Ֆիլիպո Բիաջիոլի

իտալացի արվեստագետ

Ֆիլիպո Բիաջիոլի (իտալ.՝ Filippo Biagioli), փետրվարի 9, 1975, Պիստոիա, Իտալիա), իտալացի արվեստագետ, որը հայտնի է նաև Անալֆաբետա (Analphabeta) կեղծանվամբ[1]։

Ֆիլիպո Բիաջիոլի
Filippo Biagioli
Ֆիլիպո Բիաջիոլին
Ի ծնեՖիլիպո Բիաջիոլի
ԿեղծանունԱնալֆաբետա
Ծնվել էփետրվարի 9, 1975
ԾննդավայրՊիստոիա, Իտալիա)
ՈճԱր բրյուտ
Ներշնչվել էԺան Միշել Բասկի
ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ֆիլիպո Բիաջիոլին ծնվել է Իտալիայի Պիստոիա քաղաքում։

Սկսել է նկարել 1997 թվականին՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկար ապաքինվելուց հետո և արդեն 1998-ին մասնակցում է Պիստոիայում կազմակերպված համատեղ ցուցահանդեսի։ Բիաջիոլին սկզբում նվիրվում է գրաֆիկական արվեստին, կոմիքսներին, դաջվածքներին և սկսում ինքնուրույն ուսումնասիրել դրանց ծիսական նշանակությունը։ Իր կարիերայի համար բեկումնային է լինում պիստոիացի արվեստագետ Ռոմոլո Ռոմանոյի հետ հանդիպումն ու հետագա ջերմ ընկերությունը, ինչին Բիաջիոլին մեծ նշանակություն է տալիս, քանի որ Ռոմանոն մեծ ազդեցություն ունեցավ Բիաջիոլիի՝ որպես նկարիչ և որպես մարդ աճի մեջ։ Վերջինս իր՝ «Արվեստը գետի վրա» գրքում գրում է.[2]

«... Ես սկսեցի նկարել, և դա փոփոխությունների սկիզբն էր։ Այն ժամանակ ես կտավի վրա գեղարվեստական նկարչություն անելու դասական ճանապարհով էի գնում և միայն իմ ընկեր և գործընկեր Ռոմոլո Ռոմանոյի շնորհիվ սկսեցի երկմտել։ Վերջինս պնդում էր, որ ես պետք է լինեմ և գործեմ ինքնուրույն, այնպես, ինչպես իմ ներքին ձայնն է թելադրում»։ Եվ այս շրջանում Բիաջիոլիի արվեստը դառնում է ավելի ինքնաբուխ։

2006 թ-ին կարիերայի նոր փուլ է սկսվում նրա մոտ. Բիաջիոլին իրեն փորձում է գծանկարչության, քանդակագործության, գրելու արվեստի և լուսանկարչության մեջ և սկսում իր գործերը ստորագրել իր անվանատառերի հապավումով՝ FPP։ Հետո արդեն սկսում է ճանաչվել «Անալֆաբետա» կեղծանվամբ՝ ոգեշնչվելով և հավատարիմ մնալով Ժան Միշել Բասկիի Անալֆաբետիկ և Ար բրյուտ արվեստին, որի ամենաճանաչված դեմքը Ժան Դյուբյուֆֆեն է[3]։

Ինքնաբուխությունը այս արվեստի հիմքն է, բայց ունի բավականին տարբերություններ՝ կախված ծագման երկրներից։ 2012 թ-ի մի հարցազրույցի ժամանակ Բիաջիոլին ասում է.

«Ժան Միշել Բասկին անալֆաբետիկ արվեստի նախահայրն էր, որը դրա հիմքերը դրեց Նյու Յորքում 1980-ականներին։ Ինձ միշտ գրավել է նրա ինքնաբուխությունը, անմիջականությունը և գրաֆիկական ոճը։ Ես շատ եմ ոգեշնչվել նրանից, բայց իմ մշակութային արմատները չէին կարող նույնը լինել։ Սերավալե Պիստոիեզեն (հոգևոր գյուղ Իտալիայում), որտեղ 2000 թ-ից ի վեր ապրում եմ ես և Նյու Յորքը կատարյալ «ծայրահեղություններ» են[4]։

2007 թվականը կարևոր շրջադարձ է համարվում նրա կարիերայում։ Բասկիի և Պիկասոյի ոճերն ուսումնասիրելուց բացի, տարվում է Աֆրիկյան արվեստով, որի էզոթերիկ և ծիսական կողմը հիացնում է նրան։ Ջուլիանո Առնալդիի (Giuliano Arnaldi) և "Tribale Globale" մշակութային ձևաչափի շնորհիվ, որ նվիրված է ցեղային մշակույթի առաջմղմանը և տարածմանը, խորացնում է իր գիտելիքներն այս արվեստում։ Այսպիսով, նա սկսում է քանդակագործությանը և գործվածքներին նվիրված իր երկար ուղին՝ ոգեշնչված աֆրիկյան Ասաֆո (Asafo) դրոշով (Գանա)։ Այս պահից սկսած նրա գործերը կարելի է բաժանել երկու տարբեր ուղղությունների` մի կողմից գեղանկարչությունն է, իսկ մյուս կողմից՝ ցեղային ու ծիսական արվեստը, որոնք, սակայն, միշտ համադրված են։ Բիաջիոլիի գործերը պատրաստված են փայտից, թղթից, գործվածքից և բետոնից[5]։

Նկարչություն խմբագրել

Բիաջիոլիի համար նկարչությունը «աշխարհին նայելու» մի ձև է, դադար՝ դիտարկելու նրա բոլոր կողմերը, հակասությունները և գործունեությունը։ Առաջին աշխատանքները նա իր իսկ պատրաստած ձեռագործ կտավների վրա է արել, քանի որ բավականաչափ գումար չուներ պատրաստի շրջանակներ գնելու համար։ Ժամանակի ընթացքում նրա աշխատանքներն ստանում են իրեն բնորոշ ոճային առանձնահատկություններ։ Նա կիրառում է կտավների ֆոնային գույները միմյանցից սպիտակ գծով առանձնացնելու և երբեք չհակադրելու իր տեխնիկան[6]։

«Չեմ սիրում համադրել կամ խառնել գույները միմյանց, օգտագործում եմ միայն արդեն պատրաստի և խանութներում վաճառվող գույները։ Ես տառապում եմ խրոնիկական տագնապով և երկու գույներ իրար խառնելն ինձ նյարդայնացնում է»,- ասում է նա։ Գույնի հասկացությունը շատ կարևոր է Բիաջիոլիի համար և մեծ տեղ ունի իր աշխատանքներում։ Նա կողմ չէ գույները առաջնային, երկրորդական և երրորդային բաժանմանը, ուստի բացարձակապես չի կիսում այն գաղափարը, թե սևն ու սպիտակը գույներ չեն համարվում։ Ընդհակառակը, նա ունի բոլորովին այլ պատկերացումներ գույների մասին և, ինչպես գրում է իր «Նոթեր անալֆաբետիկայի մասին 1» գրքում, հենց սևն ու սպիտակն են գույն, մնացածը՝ կարմիրը, դեղինը, կապույտը և դրանց բոլոր ածանցյալները, ծառայում են իրական գույները երևան հանելուն։ Իսկ անալֆաբետիկ արվեստի հիմքը կազմող գույները երևան հանելու իր լավագույն համադրությունները սրանք են.[7]

Կարմիրի համար՝ մարգարտյա սպիտակ, դեղին, բաց կանաչ և բաց շագանակագույն։ Դեղինի համար՝ կարմիր, կապույտ, մուգ շագանակագույն և կանաչ։

Կապույտի համար՝ մարգարտյա սպիտակ, դեղնամոխրագույն, նարնջամոխրագույն և շատ բաց կանաչ։

Բայց, հակառակ այս զուտ գրաֆիկական սխեմայի, Ֆիլիպոն իր ստեղծագործություններում հակված է ազատություն տալ այն ամենին, ինչն ազդեցություն է թողնում ստեղծագործության վրա՝ թեմայից մինչև օժանդակ նյութեր։

"Flash Art"-ի թղթակից Էլիզաբետա Ռոտան գրում է.

«Մյուս կողմից Ֆիլիպոն ընտրեց նյութերի, տեխնիկայի, նշանների և առաջին հերթին պարզ լինելու ազատությունը՝ ստեղծելով իհարկե շատ անհատական և յուրօրինակ ձեռագիր։ Չնայած Գրաֆիտիի, Սթրիթ արթի և Ար բրյուտի ազդեցություններին՝ նրա աշխատանքները միշտ շատ ճանաչելի են, քանի որ նա սուբյեկտիվորեն ուրվագծում է այս ճանապարհին ունեցած պահերը, որոնք անքակտորեն կապված են միմյանց, այնպես ինչպես բոլոր ճշմարիտ արվեստները»։

Այս ամենը ստեղծեց մի երկար պատկերավոր ճանապարհ, որը քսան տարվա ընթացքում ունեցավ հարուստ զարգացում. ոչ ճշգրիտ ձեռագործ և կոշտ արդյունաբերական կտավներից, պոլիստիրոլից և պլաստիկից մինչև ակրիլային և արդյունաբերական ներկեր, որոնք պատմում են արվեստագետի կյանքի և մտքերի մասին։

Ցեղային արվեստ խմբագրել

Արվեստի այս ճյուղի նկատմամբ Բիաջոլին դեռ շատ երիտասարդ տարիքից է սկսում հետաքրքրվել, սակայն արվարձանում ապրող տղան ստիպված էր լռել այդ մասին, քանի որ այնտեղ արվեստ համարվում էր միայն դասական նկարչությունը` բնանկար, նատյուրմորտ, դիմանկար...։ Ծանոթանալով Պիկասոյի, որն աֆրիկյան մայրցամաքի մեծ ազդեցության տակ էր, և Ժան Միշել Բասկիի արվեստներին, Բիաջիոլին բացահայտում և սկսում է ճանաչել այս նոր մշակույթը։ Շնորհիվ "Tribale Globale" մշակութային ձևաչափի` նա կարողանում է տեսնել հարյուրավոր արտեֆակտների բնօրինակներ և ներշնչվել դրանց նշաններով և գույներով։ Շուտով տեսական գիտելիքները նա փոխարինում է գործնականով և ակտիվ մասնակցություն ունենում այդ արտեֆակտների իրացման գործում։ Բիաջիոլին հայտարարում է, որ գոյություն ունի եվրոպական ցեղային արվեստ, քանի որ այսօր, չնայած արդյունաբերական զարգացմանը, Եվրոպան փոքր ցեղերի մի ամբողջություն է, որոնք միավորված են իրենց բարբառներով, խոհարարական ավանդույթներով, ծեսերով և կրոնական առանձնահատկություններով։ Իսկ որպես օրինակ իտալական այս ասացվածքն է հիշում.[8]

«Ագռավի՝ ընդամենը 8 կիլոմետր թռչելու ընթացքում, երեք անգամ բարբառ է փոխվում, իսկ «ֆեգատելլի»-ի բաղադրատոմսը լրիվ ուրիշ տեսք է ստանում»։

Ելնելով այն ենթադրությունից, որ տվյալ տարածքում ապրող ընտանիքների յուրաքանչյուր խումբ կամ հենց առանձին ընտանիքներ կարող են համարվել «փոքրիկ ցեղեր», Բիաջիոլին, բացահայտելով և օգտագործելով նրանց ավանդույթները, ստեղծում է արվեստի իր գործերը։ Նրա առաջին աշխատանքներից էին.

ձուլածո «փոխադրման մետաղադրամները», որոնք դրվում էին հանգուցյալի աչքերին կամ գրպանում, որպեսզի վերջինս կարողանա վճարել անդրշիրիմյան կյանք մուտք գործելու համար,

չարչարանքի խաչերը, որոնք խորհրդանշում են Հիսուսի կրած տառապանքները Գողգոթայի վրա[9][10]։

Մյուս աշխատանքներից են փայտե կամ բետոնե տիկնիկները, որոնք օգտագործվում են միայնության դեմ պայքարելու, հիվանդներին բուժելու և երազանքերն իրականացնելու համար[11]։

Պանամական Կունա, կամերունյան Նամջի և ճապոնական Հինատա Նագաշի տիկնիկներն ուսումնասիրելուց հետո Բիաջիոլիի ուղղվածությունը դեպի ցեղային արվեստն այնքան է խորանում, որ աստիճանաբար տանում է դեպի ծիսական արվեստ[12]։

Ծիսական արվեստ խմբագրել

Ոմանք ծիսական են համարում այն ամենն, ինչ կապված է սրբազան արարողությունների հետ, մյուսները ծեսը կապում են սնոտիապաշտության հետ, որը երբեմն միաձուլվում է ժողովրդական հավատալիքների և կրոնի հետ։ Մարդիկ էլ կան, որ ծեսը համարում են նախնիների կողմից ստեղծված հասարակական երևույթի իրականացում արդի ժամանակներում։

Բիաջիոլիի համար ծեսն ունի խորհրդանշական, հոգեբանական և հավաստի արժեք։ Այն կարող է արտահայտվել ամենաբարձր մակարդակով, ինչպես սրբազան արարողությունն է, և լինել առօրյա մակարդակում, ինչպես մարդու անձնական սովորությունները, որոնք կրկնվում և մարդուն տալիս են ապահովության զգացում։ Հետևաբար, ծեսն ունի կարևորության մի քանի մակարդակ։ Ֆիլիպոյի համար, սակայն, մի մակարդակը մյուսի հիմքն է և որպեսզի կատարյալ սանդուղք ձևավորվի, ներքևում անհատի սովորական ծիսական արարողություններն են, իսկ արդեն գագաթին՝ համայնքային սրբազան ծիսական արարողությունները և երկուսն էլ հավասարաչափ կարևոր են։ Ծիսական արվեստի նրա շատ գործեր պահվում են մասնավոր և հանրային հավաքածուներում՝ թանգարաններ, մշակութային և պաշտամունքի վայրեր։ Մասնավորի համար ստեղծված աշխատանքները մարդուն հանգստություն, ապահովություն և երջանկություն պարգևելու էներգիա ունեն։ Գիո փայտե տիկնիկները ունեն միայնությունը փարատելու շնորհ, բայց դրանք ստեղծելով՝ Ֆիլիպոն ավելի շատ իր միայնությունն է ցանկացել ցրել, քան գնորդի։ Նրա ստեղծագործական երևակայությունը ստեղծել է նաև բետոնից և խոտաբույսերից պատրաստված երազանքներն իրականացնող տիկնիկներ։ Վերջիններս ունեն սնամեջ տարածք, որտեղ հնարավոր է տեղադրել թերթիկի վրա գրված ցանկությունը և այն կիրականանա[13]։

Բիաջիոլին իր աշխատանքները տարբեր նյութերից է պատրաստում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհրդանշական նշանակությունը։ Դրանք են՝

Բետոն, որն ստեղծելու համար նա տարբեր խառնուրդներ է օգտագործում։ Կախված կատարվող աշխատանքից՝ դրանք լինում են թեթև և միջին ամրության և ավանդականից մինչև «կանաչ» բետոն, որը ցեմենտի, ավազի, ջրի և այլ ֆիզիկական տարրերի ու խորհրդանիշների խառնուրդ է[14]։

Փայտ և բույսեր, որոնց նա կիրառում է հրեական ստեղծագործություններում, ինչպես օրինակ ակացիան, որը սուրբ ծաղիկ է համարվում։ Կտտկենին կիրառում է մասնավոր աշխատանքներում, քանի որ այն ունի «բուժիչ» հատկություններ։ Եղևնին եւ սոճին խորհրդանշում են միայնությունը, այդ պատճառով էլ դրանք նա օգտագործում է Գիո տիկնիկներ պատրաստելու համար։ Գործածում է նաև փիփերթ, որը կանացիության խորհրդանիշն է և վերացնում է բացասական էներգիաները և պատրինջ, որն էլ հանգստության խորհրդանիշն է։

Թուղթը Ֆիլիպոն պատրաստում է ձեռքով շոգ ամռանը և հարստացնում այն եթերային յուղերով և խոտաբույսերով։ Վերջիններս դրական էներգիայով են պատում տուղթը և կլանում արևի ողջ ուժը։ Պատրաստ լինելուց հետո այն օգտագործվում է չափազանց կարևոր ծիսական գրքեր ստեղծելու համար։

Դեյզի Տրիոլոն իր՝ «Ֆիլիպո Բիաջիոլի․ Եվրոպական ծիսական արվեստը» գրքում մանրամասնորեն անդրադառնում է այս ամենին։

Էզոթերիզմ[15] խմբագրել

Բիաջիոլիի էզոթերիկ և էկզոթերիկ մտածողությունն արտահայտված է նրա բոլոր ստեղծագործություններում։ Դրա ակունքները գալիս են աստվածաշնչյան ընթերցումներից։ Մինչ էկզոթերիկ կողմը լայնորեն բացահայտված է հատկապես իր քրիստոնեական կողմով և միացագրերի, գրվածքների և խորհրդանշանների միջոցով պատկերացում է տալիս դիտողին, էզոթերիկ կողմն ավելի քողարկված է ներկայացված։ Իր միակ գրավոր էզոթերիկ ստեղծագործությունը «Արվեստը գետի վրա. In Ottempera Degnis, in Ottempera Matris» գիրքն է։ Այն բավականին բարդ է նրանց համար, ովքեր առաջին անգամ են առընչվում այս թեմային, բացի այդ գրող չհանդիսացող արվեստագետի գրառումները առանձնապես չեն էլ օգնում հասկանալու ինչ է էզոթերիկան։ Ամեն դեպքում աշխատանքը մի ձեռնարկ է, որտեղ հեղինակը ներկայացնում է իր ամբողջ էզոթերիկ ծիսական աշխարհը, գծում դրա քարտեզը և օգնում հասկանալ իր ստեղծագործությունը։

Բիաջիոլիի էզոթերիկ միտքը կարելի է բաժանել հետևյալ սյուների.

Ա. Արտաքին միջավայրը մեծ ազդեցություն է թողնում անհատի ձևավորման և էներգետիկ դաշտի վրա և կախված նրա գտնվելու վայրից՝ միևնույն անհատը կամ իրը կարող է տարբեր կերպ կրել այդ ազդեցությունները և բոլորովին տարբեր կարգավիճակ ձեռք բերել։

Բ. Բնությունը հանրագումարն է բոլոր կենդանի և անշունչ առարկաների և նրանցից յուրաքանչյուրն ունի իր էներգիան, եթե ամեն ինչ համահունչ է միջավայրին, ձևավորվում է հավաքական գիտակցություն, որի միջոցով մարդիկ կապվում և համագործակցում են միմյանց։ Յուրաքանյ Ստեղծված է, հետևաբար՝ կենդանի, և որ այն պարունակում է իր յուրաքանչյուր անհատական էներգիայի մեջ, ինչպիսին է մի տեսակ «կոլեկտիվ գիտակցության» մեջ խորը կոլեկտիվ սիներգիաներ ստեղծելը, տարածվում է յուրաքանչյուր կենդանի էակի վրա։

Գ. Երբեմն արվեստագետների ստեղծած էզոթերիկ գործերը կարող են վերլուծաբանների կողմից սխալ կամ այլ կերպ մեկնաբանվել։ Սա խնդիր կարող է լինել արվեստագետի համար, ում աշխատանքը մեկնաբանվում է ոչ այնպես, ինչպես ինքն է ստեղծել տվյալ գործը։ Սա, թերևս, էզոթերիկ մտքի ամենակարևոր կետն է, և մեկնաբանություններ իրավունք ունեն անել միայն նրանք, ովքեր բարեխղճորեն կուսումնասիրեն և կհասկանան տվյալ ստեղծագործությունը։

Հայաստանը և Բիաջիոլին խմբագրել

Հայաստանի ու հայկական մշակույթի մասին ոչինչ չիմացող Բիաջիոլիի համար ամեն ինչ փոխվել է, երբ բացահայտել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին։ Վերջինիս կենսագրությանը ծանոթանալուց հետո հասկացել է, որ գրողը շատ է կապված եղել իր երկրի ավանդույթներին, բանահյուսությանն ու մշակույթին՝ հատկություններ, որոնք հոգեհարազատ են իրեն[16]։

«Ինձ նմանեցրի Թումանյանին, քանի որ երկուսիս նպատակն էլ մեր երկրների ավանդությունների մասին հիշողությունների պահպանումն է։ Ես աշխատում եմ այնպիսի գործերի վրա, որոնք մոտ են իմ մշակութային արժեքներին, այն, ինչ հեռու է իմ էությունից, երբեք ինձ դուր չի գալիս»,-նշում է նա։

«Թումանյանին բացահայտելուց հետո սկսեցի կարդալ նրա հեքիաթները։ Գրողին համակողմանի ճանաչելու, նրա մշակույթին ու հասարակարգին ծանոթանալու համար ուսումնասիրեցի Հայաստանի պատմությունը։ Բայց կարծում եմ, որ երկրի մշակույթն ավելի լավ ըմբռնելու եւ հասկանալու համար հարկավոր է ապրել տվյալ երկրում, խոսել տեղացիների հետ ու բացահայտել նրանց աշխարհը։ Ինձ դուր եկան Թումանյանի բոլոր հեքիաթները, սակայն ընտրեցի «Կիկոսի մահը», «Քաջ Նազարը», «Ոսկու կարասը»,«Անհաղթ աքլորը» եւ «Խելոքն ու հիմարը»։ Հաշվի առա դրանց երկարությունն ու շարվածքը, որպեսզի ներդաշնակ արվեստի գործ կարողանամ ստանալ»,- պատմում է Բիաջիոլին։

Արվեստագետը համոզվել է, որ Թումանյանի հեքիաթներն արդիական են ու համամարդկային, չնայած այլաբանորեն են ներկայացնում իրականությունը։ Նրան հատկապես գրավել են հերոսները. ավելի քան 100 տարի անց մերօրյա մարդիկ էլ ունեն նույն սեւեռուն գաղափարները, միեւնույն խնդիրները եւ փնտրում են իրենց կյանքի իմաստը[17]։

Ավարտուն գիրքը Ֆիլիպոն որպես նվեր ուղարկել է Թումանյանի թանգարան, որովհետեւ հավատում է մշակույթի ուժին ու կարծում է, որ այն պետք է հասանելի լինի բոլորին։

«Այս տարի Վենետիկի 1600-ամյակն էր և ես որոշեցի ցուցահանդես կազմակերպել այս առիթով։ Խեցեղեն իրեր պատրաստեցի նվիրված այն 4 կրոններին, որոնք դարերի ընթացքում մեծ ազդեցություն են թողել քաղաքի վրա, դրանք են՝ քրիստոնեությունը, հուդայականությունը, հայ առաքելականությունը և ուղղափառությունը։ Հայկական թեմայով ստեղծեցի ափսեներ ու սափորներ և նկարազարդեցի դրանք սպիտակ, սև ու մուգ մանուշակագույն երանգներով»։

Սափորն արտացոլում է սուրբ Գայանե և Հռիփսիմե կույսերի պատմությունը։

Ծաղկամանի վրա հայկական խաչի պատկերագրական նկարն է Քրիստոս գրությամբ։

Ափսեն նվիրված է Մեսրոպ Մաշտոցին վերջինիս պատկերով և հայերեն գրված առաջին նախադասությամբ՝ թարգմանված Սողոմոնի առակներից. Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։

Երկրորդ ափսեն պատկերում է Ղազարոսի հարությունը։ Կենտրոնում Քրիստոսն է, իսկ նրա երկու կողմերում Ղազարոսը նախքան հարությունը և հետո։

Անձնական կյանք խմբագրել

Ֆիլիպո Բիաջիոլին ամուսնացած է Քրիստինա Ֆելիչիի հետ, ունեն մեկ որդի։

Պատկերասրահ խմբագրել

Թանգարաններ և պաշտամունքի վայրեր, որտեղ պահվում են Բիաջիոլիի գործերը խմբագրել

  • Setificio Monti Civic Museum (Abbadia Lariana, Lecco, Italy)
  • Museo della Canapa (Sant'Anatolia di Narco, Perugia, Italy)[18]
  • Hovhannes Toumanian Museum (Yerevan, Armenia)[19]
  • PGC Guggenheim Museum, library (Venezia, Italy)[20]
  • GAM Galleria Arte Moderna, archive library (Roma, Italy)
  • Church of Santa Lucia (north Italy)
  • Church  (north Tuscany, Italy)
  • Church (Liguria, Italy)
  • Church (central Toscany, Italy)
  • MOCA, Museo Arte Contemporanea (Montecatini Terme, Pistoia, Italy)
  • MACn, Museo d'Arte Contemporanea e del '900 (Monsummano Terme, Pistoia, Italy)[21]
  • Museo di San Valerio (Occimiano, Alessandria, Italy)[22]
  • Museo delle 500 (Garlenda, Savona, Italy)[23]
  • Museo dei Lumi (Casale Monferrato, Alessandria, Italy)[24]
  • Museo a cielo aperto (Camo, Cuneo, Italy)
  • Museo Arte Tribale Fondazione  Tribaleglobale (Vendone, Savona, Italy)
  • Palazzo Imperiale (Genova, Italy)
  • Museo Microcollection (itinerant)
  • Open air picture gallery  ( Valloria, Imperia, Italy)[25]
  • Cosio di Arroscia Herbal Museum (Italy)
  • Cosio di Arroscia Municipal Collection (Italy)
  • Kapan City Art Museum (Armenia)

Ցուցահանդեսներ խմբագրել

  • Collective exhibition, 2020, Roma. “ #domaniarte “ (GAM Galleria Arte Moderna)
  • Collective exhibition, 2019, Wroclaw (Polonia). “PrintCard Wrolclaw” (Galleria Macondo)
  • Collective exhibition, 2019, Monsummano Terme (Pistoia). “Alla fine ai miei occhi eri destinata” (MACn Museo Arte Contemporanea e del '900)
  • Collective exhibition, 2019, Eboli (Salerno). “Gerda Taro, arte, guerra e ribellione (Museo MOA)
  • Collective exhibition, 2019, Montecatini Terme (Pistoia). “The best, il meglio della collezione civica” (MOCA Museo di Arte Contemporanea)
  • 2018, Onzo (Savona). “Maschere in Palma Mediterranea e Maschere da Nepal e Oceania” (Fondazione Tribaleglobale)
  • Collective exhibition, 2018, Mombercelli (Asti). “Presepie altri” (Museo Civico d'Arte Moderna e Contemporanea)
  • Collective exhibition, 2018, Monsummano Terme (Pistoia). “Anime Animus Anima” (MACn Museo Arte Contemporanea e del '900
  • 2017, Onzo (Savona). “Croci esoteriche” (Fondazione Tribaleglobale)
  • Collective exhibition, 2017, Casale Monferrato (Alessandria). “Candelabri Chanukkhia” (Museo dei Lumi)
  • Collective exhibition, 2017 Berlino (Germania). “Usb shuffle show” (Institute fur alles mogliche)
  • 2016, Sarzana (La Spezia). “Me, i, myself” (Primitive Art Gallery)
  • 2016, Serravalle Pistoiese (Pistoia). “Dalla Terra degli Spiriti alla Terra delle Origini, Arte Tribale a Serravalle” (Cappella della Compagnia del SS. Sacramento)
  • 2016, Vercelli. “Filippo Biagioli tra stupore e innovazione” (Galleria ViadeiMercati)
  • 2014, Coventry (Inghilterra). Durante “Ritual from life to death: performances, art and society” (Warwick University)
  • Collective exhibition, 2014 Kathmandu (Nepal). “Dialogo su Arte Tribale Himalayana e Arte Tribale Europea” (Blu Curio Gallery)
  • Collective exhibition, 2012, Osaka (Giappone). “Komorebi Hall” (workshop by Nroom Artspace)
  • 2012, Tokyo (Giappone). “Japaneese Experience” (Nroom Artspace)
  • 2012, Genova. “Stoffe e plastiche” (Palazzo Imperiale)
  • 2009, Savona. “La materia dei sogni” (Fortezza del Priamar)
  • 2008, Imperia. “Radiografia di un analphabeta” (Galleria ViadeiMercati)

Մատենագրություն խմբագրել

  • Quaderni Analphabetici (Filippo Biagioli), num. 1 - 7, 2017
  • Filippo Biagioli, Quaderno d'Arte Tribale Europea (Daisy Triolo), 2015
  • Arte in giardino  (Nadia Presotto e Renato Luparia), 2015
  • Arte sul fiume (Filippo Biagioli), 2017
  • Catalogo Ragionato delle Opere di Filippo Biagioli (Filippo Biagioli), 2018
  • Culture Tribali dal mondo (Giuliano Arnaldi e Alessandra Frosini), 2014
  • MOCA, Montecatini Terme Contemporary Art (Bruno Ialuna), 2019
  • Filippo Biagioli. Quaderno di Arte Tribale Europe (Daisy Triolo), 2015

Կայքեր, որոնք անդրադարձել են Բիաջիոլիի գործունեությանը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Filippo Biagioli ©️®️ | Analphabetic Art Territory» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  2. «L'avvincente storia artistica internazionale dell'artista toscano Filippo Biagioli». genova.reteluna.it (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  3. exibart_admin. «Filippo Biagioli - Radiografia di un Analphabeta». exibart.com (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  4. Carlo, Sara Di (2012 թ․ դեկտեմբերի 16). «Filippo Biagioli». SUL PALCO (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  5. Largo, Vento (martedì 6 febbraio 2018). «Vento largo: ONZO DIALOGANTE: Maschere in Palma di Filippo Biagioli / Maschere tradizionali da Nepal e Oceania». Vento largo. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Alla casa D'Arte di Imperia dal 29 novembre personale di Filippo Biagioli». Riviera24 (իտալերեն). 2008 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  7. «Usciti i Quaderni Analphabetici N. 2, 3, 4, 5 (Dipinti, Triennali, Carbografie)». Filippo Biagioli ©️®️ (իտալերեն). 2012 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  8. «Musée et territoire : Oeuvres de Filippo Biagioli». Détours des Mondes. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  9. «Filippo Biagioli | Croci Esoteriche». Rivista Segno (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  10. «"Croci Esoteriche" - Esposizione di Filippo Biagioli». Il Vostro Giornale (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  11. Bouhbou (2013 թ․ հոկտեմբերի 29). «=> Namji, Nuchu, Gio'o, Hina Nagashi, The Importance Of Dolls In Ritual Arts». Sanza 01 partie A (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  12. «Namji, Nuchu, Gio'o, Hina Nagashi, the importance of dolls in ritual arts». Paperblog (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  13. «Filippo Biagioli – African Art's Contemporary Rites – PsychologyTomorrowMagazine» (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  14. primarie, map museo di arti (2012-06-04), tribaleglobale 0710 filippo biagioli wishesi bambole rituali porta desideri 49, Վերցված է 2022-02-02-ին
  15. «Didattica Esoterica | Filippo Biagioli ©️®️» (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  16. «Տոսկանացի Ֆիլիպոն ստեղծել է Թումանյանի հեքիաթների ձեռագործ գիրքը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  17. Hovhanness Toumanian. Filippo Biagioli, manoscritto con fiabe dello scrittore armeno. [ENG SUB], Վերցված է 2022-02-02-ին
  18. «Leggende su Canapa». www.museodellacanapa.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  19. «Filippo from Tuscany presents a handmade illustrated book of Tumanyan's tales». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  20. Biagioli, Filippo (2020). The child with the dust blanket : [fable about the primary art] (inglese).{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «COLLEZIONE - Filippo Biagioli». www.macn.it. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  22. «Il Monferrato > Museo d'arte dedicato a San Valerio». www.ilmonferrato.it (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  23. «Una fiancata di Fiat 500diventa un'opera d'artedonata al Club da Biagioli». La Stampa (իտալերեն). 2017 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  24. Pagina, Prima; Contatti; Policy, Privacy; Facebook; Vimeo; Rss. «Channukah alla Comunità Ebraica: ben 34 artisti per il Museo dei Lumi nel giorno in cui si celebra la luce». www.casalenews.it (իտալերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին. {{cite web}}: |last3= has generic name (օգնություն)
  25. «Die Türen von Valloria». gerd-niemeier.koeln. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.