Վարդենուտ

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում

Վարդենուտ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավային լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1900 մետր։ Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։

Վարդենուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի
ԳյուղԱրագածոտնի մարզ, Ապարանի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ
Հիմնադրված է1831 թ.
ԲԾՄ1900 մետր
Կլիմայի տեսակբարեխառն-ցամաքային, չոր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն895[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+(374)232
Վարդենուտ (Հայաստան)##
Վարդենուտ (Հայաստան)

Անվանում

խմբագրել

Վաչուտյանների անկումից հետո, երկրամասի անընդմեջ ավարառումներից բնակավայրը պարբերաբար ավերվել ու վերաշինվել է, բայց ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը, որը 1604 թվականին ամբողջ Արարատյան դաշտի հետ հայերից ժամանակավորապես դատարկել է նաև Նիգ-Ապարանը։ Նաև դրա հետևանքով Վարդենիսը այդ ժամանակ մի քանի դարով կորցրել է իր պատմական անունը, իսկ 1930-ական թվականներին վերանվանվել է Վարդենուտ /նույն շրջանի մեկ այլ գյուղի այդ ժամանակ տրվել է այս գյուղի պատմական Վարդենիս անունը/։

Աշխարհագրական դիրքը

խմբագրել

Գյուղը գտնվում է Ապարանից 9 կիլոմետր հարավ։ Արևելքից գյուղի սահմանները սկսվում են Արագած սարի գագաթատակից և ուղիղ իջնում է Արագած և Շենավան գյուղերի հողերին զուգահեռ, հասնում Ապարան-Երևան մայրուղուն և ճանապարհին զուգահեռ առաջանում դեպի Ափնագյուղ, ապա հարավից հյուսիս անցնելով Արա (գյուղ)ի կողքով ձգվում է մինչև Արագած սարի գագաթատակը։ Գյուղի միջով այն երկու մասի բաժանելով հոսել է Գեղարոտ գետակը։ Այդ գետակի ջրերով էլ ջրվել են գյուղի թե դաշտերը, թե բանջարանոցները։ Ցավոք 1980-ական թվականներին գետակի հունը փոխելով՝ ջրերը տարվել են դեպի արևելք՝ դեպի Ապարանի ջրամբար։ Գետակի պատմական հունը ներկայումս ծառայում է գարնան ձնհալի ջրահեռացման համար։ Գյուղի միջով է անցնում Ապարան-Երևան մայրուղու Քուչակ գյուղից սկսվող Քուչակ-Ծաղկաշեն-Արագած (Ապարանի տարածաշրջան)-Վարդենուտ-Արա (գյուղ) ավտոճանապարհը, որը Ափնագյուղի մոտ կրկին միանում է Ապարան-Երևան մայրուղուն։

Կլիման զով է, ամառանոցային։

Բնակչություն

խմբագրել

Վարդենուտի բնակչության մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի տարբեր շրջաններից և Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի ու Մուշի գյուղերից։ Վարդենուտի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 314 961 883 1172 756 964 699 696 852 895[1]

Տնտեսություն

խմբագրել

Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային, բանջարանոցային կուլտուրաների, պտղատու ծառերի մշակությամբ։ Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն, հեռախոսակայան։

Մասնակցությունը պատերազմներին

խմբագրել

Գյուղի 100-ից ավելի որդիներ 1918 թվականի մայիսի 22-29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 168 ափնեցիներ։ Նրանցից 110-ը զոհվել են։ Արցախյան ազատամարտին մասնակցել են մեկ տասնյակից ավելի վարդենուտցիներ։ Նրանցից 3-ը զոհվել են։ Մասնակիցներից երեքը արժանացել են ՀՀ "Արիության" և մեկը՝ "Մարտական ծառայության" մեդալների։ Գյուղի կենտրոնում կանգնեցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված վարդենուտցիների հուշարձան կոթողը։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Խաչաղբյուր։ 1840-ական թվականներին գյուղի եկեղեցին կոչվել է Սուրբ Մեռկեռիոս։ Գյուղից մոտ 1, 5 կիլոմետր հյուսիս-արևմուտք պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների դամբարաններ։ Դամբարանադաշտի հարևանությամբ պահպանվել են երեք կողմից դժվարամատչելի բարձրության գլխամասային հատվածի մոտ 0, 5 հեկտար տարածություն ընդգրկող բերդ-ամրոցի ավերակները։ Պարիսպները շարված են տեղական անմշակ քարերով, կիկլոպյան եղանակով, պատերի դրսի և ներսի կողմերում շարվածքն արվել է մեծ քարերով, իսկ ներսում լցվել են ավելի փոքր քարեր՝ առանց շաղախի։ Գլխամասում պարիսպն ունի ուղղանկյան ձև։ Բարձունքի հարավային և արևելյան լանջերը, որոնք ավելի քիչ են թեք և գրոհի համար հարմար են, ստորոտում ամրացված են կրկնակ պարիսպով։ Խաչաղբյուրի բնակավայրում կյանքը երկար ժամանակ հարատևել է։ Ամենայն հավանականությամբ, Հայոց Արտաշեսյան թագավորների օրոք այստեղով է անցել Արտաշատ-Վրաստան առևտրատնտեսական կարևոր ճանապարհներից մեկը։ Հենց դրանով պետք է բացատրել այստեղից 1979 թվականին, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ գտնված մ.թ.ա. 1-ին դարի դրամական գանձը։ Գյուղի բնակիչ Անդրանիկ Թորոսյանը 1984 թվականին Տիգրան Պետրոսյանցին է հանձնել այդ դրամներից մեկ օրինակ։ Դրամը կտրվել է մ.թ.ա. 90-80-ական թվականներին, պարթևական Գոտազ թագավորի կողմից և շատ լավ պահպանվել է։ Անդրանիկ Թորոսյանի հաղորդման համաձայն, դրամների թիվն անցել է 30-ից, ցավոք, դրանցից առկա է միայն Գոտազինը։ Միջնադարում ևս այս բնակավայրը բարգավաճել է։ Այդ են ապացուցում աղբյուրի ձախ կողմում պահպանված միջնադարյան եկեղեցու հիմքերի ավերակները, աջ կողմի բարձունքներին գտնվող գերեզմանոցը, որտեղ պահպանվել են 12-14-րդ դարերի տապանաքարեր, խաչքարերի պատվանդաններ, փշրված խաչքարերի բեկորներ։ Ցավոք, 1986 թվականին մելիորացիոն աշխատանքների ժամանակ զգալի վնաս է հասցվել բնակավայրին։ Գյուղի արևմտյան կողմում 13-րդ դարի առաջին կեսին կառուցվել է ամրոց։ Այն ունի քառակուսի հատակագիծ՝ անկյուններում կլոր աշտարակներով։ Կառուցված է տեղական որձաքարի մշակված քարերով։ Կենտրոնում երկու հզոր սյուները կրել են երկրորդ հարկը։ Դղյակի կանգուն պատերը տեսել ու նկարագրել է Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը։ Գյուղացիները դղյակը ավերել են ու քարերն օգտագործել շինարարական նպատակներով։ Տապանաքար են դարձրել դղյակի մշակված շարաքարերը, շքամուտքի ձևավոր քարերը, անգամ բարավորները։ Շինարարության համար օգտագործվել են հզոր բերդապարիսպները։ Պահպանվել են այդ պարսպի հյուսիսարևելյան անկյունային հատվածի մի մասն ու այդտեղ եղած հզոր բուրգի հիմնային մասերը։

Հայտնի վարդենուտցիներ

խմբագրել

Գյուղում է ծնվել արցախյան պատերազմի մասնակից մայոր՝ Նվեր Կնյազյանը, պետական ծառայող Գագիկ Արշակյանը։ Գյուղից են սերում Արցախյան ազատամարտի մասնակիցներ Գրիգոր Հմայակյանը, Սամվել Հարությունյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու Արամ Գյուրջյանը, դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը։

Տեղական ինքնակառավարում

խմբագրել

Համայնքի ղեկավար՝ Կամո Սահակյան

Ավագանու անդամների ցուցակ

  1. Նվեր Սեդրակյան
  2. Լևոն Տերոյան
  3. Ատոմ Ալեքսանյան

Գրականություն

խմբագրել
  • Առաքել Դավրիժեցի, Պատմագրութիւն։ Վաղարշապատ, 1884։
  • Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց, աշխատասիրությամբ Կ.Ա.Մելիք-Օհանջանյանի։ Երևան, 1961։
  • Մադաթյան Ք.Մ. Ալաշկերտի խոսվածքը (Ապարան-Արագածի տարածք)։ Երևան, 1985։
  • Շահխաթունեանց Յով., Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. բ։ Էջմիածին, 1842։
  • Տիգրան Պետրոսյանց, Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1988։
  • Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ։ Երևան, 2001։
  • Տիգրան Պետրոսյանց, Քուրդ Վաչուտյանի իշխանանիստ Վարդենիս գյուղը /Սովետական մանկավարժ, 1987, 6/։
  • Տիգրան Հայազն (Տիգրան Պետրոսյանց), Ապարանի հերոսամարտը։ Երևան, 2005 թ.։
  • Տիգրան Հայազն (Տիգրան Պետրոսյանց), Հայրենիքի սերը սրտերում։ Երևան, 2005 թ.։
  • Արայիկ Գրիգորյան - Հայոց տեղանվանագիտություն/իմ բնակավայրի մանրատեղանունները, Ապարան, 2018 [1]

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.