Տերյանական լեզվի զարգացման փուլեր

հայ բանաստեղծ Վահան Տերյանի չափածոյի լեզուն

Տերյանական լեզվի զարգացման փուլեր, 20-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ստեղծագործական կյանքը, ըստ լեզվի զարգացման, կարելի է բաժանել չորս փուլերի[1]։

Տերյանական լեզվի զարգացման փուլեր
Տեսակգրականագիտություն, գեղարվեստական ոճ և գրականություն
ՀեղինակՎահան Տերյան
Բնագիր լեզուհայերեն

Առաջին փուլ խմբագրել

Տերյանական լեզվի զարգացման առաջին փուլն ընդգրկում է բանաստեղծի գրական գործունեության սկզբնական շրջանը մինչև 1908 թվականը՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի հրատարակությունը[1]։

«Նրա ստեղծագործության առաջին շրջանը սկսվել է 1903 թվականին (այդ տարի են գրվել նրա երկու լավագույն բանաստեղծությունները՝ «Էլեգիան» և «Անծանոթ աղջկան»), այդ շրջանը շարունակվել է հեղափոխության նախօրյակի ու վերելքի տարիներին և հասել ռեակցիայի առաջին տարվան»,– գրում է Վ. Պարտիզունին՝ հակադրվելով այն տեսակետին, թե Տերյանի ստեղծագործության սկզբնական շրջանը համընկնում է «ծանր ռեակցիայի» տարիներին։ Բանաստեղծը ստեղծագործության վաղ շրջանում միտված է եղել գրական լեզուն ժողովրդայնացնելուն։

Հիմք ընդունելով բանաստեղծի ընկերոջ՝ Պողոս Մակինցյանի կատարած թվագրումները՝ կարելի է համոզված պնդել, որ դեռևս 1903-1904 թվականներին արդեն գոյություն են ունեցել զուտ տերյանական խոսքով գրված բանաստեղծություններ՝ «Հրաժեշտ», «Էլեգիա», «Անծանոթ աղջկան» և այլն։ Ահա նշված հանգամանքն էլ հիմք է տալիս Իշխանյանին իրավացիորեն ենթադրելու, որ «մինչև 1908 թվականը կամ համենայն դեպս մինչև 1906 թվականը Տերյանը, եթե կարելի է ասել, զուգահեռագիր է եղել»։

Վահան Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, լույս է տեսել 1908 թվականին։ Տերյանագետ Սաքո Սուքիասյանը, «Վահան Տերյանը հայրենի Ջավախքում» հուշապատումում ջերմորեն է անդրադարձել այդ ժողովածուի մասին։

  …Այդ համեստ գրքույկը շուտով դարձավ մեր ամենասիրած երկը։ Թվում էր, թե մեկը կախարդական գավազանով թեթև դիպել է ջահել մարդկանց ներաշխարհին, աննախընթաց քնքշությամբ շարժման մեջ է դրել նրանց պոետիկ ունակությունները։
- Սաքո Սուքիասյան, «Վահան Տերյանը հայրենի Ջավախքում»
 

Եվ այս ամենը ի շնորհիվ և՛ «Մթնշաղի անուրջների» տրամադրությունների, և՛ դրանք արտահայտող լեզվաարտահայտչամիջոցների՝ նորաբնույթ փոխաբերությունների, օքսիմորոնային ինքնատիպ կապակցությունների, համեմատությունների, բառակրկնությունների, խոսքին բանաստեղծականություն հաղորդող միակազմ նախադասությունների մեծ քանակի, բառերի սովորական շարադասությունը շրջուն դարձնելու հակման, հնչյունների յուրօրինակ ոճավորման և այլնի։

Ստեղծագործական վաղ շրջանում Տերյանի խոսքարվեստն անմիջականորեն կրում էր նաև լեզվի զարգացման նախորդ շրջանի ազդեցությունը։ Նախատերյանական լեզվի մի շարք հատկանիշներ՝ Ե լծորդության բայերի ըղձականի (ինչպես նաև պայմանականի, հարկադրականի) եզակի երրորդ դեմքը դիմանիշով կազմելը, պայմանական եղանակի ժխտական ձևերում դերբայական վերջնամասնիկի առկայությունը, գրաբարյան, ժողովրդախոսակցական ու բարբառային մի շարք բառերի ու բառաձևերի գործածությունները և այլն, արտահայտվեցին նաև բանաստեղծի լեզվում։

Երկրորդ փուլ խմբագրել

Տերյանի լեզվի զարգացման երկրորդ փուլը (1909-1912 թվականներ) բանաստեղծի արվեստի գեղարվեստական հասունացման կարևորագույն շրջանն էր, որի լավագույն վկայությունը «Բանաստեղծությունների» առաջին հատորն էր՝ հրատարակված 1912 թվականին[1]։ Վերջինս, բացի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի վերամշակված ու լրացված տարբերակից, ընդգրկում էր նաև «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ» և «Վերադարձ» բանաստեղծական շարքերը։ Մանրակրկիտ վերամշակման ենթարկելով տարիներ առաջ գրված բանաստեղծությունները՝ Տերյանն իր չափածոյի լեզուն զտեց նախորդ շրջանի լեզվական վերապրուկներից։ «1910-ական թվականներին հատկապես «Բանաստեղծություններ» (1912) ժողովածուից հետո,− գրում է Դ. Գասպարյանը,− Տերյանի պոեզիայում խորհրդապաշտության հետքերը գնալով նվազում են՝ տեղը զիջելով իրապաշտական ընկալումների։ Դրա արտահայտությունն են «Երկիր Նաիրի» շարքը և այլ բնույթի բազմաթիվ ստեղծագործություններ»։

Երրորդ փուլ խմբագրել

1910-ական թվականների տերյանական պոեզիայի նոր աստիճանը դրսևորվեց նաև բանաստեղծի լեզվի զարգացման երրորդ փուլում։ 1913 թվականից սկսվեց բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական գործունեության հաջորդ՝ պետերբուրգյան շրջանը։ Թեմատիկ, ժանրային, տաղաչափական ու լեզվաոճական նոր հնարավորությունների արդյունք էին «Կատվի դրախտ», «Երկիր Նաիրի», «Ոսկե շղթա» շարքերում զետեղված բազմաթիվ ստեղծագործություններ[1]։

Չորրորդ փուլ խմբագրել

Լեզվական որոնումներով ուշագրավ է նաև Տերյանի ստեղծագործական ուղու վերջին՝ հետհոկտեմբերյան փուլը (1918-1919 թվականներ)։ Բանաստեղծը հեղափոխական շրջանի տրամադրություններն արտացոլող տողերով, հրապարակախոսական մի շարք հոդվածներով տվեց իր անցած ուղու յուրօրինակ գնահատականը[1]։

Տեսակետներ Տերյանի ստեղծագործության մասին խմբագրել

Վահան Տերյանը ստեղծագործել է ընդամենը 10-15 տարի։ Սակայն ի տարբերություն հայ բանարվեստի մյուս խոշորագույն ներկայացուցիչների, որոնց ստեղծագործական ուղին տարբեր փուլերով է գծագրվում, Տերյանի չափածոն իր ամբողջության մեջ մնացել է միասնական։

  …Այդ 10-15 տարում ավելի քան հիսո՛ւն տարով առա՜ջ մղեց հայ պոեզիան` աշխարհազգացումով ու գրական կուլտուրայով այն հասցնելով դարի ամենից առաջավոր մակարդակին։  

«Մթնշաղի անուրջներին» բնորոշ լեզվաոճական գլխավոր հատկանիշները հիմնականում պահպանվել են նաև նրա հետագա ստեղծագործություններում։ Տերյանի բանաստեղծական վաստակի հետազոտման արդյունքում Ռ. Իշխանյանն արձանագրում է. «Մեկ անգամ գտնված տերյանական բնորոշ լեզվաոճական բնույթը պահպանվեց մինչև վերջ»։ Նշված հանգամանքը հաշվի առնելով՝ տերյանագետը բանաստեղծի լեզվի զարգացման հատուկ սահմանաբաժանում չի կատարել, թեև լեզվի քննության ժամանակ ակնհայտորեն առանձնացրել է երկու փուլ՝ անրջյան և հետանրջյան։

Ս. Հակոբյանը, թեև դժվարանում է ճշգրիտ մասերի բաժանել մարդկային հոգու տերյանական ամբողջական ճանապարհը, սակայն համարում է, որ այդ ճանապարհը հաջորդական դրություններ ունի, որոնք «եթե ոչ մեկը մյուսից խստապես սահմանագծվող, գեթ մեկը մյուսից որոշակի տարբերվող» է համարում։ Նա բովանդակային քննության ենթարկելով Վ. Տերյանի չափածոն, առանձնացնում է ստեղծագործական գործունեության երեք շրջաններ՝

  1. անմեղ պատանեկության շրջան
  2. մռայլ իրականության շրջան
  3. վերադարձի շրջան։

Տերյանի բանաստեղծական ծագումնաբանությունը գալիս է դարերի խորքից՝ Նարեկացուց, Սայաթ-Նովայից մինչև Թումանյան ու Իսահակյան։ Լինելով հայ բազմադարյան բանաստեղծական մշակույթի բնականոն շարունակությունը, պոեզիայի ազգային ավանդների ժառանգորդը՝ Տերյանը միաժամանակ դարձել է ամենամեծ նորարարը հայ բանաստեղծական արվեստի պատմության մեջ։

  Վերաձևելով հայտնի միտքը («Զենք քաջանց՝ սահման յուրեանց»), կարելի է այսպես գրել. յուրաքանչյուր ազգի սահմանը իր լեզուն է։ Իսկ եթե այդպես է, մեր [[[հայ]]] ժողովրդի հոգևոր կենսագրության մեջ Վահան Տերյանին առանձնահատուկ՝ Սահմանադրի տեղ պետք է հատկացվի։ Այդ իմաստով թերևս միայն նա կարող է համեմատվել մեծ Աբովյանի հետ. վերջինիս հիմնադրած արևելահայերենի ամենաամեծ բարենորոգիչն է Տերյանը։  
  Չքաղաբերված տող չունեցավ [Վահան Տերյանը]։ Նա լեզու դրեց հայ գրականության բերանը, բնազդային անորոշ թրթիռները, որ անգամ Թումանյանից ճանաչվելուց էին խուսափում, Տերյանից անուն ու նշանակություն առան և իրենից հետո եկողի համար արդեն կայուն բառամթերք էին, իրենից հետո եկողն արդեն կարող էր հայոց լեզու հրավիրել նաև այնպիսի գրողների ու մտածողների, ում համար մինչև Տերյանը հայտնությունը մեր լեզուն տեղ չուներ։ Արդյո՞ք այս նույն երևույթը նկատի չունի Աստվածաշունչը խոսքի մասին իր առակում. «Ի սկզբանե էր բանն»…: Միա՛յն։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մերի Վազգենի Հովհաննիսյան Վահան Տերյանի չափածոյի լեզուն և ոճը, 2019, ԵՊՀ հրատարակչություն, էջ 18-24։

Գրականություն խմբագրել

  • Մ․ Վ․ Իշխանյան, Վահան Տերյանի չափածոյի լեզուն և ոճը, 2019, ԵՊՀ հրատարակչություն, էջ 18-24
  • Վ. Պարտիզունի, Բանաստեղծը և ժամանակը (վերընթերցելով Տերյանին), «Գարուն», 1985
  • Ա. Իսահակյան, Երկերի ժողովածու 4 հատորով, հ. 4, Երևան, 1951
  • Ռ. Իշխանյան, Տերյանի լեզվական արվեստը (դասախոսություն)
  • Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում, Երևան, 1964
  • Դ. Գասպարյան, Երկու աշխարհի սահմանագիծը, «Գարուն», 1985
  • Գ. Էմին, Մաշտոցից մինչև մեր օրերը։ Մտորումներ հայ գրականության մասին (հոդվածներ, էսսեներ), Երևան, 1984
  • Ս. Յակոբեան, Վ. Տէրեան, Գրական-քննադատական վերլուծութիւն, Բերլին, 1923
  • Հ. Մովսես, Խոսքի կանխատեսմամբ, «Գարուն», 1985
  • Հ. Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև, Երևան, 2004։

Արտաքին հղումներ խմբագրել