամանակ։ Թովմա Արծրունին վկայում է, որ ոստիկանը մտադրվել էր պաշտոնից հեռացնել Հայաստանի իշխանաց իշխան Բագարատին ու Վասպուրականի գահերեց իշխան Աշոտին, ովքեր հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու հետ միասին Հայաստանի ամենաազդեցիկ ղեկավար գործիչներն էին։

 
Բագրատունիների դրոշ

Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չներկայացավ ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան ուղարկեց հավաքված հարկերը։ Արաբ ոստիկանն ստիպված եղավ դրանով բավարարվել և հետ դառնալ։ Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր։ Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի իսլամադավան բնակչության բողոքագրերը։ Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրեց երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել Տարոնն ու Վասպուրականը և բռնությամբ հավաքել հարկերը։ Բագարատ Բագրատունու և Վասպուրականի իշխան Աշոտ Արծրունու գլխավորությամբ հայկական միացյալ զորքը ջախջախեց արաբներին։ Արաբներն այլևս չէին կարող անտարբեր լինել։ Հայկական ջոկատները ջախջախեցին նաև կայսիկների զորքերին՝ նրանց հալածելով մինչև կայսիկ ամիրա Մուսայի նստավայրը՝ Բաղեշ քաղաքը։

851 թվականին Աբուսեթի որդի Յուսուֆը (արաբ․՝ يوسف‎‎) Ատրպատականից մտնելով Հայաստան, կանգ առավ Արծրունիների կարևորագույն բերդերից մեկի՝ Ադամակերտի մատույցների մոտ։ Նա ասպատակ սփռեց Վասպուրականում, ապա իր մոտ կանչեց Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը։ Սակայն Յուսուֆը Խլաթում խաբեությամբ ձերբակալեց Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկեց Բաղդադ։

 
Սասունցի Դավիթ (արձան, Երևան)

Յուսուֆի ավերածություններին ի պատասխան՝ Խութ ու Սասուն գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների՝ Աշոտի ու Դավիթի, ինչպես նաև Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվեցին արաբների վրա ու Մուշում նրանց գլխովին ջախջախեցին։ Յուսուֆը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվեց մի սասունցի երիտասարդի կողմից։ Լեռնականների հաղթանակն այնքան փառավոր ու տպավորիչ էր, որ այն կազմեց «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի հիմքը։ Արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվեց նաև Արմինիայի մյուս երկրներում (Վիրք, Աղվանք)։

852 թվականին խալիֆի հրամանով թուրք զորավար Բուղան ներխուժեց Տարոն։ Այնուհետև ձերբակալեց ապստամբության ղեկավար խշխաններին, սրատել տվեց բնակչության մի մասին, իսկ շատերին գերեվարեց։ Նույն կերպ նա վարվեց ապստամբած Վասպուրականի տերերի հետ։ Սակայն նա անկարող եղավ ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին համառ դիմադրել։ 853 թվականի գարնանը Բուղան ավերեց Սյունիքը, այնուհետև Արևելյան Վրաստանը։ Այստեղ, սակայն, նա լեռնականներից պարտվեց։ Բուղան նույն ճակատագրին արժանացավ Արցախում, որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ Քթիշ ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ հերոսական մարտեր էին մղում նրա դեմ։

855 թվականին Բուղան հետ կանչվեց։ Նա հատկապես ձախողվել էր Վասպուրականում՝ գահերեց իշխան Աշոտի ու նրա եղբայր Գուրգենի կողմից և հարկադրված ճանաչել Արծրունիների իշխանությունը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արաբական արշավանքները Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. Ժամկոչյան Հ. Գ., Հայոց պատմություն, էջ 407-411
  3. «Տարոնի Բագրատունիների իշխանությունը 9-րդ դարի 50-70-ական թվականներին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «Հայ իշխանական տների հզորացումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. «850-855թթ. ապստամբությունը և Հայաստանի փաստական անկախության հաստատումը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.