Քեթրին Յորք (անգլ.՝ Catherine of York), նաև՝ Քեթրին Պլանտագենետ (անգլ.՝ Catherine Plantagenet[2]; օգոստոսի 14, 1479, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - նոյեմբերի 15, 1527, Tiverton, Դևոն, Դևոն, Անգլիա)՝ անգլիական արքայադուստր Յորքերի տնից։

Քեթրին Յորք
 
Մասնագիտություն՝ ազնվական
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր օգոստոսի 14, 1479
Ծննդավայր Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Վախճանի օր նոյեմբերի 15, 1527 (48 տարեկան)
Վախճանի վայր Tiverton, Դևոն, Դևոն, Անգլիա
Թաղված Դևոն
Դինաստիա Յորքեր
Քաղաքացիություն  Անգլիայի թագավորություն
Հայր Էդուարդ IV
Մայր Էլիզաբեթ Վուդվիլ
Ամուսին մոտ William Courtenay, 1st Earl of Devon?
Զավակներ Margaret Courtenay, Baroness Herbert?[1], Henry Courtenay, 1st Marquess of Exeter? և Edward Courtenay?[1]

Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի վեցերորդ դուստրը։ Ամուսնության մեջ՝ կոմսուհի Դևոն։

Շուտով հոր մահից և Ռիչարդ III-ի կողմից գահը բռնազավթելուց հետո, Քեթրինը, ով չորս տարեկան էլ չկար, Էլիզաբեթ Վուդվիլի և Էդուարդ IV-ի մյուս երեխաների թվում, հայտարարվեց ապօրինածին։ Աղջկա մայրը, վախենալով իր երեխաների կյանքի համար, նրանց տեղափոխեց Վեստմինստերյան աբբայություն, որտեղ հանգուցյալ թագավորի ընտանիքը ապաստան ստացավ և մոտ մեկ տարի անցկացրեց այստեղ։ Ավելի ուշ նա տեղափոխվեց թագավորական պալատ։ Երբ Ռիչարդ III-ը մահացավ, իսկ գահին հայտնվեց Հենրի VII Թյուդորը, Էդուարդ IV-ի երեխաներին բաստարդ հռչակած ակտը չեղյալ հայտարարվեց։ Հենրի VII-ը ամուսնացավ Էդուարդի դուստրերից ավագի՝ Էլիզաբեթի հետ, իսկ Քեթրինը դարձավ դիվանագիտական արժեքավոր ակտիվ. նախատեսվեց նրա ամուսնությունը Հովհաննես Արագոնացու, իսկ ավելի ուշ՝ շոտլանդական արքայազն Ջեյմս Ստյուարտի՝ Ռոսսի դքսի հետ, սակայն երկու դեպքում էլ գործը չհասավ հարսանիքին։ 1495 թվականին Քեթրինը ամուսնացավ Ուիլյամ Կուրտենեի՝ Թյուդոր-թագավորի մոլի ջատագով Դևոնի կոմսի որդու և ժառանգորդի հետ։

1502 թվականին Քեթրինի ամուսինը սկսեց կասկածվել գահի Յորքյան հավակնորդ Էդմունդ դե լա Պոլի դավադրությանը մասնակցելու մեջ և շուտով ձերբակալվեց, զրկվեց ունեցվածքից և հոր տիրույթներն ու տիտղոսները երեխաներին փոխանցելու իրավունքից։ Քեթրինը՝ ինքը, քրոջ հովանավորության շնորհիվ մնաց ազատության մեջ։ 1509 թվականի ապրիլին Հենրի VII-ի մահից հետո նոր թագավորը ներեց Ուիլյամ Կուրտենեին և նրան վերադարձրեց բռնագրավված ունեցվածքը. շուտով մահացավ Քեթրինի սկեսուրը։ 1511 թվականի մայիսին Քեթրինի ամուսնուն վերադարձվեց հոր տիտղոսը, բայց մեկ ամիս անց Կուրտենեն մահացավ պլևրիտից։

Երեսուներկու տարեկանում այրի դառնալուց հետո Քեթրինը չամուսնանալու երդում տվեց։ 1512 թվականին նա թագավորից հանգուցյալ ամուսնու՝ Դևոն կոմսությունում բոլոր կալվածքներից ցմահ օգտվելու իրավունք ստացավ, նույն թվականին արքայադստեր 10-ամյա որդուն՝ Հենրիին, հանձնվեց Դևոնի կոմսի տիտղոսը։ Ամուսնու մահից հետո Քեթրինը հազվադեպ էր լինում պալատում. սակավաթիվ այցելություններից մեկը առիթը 1516 թվականին Հենրի VIII-ի դստեր՝ Մարիի մկրտությունն էր․ Քեթրինը աղջկա կնքամայրն էր։ Տիվերտոնում Քեթրինը շրջանի ամենաազդեցիկ ընտանիքի գլխավորն էր և խոշոր կալվածքի սեփականատերը, այնպես որ՝ կարող էր վարել իր ծագմանը համապատասխան ապրելակերպ։ Քեթրինը մահացել է Տիվերտոնի դղյակում, քառասունինը տարեկան հասակում և թաղվել տեղի Սուրբ Պետրոսի եկեղեցում՝ ճոխ արարողությամբ։ Քեթրինի երեխաները դարձել են Էդուարդ IV-ի բոլոր թոռներից միակները, ովքեր Յորքերի դինաստիայից ժառանգել են անգլիական գահի նկատմամբ հավակնությունները։

Կենսագրություն

խմբագրել

Ծագում և վաղ տարիներ

խմբագրել
   
Քեթրինի ծնողները՝ Էդուարդ IV և Էլիզաբեթ Վուդվիլ

Քեթրինի ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Պահպանվել են Փիրս Դրեյփերի կողմից նրա համար պատրաստված մկրտության ավազանի հետ կապված փաստաթղթեր[3], ըստ որոնց, պատմաբանները արքայադստեր աշխարհ գալու ամսաթիվ նշում են 1479 թվականի օգոստոսի 14-ը կամ՝ դրանից քիչ ավելի վաղ[4]։ Ծննդյան ենթադրյալ վայրը Գրինվիչի Էլթեմյան պալատն է[5][3]։ Քեթրինը Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի ու Էլիզաբեթ Վուդվիլի վեցերորդ դուստրն էր[6] և նրանց տասը երեխաներից իններորդը[2][7]։ Աղջկա ստնտուն Ջեյնն էր[4] կամ Ջոանը՝ Ռոբերտ Կոլսոնի կինը[3], 1480 թվականի նոյեմբերին Էդուարդ IV-ը Քեթրինի ստնտուին անուիտետային վճարումներ էր նշանակել տարեկան հինգ ֆունտի չափով[4][3]։

Քեթրինը վեց քույր ուներ, որոնցից հասուն տարիքի հասել են միայն չորսը՝ ավագներ Էլիզաբեթը, Սեսիլիան և Աննան և կրտսեր Բրիջիտը, 1467 թվականին ծնված Մարիան մահացել էր 14 տարեկանում ինչ-որ հիվանդությունից[8][9], իսկ 1472 թվականին ծնված Մարգարետը մահացել էր օրորոցում։ Քեթրինը նաև իրենից մեծ հինգ եղբայր ուներ, երեքը հարազատ և երկուսը՝ համամայր՝ մոր և Գրոուբիից Ջոն Գրեյի հետ ամուսնությունից՝ Թոմասը և Ռիչարդ։ Քեթրինի հարազատ եղբայրներից կրտսերը՝ Ջորջը, մահացել էր մոտ երկու տարեկան հասակում, իսկ մյուս երկու եղբայրները՝ Էդուարդը և Ռիչարդը, 1483 թվականին անհետացել են Թաուերից՝ իրենց հորեղբոր՝ Ռիչարդ III-ի կառավարման ժամանակ[10]։

Հոր կողմից Քեթրինը սերում է Անգլիայի Էդուարդ III թագավորից։ Նրա հորական պապը Ռիչարդ Պլանտագենետն էր՝ Յորքի 3-րդ դուքսը՝ արական գծով Էդուարդ III թագավորի ծոռը և թագավորության ռեգենտը 1454-1455 թվականներին՝ Հենրի VI թագավորի հիվանդության ժամանակ։ Ռիչարդը հայտարարեց Յորքերի տան իրավունքը Անգլիայի թագին, և դրանով իսկ սկիզբ դրեց Վարդերի պատերազմին։ Արքայադստեր հորական տատիկը եղել է Սեսիլիա Նևիլը՝ Էդուարդ III թագավորի որդու՝ Լանքասթերյան դինաստիայի հիմնադիր Ջոն Գոնտի՝ իգական գծով թոռնուհին։ Քեթրինի՝ մորական նախնիները Վուդվիլներն էին՝ աղքատ և ոչ հայտնի ընտանիք։ Պապը՝ հասարակ սկվայր Ռիչարդ Վուդվիլը կարողացել էր ամուսնանալ հայտնի ֆրանսիական Լյուքսեմբուրգյան տոհմից Ժակետա Լյուքսեմբուրգցու հետ․ վերջինս առաջին ամուսնությամբ Բեդֆորդի դուքս Ջոն Լանքասթերի (Հենրի IV-ի որդին) կինն էր եղել[11]։

Մանկություն

խմբագրել

1483 թվականին, երբ Քեթրինը հազիվ չորս տարեկան էր, Էդուարդ IV-ը հանկարծամահ եղավ։ Դրան հաջորդեց քաղաքական ճգնաժամը, որը կտրուկ փոխեց նախկին թագուհու և նրա երեխաների վիճակը։ Քեթրինի ավագ եղբայրը՝ Էդուարդ V-ը, ով գահաժառանգն էր, փաստորեն ձերբակալվեց իր հորեղբոր՝ լորդ-պրոտեկտոր Ռիչարդ Գլոստերի կողմից, նրա հետ միասին ձերբակալվեցին նաև Էնթոնի Վուդվիլը և Ռիչարդ Գրեյը (համապատասխանաբար՝ քեռին և համամայր եղբայրը)[12]։ Թագավորը տեղափոխվեց Լոնդոնի Թաուեր, որտեղ ավելի ուշ նրան միացավ միակ հարազատ եղբայրը՝ Ռիչարդը, մյուս երեխաների հետ միասին, որոնց թվում էր նաև Քեթրինը, այրիացած թագուհին թաքնվեց Վեստմինստերյան աբբայությունում[13][3]։ Երկու ամիս անց, 1483 թվականի հունիսի 22-ին Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի ամուսնությունը անօրինական ճանաչվեց[13], հանգուցյալ թագավորի բոլոր երեխաները խորհրդարանական Titulus Regius[en] ակտով անօրինական հայտարարվեցին և զրկվեցին գահի հանդեպ իրավունքներից և բոլոր տիտղոսներից[14]։ Մի քանի օր անց մահապատժի ենթարկվեցին Էնթոնի Վուդվիլը և Ռիչարդ Գրեյը։ 1483 թվականի հուլիսի 6-ին Ռիչարդ Գլոստերը հայտարարվեց թագավոր, որից անմիջապես հետո դադարեցին որևէ տեղեկություն ստանալ Քեթրինի՝ Թաուերում փակված եղբայրների մասին[15][14][16][17]։

Հուշագիր

Սույնով ես, Ռիչարդս, Աստծո ողորմությամբ Անգլիայի և Ֆրանսիայի թագավորս, Իռլանդիայի լորդս, հոգևոր և աշխարհիկ միլորդերի, Լոնդոնի քաղաքապետի ու օլդերմենի ներկայությամբ, ձեռքս դնելով Աստծո Սուրբ Ավետարանի վրա, թագավորի խոսք եմ տալիս և երդվում եմ, որ եթե տիկին Էլիզաբեթ Գրեյի՝ Անգլիայի թագուհիներ համարվող դուստրերը, այսինքն՝ Էլիզաբեթը, Սեսիլիան, Աննան, Քեթրինը և Բրիջիտը, իմ պատասխանատվությամբ լքեն Վեստմինստերյան ապաստարանը և ուղղորդվեն ու կառավարվեն ինձանով և ենթարկվեն ինձ, այդժամ ես պատասխանատու կլինեմ իրենց կյանքի, ինչպես նաև այն բանի համար, որ չտառապեն ցանկացած անձի կամ անձանց կողմից նրանց կամ նրանցից մեկին, նրանց մարմնին կամ անձին հասցված ցավից։ Նրանք կամ նրանցից ոչ ոք չի փակվի լոնդոնյան Թաուերում կամ մեկ այլ բանտում։ Միևնույն ժամանակ, ես նրանց կտեղավորեմ բարի համբավով և հեղինակավոր վայրերում և նրանց պատվով և սիրով ցույց կտան, որ ընդունում և պատիվ են տալիս և նրանք, որպես իմ հարազատներ, կունենան բոլոր անհրաժեշտ և պահանջված բաները, և հետո ես ջենտլմեն ծնվածների հետ կամուսնացնեմ նրանց, ում տարիքը կհասնի, նրանք հողեր և տիրույթներ կստանան՝ իրենց ողջ կյանքի ընթացքում տարեկան երկու հարյուր մարկի չափով եկամտով, նուն կերպ կլինի նաև մյուս դուստրերի համար, երբ նրանք ապրեն և հասնեն ամուսնական տարիքին։ Իսկ այն ջենտլմեններին, որոնց բախտ կվիճակվի ամուսնանալ նրանց հետ, ես ազնվորեն պարտավորվում եմ ժամանակ առ ժամանակ ցույց տալ իմ սերն ու ողորմությունը, ինչպես նաև՝ իրենց կանանց ու իմ բարեկամուհիներին, եթե նրանք խուսափեն ու զգուշանան իմ դժգոհությունից։

1484 թվական, մարտի 1 [18]
 
Ռիչարդ III, Քեթրինի հորեղբայրը, ով գահից հեռացրեց նրան, նրա եղբայրներին ու քույրերին

1483 թվականի Սուրբ Ծնունդին Հենրի Թյուդորը, որի մայրը դավադրություն էր կազմակերպել Էլիզաբեթ Վուդվիլի հետ ընդդեմ Ռիչարդ III թագավորի, Ռեննի տաճարում[en] երդվեց, որ կամուսնանա Էդուարդ IV-ի ավագ դստեր Էլիզաբեթի կամ նրա քույր Սեսիլիայի հետ (Եթե Էլիզաբեթի հետ ամուսնությունը ինչ-ինչ պատճառներով անհնար լինի[19]) այն բանից հետո, երբ կզբաղեցնի անգլիական գահը։ Սակայն Թյուդորի կուսակցության ապստամբությունը, որը գլխավորում էր Բեքինգհեմի դուքսը[մ 1], տապալվեց դեռևս այդ երդումից առաջ[22]։ Բեկինգհեմի ապստամբության ձախողումից հետո Ռիչարդ III-ը համաձայնեց բանակցել եղբոր այրու՝ Էլիզաբեթ Վուդվիլի հետ։ 1484 թվականի մարտի 1-ին թագավորը հրապարակավ երդվեց, որ աղջիկներին վնաս չի հասցվի և նրանց սրտնեղություն չի պատճառվի։ Բացի այդ, Ռիչարդը խոստացավ, որ նրանք չեն բանտարկվի Թաուերում կամ որևէ այլ բանտում, կապրեն «բարի անուն և հեղինակություն ունեցող պատվարժան վայրերում», իսկ հետագայում կնության կտրվեն «ազնվական ծագում ունեցող մարդկանց» և որպես օժիտ տարեկան 200 մարկ եկամտով հողեր կստանան[23]։ Արքայադուստրերը տեղափոխվեցին պալատ՝ ապրելու իրենց «ողորմած հորեղբոր» խնամակալության ներքո։ Թյուդորների դարաշրջանի պատմաբան Էդվարդ Հոլլը[en] գրել է, որ Ռիչարդ III-ը «իր եղբոր բոլոր դուստրերին ստիպեց հանդիսավոր կերպով գալ իր պալատ, կարծես նորովի՝ ընտանեվարի և զվարճանք սիրող, նրանք պետք է մոռանային ... նրա հասցրած վիրավորանքը և դրան նախորդած բռնապետությունը»[24]։ Ըստ տարածված վարկածի՝ Քեթրինը քույրերի հետ տեղափոխվել է թագավորական պալատ[25], բայց կա ենթադրություն, որ Քեթրինը և նրա կրտսեր քույրը՝ Բրիջիտը ապաստանից դուրս գալուց հետո մնացել են իրենց մոր մոտ[3]։

Երկու տարի անց, 1485 թվականի օգոստոսին Ռիչարդ III-ը զոհվեց Բոսվորտի ճակատամարտում և նվաճման իրավունքով նոր թագավոր դարձավ Հենրի Թյուդորը։ Նա կատարեց իր խոստումը և ամուսնացավ Էլիզաբեթ Յորքի հետ, ինչպես նաև չեղյալ համարեց Էդուարդ IV-ի երեխաների տիտղոսներից և գահի իրավունքներից զրկած Titulus Regius-ը։ Titulus Regius ակտը, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր փաստաթղթերը, հանվեցին արխիվներից[26]։ 1492 թվականին մահացավ այրիացած թագուհի Էլիզաբեթը. Քեթրինը մասնակցել է նրա հուղարկավորության արարողությանը՝ դառնալով թագավորական հուղարկավորության ամենաերիտասարդ լալկան կանանցից մեկը։ Լիովին որբ մնացած Քեթրինը վերջնականապես հաստատվեց թագուհի-քրոջ արքունիքում[27]։

Ամուսնության պլաններ և ամուսնություն

խմբագրել

Քեթրինը, փաստացի, ցանկալի հարսնացու էր ծնվելուց անմիջապես հետո և հետագայում կարող էր խաղազինվոր դառնալ դինաստիական ամուսնությունների քաղաքականության մեջ։ Նրա լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց՝ 1479 թվականի օգոստոսին, ամուսնության առաջարկ է ստացվել կաթոլիկ թագավորների ժառանգորդ Հովհաննեսի՝ Աստուրիասի արքայազնի հետ, ով մեկ տարով մեծ էր արքայադուստրից։ 1479 թվականի օգոստոսի 28-ին կնքվեց այդ ամուսնության մասին նախնական համաձայնագիրը, 1482 թվականի մարտի 2-ին պայմանագիրը վավերացվեց իսպանական կողմի կողմից։ Սակայն 1483 թվականի ապրիլին հանկարծամահ եղավ արքայադստեր հայրը, և բանակցությունները դադարեցվեցին[7][4][3]։

Հենրի Թուդորը, հայտնվելով գահին, սկսեց կնոջ հարազատների նկատմամբ վիթխարի ամուսնական ծրագրեր կառուցել։ Առաջին հերթին նա ցանկանում էր խաղաղություն հաստատել իր հյուսիսային հարևանի՝ Շոտլանդիայի թագավորության հետ։ 1487 թվականի նոյեմբերին նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Քեթրինի՝ Ջեյմս III թագավորի երկրորդ որդու՝ Ջեյմս Ստյուարտի հետ ամուսնության շուրջ[28]․ վերջինս աղջկանից գրեթե երեք տարի մեծ էր[29]։ Նույն պայմանավորվածության համաձայն՝ Քեթրինի քույրը՝ Սեսիլիան պետք է դառնար շոտլանդացի թագավոր Ջեյմս Ստյուարտի՝ Ռոթսեյի դուքսի կինը[մ 2], իսկ այրիացած Ջեյմս III-ը պետք է ամուսնանար արքայադստեր մոր՝ այրի թագուհի Էլիզաբեթ թագուհու հետ։ Բայց Ջեյմս III-ը սպանվեց 1488 թվականի հունիսին՝ նախքան այդ ամուսնությունները կկնքվեին։ Բանակցությունները ընդհատվել են և այլևս չեն վերսկսվել[7][27]։

Մինչ 1495 թվականի հոկտեմբերը, իր տասնվեցամյակից անմիջապես հետո[31], Քեթրինը ամուսնացավ Ուիլյամ Կուրտենեի[5]՝ Դևոնի և Կորնուոլլի խոշոր և հայտնի հողատիրոջ և Հենրի VII-ի և Լանքասթերների կուսակցության մոլի համախոհի՝ Դևոնի կոմսի որդու և ժառանգորդի[32] հետ։ Կուրտենե գերդաստանի ծագումնաբանությունը սկիզբ էր առնում ֆրանսիական ազնվականական Գաթինե կոմսությունից[27], իսկ իգական գծով սերում էր անգլիական թագավոր Էդուարդ I-ից՝ վերջինիս դուստր Էլիզաբեթ Ռուդլանցու միջոցով։ Քեթրինի և Ուիլյամի, ինչպես նաև Էդուարդ IV-ի մյուս դստեր՝ Աննայի ամուսնությունը խորհրդարանի կողմից հաստատվել է նույն նստաշրջանի ընթացքում։ Հայտնի է, որ Էլիզաբեթ թագուհին ինքն է վճարել է փեսացուի հարսանեկան զգեստների դիմաց և գումար է նվիրել նորապսակների ապագա երեխաների դաստիարակության համար[33]։ Գտնվելով թագավորի հովանավորության ներքո՝ Կուրտենե ամուսինները իրենց ժամանակի մեծ մասն անցկացրել են արքունիքում[34][35], Քեթրինը որպես առաջին լեդի (անգլ.՝ principal lady) տարեկան 50 ֆունտ նվիրատվություն էր ստանում[33]։ Արքունական սահմաններից դուրս Քեթրինը և Ուիլյամը նախընտրում էին որպես նստավայր օգտագործել Թիվերտոն ամրոցը կամ Կուրտենեի հնագույն տոհմական օջախը՝ Կոլկոմբ դղյակը[en]․ երկու տիրույթներն էլ գտնվում էին Դևոնում, բայց Քեթրինը նախապատվությունը տալիս էր Կոլկոմբին [36]։ Ամուսինները երեք երեխա են ունեցել՝ որդիները՝ Հենրին և Էդվարդը և դուստրը՝ Մարգարետը[7][37]։

Շնորհազրկված կյանք

խմբագրել
 
Քեթրինի քույը՝ Էլիզաբեթ Յորքը, և Հենրի VII-ը

Հետագա տարիներին Քեթրինը մտերիմ էր իր քույր-թագուհու հետ։ Նա 1501 թվականի նոյեմբերին ներկա է եղել ավագ զարմիկի՝ Ուելսի արքայազն Արթուրի շքեղ հարսանիքին, 1502 թվականի հունվարին՝ Շոտլանդիայի թագավորի հետ ավագ զարմուհու՝ Մարգարիտի նշանադրության տոնակատարություններին[38]։ Սակայն արդեն մի քանի ամիս անց սկսվում է շնորհազրկումը․ Ուիլյամ Կուրտենեն ձերբակալվում և բանտարկվում է[39][40] գահին յորքիստ հավակնորդ Էդմունդ դե լա Պոլի դավադրությանը մասնակցելու կասկածանքով։ Նա մի քանի տարի անցկացրեց կալանքի տակ, թեև նրա մեղքի ոչ մի ապացույց չգտնվեց[7], հավանաբար, Կուրտենեի ձերբակալության միակ պատճառը նրա ամուսնությունն էր Յորքերի տան արքայադստեր հետ[40]։ Ուիլյամը զրկվեց ունեցվածքից և հոր տիտղոսները և ունեցվածքը ժառանգելու, ինչպես նաև՝ դրանք իր երեխաներին փոխանցելու իրավունքից. Այսպիսով, կոմս Դևոնի մահից հետո նրա տիտղոսը և ունեցվածքը պետք է փոխանցվեին պետությանը[41]։

Միայն թագուհի-քրոջ ազդեցիկ պաշտպանությամբ Քեթրինը մնաց ազատության մեջ և արքունիքում և ապրելու համար միջոցներ էր ստանում[42]։ Էլիզաբեթ Յորքը կարգադրեց, որ Քեթրինի երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ զբաղվի լեդի Մարգարտ Կոտոնը, և դրա համար միջոցներ հատկացրեց։ Քեթրինի երեխաներին Կոտոնի պաշտպանության ներքո տեղափոխեցին սըր Ջոն Հասսիի ամառանոցը Հավերինգ ատտե-Բաուերում[en][41], որն այն ժամանակ գտնվում էր թագուհու կամ այրիացած թագուհու տիրապետման մեջ գտնվող հողերի վրա[43]։ Երեխաների, ինչպես նաև նրանց մյուս ծառաների կեցության ծախսերը, որոնց թվում՝ երկու աղախինները, ձիերն ու դայակները, նույնպես վճարում էր թագուհին[41]։ Նա նաև վճարում էր Քեթրինի՝ Թաուերում բանտարկված ամուսնու կարիքները[44]։ 1502 թվականի հունիսին մահացավ Քեթրինի երկու որդիներից կրտսերը՝ Էդվարդը, ինչը ծանր հարված էր արքայադստեր համար։ Քեթրինի վիշտը խորն էր այն փաստով, որ երեխայի հիվանդությունը շուտահաս էր, և ինքը՝ մայրը, ով թագուհու հետ Նոթլիում էր, չհասցրեց մահացողի անկողնու մոտ գտնվել։ Քանի որ Քեթրինի որդու հուղարկավորության համար միջոցներ չեն եղել, բոլոր ծախսերը կրկին վճարել է նրա քույրը։ Էլիզաբեթը միջոցներ է հատկացրել արքայադստեր սգո զգեստապահարանի համար․ Քեթրինի զգեստապահարանի վերաբերյալ կարգադրությունները դարձել են քրոջ մասին թագուհու հոգածության վերջին դրսևորումներից մեկը[45]։

1503 թվականի փետրվարին Էլիզաբեթ Յորքը մահացավ։ Քեթրինի համար քրոջ մահը մեծ կորուստ էր, քանի որ թագուհին նրա համար ոչ միայն բարեկամ և մտերիմ ընկեր էր, այլև՝ հովանավոր։ Սգո երկրորդ օրվանից սկսած Քեթրինը քրոջ հուղարկավորության արարողության ընթացքում գլխավորել է լալկան կանանց, առաջին օրը այդ պաշտոնը զբաղեցրել է հանգուցյալ թագուհու գլխավոր ֆրեյլինը ՝ լեդի Էլիզաբեթ Ստաֆֆորդը[en], քանի որ Քեթրինի զգեստապահարանը պատրաստ չէր։ Քեթրինը միակն է, ով ներկա է եղել հանգուցյալ թագուհու համար մատուցված բոլոր երեք պատարագներին[46]։

Մնալով առանց ընկերների և քրոջ աջակցության, Քեթրինը օգնության համար դիմել է սկեսրայրին։ Դևոնի դուքսը, մի շատ բարին կամեցող մարդ, թոռների համար առանձնացրել է ամենամյա վարձատրություն՝ 100 մարկի չափով Հենրիին և 200 մարկի չափով՝ Մարգարետին, սակայն Քեթրինին, հավանաբար, ոչ մի գումար չի հատկացվել, քանի որ չկա ոչ մի փաստաթուղթ, որը հաստատում է հակառակը[47]։ Հավանաբար, մորաքրոջը ինչ-որ օգնություն ցուցաբերել է հանգուցյալ թագուհու որդին՝ Հենրին, որն այդ պահին դարձել Էր գահաժառանգ, սակայն դրա փաստաթղթային հաստատումներ ևս չկան[48]։

Վերադարձ դեպի արքունիք

խմբագրել

Հենրի VII-ը մահացավ 1509 թվականի ապրիլին, և Քեթրինի կյանքը կտրուկ փոխվեց։ Դառնալով նոր թագավոր՝ արքայադստեր զարմիկը՝ Հենրի VIII-ը, անմիջապես մորաքրոջը հրավիրեց արքունիք, որտեղ նա ներկա գտնվեց հանգուցյալ միապետի հուղարկավորությանը։ Նոր թագավորը վճարել էր Քեթրինի բոլոր ծախսերը՝ կապված արքունիք տեղափոխվելու հետ։ Այդ ժամանակ էլ Քեթրինը արքայի կրտսեր քրոջ՝ արքայադուստր Մարիայի ֆրեյլինի պաշտոնը ստացավ[47]։ Հենրի VIII-ի առաջին պետական ակտերից մեկը Քեթրինի ամուսնուն՝ Ուիլյամ Կուրտենեին, ներելն ու ունեցվածքը վերադարձնելը եղավ[48]։ Կուրտենե ամուսինները ներկա էին լինում պալատում կատարվող բոլոր տոնակատարություններին, և երկուսն էլ երիտասարդ թագավորի մոտ այնպիսի ֆավորիտ են եղել, որ Քեթրինը դարձել է 1511 թվականի հունվարի 1-ին աշխարհ եկած գահաժառանգ Հենրի Թյուդորի միակ կնքամայրը[մ 3][50]։

Քեթրինի սկեսրայրը մահացավ 1509 թվականին[51], և ֆորմալ առումով նրա ամուսինը դարձավ կոմսի տիտղոսի և ունեցվածքի ժառանգորդը, սակայն ժառանգությունն ստանալու համար Ուիլյամին պահանջվում էր թագավորի հավանությունը և դրանցից զրկվելու ակտի չեղարկումը։ Մինչ բոլոր ձևականությունները կպահպանվեին, Քեթրինին՝ «թագավորի ամենապատվելի մորաքրոջը», 200 մարկի չափով անուիտետային վճարումներ նշանակվեցին[50]։ Չնայած մորաքրոջ և նրա ամուսնու նկատմամբ բարյացակամ վերաբերմունքին, Հենրի VIII-ը առաջ քաշեց մի շարք պայմաններ, որոնց դեպքում Ուիլյամ Կուրտենեին կարող էին փոխանցել նրա հոր տիտղոսն ու ունեցվածքը։ Այդ պայմաններից մեկը Քեթրինի կողմից Մարչի կոմսի հողի նկատմամբ պահանջներից հրաժարումն էր[52], որի նկատմամբ նա իրավունքներ ուներ և՛ որպես Աննա Մորտիմերի հետնորդ, և՛ անձնապես (չլինելով գահի սեփականություն՝ ժառանգել էր իր հորից)[53]։ Քեթրինը, չունենալով ոչ միջոցներ, ոչ ցանկություն Մարչի սեփականության համար պայքարելու համար, ընդունեց քրոջորդու առաջարկը, և 1511 թվականի ապրիլի 12-ին կողմերը պայմանագիր ստորագրեցին[54]։

1511 թվականի մայիսի 9-ին[55] կամ 10-ին Ուիլյամին վերադարձվեց Դևոնի կոմսի տիտղոսը[56], ինչպես նաև չեղյալ հայտարարվեց ունեցվածքը երեխաներին ժառանգելու արգելքի մասին ակտը։ Թագավորը երաշխավորեց արքայադստեր հոր կառավարման օրոք Թոմաս Կուրտենեից[en] հօգուտ գահի բռնագրավված որոշ տիրույթների փոխանցումը կոմսական զույգին։ Սրանից բացի, անձամբ Քեթրինին մի քանի կալվածքներ տրվեցին՝ ժառանգաբար դրանք փոխանցելու իրավունքով[54]։

Այրիություն

խմբագրել

Այն պահից, երբ ավարտվեցին Ուիլյամ Կուրտենեի տիտղոսի փոխանցման հետ կապված բոլոր ձևականությունները, նա արդեն լուրջ հիվանդ էր, հունիսի 9-ին կոմսը մահացավ պլևրիտից[55] Պլացենտիա պալատում, որտեղ հյուրընկալել էր իր կնոջ հետ։ Թագավորը հատուկ թույլտվություն տվեց Բլեքֆրայերս աբբայությունում ճոխ հուղարկավորության համար, հուղարկավորության կազմակերպմամբ զբաղվեց Քեթրինը, որին ամուսինը իր կտակում անվանել էր իր վերջին կամքի գլխավոր կատարողը[57]։ Հուղարկավորությունից հետո Քեթրինը կարգադրեց ամենօրյա պատարագներ կարդալ և շուրջօրյա մոմ վառել Ուիլյամի գերեզմանի վրա[58]։

Երեսունմեկ տարեկանում այրիանալով՝ Քեթրինը 1511 թվականի հուլիսի 6-ին վերջնականապես պետությանը փոխանցեց Մարչի կոմսությունը, և որպեսզի ապահովի հետագա ազատ կյանքը ամուսնական պլաններից, հուլիսի 13-ին կուսակրոնության երդում տվեց[7][59] Լոնդոնի եպիսկոպոսի[en]՝ Ռիչարդ Ֆիցջեյմսի[en] ներկայությամբ [5][60]։ Ի ծնե լինելով շատ գործուն՝ Քեթրինը իր մնացած կյանքը նվիրեց իր և որդու տիրույթներում կարգուկանոն հաստատելուն[58]։ 1512 թվականի փետրվարի 3-ին նա թագավորից Դևոն կոմսությունում հանգուցյալ ամուսնու բոլոր կալվածքները ցմահ օգտագործելու իրավունք ստացավ[61]։

1512 թվականի փետրվարին Քեթրինը որդու անունից խնդրագիր ուղարկեց խորհրդարան՝ քննարկելու երիտասարդ Հենրիի տիտղոսն ու նրա հանգուցյալ հոր ունեցվածքը ժառանգելու հարցը։ Խնդրագիրը երեք անգամ ընթերցվեց Լորդերի պալատում, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց թագավորի հետ այն քննարկելու անհրաժեշտության պատճառով։ Ուշացման պատճառ դարձավ այն փաստը, որ Հենրի Կուրտենեի ժառանգական որոշ սեփականություն թագավորի կողմից փոխանցվել էր Կուրտենե տոհմին նախքան Ուիլյամի իրավունքների վերականգնումը։ Եվս մեկ պատճառ հանդիսանում էր Թոմաս Կուրտենեի տիրույթների նկատմամբ նրա համաժառանգ-քույրերի ամուսինների՝ Հյու Կոնվեյի[en], ով Էլիզաբեթի ամուսինն էր, և Բեքինգհեմից Թոմաս Նայվետի, ով Ջոանի ամուսինն էր, հավակնությունները։ 1512 թվականի հոկտեմբերին Լոնդոնի եպիսկոպոսի միջնորդությամբ Քեթրինին հաջողվեց պայմանավորվել երկու հավակնորդների հետ. Կոնվեյին ցմահ օգտագործման հանձնվեցին որոշ հողեր, ինչպես նաև 177 ֆունտի չափով ցմահ ռենտա խոստացվեց, Նայվետի պահանջը 200 ֆունտի չափով ցմահ ռենտայի դիմաց հետ կանչվեց [62]։

 
Քեթրինի զինանշանը բաղկացած էր Յորքերի օրոք թագավորական Անգլիայի և իր ամուսնու գերբերից[63]։
Վահանը բաժանված է երկու մասի։ Աջից Ուիլյամ Կուրտենեի՝ Դևոնի կոմսի գերբն է․ ունի չորս բաժին՝ ոսկեգույն դաշտով 1-ին և 4-րդ մասերում մուգ կարմիր գնդեր են [[[Կուրտենե տոհմ]]], ոսկեգույն դաշտով 2-րդ և 3-րդ մասերում՝ կապույտ, մուգ կարմիր մագիլներով զինված ապստամբած առյուծ [դե Ռիվեր տոհմ]։ Ձախից Յորքերի թագավորական անգլիական գերբն է ՝ չորս մասով․1-ին մասում Անգլիայի թագավորական գերբն է (1-ին և 4-րդ մասերում կապույտ դաշտում երեք ոսկե շուշաններ են, 2-րդ և 3-րդ մասերում մուգ կարմիր դաշտում երեք ոսկեգույն զինված ընձառյուծներ՝ մեկը մյուսի վրա պատկերված։ 2-րդ և 3-րդ մասերում ոսկեգույն դաշտով մուգ կարմիրով ուղղահայաց խաչ է [դե Բուրգի տոհմ]․ 4-րդ մասում՝ կապույտ-ոսկեգույն դաշտում արծաթագույն վահան է, վահանի վերին մասում, անկյուններով ոսկեգույնի և լազուրի հայելային աստիճանական բաժանումներ են կենտրոնական մասում՝ լազուրե սյուների միջև ոսկեգույն սյուն է [[[Մորտիմերներ]]])[64].

1512 թվականի նոյեմբերին խորհրդարանը հավանություն տվեց հանգուցյալ Ուիլյամ Կուրտենեի տիտղոսն ու հողերը նրա 10-ամյա որդուն՝ Հենրիին հանձնելուն[63], և ժամանակի ընթացքում Քեթրինի որդին մտավ թագավորին մերձակա մարդկանց շրջանակի մեջ[65]։ Նա՝ ինքը, վայելում էր թագավորի բարյացկամությունը և իր նամակներն ու փաստաթղթերը ստորագրում էր որպես «արքայադուստր Քեթրին, Դևոնի կոմսուհի, թագավորների դուստր, քույր և մորաքույր»[66]։ Բացի դա, նա որպես իր անձնական զինանշան վերցրեց Անգլիայի թագավորական և Կուրտենեի գերբերի միավորմամբ զինանշանը՝ Օլսթերի և Մարչի գերբերի հավելումով[63]։

Որդու գործերը կարգավորելով՝ Քեթրինը չէր մոռացել իր միակ դստեր մասին․ 1512 թվականին նա սկսեց փեսացու փնտրել Մարգարետի համար։ Քեթրինը նամակներ ուղարկեց թագավորական ծառայողներին՝ խնդրելով պարզել իր աղջկա ամուսնու առավել շահավետ թեկնածուներին։ Հետագա իրադարձությունները պատմաբանների կողմից նկարագրված են հակասական. Մերի Էնն Էվերեթ-Գրինը վերապատմում է տեղի լեգենդն այն մասին, որ Հենրի Սոմերսեթի՝ Վուսթերի 1-ին կոմս Չարլզ Սոմերսեթի որդու և ժառանգորդի հետ ամուսնությունից կարճ ժամանակ անց Մարգարետը, ով այցելել էր մորը հորական Կոլկոմբի տոհմական ամրոցում, խեղդվել է ձկան ոսկորից և մահացել, նույն վարկածը հաստատում է նաև Մարգարետի գերեզմանի գրությունը[67]։ Սակայն այլ աղբյուրներ հայտնում են, որ Քեթրինի դուստրը 1520 թվականին այցելել է իր զարմուհուն՝ Մարիային։ Մարգարետի մասին ոչ մի այլ տեղեկություն չկա, իսկ նրա ամուսինը, ով 1526 թվականին ժառանգեց հոր տիտղոսը, արդեն այդ պահին ամուսնացած է եղել մեկ այլ կնոջ հետ[68]։

Վերջին տարիներ և մահ

խմբագրել

Ամուսնու մահից հետո Քեթրինը հազվադեպ էր լինում պալատում՝ նախընտրելով ապրել Դևոնում գտնվող Տիվերտոն ամրոցում կամ Կոլկոմբում, թեև հաճախ հյուրեր էր ընդունում Կոլկոմբում[մ 4]։ Պալատում արքայադստեր քիչ այցելություններից մեկի առիթը Հենրի VIII-ի դստեր՝ Մարիի մկրտությունն էր․ Քեթրինը կնքամայրն էր[70]։ Մեկ տարի առաջ նրա խնամակալությանն էր հանձնվել Լայլի վիկոնտուհի Էլիզաբեթ Գրեյը[en], ով դարձավ Քեթրինի որդու առաջին կինը։ Հենրիին շնորհվեցին մի քանի առանձնատներ և այլ բարիքներ[71]։ Տիվերտոնում Քեթրինը շրջանի ամենաազդեցիկ ընտանիքի ղեկավարն էր և խոշոր կալվածքի սեփականատերը[72]։ Նրա կալվածքները, որոնք կառավարվում են ծառայողների մի ամբողջ ցանցի կողմից, տարեկան շուրջ 2750 ֆունտի չափով եկամուտ էին ապահովում՝ խոշոր մի գումար, որի վրա պահպանվում էր տնային տնտեսությունը[73]։ 1519 թվականին մահացավ Կուրտենե տոհմի որոշ տիրույթների հանդեպ հավակնություններ ունեցող Հյու Կոնվեյը, և Քեթրինին պառլամենտական ակտի միջոցով վերադարձվեցին այն հողերը, որոնք հանգուցյալի ցմահ օգտագործման ներքո էին գտնվել[71]։

1520-ական թվականների սկզբից պահպանված մանրամասն հաշվետվությունները ցույց են տալիս, որ Քեթրինը իր ծագմանը վայել կենսակերպ է վարել[71]․ նա պարբերաբար շքեղության իրեր է գնել՝ համեմունքներ, ֆրանսիական և ռեյնյան գինիներ ու թանկարժեք գործվածքներ (ինչպես, օրինակ, թավիշ և ատլաս)[74]։ Արքայադստեր մատուռն ունեցել է բազմաթիվ գեղեցիկ հանդերձանքներ, սուրբ անոթներ, կրոնական գրքեր և սրբերի պատկերներ[75]։ Քեթրինը լավ հարաբերությունների մեջ է եղել Դևոնի բարձրաստիճան կաթոլիկ և անգլիական հոգևորականների հետ, ստացել է նվերներ Էքսետերի եպիսկոպոսից[en] և Ֆորդի աբբաներից, Բակլանդից և Նյուենհեմից[en][76]։ 1520-ական թվականներին արքայադուստրը զբաղվում էր որսով, լսում էր գուսաններին, երեք ծաղրածու էր պահում[77]։ Նա հաճախ էր շրջում իր տիրույթներով, և 45 տարեկանում դեռ պահպանում էր ակտիվությունը․ շատ էր շրջում ձիով, որս էր անում, զբաղվում էր գործերով։ Ի դեպ, այն փաստը, որ Քեթրինի գույքի գույքագրման ցուցակում, որը կազմվել է նրա մահից հետո, ներառվել է ձիերի կառք, կարող է խոսել նրա՝ վերջին տարիներին ակտիվության նվազման մասին[78]։

Քեթրինը լավ հարաբերություններ է պահպանել թագավորական զույգի հետ. հայտնի է, որ 1524 թվականին արքայադուստրը նրանց որպես նվեր 20 ֆունտ է ուղարկել։ Քեթրինը պարբերաբար որդուն էլ է գումար շնորհել, մասնավորապես՝ թոռան ծննդին նա 200 ֆունտ է ուղարկել Հենրիին և ևս 40-ը նվիրել նրան, ով հաղորդել էր Էդվարդ ծննդյան մասին[79]։ Պատմական փաստաթղթերը արքայադստերը նկարագրում են որպես շատ բարի մարդ. նա երբեք չի վիճել հարևանների հետ, խստորեն չի պատժել աղքատներին, եթե նրանք որոշել են ելակ կամ ճագար ուտել իրտիրույթների հողերից։ Բացի այդ, նա պարբերաբար շռայլ ողորմություն է բաժանել։ 1524 թվականի գարնանը Քեթրինը հիվանդացավ։ Նրա մահճի մոտ կանչվել են երկու բժիշկներ. նա կարգադրություններ է արձակել իր տիրույթներում, հավանաբար, իր մահվան դեպքում, ինչը կարող է խոսել հիվանդության լրջության մասին։ Մոտակա եկեղեցիներում աղոթել են Քեթրինի առողջության համար[80]։ 1527 թվականի մայիսի 2-ին Քեթրինը կտակ է կազմել, որում մեծապես հոգացել է հենց իր հոգու մասին․ նա կարգադրել է տարեկան 21 ֆունտ վճարել անսահմանափակ ժամանակահատվածում երեք քահանաների, որոնք պետք է ամեն օր պատարագ մատուցեին Տիվերտոնի Սուրբ Պետրոսի եկեղեցում՝ երեք աղքատ տղամարդկանց ներկայությամբ, ովքեր նույնպես պետք է վճարվեին շաբաթը մեկ անգամ[81]։ Քեթրինը մահացել է 1527 թվականի նոյեմբերի 15-ին Տիվերտոնի դղյակում[7][5] մոտ քառասունիննը տարեկան հասակում[82][մ 5] և հուղարկավորվել է դեկտեմբերի 2-ին տեղի Սուրբ Պետրոսի եկեղեցում, շքեղ արարողությամբ[83][84]։ Նրա կարգադրությամբ բոլոր ծառաները հուղարկավորությանը ներկա էին սև հագուստով և տարեկան ռոճիկ պետք է ստանային[85]։ Հուղարկավորությանը ներկա են եղել նաեև Ֆորդի, Մոնտեկյուտի և Տորրի[en] աբբայության վանահայրները․ քարոզը կարդում էր Էքսետերական տաճարի կանոնիկոսը[86]։ Ութ հազար աղքատների փող են բաժանել, որպեսզի նրանք աղոթեն Քեթրինի հոգու համար[87]։

Արքայադստեր գերեզմանի վրա Նրա Որդու կարգադրությամբ հորիզոնական էֆֆիգիա է տեղադրվել։ Ռեֆորմացիայի ժամանակ մատուռը, որտեղ թաղվել էր Քեթրինը, քանդել են բողոքականները։ Հետագայում հայտնաբերվել է գերեզման, որում եղել են մի քանի մարդու մնացորդներ, ուստի հնարավոր չի եղել պարզել, թե դրանցից որոնք են պատկանում Յորքերի տան արքայադստերը[88]։

Սերունդ

խմբագրել

Քեթրին Յորքը և Ուիլյամ Կուրտենեն երեք երեխա են ունեցել[7]՝

  • Հենրի (մոտ 1496—1538/1539 թթ), Դևոնի 2-րդ կոմս, Էքսետերի մարկիզ։ Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կինը եղել է Էլիզաբեթ Գրեյը[en], երկրորդը՝ Գերտրուդա Բլաունտը[en]։ Երկրորդ ամուսնությունից Հենրին երկու որդի է ունեցել, որոնցից միայն մեկն է ապրել։
  • Էդվարդ (մոտ 1497—1502 թթ)
  • Մարգարետ (մոտ 1499 թվական- մինչև 1526 թվական), ամուսնացել է Հենրի Սոմերսեթի՝ Վուսթերի 1-ին կոմս Չարլզ Սոմերսեթի և Հերբերտի բարոնուհի Էլիզաբեթ Հերբերտի որդու և ժառանգորդի հետ։ Մարգարետի կենդանության օրոք Հենրին կրել է միայն մորից իրեն անցած Հերբերտի բարոնի տիտղոսը, քանի որ հոր տիտղոսը նա ավելի ուշ է ժառանգել։ Համարվում է, որ ամուսինները համատեղ երեխաներ չեն ունեցել[68], սակայն Հենրին դուստր է ունեցել՝ Լյուսին, ում մայրը, ըստ տարբեր աղբյուրների, համարվել է և՛ Մարգարետը, և՛ Սոմերսեթի 2-րդ կինը։

Քանի որ Թյուդորների դինաստիայի թագավորների կառավարումից առաջ չի ապրել արքայադստեր ոչ մի եղբայր, իսկ նրա քույրերը, բացի Էլիզաբեթ թագուհուց, թագակիր սերունդ չեն թողել[մ 6], Քեթրինի երեխաները դարձել են Էդուարդ IV-ի թոռներից միակները, ովքեր, Յորքերի դինաստիայից ժառանգել են անգլիական գահի նկատմամբ վտանգավոր նկրտումները[3], ինչը ճակատագրական դեր է խաղացել արքայադստեր ժառանգների կյանքում։ Թեև Քեթրինի որդին՝ Հենրին, մոր մահից հետո որոշ ժամանակ դեռ գտնվել է թագավորի հովանու ներքո, 1538 թվականին, իր զարմիկ Ջեֆրի Պոուլի մատնությամբ հայտնաբերվել է Հենրիի և եղբայր Ջեֆրիի՝ կարդինալ-կաթոլիկ Ռեջինալդ Պոուլի հետ նամակագրությունը, ով հավակնում էր Անգլիայի գահին[մ 7]։ Հենրին իր կնոջ՝ Գերտրուդայի և որդու՝ Էդվարդի, հետ ձերբակալվել և կալանավորվել է Թաուերում, մեկ տարի անց Հենրիին մահապատժի են ենթարկել պետական դավաճանության մեղադրանքով։ Ամուսնու մահապատժից հետո Գերտրուդան զրկվել է ունեցվածքից, սակայն ազատություն է ստացել։ Գերտրուդայի միակ որդու բախտը շատ ավելի քիչ է բերել. նա բանտարկության մեջ է անցկացրել կյանքի մեծ մասը և ազատ է արձակվել միայն թագուհի Մարի I-ի օրոք։ 1554 թվականին Էդվարդը միայն պասիվ մասնակցություն է ունեցել Ուայաթի ապստամբությանը, որի պատճառով արտաքսվել է երկրից, այլ ոչ թե մահապատժի ենթարկվել։ Նա մահացել է Պադուայում 1556 թվականին՝ դառնալով Քեթրին Յորքի վերջին հետնորդը[93]։

Մշակույթում

խմբագրել

Քեթրինը Ֆիլիպպա Գրեգորիի «Սպիտակ թագուհին» և «Սպիտակ արքայադուստր» վեպերի հերոսներից մեկն է։ «Սպիտակ արքայադուստր» հեռուստասերիալում Քեթրինի դերը կատարել է Ավա Մասթերսը[94]։

Ծագումնաբանություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Մեկնաբանություններ
  1. Բեքինգհեմի, ում հանդեպ Ռիչարդ III-ը շռայլ էր գտնվել գահ բարձրանալուց հետո, դրդապատճառները պարզ չեն։ Պատմաբանների մի մասը կարծում է, որ պատճառը արքայազնների անհետացումն էր Թաուերից։ Դրա հետ մեկտեղ որոշ հետազոտողներ կարծում են, որ դուքսը թագավորի հրամանով ազնվականական որոշ ներկայացուցիչների մահապատժից և արքայազնների ենթադրյալ սպանությունից հետո «արթնացել է» և սկսել է վախենալ, որ կարող է դառնալ զոհերից հերթականը[20]։ Սակայն կա ևս մեկ վարկած, որը բացատրում է ապստամբության պատճառները․ դուքս Բեքինգհեմը սեփական նախաձեռնությամբ արքայազնների սպանությունը առաջացրել է Ռիչարդ III-ի զայրույթը, ինչի հետևանքով դուքսը ստիպված է եղել փախչել և ապստամբություն բարձրացրել[21].
  2. Իրականում Սեսիլիայի ամուսնությունը ապագա թագավոր Ջեյմս IV-ի հետ ծրագրվել էր դեռ նրա հոր կողմից 1474 թվականին[30], սակայն ձգձգված բանակցությունները դադարեցվել են Շոտլանդիայում Օլբանիի դքսի բարձրացրած ապստամբության պատճառով։ Իր մահից առաջ Ռիչարդ III-ը զարմուհուն ամուսնացրել է իր համախոհ Ռալֆ Սկրուպի հետ, բայց Հենրի VII-ի օրոք այս ամուսնությունը դադարեցվեց որպես դինաստիայի շահերին չհամապատասխանող։
  3. Դեյվիդ Ստարկին նշում է, որ արքայազնի կնքամայրը եղել է Մարգարիտա Ավստրիացին, որին ներկայացրել է Քեթրինի քույրը՝ Աննան[49]
  4. Հայտնի է Քեթրինի կողմից իր զարմիկ Դորսեթի մարկիզի այցի պատվին կազմակերպված ճոխ ընդունելության, ինչպես նաև արքայադուստր լորդ Մոնթեգյուի այցի մասին[69]։
  5. Քեթրինը վերապրել է իր բոլոր եղբայրներին ու քույրերին և դարձել է Էդուարդ IV-իվերջին մահացած երեխան։
  6. Քեթրինի եղբայրները՝ Էդուարդը և Ռիչարդը, անհետացել են Թաուերից 1483 թվականին։ Եվս մեկ եղբայր՝ Ջորջը, մահացել է վաղ մանկական հասակում՝ 1479 թվականին։ Քեթրինի փոքր քույրը՝ Բրիջիտը, միանձնուհի է եղել։ Բացի Էլիզաբեթից Քեթրինը ևս երկու քույր է ունեցել՝ Սեսիլիան և Աննան։ Աննայի [89][90] և Սեսիլիայի՝ երկրորդ ամուսնուց ծնված բոլոր երեխաները մահացել են մանկական տարիքում[91], իսկ Սեսիլիայի երրորդ ամուսնությունը և դրանից սերած երեխաները այդպես էլ չեն ճանաչվել գահի կողմից[92].
  7. Ռեջինալդը Մարգարետ Պլանտագենետի որդին էր և Էդուարդ IV-ի եղբոր թոռը։
Աղբյուրներ
  1. 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Cokayne, 2000, էջ 852
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Everett Green, 1851, էջ 16
  4. 4,0 4,1 4,2 4,3 Nicolas, 1830, էջ xxiv
  5. 5,0 5,1 5,2 5,3 Weir, 2011, էջ 140
  6. Устинов, 2007, էջ 523
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Panton, 2011, էջ 92
  8. Weir, 2011, էջ 138
  9. Everett Green, 1851, էջ 401
  10. Weir, 2011, էջեր 2—3
  11. Weir, 2011, էջ 136
  12. Chalmers, 1817, էջ 353
  13. 13,0 13,1 Weir (I), 2011, էջ 222
  14. 14,0 14,1 Westcott, 2004, «Her two brothers disappeared in the Tower, and the proclamation that her parents' marriage was invalid made her and her siblings illegitimate»
  15. Weir (I), 2011, էջեր 222—223
  16. Норвич, 2012, էջ 355—365
  17. Устинов, 2012, էջ 284—295
  18. Everett Green, 1851, էջ 415
  19. Okerlund, 2009, էջ 94
  20. Устинов, 2015, էջ 334—339
  21. Kendall, 1962, էջ 229
  22. Everett Green, 1851, էջ 414
  23. Устинов, 2015, էջ 214—215
  24. Everett Green, 1851, էջ 416
  25. Westcott, 2004, «Later she and her sisters returned to live in the royal household, ostensibly under Richard III's protection, while after the battle of Bosworth her eldest sister, Elizabeth, became queen to the new king, Henry VII, and the family's honour was restored»
  26. Устинов, 2012, էջ 296; 310—311
  27. 27,0 27,1 27,2 Everett Green, 1851, էջ 17
  28. Everett Green, 1851, էջեր 16—17
  29. Nicolas, 1830, էջ xxv
  30. Marshall, 2003, էջ 85
  31. Everett Green, 1851, էջ 18
  32. Westcott, 2004, «Eventually, however, Katherine took a less exalted husband, when in 1495 she married Sir William Courtenay (c.1475–1511), the son and heir of Edward Courtenay, first earl of Devon (d. 1509), a great landowner in Devon and Cornwall and a staunch supporter of Henry VII»
  33. 33,0 33,1 Starkey, 2009, էջ 108
  34. Westcott, 2004, «Apparently in favour with the king, the young couple settled at court»
  35. Nicolas, 1830, էջ xxvi
  36. Everett Green, 1851, էջեր 18—19
  37. Everett Green, 1851, էջ 19
  38. Everett Green, 1851, էջեր 19—20
  39. Westcott, 2004, «The charge was probably unjust, but Courtenay was attainted and imprisoned for the rest of the reign»
  40. 40,0 40,1 Everett Green, 1851, էջ 21
  41. 41,0 41,1 41,2 Everett Green, 1851, էջ 22
  42. Westcott, 2004, «Katherine received some assistance from her sister the queen, and was chief mourner at Elizabeth's funeral in February 1503»
  43. Gray, Rowe, Erskine, 1992, էջ 21
  44. Everett Green, 1851, էջ 23
  45. Everett Green, 1851, էջեր 23—24
  46. Everett Green, 1851, էջ 24
  47. 47,0 47,1 Everett Green, 1851, էջ 25
  48. 48,0 48,1 Starkey, 2009, էջ 310
  49. Starkey, 2003, էջեր 121—122
  50. 50,0 50,1 Everett Green, 1851, էջ 26
  51. Westcott, 2004, «Following the accession of Henry VIII in 1509 William Courtenay was released. His father died shortly after the old king, and proceedings began to restore him to his lands and titles»
  52. Westcott, 2004, «One condition of his restoration was that Katherine should renounce her claim to the lands of the earldom of March, inherited from the Mortimers through her father»
  53. Everett Green, 1851, էջեր 26—27
  54. 54,0 54,1 Everett Green, 1851, էջ 27
  55. 55,0 55,1 Mosley, 2003, էջ 1123
  56. Westcott, 2004, «But before negotiations could be completed Courtenay, who had been created earl of Devon on 10 May 1511, died of pleurisy shortly afterwards, on 9 June»
  57. Everett Green, 1851, էջ 28
  58. 58,0 58,1 Everett Green, 1851, էջ 30
  59. Nicolas, 1830, էջ xxvii
  60. Westcott, 2004, «Left a widow at the age of thirty-seven, Katherine almost at once (on 6 July) completed the transfer of her rights in the earldom of March to the crown, and to ensure her future freedom took a vow of chastity»
  61. Westcott, 2004, «On 3 February 1512 she received from the king, in her own right, all the estates of the earldom of Devon for her lifetime»
  62. Everett Green, 1851, էջեր 31—32
  63. 63,0 63,1 63,2 Everett Green, 1851, էջ 32
  64. Louda, Maclagan, 1999, էջ 22
  65. Westcott, 2004, «On 4 November following her ten-year-old son Henry received the title of earl of Devon, and in due course became established in the king's circle at court»
  66. Westcott, 2004, «… in her documents had styled herself ‘the excellent Princess Katherine, Countess of Devon, daughter, sister and aunt of kings’»
  67. Everett Green, 1851, էջ 33
  68. 68,0 68,1 Cokayne, 1898, էջ 200
  69. Everett Green, 1851, էջ 35
  70. Westcott, 2004, «Countess Katherine made occasional appearances at court, notably as a godmother to Princess Mary in 1516, but normally she resided at Tiverton Castle in Devon»
  71. 71,0 71,1 71,2 Everett Green, 1851, էջ 34
  72. Westcott, 2004, «There her position as head of the county's principal family and owner of its largest estate provided full scope for the emergence of her robust personality»
  73. Westcott, 2004, «Her estates, which were administered by a network of officials, brought her an annual income of around £2750, from which she maintained a large household»
  74. Westcott, 2004, «Accounts from the early 1520s show that Katherine lived in a style befitting her rank, with regular purchases of luxury goods—spices, French and Rhenish wines, and fine cloths like velvet and satin»
  75. Westcott, 2004, «Her chapel was similarly well equipped, with a handsome array of vestments, sacred vessels, service books, and images of saints»
  76. Westcott, 2004, «She was clearly on good terms with the prelates of Devon, receiving gifts from the bishop of Exeter and from the abbots of Ford, Buckland, and Newenham»
  77. Westcott, 2004, «But religious devotion did not preclude sports and relaxation. Katherine is recorded as hunting in the early 1520s, she made several payments to minstrels, and she employed three fools, named Dick, Mug, and Kit; the new year festivities for 1524 included visits from troupes of players and from the Exeter waits»
  78. Westcott, 2004, «The fact that an inventory of Countess Katherine's goods made after her death included a horse litter may indicate declining mobility in her later years»
  79. Everett Green, 1851, էջեր 37—38
  80. Everett Green, 1851, էջ 36
  81. Westcott, 2004, «Her will, drawn up on 2 May 1527, was largely devoted to ensuring the safety of her soul. She made elaborate provision for £21 per annum to be paid in perpetuity to three priests who were to say three masses daily in St Peter's Church, Tiverton, in the presence of three poor men receiving 8d. each per week, and also a weekly requiem»
  82. Everett Green, 1851, էջ 39
  83. Everett Green, 1851, էջ 40
  84. Westcott, 2004, «She died at Tiverton Castle on 15 November 1527, aged forty-nine, and was buried with much ceremonial in St Peter's on 2 and 3 December»
  85. Westcott, 2004, «She had directed that all her servants and officers were to have a black gown, as well as a year's wages»
  86. Westcott, 2004, «The abbots of Ford, Montacute, and Torre attended; a canon of Exeter Cathedral preached»
  87. Westcott, 2004, «Eight thousand poor people each received 2d. to offer prayers for Katherine's soul»
  88. Everett Green, 1851, էջեր 41—42
  89. Weir, 2011, էջ 139
  90. Panton, 2011, էջ 51
  91. Richardson, 2011, էջ 305
  92. Archer, 1887, էջ 412
  93. Everett Green, 1851, էջեր 42—43
  94. The White Princess(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Catherine Plantagenet» (անգլերեն). Thepeerage.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Յորք» հոդվածին։