Ըղձական եղանակ
Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման իղձ, ցանկություն, այսինքն՝ այնպիսի գործողություն, որի կատարումը (կամ չկատարումը) ցանկալի, սպասելի է խոսողի համար[1]։ Ժամանակակից հայերենում ըղձական եղանակը կազմվում են առաջին հիմքով և համապատասխան դիմաթվային վերջավորություններով։ Ըղձական եղանակն ունի երկու պարզ ժամանակաձև՝ ըղձական ապառնի և ըղձական անցյալ։
Ըղձական ապառնի
խմբագրելԸղձական ապառնին ցույց է տալիս կատարելի գործողության իղձ, ցանկություն։
- Ե խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբային -եմ, -ես, -ի, -ենք, -եք, -են վերջավորություններ ավելացնելով։
Եզակի երրորդ դեմքում Ե խոնարհիչը հնչյունափոխվում է Ի-ի։
- Ա խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբային -ամ, -աս, -ա, -անք, -աք, -ան վերջավորություններ ավելացնելով։
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|---|---|
1-ին դեմք | տեսնեմ | տեսնենք | գնամ | գնանք |
2-րդ դեմք | տեսնես | տեսնեք | գնաս | գնաք |
3-րդ դեմք | տեսնի | տեսնեն | գնա | գնան |
Օրինակ՝
- Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
- Գերեզմանըս անհայտ լինի,
- Վերաս քամին շառաչե,
- Վերաս խաչ, քար թող չըլինի,
- Մենակ ուռին հառաչե... (Ավետիք Իսահակյան)
- Ա՜խ, և այս հոծ
- Մութ-մըռայլից, երանի,
- Հառներ հոգիս կըրակ ու բոց,
- Զըվարթ հոգիս երբեմնի։ (Հովհաննես Թումանյան)
Ըղձական անցյալ
խմբագրելԸղձական անցյալը ցույց է տալիս անցյալում կատարելի իղձ, ցանկություն։
- Ե խոնարհման բայերի ըղձական անցյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով -եի, -եիր, -եր, -եինք, -եիք, -եին վերջավորությունները։
- Ա խոնահման բայերի ըղձական անցյալը կազմվում է անորոշի հիմքին ավելացնելով -այի, -այիր, -ար, -այինք, -այիք, -ային վերջավորությունները։
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
---|---|---|---|---|
1-ին դեմք | տեսնեի | տեսնեինք | գնայի | գնայինք |
2-րդ դեմք | տեսնեիր | տեսնեիք | գնայիր | գնայիք |
3-րդ դեմք | տեսներ | տեսնեին | գնար | գնային |
Օրինակ՝
- Երնեկ դըրա ոտը կոտրեր՝ Չըգար հաներ մեզ մեր տանից։ (Հովհաննես Թումանյան)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Սերգեյ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 166։