Բրիջիտ Յորք (անգլ.՝ Bridget of York), նաև՝ Բրիջիտ Պլանտագենետ (անգլ.՝ Bridget Plantagenet, նոյեմբերի 10, 1480, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա - 1517, Դարթֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա)՝ անգլիական արքայադուստր Յորքերի տնից։

Բրիջիտ Յորք
անգլ.՝ Bridget of York
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1480
ԾննդավայրԳրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա
Մահացել է1517
Մահվան վայրԴարթֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունմիանձնուհի
Ծնողներհայր՝ Էդուարդ IV[1], մայր՝ Էլիզաբեթ Վուդվիլ[1]
ԵրեխաներAgnes of Eltham?

Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի կրտսեր դուստրը։ Կյանքի մեծ մասը միանձնուհի է եղել Կենտի Դարթֆորդի վանքում։

Նրա հոր մահից և Ռիչարդ III-ի կողմից գահի բռնազավթումից հետո Բրիջիտը, ով այդ պահին երեք տարեկան էլ չկար, ի թիվս Էլիզաբեթ Վուդվիլի և Էդուարդ IV-ի այլ երեխաների, հայտարարվել են անօրինական։ Աղջկա մայրը, վախենալով երեխաների կյանքի համար, նրանց տեղափոխել է Վեստմինստերյան աբբայություն, որտեղ հանգուցյալ թագավորի ընտանիքը ապաստան է ստացել և մոտ մեկ տարի անցկացրել։ Եղբոր ընտանիքին չվնասելու թագավորի խոստումից հետո արքայադստեր ավագ քույրերը տեղափոխվել են պալատ, իսկ Բրիջիտը ևս մեկ քրոջ՝ Քեթրինի հետ, ենթադրաբար, մնացել է ապրելու մոր հետ։

Երբ Ռիչարդ III-ը մահացավ, իսկ գահին հայտնվեց Հենրի VII Թյուդորը, Էդուարդ IV-ի երեխաներին բաստարդ հռչակած ակտը չեղյալ հայտարարվեց։ Հենրի VII-ը ամուսնացավ Բրիջիտի քույրերից ավագի՝ Էլիզաբեթի հետ։ Բրիջիտը դիտարկվել է որպես շոտլանդական արքայազնի հնարավոր հարսնացու, սակայն, ի վերջո, որոշվել է արքայադստերը վանք ուղարկել, ինչին ինքն էլ է հակված եղել։ Բրիջիտը բնակություն է հաստատել Կենտի Դարթֆորդի վանքում, որտեղից միայն մեկ անգամ է հեռացել՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու համար։ Դառնալով միանձնուհի՝ նա կապ է պահպանել թագուհի-քրոջ հետ, ով վճարել է նրա փոքր ծախսերը։ Բրիջիտը մահացել է և թաղվել Դարթֆորդի վանքում, որը Ռեֆորմացիայից հետո վերածվել է թագավորական նստավայրի։

ԿենսագրությունԽմբագրել

ԾագումԽմբագրել

   
Բրիջիտի ծնողները՝ Էդուարդ IV և Էլիզաբեթ Վուդվիլ

Բրիջիտը ծնվել է 1480 թվականի նոյեմբերի 10-ին[2] Էլթեմյան պալատում[3] և Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի ու Էլիզաբեթ Վուդվիլի տասը երեխաներից կրտսեր դուստրն ու ամենակրտսեր երեխան էր[4]։ Բրիջիտն ունեցել է վեց ավագ քույր, որոնցից հասուն տարիքի հասել են միայն չորսը՝ Էլիզաբեթը, Սեսիլիան, Աննան և Քեթրինը, Մարիան 14 տարեկանում, 1482 թվականին, մահացել է ինչ-որ հիվանդությունից[5][6], իսկ Մարգարետը մահացել է օրորոցում՝ Բրիջիտի ծնվելուց գրեթե ութ տարի առաջ։ Բրիջիտն ուներ նաև հինգ ավագ եղբայրներ՝ երեքը հարազատ և երկու համամայր ավագները՝ մոր և Գրոուբիից Ջոն Գրեյի հետ ամուսնությունից՝ Թոմասը և Ռիչարդը։ Բրիջիտի եղբայրներից կրտսերը՝ Ջորջը, մահացել է մոտ երկու տարեկան հասակում, իսկ մյուս երկու եղբայրները՝ Էդուարդը և Ռիչարդը, 1483 թվականին անհետացել են Թաուերից՝ իրենց հորեղբայր Ռիչարդ III-ի կառավարման ժամանակ[7]։ Բրիջիտի հորական պապը Ռիչարդ Պլանտագենետն էր՝ Յորքի 3-րդ դուքսը՝ արական գծով Էդուարդ III թագավորի ծոռը և թագավորության ռեգենտը 1454-1455 թվականներին՝ Հենրի VI թագավորի հիվանդության ժամանակ։ Ռիչարդը հայտարարեց Յորքերի տան իրավունքը Անգլիայի թագին, և դրանով իսկ սկսվեց Վարդերի պատերազմը։ Արքայադստեր հորական տատիկը եղել է Սեսիլիա Նևիլը՝ Էդուարդ III թագավորի և նրա սիրուհու, ապա՝ երրորդ կնոջ՝ Եկատերինա Սուինֆորդի երրորդ որդու՝ Ջոն Գոնտի՝ իգական գծով թոռնուհին։ Մոր կողմից Աննայի պապը Ռիչարդ Վուդվիլն էր, Ռիվերսի 1-ին կոմսը, որը ծնվել էր ազնվական, բայց աղքատ և ոչ հայտնի ընտանիքում, մոր կողմից արքայադստեր տատիկը եղել է Ժակետա Լյուքսեմբուրգցին՝ թագուհի Մարգարիտա Անժուացու ֆրեյլինը․ նա պատկանում էր Լյուքսեմբուրգների հայտնի ֆրանսիական տոհմին։

Բրիջիթը ծնվել է Սուրբ Մարտինի օրվա նախօրեին և հաջորդ օրը մկրտվել է Չիչեստերի եպիսկոպոս[en] Էդվարդ Սթորիի[en]կողմից[2]․ արարողության կնքամայրերը եղել են նրա հորական տատիկ Սեսիլիա Նևիլը, ավագ քույրը՝ Էլիզաբեթ Յորքը[8], իսկ քավորը՝ Վինչեսթերի եպիսկոպոս Ուիլիամ Ուեյնֆլիտը[2]։ Մկրտության արարողության ժամանակ նորածին արքայադստերը պահել է Մարգարետ Բոֆորթը՝ Անգլիայի ապագա թագավոր և Բրիջիտի փեսա Հենրի VII Թյուդորի մայրը[9]։ Արքայադստեր կոնֆիրմացիայի ժամանակ որպես կնքամայր հանդես է եկել նրա մորաքույրը՝ լեդի Մալտրևերսը՝ Մարգարետ Վուդվիլը[10][11]։ Աղջիկը, ենթադրաբար, անվանակոչվել է Սուրբ Բրիջիթ Շվեդացու պատվին[12]։ Արքայադստեր անունը անսովոր էր անգլիական թագավորական ընտանիքի համար, և աղջիկը դարձավ դրա առաջին կրողը. հավանաբար, Բրիջիտի անունը ընտրվել է նրա հորական տատիկի՝ Սեսիլիա Նևիլի կողմից, ով հետաքրքրված էր Բրիգիտների միաբանությամբ, որի հիմնադիրը Սուրբ Բրիջիթն էր[13]։

Վաղ տարիներԽմբագրել

1483 թվականի ապրիլին, երբ Բրիջիտը երեք տարեկան էլ չկար, Էդուարդ IV-ը հանկարծ մահացավ։ Դրան հաջորդեց քաղաքական ճգնաժամը, որը կտրուկ փոխեց նախկին թագուհու և նրա երեխաների վիճակը։ Բրիջիտի ավագ եղբայրը՝ Էդուարդ V-ը, ով գահի ժառանգորդն էր, իր հորեղբոր՝ լորդ-պրոտեկտոր Ռիչարդ Գլոստերի կողմից Ուելսից մայրաքաղաք ճանապարհին առևանգվեց։ Միաժամանակ ձերբակալվեցին երիտասարդ թագավորին ուղեկցող Էնթոնի Վուդվիլը և Ռիչարդ Գրեյը՝ արքայադստեր քեռին և համամայր եղբայրը[14]։ Թագավորը տեղափոխվեց Լոնդոնի Թաուեր, որտեղ ավելի ուշ նրան միացավ միակ հարազատ եղբայր Ռիչարդը, այրիացած թագուհին մյուս երեխաների հետ թաքնվեց Վեստմինստերյան աբբայությունում[15]։ Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյո՞ք Բրիջիտը մոր հետ միասին եղել է ապաստանում, հակասական հաղորդագրություններ կան. Մերի Էն Էվերեթ-Գրինը գրում է արքայադստեր թույլ առողջության մասի վկայող հաշիվների առկայության մասին, իսկ դա նշանակում է, որ նրան կարող էին թողած լինել այրի թագուհու կողմից վստահված անձանցից որևէ մեկի մոտ։ Մյուս կողմից, բժիշկների վճարման հաշիվների մեծ մասը բաժին է ընկել իր եղբոր՝ Էդուարդ V-ի կարճ կառավարման շրջանին՝ նախքան հանգուցյալ թագավորի ընտանիքի՝ աբբայություն տեղափոխվելը[10]։

1483 թվականի հունիսի 22-ին Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի ամուսնությունը ճանաչվեց անօրինական[15]։ Հանգուցյալ թագավորի բոլոր երեխաները խորհրդարանական Titulus Regius[en] ակտով հայտարարվեցին անօրինական և զրկվեցին գահի նկատմամբ իրավունքներից և բոլոր տիտղոսներից։ Մի քանի օր անց մահապատժի ենթարկվեցին արքայադստեր՝ ավելի վաղ առևանգված քեռին և համամայր եղբայրը՝ Էնթոնի Վուդվիլը և Ռիչարդ Գրեյը։ 1483 թվականի հուլիսի 6-ին Ռիչարդ Գլոստերը հայտարարվեց արքա, որից անմիջապես հետո դադարեցին որևէ տեղեկություն ստացվել Թաուերում փակված Բրիջիտի եղբայրների մասին[16][17][18]։ 1483 թվականի Սուրբ Ծնունդին Հենրի Թյուդորը, որի մայրը Ռիչարդ III-ի դեմ դաշինք էր կապել Էլիզաբեթ Վուդվիլի հետ Ռեննի տաճարում[en] երդվեց, որ անգլիական գահին նստելուց անմիջապետ հետո կամուսնանա Բրիջիտի ավագ քրոջ՝ Էլիզաբեթի կամ Սեսիլիայի հետ (եթե Էլիզաբեթի հետ ամուսնությունը որևէ պատճառով հնարավոր չլինի[9])։ Սակայն Թյուդորի կուսակցության ապստամբությունը, որը գլխավորում էր Բեքինգհեմի դուքսը, Ռեննում Թյուդորի երդումից առաջ տապալվեց[19]։

Բեքինգհեմի մահապատժից հետո Ռիչարդ III-ը բանակցություններ սկսեց եղբոր այրու հետ։ 1484 թվականի մարտի 1-ին թագավորը հրապարակավ երդվեց, որ Էդուարդ IV-ի դուստրերին վնաս չի հասցվի, և նրանց նեղություն չի պատճառվի։ Բացի այդ, Ռիչարդը խոստացավ, որ նրանք չեն բանտարկվի Թաուերում կամ որևէ այլ բանտում։ Նա նաև խոստացավ յուրաքանչյուրին, որպես օժիտ, տարեկան 200 մարկի եկամուտ բերող հողեր տրամադրել և նրանց ամուսնացնել «ի ծնե ջենտլմենների» հետ[20]։ Նույն օրը հուշագիրը առաքվեց այրիացած թագուհուն՝ պարենի հետ միասին։ Արքայադուստրերը մեծ ուրախությամբ համաձայնեցին լքել իրենց մռայլ կացարանը և ապրել իրենց «ողորմած հորեղբոր խնամակալության տակ, ով պալատում առանձին սենյակներ էր նախատեսել նրանց հանգստի համար։ Թյուդորների ժամանակաշրջանի պատմաբան Էդվարդ Հոլլը[en] [en] գրել է, որ Ռիչարդ III-ը «իր եղբոր բոլոր դուստրերին ստիպել է հանդիսավոր կերպով գալ իր պալատ, ասես նորովի ընտանեվարի և զվարճանք սիրող՝ նրանք պետք է մոռանային ... նրա հասցրած վիրավորանքը և դրան նախորդող բռնարարքները»[21]։ Ըստ տարածված վարկածի՝ Բրիջիտն ու քույրերը տեղափոխվել են թագավորական պալատ՝ Ռիչարդ III-ի պաշտպանության ներքո, սակայն կա ևս մեկ վարկած, ըստ որի Բրիջիտն ու նրա ավագ քույրը՝ Քեթրինը, ապաստանից դուրս գալուց հետո մնացել են ապրելու մոր հետ[22]։ Այնուամենայնիվ, Բրիջիտին դուր էր գալիս աբբայությունում գտնվելը[23]։

Երկու տարի անց՝ 1485 թվականի օգոստոսին, Ռիչարդ III-ը զոհվեց Բոսվորտի ճակատամարտում, և նվաճման իրավունքով նոր թագավոր դարձավ Հենրի VII Թյուդորը։ Այս միապետը չեղյալ հայտարարեց Titulus Regius ակտը, որը Էդուարդ IV-ի երեխաներին զրկել էր տիտղոսներից և գահի իրավունքներից. ակտը և դրա բոլոր պատճեները, ինչպես նաև՝ բոլոր փաստաթղթերը, որոնք կապված էին դրանց հետ, հանվեցին արխիվներից։ Բրիջիտի քույր Էլիզաբեթը, ըստ Ռեննի երդման, դարձավ Անգլիայի թագուհի[24]։

Կյանքը վանքումԽմբագրել

 
Բրիջիտը դառնում միանձնուհի։Ջեյմս Նորտկոտ, 1822 թվական

Հավանաբար, Բրիջիտի ծնվելուց անմիջապես հետո նրա ծնողները սկսել են դիտարկել դստերը վանք ուղարկելու հնարավորությունը, որտեղ նա իրեն կրոնական կյանք կնվիրեր։ Ռիչարդ III-ը նախատեսում էր զարմուհուն ամուսնացնել իր կողմնակիցներից մեկի հետ, երբ նա հասներ ամուսնական համաձայնության տարիքին։ Ավելի ուշ Հենրի VII-ը սկսեց ամուսնական ծրագրերի կառուցել կնոջ հարազատների համար, և ի սկզբանե Բրիջիտը դիտարկվեց որպես Շոտլանդիայի արքայազն Ջեյմսի (ապագա թագավոր Ջեյմս IV-ը) երկու հնարավոր հարսնացուներից մեկը. ընտրությունը կանգնեց նրա և նրա ավագ քրոջ՝ Աննայի միջև։ Երբ Բրիջիտը համառ ցանկություն հայտնեց՝ դառնալ միանձնուհի, որպես շոտլանդական արքայազնի հարսնացու ընտրվեց Աննան։ Արքայադստերը՝ վանք գնալու ցանկության մեջ աջակցել է Հենրի VII-ի մայր Մարգարետ Բոֆորթը, որը հայտնի էր իր կրոնականությամբ, ինչը, հավանաբար, ազդել է թագավորի վերջնական որոշման վրա։ Արքայադստեր՝ Դարթֆորդի պրիորատ հեռանալու ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, բայց դա տեղի է ունեցել 1486 թվականից հետո, երբ շոտլանդացի արքայազնի հարսնացու վերջնականապես ընտրվեց արքայադուստր Աննան, բայց՝ մինչև 1492 թվականը, երբ մահացավ Բրիջիտի մայրը[23]։ 1492 թվականին արքայադուստրը, որը դեռ տասներկու տարեկան չկար, կարճ ժամանակով լքեց վանքը, որպեսզի ներկա լինի մոր հուղարկավորությանը[25][23]։ Բրիջիտը, ի թիվս այլ սգացողների, մոր մարմինը ուղեկցել է Վինձոր, որտեղ ներկա է եղել պատարագին, որից հետո վերադարձել է Դարթֆորդ[26]։

Դարթֆորդի վանքը, որպես վանական կյանքի կեցավայր, արքայադստեր համար պատահական չէր ընտրվել։ Մենաստանը հիմնադրվել էր Էդուարդ III-ի կողմից և զարգացել է նրա թոռան՝ Ռիչարդ II-ի օրոք։ Որոշ ժամանակ վանքը օգտագործվել է ողջ Անգլիայի ազնվականության ներկայացուցիչների կողմից ինչպես կրթության, այնպես էլ կրոնական կյանքի համար։ Մենաստանը մի քանի անգամ մի վանական միաբանությունից անցել է մյուսին՝ մե՛կ դոմինիկյաններին, մե՛կ՝ ավգուստինյաններին․ Բրիջիտի՝ Դարթֆորդի վանքում գտնվելու ժամանակ այն պատկանել Է Ավգուստինյան միաբանությանը։ Մենաստանը փակ է եղել, և բացի մոր հուղարկավորությունից, չկան այլ վկայություններ, որ արքայադուստրը լքած լինի վանքը[27]։ Բրիջիտի ժամանակակիցների գրառումները նրա մասին չափազանց կարճ են և փոքրաթիվ։ Թոմաս Մորը գրել է՝ «Բրիջիտը ուներ նույն առաքինությունը, ինչ նա, ում անունը նա կրում էր՝ Դարթֆորդում դավանելով և հետևելով կրոնական կյանքի կանոններին»[23]։

Բրիջիտն իր ողջ կյանքի ընթացքում կանոնավոր նամակագրություն է ունեցել թագուհի-քրոջ հետ, ով վճարել է քրոջ փոքր ծախսերը[28] և 20 մարկի չափով՝ ապրուստավճարը[29], ինչպես նաև Էլթեմից Ագնեսի[en] կեցության ծախսերը (վերջինս որբ էր, և Բրիջտը նրան վերցրել էր իր խնամակալության տակ)։ Լուրեր էին շրջանառվում, թե Ագնեսը արքայադստեր արտամուսնական դուստրն է[30]։ Ժամանակ առ ժամանակ Բրիջիտը թագավորական քրոջից լրացուցիչ վճարումներ է ստացել. այսպես, 1502 թվականի հուլիսի 6-ին Էլիզաբեթը Դարտֆորդի աբբայությանն է ուղարկել 66 շիլլինգ 8 պեննի՝ Բրիջիտի ծախսերը հոգալու համար և նույնքան գումար՝ նաև քրոջը[31]։ Բրիջիտի անունով թագուհու վերջին վճարումը կատարվել է Էլիզաբեթի մահվանից մի քանի ամիս առաջ՝ 1503 թվականին[28]։ 1502 թվականի սեպտեմբերի 24-ին Բրիջիտը Վինձորից՝ Էլիզաբեթից նամակ է ստացել, որում թագուհին հարց ու փորձ է արել քրոջ առողջության մասին և խնդրել աղոթել իր համար[32]։ Հավանաբար, Բրիջիտը կապ է պահպանել նաև հորական տատի՝ Սեսիլիա Նևիլի հետ, ով 1495 թվականին կրտսեր թոռնուհուն երեք գիրք է կտակել՝ Ոսկե լեգենդ ու սրբեր Եկատերինա Սիենացու և Հիլդա Ուիթբիից կենսագրությունները[29]։

Բրիջիտը մահացել և թաղվել է Դարթֆորդի մենաստանում[33]։ Մահվան պատճառը հայտնի չէ[4]։ Հայտնի չէ նաև մահվան ճշգրիտ ամսաթիվը. տարբեր տվյալներով՝ դա տեղի է ունեցել մինչև 1513 թվականը[3] կամ՝ մոտ 1517 թվականին[34]։ Առաջին ամսաթվի օգտին վկայում է այն փաստը, որ 1513 թվականին Էդուարդ IV-ի դուստրերի մասին Թոմաս Մորի գրառումներում ապրողների մեջ հիշատակված է միայն Քեթրինը[35], ով վախճանվել է տասնչորս տարի անց։ Անգլիայի Ռեֆորմացիայի ժամանակ Դարթֆորդի վանքը վերափոխվել է թագավորական նստավայրի, սակայն որպես այդպիսին չի օգտագործվել հետագա տասը տարիների ընթացքում[33]։

ՄշակույթումԽմբագրել

Բրիջիտ Յորքը Ֆիլիպպա Գրեգորիի «Սպիտակ թագուհի» և «Սպիտակ արքայադուստր» վեպերի հերոսներից մեկն է։ «Սպիտակ արքայադուստր» հեռուստասերիալում Բրիջիտի դերը կատարել է Հեյդի Իլին[36]։

ԾննդաբանությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 Everett Green, 1852, էջ 44
  3. 3,0 3,1 Weir, 2011, էջ 142
  4. 4,0 4,1 Panton, 2011, էջ 77
  5. Weir, 2011, էջ 138
  6. Everett Green, 1851, էջ 401
  7. Weir, 2011, էջեր 2—3
  8. Okerlund, 2009, էջ 17
  9. 9,0 9,1 Okerlund, 2009, էջ 94
  10. 10,0 10,1 Everett Green, 1852, էջ 45
  11. Pauline Routh Princess Bridget(անգլ.) // The Ricardian. — 1975. — Т. 3. — № 49. — С. 13.
  12. Sutton, Visser-Fuchs, 2005, էջ 110
  13. Weir, 2013, էջ 70
  14. Chalmers, 1817, էջ 353
  15. 15,0 15,1 Weir (I), 2011, էջ 222
  16. Weir (I), 2011, էջեր 222—223
  17. Норвич, 2012, էջ 355—365
  18. Устинов, 2012, էջ 284—295
  19. Everett Green, 1851, էջ 414
  20. Устинов, 2015, էջ 214—215
  21. Everett Green, 1851, էջ 416
  22. Everett Green, 1852, էջ 16
  23. 23,0 23,1 23,2 23,3 Everett Green, 1852, էջ 46
  24. Устинов, 2012, էջ 296; 310—311
  25. Sutton, Visser-Fuchs, 2005, էջ 73
  26. Weir, 2013, էջ 291
  27. Everett Green, 1852, էջեր 46—47
  28. 28,0 28,1 Everett Green, 1852, էջ 47
  29. 29,0 29,1 Weir, 2013, էջ 246
  30. Weir, 2013, էջ 489
  31. Weir, 2013, էջ 388
  32. Weir, 2013, էջ 394
  33. 33,0 33,1 Everett Green, 1852, էջ 48
  34. Pauline Routh Princess Bridget(անգլ.) // The Ricardian. — 1975. — Т. 3. — № 49. — С. 14.
  35. Everett Green, 1852, էջեր 47—48
  36. The White Princess(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

ԳրականությունԽմբագրել

ՀղումներԽմբագրել