Արիստակես Լաստիվերցի (Արիստակես Լաստիվերտցի, անհայտ[1][2], Լաստիվեր, Կարին, Բագրատունիների թագավորություն[1][2] - անհայտ[1][2]), հայ պատմիչ, հոգևորական գործիչ[3], աստվածաբան։

Արիստակես Լաստիվերցի
Արիստակէս վարդապետ Լաստիվերտցի
Արիստակես Լաստիվերցու «Պատմության» էջերից մեկը, Երևան, 1658-1663 թվականներ, Մատենադարան, ձեռագիր 3502-354ա.
Ծնվել էանհայտ[1][2]
ԾննդավայրԼաստիվեր, Կարին, Բագրատունիների թագավորություն[1][2]
Վախճանվել էանհայտ[1][2]
Մասնագիտությունպատմաբան, քահանա և աստվածաբան
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Բագրատունիների թագավորություն
Ուշագրավ աշխատանքներHistory of Armenia?
Արիստակես Լաստիվերցի Վիքիքաղվածքում

Կենսագրություն խմբագրել

Արիստակես Լաստիվերցին ծնվել է մոտ 1002 թվականին Բարձր Հայք նահանգի Կարին գավառի Արծն քաղաքի մոտակայքում գտնվող Լաստիվեր գյուղում։ Եղել է վարդապետ։ Վկա է եղել սելջուկների վայրագություններին, Արծնի և Սմբատալեռան (Սմբատաբերդի) սոսկալի կոտորածներին, տեղահանվել է և հալածվել։ Արիստակես Լաստիվերցին խորացել է աստվածաբանության և ճարտասանության մեջ, տիրապետել է հունարենին, ուսումնասիրել Հայաստանի և Բյուզանդիայի պատմությունը։

«Պատմություն» երկը խմբագրել

Արիստակես Լաստիվերցու գլխավոր աշխատությունն է «Պատմություն»-ը («Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ վարդապետի…»), որը գրել է 1072-1079 թվականներին[4], Ամենայն հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցու հանձնարարությամբ։ Պատմական երկում ներկայացնում է 1001-1072 թվականների վերաբերող պատմական իրադարձությունները։ Պատմության մեջ նկարագրվող դեպքերի մեծ մասի ժամանակակիցն ու ականատեսն է։ «Պատմություն»-ը բաղկացած է չափածո նախերգանքից, 25 գլուխներից և հեղինակի հիշատակարանից։ Նախերգանքում նկարագրում է սելջուկների պատճառած սարսափները, ողբում նվաճված Հայաստանի վիճակը։ Բուն շարադրանքը ընդգրկում է 1000-1045 թվականների հայ-բյուզանդական հարաբերությունները, սելջուկների ներխուժումը և Թոնդրակյան շարժման որոշ դրվագներ։ Շատ սրտառուչ և բանաստեղծական լեզվով, մանրամասն նկարագրել է՝ 1000-1022 թվականների Տայքը նվաճելու Բյուզանդիայի փորձերը, բանակցությունները հայ և վրաց իշխանների հետ, Բագրատունյաց թագավորության անկումը (1045) և այլն[3]։ Բյուզանդիայի պատմությանը վերաբերող գլուխները լիովին համընկնում են բյուզանդական պատմիչների հաղորդածին, երբեմն նաև լրացնելով նրանց, ինչպես նաև արաբ և պարսիկ մատենագիրների տեղեկություններին։ Արիստակես Լաստիվերցին առաջին հայ հեղինակն է, որ նկարագրում է սելջուկյան արշավանքները 1047-1048 թվականներից մինչև Անիի գրավումը (1064) և Մանազկերտի ճակատամարտը (1071)։ Սելջուկների արշավանքները նկարագրելիս մանրամասն ներկայացնում է դրանց ընթացքում Հայոց աշխարհին հասած արհավիրքները, կոտորածները և ավերածությունները։ Հուզիչ է սելջուկների կողմից 1064 թվականի Անիի գրավման նկարագրությունը։ Լաստիվերցին անդրադառնում է նաև Հայաստանի անկախության և մասնավորապես՝ Անիի թագավորության վերացմանն ուղղված Բյուզանդիայի նենգ քաղաքականությանը, գովերգում է Բագրատունի վերջին արքաներ Գագիկ Ա-ին, Աշոտ Դ-ին, Գագիկ Բ-ին, սպարապետ Վահրամ Պահլավունուն և ուրիշներին։ Հեղինակը տեղեկություններ է հաղորդում արշավանքների բնույթի, ուղիների մասին։ Թոնդրակյան շարժմանը նվիրված 22-րդ և 23-րդ գլուխներն ունեն աղբյուրագիտական բացառիկ արժեք, որովհետև Արիստակես Լաստիվերցու տեղեկություններն այլ աղբյուրներում չեն հանդիպում։ Պատմությունը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում 10-րդ դարի և 11-րդ դարի 1-ին կեսի հայոց կաթողիկոսների (Պետրոս Ա Գետադարձ, Խաչիկ Բ Անեցի, Սարգիս Ա Սևանցի), աստվածաբան վարդապետների և մատենագիրների (Սարգիս, Տիրանուն, Ենովք, Ստեփանոս Տարոնեցի, Սամվել Կամրջաձորեցի, Հովհաննես Կոզեռն) մասին։ Կարևոր են տեղեկությունները կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի քաղաքական գործունեության մասին (1022 թվականի Տրապիզոնի բանակցությունները, նրա դիրքորոշումը 1045 թվականի Բյուզանդիայի քաղաքականության հանդեպ և հայրենադավ դերը Անին կայսրությանը հանձնելու գործում)։ Ի շարս այլ հոգևորականների՝ նա այն կարծիքին էր, որ Թոնդրակյան շարժումը կործանման է հասցրել Բագրատունյաց թագավորությունը։ Արիստակես Լաստիվերցին Թոնդրակյան շարժման առաջնորդներից ներկայացրել է Հարք գավառի եպիսկոպոս Հակոբի և Մանանաղիի Կունծիկ աբեղայի գործունեությունը, Հակոբին անվանել է «հայր ամենայն չարյաց», նրա ուսմունքը՝ մծղնեություն։ Ըստ նրա՝ Հակոբ Հարքացին իր ճառերով ձգտել է «տապալել սուրբ եկեղեցին»։ Շարժման կենտրոն Հարքի Թոնդրակ գյուղը պատմիչն անվանել է «սատանայի բնակարան»։ Արիստակես Լաստիվերցու «Պատմություն»-ը 11-րդ դարի կարևորագույն սկզբնաղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։ Այն միաժամանակ հայրենասիրական ողբ է, ուր հեղինակը նկարագրում է 11-րդ դարի աղետները։ Պատկերավոր և ազդու ոճի շնորհիվ Արիստակես Լաստիվերցու երկը հայ միջնադարյան գեղարվեստական արձակի խոշորագույն գործերից է։ «Պատմություն»-ը առաջին անգամ տպագրվել է 1844 թվականին, թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն[5] և ապա անգլերեն[6], վրացերեն, վերածվել աշխարհաբարի[7]։ Աշխատության ձեռագրերը պահվում են Երևանում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում և այլուր[8]։

Այլ երկեր խմբագրել

Արիստակես Լաստիվերցու մյուս աշխատությունը «Մեկնութիւն ընթերցուածոց»-ն է՝ նվիրված Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնի ընթերցվածքների մեկնությանը։ Հեղինակի նպատակն է եղել բացատրել Ծննդյան և Մկրտության տոնի ութ օրերի խորհուրդը։ «Մեկնություն»-ում Արիստակես Լաստիվերցին պաշտպանել է Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը միասին նշելու հայ եկեղեցու առաքելավանդ կանոնը։ «Քարոզ նոր Կիւրակէի» ճառում (կոչվում է նաև «Արիստակէս վարդապետի ասացեալ ի նոր Կիւրակէն») խոսվում է գարնան զարթոնքի, ծաղկապտուղների ու ծաղկասերմերի աճի, գարունը ցնծությամբ դիմավորող կենդանիների և սերմնացան մարդու մասին։ Արիստակես Լաստիվերցին այս համընդհանուր շարժման և վերափոխման մեջ է տեսնում Տերունական տոնի՝ Նոր Կիրակիի խորհուրդն ու մեկնությունը։ Տոնի կապակցությամբ հեղինակը կոչ է անում Հիսուսի Հարության օրինակով ոչ թե արտաքնապես, այլ ամբողջ էությամբ վերափոխվել, լցվել նորացման գաղափարով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 279․
  4. Արիստակէս Լասիվերցի, Պատմութիւն, աշխատասիրութեամբ Կարէն Իւզբաշեանի
  5. Повествование вардапета Аристакэса Ластивертци / Перевод с древнеармянского, вступительная статья, комментарий и приложения К. Н. Юзбашяна. Ответственный редактор Р. Р. Орбели. — М.: Издательство «Наука», Главная редакция восточной литературы, 1968. — (Памятники письменности Востока, вып. XIV).
  6. Aristakes Lastivertc'i's History. Translated from Classical Armenian by Robert Bedrosian
  7. Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը՝ Վ.Ա. Գևորգյանի, Երևան, 1971
  8. Հայ մշակույթի նշանավոր գործիչները, 5-18-րդ դարեր։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ Երևան, 1976 էջ 477

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 62  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստակես Լաստիվերցի» հոդվածին։