Մովսես Խորենացու մեդալ, Հայաստանի պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հունիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Մովսես Խորենացու մեդալի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին մեդալն է Մխիթար Հերացու մեդալի, Մխիթար Գոշի մեդալի և Անանիա Շիրակացու մեդալի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Մովսես Խորենացու մեդալ
Изображение орденской планки
Երկիր Հայաստան
Տեսակմեդալ
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհուլիսի 26, 1993
Հերթականություն
Ավագ պարգևԱնանիա Շիրակացու մեդալ
Կրտսեր պարգև«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ
 Movses Khorenatsi Medal Վիքիպահեստում
Մովսես Խորենացու մեդալի վկայական

Մեդալի կարգավիճակը խմբագրել

1993-2014 թթ. խմբագրել

1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար։

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ մեդալով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Մեդալով պարգևատրվողները խմբագրել

1993-2014 թթ. խմբագրել

1993 թ. ընդունված օրենքով Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվողների շրջանակ չէր սահմանվել։

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվում են մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների և կրոնական գործիչները[1]։

Պարգևատրման միջնորդությունը խմբագրել

1993-2014 թթ. խմբագրել

1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, լուսավորության և բարձրագույն կրթության ու գիտության նախարարությունների կողմից։

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։

Կրելու կարգը խմբագրել

1993-2014 թթ. խմբագրել

1993-2014 թթ. Մովսես Խորենացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Անանիա Շիրակացու մեդալից հետո։

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից Մովսես Խորենացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Մարտական ծառայության մեդալից հետո, Մխիթար Գոշի մեդալի, Մխիթար Հերացու մեդալի և Անանիա Շիրակացու մեդալի հետ հավասար՝ ըստ պարգևատրման հերթականության։

Այսպիսով, 2014 թ. Մխիթար Գոշի մեդալի, Մխիթար Հերացու մեդալի, Անանիա Շիրակացու մեդալի և Մովսես Խորենացու մեդալի կարգավիճակները հավասարեցվել են, մինչդեռ մինչ այդ Մխիթար Գոշի մեդալն ուներ ավելի բարձր կարգավիճակ Մխիթար Հերացու մեդալի, վերջինս՝ Անանիա Շիրակացու մեդալի, իսկ Անանիա Շիրակացու մեդալը՝ Մովսես Խորենացու մեդալի նկատմամբ։

Մեդալի նկարագրությունը խմբագրել

1993-2014 թթ. խմբագրել

1993-2014 թթ. հանձնվող Մովսես Խորենացու մեդալն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագիծ ունեցող սկավառակ, որի կենտրոնում տեղադրված է Մովսես Խորենացու ուռուցիկ պատկերը, ձեռքին՝ գրիչ և «Հայոց պատմությունը»։

Մեդալը պատրաստվում է պղնձից (բրոնզափառ)։

Մեդալն ունի երիզ, ներքևի մասում կա մակագրություն՝ «Մովսես Խորենացի»։

Մեդալն օղակների միջոցով ամրանում է մետաքսապատ շերտաձողին, որի կենտրոնական մասում տեղադրված է ներդիր՝ նույն մետաղից (բրոնզափառ)։

Ժապավենը հնգակող է, որի երկու կողերն ուղղահայաց են հիմքին։ Հիմքի երկարությունը 20 մմ է, աջ և ձախ կողերի բարձրությունը՝ 10 մմ, կենտրոնական մասի բարձրությունը՝ 15 մմ։ Ժապավենը ծիրանագույն է, մուգ բորդո երիզներով։ Ժապավենը փաթաթվում է հնգակող մետաղե թիթեղյա շերտաձողի վրա, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։

Մեդալի հակառակ երեսին փորագրվում է մեդալի հերթական համարը։

Մեդալը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենային գունային նկարագիրը։

Շերտաձողիկի հակառակ երեսն ունի շերտաձողիկը հագուստին ամրացնելու հարմարանք։

Ներկայումս խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

Մովսես Խորենացու մեդալը բաղկացած է 2 մասից՝ կախիչից և դրան կապoղակով ամրացված uկավառակից։ Սկավառակի տրամագիծը 35 մմ է, կենտրոնում պատկերված է Մովսես Խորենացին՝ ձեռքին գրիչ և «Հայոց պատմությունը»։

Սկավառակն ունի երիզ, ներքևի մասում մակագրություն՝ «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ»։

Սկավառակը պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և արտադրված է դրոշմման եղանակով։ Այն անցնում է հատուկ մշակում և ձեռք բերում հատուկ գունավորում։

Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգակողմ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնության մետաքսե ժապավենով։ Ժապավենը ծիրանագույն է՝ մուգ կարմիր երիզներով։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունները 39 մմ են։

Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևինը՝ 47 մմ, հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի երկարությունը վերևի մասի կենտրոնից մինչև ներքևի գագաթը 50 մմ է։

Մեդալը դարձերեսի կողմից համարակալված է։

Մեդալի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25 մմ x 10 մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է մեդալի ժապավենի գունային նկարագիրը[3]։

Պարգևատրման վիճակագրությունը խմբագրել

Հիմնադրման պահից մինչև 2015 թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ մեդալով պարգևատրվել է 817 անձ։

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ այսօր) մեդալով պարգևատրվել է 473 անձ։

473 պարգևատրվածներից 336-ը ՀՀ, 137-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։ Պարգևատրված 137 օտարերկրյա քաղաքացիներից 20-ը՝   Լիբանանի, 17-ը՝   Սիրիայի, 15-ը՝   ԱՄՆ, 14-ական՝   Ֆրանսիայի և   Ռուսաստանի Դաշնության, 7-ը՝   Վրաստանի, 6-ական՝   Արգենտինայի և   Իրանի, 5-ական՝   Թուրքիայի և   Իտալիայի, 3-ական՝   Մեծ Բրիտանիայի և   Ուրուգվայի, 2-ական՝   Կանադայի,   Իսրայելի և   Կիպրոսի, 1-ական՝   Ավստրիայի,   Բուլղարիայի,   Գերմանիայի,   Դանիայի,   Եգիպտոսի,   Իսպանիայի,   Իրաքի,   Հորդանանի,   Նիդեռլանդների,   Շվեյցարիայի,   Չիլիի,   Ռումինիայի,   Սլովենիայի,   Վատիկանի,   Ուկրաինայի և   ԼՂՀ քաղաքացիներ են։

473 պարգևատրվածներից 316-ը տղամարդ են, 157-ը՝ կին։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008 թ. - 24,
  • 2009 թ. - 49,
  • 2010 թ. - 38,
  • 2011 թ. - 110,
  • 2012 թ. - 54,
  • 2013 թ. - 64,
  • 2014 թ. - 91,
  • 2015 թ. - 43 անձ։

Մովսես Խորենացու մեդալակիրները խմբագրել

Հիմնական հոդված՝ Մովսես Խորենացու մեդալակիրներ

Ծանոթագրություններ խմբագրել