Մարիա Յորք[մ 1] (անգլ.՝ Mary of York; օգոստոսի 11, 1467, Վինձոր ամրոց, Վինձոր, Բերկշիր, Անգլիայի թագավորություն - մայիսի 23, 1482, Palace of Placentia, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա)՝ անգլիական արքայադուստր Յորքերի տնից, Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երկրորդ դուստրը։

Մարիա Յորք
York Sisters.jpg
 
Մասնագիտություն՝ ազնվական
Ծննդյան օր օգոստոսի 11, 1467
Ծննդավայր Վինձոր ամրոց, Վինձոր, Բերկշիր, Անգլիայի թագավորություն
Վախճանի օր մայիսի 23, 1482 (14 տարեկան)
Վախճանի վայր Palace of Placentia, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Անգլիա
Գերեզման Սուրբ Գեորգի մատուռ
Թաղված Սուրբ Գեորգի մատուռ
Դինաստիա Յորքեր
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Հայր Էդուարդ IV[1]
Մայր Էլիզաբեթ Վուդվիլ[1]

Մարիայի կյանքի առաջին տարիները սերտորեն կապված են նրա ավագ քրոջ՝ ապագա թագուհի Էլիզաբեթ Յորքի հետ, ով տասնութ ամսով մեծ էր նրանից։ Արքայադուստրերը դաստիարակվել և կրոնական կրթություն են ստացել միասին և մանկուց սովոր են եղել թագավորական նստավայրերի միջև հաճախակի տեղաշարժերին։ Ժամանակ առ ժամանակ աղջիկներին կանչում էին արքունիք, որտեղ նրանք ներկա էին լինում տոնակատարություններին և պետական այցերի ժամանակ։ Արքայադուստրերի համար նախատեսված էր նաև օրվա խիստ ռեժիմ, իսկ նրանց անվտանգությանը հատուկ ուշադրություն էր դարձվում։ Հատկանշական է, որ հաշվեգրերում, որոնք վերաբերում են աղջիկների մանկության ժամանակներին, խաղալիքների համար արված ծախսեր գրեթե նշված չեն։

1469 թվականին Մարիայի հայրը կոնֆլիկտ ունեցավ իր վաղեմի կողմնակից կոմս Ուորիքի հետ, ով Մարիայի հորեղբայր Քլարենսի դքսի և նախկին թագուհի Մարգարիտա Անժուացու հետ դաշնակցած խռովություն բարձրացրեց թագավոր դեմ։ Շուտով Էդուարդ IV-ը գահընկեց արվեց, իսկ Մարիան մոր և քույրերի հետ հայտնվեց Վեստմինստերյան աբբայությունում, որտեղ նրանք անցկացրեցին հաջորդող հինգ ամիսները։ Ապաստարանում լույս աշխարհ եկավ նաև Մարիայի կրտսեր եղբայրը՝ Էդուարդը, որի ծնունդը արքայադստեր հորը դրդեց արագացնել իր թագավորության վերանվաճումը։ 1471 թվականի ապրիլին Էդուարդ IV-ը իր իշխանության տակ վերադարձրեց Լոնդոնը և անմիջապես ընտանիքին տեղափոխեց իր մոր նստավայրը, իսկ հետո՝ Լոնդոնի Թաուեր։

Ուորիքի կուսակցության վերջնական ջախջախումից և երկրում խաղաղության վերականգնումից հետո Մարիայի և նրա ավագ քրոջ համար սկսեցին փեսացուներ փնտրել։ Էլիզաբեթին հարմար գտան ամուսնացնել ֆրանսիական դոֆին Կարլի հետ, որի հարսնացուն կարող էր լինել նաև ինքը՝ Մարիան, քրոջ վաղաժամ մահվան կամ ամուսնության այլ խոչընդոտների առկայության դեպքում։ 1481 թվականին Մարիայի փեսացուն պետք է դառնար Դանիայի ապագա թագավոր Ֆրեդերիկ I-ը, սակայն երբ բանակցություններ էին ընթանում ամուսնության շուրջ, Մարիան ծանր հիվանդացավ և մահացավ։

ԿենսագրությունԽմբագրել

Ծագում և վաղ տարիներԽմբագրել

   
Մարիայի ծնողները՝ Էդուարդ IV և Էլիզաբեթ Վուդվիլ

Մարիան ծնվել է 1467 թվականի օգոստոսի 11-ին Վինձորի ամրոցում և Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երկրորդ դուստրն էր, նրանց տասը երեխաներից՝ երկրորդը[2]․ արքայադուստրը նաև երկու համամայր եղբայր ուներ՝ մոր և Գրոուբիից Ջոն Գրեյի հետ ամուսնությունից՝ Թոմասը և Ռիչարդը։ Հոր կողմից աղջիկը եղել է Ռիչարդ Պլանտագենետի՝ Յորքի 3-րդ դուքսի, ով հայտարարել էր Անգլիայի թագի հանդեպ Յորքերի տան իրավունքների մասին, և Սեսիլիա Նևիլի, մոր կողմից՝ Ռիվերսի 1-ին կոմս Ռիչարդ Վուդվիլի և Ժակետա Լյուքսեմբուրգցու թոռնուհին։ Աղջիկը մկրտվեց ծնվելուց անմիջապես հետո. արքայադստեր կնքահայրերից մեկը կարդինալ Թոմաս Բուրշյեն էր[3]։

1467 թվականին թագավորը կնոջը ցմահ օգտագործման է տրամադրել Սուրեայի Շին պալատը, որտեղ կազմակերպվել էր թագավորական մանկասենյակը․ ավանդույթի համաձայն ՝ թագավորական զավակները դաստիարակվել են Լոնդոնից և պալատից հեռու՝ հանուն նրանց անվտանգության և առողջության[4]։ Այստեղ Մարիան, իր ավագ քրոջ՝ Էլիզաբեթի, ով ծնվել էր 1466 թվականի փետրվարի 11-ին, տնային դաստիարակչուհի Մարգարետի՝ լեդի Բերներսի գլխավորությամբ (Էդուարդ III թագավորի ծոռ և Էլիզաբեթ թագուհու ընտանիքի մտերիմ ընկեր Բերնեսի բարոն սըր Ջոն Բուրշյեի կինն էր[5], լեդի Մարգարետը իր ծառայությունների համար տարեկան 100 ֆունտ աշխատավարձ էր ստանում, 2013 թվականի համարժեքությամբ՝ 50 հազար ֆունտ)[6] անցկացրել է իր մանկությունն ու մանկության մի մասը։ Բացի դաստարակչուհուց, արքայադուստրերին ծառայելու համար աղախնի հաստիքներ են առանձնացված եղել[3] և տարեկան 400 ֆունտ՝ նրանց կարիքների համար (2013 թվականի համարժեքությամբ՝ մոտ 200 հազար ֆունտ)[7]։ Արքայադուստրերը մանկուց վարժվել էին ճանապարհորդելուն, քանի որ թագավորական զույգը երեխաների և ընդարձակ արքունիքի հետ շրջում էր թագավորական հարյուրավոր գահանիստ վայրերում, որոնք մեծամասամբ գտնվում էին Թեմզայի հովտում[8]։

Կրոնական դաստիարակություն և կյանքը արքունիքումԽմբագրել

Թագավորական ընձյուղների կրոնական ուսուցումը սկսվում էր շատ վաղ տարիքում․ չորս տարեկանում երեխաները պետք է իմանային Սաղմոսագիրքը։ Տոնական օրերը, մասնավորապես Քրիստոսի հաղթական մուտքը, Զատիկը, Սուրբ Գևորգի հիշատակի օրը, Երրորդությունը, Բոլոր սրբերի օրը և Քրիստոսի Սուրբ Ծնունդը, ինչպես նաև այլ սրբերի օրերը, աչքի էին ընկնում մատուռում կատարվող հատուկ արարողակարգով, քարոզներով և զվարճանքներով․ Էլիզաբեթն ու Մարիան այդ օրերին պատարագի ժամանակ նվիրաբերություններ էին կատարում։ Ավագ Հինգշաբթի օրն աղջիկները նվերներ էին բաժանում աղքատներին, Ավագ Ուրբաթ օրը նրանց սովորեցրել էին ծնկաչոք մոտենալ խաչին։ Մեծ և Սուրբծննդյան ծոմապահության ժամանակ աղջիկները պետք է ծոմ պահեին կամ զերծ մնային մսից։ Ամանորին արքայադուստրերը նվերներ էին ստանում, իսկ տասներկուերորդ գիշերը[en] նրանց թույլատրվում էր միանալ տոնակատարություններին և խնջույքին[9]։

Երբեմն փոքրիկ արքայադուստրերին կանչում էին պալատ, որտեղ նրանք ներկա էին լինում փառատոներին և պետական այցերին։ Պալատում Էլիզաբեթը և Մարիան միանում էին իրենց մոր շքախմբին՝ նրա և նրա տիկնանց օրինակով ուսումնասիրելով երաժշտություն, երգ, պար, ասեղնագործություն և այն ամենը, ինչ անհրաժեշտ էր համարվում նրանց՝ թագավորի ապագա կին, մայր և «պալատի զարդ» դերերին նախապատրաստելու համար։ Աղջիկները հագնվում էին մանրանկարներով շքեղ հագուստներ, որպիսիք կրում էին ազնվական կանայք, ինչպես նաև, երբ մեծանում էին, սովորում էին կառավարել ծանր գործվածքները, երկար շլեյֆերը և բարդ գլխակապերը։ Արքայադուստրերը բարեկիրթ շարժուձևերին տիրապետում էին վաղ տարիքից. Երիտասարդ իշխանուհիները մեծ ակնածանքով էին վերաբերվում իրենց ծնողներին, որոնց հաճախ չէին տեսնում, այն երեկոները, երբ նրանք միասին էին, աղջիկները ծնկի էին իջնում իրենց հոր և մոր առջև և փափագում էին նրանց օրհնությունը, որը տրվում էր «Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու»[10]։

Օրվա ռեժիմԽմբագրել

Ամենօրյա ռեժիմը, որին հետևում էին Էլիզաբեթը և Մարիան, հավանաբար նման էր նրան, որը հետագայում սահմանվեց թագավորի կողմից իրենց եղբայր Էդուարդի համար, երբ վերջինս դարձավ երեք տարեկան, ինչպես նաև դա կարող էր հիմնված լինել այն սովորույթների վրա, որոնք նկարագրված են իրենց հորեղբայր Քլարենսի դուքս Ջորջի կենցաղային գրքերում։ Երեխաներին արթնացնում էին առավոտյան ժամը 6-ին, որպեսզի նրանք կարողանային «[իրենց] տարիքին համապատասխան հարմար ժամին ոտքի ելնել»՝ իրենց ննջարանում մասնակցելու առավոտյան աղոթքին։ Այնուհետև հնչող զանգը նրանց տեղեկացնում էր, որ ժամանակն է գնալ պատարագի, որը տեղական մատուռում մատուցում էր տնային քահանան։ Պատարագի ծառայությունների կանոնավոր պահպանումը թագավորի երեխաների համար դիտվում էր որպես անհրաժեշտություն, որի շնորհիվ Էլիզաբեթը մեծացավ որպես բավականին բարեպաշտ տիկին։ Պատգարագից անմիջապես հետո արքայադուստրերը նախաճաշում էին. նախաճաշի հավանական բաղադրիչներն էին հացը, կարագը, էլը, ձուկը, միսը կամ ձուն։ Արքայադուստրերի ճաշը մատուցվում էր առավոտյան ժամը 10-ին կամ 11-ին, իսկ հացկերույթն իրենից ներկայացնում էր «ազնիվ ծառայություն» այն ուտեստներից, որոնք «մատուցվում էին հարգված մարդկանց» և շքազգեստներ հագած սկվայրերի կողմից», և կարող էր շարունակվել մինչև երկու ժամ։ Սննդի ընդունման ժամանակ քույրերին կարդում էին խրատական ու վեհանձն պատմություններ[11], բացի դա թագավոր Էդուարդ IV-ը պնդել է, որ իր երեխաների տներում չլինեն «սկանդալիստներ, խուլիգաններ, վտանգավոր մարդիկ կամ դավաճաններ», և բոլոր խոսակցությունները նրանց ներկայությամբ լինեն « առաքինի, ազնիվ ... և իմաստուն»[12]։ Ճաշից հետո արքայադուստրերը լոգանք էին ընդունում և, հնարավոր է, ցերեկային քուն մտնում։ Ավելի ուշ աղջիկներին ըմպելիքներ ու հաց էին բերում, որից հետո հնչում էր երեկոյան ժամերգությունն ազդարարող զանգը։ Ընթրիքը մատուցվում էր երեկոյան ժամը 4-ին։ Երեկոյի մնացած մասն արքայադուստրերն անցկացնում էին զվարճանքների մեջ, ինչպիսիք էին խաղերն ու երաժշտությունը․ թագավորի դուստրերը քնում էին երեկոյան ժամը 8-ին՝ նախապես սնվելով հացով, Էլով կամ գինիով և այլ մթերքներով։ Հատկանշական է այն փաստը, որ այդ ժամանակաշրջանի իշխանուհիների պալատական հաշիվներում խաղալիքներ գրեթե չեն հիշատակվում[13]։

Հատուկ ուշադրություն էր դարձվում արքայադուստրերի անվտանգությանը։ Այն բանից հետո, երբ երեկոյան ժամը 8-ին փակվում էին Էլիզաբեթի և Մարիայի ննջարանի դռները, ոչ ոք, բացի նրանց անձնական ծառաներից, չէր կարող մտնել նրանց մոտ։ Աղջիկների ննջարանում գիշերը վառ էին թողնում մոմը կամ ջահը. բացօթյա դարպասները փակվում էին երեկոյան ժամը 9-ին, ձմռանը և ամռանը՝ 10-ին[14][15]։ Պահապանները գիշերը երեք-չորս անգամ շրջայց էին կատարում ամրոցի տարածքով՝ ստուգելով յուրաքանչյուր սենյակ։ Ավելի ուշ արքայազն Էդուարդին հատուկ անձ էր կցվել, որը գիշերում էր նրա ննջարանում և գիշերային ժամերին հետևում էր տղայի անվտանգությանն ու առողջությանը; հավանաբար, արքայադուստրերը նույնպես նման մարդ ունեցել են[14]։

1469—1471 թվականների ճգնաժամԽմբագրել

1469 թվականի մարտին Էլիզաբեթ թագուհին ծնեց ևս մեկ դուստր՝ Սեսիլիային, ինչը լուրջ անհանգստություն առաջացրեց թագավորի մոտ և ստիպեց նրան մտածել, որ իրենից հետո երկիրը կղեկավարի ավագ դուստրը՝ Էլիզաբեթը։ Մեկ տարի առաջ արքունիքում լուրեր էին տարածվել թագավորի կողմնակից կոմս Ուորիքի և թագուհու միջև թշնամանքի սրման մասին․ թագուհու բազմաթիվ հարազատներն էին պալատում առաջ քաշել կոմսին։ Նույն 1468 թվականին Էդուարդ IV-ի և Ուորիքի միջև պառակտում էր տեղի ունեցել թագավորի քրոջ՝ Մարգարիտայի ամուսնության պատճառով. Ուորիքը, չկարողանալով թագավորին ամուսնացնել ֆրանսիական արքայադստեր հետ, ցանկանում էր Ֆրանսիայի հետ դաշինք կնքել Մարգարիտայի և ֆրանսիացի արքայազնի ամուսնության միջոցով, սակայն Էդուարդ IV-ը, Վուդվիլների խորհրդով, քրոջը կնության տվեց Ֆրանսիայի թշնամու՝ բուրգունդացի դուքս Կարլին, որին Ուորիքն ատում և արհամարհում էր։ Ուորիքի և թագավորական զույգի միջև թշնամանքը հանգեցրեց կոմսի միությանը թագավորի կրտսեր եղբոր՝ Ջորջ Քլարենսի հետ, որին Մարիայի ավագ քույրը, փաստորեն, հեռվացրել էր գահաժառանգի պաշտոնից[16]։

Ավելի վաղ, դեռևս այն ժամանակ, երբ թագավորը մտերիմ էր Ուորիքի հետ, կոմսը ցանկանում էր իր դուստրերին՝ Իզաբելային և Աննային, որոնք Անգլիայի ամենահարուստ ժառանգորդուհիներն էին, ամուսնացնել թագավորի եղբայրների հետ, սակայն Էդուարդ IV-ը մերժել էր նրան՝ վախենալով Նևիլների առաջխաղացումից։ 1469 թվականի հուլիսին Քլարենսը բացահայտ անհնազանդություն ցուցաբերեց եղբորը՝ Կալեում ամուսնանալով Ուորիքի ավագ դստեր հետ, այնուհետև նրանք երկուսով զորքով ժամանեցին Անգլիա և հայտարարեցին Ջորջի՝ անգլիական գահի նկատմամբ հավակնությունների մասին՝ Էդուարդ IV-ին հայտարարելով բաստարդ, որը ծնվել է Սեսիլիա Նևիլի և անգլիացի աղեղնավոր Բլեյբերնի հետ կապից[17]։ Այդ ժամանակ թագուհին առնվազն երկու դուստրերի հետ, որոնցից մեկը Էլիզաբեթն էր, այցելում է Նորիջ, որտեղ նրանց ընդունում են շքեղ հանդիսություններով և թատերական ներկայացումներով։ Թագուհուն և արքայադուստրերին բնակեցրել էին քարոզիչ-վանականների տանը, որտեղ թագավորական ընտանիքը նորություններ է ստանում այն մասին, որ Ուորիքը ոչ միայն հաղթել է Էջքոթ Մուրի ճակատամարտում, այլև բռնել է թագավորին, ինչպես նաև՝ առանց դատարանի մահապատժի է ենթարկել Էլիզաբեթ թագուհու հորը և եղբորը՝ կոմս Ռիվերսին և Ջոն Վուդվիլին։ Հայտնի չէ, թե ինչպես է պապի մահն ազդել արքայադուստրերի վրա, սակայն, ամենայն հավանականությամբ, թագուհին երեխաներից թաքցրել է կատարվածը[18]։ Այդ ձերբակալվել էր նաև թագուհու մայրը՝ Ժակետա Լյուքսեմբուրգցին, ում մեղադրում էին կախարդության և թագավորին կախարդելու մեջ։ Թեև արքայադստեր տատիկը արդարացվեց, սակայն այս տհաճ դրվագը, ինչպես նաև կոմս Ռիվերսի մահապատիժը ցույց տվեցին, թե որքան հեռու էին պատրաստ գնալ Էդուարդ IV-ի թշնամիները՝ նրա կնոջն ու ընտանիքը ոչնչացնելու համար։ Չնայած այս ամենին՝ թագուհին և նրա դուստրերը Ուորիքի կարճատև առաջխաղացման ժամանակ չեն տուժել, բացառությամբ այն բանի, որ Էլիզաբեթ Վուդվիլի աղախնի հաստիքը կրճատել էին[19].

1469 թվականի աշնանը Էդուարդ IV-ին հաջողվեց ազատություն ստանալ, և արդեն սեպտեմբերին նա հաղթական երթով մտավ Լոնդոն, որտեղ սկսեց ազնվականներին գրավել իր կողմը[20]։ 1470 թվականի գարնանը Էդուարդ IV-ը լիովին վերականգնեց վերահսկողությունը կառավարության վրա և Ուորիքին ու Քլարենսին հայտարարեց դավաճաններ։ Նրանք երկուսն էլ փախան Ֆրանսիա, որտեղ Ուորիքին հաջողվեց 1470 թվականի հուլիսին դաշինք կնքել նախկին թագուհի Մարգարիտա Անժուացու հետ, ով ցանկանում էր գահին վերականգնել իր ամուսնուն կամ որդուն[21]վերջինիս ամուսնացնելով Ուորիքի կրտսեր դստեր հետ[22]։ 1470 թվականի սեպտեմբերին, երբ դուարդ IV-ը պատրաստվում էր Ուորիքի և Մարգարիտա Անժուացու միացյալ ուժերի ներխուժմանը, Մարիան և նրա քույրերը իրենց մոր հետ տեղափոխվեցին Լոնդոնի Թաուեր՝ ապահովելու իրենց անվտանգությունը։ Ապագայի ճգնաժամը կանխատեսելով՝ թագուհին հրամայել էր ամրացնել Թաուերը։ Էլիզաբեթ Վուդվիլը հղիության 7-րդ ամսում էր, և նրա համար ծննդասենյակ էին պատրաստել, սակայն դրանից օգտվել նրան չհաջողվեց. երբ Ուորիքը ներխուժեց Անգլիա, վերջինիս եղբայր Մոնթեգյուն լքեց Էդուարդին, իսկ հոկտեմբերի սկզբին Լոնդոնում լուր տարածվեց այն մասին, որ թագավորը եղբոր՝ Ռիչարդ Գլոստերի հետ փախել է երկրից՝ միայն վերադարձի մշուշոտ հույս ունենալով [22]։ Հոկտեմբերի 6-ին Ուորիքն ու Քլարենսը մուտք գործեցին Սիթի, իսկ արդեն հոկտեմբերի 30-ին պաշտոնապես գահ բարձրացավ Հենրի VI թագավորը[23]։

Ստանալով ամուսնու անկման մասին լուրը՝ թագուհի Էլիզաբեթը մոր և երեք դուստրերի հետ միասին[24], որոնց թվում էր նաև Մարիան, կեսգիշերին գետային բեռնանավով հապշտապ հեռացավ Թաուերից և ապաստանեց Վեստմինստերյան աբբայությունում, որտեղ նրան գիտեին որպես շատ բարեպաշտ կին։ Երբ թագավորական ընտանիքը ժամանեց, աբբայությունը գրեթե դատարկ էր․ իր հովանավորության ներքո նրանց ընդունեց Վեստմինստերի աբբահայր Թոմաս Միլինգը՝ բարի, հյուրընկալ մարդ, նա չցանկացավ թագուհուն երեխաների հետ տեղավորել հանցագործների հետ և նրանց զիջեց աբբայության արևմտյան մուտքի մոտ գտնվող իր տունը, որտեղ կային երեք սենյակներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ էր թագուհու հարմարության համար[25]։ Թագավորական ընտանիքին օգնություն էին ցուցաբերում նաև հասարակ լոնդոնցիները. մսագործ Ջոն Գուլդը Էդուարդ IV թագավորի ընտանիքին շաբաթական կովի կես և երկու ոչխար էր զոհաբերում, իսկ ձկնավաճառը նրանց մթերքով ապահովում էր ուրբաթ և ծոմապահության օրերին[23]։

Ապաստանում գտնվելով՝ արքայադուստրերը ժամանակի մեծ մասն անցկացնում էին դայակների հետ, քանի որ թագուհի Էլիզաբեթը զբաղված էր 1470 թվականի նոյեմբերի 2-ին ծնված նրանց եղբոր՝ արքայազն Էդուարդի խնամքով[26][27]։ Մարիան ընտանիքի հետ ապաստանում մնաց ևս հինգ ամիս[28]։ 1471 թվականի ապրիլին, թագավոր Էդուարդ IV-ը, որդու ծննդյան լուրն առնելով, հապշտապ վերադարձավ Անգլիա և Վեստմինստերյան աբբայությունում շնորհակալական աղոթքից հետո իր ընտանիքը դուրս բերեց այստեղից։ Նույն գիշեր թագավորական ընտանիքը տեղափոխվեց Բեյնարդ ամրոց[en], որը թագավորամայր Սեսիլիա Նևիլի նստավայրն էր[29][30]։ Ապրիլի 11-ին Յորքերը թագավորի մոր, թագուհու եղբայր Էնթոնի Վուդվիլի և Քենթերբերիի արքեպիսկոպոսի ուղեկցությամբ ուղևորվեցին լոնդոնյան Թաուերի թագավորական հանգստավայր, իսկ թագավորը մեկնեց հյուսիս՝ մարտնչելու թագավորությունը համար։ Ապրիլի 13-ին Բարնեթի ճակատամարտում Ուորիքը սպանվեց[31], մայիսի 4-ին Էդուարդ IVԹյուքսբերիի ճակատամարտում վերջնականապես ջախջախեց լանքասթերներին[32], որի ժամանակ սպանվեց նաև լանքասթերների ժառանգորդ Էդուարդ Վեստմինստերցին և գերեվարվեց Մարգարիտա Անժուացին[31]։ Սակայն մայիսի 12-ին, քանի դեռ Էդուարդը դեպի Լոնդոն ճանապարհին էր, Լանքասթերների վերջին կողմնակիցները գորհ ձեռնարկեցին Թաուերի վրա՝ նպատակ ունենալով գահին վերադարձնել Հենրի VI-ին․ գետի կողմից գնդակոծվեցին երկու աշտարակներ, որոնցից մեկում Մարիան էր՝ ընտանիքի հետ։ Հարձակումը հետ մղվեց, սակայն դա ստիպեց թագավորին մահվան մատնել իր նախորդին, և 1471 թվականի մայիսի 21-ին թագավոր Հենրի VI-ը խեղդամահ արվեց իր բանտախցում[33]։

Վերջին տարիներ, ամուսնական ծրագրեր և մահԽմբագրել

 
Մարիայի ենթադրյալ փեսացու Ֆրեդերիկ I Դանիացին

1474 թվականի վերջին Էդուարդ IV-ը, պատրաստվելով ներխուժել Ֆրանսիա, կտակ ստորագրեց, համաձայն որի Մարիան և նրա ավագ քույրը` Էլիզաբեթը, պետք է տասը հազար մարկի չափով օժիտ ստանային[34][26] պայմանով, որ արքայադուստրերը ամուսնության հարցում հնազանդ լինեին իրենց մորը և եղբորը՝ թագավորին[35]։ Սակայն ընդամենը երկու ամիս անց Էդուարդ IV-ը Ֆրանսիայի հետ հաշտության պայմանագիր կնքեց, որի պայմաններից մեկը Մարիայի ավագ քրոջ և դոֆին Կարլի ամուսնությունն էր՝ աղջկա ամուսնական համաձայնության տարիքին հասնելուն պես, և Էլիզաբեթի անժամանակ վաճխանի պարագայում դոֆինի հարսնացուն պետք է դառնար Մարիան[36], սակայն 1481 թվականին աղջիկը, ըստ ամենայնի, նշանադրվեց Դանիայի ապագա թագավոր Ֆրեդերիկի հետ[37], ինչը նշանակում էր, Ֆրանսիային պահեստային հարսնացու այլևս պետք չէ[38]։ Այլ աղբյուրների համաձայն, նշանադրություն երբեք տեղի չի ունեցել. ամուսնության բանակցությունները սկսվելուց անմիջապես հետո դադարեցվել են արքայադստեր առողջության վատթարացման պատճառով[39]։ Ավելի վաղ Մարիայի հավանական փեսացուն եղել է Ֆրեդերիկի ավագ եղբայր Հովհաննես Դանիացին, բայց հայտնի չէ ՝ ամուսնության բանակցությունները երբևէ սկսվե՞լ են․․․[2]։

1476 թվականին Մարիան, ի թիվս այլոց, ներկա է գտնվել իր հորական պապի՝ Յորքի դքսի և վերջինիս 2-րդ որդու աճյունների վերահուղարկավորման արարողությանը Ֆոտերինգեում։ 1478 թվականին Մարիան ներկա է եղել իր կրտսեր եղբոր՝ Յորքի դուքս Ռիչարդի և Աննա Մոուբրեյի հարսանիքին[36]; 1480 թվականին նա կրտսեր քրոջ՝ Սեսիլիայի հետ ներգրավվել է Կախազարդի Միաբանության տիկնանց մեջ[40]։ Այս ամենից բացի ոչ մի այլ տվյալներ չկան այն մասին, թե ինչպես է ապրել Մարիան վերջին տարիներին, այդ ժամանակաշրջանի փաստաթղթերը պարունակում են միայն տեղեկություններ երկրում տիրող քաղաքական իրավիճակի մասին և չեն անդրադառնում թագավորական ընտանիքի կրտսեր անդամների անձնական կյանքին[41]։

1481 թվականի վերջին Մարիան հիվանդացել [42] և 1482 թվականի մայիսի 23-ին մահացել[40][42] Պլացենտիա պալատում[2]։ Արքայադստեր մարմինը չի զմռսվել, բայց պճնված է եղել թանկարժեք հագուստներով և հրաժեշտի համար դրված է եղել Գրինվիչի եկեղեցում։ Նույն օրը հոգեհանգստի պատարագ է մատուցվել Նորիջի եպիսկոպոսի[en]՝ Ջեյմս Գոլդուելի[en] կողմից, ևս մեկ ծառայություն տեղի է ունեցել հաջորդ օրը բազմաթիվ կրոնական գործիչների և ազնվականության ներկայացուցիչների՝ Չիչեստերի եպիսկոպոսի[en]՝ Էդվարդ Սթորիի[en], Դաքրի բարոնի[en], Դադլիի բարոնի ու Բոշանի բարոնի[en] և Վինձորի դեկանի[en] ներկայությամբ։ Շքեղ դագաղով Մարիայի մարմինը տեղափոխվել է Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի մատուռ և թաղվել կապելլայի հարավ-արևելյան մասում՝ արքայազն Ջորջի՝ Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի որդու կողքին, որը մահացել էր մանկահասակ տարիքում[43]։ Մարիայի հուղարկավորության ժամանակ լալկաններ են եղել թագուհու քույր բարոնուհի Գրեյը, լեդի Քետրին Գրեյը, լեդի Սթրենջը, Դաքրի բարոնուհին[en] և այլ տիկնայք[44]։ Դաքրի բարոնուհին Մարիայի կրտսեր եղբոր՝ Ջորջի, մահից հետո որպես ֆրեյլին և տնային դաստիարակչուհի ծառայում էր արքայադստերը[42][45]։ Երրորդ և վերջին պատարագը արդեն հուղարկավորությունից հետո մատուցվել է հասարակ մարդկանց համար[44]։

1789 թվականին կապելլայում վերանորոգում իրականացրած բանվորը պատահաբար հայտնաբերել և բացել է Էդուարդ IV թագավորի և նրա կնոջ՝ Էլիզաբեթ Վուդվիլի դամբարանը։ Դամբարանին հարող տարածքում հայտնաբերվել են երկու երեխաների՝ ենթադրաբար Ջորջի և Մարիայի դագաղներ[46][47]։ Սակայն 1810 թվականին կապելլայում պատրաստվում էին հուղարկավորության համար տեղ առանձնացնել Ջորջ III-ի ընտանիքի անդամների համար և մեկ այլ տեղանքում հայտնաբերվել են ևս երկու երեխաների մնացորդներ. որոշ մնացորդներ, որոնք լավ են պահպանվել, համընկել են Մարիայի պարամետրերին[48]։ Այսպիսով, հայտնի չէ, թե ում աճյուններն են թաղվել Էդուարդ IV-ի և նրա կնոջ գերեզմանի մոտ[46][47]։

ՄշակույթումԽմբագրել

Մարիան Ֆիլիպպա Գրեգորիի «Սպիտակ թագուհին» վեպի երկրորդական կերպարներից մեկն է։ Նա նաև հայտնվում է Գրեգորիի «Սպիտակ թագուհին» վեպի էկրանավորման մի քանի սերիաներում, սակայն նրան անվանապես դիմում են միայն «Իշխանության գինը» սերիայի մեջ. փոքրիկ Մերին էկրանին հայտնվում է ընդամենը մի քանի րոպե՝ 1469 թվականի իրադարձությունների համատեքստում[⇨][49].

ԾագումնաբանությունԽմբագրել

ՄեկնաբանություններԽմբագրել

  1. Կարող էր կոչվել նաև Մարիա կամ Մերի Պլանտագենետ.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 Panton, 2011, էջ 336
  3. 3,0 3,1 Everett Green, 1851, էջ 396
  4. Weir, 2013, էջեր 21—22
  5. Okerlund, 2009, էջ 9
  6. Weir, 2013, էջ 16
  7. Weir, 2013, էջ 21
  8. Weir, 2013, էջ 17
  9. Weir, 2013, էջեր 24—25
  10. Weir, 2013, էջեր 25—26
  11. Weir, 2013, էջ 23
  12. Weir, 2013, էջ 26
  13. Weir, 2013, էջեր 23—24
  14. 14,0 14,1 Weir, 2013, էջ 24
  15. Everett Green, 1851, էջ 398
  16. Weir, 2013, էջ 30
  17. Weir, 2013, էջեր 31—32
  18. Weir, 2013, էջ 36
  19. Weir, 2013, էջեր 36—37
  20. Loades, 2009, էջ 71
  21. Weir, 2013, էջ 39
  22. 22,0 22,1 Weir, 2013, էջ 40
  23. 23,0 23,1 Weir, 2013, էջ 43
  24. Okerlund, 2009, էջ 6
  25. Weir, 2013, էջ 42
  26. 26,0 26,1 Loades, 2009, էջ 72
  27. Weir, 2011, էջ 143
  28. Weir, 2013, էջ 44
  29. Weir, 2013, էջ 46
  30. Everett Green, 1851, էջ 397
  31. 31,0 31,1 Weir, 2013, էջ 47
  32. Okerlund, 2009, էջ 7
  33. Weir, 2013, էջեր 48—49
  34. Okerlund, 2009, էջ 13
  35. Gairdner, 1889, էջ 200
  36. 36,0 36,1 Everett Green, 1851, էջ 399
  37. Everett Green, 1851, էջ 400
  38. Horrox, 2004
  39. Everett Green, 1851, էջեր 400—401
  40. 40,0 40,1 Weir, 2011, էջ 138
  41. Everett Green, 1851, էջեր 399—400
  42. 42,0 42,1 42,2 Everett Green, 1851, էջ 401
  43. Everett Green, 1851, էջեր 401—403
  44. 44,0 44,1 Everett Green, 1851, էջեր 401—402
  45. Weir, 2013, էջ 60
  46. 46,0 46,1 St. John Hope, 1913, էջեր 418–419
  47. 47,0 47,1 Vetusta Monumenta, 1789, էջ 4
  48. Everett Green, 1851, էջ 403
  49. «[Price of Power]». The White Queen. Season 1. Episode 2. 2013. 58 (42—43) րոպե. STARZ. 

ԳրականությունԽմբագրել

ՀղումներԽմբագրել