Գեղամ Գրիգորյան

հայ օպերային երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գեղամ Միհրանի Գրիգորյան (հունվարի 29, 1951(1951-01-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 23, 2016(2016-03-23)[1], Երևան, Հայաստան), հայ օպերային երգիչ (տենոր), բեմադրիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)։ Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982

Գեղամ Գրիգորյան
Ծնվել էհունվարի 29, 1951(1951-01-29)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էմարտի 23, 2016(2016-03-23)[1] (65 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱմուսինIrena Milkevičiūtė?
Պարգևներ
 Gegham Grigoryan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 29-ին, Երևանում։

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը։ Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին, 20 տարեկան հասակում, 1972 թվականին մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին։

1975 թվականին կայացավ նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով, Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ Դրան հետևում են Սարոն (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթը (Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»), Սայաթ Նովա (Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա»), Կոմս Ալմավիվա (Ռոսսինի «Սևիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»)։ 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում։

1978 թվականին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfezionamento Artistico) և ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել «Լա Սկալա»-ում։ Ուսանելու տարիներին հրավիրվում է Փարիզ՝ գլխավոր դերով հանդես գալու Չայկովսկու «Օպրիչնիկ» օպերայի ռադիո-համեգին (31 հոկտեմբեր, 1979 թ )։

Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը ունեցել է մի շարք համերգներ։ «Լա Սկալա»-ում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերա)։ Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր այնտեղ «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերային ներկայացումներում գլխավոր դերերով հանդես գալու համար՝ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարմամբ, ով այն ժամանակ Լա Սկալայի գլխավոր դիրիժորն է եղել։

Արգելքի տարիներ

խմբագրել

Խորհրդային Միության Մշակույթի նախարարությունը Գրիգորյանին արգելում է մասնակցել «Բորիս Գոդունով» ներկայացմանը, քանի որ այն բեմադրում էր հայտնի ռուս դիսիդետ-ռեժիսոր Յուրի Լյուբիմովը՝ ով արդեն կոնֆլիկտի մեջ էր սովետական իշխանությունների հետ (ավելի ուշ՝ 1984 թ-ին նրան զրկեցին քաղաքացիությունից)։ Սկզբում Գրիգորյանը մերժում է կատարել նախարարության պահանջը և մասնակցում է ներկայացմանը մինչ առաջին գլխավոր փորձը, սակայն երբ իշխանությունները սպառնում են նրա ընտանիքին, Գրիգորյանը ստիպված է լինում զիջել։

Բրիտանական The Telegraph պարբերականի տեղեկացմամբ՝ Գրիգորյանը 1979 թ-ի նոյեմբերին դիմել է Իտալիայի իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տրամադրելու համար, սակայն մինչ գործը քննվում էր, նա ուղղակի անհետանում է՝ չներկայանալով «Լա Սկալա» դեկտեմբերի 7-ին «Բորիս Գոդունով»-ում իր դերը երգելու համար[2]։

Վերադառնալով Խորհրդային Միություն՝ նրան այլևս թույլ չեն տալիս մեկնել արտասահման և Գեղամ Գրիգորյանը հայտնվում է Խորհրդային Միությունում այն տարիներին հայտնի «նևիեզդնոյ» (невыездной) արվեստագետների ցուցակում։

1980 թվականին Վիրգիլիուս Նորեյկան, Լիտվայի օպերային թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, հրավիրում է Գրիգորյանին աշխատելու Լիտվայի օպերային թատրոնում։ Վիլնյուսում Գեղամ Գրիգորյանն աշխատում է մեծանուն դիրիժոր Յոնաս Ալեկսայի հետ՝ հանդես գալիս «Եվգենի Օնեգին», «Դոն Կարլոս», «Բորիս Գոդունով», «Տրավիատա», «Մադամ Բաթերֆլայ», «Ռիգոլետո» և շատ այլ օպերաներում։ 1980-1986 թթ. դասավանդել է Վիլնյուսի կոնսերվատորիայում։

1989 թվականից, Վալերի Գերգիևի հրավերով՝ հանդես է գալիս «Կիրովի» օպերային թատրոնում (որը շուտով կվերանվանվի «Մարիինյան թատրոնի») որպես առաջատար մեներգիչ։

Այն տարիներին «Մարիինյան» թատրոնը նոր էր ոտքի կանգնում. Գեղամ Գրիգորյանը մեծ ավանդ ունեցավ թատրոնի մեներգչական կազմի, ավանդույթների ձևավորման և կայացման մեջ, ինչը մեծ գնահատանքի արժանացավ թատրոնի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևի կողմից։

1990 թվականին Գեղամ Գրիգորյանը հնարավորություն ստացավ դուրս գալու միջազգային ասպարեզ։

Արտերկրյա կարիերա

խմբագրել

«Երբ նա վերջապես սկսեց կանոնավոր հանդես գալ արևմուտքում, Վալերի Գերգիևի հովանու ներքո, Կովենտ Գարդենի հանդիսատեսը ցնցված էր, որտեղ Չայկովսկու «Եվգենի Օնեգինում» Լենսկիու կերպարի նրա մեկնաբանությունը քննադատների կողմից որակավորվեց որպես երաժշտական ոսկի» (The Telegraph, 30.03.2016)։

Օպերային քննադատ Ռոդնի Մայլնզը հայտարարեց նրան որպես «այսօրվա մեծագույն տենորներից մեկը» ավելացնելով՝ «Գրիգորյանի Լենսկու կատարման մեջ դուք լսում եք ռուսական տենորի հարյուրամյակների ավանդույթները՝ անընդհատ հորդող, ամուր ձայնով և էքսպրեսիվ արտահայտչականությամբ»։ 2004 թ-ին Մանչետերում BBC Philharmonic-ի հետ «Պիկովայա Դամա»-ի համերգային կատարումից հետո Daily Telegraph-ը նշեց, թե «ինչպես էր Գրիգորյանը իր հոգու, էության բոլոր լարերով պատել իր մտքերով խենթորեն տարված Հերմանի կերպարը»։ Ավելի վաղ The New York Times-ը այդ նույն դերի մասին գրել է նրա «կերպարի խորը և հիշարժան մեկնաբանության մասին» (The Telegraph, 30.03.2016)։

Այդ ժամանակ Սովետական Միությունը սկսել էր փլուզվել և Գեղամ Գրիգորյանը կարող էր ազատ շրջագայել։ Գրիգորյանի կարիերայի այս փուլը սկսվեց 1990 թ-ին Ամստերդամի «Կոնցերտգեբաու»-ում (Concertgebouw) կայացած դեբյուտով, որտեղ նա երգեց գլխավոր դերերգեր «Լուկրեցիա Բորջա», «Բոհեմ», «Ադրիանա Լեկուվրեր» օպերաներում, որտեղ նրա խաղընկերն էր Մարգարետ Փրայսը։ 1993 թվականին «Լոնդոնի թագավորական օպերային թատրոն»-ում (Covent Garden) կայացավ նրա դեբյուտը Լենսկու դերերգով (Պյոտր Չայկովսկի «Եվգենի Օնեգին»), 1995 թվականին «Կովենտ Գարդեն»-ում վերջին րոպեին փոխարինեց Լուչանո Պավարոտիին Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես» օպերայում, նույն թվականին հանդես եկավ Մետրոպոլիտեն օպերաում՝ Հերմանի դերերգով (Չայկովսկի «Պիկովայա Դամա»)։

Լա Սկալաից իր անհետացումից հետո գրեթե 20 տարի անց, 1998 թ-ին Գրիգորյանը վերադարձավ իտալական օպերային թատրոն Մուսորգսկու «Խովանշինայով» խաղընկեր ունենալով Պաատա Բուրչուլաձեին՝ Գերգիևի ղեկավարամբ, իսկ 1999 թ-ին Ռիկարդո Մուտիի ղեկավարմամբ հանդես եկավ Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայում։ 2002 թվականին նա վերադարձավ Մետրոպոլիտեն օպերա որպես Կոմս Բեզուխով Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղաղություն» օպերայում, նրա խաղընկերներ էին Դմիտրի Խվորոստովսկին և Աննա Նետրեբկոն՝ Գերգիևի ղեկավարությամբ։

2000 թ-ին նա վերադարձավ Հայաստան որպես Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Գրիգորյանը երգել է աշխարհի բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում՝

«Լոնդոնի թագավորական օպերային թատրոն» (Covent Garden) (Մազեպա, Եվգենի Օնեգին), Մետրոպոլիտեն օպերա («Պիկովայա Դամա», «Աիդա», «Պատերազմ և խաղաղություն», «Պարահանդես-Դիմակահանդես», «Արքայազն Իգոր», «Գեղջկական պատիվ», «Տոսկա»), Լա Սկալա (Մադամ Բաթերֆլայ, «Ճակատգրի ուժը», «Բորիս Գոդունով», «Խովանշինա», «Պիկովայա Դամա», «Պատերազմ և խաղաղություն») Տեատրո Կոլոն («Ֆեդորա», «Պայացներ», «Թիկնոց»), Teatro dell’Opera di Roma («Նորմա», «Աիդա» և այլն ), Berlin Konzerthaus («Արքայազն Իգոր»)։ Գրիգորյանը երգել է Նյու Յորքում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Փարիզում, Վիեննայում, Մյունխենում, Բեռլինում , Ամստերդամում, Մոնտե Կարլոյում, Ջենովայում, Ֆլորենցիայում և այլն։

1990-ական թվականից Գեղամ Գրիգորյանը մշտապես հրավիրվում է մասնակցելու տարբեր միջազգային հեղինակավոր փառատոնների՝ Choregies d’Orange (Օրանժ, Ֆրանսիա), Summer Opera season at the Baths of Caracalla (Teatro Dell’Opera di Roma, Հռոմ, Իտալիա), Ravenna Festival (Ռավենա, Իտալիա), Savonlinna Opera Festival (Սավոնլինա, Ֆինլանդիա), Festival Del Maggio Musicale Fiorentino (Ֆլորենցիա, Իտալիա), Puccini Festival (Տորե դել Լագո, Իտալիա), Salzburg Festiva (Գերմանիա) և այլն։ 1989-1996 թթ եղել է Semaines Musicales de Tours Festival-ի (Ֆրանսիա) գեղարվեստական ղեկավարության կազմում։

Գրիգորյանը երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը (Մանտուայի դուքս «Ռիգոլետո» օպերայից՝ 208 ներկայացում, Ռադամես «Աիդա» օպերայից՝ 70 ներկայացում)։

Համագործակցել է դասական երաժշտության ասպարեզի բոլոր հսկաների հետ, որոնք կերտել են 20-21-րդ դարերի դասական կատարողական արվեստի պատմությունը՝ Գյաուրով, Միրելլա Ֆրենի, Լեոնտին Պրայս, Գրեյս Բամբրի, Գենա Դիմիտրովա, Լուչիանո Պավարոտտի, Պլաչիդո Դոմինգո, Լեո Նուչի, Գերգիև, Զուբին Մետա, Լևիս, Լիվայն, Բարտոլետտի, Սվետլանով, Ռիխտեր։ Ռեժիսորներ՝ Գրեմ Վիկկ, Կանչալովսկի, Ձեֆիրելլի, Ջանկարլո Դել Մոնակո, Հուգո դե Անա և շատ ուրիշներ։

Որպես հայ կատարողական արվեստի ներկայացուցիչ Գրիգորյանը մասնագիտական աննախադեպ բարձունքներ է նվաճել երկաթյա վարագույրի երկու կողմերում էլ։

Ընդամենը տասը տարվա արտերկրյա ակտիվ հյուրախաղային գործունեության արդյունքում Գեղամ Գրիգորյանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը, որի ցանկը բացում են լեգենդար Էնրիկո Կարուզոն, Բենիամինո Ջիլին, Ֆրանկո Կորելլին։

Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար

խմբագրել

1999 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հրավիրվել է Ալ. Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Այս պաշտոնում թատրոնը ղեկավարել է մինչև 2008 թվականը։ Այդ տարիներին թատրոնում Գրիգորյանը որպես ռեժիսոր բեմադրել է Վերդիի «Տրավիատան», հայ կոմպոզիտորների օպերաներ՝ Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Չուխաջյանի «Արշակ Բ»։ Իր ղեկավարման ժամանակ հրավիրյալ ռեժիսորների կողմից թատրոնում բեմադրվել են «Կարմեն», «Նորմա», «Ալեկո», «Դոն Ժուան» օպերաները։ Համերգային կատարմամբ ներկայացվել են օպերաներ՝ Չայկովսկի «Իոլանտա», Մոցարտ «Կախարդական սրինգ» և Վիվալդի «Տիգրան Մեծ»։ Բեմականացվել են բալետներ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե», «Հավերժություն», Մավիսակալյան-Ճգնավորյան «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ», Շչեդրինի «Կարմեն սյուիտ»։

2005 թվականին թատրոնի գեղարվեստական կազմի մասնակցությամբ, Գառնու հեթանոսական տաճարում, նկարահանվել է Բելինիի «Նորմա» ֆիլմ-օպերան (ռեժիսոր՝ Բորիս Հայրապետյան, Ռուսաստան, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության պրոդուկցիա)։

2015 թվականից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և օպերային թատրոնի աշխատակազմի խնդրանքով, վերադարձել է Ալեքսանրդ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար։

Սկավառակագրություն

խմբագրել

Բելլինի՝ «Նորմա» - Մ. Բիեշու, Գ. Գրիգորյան, Լ. Նամ, Գ. Սելեզնյով։ Դիրիժոր՝ Մարկ Էրմլեր։ «Մելոդիա» 1986 թ.

Philips Classics Records-ի պատվերով Գեղամ Գրիգորյանը ձայնագրվել է հետևյալ օպերաներում՝

  • Պրոկոֆև՝ «Պատերազմ և Խաղաղություն»[3] 1991 թ, (Մարիինյան թատրոնի նվագախումբ և երգչախումբ, դիրիժոր՝ Վալերի Գերգիև)
  • Չայկովսկի՝ «Պիկովայա Դամա»[4]
  • Չայկովսկ՝ «Իոլանտա»[5] 1994 թ, (Մարիինյան թատրոնի նվագախումբ և երգչախումբ, դիրիժոր՝ Վալերի Գերգիև)
  • Բորոդին՝ «Արքայազն Իգոր» 1992 թ, (Մարիինյան թատրոնի նվագախումբ և երգչախումբ, դիրիժոր՝ Վալերի Գերգիև)
  • Ռիմսկի-Կորսակով՝ «Սադկո»[6]
  • Վերդի՝ «Ճակատագրի ուժը»[7]

Ֆիլմագրություն

խմբագրել

Նկարահանվել է ֆիլմ-օպերաներում՝

  • «Պիկովայա Դամա» (Սանկտ-Պետերբուրգ, «Մարիինյան» թատրոն ),
  • «Պատերազմ և Խաղաղություն» (Մարիինյան թատրոնի և Covent Garden-ի պրոդուկցիա, ռեժիսոր՝ Գրեմ Վիկկ)
  • «Պատերազմ և Խաղաղություն» (Մարիինյան թատրոնի, Մետրոպոլիտենի և Լա Սկալայի պրոդուկցիա, ռեժիսոր՝ Կանչալովսկի),
  • «Սադկո»
  • «Ճակատագրի ուժը»[8]
  • «Ալմաստ» (1985 թ, «Արմենֆիլմ»[9]
  • «Արշակ II» (1988 թ, «Արմենֆիլմ»[10]
  • «Նորմա» (Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության պրոդուկցիա, ռեժիսոր՝ Բորիս Հայրապետյան, Ռուսաստան)

Պարգևներ, կոչումներ և մրցանակներ

խմբագրել
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)[11]
  • Մովսես Խորենացու անվան մեդալակիր (2006)
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2006)
  • «Ս. Սահակ Պարգև և Մեսրոպ Մաշտոց» շքանշան՝ շնորհված Ս. Էջմիածնի կողմից (2006)
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)
  • Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982)
  • Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր (1982)
  • Գլինկայի անվան մրցույթի դափնեկիր (1975)
  • Անդրկովկասյան հանրապետությունների երգիչների մրցույթի դափնեկիր (1975)
  • Սպենդիարյանի անվան մրցույթի դափնեկիր (1973)

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://anmmedia.am/en/musician/gegham-grigoryan/213
  2. «Gegam Grigorian, opera singer - obituary». Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  3. http://www.amazon.com/Prokofiev-War-Peace-highlights-Kirov/dp/B002HSRYDO/ref=sr_1_7?s=music&ie=UTF8&qid=1446061407&sr=1-7&keywords=Gegam+Grigorian
  4. «Tchaikovsky: Pique Dame, Gergiev». cdvpodarok.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  5. http://www.amazon.com/Tchaikovsky-Iolanta-P-I/dp/B0000041B9
  6. http://www.amazon.com/Rimsky-Korsakov-Vladimir-Galouzine-Grigorian-Alexashkin/dp/B000FIMG7M
  7. http://www.amazon.com/Forza-Del-Destino-Giuseppe-Verdi/dp/B0000041KU
  8. «La Force du Destin - Version 1862 (Théâtre Mariinsky 1998) - La Forza del Destino - Critique DVD». Tutti-magazine (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  9. http://www.kino-teatr.ru/kino/movie/sov/13873/annot/)
  10. http://www.kino-teatr.ru/kino/movie/sov/16166/annot/)
  11. Գ. Մ. Գրիգորյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Գրիգորյան» հոդվածին։