Աննա Յորք

Անգլիայի արքայադուստր Յորքերի տնից, Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի հինգերորդ դուստրը

Աննա Յորք (անգլ.՝ Anne of York), նաև՝ Աննա Պլանտագենետ (անգլ.՝ Anne Plantagenet, նոյեմբերի 2, 1475, Վեստմինստերյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - նոյեմբերի 23, 1511), Անգլիայի արքայադուստր Յորքերի տնից։

Աննա Յորք
 
Մասնագիտություն՝ ազնվական
Ծննդյան օր նոյեմբերի 2, 1475
Ծննդավայր Վեստմինստերյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Վախճանի օր նոյեմբերի 23, 1511 (36 տարեկան)
Դինաստիա Յորքեր
Հայր Էդուարդ IV[1][2]
Մայր Էլիզաբեթ Վուդվիլ[1][2]
Ամուսին Thomas Howard, 3rd Duke of Norfolk?[2]
Զավակներ Thomas Howard?[1]

Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի հինգերորդ դուստրը։

Շուտով նրա հոր մահից և Ռիչարդ III-ի կողմից գահի բռնազավթումից հետո Աննան, որը մոտ ութ տարեկան էր, Էդուարդ IV-ի՝ Էլիզաբեթ Վուդվիլից ծնված մյուս երեխաների թվում, հայտարարվեց ապօրինի։ Աղջկա մայրը, վախենալով երեխաների կյանքի համար, նրանց տեղափոխեց Վեստմինստերյան աբբայություն, որտեղ հանգուցյալ թագավորի ընտանիքը ապաստան ստացավ և մոտ մեկ տարի անցկացրեց այստեղ։ Իր եղբոր ընտանիքին չվնասելու թագավորի խոստումից հետո Աննան և նրա ավագ քույրերը տեղափոխվեցին արքունիք։

Երբ Ռիչարդ III-ը սպանվեց, իսկ գահին հայտնվեց Հենրի VII Թյուդորը, փաստաթուղթը, որով Էդուարդ IV-ի երեխաները բաստարդ էին ճանաչվել, չեղյալ հայտարարվեց։ Հենրի VII-ը ամուսնացավ քույրերից ավագի՝ Էլիզաբեթի հետ, իսկ Աննան դարձավ արժեքավոր դիվանագիտական ակտիվ։ Ծրագրվում էր նրա ամուսնությունը շոտլանդական արքայազնի հետ, սակայն 1488 թվականին արքայազնի հայրը՝ Ջեյմս III թագավորը, սպանվեց, ամուսնության բանակցությունները ընդհատվեցին և այլևս չվերսկսվեցին։ 1495 թվականին Աննան ամուսնացավ Թոմաս Հովարդի հետ, որը նրա հետ ամուսնանալու հավակնություն ուներ դեռևս Ռիչարդ III-ի օրոք։ Հովարդի հետ ամուսնությունը երջանիկ չէր և մթագնվում էր բոլոր երեխաների մահով։ Աննան, որն ուներ թույլ առողջություն, մահացավ մոտ 36 տարեկան հասակում։

Ծագում և վաղ տարիներ խմբագրել

   
Աննայի ծնողները՝ Էդուարդ IV և Էլիզաբեթ Վուդվիլ

Աննան ծնվել է 1475 թվականի նոյեմբերի 2-ին Վեստմինստերյան պալատում, և Էդուարդ IV-ի ու Էլիզաբեթ Վուդվիլի հինգերորդ դուստրն էր[3] և տասը երեխաներից՝ յոթերորդը[4][5]։ Աննան ուներ վեց քույր, որոնցից հասուն տարիքի հասել են միայն չորսը՝ ավագներից՝ Էլիզաբեթն ու Սեսիլիան, կրտսերներից՝ Քեթրինը և Բրիջիտը։ Մարիան, որը 8 տարով մեծ էր Աննայից, 14 տարեկանում մահացել է ինչ-որ հիվանդությունից[6][7], իսկ Մարգարիտան, որը մոտ երեք տարով մեծ էր Աննայից, մահացել է օրորոցում։ Աննան ուներ նաև հինգ եղբայր՝ երեք հարազատ (երկու ավագ և մեկ կրտսեր) և երկու համամայր ավագները՝ մոր ամուսնությունից Գրոուբիից Ջոն Գրեյի հետ՝ Թոմասը և Ռիչարդը։ Աննայի հարազատ եղբայրներից կրտսերը՝ Ջորջը, մահացել է մոտ երկու տարեկան հասակում, իսկ մյուս երկու եղբայրները՝ Էդուարդը և Ռիչարդը, 1483 թվականին անհետացել են Թաուերից՝ իրենց հորեղբոր՝ Ռիչարդ III-ի կառավարման ժամանակ[8]։ Աննայի հորական պապը Ռիչարդ Պլանտագենետն էր՝ Յորքի 3-րդ դուքսը՝ արական գծով Էդուարդ III թագավորի ծոռը և թագավորության ռեգենտը 1454-1455 թվականներին՝ Հենրի VI թագավորի հիվանդության ժամանակ։ Ռիչարդը հայտարարեց Յորքերի տան իրավունքը Անգլիայի թագին, և դրանով իսկ սկսվեց Վարդերի պատերազմը։ Արքայադստեր հորական տատիկը եղել է Սեսիլիա Նևիլը՝ Էդուարդ III թագավորի և նրա սիրուհու, ապա՝ երրորդ կնոջ՝ Եկատերինա Սուինֆորդի երրորդ որդու՝ Ջոն Գոնտի՝ իգական գծով թոռնուհին։ Մոր կողմից Աննայի պապը Ռիչարդ Վուդվիլն էր, Ռիվերսի 1-ին կոմսը, որը ծնվել էր ազնվական, բայց աղքատ և ոչ հայտնի ընտանիքում, մոր կողմից արքայադստեր տատիկը եղել է Ժակետա Լյուքսեմբուրգցին՝ թագուհի Մարգարիտա Անժուացու ֆրեյլինը․ նա պատկանում էր Լյուքսեմբուրգների հայտնի ֆրանսիական տոհմին։

Աննան մկրտվեց Վեստմինստերյան աբբայությունում, ծնվելուց անմիջապես հետո։ Աղջիկը միաժամանակ անվանակոչվեց Աննայի հորաքրոջ՝ Աննա Յորքի և նախատատի՝ Աննա Մորտիմերի պատվին, իսկ «Աննա» անունը նորություն եղավ անգլիական թագավորական ընտանիքի համար, Աննան դարձավ այդ անունով առաջին արքայադուստրը [3]։ Բացի այդ, դստեր անվան հարցում թագավորի ընտրության վրա, ամենայն հավանականությամբ, ազդել է Սուրբ Աննայի հանդեպ սնահավատ ակնածանքը, ըստ լուրերի, Էդուարդ IV-ը Սրբի հովանավորությանը դիմել է իր կյանքի կրիտիկական պահերին՝ իշխանության գալու վաղ փուլերում, և, հետևաբար, իրեն պարտավորված էր զգում նրա հանդեպ[9]։

 
Ֆիլիպ I Սիրունատես՝ Աննայի փեսացուն

1479 թվականին, երբ Աննայի չորս տարին դեռ չէր լրացել, Էդուարդ IV-ը բանակցություններ է սկսում արքայադստերը ամուսնացնելու Ավստրիայի էրցհերցոգ Մաքսիմիլիանի որդու՝ Ֆիլիպի հետ․ միության նախաձեռնությունը բխում էրցհերցոգից և հիացմունքով ընդունվեց Անգլիայում[10], քանի որ այդ ամուսնությունը քաղաքական օգուտ պետք է բերեր։ Էրցհերցոգի մայրը՝ Մարիա Բուրգունդացին, հսկայական հողերի ժառանգորդ էր և ազդեցություն ունեցեր եվրոպական գործերի վրա[11], բացի այդ, նրա խորթ մայրը Էդուարդ IV-ի հարազատ քույրն էր՝ Մարգարեթ Յորքցին։ Հաջորդ տարի պայմանավորվածությունը բերվեց ավելի պաշտոնական տեսքի. որպես ֆինանսական ապահովում արքայադստեր համար հատկացվեց 100 հազար կրոն գումար, էրցգերցոգ Մաքսիմիլիանը համաձայնեց Աննային վճարել տարեկան 6 հազար կրոն այն պահից, երբ նա կհասնի ամուսնական համաձայնության՝ 12-ամյա տարիքին, իսկ ապագա սկեսուրի պալատ ժամանելու և նշանադրության վավերացման պահից սկսած Աննան պետք է իր օգտագործման համար Արտուայում 8 հազար լիվր արժողությամբ հողեր ստանա։ Այն դեպքում, եթե Աննան հրաժարվի ամուսնությունից, Էդուարդը կամ նրա իրավահաջորդը պետք է վճարեր 60 հազար լիվր։ Փոխարենը էրցհերցոգը պարտավորվում էր անգլիական թագավորին ռազմական և քաղաքական աջակցություն ցուցաբերել Ֆրանսիայի դեմ [10]։ 1480 թվականի օգոստոսի 5-ին բանակցություններն ավարտվեցին[12]։

1479 թվականի պալատական գրառումները հայտնում են, որ այն ժամանակ, երբ բանակցություններ էին ընթանում Աննայի և Ֆիլիպ Ավստրիացու ամուսնության շուրջ, կենսաթոշակի նշանակմամբ պաշտոնաթող Է արվել արքայադստեր դայակը՝ «Ագնեսը՝ Թոմաս Բատլերի կինը»։ Գրառումները վկայում են այն մասին, որ Աննային, որը դեռ չի հասել նույնիսկ 4 տարեկան հասակի, բավականաչափ մեծահասակ են համարել և բաժանել են առաջին դաստիարակչուհուց[10]։ Ավելի վաղ, Աննայի հետ միաժամանակ, Ագնես Բատլերը զբաղվել է արքայադստեր կրտսեր եղբոր՝ Ջորջի դաստիարակությամբ[13], ով մահացել է 1479 թվականի մարտին՝ մոտ երկու տարեկան հասակում[14]։

Ռիչարդ III-ի օրոք խմբագրել

 
Ռիչարդ III, Աննայի հորեղբայրը, որը գահից հեռացրեց նրան, նրա եղբայրներին և քույրերին

Ֆիլիպ Ավստրիացու հետ Աննայի ամուսնության ծրագիրը ուժի մեջ մնաց ընդհուպ մինչև արքայադստեր հոր մահը[10][11] 1483 թվականին։ Էդուարդ IV-ի մահվանը հաջորդեց քաղաքական ճգնաժամը, որը կտրուկ փոխեց նախկին թագուհու և նրա երեխաների վիճակը։ Աննայի ավագ եղբայրը՝ Էդուարդ V-ը, որը գահի ժառանգորդն էր, իր հորեղբոր՝ լորդ-պրոտեկտոր Ռիչարդ Գլոստերի կողմից առևանգվեց Ուելսից մայրաքաղաք տանող ճանապարհին. միաժամանակ ձերբակալվեցին երիտասարդ թագավորի ուղեկիցները՝ Էնթոնի Վուդվիլը և Ռիչարդ Գրեյը՝ արքայադստեր քեռին և համամայր եղբայրը[15]։ Թագավորին տեղափոխեցին Լոնդոնի Թաուեր՝ թագադրման սպասումով, որտեղ ավելի ուշ նրան միացավ նրա միակ հարազատ եղբայր Ռիչարդը, մյուս երեխաների հետ, որոնց թվում էր նաև Աննան, այրիացած թագուհին թաքնվեց Վեստմինստերյան աբբայությունում[16]։

1483 թվականի հունիսի 22-ին Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի ամուսնությունը ճանաչվեց անօրինական[16], հանգուցյալ թագավորի բոլոր երեխաները խորհրդարանական ակտով ապօրինածին հայտարարվեցին և զրկվեցին գահի ու բոլոր տիտղոսների իրավունքներից։ Մի քանի օր անց Էնթոնի Վուդվիլը և Ռիչարդ Գրեյը գլխատվեցին։ 1483 թվականի հուլիսի 6-ին Ռիչարդ Գլոստերը հայտարարվեց թագավոր, որից անմիջապես հետո դադարեցին որևէ տեղեկություն ստացվել Թաուերում փակված Աննայի եղբայրների մասին[17][18][19][20]։ Գլոստերի կողմից գահը գրավելուց կարճ ժամանակ անց նրա հրամանով սկվայր Ջոն Նեսֆիլդը Վեստմինստեր է ուղարկում մի պահապանի, ով օր ու գիշեր զննում էր բոլոր նրանց, ովքեր մել ու մուտ էին անում թագուհու ապաստան, քանի որ մտավախություն կար, որ Աննայի ավագ քույրերից մեկը կկարողանար փախչել արտասահման և այնտեղ դաշնակից գտնել Ռիչարդ III-ին տապալելու համար[21]։ 1483 թվականի Սուրբ Ծնունդին Հենրի Թյուդորը, որի մայրը դավադրություն էր կազմակերպել Էլիզաբեթ Վուդվիլի հետ ընդդեմ Ռիչարդ III-ի, երդվել էր Ռեննի տաճարում[en], որ անգլիական գահին նստելուց անմիջապես հետո ամուսնանալու է Աննայի ավագ քրոջ՝ Էլիզաբեթի կամ Սեսիլիայի հետ (եթե Էլիզաբեթի հետ ամուսնությունը որևէ պատճառով հնարավոր չլինի[22])։ Բայց Թյուդորի կուսակցության ապստամբությունը, որը գլխավորում էր Բեքինգհեմի դուքսը, տապալվեց դեռևս մինչև Ռեննի տաճարում Հենրիի տված երդումը[23].

Բեքինգհեմի ապստամբության ձախողումից հետո Ռիչարդ III-ը բանակցություններ սկսեց եղբոր այրու հետ։ 1484 թվականի մարտի 1-ին թագավորը հրապարակավ երդվեց, որ Էդուարդ IV-ի դուստրերին վնաս չի հասցվի, և նրանց սրտնեղություն չի պատճառվի։ Բացի այդ, Ռիչարդը խոստացավ, որ նրանք չեն բանտարկվի Թաուերում կամ որևէ այլ բանտում։ Նա նաև խոստացավ յուրաքանչյուրին տարեկան 200 մարկի եկամուտ բերող հողեր որպես օժիտ տրամադրել և նրանց ամուսնացնել «ի ծնե ջենտլմենների» հետ[24][25]։ Նույն օրը հուշագիրը առաքվեց այրիացած թագուհուն՝ պարենի հետ միասին։ Արքայադուստրերը մեծ ուրախությամբ համաձայնեցին լքել իրենց մռայլ կացարանը և ապրել իրենց «ողորմած հորեղբոր խնամակալության տակ, ով պալատում առանձին սենյակներ էր նախատեսել նրանց հանգստի համար։ Թյուդորների ժամանակաշրջանի պատմաբան Էդվարդ Հոլլը[en] գրել է, որ Ռիչարդ III-ը «իր եղբոր բոլոր դուստրերին ստիպել է հանդիսավոր կերպով գալ իր պալատ, ասես նորովի ընտանեվարի և զվարճանք սիրող՝ նրանք պետք է մոռանային ... նրա հասցրած վիրավորանքը և դրան նախորդող բռնարարքները»[26]։

Էդուրադ IV-ի դուստրերի՝ պալատ ժամանելուց կարճ ժամանակ անց թագավորը սկսեց հարմար փեսացուներ փնտրել իր զարմուհիների համար․ Աննայի համար նա ընտրեց Թոմաս Հովարդին՝ Նորֆոլկի 2-րդ դքսի որդուն և ժառանգորդին, ի ցույց նրա տոհմի հանդեպ իր բարյացակամության[12], բայց нչհասցրեց ձևակերպել այս ամուսնությունը։

Թյուդորների օրոք խմբագրել

 
Էլիզաբեթ Յորքի՝ Աննայի քրոջ, և Հենրի VII-ի կրկնակի դիմանկարը

1485 թվականի օգոստոսին Ռիչարդ III-ը զոհվեց Բոսվորտի ճակատամարտում, և նվաճման իրավունքով նոր թագավոր դարձավ Հենրի VII-ը՝ Հենրի Թյուդորը, ով ավելի վաղ երդվել էր ամուսնանալ Աննայի ավագ քրոջ հետ։ Գահ բարձրանալով՝ Հենրի VII-ը չեղարկեց Titulus Regius ակտը, որը Էդուարդ IV-ի երեխաներին զրկել էր տիտղոսներից և գահի հանդեպ իրավունքներից. ակտը և դրա բոլոր օրինակները, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր փաստաթղթերը, հանվեցին արխիվներից[27]։

Երբ Էլիզաբեթ Յորքն ամուսնացավ նոր թագավորի հետ, Աննան ընդամենը տասներկու տարեկան էր, և նա մյուս քույրերի հետ միասին հայտնվեց արքունիքում՝ թագուհու՝ նրանց միակ հովանավորի խնամակալության ներքո։ Արքայադուստրը սկսեց մասնակցել պալատական արարողություններին։ Նա ներկա է գտնվել իր առաջին զարմիկի՝ Ուելսի արքայազն Արթուրի, մկրտությանը 1486 թվականի սեպտեմբերի 24-ին․ Աննան պահում էր մկրտության ծածկոցը, որով արարողությունից հետո պետք է ծածկվեր արքայազնի գլուխը, իսկ իրեն աջ կողմից ուղեկցում էր կոնստեբլ-ասպետ Ռիչարդ Հիլֆորդը[en], ձախից՝ մարշալ-ասպետ Ջոն Թերբևիլլը։ Նույն դերը Աննան կատարել է նաև 1489 թվականին իր ավագ զարմուհու՝ Մարգարիտի մկրտության արարողության ժամանակ։ Արքայադուստրը մասնակցում էր Զատկի, Սուրբ Ծննդյան տոնակատարություններին, ինչպես նաև Հենրի VII-ի պալատում տեղի ունեցած այլ միջոցառումներին[28]։

Գահին բարձրանալուց կարճ ժամանակ անց Հենրի VII-ը սկսեց ամուսնական ծրագրեր կառուցել կնոջ հարազատների համար և միություն փնտրել Շոտլանդիայի հետ։ Էդուարդ IV-ի այրիին թագավորը ծրագրում էր ամուսնացնել այդ ժամանակ այրիացած Ջեյմս III-ի հետ, իսկ նրա ժառանգորդ Ջեյմսը պետք է ամուսնանար հանգուցյալ թագավորի դուստրերից մեկի հետ[29]։ Քանի որ Սեսիլիան՝ Ջեյմսի նախկին հարսնացուն, արդեն նշանված էր թագավորի հորեղբոր՝ Ջոն Ուելսի հետ, իսկ Քեթրինը պետք է դառնար արքայազնի կրտսեր եղբոր կինը, ապա ընտրությունը մնում էր Աննայի և նրա քույրերից կրտսերի՝ Բրիջիտի միջև։ Բրիջիտը մտադիր էր գնալ վանք և, այդպիսով, Աննան մնում էր միակ թեկնածուն, սակայն 1488 թվականին Ջեյմս III-ի մահվամբ բոլոր բանակցությունները դադարեցվեցին և այլևս չվերսկսվեցին[30]։

1488 թվականին, Սուրբ Գևորգի հիշատակի օրը, Աննան, ի թիվս քսան այլ կանանց, թագուհի-քրոջ շքախմբի կամում էր․ նա հագել է կարմիր թավշյա թիկնոց և նստել սպիտակ ձիու[en] վրա, որի թամբը զարդարված էր ոսկեգույն գործվածքով, դրա վրա պատկերված էին սպիտակ վարդեր՝ Յորքերի տան խորհրդանիշը։ Հաջորդ անգամ արքայադուստրը հիշատակվում է 1492 թվականի հունիսին մոր մահվան հետ կապված աղբյուրներում։ Այստեղ Աննան նստած է Բերմոնձի աբբայությունում մահացող մոր մահճի մոտ, որտեղ այրիացած թագուհին անցկացրել էր իր կյանքի վերջին հինգ տարիները։ Աննան մոր հուղարկավորության ժամանակ թագուհու փոխարեն ղեկավարում էր սգացող կանանց․ թագուհին սպասում էր իր չորրորդ երեխայի ծնունդին և, այդ պատճառով, իր լիազորություններն ու պարտականությունները պատվիրակել էր կրտսեր քրոջը։ Աննան և նրա կրտսեր քույրերը՝ Քեթրինը և Բրիջիտը, թագուհու դին ուղեկցել են դեպի Վինձորի դղյակ, որտեղ հունիսի 13-ին Էլիզաբեթ Վուդվիլը հուղարկավորվել է երկրորդ ամուսնու կողքին՝ Սուրբ Գեորգիի կապելլայում։ Մունետիկի գրառումների համաձայն՝ «դրոշակակիրները գնում էին միլեդի Աննայի առջևից, որը ներկա էր թագուհու փոխարեն հոգեհանգստյան պատարագին, նա ծնկի եկած աղոթում էր գորգի և բարձի վրա ։ Նրան ուղեկցում էր վիկոնտ Ուելսը ... իսկ տիկին Եկատերինա Գրեյը պահել էր լեդի Աննայի զգեստի փեշը…»[30]։

Ամուսնություն խմբագրել

 
Աննայի ամուսինը ՝ Թոմաս Հովարդը։ Հանս Գոլբեյն կրտսերի վրձնի դիմանկար, մոտ 1539 թ․

Երբ Աննան հասավ անհրաժեշտ տարիքին, թագուհի Էլիզաբեթը սկսեց նրա համար հարմար փեսացու փնտրել։ Իր ուշադրությունը թագուհին բևեռեց անգլիական ազնվականության ներկայացուցիչների և առաջին հերթին Թոմաս Հովարդի՝ Սուրեյի 1-ին կոմսի որդու և ժառանգորդի վրա[30], ում հետ Աննային պլանավորել էր ամուսնացնել դեռևս Ռիչարդ III-ը[12]։ Իր ապագա ամուսնու հետ Աննան անձամբ ծանոթ էր մանկությունից, քանի որ նրա հայրը ծառայել էր արքունիքում՝ Էդուարդ IV-ի անձնական հանգստավայրում։ Վարդերի պատերազմում Հովարդները հանդես եկան Յորքերի կողմում, ինչի պատճառով Լենքասթերների ժառանգ Հենրի VII-ի օրոք, 1485 թվականին կոմս Սուրեյը երեք ու կես տարի բանտարկվեց Թաուերում, զրկվեց իրավունքներից, տիտղոսներից ու կալվածքներից։ Ավելի ուշ նա ազատություն ստացավ, վերականգնեց իրավունքների և հողերի մեծ մասը և կանչվեց պալատ, որտեղ թագավորին մոտ պաշտոն ստացավ։ Ընդ որում, վերադարձվեցին ոչ բոլոր տիտղոսները. Հովարդը ետ ստացավ Սուրեյի կոմսի տիտղոսը, իսկ Նորֆոլկի դուքսի տիտղոսը[31], որը նա պետք է ժառանգած լիներ Բոսվորտի ճակատամարտում հոր մահից հետո, նրան շնորհվեց միայն 1514 թվականին։ Հովարդ-կրտսերը մոտ երկու տարով մեծ էր Աննայից[32]։

Թագուհին հաշվի առավ քրոջ կարծիքը և համարում էր, որ Հովարդները բավականաչափ ազնավական են՝ նման բարձր ամուսնության հավակնելու համար, ուստի 1495 թվականի փետրվարի 4-ին (այլ տվյալներով՝ 1494 թվականին[11][4]) կայացավ Աննա Յորքի և Թոմաս Հովարդ-կրտսերի հարսանիքը[32][12][11][4]։ Պսակադրությունը տեղի ունեցավ Վեստմինստերյան աբբայությունում[12], ամուսնական տոնակատարությունները կայացան Պլացենտիա թագավորական պալատում[11][4]։ Թագավորական զույգը ներկա է եղել հարսանիքին, իսկ թագավորը՝ նաև տոնական պատարագին։ Սակայն 10 հազար մարկ օժիտը, որը Աննայի հայրն էր սահմանել դստեր համար, նորապսակները չստացան[32]։ Թագուհու կարգադրությամբ նորահարսին նշանակվեցին անուիտետային վճարումներ՝ տարեկան 120 ֆունտի չափով[12], որոնք պետք է իրականացվեին Աննայի ողջ կյանքի ընթացքում կամ մինչև նրա սկեսուրի մահը[33]․ այդ գումարը ներառում էր Աննայի, ինչպես նաև նրա ծառաների[34] և յոթ ձիերի[33] կեցության ծախսերը։ Այդ թոշակը նշանակվել էր նաև այն պատճառով, որ թագուհին չէր ցանկանում Աննային կախյալ թողնել ամուսնուց, որը հանգամանքների բերումով չէր կարողանում ապահովել արքայադստեր՝ նյութապես ապահով գոյությունը[34]։ Քանի որ փեսացուի հայրը ստացել էր միայն տոհմական ունեցվածքի մի մասը, և այդ մասում չկար թագավորական արյամբ կնոջ համար հարմար նստավայր, նորապսակները իրավունք ստացան օգտվել Յորքի դուքսի և Դորսեթի մարկիզի՝ համապատասխանաբար Աննայի զարմիկի և համամայր եղբոր, կալվածքներից[35]։ Փոխարենը թագուհին պահանջեց, որ կոմսի կամ նրա հարուստ ժառանգորդ կնոջ մահվան դեպքում Աննայի շահերը հաշվի առնվեն ամուսնու շահերի հետ հավասար։ Թագավորը Աննայի համար տարեկան ևս 26 ֆունտ հատկացրեց թագապատկան հողերից[33]։

Ամուսնությունից հետո Աննան լքեց պալատը, և քրոջը այցելում էր շատ հազվադեպ։ Պատճառներից մեկը[36] կարող էր լինել թույլ առողջությունը[11]՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան[37]։ Արքայադստեր՝ այս ժամանակահատվածի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Էլիզաբեթ Յորքի պալատի փաստաթղթերը հայտնում են, որ 1502-1503 թվականներին թագուհին Աննայի զգեստի համար յոթ յարդ կանաչ մետաքս է գնել Բրյուգգեից՝ մեկ յարդի համար վճարելով 2 շիլինգ 8 պեննի։ Բացի դա, 1502 թվականին Էլիզաբեթը քրոջ տարեկան ամենօրյա ծախսերի համար ավելացրել է 10 մարկ (6 ֆունտ 13 շիլինգ 4 պեննի), ինչպես նաև՝ 120 ֆունտ սահմանվել է Թոմաս Հովարդի համար, ինչը նա պարտավոր էր ծախսել կնոջ սննդի վրա։ 1503 թվականին թագուհին մահացավ, և Աննայի հանդեպ արքունիքի վերաբերմունքը փոխվեց։ Նա ներկա է գտնվել Էլիզաբեթ թագուհու հուղարկավորությանը, բայց ոչ որպես սգացող կին, այլ որպես հասարակ հանդիսատես։ Աննայի վիշտը քրոջ կորստից այնքան մեծ էր, որ նա չի կարողացել ներկա գտնվել հուղարկավորության ողջ արարողությանը[37]։

Հովարդի հետ ամուսնությունը երջանիկ չէր։ Թոմասը կապ է ունեցել Աննայի ֆրեյլին Բես Հոլլանդի[en][11]հետ, իսկ ամուսինների բոլոր երեխաները մահանում էին ծնվելուց անմիջապես հետո[38]։ Աննայից ծնված երեխաների ճշգրիտ թիվը և անունները հայտնի չեն։ Մերի Էնն Էվերեթ-Գրինը գրում է, որ Հովարդների տան գրառումները չորս երեխաների են հիշատակում, որոնցից միայն մեկը՝ Թոմասը, «բավականաչափ երկար» է ապրել, որպեսզի նրան հասցնեին մկրտել[37]։ Էլիսոն Ուեյրը Թոմասի ծնունդը նշում է մոտավորապես 1496 թվականին, իսկ մահը՝ 1508[4], Էվերեթ-Գրինը գրում է, որ տղայի գերեզմանի վրա նշված է մահվան ճշգրիտ ամսաթիվը՝ 1508 թվականի օգոստոսի 4[39]։ Ջեյմս Պենտոնը հաղորդում է, որ բացի Թոմասից, Աննան ունեցել է երկու որդի (մահացել են նորածնային հասակում) և մեկ մեռելածին երեխա[11], բայց Էլիսոն Ուեյրը Աննայի չորս երեխաների մեջ, բացի Թոմասից, նշում է որդուն և երկու դուստրերին. երեքն էլ մահացել են՝ նախքան հնարավոր կլիներ նրանց մկրտել[14]։ Թոմասը թաղվել է Լամբետում գտնվող Հովարդների ընտանեկան դամբարանում[37], ուր ավելի ուշ տեղափոխել են նրա պապի մնացորդները[40]։

Վերջին տարիներ և մահ խմբագրել

Աննայի կյանքի վերջին տարիների մասին միայն երկու գրառում է պահպանվել։ 1510 թվականի մարտի 23-ին նրա զարմիկը՝ թագավոր Հենրի VIII-ը, հորաքրոջը և նրա ամուսնուն՝ Ստեֆենհիթում այգու հետ միասին կալվածքներ է նվիրել։ Նույն թվականի նոյեմբերի 22-ին[39] թագավորը, որպես իր մեծ տատիկի՝ Ռիչարդ Քեմբրիջցու կնոջ՝ Աննա Մորտիմերի հողերի փոխհատուցում, Աննային և նրա հնարավոր ժառանգներին է փոխանցել ընդարձակ կալվածքներ, որոնց թվում եղել են Ուինգֆիլդի ամրոցը ու կալվածքը և բազմաթիվ այլ սեփականություններ[41] Նորֆոլկում, Սաֆֆոլկում, Յորքում, Լինքոլնում և Օքսֆորդում[39]։

Աննայի մահվան հստակ ամսաթիվը հայտնի չէ։ Էլիսոն Ուեյրը գրում է, որ արքայադուստրը մահացել է 1511 թվականի նոյեմբերի 22-ին կամ 23-ին, բայց՝ մինչև 1513 թվականը[14], Ջեյմս Պենտոնը որպես մոտավոր ամսաթիվ նշում է 1511 թվականի նոյեմբերի 23-ը[11]։ Մերի Էնն Էվերեթ-Գրինը գրում է այն մասին, որ Աննան այլևս չի հիշատակվում 1512 թվականի փետրվարին խորհրդարանում քննարկվող Հովարդներին ինչ-որ սեփականության հանձնելու մասին ակտում, բացի այդ, նույն ժամանակ քննարկվում էր նաև Էլիզաբեթ Ստաֆորդի հետ Թոմասի ամուսնության հնարավորությունը[39][38]։ Այս ամենը վկայում է, որ 1512 թվականի փետրվարին Աննան, անկասկած, մեռած է եղել[39]։

Սկզբնապես արքայադստեր մարմինը թաղվել է Տետֆորդի վանքում։ Ռեֆորմացիայից հետո Աննայի ամուսինը դիմել է թագավորին, որում խնդրել է պահպանել վանքը և այն վերածել ծխական եկեղեցու, քանի որ այստեղ թաղված է ոչ միայն Աննան՝ թագավորի մորաքույրը, այլև Հենրի VIII-ի արտամուսնական որդին՝ Հենրի Ռիչմոնդը։ Խնդրագիրը ազդեցություն չի ունեցել։ Նույն խնդրանքով թագավորին դիմել են նաև մյուս ազնվականները, նա մերժել է նրանց բոլորին, ընդ որում, Հենրի VIII-ը թույլ է տվել դադարեցնել վանքերի լուծարումը, որպեսզի բոլոր ցանկացողները հասցնեն վերահուղարկավորել իրենց հարազատների մասունքները[42]։ Թոմաս Հովարդը Աննայի աճյունը տեղափոխել է Ֆրեմլինգեմի Սուրբ Հրեշտակապետ Միքայել եկեղեցի[11][4] և շքեղ տապանաքար է պատվիրել՝ հաշվարկով, որ մահից հետո ինքը ևս թաղվելու է այստեղ, ինչպես և եղավ 1554 թվականին։ Քանի որ Աննան թագավորական ծագում ուներ, Թոմասը թաղվել էր նրա ձախ կողմում, այլ ոչ թե աջ, ինչպես ընդունված էր[40]։

Մշակույթում խմբագրել

Աննան Ֆիլիպպա Գրեգորիի «Սպիտակ թագուհին» և «Սպիտակ արքայադուստր» վեպերի, ինչպես նաև դրանց համանուն Էկրանավորումների հերոսներից մեկն է։ «Սպիտակ արքայադուստր» հեռուստասերիալում Աննայի դերը կատարել է Ռոզի Նայթլին։

Ծագումնաբանություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 Kindred Britain
  3. 3,0 3,1 Everett Green, 1852, էջ 1
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Weir, 2011, էջ 139
  5. Panton, 2011, էջ 50
  6. Weir, 2011, էջ 138
  7. Everett Green, 1851, էջ 401
  8. Weir, 2011, էջեր 2—3
  9. Everett Green, 1852, էջեր 1—2
  10. 10,0 10,1 10,2 10,3 Everett Green, 1852, էջ 3
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 Panton, 2011, էջ 51
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Creighton, 1891, էջ 64
  13. Everett Green, 1852, էջ 3 (note 4)
  14. 14,0 14,1 14,2 Weir, 2011, էջ 140
  15. Chalmers, 1817, էջ 353
  16. 16,0 16,1 Weir (I), 2011, էջ 222
  17. Weir (I), 2011, էջեր 222—223
  18. Норвич, 2012, էջ 355—365
  19. Устинов, 2012, էջ 284—295
  20. Everett Green, 1851, էջեր 413—414
  21. Everett Green, 1851, էջ 413
  22. Okerlund, 2009, էջ 94
  23. Everett Green, 1851, էջ 414
  24. Устинов, 2015, էջ 214—215
  25. Horrox, 2004
  26. Everett Green, 1851, էջ 416
  27. Устинов, 2012, էջ 296; 310—311
  28. Everett Green, 1852, էջ 4
  29. Everett Green, 1852, էջեր 4—5
  30. 30,0 30,1 30,2 Everett Green, 1852, էջ 5
  31. Everett Green, 1852, էջեր 6—7
  32. 32,0 32,1 32,2 Everett Green, 1852, էջ 7
  33. 33,0 33,1 33,2 Everett Green, 1852, էջ 9
  34. 34,0 34,1 Everett Green, 1852, էջ 8
  35. Everett Green, 1852, էջեր 7—8
  36. Everett Green, 1852, էջեր 10—11
  37. 37,0 37,1 37,2 37,3 Everett Green, 1852, էջ 10
  38. 38,0 38,1 Creighton, 1891, էջ 67
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 Everett Green, 1852, էջ 11
  40. 40,0 40,1 Everett Green, 1852, էջ 12
  41. Graves, 2004
  42. Everett Green, 1852, էջեր 11—12

Գրականություն խմբագրել

Հղումներ խմբագրել

  • «Lady Anne Plantagenet» (անգլերեն). Thepeerage.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.