Դեղձենի
Դեղձենի | |
Դեղձենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Amygdaleae |
Ցեղ | Սալորենի (Prunus) |
Ենթացեղ | Նուշ (Amygdalus) |
Տեսակ | Դեղձենի (P. persica) |
Միջազգային անվանում | |
Prunus persica |
Դեղձենի (լատին․՝ Persica), վարդազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 5 տեսակ։ Բոլոր տեսակները հիմնականում առաջացել են դեղձենի սովորականից լատին․՝ P. vulgaris։
Նկարագրություն
խմբագրելԴեղձենին ծառ է՝ ոչ մեծ, բաժակաձև, կլորավուն պսակով, բարձրությունը՝ 3-8 մ։ Հայտնի է 5 տեսակ։ Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են սովորական դեղձենու տեսակից, որը մինչև 8 մ բարձրության, բաժակաձև, կլորավուն սաղարթով ծառ է։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն։ Ծաղկում է տերևակալումից առաջ, վարդագույն կամ կարմիր զանգականման ծաղիկներով։ Պտուղը խոշոր է, տարբեր չափի և ձևի՝ տափակավուն, ձվաձև, կլորավուն, կանաչասպիտակից մինչև ոսկենարնջագույն։ Հայտնի են բազմաթիվ սորտեր, որոնք աչքի են ընկնում հասունացման տարբեր ժամկետներով (վաղահաս, միջահաս և ուշահաս)։ Պտուղները բարձրորակ են, օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում։ Ջերմասեր է, խիստ զգայուն ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ։ Գերադասում է սննդանյութերով հարուստ, հզոր հողեր, առատ ոռոգմամբ։ Բարձր գեղազարդ է և մեղրատու։
Պտուղը հյութալի կորիզապտուղ է, 60-200 գ և ավելի կշռով, գնդաձև, կլոր, երբեն ձվաձև, դեղնավարդագույն, դեղնակարմրավուն։ Կորիզը խոշոր է (պտղի կշռի 6-8%-ը)։ Սերմը հիմնականում դառն է։ Պտղամաշկը մեծ մասամբ թավոտ է, հազվադեպ անթավ (կոչվում է նեկտարին)։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտությամբ անջատվում է պտղամսից, և հյուլիներ, որոնց կորիզը պտղամսից չի անջատվում։ Պտղամիսը համեղ է, հյութալի, քաղցր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, մուրաբա, պովիդլո, ժելե։ Բազմացումը՝ աչքապատվաստով և սերմերով։ Բերքատվությունը՝ 200-400 ց/հա։
Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (Զաֆրանի, Լիմոնի, Նարնջի, ճուղուրի և այլն) հիմնականում թավոտ են։ Դեղձենու սերմերի յուղն օգտագործվում է դեղագործության մեջ, իսկ քուսպից ստացվող դառը ջուրը պարունակում է ցիանաջրածին (0,1%)։
Դասակարգում
խմբագրելՀայաստանում մշակվող բոլոր սորտերը (զաֆրանի, լիմոնի, նարնջի, ճուղուրի) թավոտ են, կան նաև մի քանի ցածրորակ, անթավ (մերկ) սորտեր։ Լինում են վաղահաս (հասունանում են հուլիսի կեսերից մինչև օգոստոս), միջահաս (հասունանում է օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը) և ուշահաս (հասունանում է հոկտեմբերին)։
Տարածվածություն
խմբագրելԲնական տարածման արեալն ընդգրկում է Հյուսիսային և Կենտրոնական Չինաստանը։ Մեր հանրապետությունում աճեցվում է Արարատյան դաշտում, Վայոց ձորում, Զանգեզուրում, Մեղրիում՝ նախալեռնային գոտում, հատկապես հյուսիսարևելյան տարածաշրջանի Նոյոմբերյանի հատվածում։
Պտղի սննդային կազմը
խմբագրել- Օրգանական թթուներ՝ խնձորի, գինի, կիտրոնի, խինինի
- Հանքային աղեր՝ երկաթ, պղինձ, կալիում, ֆոսֆոր, ցինկ, մագնեզիում, սելեն, մանգան
- Վիտամիններ՝ C, B, E, K, PP խմբերի, կարոտին
- Պեկտիններ և եթերային յուղեր
- Կորիզները պարունակում են դառը նշի յուղ և ամիգդալին։
Բանահյուսության մեջ
խմբագրելՀայկական ասացվածք՝
- Դեղձերն իրար նայելով են հասնում։
Պատկերասրահ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Ժ. Հ. Վարդանյան, Ծառագիտություն
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղձենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղձենի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 338)։ |