Ստեղծագործական գործունեություն

Ստեղծագործական գործունեությունը, գործունեություն է, որը ծնում է որակապես նոր նյութական և հոգևոր, նախկինում երբեք չեղած արժեքներ։ Ստեղծագործական գործունեությունը հնարավոր է գործունեության գիտական, տեխնիկական, գեղարվեստական, քաղաքական և այլ ոլորտներում, երբ ստեղծվում է, հայտնաբերվում, հորինվում որևէ նոր բան։ Ստեղծագործական գործունեությունը անկրկնելի է (ըստ իրականացման բնույթի և արդյունքի), ինքնօրինակ և եզակի (հասարակական-պատմական և անհատական առումով)։ Բարձրակարգ կենդանիներն էլ ունեն ստեղծագործականության ինչ որ կենսաբանական ձևեր ու նախադրյալներ, սակայն ստեղծագործական գործունեությունը բնորոշ է միայն մարդուն։ Ստեղծագործական գործունեությունը մարդու աշխատանքի պրոցեսում առաջացած ընդունակությունն է՝ իրականությունից ստեղծված նյութից ստեղծելու (օբյեկտիվ աշխարհի օրինաչափությունների ճանաչողության հիման վրա) նոր իրողություն, որը բավարարում է բազմազան հասարակական պահանջմունքների։

Մարդու ստեղծագործականությունը չունի սահմաններ

Անկախ այն հանգամանքից, որ ստեղծագործական հոգեբանության ոլորտում իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, այնուամենայնիվ գոյություն չունի դրա մեկ ամբողջական կոնցեպցիա[1]։

Խնդրի սահմաններից դուրս

Տարբեր հեղինակներ տալիս են ստեղծագործական գործընթացի բազմատեսակ սահմանումներ՝ ընդգծելով դրա տարբեր կողմերը։ Ըստ Ա. Մատեյկոյի ստեղծագործելու էությունը կայանում է առկա փորձի վերափոխման՝ դրա հիման վրա նոր համադրությունների կառուցման մեջ։ Վ. Մ. Բեխտերևը ստեղծագործականությունը սահմանում է որպես որևէ նոր բանի արարում այնպիսի իրավիճակում, երբ խնդիր-գրգռիչը առաջացնում է դոմինանտ, որի շուրջ կենտրոնանում է խնդրի լուծման համար անհրաժեշտ նախկին փորձը։ Դ. Բ. Բոգոյավլենսկայան առաջարկել է ստեղծագործության ըմբռնումը՝ որպես ելք պահանջվածի սահմաններից։ Նա համարում է, որ ստեղծագործական գործընթացը հանդիսանում է խթանում չպահանջող իրավիճակային ակտիվություն, որն արտահայտվում է տրված խնդրի սահամններից դուրս գալու ձգտման մեջ։ Սակայն Մաքսիմովան համարում է, որ ներկայումս ստեղծագործության հասկացությունը համընկել է «ոչ հարմարողական ակտիվության» հասկացության հետ։

Պատմություն խմբագրել

Ստեղծագործության հոգեբանության ուսումնասիրությունների դինամիկան XX դարի երկրորդ կեսին փոփոխական է եղել։ ԱՄՆ-ում հետպատերազմյան շրջանում տվյալ ոլորտի ուսումնասիրություններին խթանեց Ամերիկյան հոգեբանական միավորման նախագահ Դ. Գիլֆորդը, ով 1950 թվականի իր ճառում կոչ արեց հոգեբաններին ուշադրությունը սևեռել ստեղծագործության հիմնախնդրի վրա[2]։ Դրան հաջորդած քսան տարիների ընթացքում Ամերիկայում մշակվեցին ստեղծագործականության ախտորոշման մեթոդներ, անցկացվեցին ստեղծագործական գործընթացի, ստեղծագործ անձի ուսումնասիրություններ, սկսեցին գործել գիտական կենտրոններ։ Սակայն 1970-ական թվականներից ստեղծագործության ուսումնասիրությունները կանգ առան, իսկ 1990-ականներին կրկին վերսկսվեցին՝ ելնելով թե՛ գիտության զարգացման տրամաբանությունից, թե՛ ժամանակակից հասարակության պահանջներից[3]։

Մակարդակներ խմբագրել

Որոշ հեղինակներ առանձնացնում են ստեղծագործական գործունեության մակարդակներ։ Գիզելինը տարանջատում է բարձրագույն և ցածրագույն ստեղծագործական գործունեություն։ Առաջինը կայանում է առկա գիտելիքների կիրառման ոլորտի լայնացման մեջ։ Բարձր մակարդակի ստեղծագործական գործունեությունը կապված է որակապես նոր կոնցեպցիայի ստեղծման հետ, որը շատ թե քիչ հեղաշրջում է կատարում գիտության մեջ[1]։

Ա. Գ. Գալինը գրում է, որ ցածր մակարդակի ստեղծագործական գործունեությունը կապված է ռացիոնալ համակարգված գիտելիքների, դրանց համակցման հետ և չի ենթադրում ինտուիտիվ տարրի առկայություն։ Բարձրագույն տիպի ստեղծագործական գործունեությունը ըստ հեղինակի ներառում է նաև ինտուիցիան[1]։

Ինտուիցիան Է. Ա. Միրոշխինան սահմանում է որպես տրամաբանորեն չհիմնավորված կամ տրամաբանական եզրահանգման համար անբավարար տվյալների հիման վրա խնդրի լուծման գործընթաց[1]։ Ինտուիցիայի դրսևորման յուրահատուկ ոլորտը անորոշ պայմաններով խնդիրներն են, սակայն դա չի բացառում ինտուիտիվ տարրի առկայությունը հստակ սահմանված պայմաններով խնդրի լուծման մեջ։

Ըստ Ե. Պ. Իլյինի ստեղծագործական գործունեության բարձրագույն մակարդակը ոչ բոլորին է հասանելի, ինչը խոսում է անհատների մոտ ստեղծագործական ներուժի՝ ստեղծագործելու կարողության, տարբեր մակարդակների մասին[1]։

Տեսակներ խմբագրել

 
Եղիր կրեատիվ և ստեղծագործական

Մ. Բոդենը առանձնացնում է ստեղծագործական գործունեության (կրեատիվության) երեք տիպ՝

  1. համադրական կրեատիվություն՝ նոր մտքի բացահայտում՝ արդեն հայտնի մտքերի անսովոր համարդման (ասոցիացիայի) միջոցով,
  2. հետազոտական կրեատիվություն՝ խնդրիների ձևակերպում, դեռևս չուսումնասիրված հիմնահարցերի առաջքաշում,
  3. ձևափոխող կրեատիվություն՝ այնպիսի գաղափարների առաջդրում, որոնք նախկինում անհավանական էին թվում, հարացույցի վերափոխում

Անձի ստեղծագործական ներուժը կարող է դիտարկվել նեղ և լայն իմաստով։ Նեղ իմաստով՝ դա ստեղծագործական ունակություններն են, առաջին հերթին՝ երևակայությունն ու կրեատիվ մտածողությունը։ Լայն իմաստով՝ ստեղծագործական պոտենցիալը ներառում է նաև անձնային առանձնահատկությունները, որոնք նպաստում են ստեղծագործական ունակությունների իրացմանը՝ դրդապատճառները, որոշ հուզական և կամային որակներ, կոմպետենտության մակարդակը[1]։

Բ. Մ. Տեպլովի համաձայն ունակություններ են անվանվում այնպիսի անհատական առանձնահատկությունները, որոնք հանդիսանում են որևէ գործունեության կամ գործունեության մի քանի ձևերի արդյունավետ իրականացման պայմաններ[1]։

Ա. Լ. Գոտսիները ընդունակությունների հասկացությունը վերաբերում է կայուն ֆունկցիոնալ հոգեֆիզիոլոգիական համակարգի հետ, որը ձևավորվում է արտաքին ազդեցությունների և մարդու ներքին բնածին հատկությունների տևական փոխազդեցության արդյունքում[4]։

Որոշ հեղինակների համաձայն կրեատիվությունը հոգեբանական ինքնուրույն բնութագիր է և ինտելեկտի մակարդակը միանշանակ կապված չէ ստեղծագործական ընդունակությունների բարձր մակարդակի հետ։ Ըստ Տ. Ա. Ռոմանովայի ներկայացրած տվյալների կրեատիվ երեխաները առանձին ցուցանիշներով կարող են գերազանցել, իսկ այլ ոլորտներում՝ հետ մնալ ինտելեկտուալ օժտված երեխաներից։

Օժտվածություն խմբագրել

 
Մոցարտը ուներ երաժշտական օժտվածություն

Ընդհանուր օժտվածությունից՝ մտավոր ընդունակություններից, բարձր ինտելեկտից, բացի հոգեբանության մեջ առանձնացնում են օժտվածության հատուկ տեսակներ՝ երաժշտական, նկարչական, տեխնիկական և այլն։ Հատուկ օժտվածությունը նույնացվում է ստեղծագործականության կամ կրեատիվության հետ։

Ա. Մ. Մատուշկինայի «ստեղծագործական օժտվածության» հայեցակարգի համաձայն ստեղծագործական ներուժը դիտարկվում է որպես երեխայի մոտ բնածին ստեղծագործական ընդունակությունների ամբողջություն, որը հասունացմանը զուգընթաց ծավալվում է գործունեության տարբեր ոլորտներում։ Երեխաների օժտվածությունը բնութագրվում է կայուն ճանաչողական դրդապատճառներով, արտահայտված իմացական ակտիվությամբ, մտածողության և խոսքի վաղ զարգացում, խաղի և գործունեության այլ ձևերի մեջ ստեղծագործելու ձգտումով։ Մ. Լուիսը և Լ. Միքելսոնն շեշտում են այն հանգամանքը, որ վաղ տարիքի երեխաների օժտվածությունը բնութագրվում է ոչ այնքան նրանց ինտելեկտուալ զարգացմամբ, որքան սենսոր զգայունակությամբ և հուզական արտահայտչականությամբ[4]։

Կրեատիվություն խմբագրել

 
Օրիգամին ստեղծվել է մարդկային կրեատիվությունից

Ե. Թորենսն ու Դ. Դաուֆը համարում են, որ բարձր ստեղծագործական ներուժ ունեցող երեխաները տարբերվում են սոցիալական ճնշման հանդեպ բարձր դիմադրողականությամբ, ինտուիցիայով, ինչպես նաև իրենց տարիքի համար միջինից բարձր ինտելեկտով։

Ըստ Թորենսի կրետաիվությունը ոչ թե հատուկ, այլ ընդհանուր կարողություն է, որը հիմնվում է ընդհանուր ինտելեկտի, անձնային որակների և արդյունավետ մտածողության կարողության վրա[5]։ Կրեատիվությունը Թորենսը բնորոշում էր որպես գիտելիքներում թերությունների, բացթողումների, աններդաշնակության սուր ընկալում։ Գիլֆորդը առանձնացնում էր կրեատիվության չորս չափանիշ՝ սահունություն, ճկունություն, յուրօրինակություն և մշակվածություն։ Թորենսի մեկնաբանությամբ սահունությունը հնարավորինս շատ գաղափարներ ստեղծելու կարողությունն է, ճկունությունը՝ խնդիրները լուծելուց տարատեսակ ռազմավարություններ կիրառելու, յուրօրինակությունը՝ ոչ սովորական, անսպասելի գաղափարներ առաջ քաշելու, մշակվածությունը՝ առաջացած մտքերը մանրամասնորեն մշակելու կարողությունը։

Գիլֆորդի ցուցակին Թորենսը ավելացնում է ևս երեք բնութագիր՝ համապատասխանություն (իրավիճակին, խնդրին), դիմադրություն միացմանը և վերացականություն։ Միացման դիմադրությունը, ըստ հեղինակի, արտացոլում է երկար ժամանակ գաղափարների նորության և բազմազանության հանդեպ բաց լինելու կարողությունն է։ Վերացականությունը արտացոլում է գլխավորը առանձնացնելու, խնդրի էությունը տեսնելու կարողությունը[1]։ Կրեատիվության թվարկված դրսևորումների ուսումնասիրության համար Թորենսը ստեղծեց իր մեթոդիկան։

Թորենսի կրեատիվության շեմի տեսության համաձայն ինտելեկտի և կրեատիվության մակարդակների միջև առկա է ոչ էական կորելյացիա՝ 120-ից բարձր ինտելեկտի գործակից ունեցող անհատների մոտ ստեղծագործական կարողությունը վերածվում է անկախ մեծության, այսինքն՝ ցածր ինտելեկտով կրեատիվ մարդիկ գոյություն չունեն, սակայն կան բարձր ինտելեկտով ցածր կրեատիվությամբ անհատներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Психология одаренности детей и подростков. Под ред. Н.С. Лейтеса. — М., Издательский центр «Академия», 1996
  2. Лютовае К. К вопросу о взаимосвязи интеллекта, креативности и личностных черт у детей // Интеллект и креативность в ситуациях межличностного взаимодействия - М., «Институт психологии РАН», 2000
  3. Богоявленская Д.Б. Психология творческих способностей — М., Издательский центр «Академия» 2002
  4. 4,0 4,1 Карлссон И. Креативность: личностный, нейробиологический и когнитивный аспекты // Психология, 2005, Том 2, №4
  5. Седьмая волна психологии, Выпуск 1,/ Сб. под ред. Козлова В.В., Качановой Н.А. - Ярослваль, Минск: МАПН, ЯрГУ, 2006

Գրականություն խմբագրել

  • Ա. Նալչաջյան Ինտուիցիան գիտական ստեղծագործական պրոցեսում 1976 թ. Երևան
  • Проблемы научного творчества в современной психологии 1971 г. Москва
  • Художественное и научное творчество 1972 г. Ленинград
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեղծագործական գործունեություն» հոդվածին։