Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)
Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (ռուս.՝ Московский договор, թուրքերեն՝ Moskova Anlaşması, նաև՝ Լենին-Քեմալ պայմանագիր[1]), Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիր», որը նախապատրաստվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի - 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։
Մոսկվայի պայմանագիր | |
---|---|
ՌՍՖՍՀ – Թուրքիա ընկերության և եղբայրության պայմանագիր | |
Պայմանագրի տիպ | ապօրինի պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1921 թ. մարտի 16 Մոսկվա |
Ուժի մեջ է մտել | 1921 թ. սեպտեմբերի 22 |
Ստորագրել են | ՌՍՖՍՀ-ի կառավարության անունից՝ Գեորգի Չիչերին, Ջելալ Կորկմասով
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության անունից՝ Յուսուֆ Քեմալ, Ռիզա Նուր, Ալի Ֆուատ |
Կողմեր | Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն
Թուրքիայի Ազգային մեծ ժողով |
Լեզու | ռուսերեն |
Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից՝ փոխարենը ստանալով դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք հանդիսացող Սուրմալուի գավառը։ Այս պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, այդ թվում՝ ներկայիս հայ-թուրքական սահմանը, որը գործում է առ այսօր[2]։
Նախապատմություն
խմբագրել1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի ստորագրումը նշանակում էր պետության փաստացի բաժանում հաղթողների միջև՝ Օսմանյան կայսրությունից Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը, Արաբիան և Միջագետքը պետք է անջատվեին։ 1918 թվականի նոյեմբերին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավվեց Անտանտի զորքի կողմից։
Թուրք գեներալ Մուստաֆա Քեմալը, որը ժամանել էր Սամսուն 1919 թվականի մայիսի 19-ին թուրքական բանակի զինաթափումը ղեկավարելու նպատակով, որպես 9-րդ բանակի տեսուչ, ելույթ է ունեցել երիտասարդության առաջ և հայտարարել զորահավաք՝ օկուպացման ուժերի դեմ պայքարելու համար։ 1919 թվականի հունիսի 22-ին Ամասիայում նա շրջաբերական է հրապարակել (Amasya Genelgesi), որում նշվում էր, որ երկրի անկախությունը վտանգված է, ինչպես նաև հայտարարում էր Սիվասի կոնգրեսի գումարման մասին։ 1919 թվականի հուլիսի 8-ին Քեմալը հրաժարական է տվել օսմանյան բանակից։ 1919 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 7-ը Էրզրումում կայացել է կայսրության վեց արևելյան վիլայեթների համագումար, որին հաջորդել է 1919 թվականի սեպտեմբերի 4-ից 11-ը անցկացվող Սիվասի կոնգրեսը։ Այս համագումարների գումարումն ու աշխատանքը ապահովող Մուստաֆա Քեմալը, այդպիսով որոշել էր թուրքական պետությունը փրկելու ուղիները։ Սուլթանի կառավարությունը փորձել է հակազդել դրան՝ 1919 թվականի սեպտեմբերի 3-ին հրամայելով ձերբակալել Մուստաֆա Քեմալին, բայց չի կարողացել այն իրականացնել։ 1919 թվականի դեկտեմբերի 27-ին Անգորայի (Անկարա) բնակիչությունը ցնծությամբ դիմավորել է Մուստաֆա Քեմալին։
1920 թվականի հունվարի 28-ին Կոստանդնուպոլսում նորընտիր Պատգամավորների պալատը, որի մեծամասնությունը քեմալական շարժման կողմնակիցներն էին, ընդունել է «Թուրքական անկախության հռչակագիրը» (Ազգային երդում)։ Դրան ի պատասխան՝ Անտանտի տերությունները 1920 թվականի մարտի 16-ին սկսել են գրավել Կոստանդնուպոլսի առանցքային շենքերը և ձերբակալել թուրք ազգայնականներին, որոնք որոշ ժամանակ անց արտաքսվել են Մալթա։ Մարտի 18-ին Օսմանյան պառլամենտը բողոքել է այդ գործողությունների դեմ և ցրվել։
Մարտի 19-ին Անկարայում գտնվող Մուստաֆա Քեմալ փաշան շրջաբերական հեռագիր է ուղարկել բոլոր նահանգապետերին և զինվորական հրամանատարներին, որով նրանց հրավիրել է մասնակցելու «ժողովի ձևավորմանը, որը արտակարգ իշխանություն էր ունենալու ազգի կառավարման հարցերում»։ Սուլթանական կառավարությունը, որը ինտերվենտների խամաճիկն էր դարձել, ամբողջովին վարկաբեկվել էր, այլընտրանքը Թուրքիայի Մեծ Ազգային ժողովն էր, որը հավաքվեց Անկարայում։ Դրա առաջին նիստը կայացել է 1920 թվականի ապրիլի 23-ին։ Մուստաֆա Քեմալը ընտրվել է խորհրդարանի նախագահության նախագահ և Մեծ Ազգային ժողովի կառավարության ղեկավար, որն այն ժամանակ չի ճանաչել որևէ այլ երկիր։
Ապրիլի 26-ին Մուստաֆա Քեմալը դիմել է ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վլադիմիր Լենինին՝ խնդրելով Թուրքիային տրամադրել ռազմական և ֆինանսական օգնություն, առաջարկել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և Կովկասում ընդհանուր ռազմական ռազմավարություն մշակել, որ Խորհրդային Ռուսաստանը պաշտպանվի Սև ծովում և Կովկասում «իմպերիալիստական» վտանգից[3]։ Այս ռազմավարությունը վերաբերում էր դաշնակցականների, վրաց մենշևիկների և Անգլիայի կողմից ստեղծված, այսպես կոչված, կովկասյան պատնեշի հաղթահարմանը, որը խոչընդոտ էր սովետական Ռուսաստանի և քեմալականների միջև հարաբերությունների զարգացմանը։ Դաշնակցական Հայաստանը թույլ չէր տալիս իր տարածքով ապրանքներ տեղափոխել Թուրքիա, իսկ Սև ծովով օգնության առաքումը խոչընդոտում էին Անտանտի երկրների նավերը։
Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ԱՄՆ-ի և Անտանտի երկրների հովանավորությամբ, պատերազմում էր Թուրքիայի դեմ։ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը դա համարում էր ոչ ցանկալի և պատրաստակամություն էր հայտնել միջնորդության համար։ Սևրի խաղաղության պայմանագրի ստորագրումից մի քանի շաբաթ առաջ Հայաստանը սահմանային զորքեր էր ուղարկել Օլթինի շրջան, որը պաշտոնապես չէր պատկանում Թուրքիային, բայց մուսուլմանական դաշտային հրամանատարների (հիմնականում քրդական) և թուրքական բանակի ստորաբաժանումների իրական վերահսկողության տակ էր, որոնք այնտեղ էին մնում ՝ խախտելով «Մուդրոսի» զինադադարի պայմանները:Հայկական զորքերի հարձակումը սկսվել է հունիսի 19-ին, և մինչև հունիսի 22-ը հայերը ստանձնել են շրջանի մեծ մասի վերահսկողությունը՝ ներառյալ Օլթի և Փենյակ քաղաքները։ Թուրք ազգայնականների տեսակետից սա հայկական ուժերի ներխուժում էր Թուրքիայի տարածք, որը Թուրքիան օգտագործում է որպես պատասխան գործողությունների համար հիմք[4]։
Այս պայմաններում սովետական կառավարությունը որոշել է աջակցել քեմալականներին և փորձել է լուծում գտնել Հայաստանի հետ հակամարտության մեջ։ Նախ, «իմպերիալիզմի դեմ ազգային-ազատագրական պայքարի» գաղափարը համընկել է բոլշևիկյան գաղափարախոսության հետ, և երկրորդ՝ ավելի կարևորը՝ Անատոլիայի՝ անգլիական ազդեցության գոտու վերածվելը ծայրաստիճան անբարենպաստ էր Ռուսաստանի համար[3]։ Հունիսի 3-ին Լենինի որոշմամբ Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատը նամակ է ուղարկել Թուրքիայի կառավարությանը։ Այնտեղ ասվում է, որ «Սովետական կառավարությունը ինքնորոշման հարցում բարեկամության ձեռք է մեկնելու աշխարհի բոլոր ժողովուրդներին՝ մնալով յուրաքանչյուր ազգի ինքնորոշման իրավունքի ճանաչման իր սկզբունքին։ Սովետական կառավարությունը մեծ հետաքրքրությամբ հետևում է թուրք ժողովրդի կողմից իր անկախության և ինքնիշխանության համար մղվող հերոսական պայքարին, և այս՝ Թուրքիայի համար դժվար օրերին, ուրախ է հիմք դնել ամուր բարեկամության, որը պետք է միավորի թուրք և ռուս ժողովուրդներին»[5]։
Պայմանագիր
խմբագրելՄոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսն անցկացվել է 1921 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 16-ը, Քեմալական Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով։
Կոնֆերանսում ՌԽՖՍՀ-ն ներկայացրել են Գեորգի Չիչերինը և Ջելալ Կորկմասովը, իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը և Ալի Ֆուատ փաշան։ Ազգությունների այն ժամանակվա կոմիսար Ստալինի ջանքերի շնորհիվ[6] Չիչերինը վերջնականապես հրաժարվում է մինչ այդ ունեցած հայանպաստ իր դիրքորոշումից։ Հայաստանի սահմանների հարցի կապակցությամբ Չիչերինը հայտարարում է, որ իրենք չեն պնդի սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելուն։ Դա նշանակում էր, որ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Սակայն թուրքական պատվիրակությունը չի բավարարվում այդքանով և պահանջում է, որպեսզի Նախիջևանի մարզը չմնա Հայաստանին, այլ դրվի Ադրբեջանի հովանավորության տակ, վերջինս էլ պետք է պարտավորվեր ապագայում չզիջել այդ հովանավորությունը մի երրորդ պետության, այսինքն՝ Հայաստանին։
Ի վերջո մարտի 16-ին կողմերը կնքում են ՌՍՖՍՀ – Թուրքիա «ընկերության և եղբայրության պայմանագիրը», ինչպես նշված է պայմանագրի նախաբանում։
Մոսկվայի քեմալաբոլշևիկյան պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից
խմբագրելՊայմանագրերի օրինականության համար կարևոր է պատվիրակությունների լիազորությունների օրինականությունը։ Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ։ Ինչպես օրինակ՝ որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչ(ներ)ը։ Միջազգային իրավունքով փորձաքննությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի պայմանագիրը անօրինական (illegal) է և անվավեր (invalid), քանի որ.
- պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները (տե՛ս ստորև)։
- պայմանագիրն ստորագրվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։
Նախ, Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը անօրինական է և անվավեր դրան կողմ հանդիսացող ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կարգավիճակների պատճառով։
ՌՍՖՍՀ-ի կարգավիճակը
խմբագրելՊայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Բնականաբար նրա կառավարությունը չուներ միջազգային պայմանագիր կնքելու որևէ իրավասություն։ ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924 թվականից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (փետրվարի 1, 1924 թվական)[7]։ Մինչև 1924 թվական տեղի ունեցած «ճանաչումները» չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից։ Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից[8]։ Օրինակ՝ 1920 թվականին սովետական կառավարությունը ճանաչել է Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունվել Դաշնակից ուժերի կողմից, այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէր[9]։ Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով։ Այսպես՝ ՌՍՖՍՀ ընդդեմ Սիբրարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923 թվական) ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայցն այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ[10]։ Նմանատիպ վճիռ, նույն հիմնավորմամբ կայացրել է Շվեդիայի Գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիքսոնի (Soviet Government vs. Ericsson) գործում (1921)[10]։
Վերոհիշյալ և տասնյակ այլ դատավճիռներ և կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսնանկյունից գոյություն չունեն, հետևաբար որևէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին և այլն) չեն կարող ծավալել[11]։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը
խմբագրելԹուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO), և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ։ Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը։ Մինչև 1922 թվականի նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը, և միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որևէ անձի՝ հանդես գալու երկրի անունից[11]։
Քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (հոկտեմբերի 30, 1918) ոտնահարումը։ Մուստաֆա Քեմալը 1921 թվականին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր։ Այդ իսկ պատճառով դեռևս 1920 թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) Մուստաֆա Քեմալը մահվան էր դատապարտվել։ Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը։ Այս դատավճիռը 1920 թվականի մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից։ Ի դեպ՝ Քեմալի և քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923 թվականի հուլիսի 24-ին՝ ներման համապատասխան հայտարարագրով[12]։
Հայաստանին վերաբերող մասը
խմբագրելՄոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»[13]։ Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում՝ “A treaty does not create either obligations or rights for a third State without its consent”: Հետևաբար՝ Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել ևս՝ որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում՝ հոդված 1) կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանագրում՝ հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) խախտումով։
Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում. «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»։
Տեսակետներ
խմբագրել1921 թվականի մարտի 16-ին բոլշևիկները պայմանագիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաստանի Հանրապետության մի մասը, երկու այլ մասեր տվեցին Ադրբեջանին, և մնացորդի վրա փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակն ու բռնակցեցին Ռուսաստանին[14]: |
Չեղարկման խնդիր
խմբագրելԽնդիրը միջպետական իրավագիտության դաշտում է այն կապված է շահագրգիռ կամ ոչ շահագրգիռ պետությունների վարած քաղաքականության հետ որոնք ուղղակի կամ անուղղակիորեն առնչվում են այդ պայմանագրի հետ։ Պայմանագրի չեղարկման հարցը առաջին անգամ դրվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԽՍՀՄ կողմից, բայց չի կենսագործվել, այլ հակառակը ավելի ամրապնդվել է այդ պայմանագրի անհրաժեշտությունը։ Հայաստանի Հանրապետությունը այս պայմանագրի չեղարկման խնդրիը քննարկել է երկու անգամ, առաջինը անկախության առաջին տարիներին, իսկ երկրորդ անգամ՝ ընդդիմադիր պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ։ Հայկական իրականության մեջ առաջին անգամ այս պայմանագրի չեղարկման հարցը ձևակերպվեց որպես դատական հայց և ներկայացվեց ՌԴ Սահմանադիր Դատարան հայցադիմում Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության և Ազգային Ժողովի կողմից[15]։ 2016 թ․ հունվարի 15-ին ՌԴ ՍԴ պաշտոնական նամակով մերժեց հայցը[16]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել կնշանակի վերավավերացնել «Լենին-Քեմալ եղբայրության պայմանագիրը». Շանթ Հարությունյան». lragir.am. 2014 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Клинов А. С. ВОПРОСЫ СЕВЕРО-ВОСТОЧНОЙ ГРАНИЦЫ ТУРЦИИ // ГОЛОС МИНУВШЕГО. КУБАНСКИЙ ИСТОРИЧЕСКИЙ ЖУРНАЛ, № 1-2, 2010
- ↑ 3,0 3,1 М. Озтюрк. РАССМОТРЕНИЕ СОВЕТСКОЙ ПОМОЩИ АНКАРЕ В 1920—1922 ГГ. НА ОСНОВЕ ТУРЕЦКИХ ИСТОРИЧЕСКИХ ИСТОЧНИКОВ // Научные проблемы гуманитарных исследований. 2010. № 5. С. 69-76.
- ↑ Andrew Andersen and Georg Egge. Turkish-Armenian War and the fall of the First Republic
- ↑ Письмо Народного Комиссара Иностранных Дел РСФСР Председателю Великого Национального Собрания Турции Мустафе Кемаль-паше от 3 июня 1920 г. // Док. внешней политики СССР. М., 1958. Т. II. 804 с.
- ↑ Центральный партийный архив Института марксизма-ленинизма, ф. 3, oп. I, е/х 5214, л. 2.
- ↑ Toynbee A.J. Survey of International Affairs 1924. London, 1926, p. 491.
- ↑ Մինչև 1924 թ. փետրվարի 1-ը տեղի ունեցած, այսպես կոչված, ճանաչումները չեն ստեղծում որևէ իրավական հետևանք, քանի որ դրանք չճանաչված երկների կամ իշխանությունների կողմից էին. Էստոնիա 02.02.1920; Լիտվա 30.06.1920; Լատվիա 11.08.1920; Լեհաստան 12.10.1920; Ֆինլանդիա 14.10.1920; Պարսկաստան 26.02.1921; Աֆղանստան 28.02. 1921; Թուրքիա 16.03.1921; Մոնղոլիա 05.11.1921 (Schuman F.L. American Policy toward Russia since 1917: A Study of Diplomatic History, International Law and Public Opinion. London, 1928, p. 351).
- ↑ Papers Relating to the Foreign Relations of the United States, 1920. Washington, 1936, v. III, p. 462. (The Secretary of States (Colby) to the Ambassador in Great Britain (Davis), August 2, 1920, p. 461-3).
- ↑ 10,0 10,1 Hudson M.O. Annual Digest of Public International Law. Cambridge, 1931-1932, Case No 28.
- ↑ 11,0 11,1 Chen T.-C. The International Law of Recognition, London, 1951, p. 138.
- ↑ Amnesty Declaration and Protocol, signed 24 July 1923.
- ↑ Jankovic B.M. Public International law. NY, 1984, p. 302.
- ↑ Report [Pursuant to H.Res. 346 & H.Res. 438]. Communist Takeover & Occupation of Armenia, 83rd Congress 2nd Session, House of Representatives, Rept. 2684, Part 8, 31 Dec 1954, p. 14.
- ↑ Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության և Ազգային Ժողովի կողմի հայցադիմում
- ↑ հայցի մերժում