Բոսվորտի ճակատամարտ՝ 1485 թվականի օգոստոսի 22-ին Լասթերշիրում (ԱնգլիաԲոսվորտի դաշտում տեղի ունեցած ճակատամարտ անգլիական թագավոր Ռիչարդ III-ի և գահին հավակնող Ռիչմոնդի կոմս Հենրի Թյուդորի զորքերի միջև։

Բոսվորտի ճակատամարտ
Թվականօգոստոսի 22, 1485
Մասն էԱլ և Սպիտակ վարդերի պատերազմ
ՎայրAmbion Hill? և Bosworth Field site?
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Հենրի Թյուդորը, ով Լանքասթերների տոհմի կանանց ճյուղով Պլանտագենետների ժառանգն էր, գահի նկատմամբ ոչ մի իրավունք չուներ. նրա մայրը, թեև Էդուարդ III-ի որդի Հովհան Գոնտացու ծոռն էր, բայց եղել է Լանքասթեր-Բոֆորթների արտամուսնական ճյուղի ժառանգը, որին խորհրդարանի հատուկ որոշմամբ, դեռևս Հենրի IV-ի օրոք, մերժվել է գահաժառանգությունը։ Բայց ներքին պատերազմի արդյունքում Էդուարդ III-ի բազմաթիվ ժառանգների գրեթե բոլոր ճյուղերը ընդհատվեցին, ինչի արդյունքում Հենրին մնաց միակ կենդանի Լանքասթերը։ Նրա մրցակիցը՝ Ռիչարդ III-ը, բռնազավթեց իշխանությունը՝ միաժամանակ շրջանցելով իր եղբորորդիներին։ Նրա մահը էապես փոխեց Անգլիայի պատմությունը։

Ռիչարդի կառավարումը սկսվեց 1483 թվականին, երբ նա գահը գրավեց իր տասներկուամյա եղբորորդուց՝ Էդուարդ V-ից, որից հետո կրտսեր եղբոր հետ անհետացան, ինչը վերագրվեց Ռիչարդին։ Նրա հեղինակությունը խաթարվեց նաև կնոջ՝ Աննա Նևիլի մահվան մեջ նրա հնարավոր ներգրավվածության մասին լուրերով։ Հենրի Թյուդորը՝ Լանքասթերի տան հետնորդը, կառչեց Ռիչարդի դժվարություններից և ներկայացրեց գահի հանդեպ իր իրավունքները։ 1484 թվականին Անգլիա ներխուժելու Հենրիի առաջին փորձը խափանվեց փոթորկի հետևանքով, բայց նրա հաջորդ վայրէջքը 1485 թվականի օգոստոսի 7-ին Ուելսի հարավ-արևմտյան ափին դիմադրության չհանդիպեց։ Գտնվելով երկրի ներսում՝ Հենրին իրեն ապահովագրեց զգալի աջակցությամբ։ Ռիչարդը շտապ հավաքեց զորքերը և քաղաքից հարավ՝ Լասթերշիրի Բոսվորտի դաշտում կասեցրեց Հենրիի բանակի առաջխաղացումը։ Լորդ Թոմաս Սթենլին և սըր Ուիլյամ Սթենլին նույնպես իրենց ուժերը բերեցին ռազմի դաշտ, բայց չմասնակցեցին ճակատամարտի առաջին փուլին՝ որոշելով, թե որ կողմին է ավելի ձեռնտու աջակցելը։

Ռիչարդը իր բանակը, որը գերազանցում էր Հենրիի բանակին, բաժանեց երեք խմբի (կամ «մարտերի»)։ Մեկը տրվեց Ջոն Հովարդին՝ Նորֆոլկի դուքսին, մյուսը՝ Հենրի Պերսիին՝ Նորթումբերլենդի 4-րդ կոմսին։ Հենրին իր ուժերը չբաժանեց, և դրանք տվեց Օքսֆորդի կոմս փորձառու Ջոն դե Վերի հրամանատարությանը։ Նորֆոլկի հրամանատարությամբ Ռիչարդի ավանգարդ ուժերը գրոհի ենթարկվեցին Օքսֆորդի կոմսի հետևակի կողմից․ Նորֆոլկը սպանվեց, և նրա ջոկատը սկսեց աստիճանաբար նահանջել։ Նորթումբերլենդը որևէ գործողություն չձեռնարկեց, երբ թագավորին օգնելու հրաման ստացավ։ Նկատելով Հենրիի շքախմբի վրա հարձակվելու հնարավորությունը՝ Ռիչարդը որոշեց ամեն ինչ ներդնել հարձակման անցնելու գործին՝ նրան սպանելու և պայքարն ավարտելու համար։ Թագավորական պահակախմբի ասպետները առանձնացան բանակից, հարձակվեցին Հենրիի և նրա ջոկատի վրա․ Հենրին կործանման եզրին էր։ Այնուամենայնիվ, այդ պահին Սթենլիները միջամտեցին պայքարին՝ հարձակվելով Ռիչարդի ջոկատի վրա։ Մարտում Ռիչարդի պահակախումբը կոտորվեց, և նա ինքն էլ տապալվեց ձիուց և սպանվեց։ Ճակատամարտից հետո Հենրին թագադրվեց Էմբիոն Հիլլի վրա՝ ռազմադաշտին կից։

Հենրին մատենագիրներ է վարձել՝ իր թագավորությունը բարենպաստ կերպով պատկերելու համար, և Բոսվորտի ճակատամարտը հանրահռչակվեց՝ Թյուդորների դինաստիան որպես նոր դարաշրջանի սկիզբ ներկայացնելով։ 15-րդ դարից մինչև 18-րդ դար պայքարը գունազարդված էր որպես լավի հաղթանակ վատի նկատմամբ, և քանի որ Ուիլյամ Շեքսպիրի պիեսի գագաթնակետը Ռիչարդի վերելքը և անկումն են, այն հիմք է հանդիսացել իրադարձությունների հետագա էկրանացման համար։ Ճակատամարտի ճշգրիտ վայրը տվյալների պակասի պատճառով հստակ չէ, և հուշարձանները տեղադրվել են տարբեր վայրերում։ Բոսվորտի ճակատամարտի Հուշակենտրոնը կառուցվել է 1974 թվականին, տեսության հիման վրա ընտրված վայրում, ինչը հետագայում վիճարկվել է մի քանի գիտնականների և պատմաբանների կողմից։ 2009 թվականի հոկտեմբերին հետազոտողների թիմը, որը 2003 թվականից երկրաբանական և հնագիտական պեղումներ էր կատարում, ճակատամարտի գտնվելու վայրը ենթադրաբար նշեց Էմբիոն Հիլլից երկու մղոն հարավ-արևմուտքը։

Նախապատմություն խմբագրել

15-րդ դարի ընթացքում քաղաքացիական պատերազմը Անգլիայում Յորքերի և Լանքասթերների պայքարն էր անգլիական գահի համար։ 1471 թվականին Բարնետի և Թյուքսբերիի մարտերում Յորքերը հաղթեցին մրցակիցներին։ Հենրի VI-ը և նրա միակ որդին՝ Էդուարդը, մահացան Թյուքսբերիի ճակատամարտից հետո՝ Լանքասթերների տունը զրկելով գահի անմիջական հավակնորդներից։ Էդուարդ IV թագավորը սկսեց լիավորն վերահսկել Անգլիան[1]։ Նա իրեն հնազանդվելու հրաժարվողներին զրկեց իրավունքներից, որոնց թվում էին Ջասպեր Թյուդորը և նրա զարմիկ Հենրին։ Թագավորը դավաճաններ անվանեց և բռնագրավեց նրանց հողերը։ Թյուդորների ընտանիքը փախավ Ֆրանսիա, բայց ուժեղ քամիները նրանց հանեցին Բրետանի ափ, որտեղ ձերբակալվեցին տեղի դուքս Ֆրանցիսկ II-ի կողմից[2]։ Հենրիի մայրը՝ Մարգարեթ Բոֆորթը Ռիչարդ II-ի հորեղբայր և Հենրի IV թագավորի հայր Ջոն Գոնտի հեռավոր հետնորդն էր[3]։ Բոֆորթներն ի սկզբանե բաստարդներ էին, բայց Հենրի IV-ը լեգիտիմացրեց նրանց, պայմանով, որ իրենց սերունդները գահը չեն ժառանգելու[4]։ Հենրի Թյուդորը՝ Լանքասթերների միակ ողջ մնացած ժառանգը, գահի հանդեպ թույլ իրավունքներ ուներ[1], և Էդուարդը նրան համարում էր «ոչ ոք»[5]։ Այնուամենայնիվ, Բրետոնի դուքսն այս հարցում այլ կարծիք ուներ՝ ի դեմս Հենրիի տեսնելով արժեքավոր միջոց՝ Անգլիայից Ֆրանսիայի դեմ օգնություն պահանջելու համար։ Այդ պատճառով նա իր պաշտպանության տակ էր պահում Թյուդորներին[5]։

Էդուարդ IV-ը մահացավ 12 տարի անց՝ 1483 թվականի ապրիլի 9-ին[6]։ Նրա տասներկուամյա որդին թագավոր հռչակվեց Էդուարդ V անունով, իսկ կրտսեր որդին՝ իննը տարեկան Ռիչարդ Շրուսբերին, գահի հաջորդ հավակնորդն էր։ Քանի որ Էդուարդ V-ը չափազանց երիտասարդ էր, ստեղծվեց Թագավորական Խորհուրդ՝ երկիրը կառավարելու համար՝ մինչև նրա չափահաս դառնալը։ Թագավորական արքունիքն անհանգստացավ՝ իմանալով, որ Վուդվիլները՝ Մայր թագուհի Էլիզաբեթի ազգականները, դավադրություն են կազմել Խորհրդի վերահսկողությունը իրենց ձեռքն առնելու համար[7]։ Վուդվիլները շատերին վիրավորում էին հարստության և իշխանության իրենց ձգտմամբ, նրանք սիրված չէին[8]։ Նրանց հավակնությունները ի չիք դարձնելու համար լորդ Ուիլյամ Հաստինգսը և Խորհրդի մյուս անդամները դիմեցին նոր թագավորի հորեղբորը՝ Գլոստերի դուքս և Էդուարդ IV-ի եղբայր Ռիչարդին՝ համոզելով նրան ավելի արագ ընդունել ռեգենտությունը, ինչպես ցանկանում էր իր հանգուցյալ եղբայրը[9]։ Ապրիլի 29-ին Գլոստերը, անձնական պահակախմբի և Բեքինգհեմի 2-րդ դուքս Հենրի Ստաֆորդի ուղեկցությամբ իր վերահսկողության տակ վերցրեց Էդուարդ V-ին և ձերբակալեց Վուդվիլ ընտանիքի մի քանի նշանավոր անդամների[10]։ Երիտասարդ թագավորին Թաուերում տեղավորելուց հետո Գլոստերը դավաճանության մեղադրանքով մահապատժի ենթարկեց թագուհու եղբորը՝ Էնթոնի Վուդվիլին և նրա՝ առաջին ամուսնությունից ծնված որդուն՝ Ռիչարդ Գրեյին[11]։

 
Էլիզաբեթ Յորք․ նրա ամուսնության մասին լուրերը սկիզբ դրեցին Հենրիի արշավանքին

Հունիսի 13-ին Գլոստերը Հաստինգսին մեղադրեց Վուդվիլների հետ դավադրության մեջ և մահապատժի ենթարկեց նրան[12]։ Ինը օր անց նա համոզեց Խորհրդարանին անվավեր ճանաչել Էդուարդ IV-ի և Էլիզաբեթի ամուսնությունը, իսկ նրա որդիներին՝ գահի անօրինական հավակնորդներ[13]։ Իր եղբորորդիներից հետո նա հաջորդն էր գահի իրավահաջորդության շարքում և հունիսի 26-ին հռչակվեց թագավոր[14]։ Գահին տիրելու ժամանակի ընտրությունը և գործընթացի ոչ իրավական բնույթը Ռիչարդին զրկեցին հանրաճանաչությունից, և նրա մասին վատ լուրեր տարածվեցին ամբողջ Անգլիայում[15]։ Այն բանից հետո, երբ նրա եղբորորդիները հայտարարվեցին բաստարդներ, երկու արքայազններն էլ ուղարկվեցին Լոնդոնի Թաուեր և այլևս երբեք չհայտնվեցին հասարակության մեջ[16]։ Բացառությամբ հյուսիսի, Անգլիայի հասարակությունը հաստատ հավատում էին, որ Ռիչարդը «բռնակալ» է[17], ով սպանել է իր եղբորորդիներին[18]։

Ամռանը, Ռիչարդի կողմից ամբողջ երկրի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո, դավադրություն ծագեց նրան գահից հեռացնելու համար։ Ապստամբները հիմնականում Էդուարդ IV-ի կողմնակիցներն էին, ովքեր Ռիչարդին համարում էին ուզուրպատոր[19]։ Նրանց ծրագրերը համակարգում էր Լանքասթերների աջակիցը՝ Հենրիի մայրը ՝ Լեդի Մարգարետը, ով իր որդուն առաջ էր մղում որպես գահի թեկնածու։ Առավել նշանավոր դավադիրը Բեքինգհեմն էր։ Տարեգրություններում նշված չեն նրա դրդապատճառները, պատմաբան Չարլզ Ռոսի կարծիքով նա փորձել է հեռանալ ավելի ու ավելի ոչ պոպուլյար դարձող թագավորից[20]։ Մայքլ Ջոունսը և Մալքոմ Անդերվուդը ենթադրում են, որ Մարգարետը խաբել է Բեքինգհեմին՝ համոզելով նրան, որ ապստամբները նրան թագավոր կդարձնեն[21]։

Ծրագիրը բաղկացած էր կարճ ժամանակահատվածում հարավային և արևմտյան Անգլիայում ապստամբություններ կազմակերպելով։ Բեքինգհեմը պետք է աջակցեր ապստամբներին՝ ներխուժելով Ուելսից, իսկ Հենրին պետք է մոտենար ծովային ճանապարհով[22]։ Վատ ժամանակն ու եղանակը ձախողեցին դավադրությունը։ Քենթի ապստամբությունը սկսվեց 10 օր շուտ՝ դրանով իսկ հնարավորություն տալով Ռիչարդին հավաքել թագավորական բանակը և քայլեր ձեռնարկել ապստամբությունը ճնշելու համար։ Լրտեսներն իրենց տիրակալին հայտնել էին Բեքինգհեմի գործողությունների մասին, և թագավորի մարդիկ ավերեցին Սևեռն գետի կամուրջները։ Երբ Բեքինգհեմը և նրա բանակը հասան գետին, չկարողացան անցնել այն հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ուժեղ փոթորկի պատճառով[23]։ Բեքինգհեմը հայտնվեց ծուղակում և զրկվեց նահանջելու անվտանգ տեղ ունենալու հնարավորությունի․ այն բանից հետո, երբ նա կազմավորեց իր բանակը, ուելսցի թշնամիները գրավեցին նրա տնային ամրոցը։ Դուքսը թողեց իր ծրագրերը և փախավ Վեմ, որտեղ ծառաները նրան դավաճանեցին, և նա ձերբակալվեց Ռիչարդի մարդկանց կողմից։ Նոյեմբերի 2-ին մահապատժի ենթարկվեց[24]։ Հենրին ափ դուրս գալու փորձ կատարեց հոկտեմբերի 10-ին (կամ 19-ին), բայց նրա նավատորմը ցրվեց փոթորիկի պատճառով։ Նա հասավ Անգլիայի ափ (Պլիմուտում կամ Պուլում)։ Մի խումբ զինվորներ ողջունեցին նրան, երբ նա իջավ ափ։ Դրանք Ռիչարդի ծառաներն էին, որոնք պատրաստ էին գերեվարել Հենրիին՝ անգլիական հողի վրա ոտք դնելուն պես։ Հենրին չենթարկվեց խաբեությանը և վերադարձավ Բրետան՝ հետաձգելով ներխուժումը[25]։ Առանց Բեքինգհեմի և Հենրիի, ապստամբությունը հեշտությամբ ճնշվեց Ռիչարդի կողմից[24]։

Ողջ մնացած ապստամբները փախան Բրետան, որտեղ բացահայտ սկսեցին աջակցել անգլիական գահի հանդեպ Հենրիի պահանջներին[26]։ Սուրբ Ծննդյան օրը նա հանդիսավոր խոստում տվեց ամուսնանալ Էդուարդ IV-ի դստեր՝ Էլիզաբեթ Յորքի հետ՝ դրանով իսկ միավորելով Յորքերի և Լանքասթերների պատերազմող խմբակցությունները[27]։ Հենրիի աճող հեղինակությունը մեծ սպառնալիք դարձավ Ռիչարդի համար, և թագավորը մի քանի անգամ առաջարկեց Բրետանի դուքսին հանձնել երիտասարդ Լանքասթերին։ Ֆրանցիսկը հրաժարվել է՝ ցանկանալով ավելի ուշ անգլիական թագավորից ավելին ստանալ[28]։ 1484 թվականի կեսերին Ֆրանցիսկը հիվանդացավ, և նրա տեղը զբաղեցրեց գանձապահ Պիտեր Լանդեն։ Վերջինս պայմանավորվում է Հենրիի հորեղբոր հետ՝ նրան ուղարկել Անգլիա՝ ռազմական և ֆինանսական օգնության դիմաց։ Ֆլանդրիայի եպիսկոպոս Ջոն Մորտոնը իմանալով այս սխեմայի մասին՝ նախազգուշացնում է Ֆրանսիա փախած Թյուդորներին[29]։ Ֆրանսիական արքունիքը թույլ տվեց նրանց մնալ. Թյուդորները օգտակար պատանդներ էին՝ երաշխավորելու, որ Անգլիան չի խանգարի Բրետանը գրավելու ֆրանսիական ծրագրերին[30]։ 1485 թվականի մարտի 16-ին Ռիչարդի կինը՝ Աննա Նևիլը, մահացավ, և լուրեր տարածվեցին, որ նա սպանվել է Ռիչարդի կողմից՝ իր զարմուհու՝ Էլիզաբեթի հետ ամուսնանալու նպատակով։ Բամբասանքները Ռիչարդից հեռացրին նրա հյուսիսային կողմնակիցներից մի քանիսին[31],և Հենրիին դրդեց անցնել Լա Մանշը[32]։ Էլիզաբեթի հետ ամուսնանալու հնարավորության կորուստը կարող էր խաթարել Հենրիի լանքասթերի կողմնակիցներ և Էդուարդ IV-ի նախկին կողմնակիցների միությունը[33]։ Անհանգստանալով իր հարսնացուի անվտանգության համար՝ Հենրին հավաքեց 2․000 զինվոր և օգոստոսի 1-ին դուրս եկավ Ֆրանսիայից[34]։

հրամանատարներ խմբագրել

XV-րդ դարում անգլիական ասպետական իդեալները շվայտացած էին[35]։ Զինված ուժերը հիմնականում լորդերի սեփական զորքերն էին, յուրաքանչյուր առողջ տղամարդ պարտավոր էր ենթարկվել իր տիրոջ զորակոչին, յուրաքանչյուր ազնվական բացառիկ իշխանություն ուներ իր մարտիկների վրա։ Թագավորը կարող էր մեծ բանակ հավաքել իրեն աջակցող ազնվականության օգնությամբ։ Ռիչարդը, ինչպես իր նախորդները, ստիպված էր պահպանել բարենպաստ վերաբերմունքը նրանց նկատմամբ՝ նվերներ տրամադրելով և լավ հարաբերություններ պահպանելով նրանց հետ[36]։ Հզոր ազնվականությունը կարող էր վճար պահանջել թագավորի կողքին մնալու համար, իսկ մերժման դեպքում բարոնները կարող էին երես թեքել նրանից[37]։ Երեք խբավորումներ, ընդ որում՝ յուրաքանչյուրն իր սեփական մոտիվներով, գտնվում էին Բոսվորտի մոտ՝ Ռիչարդ III-ը և նրա յորքյան բանակը, գահի հավակնորդ Հենրի Թյուդորը, որը պաշտպանում էր Լանքասթերների իրավունքները, ինչպես նաև չեզոք դիրքերում գտնվող Սթենլիները[38]։

Յորքեր խմբագրել

 
Ռիչարդ III

Փոքր ու նիհար Ռիչարդ III-ը չուներ Պլանտագենետների դինաստիային հատուկ՝ իր նախորդների ամուր կազմվածքը[39]։ Այնուամենայնիվ, նրան հաճույք էին պատճառում առնական, կոպիտ սպորտաձևերը և գործողությունները[40]։ Նրա գործողությունները ռազմի դաշտում մեծ տպավորություն էին թողել եղբոր վրա, և նա դարձել էր Էդուարդի աջ ձեռքը[41]։ 1480-ականների ընթացքում Ռիչարդը պաշտպանեց Անգլիայի հյուսիսային սահմանները։ 1482 թվականին Էդուարդը հրամայեց նրան բանակ տանել Շոտլանդիա՝ Ջեյմս III թագավորին Օլբանիի դուքսով փոխարինելու նպատակով[42]։ Ռիչարդի բանակը ճեղքեց Շոտլանդիայի պաշտպանությունը և գրավեց երկրի մայրաքաղաքը՝ Էդինբուրգը։ Բայց Օլբանին որոշեց գահի իր պահանջներից հրաժարվել Շոտլանդիայի գեներալ-լեյտենանտի պաշտոնի դիմաց։ Ռիչարդը հետ վերցրեց Բերիկ-ապոն-Տուիդ քաղաքը, որը գրավել էին շոտլանդացիները 1460 թվականին[43]։ Էդուարդը դժգոհ էր այս ձեռքերումից[17], որը, ըստ Ռոսի, կարող էր մեծ լինել, եթե Ռիչարդը բավականաչափ վճռականորեն օգտագործեր Էդինբուրգի նկատմամբ իր վերահսկողությունը[44]։ Ռիչարդի բնավորության վերլուծության մեջ Քրիստինա Կարպենթերը նրան տեսնում է որպես զինվոր, որը սովոր է ավելի շատ հրամաններ կատարել, քան դրանք տալ[45]։ Այնուամենայնիվ, նա հակված էր ցույց տալ իր ռազմատենչ երակը. գահ բարձրանալիս նա հայտնեց խաչակրաց արշավանք սկսելու ցանկության մասին «ոչ միայն թուրքերի, այլև բոլոր (իր) հակառակորդների դեմ»[40]։ Ռիչարդի ամենահավատարիմ աջակիցը Նորֆոլկի 1-ին դուքս Ջոն Հովարդն էր[46]։ Հովարդը երկար տարիներ ծառայում էր Ռիչարդի եղբորը և Էդուարդ IV-ի ամենամտերիմ խորհրդականներից մեկն էր[47]։ Ռոսը կարծում է, որ նա, հնարավոր է, չարությամբ է լցված եղել Էդուարդի դեմ, քանի որ վերջինս նրան զրկել էր բարեկեցությունից․ Հովարդը Մոուբրեյ տոհմի վերջին ներկայացուցչի՝ ութամյա Աննայի մահից հետո պետք է զգալի հարստություն։ Սակայն Էդուարդը խորհրդարանին համոզեց շրջանցել ժառանգական իրավունքը և ունեցվածքը փոխանցել Աննայի հետ ամուսնացած իր կրտսեր որդուն։ Իր հերթին Հովարդն աջակցում էր Ռիչարդ III-ին Էդուարդի որդիներին գահից հեռացնելու հարցում, որի համար նա ստացավ Նորֆոլկի դքսությունը և Մոուբրեյի հարստության մի մասը[48]։ Նորֆոլկը ռազմական վետերան էր, որը կռվել էր Տաուտոնի ճակատամարտում 1461 թվականին և որպես Հասթինգսի ներկայացուցիչ ծառայում էր Կալեում 1471 թվականին[49]։

Հենրի Պերսին՝ Նորթումբերլենդի 4-րդ կոմսը, նույնպես աջակցում էր Ռիչարդի անգլիական գահին գալուն։ Պերսիները Լանքասթերների հավատարիմ կողմնակիցներն էին, և Էդուարդ IV-ը, ի վերջո, կորցրեց կոմսի հավատարմությունը։ Նորթումբերլենդը 1461 թվականին գերեվարվեց և բանտարկվեց Յորքերի կողմից՝ կորցնելով իր բոլոր կոչումներն ու կարողությունները։ Սակայն Էդուարդը նրան ազատ արձակեց ութ տարի անց և վերականգնեց իշխանությունը կոմսությունում։ Այդ ժամանակից ի վեր Նորթումբերլենդը ծառայել է Յորքերի թագին՝ օգնելով պաշտպանել Հյուսիսային Անգլիան և խաղաղություն պահպանել դրանում։ Սկզբում կոմսը խնդիրներ ուներ Ռիչարդ III-ի հետ, քանի որ Էդուարդը ցանկանում էր նրան իշխանություն շնորհել Հյուսիսի վրա։ Նորթումբերլենդը հանգստացավ, երբ նրան խոստացան սահմանի Լորդ-պահապանի տիտղոսը, որը ժառանգական էր Պերսի տոհմի համար։ Հենրին ծառայել է Ռիչարդի օրոք 1482 թվականին Շոտլանդիա արշավանքների ժամանակ, իսկ Յորքերի օրոք երկրի հյուսիսում ձեռք բերված կարգավիճակը թույլ է տվել աջակցել Ռիչարդի՝ իշխանության նկատմամբ հավակնությունները։ Այնուամենայնիվ, թագադրումից հետո Ռիչարդը շրջանցեց Նորթումբերլենդին՝ իր եղբորորդուն՝ Լինքոլնի 1-ին կոմս Ջոն դե լա Պոլին իշխանություն տալով հյուսիսը կառավարելու համար։ Չնայած կոմսին բավարար փոխհատուցում տրվեց, նա հույսը կտրեց Ռիչարդի օրոք առաջխաղացման ցանկացած հնարավորություն ստանալու համար։

Լանքասթերներ խմբագրել

Հենրի Թյուդորը ծանոթ չէր պատերազմի արվեստին, ոչ էլ այն հողին, որը փորձում էր նվաճել։ Իր կյանքի առաջին 14 տարիները նա անցկացրել է Ուելսում, իսկ հաջորդ տասնչորս տարիները՝ Բրետանում և Ֆրանսիայում[3][50]։ Բարեկազմ, բայց ուժեղ և վճռական Հենրին մարտական հակվածություններ չուներ և հետաքրքրված չէր պատերազմով. մատենագիր Պոլիդոր Վերգիլիոսը և Իսպանիայի դեսպան Պեդրո դե Այալլան համարում էին, որ նրան ավելի հետաքրքրում է առևտուրը[51]։ Երբևէ մասնակցած չլինելով մարտերի[52]՝ Հենրին ծառայության վերցրեց մի քանի փորձառու վետերանների, որոնց նա կարող էր ապավինել ռազմական խորհրդի և իր բանակների հրամանատարությունը[53]։

Օքսֆորդի 13-րդ կոմս Ջոն Դե Վերը Հենրիի գլխավոր ռազմական խորհրդականն էր[54]։ Նա ռազմական արվեստի գիտակ էր։ Բարնետի ճակատամարտում նա գլխավորում էր Լանքասթերների աջ թևը և ջախջախեց իր դեմ դուրս եկած ստորաբաժանումը։ Այնուամենայնիվ, ջոկատներում անկարգությունների պատճառով Օքսֆորդի բանակը ընկավ Լանքասթերների հիմնական ուժերի կրակի տակ և նահանջեց ճակատամարտից։ Կոմսը արտագաղթեց արտերկիր և շարունակեց պայքարը Յորքերի դեմ՝ ծովահեն արշավանքներ կատարելով և, ի վերջո, 1473 թվականին նվաճեց Սուրբ-Մայքլս-Մաունթ ամրոցը։ Նա հանձնվեց՝ չստանալով օգնություն և ուժեղացում, բայց 1484 թվականին փախավ բանտից և Ֆրանսիայում միացավ Հենրիին[55]։ Օքսֆորդի ներկայությունը Հենրիի ճամբարում բարձրացրեց բարոյական ոգին, ինչն անհանգստացրեց Ռիչարդ III-ին[56]։

Սթենլիներ խմբագրել

 
Թոմաս Սթենլի, Դերբիի 1-ին կոմս

Վարդերի պատերազմի սկզբում Սթենլիները Լանքասթերների կողմնակիցներն էին[57]։ Սըր Ուիլյամ Սթենլին Յորքերի հավատարիմ կողմնակիցն էր, ով 1459 թվականին մասնակցեց Բլոր Հիֆի ճակատամարտին և օգնեց Հաստինգսին ճնշել Էդուարդ IV-ի դեմ 1471 թվականին ծագած ապստամբությունները[58]։ Երբ Ռիչարդը ստացավ թագը, սըր Ուիլյամը ոչ մի հիմք չտվեց կասկածելու իր հավատարմությանը և ձեռնպահ մնաց մասնակցել Բեքինգհեմի ապստամբությանը, որի համար պարգևատրվեց[59]։ Սըր Ուիլյամ Սթենլիի ավագ եղբայրը՝ Թոմաս Սթենլին, Սթենլիի 2-րդ բարոնը, նույնքան հուսալի չէր։ 1485 թվականին նա ծառայել է Հենրի VI, Էդուարդ IV և Ռիչարդ III թագավորներին։ Նրա խուսափողականությունը մինչև ճակատամարտի կրիտիկական պահը նրան տվեց իր զինվորների հավատարմությունը, ովքեր զգում էին, որ նա իրենց իզուր չի ուղարկի մահվան[56]։

Չնայած լորդ Սթենլին ծառայում էր Էդուարդ IV-ին որպես ստյուրադն էր, նրա հարաբերությունները թագավորի եղբոր հետ սրտանց չէին։ Նրանք կոնֆլիկտներ են ունեցել միմյանց հետ, ինչը 1470 թվականի մարտին դրսևորվել է ուժի կիրառմամբ[60]։ Բացի այդ, 1472 թվականի հունիսին Մարգարետ Բոֆորթին որպես երկրորդ կին վերցնելով[61], Սթենլին դարձավ Հենրի Թյուդորի խորթ հայրը, ինչը նրան թույլ չտվեց ստանալ Ռիչարդի բարեհաճությունը։ Չնայած սրան, Սթենլին չմիացավ Բեքինգհեմի ապստամբությանը 1483 թվականին[59]։ Երբ Ռիչարդը մահապատժի ենթարկեց դավադիրներին, ովքեր չկարողացան փախչել Անգլիայից[24], նա խնայեց լեդի Մարգարետին։ Այնուամենայնիվ, նա խլեց վերջինիս տիտղոսները և նրա կարողությունը հանձնեց Սթենլիին՝ նրանց Յորքերի ողորմության մեջ պահելու համար։ Ռիչարդի ողորմությունը նպատակ ուներ կարգավորել հարաբերությունները Սթենլիների հետ[21], բայց, ըստ Կարպենթերի, խթան հանդիսացավ Թոմաս Սթենլիի և Հարինգթոնների ընտանիքների միջև հետագա շփումների համար՝ երկրի շուրջ հին վեճը վերանայելու տեսքով[62]։ Էդուարդ IV–ը խոստացել էր կարողությունը փոխանցել հօգուտ Սթենլիների 1473 թվականին[63], բայց Ռիչարդը պլանավորեց չեղարկել եղբոր որոշումը և այն հանձնել Հարինգթոնին։ Վախենալով Սթենլիից՝ Ռիչարդը պատանդ վերցրեց նրա ավագ որդուն՝ լորդ Սթրենջ Ջորջ Սթենլիին, որպեսզի հուսահատեցնելով՝ նրան դրդի միանալ Հենրիին[64]։

Կողմերի ուժեր խմբագրել

 
Հենրի Թյուդորի և Ռիս ապ Թոմասի բանակների երթուղին

Հենրի Թյուդորը վայրէջք կատարեց 1485 թվականի օգոստոսի 7-ին Ուելսում՝ Միլ Բեյ ծովածոցում՝ մոտ 4000-4500 զինվորներից բաղկացած բանակով, հիմնականում ֆրանսիացի վարձկաններով և մի քանի անգլիացի ասպետներով, ինչպես նաև հրետանիով։ Նույն երեկո նրանք հասան Դեյլ փոքրիկ քաղաքը, որտեղ և գիշերեցին։ Բանակի հետագա երթը անցավ Հևերֆորդուեստով (որտեղ նրանց սպասում էր ջերմ ընդունելություն) դեպի Կարդիգեն, որտեղ նրանց միացան Ռիչարդ Գրիֆիթը և Գուենտից Ջոն Մորգանը իրենց ջոկատներով, այստեղից՝ Կենտրոնական Ուելսի լեռներով դեպի Շրոփշիր։ Այստեղ Հենրիին անախորժություններ էին սպասվում․ Ռիչարդ III-ի կողմից ահաբեկված Ռիս Ապ Թոմասը և Ուոլտեր Հերբերտը մերժեցին նրան նախկինում խոստացված աջակցությունը, այնպես որ նրա բանակը փոքրաթիվ էր, և երթը բարդացնում էր տեղի բնակիչների դիմադրությունը ճնշելու անհրաժեշտությունը (Աբերիստուիտում), ջրային խոչընդոտները, մինչդեռ անհրաժեշտ էր բանակը չհյուծել առաջիկա ճակատամարտից առաջ։ Հենրին ստիպված էր պայքարել՝ պահպանելով իր բանակը։ Արշավանքի ընթացքում Հենրին նամակներ էր գրում մորը, Սթենլիի ընտանիքին և սըր Հիլբերտ Թալբոտին։

Դժվար անցում Ուելսի լեռներով՝ և Հենրիի բանակը մոտեցավ Շրուսբերի քաղաքին, որտեղ նրան ուրախ լուրեր էին սպասում․ նրա բանակը համալրվեց Գվինեդդի իշխանության բնակիչներով՝ Ռիս ապ Ֆաուրի և սըր Ռիս ապ Թոմասի գլխավորությամբ։ Վերջինս երկար ժամանակ առևտուր էր անում Հենրիի հետ Ուելսի կառավարչի իր ապագա կարգավիճակի վերաբերյալ, ի վերջո միացավ նրան՝ անցնելով 1800-2000 հոգանոց զորքի գլուխ։ Շրուսբերիի բեյլիֆ Թոմաս Միտթոնը, որպես իր թագավորին հարգող անձ, փորձեց մերժել Հենրիին հյուրընկալության հարցում, բայց հետո նրան օգնեց դիվանագիտությունը և լորդ Սթենլիի վստահորդ Ռոուլանդ Ուորբարտոնը, որի միջոցով Հենրին բանակցություններ վարեց իր արշավանքի ճանապարհին գտնվող քաղաքների ղեկավարների հետ։ Նրա բանակի առջև ճանապարհ բացվեց՝ անկարգություններ չսկսելու խոստման դիմաց, այստեղ նրանց միացան նաև լրացուցիչ ուժերը։

Այնուհետև Հենրիի երթուղին անցնում էր Շրոպշիրի միջով, որտեղ նրան միացան Հիլբերտ Թալբոտը՝ 500 զինվորով, Ռիչարդ Կորբետը՝ 800 զինվորով, Թոմաս Քրոֆթը Հերեֆորդշիրից, լորդ Քլարենսի հին սպասավորներից մեկը՝ Ջոն Հենլին Վուստերշիրից (նույնպես զինված ջոկատով), Ռոբերտ Փոյնստը Գլոսթերշիրից, նաև՝ զորքեր Կոսից և Թելգարտից։ Հենց սա էլ պակասում Հենրիի՝ նրա իրավունքի ճանաչումը Անգլիայի ազնվական պարոնների՝ մինչ այդ պահը թագավորի հպատակների կողմից, որոնք արդեն պատրաստ էին պայքարել Ռիչարդի դեմ։ Ստաֆորդում կայացավ Ուիլիամ Սթենլիի հետ երկար սպասված հանդիպումը։

Օգոստոսի 20-ի առավոտյան Հենրիի բանակը, որի թվաքանակը զգալիորեն ճել էր, հասավ Լիչֆիլդ, որտեղ Ուորսլի կամրջի վրա հանդիպեց Սթենլիի բանակին։ Այստեղ նրանք պայմանավորվեցին համատեղ գործողությունների մասին, և Հենրին շարժվեց դեպի Աթերսթոուն՝ ամբողջ ժամանակ սպասելով Ռիչարդի բանակի հայտնվելուն։ Արշավանքի ընթացքում նրան ուղեկցում էին կողմնակիցների փոքր ջոկատները։ Մարտի սպասելով՝ նա բանակը ճամբարեց գետի ափին՝ Բոսվորտ Մարկետ քաղաքի և Ռեդմուրի հարթավայրի մոտ (այս հարթավայրը հետագայում կոչվել է Բոսվորտի դաշտ)։

Ռիչարդ թագավորը Հենրիի բանակի վայրէջք կատարելու լուրը ստացավ Նոթինգհեմում։ Նրա բանակի հիմքը կազմում էին Նորֆոլկի և Նորթումբերլենդի դուքսերի զորքերը, ինչպես նաև իր հետ Թաուերից տանում էր ազնվական բանտարկյալներին, այդ թվում ՝ Ջորջ Սթենլիին։ Օգոստոսի 19-ին նա շարժվեց դեպի Լասթեր, որպեսզի հարվածի Հենրիի՝ դեպի Լոնդոն շարժվող բանակին։ Այնտեղ իրեն միացան նրա կողմնակիցները՝ հյուսիսի կոմսությունների, մասնավորապես՝ Յորքշիրի և Լանքաշիրի, վերնախավը, ինչպես նաև՝ մայրաքաղաքից ժամանած պալատականները։ Ռիչարդի նման դանդաղկոտությունը բացատրվում է նրանով, որ նա հստակ չգիտեր, թե ուր տանի բանակը, և չէր էլ ձգտում կանգնեցնել Հենրիին՝ ակնկալելով, որ ամենօրյա արշավանքի արդյունքում նրա զինվորները կհոգնեն։

Հաջորդ օրը թագավորական զորքերը շարժվեցին Լեսթերից դեպի արևմուտք՝ Աթերսթոունից մեկ մղոն հեռավորության վրա գտնվող ցիստերցյան վանք տանող ճանապարհով։ Կրոյլենդից մի մատենագիր նշում է՝ «…նա (Ռիչարդը) ճոխ ու վեհորեն հեծնել էր ձին՝ որպես իսկական տիրակալ։ Նրա գլուխը պսակված էր Անգլիայի թագով» (որոշ աղբյուրներ նշում են նաև դրա գինը՝ 120000 կրոն)։ Ցուցադրված էին թագավորական բոլոր զրահներն ու զենքերը։ Նրան շրջապատել էր Անգլիայի բարձրաստիճան ազնվականների շքախումբը։ Երթաշարքը գլխավորում էր մի հսկայական, գեղեցիկ խաչ՝ Յորքերի խորհրդանիշով՝ արևի ճառագայթներ, որոնք ցոլում էին սպիտակ վարդից։ Ռիչարդի զորքերը կանգ առան Ռեդմուրի հարթավայրում, իսկ ինքը՝ Աթերսթոունի պալատում։

Ռիչարդ թագավորի զորքերը կազմում էին մոտ 10,000 մարդ և տեղակայված էին բարձունքում՝ արևմուտքից արևելք[65][66]։ Նորֆոլկի նիզակակիրների ջոկատը կանգնած էր աջ թևում՝ պաշտպանելով հրետանին և մոտավորապես 1200 նետաձիգներին։ Ռիչարդի ջոկատը, որը ներառում էր 3000 հետևակ, կազմում էր կենտրոնը։ Նորթումբերլենդի մարդիկ՝ մոտ 4000 զինվոր, հսկում էին ձախ թևը։ Բարձունքները գրավելով՝ Ռիչարդի տեսադաշտում է հայտնվում ողջ ռազմաճակատը։ Նա կարող էր տեսնել Սթենլիի 6000 մարտիկներին, որոնք զբաղեցնում էին Դադլինգթոն Հիլլի դիրքը, մինչդեռ Հենրիի բանակը գտնվում էր հարավ-արևմուտքում[67]։

Հենրիի բանակում քիչ անգլիացիներ կային (1000-ից պակաս)։ Դրանցից 300-ից 500-ը Անգլիայից վտարվածներն էին, ոմանք փախել էին Ռիչարդի իշխանությունից[68], իսկ մնացյալը Թալբոտի մարդիկ էին և Ռիչարդի բանակի դասալիքները։ Պատմաբան Ջոն Մաքգին կարծում է, որ Հենրիի բանակի միջուկը կազմում էին 1800 ֆրանսիացի վարձկանները Ֆիլբերտ դե Շանդյեի գլխավորությամբ[69]։ Շոտլանդական լեգենդն ասում է, որ այս թագավորության վարձկանները նույնպես ծառայել են Թյուդորին նրա ներխուժման ժամանակ[70]։ Ընդհանուր առմամբ Հենրիի բանակը կազմում էր 5-6 հազար զինվոր[65][66], որոնց զգալի մասը Ուելսից հավաքված աշխարհազորն էր։

Ճակատամարտի ընթացք խմբագրել

 
Ճակատամարտի սկզբնական փուլ (սցենար, որը հիմնված է պատմական մեկնաբանությունների վրա). Ռիչարդի ջոկատները իջնում են Էմբիոն բլուրից ներքև ՝ հարթավայրում Հենրիի մարդկանց հետ մղելու համար։ Սթենլին դիրքավորված է հարավում՝ իրավիճակը դիտելու համար։

Ճակատամարտը տևեց ընդամենը մոտ երկու ժամ։ Հենրին իր բանակը առաջ շարժեց դեպի Էմբիոնի բլուրը, որտեղ գտնվում էին Ռիչարդ III թագավորը և նրա մարտիկները։ Ճանապարհին նա հանդիպեց ճահճի, և Հենրին հրամայեց շրջանցել այն ձախ կողմից՝ դրանով իսկ իր աջ թևը ապահովագրելով հարձակումից։ Շրջանցելով ճահիճը՝ Հենրիի զորքերը մոտեցան Ռիչարդի զորքերին, ով, սեսնելով թշնամու սակավաթվությունը, հրամայեց հարձակվել։ Քանի որ Թոմաս Սթենլիի զորքերը մինչ այժմ չէին միացել նրան, Ռիչարդը հաղորդագրություն է ուղարկում նրան՝ սպառնալով մահապատժի ենթարկել իր որդուն, եթե նա անմիջապես չմիանա հարձակմանը։ Սթենլին պատասխանում է, որ ինքն այլ որդիներ էլ ունի։ Զայրացած Ռիչարդը հրամայում է մահապատժի ենթարկել Ջորջ Սթենլիին, բայց նրա ծառաները ձգձգեցին հրամանի կատարումը՝ ասելով, որ մարտն անխուսափելի է, և դրանից հետո ավելի հարմար կլինի ի կատար ածել մահապատիժը[71]։ Հենրին նաև սուրհանդակներ ուղարկեց Սթենլիի մոտ՝ պահանջելով, որ նա հայտարարի իր նվիրվածությունը Թյուդորներին։ Պատասխանը խուսափողական էր՝ Սթենլիները բնականաբար կժամանեն այն բանից հետո, երբ Հենրին հրամաններ տա իր բանակին և սկսի ճակատամարտը։ Հենրին այլ ելք չուներ, քան դիմակայել Ռիչարդի ուժերին[38]։

Քաջատեղյակ լինելով ռազմական գիտության մեջ սեփական անփորձության մասին՝ Հենրին իր բանակի հրամանատարությունը հանձնարարեց Օքսֆորդին և իր թիկնապահների հետ անցավ թիկունք։ Օքսֆորդը, տեսնելով Ռիչարդի բանակի ընդարձակ գիծը,խաբեց հակառակորդին՝ որոշելով իր զորքերը չբաժանել 3 մասի՝ ավանգարդի, լենտրոնի, թիկունքի։ Նա հրամայեց, որ զորքերը միմյանցից հեռանան ոչ ավելի, քան 10 ոտնաչափ (3 մետր) հեռավորության վրա՝ վախենալով, որ նրանք կհայտնվեն շրջափակման մեջ։ Առանձին խմբերը միասնաբար հարվածներ հասցրերցին՝ հանդես գալով որպես մեկ մեծ զանգված՝ հեծելազորի և ֆալանգների միջև[72]։

Լանքասթերներին անհանգստացնում էր Ռիչարդի հրետանին, քանի որ նա մանևրում էր ճահճի շուրջը՝ հարմար տեղ փնտրելով տեղակայման համար[73]։ Երբ Օքսֆորդը և նրա մարտիկները անցան ճահճի միջով, Ռիչարդի բանակի ավանգարդը՝ Նորֆոլկի դքսի հրամանատարությամբ, և Ռիչարդի խմբի մի քանի ջոկատներ սկսեցին առաջխաղացումը։ Պատերազմի հենց սկզբում փորձառու և խիզախ հրամանատարՆորֆոլկը սպանվեց, ինչը, հավանաբար, հանգեցրեց թագավորական բանակի համար այս բախման անհաջող արդյունքին։ Նորֆոլկի որոշ զինվորներ՝ Հարավային Անգլիայի նորակոչիկները, լքեցին զորքը[74]։ Ընդունելով, որ իր ուժերը անբարենպաստ վիճակում են, Ռիչարդը օգնության հասնելու ազդանշան տվեց Նորթումբերլենդին, բայց նա զորքը չշարժվեց տեղից։ Պատմաբաններ Հորրոքսն ու Պուգը կարծում են, որ նա չի ցանկացել օգնել թագավորին անձնական պատճառներով[75]։ Ռոսը կասկածանքով է վերաբերում այդ պնդմանը՝ հավատալով, որ նեղ լեռնաշղթան է խոչընդոտ հանդիսացել ճակատամարտի մեջ մտնելուն[76]։

 
Ճակատամարտի վերջնական փուլ (սցենար, որը հիմնված է պատմական մեկնաբանությունների վրա). Ռիչարդը, զինվորների մի փոքր խմբի գլուխ անցած, հարձակվում Հենրիի վրա, որը շարժվում էր դեպի Սթենլի։ Ուիլյամ Սթենլին շարժվում է Հենրիին փրկելու։

Ռիչարդի բանակի ավանգարդը՝ Նորֆոլկի դքսի հրամանատարությամբ, հարձակվեց Թյուդորի ավանգարդի վրա՝ Օքսֆորդի կոմսի հրամանատարությամբ։ Այնուհետև կատարվեց այն, ինչից ամենաշատն էր վախենում թագավորը՝ լորդ Սթենլիի ուժերը անցան թշնամու կողմը։

 
Ռիչարդ III-ի և Հենրի Թյուդորի բանակների բախումը, որը պատկերված է Բոսվորտի ճակատամարտի Ժառանգության Կենտրոնի կողմից

Հենրին շարժվեց Սթենլիին ընդառաջ։ Անբարենպաստ իրավիճակը շրջելու համար Ռիչարդ III-ը, ասպետության լավագույն ավանդույթներով, որոշեց անձամբ ղեկավարել հարձակումը թշնամու կենտրոնի վրա, սպանել գահի հավակնորդին և, այդպիսով, որոշել ճակատամարտի ելքը (բարեբախտաբար, Ռիչմոնդի սպիտակ-կանաչ դրոշն արդեն տեսանելի էր բլրի ստորոտում, որի վրա գտնվում էր թագավորի զորքը)։ Անանուն «Բալլադ Բոսվորտի դաշտի մասին»-ը, որը գրվել է, հավանաբար, այս ճակատամարտի մասնակիցներից մեկի կողմից, պատմում է, որ Ռիչարդը խնդրել է այս հարձակումից առաջ իր սաղավարտին անգլիական թագ դնել՝ «որպես թագավոր մահանալու» համար։ Նա հարձակման անցավ 800 հոգիանոց թագավորական պահակախմբով և ճեղքեց-դուրս եկավ Հենրիի մոտ[77]։

Արկածային հարձակումը հաջողությամբ սկսվեց, թագավորին հաջողվեց նույնիսկ սպանել դրոշակակիր սըր Ուիլյամ Բրենդոնին՝ գետնին տապալելով Հենրիի թագավորական դրոշը և նիզակի հարվածով գլխին խոցելով՝ տապալել Էդուարդ IV թագավորի նախկին դրոշակակրին[78]։ Թագավորի հետ մենամարտում Հենրին երկար ու հուսահատ կռվեց, ինչը ոչ ոք նրանից չէր սպասում։ Բայց Հենրիի թիկնապահները շրջապատեցին իրենց տիրակալին և կարողացան պատնեշ ստեղծել նրա և Ռիչարդի միջև։ Եվ այստեղ Ուիլյամ Սթենլին սկսեց հարձակումը. տեսնելով թագավորական ջոկատի և Հենրիի ջոկատի միջև սկսված կռիվը՝ նրա բանակը հարվածեց Ռիչարդի ջոկատի ֆալանգին։ Թվաքանակով գերազանցելով՝ Ռիչարդի խումբը շրջապատված էր և աստիճանաբար սկսեց նահանջել ճահիճների միջով։ Թագավորական դրոշի պահապանը՝ սըր Պերսիվալ Սիրվելը, ոտքերը կորցնելուց հետո, բարձրացրեց Յորքերի դրոշը՝ մինչ սրախողխող լինելը[79]։ Թագավորի ձին թաղվեց ճահճի մեջ, և նա ստիպված եղավ մարտը շարունակել ոտքի վրա։ Նրա թիկնապահները առաջարկեցին իրենց ձիերը փախչելու համար, Բայց Ռիչարդը հրաժարվեց[80]։ Բոլոր մատենագիրները միաձայն են առ այն, որ Ռիչարդը կռվել է մինչև վերջ[81]։ Շրջապատված ուելսցի նիզակակիրներով՝ Յորքերի վերջին թագավորը մահացավ մարտի դաշտում։ Երբ Ռիչարդի զորքերը իմացան նրա մահվան մասին, բանակը փլուզվեց, Նորթումբերլենդը և նրա մարտիկները փախան, իսկ Նորֆոլկը սպանվեց։

Բոսվորտի ճակատամարտը սովորաբար համարվում է Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմի վերջին ճակատամարտը, չնայած դա այնքան էլ ճշգրիտ չէ. երկու տարի անց Սթոուք-Ֆիլդում տեղի ունեցավ ճակատամարտ թագավոր Հենրի VII-ի և կոմս Լինքոլնի (Ռիչարդ III-ի եղբորորդու) զորքերի միջև, որը հավակնում էր անգլիական գահին։ Ճշմարտությունը սակայն այն է, որ այս ճակատամարտում զոհվեց Պլանտագենետների դինաստիայի վերջին թագավորը, և որ սա պատմության մեջ վերջին դեպքն է, երբ Անգլիայի թագավորը սպանվում է ռազմի դաշտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ross (1997), pp. 172—173.
  2. Chrimes (1999), p. 17.
  3. 3,0 3,1 Chrimes (1999), p. 3.
  4. Chrimes (1999), p. 21.
  5. 5,0 5,1 Ross (1999), p. 192.
  6. Ross (1999), p. 21.
  7. Ross (1999), p. 65.
  8. Ross (1999), pp. 35-43.
  9. Ross (1999), pp. 40-41.
  10. Ross (1999), pp. 71—72.
  11. Ross (1999), p. 63.
  12. Ross (1999), pp. 83-85.
  13. Ross (1999), pp. 88-91.
  14. Ross (1999), p. 93.
  15. Ross (1999), pp. 94-95.
  16. Ross (1999), pp. 99-100.
  17. 17,0 17,1 Lander (1981), p. 327.
  18. Ross (1999), p. 104.
  19. Ross (1999), pp. 105—111.
  20. Ross (1999), p. 116.
  21. 21,0 21,1 Jones (1993), p. 64.
  22. Ross (1999), pp. 112—115.
  23. Ross (1999), pp. 115—116.
  24. 24,0 24,1 24,2 Ross (1999), p. 117.
  25. Chrimes (1999), pp. 26-27.
  26. Ross (1999), p. 118.
  27. Ross (1999), p. 196.
  28. Chrimes (1999), p. 19.
  29. Lander (1981), p. 324.
  30. Chrimes (1999), p. 31.
  31. Ross (1999), pp. 145—146.
  32. Chrimes (1999), p. 38.
  33. Chrimes (1999), p. 39.
  34. Lander (1981), p. 325.
  35. Harriss (2007), pp. 184—185.
  36. Downing (1992), pp. 159—160.
  37. Downing (1992), p. 59.
  38. 38,0 38,1 Chrimes (1999), p. 47.
  39. Ross (1999), p. 138.
  40. 40,0 40,1 Ross (1999), p. 142.
  41. Ross (1999), pp. 21-22.
  42. Ross (1999), pp. 44-45.
  43. Ross (1999), pp. 45-47.
  44. Ross (1997), pp. 289—290.
  45. Carpenter (2002), p. 210.
  46. Ross (1999), p. 168.
  47. Ross (1997), p. 226.
  48. Ross (1999), pp. 35-38, 175.
  49. Ross (1997), pp. 36, 181.
  50. Chrimes (1999), pp. 15-17.
  51. Chrimes (1999), pp. 299, 301, 318.
  52. Saccio (2000), p. 183.
  53. Ross (1999), p. 211.
  54. Chrimes (1999), p. 54.
  55. Britnell (1997), p. 101.
  56. 56,0 56,1 Gravett (1999), p. 15.
  57. Carpenter (2002), p. 159.
  58. Hicks (2002), p. 163; Ross (1997), p. 164.
  59. 59,0 59,1 Carpenter (2002), p. 212.
  60. Ross (1997), p. 134.
  61. Jones (1993), p. 59.
  62. Carpenter (2002), p. 216.
  63. Ross (1997), p. 409.
  64. Horrox (1991), p. 323.
  65. 65,0 65,1 Ross (1999), p. 215.
  66. 66,0 66,1 Mackie (1983), p. 52.
  67. Ross (1999), p. 217.
  68. Chrimes (1999), p. 40.
  69. Mackie (1983), p. 51.
  70. Gravett (1999), pp. 34-36.
  71. Rowse (1966), p. 219
  72. Chrimes (1999), p. 48.
  73. Ross (1999), pp. 220—221.
  74. Adams (2002), p. 19.
  75. Horrox (1991), pp. 319—320; Pugh (1992), p. 49.
  76. Ross (1999), pp. 221—223.
  77. Gravett (1999), p. 69; Ross (1999), p. 222.
  78. Horrox (1991), p. 325.
  79. Adams (2002), p. 20.
  80. Ross (1999), p. 224.
  81. Ross (1999), p. 225.

Գրականություն խմբագրել

Գրքեր

Պարբերականներ

  • Baldwin, David King Richard's Grave in Leicester(անգլ.) // Transactions of the LAHS. — Leicestershire Archaeological and Historical Society, 1986. — № Vol LX—5.
  • Foard, Glenn Discovering Bosworth(անգլ.) // British Archaeology. — York, United Kingdom: Council for British Archaeology. — № 112. — ISSN 1357-4442.
  • Williamson, Tom Foreword(անգլ.) // The Prospect. — Norfolk, UK: University of East Anglia: Landscape Group, 2008. — № 8. Архивировано из первоисточника 21 հունվարի 2012. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.

Առցանց ռեսուրսներ

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսվորտի ճակատամարտ» հոդվածին։