ՀՀ սննդի արդյունաբերություն

Մինչև 1920 թվականը Հայաստանում գործել են սննդի արդյունաբերության հումքի վերամշակման 20 համեմատաբար խոշոր և մի քանի հարյուր տնայնագործ, ձեռնարկություններ։ Առավել զարգացած էր գինու-կոնյակի ճյուղը (թողարկել է Հարավային Կովկասում արտադրվող կոնյակի 73, սպիրտի՝ 38 %-ը), որտեղ գերակշռել է ռուս, կապիտալը։ Արտադրվել է նաև պանիր (1913 թվականին՝ 700 տ), պահածո (1,2 միլիոն պայման. տուփ), գարեջուր (5410 հլ), օճառ (367 տ), զտված բրինձ (1305 տ) և այլն։ 1929-1940 թվականներին շահագործման են հանձնվել Արզնիի հանքային ջրերի շշալցման, Երևանի պահածոների, Այգեհովիտ ֆերմենտացման գործարանները, Երևանի և Գյումրիի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի ու հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկաները։ 1913 թվականի համեմատությամբ՝ 1940 թվականին սննդի արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 8 անգամ։ 1941-1945 թվականներին ձեռնարկությունները մթերք են արտադրել բանակի համար։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կրճատվել է 30 %-ով։ Միաժամանակ շարունակվել է Աշտարակի ու Կոտայքի գինու, Արմավիրի պահածոների, Սպիտակի շաքարի, Արզնիի ապակե տարաների գործարանների և այլ օբյեկտների շինարարությունները։ 1946-1960 թվականներին վերականգնվել է արտադրության 1940 թվականի մակարդակը։ Կառուցվել են Երևանի կոնյակի, մարգարինի, գարեջրի, Փարաքարի գինու, Սպիտակի կիտրոնաթթվի գործարանները, Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկան, տարբեր շրջաններում՝ պանրագործարաններ և այլն, միաժամանակ վերակառուցվել և ընդլայնվել են հին ձեռնարկությունները։

Հայաստանյան արտադրության պանիրներ
Երշիկի արտադրություն Հայաստանում

ԽՍՀՄ-ի փլուզման նախաշեմին ճյուղը միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ (18 ենթաճյուղ) և տվել Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18,8 %-ը (19901995 թվականից սննդի արդյունաբերությունը Հայաստանի արդյունաբերության առաջատար ճյուղերից է, որին բաժին է ընկնում համախառն արդյունաբերական արտադրանքի 37 %-ը։ Ճյուղը միավորում է գինու-կոնյակի, հանքային ջրերի, ալրաղաց, կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի, պահածոների, ծխախոտի, մսամթերքի, ձկնեղենի արտադրության հարյուրավոր խոշոր, միջին ու մանր ձեռնարկություններ։

Արդյունաբերության գինեգործությունը Հայաստանում սկզբնավորվել է 20-րդ դարի 2-րդ կեսին։ Ներկայումս հանրապետության գինու-կոնյակի արդյունաբերությունը միավորում է գինենյութի, գինիների, օղու և կոնյակի (բրենդի) արտադրության մի քանի տասնյակ ձեռնարկություններ։ Հայտնի են տարբեր մակնիշների կոնյակները, սովորական ու թնդեցված գինիները, շամպայն գինին, օղու տարբեր տեսակներ և ալկոհոլային այլ խմիչքներ։ Հայաստանի կոնյակներն ու գինիները միջազգային համտեսներում և ցուցահանդեսներում նվաճել են բազմաթիվ ոսկե ու արծաթե մեդալներ։ Արտադրվող գինիների ու կոնյակների, ինչպես նաև մրգի ու բանջարեղենի պահածոների, հանքային ջրերի, պանրի տեսակների մեծ մասն արտահանվում է։

Երևանի կոնյակի գործարան

խմբագրել
 
Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի արտադրանքի տեսականի
 
Հանքային ջրերի արտադրություն «Ջերմուկ Գրուպ» գործարանում
 
Հայկական պանրի տեսականի

1948 թվականին Երևանի գինու-կոնյակի գործարանի (այդպես էր կոչվում նախկին շուստովյան գործարանը) վերակազմավորմամբ առանձնացել են Երևանի գինու կոմբինատը և Երևանի կոնյակի գործարանը։ 1953 թվականին կառուցվել է գործարանի նոր շենքը։ 1940-1973 թվականին գործարանի գլխավոր տեխնոլոգը հայտնի կոնյակագործ Մարգար Մարգարյանն էր, որը նախկին ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ 1953-1991 թվականներին Երևանի կոնյակի գործարանն ուներ Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհ, որը վերացվել է 1991 թվականին։ 1998 թվականին այն սեփականաշնորհվել է ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը։ Գործարանի արտադրանքն իրացվում է 25 երկրում։

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

խմբագրել

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը խորհրդային շրջանում ճյուղի առաջատարներից էր ԽՍՀՄ-ում, սակայն միության փլուզումից հետո տևականորեն չի աշխատել։ 2002 թվականին սեփականաշնորհվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին, որը 2002-2004 թվականներին գործարանի վերակառուցման ու վերանորոգման համար կատարել է մեծածավալ ներդրումներ. վերականգնվել են ավանդ, տեխնոլոգիաները և արտադրության ծավալները։ Ներկայումս գործարանի արտադրանքը (այդ թվում՝ «Նոյ Առասպել», «Նոյ Կլասիկ», «Նոյ Տիրակալ» կոնյակները) արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ 2006-ից Կրեմլի պաշտոն, մատակարարն է։

Երևանի շամպայն գինիների գործարան

խմբագրել

Երևանի շամպայն գինիների գործարանը (1995 թվականից՝ «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ) հիմնադրվել է 1939 թվականին։ Սկզբնապես արտադրել է միայն քաղցր և չոր գինիներ,1954 թվականից՝ շամպայն գինիներ։ Ներկայումս շամպայն գինիների ողջ տեսականին՝ դասականից մինչև հավաքածու (կոլեկցիոն), արտադրվում է ֆրանսիական տեխնոլոգիայով, 3-10 տարվա հնացման կոնյակներ, օղու, գինու մեծ տեսականի։

«ՄԱՊ» ՓԲԸ

խմբագրել

«ՄԱՊ» ՓԲԸ-ն նույնպես գինու և կոնյակի արտադրության առաջատար ընկերություններից է. կազմավորվել է 1995 թվականին՝ Հոկտեմբերյանի գինու-կոնյակի գործարանի (հիմնադրվել է՝ 1942-1944, Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի) հիմքի վրա։ «ՄԱՊ»-ի կոնյակները («Պարույր Սևակ», «Աշոտ Երկաթ», «Արամե», «Մակար») ու գինիները («Սապերավի», «Կագոր», «Նռան»), տոմատի մածուկը, կարմիր պղպեղի և այլ բանջարեղենների մարինադները մեծ պահանջարկ ունեն ներքին ու արտաքին շուկաներում։

«Գրանդ Քենդի»

խմբագրել

«Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը (ՍՊԸ) ստեղծվել է 2000 թվականին՝ Երևանի հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկայի հիմքի վրա։ Հայաստանի Հանրապետությունում հրուշակեղենի (ավելի քան 300 տեսակ) արտադրությամբ զբաղվող խոշորագույն և տարածաշրջանում կակաո վերամշակող միակ ձեռնարկությունն է։

Պահածոների արդյունաբերություն

խմբագրել
 
Հայաստանյան արտադրության երշիկեղենի տեսականի

Կարևոր ենթաճյուղ է մրգի ու բանջարեղենի պահածոների արդյունաբերությունը, որը արտադրում է ծիրանի, դեղձի, սալորի, խնձորի, այլ քաղցրահամ մրգերի կոմպոտներ, ջեմեր, հյութեր ու մուրաբաներ, լոլիկի մածուկ, սմբուկի, վարունգի, կաղամբի և բանջարեղենի այլ պահածոներ։ Ալկոհոլային խմիչքների խոշոր ընկերություններից են նաև «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Արփա Ալկո», «Գյումրի-գարեջուր», «Կոտայք» (գարեջուր) ՍՊԸ-ները, «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն և այլն։ Սննդի արդյունաբերության մյուս ճյուղերն ու ենթաճյուղերը թողարկում են զանգվածային սպառման մթերք (կաթնամթերք, մսամթերք և այլն) և ունեն տեղական նշանակություն։ Ոլորտում իրենց արտադրանքով հայտնի են նաև «Եվրոթերմ», «Սիս Նատուրալ», «Արտֆուդ», «Ալիշան», «Թամարա ֆրութ» (բնական հյութեր, ջեմեր, պահածոներ և այլն), «Բարի սամարացի», «Աթենք» (մսամթերք), «Աշտարակկաթ», «Դուստր Մարիաննա» (կաթնամթերք), «Սոնագրո» (հրուշակեղեն) ընկերությունները։ Երևանում գործում է Հայաստանի Հայաստանում աղ արտադրող միակ կոմբինատը։ Հայտնի են հանք, ջրերի շշալցման «Ջերմուկ», «Բջնի», «Արզնի», «Դիլիջան» և այլ գործարաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։