Նիբելունգների երգը (գերմ.՝ Nibelungenlied), գերմանական ազգային էպոս, որն անվանվում է նաև «պոեմ» ՝ գրված անհայտ հեղինակի կողմից 12-րդ դարի վերջում և 13-րդ դարի սկզբում[3]։ Այն դասվում է աշխարհի էպիկական ամենանշանավոր ստեղծագործությունների շարքը[4]։

Նիբելունգների երգը
գերմ.՝ Das Nibelungenlied
Հեղինականհայտ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհերոսական վեպ
Բնօրինակ լեզումիջին բարձր գերմաներեն
Կերպար(ներ)Զիգֆրիդ, Կրիմհիլդա, Gunther?, Hagen?, Բրունհիլդա, Rüdiger von Bechelaren?, Etzel?, Volker von Alzey?, Andvari?, Helche?, Gundomar I?, Ute?, Hadburg? և Piligrim of Passau?
Ստեղծման տարեթիվմոտ 1200[1][2]
Նկարագրում էKingdom of the Burgundians?, Վորմս, Վորմսի տաճար, Hunnic Empire? և Քսանտեն
OCLC953773759
 Nibelungenlied Վիքիպահեստում

Ներածություն խմբագրել

«Նիբելունգների երգում» ներկայացվում են գերմանական ցեղերի՝ 5-6-րդ դարերի պատմությունը, նրանց փոխհարաբերությունները, ինչպես նաև այդ ցեղերի ջանքերը՝ հարազատական կապեր հաստատելու Արևելյան Եվրոպայում իրենց դիրքերն ամրապնդած և Հռենոսի ափերին բնակվող ցեղերին սպառնացող հոների հետ։ Պոեմի դիպաշարի հիմքում ընկած է գերմանացի առասպելական հերոս վիշապասպան Զիգֆրիդի ամուսնությունը Բուրգունդիայի արքայադուստր Քրիմհիլդի հետ, ինչից էլ սյուժետային բազմաթիվ գծեր են ծագում. նախ և առաջ՝ մեծ հակասություն է առաջանում Քրիմհիլդի և նրա եղբոր՝ Գունտերի կնոջ՝ Բրունհիլդի միջև, ինչը, ի վերջո, ավարտվում է Զիգֆրիդի մահով։ Քրիմհիլդն այնուհետև հոների առաջնորդ Էտցելի (Աթիլլայի գերմաներեն տարբերակը) օգնությամբ վրեժ է լուծում իր ցեղակից բուրգունդներից սիրելիին՝ Զիգֆրիդին սպանելու պատճառով։ Բոլոր իրադարձությունների «զտիչ» է դառնում մի երրորդ խորհրդավոր ուժ՝ ամենուր գոյություն ունեցող, ամենատես և ամենագետ չարագործ Հագենը։

Տաղաչափական առանձնահատկություններ խմբագրել

Միջնադարում գերմանական պոեզիան[5] նախընտրում էր տաղաչափական համաշեշտ ձևերը։ Չափածո խոսքում մեծ դեր ուներ բաղաձայնույթը (ալիտերացիա)։ Տաղաչափական համաշեշտ ձևը տևական ժամանակ գոյություն է ունեցել հատկապես Իսլանդիայում, մինչդեռ մայրցամաքային գերմանական ցեղերը վաղմիջնադարյան շրջանում արդեն հրաժարվել էին դրանից և չափածո խոսքում գործածում էին հանգը։ Եթե «Բեովուլֆը» և անգլո-սաքսոնական մյուս ասքերը պահպանում են տաղաչափության ավանդական ձևերը, ապա «Նիբելունգների երգը» գրված է նոր սկզբունքով՝ հանգերով։ Պոեմը բաղկացած է «կյուրենբերգյան» կոչվող ոտանավորներից, որոնք, իրենց հերթին, կազմված են քառատներից. սրանք էլ բաժանվում են զուգահեռ կերպով հանգավորված երկտող տների։ Յուրաքանչյուր ոտանավոր բաժանված է երկու մասի. դրանցից առաջինի տներն ունեն չորս շեշտակիր վանկ, մինչդեռ առաջին երեք ոտանավորների երկրորդ մասում առկա է երեքը, իսկ վերջին ոտանավորի՝ թե՛ ձևը, թե՛ բովանդակությունն ամբողջացնող և ամփոփող երկրորդ հատվածը ևս ունի չորս շեշտակիր վանկ։

Հեղինակ խմբագրել

«Նիբելունգների երգի» հեղինակը՝ այն բանաստեղծը, ով ամբողջացրեց իրենից առաջ գոյություն ունեցած պատումներն ու ասքերը, մշակեց և կատարելագործեց դրանք՝ գեղարվեստական վերջնական տեսքի բերելով և համակարգելով կառուցվածքը, անհայտ է։ 2233-րդ տան մեջ նա իրեն «գրագիր» է անվանում, հանգամանք, որ միգուցե ցույց է տալիս ստեղծագործողի ինքնագիտակցության նրա աստիճանը. նա իրեն ինքնուրույն, իր նյութերին ազատորեն տիրապետող հեղինակ - հորինող չի համարում, իսկ իր երկն ավելի շուտ դիտարկում է որպես գոյություն ունեցող ավանդույթի արձանագրում։ Եթե նույնիսկ այսպիսին է եղել հեղինակի ինքնագիտակցությունը (ըստ երևույթին՝ նաև ժամանակակիցների՝ նրա հանդեպ ունեցած վերաբերմունքը), այնուամենայնիվ, անհայտ բանաստեղծի գրչով հավերժացած «Նիբելունգների երգը» ինչպես բովանդակության, այնպես էլ ձևի առումով էականորեն տարբերվում է գերմանական ամենանշանավոր ասքի մյուս տարբերակներից։ Նշանակում է, որ, այնուամենայնիվ, էպոսի ավարտուն տարբերակը հեղինակային որոշակի դրոշմ է կրում։ Հիմքեր կան ենթադրելու, որ այն գրի է առնվել և մասամբ հորինվել 1200 թվականին, իսկ էպոսի «ծննդավայր» պետք է համարել Դունայ գետի շրջակայքը, մասնավորապես՝ Պասաուի և Վիեննայի միջև ընկած տարածքները։ Բանն այն է, որ իր ժամանակի Ավստրիայի աշխարհագրությունը հեղինակը շատ ավելի լավ գիտի, քան Եվրոպայի որևէ այլ հատվածինը։ Գիտնականները տարբեր կարծիքներ ունեն նրա անձի վերաբերյալ. մի մասը ենթադրում է, որ հեղինակը շպիլման՝ թափառական երգիչ - երաժիշտ է եղել[6], մյուսներն էլ հակվել են այն տեսակետին, որ վեջինս հոգևորականի կոչում է ունեցել, շատերն անգամ վստահ են, որ պոեմի խորհրդավոր հեղինակը հենց Պասաուի եպիսկոպոսն է։ Գիտնականների մի մասն էլ, սակայն, համոզված է, որ հեղինակը միջին դասի պատկանող, կրթված ասպետ է եղել։ «Նիբելունգների երգը» գերմանական հերոսական ասքերի և պատումների մշակման արդյունքն է։ Այդ մշակումն ուղեկցվել է ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ կորուստներով։ Անանուն հեղինակը, անշուշտ, նոր շունչ և արժեք է հաղորդել հնագույն ավանդություններին՝ դրանց աննկարագրելի պատկերավորություն և գեղարվեստականություն հաղորդելով։ «Պատկերավորություն» բառը, իսկապես, տեղին է, և այն հենց բառացիորեն էլ կարելի է հասկանալ. հեղինակը հաճույքով և ճաշակավոր կերպով է նկարագրում նույնիսկ հերոսների հագուստի ձևը, գույնն ու նախշերը, մանրամասնորեն ներկայացնում է նրանց զարդերն ու զենքը։ Մակդիրների, փոխաբերությունների ու չափազանցությունների առատությունը, հակադրությունները, կարմիրի, ոսկեգույնի, սպիտակի համադրումը միջնադարյան մանրանկարչության հուշարձաններ են հիշեցնում։

Նիբելունգների մասին խմբագրել

Նիբելունգները (գերմ.՝ Nibelungen, սկանդինավ.Niflungar) առասպելական թզուկներ են («նիբելունգ» բառացիորեն նշանակում է մառախուղի երեխա), որոնք, ըստ գերմանական և սկանդինավյան ժողովուրդների ասքերի, մեծ գանձերի տերեր և պահապաններ են եղել, ապրել են Հռենոս գետի ափերին։ Ըստ ավանդության՝ նիբելունգների գանձերը գողանալուց հետո Բուրգունդիայի արքաները ստացան նաև նրանց անունը[7]։ Նիբելունգները ոչ միայն գերմանական ազգային էպոսի, այլև Ռիխարդ Վագների «Նիբելունգի մատանին», «Զիգֆրիդ», «Աստվածների մահը» և այլ՝ միասնական շարք կազմող օպերաների հերոսներն են։ Մեր օրերում նրանց մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել։

 
Նիբելունգներ

Բովանդակություն խմբագրել

Էպոսը բաղկացած է 39 մասից, որոնք արկածներ (ավանտյուրաներ) են կոչվում։

Առաջին արկած խմբագրել

5-րդ դարի սկիզբն է։ Հռենոսի միջին հոսանքի մերձակայքում՝ Վորմս քաղաքում, իր եղբայրների՝ երեք թագակիրներ Գունտերի, Գերնոտի և Գիզելհերի պաշտպանության ներքո ապրում է մանկամարդ արքայադուստր Քրիմհիլդը։ Այստեղ կարելի է նկատել, որ արքայադուստրը սկանդինավյան ասքերի հերոսուհի նույն Գուդրունն է, որը, սակայն, գերմանական էպոսում այլ հատկանիշներ է ձեռք բերում և որին ա՛յլ գործողություններ են վերագրվում։ Եթե սկանդինավյան ասքերում Գուդրունը վրեժ է լուծում հանուն իր ցեղակիցների, ապա գերմանական էպոսում Քրիմհիլդը վրեժ է լուծում ցեղակիցներից։ Քրիմհիլդի կերպարն անչափ կարևոր է էպոսում, որովհետև նրա շնորհիվ, նախ և առաջ, «Նիբելունգների երգն» ամբողջական է դառնում. պոեմն սկսվում է արքայադստեր երազով և ավարտվում նրա մահվամբ, ինչն էլ, հենց, միասնական շղթա է ստեղծում։ Քրիմհիլդը չքնաղ է, մաքրամաքուր հոգի ունի, և աղջկան տեսնող յուրաքանչյուր ասպետ միայն նրա մասին է երազում։ Եվ ահա, մի անգամ, արքայադուստրը երազ է տեսնում, թե իբր ազատ բազեն է հաստատվել իր տանը, բայց հանկարծ նրա վրա են հարձակվում երկու արծիվ և կտցահարելով սպանում։ Խիստ տպավորված և տագնապած լինելով՝ Քրիմհիլդը երազը պատմում է իր մորը։ Մայրը մեկնաբանում է երազը՝ ասելով, որ բազեն աղջկա ապագա ազնվազարմ ամուսինն է և մտահոգվում է այն հանգամանքով, որ երազն իր դստեր ամուսնու վաղաժամ մահվան նախանշանը կարող է լինել։ Սակայն Քրիմհիլդն ամուսնության մասին լսել անգամ չի ցանկանում՝ հայտնելով, որ ինքը կպահպանի իր երիտասարդությունն ու գեղեցկությունը, որպեսզի հետագայում ստիպված չլինի սիրո դիմաց տառապանք փոխհատուցելու։

 
Կերպարների տոհմագրությունը

Երկրորդ արկած խմբագրել

Միևնույն ժամանակ Հռենոսի ստորին հոսանքում՝ ֆրանկական ցեղերից մեկի մայրաքաղաքում՝ Քսանթենում, ապրում էր սալիկյան ֆրանկների արքայազն Զիգֆրիդը՝ Զիգմունդի և Զիգլինդի որդին, ով բազում սխրանքներով փառավորել էր իր անունը դեռ պատանի եղած ժամանակ։ Արքայազնը շատ գեղեցիկ և ուժեղ էր, ու ոչ մի գեղեցկուհի չէր կարող դիմադրել նրա հմայքին։ Երբ գալիս է որդուն ասպետի կոչում տալու ժամանակը, Զիգմունդ արքան յոթօրյա շռայլ տոնակատարություն է կազմակերպում և ցանկանում փոխանցել նրան իր թագը, սակայն Զիգֆրիդը հրաժարվում է՝ խոստանալով իր սրով պաշտպանել հայրենի հողը։

Երրորդ արկած խմբագրել

Զիգֆրիդը, լսելով արքայադուստր Քրիմհիլդի գեղեցկության մասին, որոշում է Վորմս գնալ և խնդրել նրա ձեռքը։ Ծնողները դժվարությամբ են համաձայնում դրան, քանի որ գիտեին բուրգունդների հզորությունն ու ամբարտավանությունը. այնուամենայնիվ, տասներկու քաջազուններից բաղկացած իր փոքրիկ շքախմբով արքայազնը ճանապարհ է ընկնում։ Զիգֆրիդը մայրաքաղաք է հասնում ճամփորդության յոթերորդ օրը և միանգամից գնում է արքայական պալատ. ոչ ոք չի ճանաչում հիասքանչ կտրիճին։ Բուրգունդիայի երեք արքաները պալատ են կանչում իրենց ամենազորեղ վասալին՝ Հագենին, որը լավ գիտեր հարևան բոլոր հողերը և նրանց տերերին։ Չնայած այն բանին, որ Հագենը ևս երբևիցե չէր տեսել Զիգֆրիդին, միանգամից հասկանում է, որ նա հենց այն նույն հերոսն է, որը հաղթել էր նիբելունգներին, տիրացել նրանց գանձերին, թզուկ Ալբերիխից խլել անտեսանելի թիկնոցը, սպանել սարսափելի վիշապ Փանֆիրոսին և լողացել նրա արյան մեջ, ինչից նրա մաշկը եղջյուրի նման անխոցելի էր դարձել։ Վերհիշելով այս ամենը՝ Հագենը երեք արքաներին խորհուրդ է տալիս հնարավորինս ջերմորեն ընդունել Զիգֆրիդին, որպեսզի չվաստակեն նրա թշնամությունը։ Երեք արքաները, լսելով իրենց խորամանկ վասալի խորհուրդը, մեծ պատիվներ են մատուցում դյուցազնին՝ չնայած նրա՝ ամբարտավանության հասնող մեծամտությանը։ Նշանավոր հյուրի պատվին ուրախ խնջույքներ և մրցարշավներ են կազմակերպվում. Զիգֆրիդը շուտով ընկերանում է Բուրգունդիայի տերերի հետ։ Տոնակատարությունների ու զվարճանքների մեջ աննկատելիորեն մի տարի է անցնում, բայց Զիգֆրիդը, չնայած իր մեծ ցանկությանը, այդպես էլ ոչ մի անգամ չի հանդիպում արքայադուստր Քրիմհիլդին, թեև աղջիկն իր պատուհանից հաճախ էր հիանում նրանով։

Չորրորդ և հինգերորդ արկածներ խմբագրել

Սաքսերի թագավոր Լյուդեգերն իր դաշնակցին՝ Դանիայի արքա Լյուդեգաստին միացած՝ պատերազմ է հայտարարում բուրգունդներին։ Բուրգունդացի ընտրելագույն քաջամարտիկների գլուխ անցած՝ Զիգֆրիդն իր իսկ ցանկությամբ կռիվ է գնում Գունտերի փոխարեն և մի քանի փայլուն հաղթանակից հետո գերի վերցնում արշավանքի ելած երկու արքաներին էլ։ Հաղթանակի լուրով Վորմս հասած սուրհանդակին Քրիմհիլդը թաքուն իր մոտ է կանչում և հարցուփորձ անում Զիգֆրիդի քաջագործությունների մասին։ Գունտերը մեծ խնջույք է կազմակերպում և հրավիրում հաղթողներին։ Զիգֆրիդը կամենում է հեռանալ Բուրգունդիայից, բայց մնում է հանուն Քրիմհիլդի։ Այնուհետև Հոգեգալստյան տոնին մեծ տոնակատարություն է կազմակերպվում, որի ժամանակ հեռու և մոտիկ երկրներից ժամանած դյուցազունները մրցում են միմյանց հետ։ Իր մոր հետ մրցությանը պետք է հետևեր նաև արքայադուստր Քրիմհիլդը։ Գունտերը Զիգֆրիդին ներկայացնում է քրոջը. երիտասարդն ասպետորեն խոնարհվում է արքայադստեր առջև, նրանք թաքուն հայացքներ են փոխանակում և վայրկենապես սիրով լցվում միմյանց հանդեպ[8] Պատարագից հետո Քրիմհիլդն ասպետին շնորհակալություն է հայտնում եղբայրներին օգնելու համար, ինչին Զիգֆրիդիը պատասխանում է. «Ձեր սիրո համա՛ր եմ ես ծառայել նրանց»։ Տոնակատարությունները տևում են տասներկու օր շարունակ, և ամեն անգամ Քրիմհիլդը դուրս է գալիս հյուրերի առջև։ Երբ վերջիններս որոշում են տուն վերադառնալ, պատշաճությունից ելնելով՝ հեռանալու ցանկություն է հայտնում նաև Զիգֆրիդը, սակայնը Գիզելհերը հեշտությամբ տարհամոզում է նրան։

Վեցերորդ արկած խմբագրել

Միևնույն ժամանակ ծովից այն կողմ ընկած թագավորությունում ապրում էր հրաշալի գեղեցկությամբ և ուժով օժտված թագուհի Բրունհիլդը։ Շատերն էին տենչացել գրավել նրա սիրտը, բայց նա որոշել էր պատկանել նրան, ով կհաղթեր իրեն ռազմախաղերում։ Նա, ով դիմում էր այդ արկածախնդրությանը և պարտություն կրում Բրունհիլդից, մահապատժի էր ենթարկվում։ Գունտեր թագավորը ևս մտադրվել էր ամուսնանալ այդ անպարտելի թագուհու հետ։ Սկզբում Զիգֆրիդը համոզում է նրան հրաժարվել այդ գաղափարից, բայց հետո համաձայնում է օգնել՝ պայմանով, որ թագավորը Քրիմհիլդին կնության կտա իրեն։ Հագենի և Դանկվարտի ուղեկցությամբ Գունտերը և Զիգֆրիդը նավով գնում են Իզենշտեյն՝ Բրունհիլդի ամրոցը։ Քանի որ Բրուհնիլդին տիրելու Գունտերի ցանկությունն անսպասելի և բուռն էր, նրանք չէին հասցրել մեծ պատրաստություն տեսնել, և նավերն ընդամենը երեքն էին։

Յոթերորդ և ութերորդ արկածներ խմբագրել

Բրունհիլդը քնքշորեն է ընդունում Զիգֆրիդին և հարցնում, թե որն է նրա գալստյան նպատակը։ «Ես քեզ մոտ խնամախոսելու եկած Գունտեր արքայի վասալն եմ», - պատասխանում է Զիգֆրիդը։ Սկսվում են մրցության նախապատրաստությունները։ Բրունհիլդի վահանն այնքան ծանր էր, որ չորս ծառա այն հազիվ էին բերում, իսկ նիզակն ու քարը հնարավոր էր բարձրացնել միայն տասներկու հոգով։ Տեսնելով այդ ամենը՝ Գունտերը սարսափում է, սակայն Զիգֆրիդը, հագնելով անտեսանելի թիկնոցը, օգնության է շտապում նրան։ Մրցության ժամանակ արքան միայն ձևական շարժումներ է անում, իսկ նրա փոխարեն, ցուցադրելով իր արտասովոր ուժը, մրցում է թիկնոցի տակ թաքնված Զիգֆրիդը։ Բրունհիլդը պարտվում է. նա պետք է ամուսնանա Գունտերի հետ։ Զիգֆրիդը նիբելունգների երկիր է գնում, որտեղից հազար թիկնապահ է բերում Գունտեր արքայի համար։ Վերջինս և իր հարսնացուն ճանապարհ են ընկնում դեպի տուն։

 
Ուժի ցուցադրումը Բրունհիլդի պալատում

Իններորդ և տասներորդ արկածներ խմբագրել

Առաջ ընկնելով արքայի շքախմբից՝ Զիգֆրիդը շտապում Վորմս՝ նախազգուշացնելու արքայամորը և Քրիմհիլդին Գունտերի և Բրունհիլդի ժամանման մասին։ Տեղի է ունենում նրանց հարսանիքը։ Տուն վերադառնալով՝ Գունտերը պահպանում է իր խոստումը, և Քրիմհիլդն ու Զիգֆրիդը նշանադրվում են։ Բրունհիլդը, նրանց միասին տեսնելով, հեկեկում է։ Երբ ամուսինը հարցնում է, թե նա ինչու է լալիս, թագուհին պատասխանում է.«Ես արտասվում եմ Քրիմհիլդի պատճառով, որին դու վասալի ես կնության տալիս։ Ես միշտ կողբամ նրա նվաստացումը»։ Նույն գիշերը Գունտերը և Բրունհիլդը նորից են մրցում միմյանց դեմ, և արքան, այս անգամ զրկված օգնությունից, ամոթալի պարտություն է կրում. թագուհին կապկպում է նրան և կախում առաստաղի մեխից։ Հաջորդ օրը Գունտերն այս մասին պատմում է Զիգֆրիդին, իսկ նա, դարձյալ հագնելով անտեսանելի թիկնոցը, մրցում է արքայի փոխարեն և, պարտության մատնելով Բրունհիլդին, խլում է նրա գոտին ու մատանին, ապա նվիրում է դրանք Քրիմհիլդին։ Գունտերին իր ամուսինը ճանաչելով՝ թագուհի Բրունհիլդը զրկվում է արտասովոր ուժից (միջնադարյան պատումների ավանդույթի համաձայն՝ պատերազմիկ թագուհին ամուսնությունից հետո վեածվում է հասարակ կնոջ)։

Տասնմեկերորդ և տասներկուերորդ արկածներ խմբագրել

Հարսանեկան տոնակատարություններից հետո Զիգֆրիդը կնոջ հետ հայրենիք է վերադառնում, որտեղ հայրը նրան է զիջում իր թագը։ Անցնում են տասը երջանիկ տարիներ։ Քրիմհիլդն ամուսնուն որդի է պարգևում, որին, ի պատիվ մորեղբոր, Գունտեր են անվանում, իսկ Գունտեր արքան և Բրունհիլդն էլ իրենց զավակին անվանակոչում են Զիգֆրիդ։ Բրունհիլդ թագուհին իրեն անարգված է զգում այն պատճառով, որ Զիգֆրիդը բուրգունդական արքունիք չի ներկայանում, ինչպես անում էին մնացյալ վասալները։ Սկզբում Գունտերը փորձում է հանգստացնել նրան, սակայն հետո պատգամավորներ է ուղարկում փեսայի մոտ՝ նրան խնջույքի հրավիրելու։ Զիգֆրիդն ընդունում է հրավերը՝ շռայլորեն պարգևատրելով բանբերներին։ Երբ վերջիններս վերադառնում են պալատ, ցույց են տալիս իրենց ընծաները. Հագենը ցանկություն է հայտնում, որ նիբելունգների գանձերը մի օր բուրգունդական հողում հայտնվեն։

Տասներեքերորդ և տասնչորսերորդ արկածներ խմբագրել

Ծեր հոր, կնոջ և մեծաքանակ շքախմբի հետ Զիգֆրիդը Բուրգունդիա է գնում, որտեղ նրանց մեծ պատիվներով և հարգանքով են ընդունում։ Խնջույքներն ու ասպետական մրցություններն ընթանում են տասը օր շարունակ, իսկ տասնմեկերորդ օրը, երբ երկու թագուհիները նստում են իրար հետ, Քրիմհիլդն սկսում է գովել Զիգֆրիդին։ Բրունհիլդը պատասխանում է, որ, Զիգֆրիդը, այնուամենայնիվ, Գունտերի վասալն է ընդամենը և ավելացնում. «Նա ինքն է ասել ինձ այդ մասին, երբ խնամախոսելու էին եկել»։ Քրիմհիլդը խնդրում է հարսին այդպիսի բաներ չասել, մի՞թե եղբայրներն իրեն վասալի հետ կամուսնացնեին։ Երբ վեճը թեժանում է, Քրիմհիդը բացականչում է, որ հենց նույն երեկոյան կապացուցի, որ ինքը ոչ թե վասալի կին է, այլ նույնպիսի թագուհի, ինչպիսին Բրունհիլդը և առաջինը կմտնի եկեղեցի։ Բրունհիլդը մրցակցուհուն սպասում է տաճարի մոտ, և երբ վերջինս մոտենում է, բարձր ձայնով հրամայում է նրան կանգնել, քանի որ սպասուհին չպետք է առաջ անցնի իր տիրուհուց։ «Դու, ավելի լավ է, լռես,- պատասխանում է Քրիմհիլդը,- Զիգֆրիդն է քեզ նվաճել Գունտերի համար, հենց նա էլ եղել է քեզ հետ քո ամուսնության առաջին օրը»։ Պատարագի ավարտից հետո Բրունհիլդը Քրիմհիլդից ապացույցներ է պահանջում. վերջինս նրան է ներկայացնում Զիգֆրիդից նվեր ստացած մատանին և գոտին։ Բացատրություն է տեղի ունենում նաև կանանց ամուսինների միջև. Զիգֆրիդը երդվում է Գունտերին, որ ինքը ոչինչ չի ասել և խոստանում է պատժել Քրիմհիլդին, բայցև պահանջում է, որ Գունտերն էլ իր կնոջն արգելի նման ամբարտավան պահվածք ցուցաբերել։ Տեսնելով իր թագուհի Բրունհիլդի արցունքները՝ չարագործ Հագենը խոստանում է վրեժ լուծել Զիգֆրիդից։ Նա իր կողմն է գրավում շատ բուրգունդների, անգամ Գունտերին, և միայն Գիզելհերն է կարծում, որ կանանց այդ վեճը շատ չնչին առիթ է Զիգֆրիդի նման հերոսին կյանքից զրկելու համար։ Հագենի խորհրդով կեղծ լուրեր են տարածում դանիացիների՝ պատերազմով հարձակվելու և Գունտերին սպառնալու մասին։

 
Արքաների վեճը

Տասնհինգերորդ և տասնվեցերորդ արկածներ խմբագրել

Զիգֆրիդն անմիջապես իր օգնությունն է առաջարկում բուրգունդներին։ Երբ Հագենը գնում է Քրիմհիլդին հրաժեշտ տալու, արքայադուստրը խնդրում է նրան պաշտպանել ամուսնուն և միամտաբար պատմում է, թե որն է նրա մարմնի միակ խոցելի տեղը. պարզվում է, որ երբ Զիգֆրիդը լողացել է վիշապի արյան մեջ, մի տերև է ընկել նրա մեջքին, և հենց այդ տեղն էլ դյուցազնի մարմնի խոցելի կողմն է։ Հագենի խորհրդով Քրիմհիլդը մետաքսե խաչ է կարում ամուսնու մարմնի խոցելի տեղին։

Այնուհետև Քրիմհիլդը տանջվում է չարագուշակ երազներից. ամուսինը քնքշորեն հանգստացնում է նրան և ճանապարհ ընկնում։ Որսից հետո, որի ժամանակ Զիգֆրիդը բոլորին գերազանցում է իր ուժով և քաջությամբ, ծարավը տանջում է որսորդներին, սակայն չարագործ Հագենի հրամանով գինի չի մատուցվում. նա առաջարկում է արագ վազքով աղբյուրից ջուր բերել։ Դյուցազնն առաջինն է տեղ հասնում, բայց Գունտերից առաջ ջուր չի խմում։ Երբ վերջինս հագեցնում է իր ծարավը, ջրի վրա է թեքվում նաև Զիգֆրիդը, և հենց այդ պահին էլ չարագործ Հագենը նիզակով մահացու հարված է հասցնում նրան՝ նշան բռնելով այն տեղին, որի մասին միամտաբար պատմել էր Քրիմհիլդը (չգիտես ինչու՝ պոեմում չի բացատրվում, թե ինչպես է մետաքսե խաչը որսորդական հագուստի վրա հայտնվում զինվորական թիկնոցի փոխարեն)։ Զիգֆրիդը ոտքի է կանգնում և, ուրիշ զենք չգտնելով, վահանով այնպես ուժգին է խփում Հագենին, որ վերջինս տապալվում է գետնին։ Ընկնում է նաև Զիգֆրիդը՝ բուրգունդների դավաճանության համար նախատինքի խոսքը շուրթերին. բոլորը հուզվում են, միայն Հագենն է ուրախանում, որ առաջնությունը վերադարձրել իր հայրենակիցներին։ Հիշելով իր կնոջը՝ հերոսը նրան Գունտերի եղբայրական սիրուն է հանձնում և խնդրում հոգ տանել նրա մասին, ապա մահանում է։ Բուրգունդներից մի քանիսն առաջարկում են ասել, որ ավազակներն են սպանել Զիգֆրիդին, սակայն Հագենը չի համաձայնում և ստանձնում է հասցնել դիակը Քրիմհիլդին։

 
Զիգֆրիդի մահը

Տասնյոթերորդ, տասնութերորդ և տասնիններորդ արկածներ խմբագրել

Մեծ է դժբախտ այրու վիշտը, մեծ է Զիգֆրիդին հավատարիմ նիբելունգների տխրությունը։ Քրիմհիլդը համոզում է նրանց հեռանալ, վրեժ չլուծել հերոսի համար։ Ծեր Զիգմունդը համոզում է հարսին վերադառնալ իր հետ, սակայն նա չի համաձայնում և մնում է Վորմսում։ Քրիմհիլդն ապրում է մեկուսի մի վայրում՝ ոչ հեռու այն տեղից, որտեղ թաղված է Զիգֆրիդը և աղոթում նրա հոգու հանգստության համար. նրան հավատարմորեն ծառայում է կոմս Էկևարտը։ Նիբելունգների գանձերին տիրելու համար Հագենը համոզում է Գունտերին հաշտվել քրոջ հետ։ Գերնոտի և Գիզելհերի միջոցով դա հաջողվում է, և Քրիմհիլդը համաձայնում է տեղափոխել իրեն որպես ամուսնական նվեր (մորգենգաբե) պատկանող հսկայական հարստությունը։ Քրիմհիլդն իր գանձերը շռայլորեն բաշխում է աղքատներին ու հարուստներին, ինչով գրավում է շատ ասպետների սրտեր, և Հագենն սկսում է վախենալ, որ իրեն կարող են սպանել։ Այդ պատճառով նա թաքցնում է գանձերը Հռենոս գետում, և երեք արքաները եդվում են ոչ ոքի չասել դրանց տեղը, քանի դեռ ողջ է իրենցից թեկուզ մեկը։

 
Վիկինգի հուղարկավարությունը

Քսաներորդ, քսանմեկերորդ և քսաներկուերորդ արկածներ խմբագրել

Բուրգունդների արքայադուստրն արդեն տասներեք տարի ողբում էր Զիգֆրիդի մահը, երբ լուր է հասնում, որ մահացել է տիրուհի Հելխան՝ հոների առաջնորդ Էտցելի կինը, և վերջինիս խորհուրդ են տալիս կնության առնել հերոսի այրի Քրիմհիլդին։ Մարքիզ Ռյուդիգերը գալիս է Հռենոս՝ Էտցելի համար արքայադստեր ձեռքը խնդրելու։ Եղբայրները սիրով են ընդունում առաջարկը, և միայն Հագենն է, որ լավ բան չի գուշակում այդ ամուսնությունից։ Քրիմհիլդը լսել անգամ չի կամենում երկրորդ անգամ ամուսնանալու մասին, մանավանդ հեթանոսի հետ, սակայն երբ Ռյուդիգերը խոստանում է վրեժ լուծել նրա բոլոր թշնամիներից, Քրիմհիլդը համաձայնում է ամուսնանալ Էտցելի հետ՝ մտադրվելով վրեժ լուծել Հագենից։

Էտցելն ընդառաջ է գալիս Քրիմհիլդին, և նրանք միասին ճանապարհվում են Վիեննա, որտեղ չլսված շքեղությամբ հարսանիք են անում։ Բայց Քրիմհիլդն անհաղորդ է շրջապատի ուրախությանն ու խնջույքներին. նա հիշում է անցյալ երջանկությունը։

 
Քրիմհիլդի և Էտցելի հանդիպումը

Քսաներեքերորդ և քսանչորսերորդ արկածներ խմբագրել

էտցելի և Քրիմհիլդի ամուսնությունից տասներեք տարի է անցել. նրանք Օրտլիբ անունով վեցամյա որդի ունեն (տղան գերմանական անուն էր ստացել մոր պնդմամբ)։ Թագուհին ամուսնուն խնդրում է հրավիրել իր հարազատներին, այլապես ժողովուրդը կարող է մտածել, թե իրենց տիրուհին մի անտոհմ աքսորական է։ էտցելն իր երաժիշտներ Վերբելին և Սվեմելին անմիջապես Վորմս է ուղարկում՝ Բուրգունդիայի արքա Գունտերին և նրա վասալներին հրավիրելու։ Հրավեր ստանալով՝ բուրգունդները ճանապարհ ընկնելու պատրաստություն են տեսնում։ Հագենը փորձում է խոչընդոտել նրանց՝ ասելով, որ Քրիմհիլդը երբեք չի ների իրենց, բայց Գիզելհերն ասում է, որ նա կարող է մնալ, եթե վախենում է իր կյանքի համար։ Հագենի արժանապատվությունը խոցվում է, և նա ևս պատրաստվում է գնալ՝ պահակախմբի համար քաջամարտիկներ ընտրելով։

Քսանհինգերորդ արկած խմբագրել

Բուրգունդիայի արքաներին ուղեկցում են հազար ասպետ, վաթսուն ընտիր և ինը հազար հասարակ ծառաներ։ Չարագուշակ երազ տեսած արքայամայրն իզուր է փորձում համոզել նրանց մնալ տանը։ Երբ բուրգունդները հասնում են իր ափերից ելած Դանուբին, Հագենը գնում է մակույկավար փնտրելու։ Ճանապարհին նա գուշակուհիների է հանդիպում, որոնց կանխատեսմամբ բուրգունդներից ոչ մեկը՝ բացի արքայական տան քահանայից՝ կապելանից (նշանակում է նաև պանդոկապետ), նույն ճանապարհով տուն չի վերադառնա։ Մակույկավարին գտնելով՝ Հագենը խլում է նրա լաստը, ապա սպանում դրա տիրոջը։ Երբ արքայական շքախումը անցնում է գետը, Հագենը ջուրն է նետում քահանային, որպեսզի կանխագուշակումը չկատարվի։ Բայց քահանան, թեև լողալ չգիտեր, կարողանում է գետի մյուս ափ դուրս գալ։

 
Հագենը ոսկին նետում է ծովը

Քսանվեցերորդ և քսանյոթերորդ արկածներ խմբագրել

Սպանված լաստավարի պատճառով փոքրիկ մարտ է տեղի ունենում բավարացիների և բուրգունդների միջև, այնուհետև վերջիններս ժամանում են Ռյուդիգերի տուն։ Մարքիզը նրանց արժանապատվորեն է ընդունում և հրամայում է իր դստերը համբույրով ողջունել արքաներին և իշխաններին։ Երբ աղջիկն ուզում էր համբուրել Հագենին, վերջինս նրան այնքան սոսկալի է թվում, որ Ռյուդիգերի դուստրը սարսափից գունատվում է։ Հյուրերն այստեղ մնում են ևս մի քանի օր, և այդ ընթացքում Գիզելհերը նշանադրվում է իշխանադստեր հետ։

Քսանութերորդ և քսանիններորդ արկածներ խմբագրել

Ռյուդիգերի ուղեկցությամբ բուրգունդները հասնում են Էտցելի արքունիքին։ Նրանց ընդառաջ ելած Դիտրիխը նախազգուշացնում է, որ Քրիմհիլդը դեռ ողբում Է Զիգֆրիդի մահը։ Երբ ազնվականները հասնում են պալատին, հոները հավաքվում են նրանց շուրջը՝ տեսնելու Զիգֆրիդի զորեղ սպանողին։ Թագավորը բոլորին, առանց բացառության, ջերմորեն է ընդունում, բայց Քրիմհիլդն անկեղծորեն ողջունում է միայն իր եղբայր Գիզելհերին. ո՛չ էտցելի կինը, ո՛չ Հագենը չեն թաքցնում փոխադարձ ատելությունը։ Քրիմհիլդ թագուհին գնում է Զիգֆրիդի սրով զինված Հագենի մոտ, նախատում և սպառնում է նրան։ Վերջինս նորից է խոստովանում իր գործած չարիքը, որ կատարել էր Բրունհիլդին հասցված վիրավորանքի պատճառով, բայց թագուհու մարդկանցից ոչ մեկը չի համարձակվում հարձակվել նրա վրա։ Այնուհետև Էտցելի պալատում խնջույք է տեղի ունենում։

Երեսուներորդ, երեսունմեկերորդ և երեսուներկուերորդ արկածներ խմբագրել

Գիշերը՝ քնի ժամին, Քրիմհիլդի մարդիկ փորձում են հարձակվել բուրգունդների վրա, բայց Հագենը և զորեղ երաժիշտ Ֆոլկերը հսկում են հանգստարանների դռները, և հոները ոչին չեն կարողանում անել։ Իրենց ողջ սպառազինությամբ բուրգունդներն առավոտյան գնում են պատարագի, ինչին հաջորդում են ռազմախաղերը, իսկ արքաների և բարձրաստիճան իշխանների համար Էտցելի պալատում մեծ խնջույք է կազմակերպվում։ Այդ խնջույքին մասնակցում է նաև Քրիմհիլդի որդի Օրտլիբը։ Քրիմհիլդի դրդմամբ հոների արքա Էտցելի եղբայրը հարձակվում է Գունտերի՝ մյուս սրահում գտնվող մարդկանց վրա, որոնց առաջնորդը Հագենի եղբայր Դանկվարտն էր։ Վերջինս սպանում է արքաեղբորը, բայց նոր զորախմբեր են օգնության հասնում հոներին, և բոլոր բուրգունդները շուտով սպանվում են. միայն արյունաքամ Դանկվարտն է մի կերպ հասնում այն սրահին, որտեղ տեղի էր ունենում արքայական խրախճանքը։

Երեսուներեքերորդ, երեսունչորսերորդ, երեսունհինգերորդ և երեսունվեցերորդ արկածներ խմբագրել

Իմանալով տեղի ունեցածը՝ Հագենը գլխատում է Օրտլիբին և սարսափելի կոտորածի մատնում հոներին, իսկ Դանկվարտը հսկում է նրան։ Ահի մատնված Քրիմհիլդը խնդրում է Դիտրիխ Բեռնցուն (Դիտրիխ Բեռնցի) պաշտպանել իրեն։ Սակայն վերջինս հրաժարվում է կռվել և արտոնագիր է պահանջում քաղաքից հեռանալու համար։ Նրա հետ հեռանում են նաև Էտցելը, Քրիմհիլդը և Ռյուդիգերը։ Հագենը մեղադրում է Էտցելին վախկոտության մեջ և ծաղրում նրան։ Դրանից զայրացած՝ վերջինս փորձում է մարտի մեջ մտնել, բայց Քրիմհիլդը կանգնեցնում է ամուսնուն և վահանով մեկ ոսկի խոստանում նրան, ով կբերի Հագենի գլուխը։ Իրինգ Դանիացին վճռում է մենամարտել Հագենի հետ. սկզբում նա խոցում է բուրգունդացուն, բայց հետո սպանվում է վերջինիս կողմից։ Զոհվում են նաև վրեժի ծարավով լցված նրա ընկերները։ Երեկոյան հոգնած բուրգունդները խնդրում են իրենց դուրս թողնել սրահից։ Քրիմհիլդը, լսելով Գիզելհերի թախանձանքները, համաձայնում է, սակայն պայմանով, որ իրեն հանձնվի Հագենի գլուխը:«Եթե մենք նույնիսկ հազար մարտիկ լինեինք, դարձյալ ոչ ոքի չէինք հանձնի»,- բացականչում են բուրգունդները։ Քրիմհիլդը հրամայում է կրակի տալ սրահը. տապից տառապող բուրգունդները Հագենի խորհրդով իրենց ծարավը հագեցնում են սպանվածների արյունով և ողջ գիշերն անցկացնում սարսափելի տանջանքների մեջ՝ տապալվող պատերի ներքո։

Երեսունյոթերորդ և երեսունութերորդ արկածներ խմբագրել

Էտցելն աղաչում է Քրիմհիլդին թույլ տալ օգնության հասնել բուրգունդների համար տառապող Ռյուդիգերին, սակայն կինը հիշեցնում է նրան Հռենոսի ափին տված խոստման մասին՝ վրեժ լուծել իր թշնամիներից։ Ռյուդիգերի հոգում կատաղի պայքար է տեղի ունենում. նա չէր կարող մերժել իր թագուհուն, միևնույն ժամանակ սարսափելի էր ընկերներին դավաճանելը. չէ՞ որ նրանց հավատարմության երդում էր տվել։ Վերջապես, նա վճռում է, դուրս է գալիս բուրգունդների դեմ, հաղթում շատերին և մենամարտում Գերնոտի հետ. նրանք սպանում են միմյանց։ Երբ Դիտրիխն իմանում է Ռյուդիգերի մահվան մասին, մարդիկ է ուղարկում՝ տեղեկություն հավաքելու ծեր Հիլդեբրանդի և գոթերի մյուս իշխանների մասին. դրա դիմաց վերջիններս պահանջում են Ռյուդիգերի դին։ Երբ բուրգունդները հրաժարվում են հանձնել դիակը, թեժ մարտ է բռնկվում, որի ժամանակ բազում հերոսներ են զոհվում։ Գոթերից ողջ է մնում և Դիտրիխի մոտ է վերադառնում միայն արյունաքամ Հիլդեբրանդը, իսկ բուրգունդներից ողջ են մնում միայն Հագենը և Գունտերը։ Դիտրիխը դառն արտասուքներ է թափում իր ընկերների համար։

Երեսունիններորդ արկած և վերջաբան խմբագրել

Դիտրիխը[9] մարտի դաշտ է շտապում և պահանջում է, որպեսզի Հագենը և Գունտերը հանձնվեն իրեն՝ դրա դիմաց նրանց կյանք և ազատություն խոստանալով։ Հագենը հրաժարվում է։ Նա և Դիտրիխը մենամարտում են. վերջինս վիրավորում է Հագենին և կապում, նույնն բախտին է արժանանում նաև Գունտերը։ Դիտրիխը գերիներին հանձնում է Քրիմհիլդին՝ խնդրելով ազատ արձակել նրանց։ Թագուհին համաձայնում է, իսկ Հագենին և իր եղբայր Գունտերին հրամայում է տարբեր բանտեր ուղարկել։ Մենակ մնալով Հագենի հետ՝ Քրիմհիլդը խոստանում է նրան ազատություն շնորհել, եթե վերջինս հայտնի իրեն նիբելունգների գանձերի տեղը։ Վերջինս խոստովանում է, որ երդվել է ոչ ոքի չասել դրանց տեղը, քանի դեռ ողջ է իր տերերից գոնե մեկը։ Քրիմհիլդը հրամայում է կտրել Գունտերի գլուխը և, եղբոր մազերից բռնած, բերում է այն Հագենի մոտ։ «Այժմ ոչ ոք՝ բացի ինձնից և Աստծուց, չգիտի գանձերի տեղը, և դու՛, ընչաքաղց սատանա, երբեք չես ստանա դրանք»,- ասում է Հագենը։ Դրանից հետո Քրիմհիլդը Զիգֆրիդի սրով կտրում է Հագենի գլուխը։ Հիլդեբրանդը, տեսնելով, որ թագուհին խախտեց Դիտրիխին տված խոստումը, սրով հարվածում է Քրիմհիլդին՝ երկու կես անելով։ էտցելը և Դիտրիխը ողբում են բոլոր սպանվածների մահը։

 
Քրիմհիլդը Հագենին ցույց է տալիս Գունտերի գլուխը

Ստեղծագործական պատմություն խմբագրել

Խմբագրություններ խմբագրել

«Նիբելունգների երգը» մեզ է հասել տասը ձեռագրերով և բազմաթիվ պատառիկներով։ Նոր ժամանակներում այն հայտնի դարձավ 18 -րդ դարի կեսերից:1757 թվականին Բոդմերը հրատարակեց պոեմի վերջին հատվածը «Տրտունջ» (գերմ. Klage) կոչվող քնարական փոքրիկ պեոմի հետ։ Այդ պոեմում ներկայացվում է, թե ինչպես են Էտցելը, Դիտրիխը, Հիլդեբրանդը, Ռյուդիգերը և իր ընտանիքը ողբում ընկածներին։ 1782 թվականին Կարլ Մյուլլերը հրատարակեց պոեմի ամբողջական տեքստը, սակայն գիտական որևէ քննադատության, վերլուծության կամ տարընթերցման չենթարկեց այն։ 19-րդ դարի սկզբից էպոսի մասին գիտական վերլուծություններ և զանազան բնութագրեր սկսեցին գրվել։ Պոեմի առաջին թարգմանիչներից մեկը՝ Ֆ. Հագենը, արդեն 1810 թվականին իրականացրեց դրա՝ քննադատական տարընթերցումներով հագեցած հրատարակությունը։ «Նիբելունգների երգի» առաջին խիստ քննադատական հետազոտությունը կատարեց Լախմանը։ Վերջինս, Հոմերոսի մասին Վոլֆի տեսության[10] մոլի հետևորդ լինելով, համոզված էր, որ ժողովրդական երգերն ինքնին գեղարվեստական կատարյալ երկեր են, իսկ նրանց աղարտում և աղավաղում են ավելի ուշ ապրած բանաստեղծ - բանահավաքները։ Այս սկզբունքից ելնելով՝ «Նիբելունգների երգում» Լախմանը փորձեց զատորոշել և առանձնացնել իրական ժողովրդական հատվածները հետագայում ավելացվածներից։ Այդ գործը նա կատարեց պոեմի տեքստի մանրակրկիտ հետազոտությամբ։ 13-րդ դարից հասած երեք մագաղաթներից յուրաքանչյուրն առանձին խմբագրություններ ունի։ Դրանցից առաջինը՝ գոգենեմյան տարբերակը (այժմ՝ մյունխենյան), մնացածներից զգալիորեն կարճ է:Երկրորդը՝ |սանկտգալենյանը]], շատերի կողմից չի ընդունվել գռեհիկ որոշ հատվածների պատճառով, թեև զգալիորեն հենց այն է հետագա խմբագրումների հիմք դարձել։ Պետք է նշել, որ այն համեմատաբար մեծ է առաջին տարբերակից։ Վերոնշյալ երկու տեքստերում էլ պոեմը կոչվում է «Նիբելունգների ողբը» (գերմ.«Der Nibelunge nôt»): Երեք տարբերակներից ամենաընդարձակը էպոսի՝ այս հոդվածում ներկայացված տեքստն է՝ «Նիբելունգների երգը» (« գերմ. Der Nibelunge liel»), որը նախկինում դարձյալ «գոգենեմյան», այժմ «դոնաուեշինգեմյան» է կոչվում։ Լախմանի կարծիքով այս տեքստերից առաջինն է հնարավորինս մոտ կանգնած ժողովրդական երգերի հին տարբերակներին, իսկ մնացյալ երկուսը հեղինակային միջամտությունների են ենթարկված։ Գիտնականը մի շարք հատվածներում արհեստականորեն փոփոխությունների ենթարկեց տարբերակը՝ մասնավորապես դուրս մեղելով ձեռագրի 2316 ոտանավորներից 745-ը, իսկ մնացած 1571-ը բաժանեց քսան երգերի[11]։ Լախմանը տեսավ նաև նիֆլունգների մասին պատմող սկանդինավյան ժողովրդական պատումների հետ պոեմի ունեցած կապը։ Մինչև 1850-ական թվականները գիտնականի դրույթները ճիշտ էին համարվում։ Բայց 1851 թվականին ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ Լախմանի ուսումնասիրությունների տակ հետաքրքիր խորամանկություն կա թաքնված. պարզվեց, որ բոլոր երգերում ոտանավորները գրված են յոթվանկանի չափով, մինչդեռ հունական պոեզիայի մասին իր աշխատություններում Լախմանը հայտնի էր որպես հինգվանկանի ոտանավորի կողմնակից։ 1854 թվականին, իրարից միանգամայն անկախ կերպով, Լախմանի պոեզիայի դեմ դուրս եկան երկու գերմանագետներ՝ Հոլցմանը[12] և Ֆրիդրիխ Ցարնկեն[13]։ Նրանք բացառեցին ժողովրդական երգերի՝ իրար հետ մեխանիկորեն միաձուլվելու հնարավորությունը և պնդեցին, որ, ընդհակառակը, հենց երրորդ տարբերակն է բնագրին ավելի մոտ, իսկ առաջինը և երկրորդը դրա կրճատված տարբերակներն են։ Թեժ բանավեճ սկսվեց. խնդիրը ոչ միայն մասնավոր, այլև միանգամայն ընդհանրական նշանակություն ուներ, որովհետև վերաբերում էր բանահյուսական նյութի ստեղծման մեջ անհատ հեղինակի ունեցած դերին։ Այս բանավեճում Լախմանի օգտին հանդես եկավ նրա աշակերտ Կ. Մյուլենգոֆը[14]։ 1865 թվականին ի հայտ եկան Կարլ Բարչի հետազոտությունները (գերմ. «Untersuchungen über das Nibelungenlied»)[15]: Վերջինս, ելնելով Պֆեյֆերի այն սրամիտ տեսակետից, որ երգերի հեղինակ կարող է լինել ասպետ Կյուրենբերգերը, պոեմի գրության թիվը համարեց 1150 թվականը, իսկ նրա առաջին փոփոխության ժամանակը՝ 1170 - ականները։ Բարչը ևս համոզված է, որ բնագրին ավելի մոտ է մեզ հայտնի առաջին տարբերակը։ 19-րդ դարում գիտնականները վերջնականապես հանգեցին այն տեսակետին, որ պոեմի նախնական տարբերակը վերականգնելն անհնար է, ուստի պետք է ձգտել հնարավորինս վերհանել դրա պատմականությունը և բացատրել այն բոլոր տարրերը, որոնք ամբողջացրել է անհատ հեղինակը։

Աղբյուրներ խմբագրել

Նիբելունգների մասին պատումները, որոնք էլ պոեմի դիպաշարի հիմքն են, ստեղծվել են գերմանական ցեղերի՝ մերձհռենոսյան ֆրանկների երկրում վերաբնակեցման ժամանակ, ուստի այդ պատճատով էլ նիբելունգների մասին պատմող ասքերում երկու առանձին շերտեր կան։ Դրանցից առաջինը հին գերմանական հերոսական ասքերն են վիշապին սպանած քաջարի Զիգֆրիդի մասին, ով փրկում է գուշակուհի արքայադուստր Բրունհիլդին, հետո ընկնում չար եղբայրների իշխանության տակ, կորցնում և՛ հարսնացուին, և՛ իր կյանքը։ Երկրորդ շերտը հանգում է 437 թվականին բուրգունդական արքայական տան կործանմանը և դրա մասին հյուսված պատումներին։ 453 թվականին թվականին գերմանական ցեղերի մեջ լուրեր են տարածվում այն մասին, որ սարսափելի նվաճող Աթիլլան սպանվել է Իլդիկոյի հետ իր ամուսնությունից անմիջապես հետո[16]։ ժողովրդական բանահյուսությունը հենց նորատի հարսնացուին է մեղավոր համարում և շուտով դրա մասին երգեր է ստեղծում։ Ըստ այդ երգերի՝ Բուրգունդիայի արքայադուստր Հիլդայի՝ ողբերգականորեն զոհված հերոս Զիգֆրիդի այրու ամուսինը՝ հոների արքան, սպանում է կնոջ երեք եղբայրներին՝ Գունդահարին, Գոդոմարին և Գիզլահարին և վերջում ինքն էլ սպանվում է վրիժառու Հիլդայի կողմից։ Ինչպես Զիգֆրիդի, այնպես էլ Հիլդայի եղբայրների մահվան մեջ ճակատագրական դեր են խաղում գանձերը, որոնք ժամանակին ձեռք էր բերել Զիգֆրիդը, և որոնք բորբոքել էին հոների արքայի` Էտցելի (գերմանական տառադարձմամբ) ընչաքաղցությունը։ Այս ասքերը, տարածվելով գերմանախոս բոլոր ցեղերի շրջանում, 6-8 -րդ դարերում սաքսերի միջոցով թափանցում են Սկանդինավիա։ Այստեղ ասքերը փոփոխության են ենթարկվում. օտարամուտ պատումները ձուլվում են տեղական՝ Էդի,Հունդինգի, Հելգայի, Հերմանրիխի մասին հյուսված պատումներին։ Գերմանական ասքերում ևս մեծ փոփոխություններ են լինում, օրինակ՝ վերին գերմանական տարբերակներում Զիգֆրիդը ոչ թե պալատում, այլ անտառում է մեծանում, բացարձակապես ոչ մի պատասխանատվություն չի զգում իր կողմից լքված Բրունհիլդի համար, հոների արքայից հանվում է ագահության մեղադրանքը, ոչ թե նա, այլ կինն է վրեժ լուծում Բուրգունդիայի արքաներից՝ իր եղբայրներից, առաջին ամուսնուն սպանելու համար և այլն։ Ընդհուպ մինչև 12-րդ դարի կեսերը բոլոր պատումները և ասքերն անգիր՝ բանավոր էին։ 12-13 -րդ դարերում ձևավորվում է ազգային պոեմը՝ տոգորված միասնական գաղափարներով, որի դրսևորումներն են կնոջ՝ ամուսնու հանդեպ ունեցած սերը և հավատարմությունը, տիրոջ և վասալի փոխհարաբերությունը, ընդհանուր գերմանական աշխարհայացքը։ Պատահական չէ, որ շատերն այն գերմանական «Իլիական» են կոչել։ Գերմանական էպոսը շպիլմանների երգերի կոպտության և ասպետական վեպերի նրբաճաշակության ոսկե միջինն է։ Դրանում փառաբանված են ժողովրդի անկեղծ, զուսպ և, միևնույն ժամանակ, բուռն, պարզ և խոր հայրենասիրությունը, կենսասիրությունն ու կենսախնդությունը։ Մարդկային դաժանությունը ևս մեծ տեղ ունի պոեմում, բայց, անյուամենայնիվ, նույնիսկ այդ դաժանության մեջ վեհություն կա. այն լավագույն արժեքն է, որ հասել է գերմանացիներին միջնադարյան իրենց պատմությունից։ Ահա թե ինչու է ազգային էպոսն այդքան սիրված Գերմանիայում։

Հովհաննես Թումանյան և գերմանական ազգային էպոս խմբագրել

Հայտնի է, որ Հովհաննես Թումանյանը մեծ սեր և հետաքրքրություն ուներ ժողովրդական բանահյուսության նկատմամբ, ըստ որում՝ նա բազմիցս գրում է, որ բանահյուսական ստեղծագործությունների հերոսները մայր ժողովրդի բնավորության գծերի, գաղափարների ու հոգեբանության կրողն են, քանի որ հենց նրա կողմից են ստեղծվել[17] և նրա ձգտումների մարմնավորումն են։ Այսպես՝ 1916 թվականին՝ հայ ժողովրդի համար դժնդակ մի շրջանում՝ Առաջին աշխարհամարտի տարիներին, Թումանյանը գրում և է «Երկու բառ հայոց էպոսից» հոդվածը[18]։ Այստեղ նա անդրադառնում է ոչ միայն հայ, այլև տարբեր ժողովուրդների ազգային էպոսներին։ Խոսելով հայկական, սերբական, հնդկական, ռուսական, ֆրանսիական, անգլիական էպոսների և նրանց հերոսների մասին՝ Թումանյանն անդրադառնում է նաև գերմանականին ու նրա հերոս Զիգֆրիդին.«Ահա՛ գերմանական հուժկու Զիգֆրիդը, վեր է կացել՝ ձեռքին չեղած ամրության էն սուրը, որ դարբնել էր աշխարհքի անհուն գանձերը մենակ տիրապետելու համար…»: Թումանյանը, ազգերի հերոսներին համեմատելով նրանց սերունդների՝ իր ժամանակակիցների հետ, իբրև ապացույց ունենալով նրանց վարած քաղաքականությունն ու պատերազմները, կարծում է, որ էպոսներում գրեթե ճշգրտորեն են ներկայացված ժողովուրդներին բնորոշ գծերը (այսօր բանասիրության մեջ հաճախակի է անդրադարձ կատարվում էպոսի հերոսների և ժողովրդի վարքագծի նույնության խնդրին[19]): Ըստ հանճարեղ բանաստեղծի՝ ժողովուրդները և պետությունները շարունակում են իրենց ազգային հերոսների վարքը, ինչպես, օրինակ, գերմանացիները, ովքեր (դարձյալ Թումանյանի բնորոշմամբ) իրենց Զիգֆրիդի նման ձգտում էին տիրանալ աշխարհի հարստությանը։

Էպոսի հայերեն թարգմանություն խմբագրել

Գերմանական ազգային էպոսը հայերեն է թարգմանել և 2007 թվականին լույս ընծայել գրականագետ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանը[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Encyclopædia Britannica
  3. http://studbooks.net/764031/literatura/osobennosti_eposa_pesn_nibelungah
  4. http://www.nado5.ru/e-book/mif-geroicheskii-ehpos
  5. http://www.krugosvet.ru/enc/kultura_i_obrazovanie/literatura/NEMETSKAYA_LITERATURA.html
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  8. http://rushist.com/index.php/mifologiya/1755-kak-zigfrid-vpervye-uvidel-krimkhildu
  9. https://cyberleninka.ru/article/n/analiz-obraza-ditriha-bernskogo-v-pesne-o-nibelungah-aksiologicheskiy-podhod
  10. http://litresp.ru/chitat/ru/%D0%9B/losev-a/gomer/27
  11. http://rushist.com/index.php/mifologiya/1770-pesn-o-nibelungakh
  12. https://books.google.am/books/about/Untersuchungen_%C3%BCber_das_Nibelungenlied.html?id=3G85AAAAMAAJ&redir_esc=y
  13. https://bildung.bmbwf.gv.at/schulen/service/mes/14052_25336.pdf?6acbmf(չաշխատող հղում)
  14. https://catalog.hathitrust.org/Record/008579726
  15. https://www.deutsche-biographie.de/pnd118506943.html
  16. https://news.rambler.ru/other/37465127-attila-pochemu-ego-nazyvali-razrushitelem-evropy/
  17. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  18. Հովհաննես Թումանյան, Երկերի ժողովածու, Երևան, 1969։
  19. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիբելունգների երգը» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 269