Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

հայերեն գրված առաջին նախադասություն

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ (աշխարհաբար՝ Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը), հայոց գրերի գյուտից հետո հայերեն գրված առաջին նախադասություն։ Այն գրվել է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից, երբ նա թարգմանում էր Սողոմոնի առակները[1]։

Իտալացի գեղանկարիչ Ֆրանչեսկո Մաջոտտոյի (1750-1805 թթ,) «Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է Հայոց այբուբենը» կտավը։

Պատմություն խմբագրել

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Նա ստացել է հունական և ասորական կրթություն, տիրապետել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Գալով Վաղարշապատ՝ ծառայության է անցել հայոց Խոսրով Դ (մոտ 385-388 թվականներ) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա պալատական գրագիր։ Մոտ 395 կամ 396 թվականին դարձել է հոգևորական և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն՝ հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում համոզվել է, որ, չնայած շուրջ 80-ամյա պաշտոնական կրոն լինելուն, քրիստոնեությունն անհասկանալի է ժողովրդական զանգվածներին, և նրանց շրջանում հեթանոսությունը դեռևս արմատներ ունի։ Դրա համար անհարժեշտ էր թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը՝ դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին[1]։

 
Մեսրոպ Մաշտոցն՝ ըստ վենետիկցի նկարիչ Ջովաննի Բատիստա Թիեպոլոյի (1696-1770 թթ.)

Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ և հանդիպելով Սահակ Պարթևին՝ նրան հայտնում հայոց գրեր ստեղծելու մտադրության մասին։ Դիմելով Վռամշապուհ արքային՝ նրանք իմանում են, որ գոյություն ունեն Դանիելյան գրերը, սակայն մի քանի տարի օգտագործելով դրանք՝ Մաշտոցը հասկանում է, որ այդ գրերը չեն համապատասխանում հայերենի հնչյունային համակարգին։ Շուտով Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում դեպի Ասորիք՝ Ամիդ, Եդեսիա և Սամոսատ, հանդիպում ասորի և հույն իմաստունների հետ, ապա թվականին ստեղծում հայոց գրերը[2]։ Գրերի գյուտից հետո մեկնում է Սամոսատ, որտեղ հույն գեղագիր Հռոփանոսը ձևավորում է հայոց տառերը։ Հենց այնտեղ էլ նա թարգմանում է հայերեն առաջին նախադասությունը՝

  Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ  

Ընտրություն խմբագրել

Հայտնի չէ, թե ինչու է Մեսրոպ Մաշտոցը «Աստվածաշնչի» թարգմանությունը սկսել հենց Սողոմոնի առակներից։ Դրա վերաբերյալ աղբյուրներից մեկում նշված է․ «Առաջին գործը, որով զբաղվում է Մեսրոպն իր երկու աշակերտների հետ այբուբենը գտնելուց հետո, եղել է «Աստվածաշնչի» թարգմանությունը, որը և, մեզ համար անհայտ պատճառով, նա սկսել է Առակների գրքից»։ Մեկ այլ նշանավոր հայագետ՝ Ֆրեդերիկ Կոնիբերը նշել է․ «․․․թերևս հասարակ պատահմունք է այն, որ Մեսրոպը, թողնելով «Աստվածաշնչի» ավելի կարևոր գրքերը, իր գործն սկսել է նվազ կարևորից»։ Նա հնարավոր է համարել նաև, որ «Ասորիքում հայերեն այբուբենը գտնելուց հետո նրա ձեռքն է ընկել «Աստվածաշնչի» երկհատոր ձեռագրի այն մասը, որը սկսվում էր Առակների գրքից և դրա համար էլ նա իր թարգմանությունը սկսել է այդտեղից»։

 
Հայերենի այբուբեն

Ըստ վերլուծաբան Արամ Ղանալանյանի՝ Մեսրոպ Մաշտոցին մտահոգել է ապագա աշակերտներին մատուցվելիք ընթերցանության նյութը։ Նա թարգմանելիք առաջին գրքի նյութի ընտրությունը կատարելիս երկար ժամանակ է հատկացրել այլալեզու բազմաթիվ գրքերին և ի վերջո ընտրել է Սողոմոն արքայի առակների գիրքը։ Ըստ Մաշտոցի՝ վերջինս բազմազան էր և ուներ հետաքրքրական բովանդակություն և ապագա աշակերտների համար կարող էր հանդիսանալ նախաշավիղ-ընթերցարան։ Ընտրության համար կարևոր է եղել նաև այն փաստը, որ առակներն իրենց մեջ ներառել են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են իմաստությունն ու հանճարը, ծնողների ու զավակների փոխահարաբերությունը, օտարամոլությունն ու հայրենասիրությունը, ջանասիրությունն ու ընչաքաղցությունը, արդարությունն ու խաղաղությունը։

Սակայն Սողոմոնի առակների ընտրությունը չէր հետապնդում միայն մանկավարժական նպատակներ։ Այն նաև հասարակ ժողովրդի համար ուներ դաստիրակչական-ուսուցողական նշանակություն։ Նախևառաջ թարգմանելով այս գիրքը՝ Մաշտոցը ցանկացել է իր հայրենակիցներին տալ մի գիրք, որն իր ոճով և լեզվով մատչելի կլինի նրանց համար։ Այս առակների մեջ Մաշտոցը կարևոր դաստիարակչական նյութ է գտել ոչ միայն մեծերի, այլև մանուկների համար։ Քանի որ «Աստվածաշունչն» ունի ավելի կրոնական բնույթ և բովանդակություն, իսկ Սողոմոնի առակներն աչքի են ընկնում իրենց ավելի աշխարհիկ բովանդակությամբ, այդ պատճառով էլ Մաշտոցը նախապատվությունը տվել է վերջինիս[3]։

Ամբողջական մեջբերում խմբագրել

Գրաբար՝

  Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանա՛լ զբանս հանճարոյ. ընդունել զդարձուածս բանից։ Ի մի՛տ առնուլ զարդարութիւն ճշմարիտ, և ուղղել զիրաւունս։ Զի տացէ անմեղաց զխորագիտութիւն. մանկանց տղայոց զմիտս և զհանճար։ Որոց իբրև լուիցէ իմաստունն՝ իմաստնագո՛յն լիցի, իսկ որ հանճարեղն իցէ՝ զառաջնորդութիւն ստասցի։ Ի մի՛տ առցէ զառակս և զμանս խորինս, զճառս իմաստնոց և զառակս նոցա։ Սկիզբն իմաստութեան երկևղ Տեառն. հանճա՛ր բարի ամենեցուն որ առնեն զնա. պաշտօ՛ն բարի առ Աստուած՝ սկիզբն զգօնութեան. զիմաստութիւն և զխրատ՝ ամպարիշտք անգոսնեն։
- Առակներ 1:2-7[4]
 

Աշխարհաբար՝

  Ճանաչելու իմաստությունն ու խրատը, հասկանալու խոսքերը հանճարեղ, ընկալելու խոսքի դարձվածքները, ուսանելու ճշմարիտ արդարությունը և ուղղվելու դեպի իրավունքը, 4 անուսումներին տալու խորագիտություն, երիտասարդներին՝ գիտելիք և կողմնորոշում։ Քանզի դրանք լսելով՝ իմաստունն ավելի կիմաստնանա, կրթյալը կստանա կյանքի ուղեցույց։ Սրանով մարդ կհասկանա իմաստունների խոսքերը՝ նրանց իմաստուն խոսքերը, նրանց առակները, նրանց այլաբանություններն ու հանելուկները։ Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։ Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության, Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։
- Առակներ 1:2-7[5]
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Մեսրոպ Մաշտոց». findarmenia.org. Վերցված է 24․12․2020-ին.
  2. «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը». findarmenia.org. Վերցված է 24․12․2020-ին.
  3. Ղանալանյան, Արամ (1964). Թե ինչու՞ Մաշտոցը թարգմանեց Սողոմոնի առակները (PDF). Երևան. էջեր 1–5.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Առակներ» (PDF). hehem.am. Վերցված է 24.12.2020-ին.
  5. Առակներ 1:2-7 - «Նոր Էջմիածին» թարգմանություն։

Արտաքին հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։