Արայի

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
(Վերահղված է Արա (գյուղ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արայի (այլ կիրառումներ)

Արայի, գյուղ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։

Գյուղ
Արայի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Ապարանի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ
ԲԾՄ1850 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն617 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարայեցի
Ժամային գոտիUTC+4
Արայի (Հայաստան)##
Արայի (Հայաստան)
Արայի (Արագածոտնի մարզ)##
Արայի (Արագածոտնի մարզ)

Գյուղը նախկինում մտնում էր Երևանի նահանգի Էջմիածնի գավառի մեջ։

Աշխարհագրական դիրքը

խմբագրել

Գյուղը գտնվում է Ապարանից 10 կիլոմետր հարավ-արևմուտք, Քասաղ գետի միջին հոսանքի շրջանում, գետի աջ կողմում, Արագած սարի ստորոտին։ Արայի գյուղը հյուսիս-արևելքից սահման ունի Վարդենուտ գյուղի հետ (այստեղ գյուղերը գրեթե միաձուլվել են), արևելքից՝ Վարդենուտի դաշտահատվածի հետ, հարավում սահմանակից է Ափնագյուղի դաշտահատվածին և մոտ 300 մետր Ապարան-Երևան ավտոմայրուղուն չհասած շուրջ 5 կիլոմետր ձգվում է արևմուտք և նախկին Նիգատուն գյուղի մոտ ավարտվելով՝ գյուղին զուգահեռ բարձրանում է հյուսիս՝ Ամրայի աղբյուր - Բեգոյի ձոր - Սալով աղբյուր - Բարսեղի լճակ (Ամառանոցի ճահճուտ) - Ամառանոցի մարգագետին ուղղությամբ, հասնում է Արագած սարի լավային շերտին և դեպի արևելք կիսաշրջան գծելով իջնում դեպի Վարդենուտ գյուղի հարավային ծայրամասը, որտեղ Արայի ու Վարդենուտ գյուղերը միաձուլվել են։ Արայիի վարչական տարածքը կազմում է 1019,4 հեկտար, որից բնակավայրն ունի 120 հեկտար տարածք։ Արայի գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1830 մետր։ Գյուղը կանաչապատ է։ Գյուղամիջյան ճանապարհների եզրերին, բանջարանոցների եզրային մասերում, գյուղամիջյան առվի ափերին խիտ շարքերով առկա են բարդու և տեղական ուռենու ծառեր։ Գյուղի կանաչապատման սկիզբը դրվել է 1890-1900-ական թվականներին։ Այդ ժամանակներում են տնկվել Մհերի, Ասոյի, գլխավոր (գլավնի) Դավթի, Բեգոյի, Եփրեմի, Մարտիրոսի հայտնի անտառապուրակները։ Այս փոքրիկ անտառապուրակների մի մասը 1930-ական թվականներին ամբողջովին հատվել է Ապարան գյուղի շինարարություններն իրականացնելու համար։ Դրանց որոշ հատվածներ այսօր էլ պահպանվել ու կրում են իրենց հին տերերի անունները։ 1950-ական թվականների սկզբին բանջարանոցներում տնկվել են խնձորի առաջին ծառերը։ 1960-ական թվականներին գյուղի բոլոր բնակիչների հողամասերում արդեն բերք էին տալիս խնձորի, տանձի, սալորի, բալի մի քանի տեսակներ։ Այսօր Արայի գյուղում բարձր բերք է ապահովում ընկուզենին, ազնվամորին, որոշ բանջարանոցներում պտղաբերում են խաղողը, ծիրանը, դեղձը, պնդուկը։ Հաշվարկների համաձայն ամառվա ընթացքում վաճառվում է մոտ 5 տոննա ազնվամորի, 5 տոննա խնձոր, 7 տոննա տանձ, մեկական տոննա կեռաս, ընկույզ, բալ։ Տարեկան վաճառվում է մոտ 50 տոննա կարտոֆիլ, 2 տոննա կաղամբ, 1 տոննա մեղր։ Որոշ անհատներ սկսել են խնձորի և տանձի օղու, բալի գինու արտադրություն։ Գյուղի տները քարաշեն են, հիմնականում՝ երկհարկանի։ Կլիման առողջարար է, խմելու ջուրը՝ սառնորակ։ Գյուղը երկու մասի բաժանելով՝ նրա միջով հոսում է Գեղարոտ գետը։

Բնակչություն

խմբագրել

1828-1830 թվականներին գյուղում հաստատվել է Մանազկերտից ներգաղթած 29 ընտանիք։ Արայի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի Բնակչություն
1831 182 մարդ [3]
1873 451 մարդ [3]
1886 473 մարդ [3]
1914 843 մարդ [3]
1922 562 մարդ [3]
1959 592 մարդ [3]
1970 385 մարդ [3]
1979 338 մարդ [3]
2001 633 մարդ [3]
2011 617 մարդ [1]


2010 թվականի հունվարի 1-ին Արայի գյուղում հաշվառվել է 633 բնակիչ (307 տղամարդ, 326 կին)։ Նույն օրվա հաշվառման համաձայն գյուղում եղել է 488 խոշոր եղջերավոր անասուն, որից 162 կով, 309 ոչխար, որից 288 մայր, 59 այծ, որից 51 մայր, 28 խոզ, որից 20 մայր, 886 թռչուն, որից 784 հավ, 139 մեղվաընտանիք, 7 ձի, 3 ավանակ։ Համեմատության համար նշենք, որ 1828-1829 թթ.-ին գյուղում հաստատված մանազկերտցի նախնիներն ունեցել են 65 գոմեշ, 101 եզ, 84 կով, 48 հորթ, 211 ոչխար ու այծ, 7 ձի։ 1830-ական թվականներին գյուղը եղել է պետական։ 1831 թվականին գյուղում եղել է մեկ կիսաքանդ ջրաղաց։ 1840-ական թվականներին գյուղի եկեղեցին կոչվել է Սրբուհի Աստվածածին։ 19-րդ դարի 40-ական թվականներին գյուղի կենտրոնում եղած մատուռի վերաշինությամբ կառուցվել է Սուրբ Աստվածածին եռախորան դահլիճով եկեղեցին։ XIX դարի 80-ական թվականներից սկսած շատ արայեցիներ աշխատանքի են մեկնել Երևան և երևանամերձ տարածքներ։ Աշխատել են այգիներում։ Այս աշխատանքի գնահատումը կարելի է համարել մի շատ կարևոր փաստ։ Արայեցի հողագործների նվիրաված աշխատանքը գնահատել է երևանցի մեծահարուստ Աֆրիկյանների ընտանիքը։ Տիգրան Աֆրիկյանը 1906 թվականին գյուղի կենտրոնում, գետակի ափին, կառուցել է այդ ժամանակների համար լավագույն հարմարություններ ունեցող դպրոցական շենք, որը ծառայել է մինչև 1970-ական թվականները։ 1906-1920 թվականներին Աֆրիկյանները հոգացել են նաև դպրոցի ուսուցիչների վարձատրության և դպրոցի կենսագործունեության հետ կապված ֆինանսական ծախսերը։ Այս առիթով փաստենք, որ այս դպրոցական շենքը ողջ Ապարանի տարածաշրջանում միակն է եղել մինչև 1923 թվականը։ Գյուղի 100-ից ավելի որդիներ 1918 թվականի մայիսի 22-29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին։ Հայրենիքին նվիրվածությունը արայեցիներն ապացուցել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին իրենց մասնակցությամբ։ Գյուղի ավելի քան 135 որդիներ կռվել է ֆաշիզմի դեմ։ Նրանցից 61-ը մնացել են հավերժ զինվոր խորհրդա-գերմանական ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Պապերի և հայրերի օրինակով դաստիարակված ժառանգները մասնակցել են խորհրդա-աֆղանական պատերազմին։ Իսկ երբ իր անկախ պետականության և իր պատմական Արցախ աշխարհի ապրելու իրավունքի դեմ ոտնձգություն արեցին ադրբեջանական թուրքերը, ողջ հայ ժողովրդի հետ նրա դեմ ելան նաև տասնյակ արայեցիներ։ Արայեցի իրավաբան Իրինա Գալստյանի նախաձեռնությամբ 1999-2001 թվականներին գյուղից շուրջ 500 մետր հարավ, բլրի վրա կառուցվել է վերասլաց գմբեթավոր Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռը։ Իսկ որդեկորույս են բոլոր պատերազմներում որդի կորցրած մարերը։ Արային Ապարանի տարածաշրջանի պատմական բնակավայրերից է։ Բնակավայրի համար տեղն իդեալական է։ Թիկունքում Արագած սարն է, դիմացը՝ Արա լեռը։ Երկու սարերի միջև ընկած նեղ լեզվակով է անցել և ներկայումս էլ անցնում է Հյուսիսային Հայաստան - Հարավային Հայաստան մայրուղին։ Գտնվելով այդ մայրուղու հարևանությամբ բնակավայրը առևտրային ու պաշտպանական բավականին հնարավորություններ է ունեցել։ Այստեղ հայ մարդը ապրել է 4-5 հազար տարի շարունակ և անընդմեջ։ Գյուղի ներկայիս անասնապահական համալիրի հիմքերը փորելիս, բացվել են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների դամբարաններ։ Ցավոք, պատմական արժեքների նկատմամբ խորհրդային համակարգին հատուկ արհամարհանքով հնավայրը ոչնչացվել է, իսկ հազվագյուտ գտածոները ձեռքից-ձեռք են անցել ու անհետացել։ Գյուղի հյուսիսարևմտյան կողմում մնում են վաղ և ուշ միջնադարյան բնակատեղիների հետքեր, իսկ գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցին իր մի մասով միջնադարյան սրբարան է եղել։ Գյուղից 1,5 կմ հարավ մնում են բնակավայրի, XIII դարում Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կառուցած Արայիի իջևանատան, շրջակայքում՝ երկու ավերակ բնակավայրերի մնացորդներ։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք մնում են մ.թ.ա. 2-րդ - 1-ին հազարամյակների Արայի բերդ-ամրոցի հիմնային մասերը։ Պատմաբան Տիգրան Հայազնը տպագրության է պատրաստել «Արայի» հանրագիտարանը, որի առաջաբանը և որոշ արայեցիների մասին հոդվածներ տեղ են գտել սույն հրապարակման մեջ։

Հայտնի Արայեցիներ

խմբագրել
 
Արմեն Սողոյան

Գյուղում ծնված կամ գյուղի վերաբնակիչների հարկի տակ ծնված արայեցիները բավականին լուրջ մոտեցում են ունեցել և ունեն կրթության հանդեպ։ Շատերն են բարձրագույն ու մասնագիտական կրթություն ստացել Հայաստանի ու արտերկրի ուսումնական հաստատություններում։ Արայեցու զավակ են իրավաբանական գիտությունների թեկնածու Մնացական Սարգսյանը, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Մանուել Մարգարյանը, գիտության թեկնածու Լյուդմիլա Կարապետյանը։ Գյուղում է ծնվել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վահագն Աբրահամյանը։ Արայիից սերած ամենաբարձր պաշտոնյան Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, Հայաստանի արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ) Մնացական Սարգսյանն է։ Գյուղում են ծնվել բանասացներ Բարսեղ Սահակյանը, Երվանդ Հունանյանը, Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի առաջին կոմիսար, գնդապետ Ազիզ Կիրակոսյանը, ճարտարապետ-քանդակագործ Միշա Մարգարյանը։ Խորհրդային բանակում փոխգնդապետի կոչման է արժանացել Գրիգոր Հովհաննիսյանը։ Հայաստանի ոստիկանության գնդապետի կոչման է արժանացել Էդուարդ Մանուկյանը, փոխգնդապետի կոչման՝ Շողիկ Ասոյանը, Վիրաբ Սիրեկանյանը, Հայաստանի արդարադատության 1-ին դասի խորհրդականի կոչման (գնդապետ)՝ Արամ Կարապետյանը, 2-րդ դասի խորհրդականի կոչման (փոխգնդապետ)՝ Աշոտ Մանուկյանը։

Ցոլակ Գևորգյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր իռիգատորի, Սեդա Սերոբյանը՝ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի, Հեղինե Կիրակոսյանը՝ ՀԼԿԵՄ դափնեկրի, Գեղեցիկ Սերոբյանը՝ «Հերոսուհի մայր» պատվավոր կոչման։ Արվեստի ասպարեզում աչքի են ընկել և համընդհանուր ճանաչման արժանացել քանդակագործ քույր ու եղբայր Հերիքնազ և Հրաչյա Գալստյանները։ Նրանց աշխատանքները ցուցադրվել ու ցուցադրվում են տարբեր երկրների ցուցասրահներում։ Պարային և թատերական արվեստի բնագավառում լուրջ քայլեր է անում «Միհր» պարային պլաստիկայի թատրոնի հիմնադիր Ցոլակ Գալստյանը։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ,պտղաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Արայիում է գտնվում 1885 թվականի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ 1,3 կմ հարավ-արևմուտք՝ 17-18 դարերի «Թուխ Մանուկ» մատուռը։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Հոդվածներ

խմբագրել
  • Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյան իշխանների շինարարական գործունեությունը Ապարանի շրջանում (Հայաստանի բնություն, 1980, պրակ 2)։
  • Տիգրան Պետրոսյանց, Ապարանի շրջանի ձեռագրերը, հնատիպ գրքերը և այլ հնագրագիտական նյութերը (Պատմա-բանասիրական հանդես, 1981, թիվ 1)։
  • Տիգրան Պետրոսյանց, Ապարանի շրջանի պատմական հուշարձանները (Բանբեր Հայաստանի արխիվների, 1983, թիվ 2)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 28» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 688