Սանկտ Գալլեն (գերմ.՝ St. Gallen, ալեմանյան բարբառ՝ Sanggale [saŋ.ˈg̊ːalə], ֆր.՝ Saint-Gall, իտալ.՝ San Gallo), քաղաք Շվեյցարիայի արևելյան հատվածում, Սանկտ Գալլեն կանտոնի մայրաքաղաքը։ Տեղակայված է Բոդենի լճից ոչ հեռու՝ ծովի մակարդակից շուրջ 700 մետր բարձրության վրա, և համարվում է Շվեյցարիայի ամենաբարձրադիր քաղաքներից մեկը։

Բնակավայր
Սանկտ Գալլեն
գերմ.՝ St. Gallen
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Հիմնադրված է720 թ.
Մակերես39,41 կմ², 39,38 կմ²
ԲԾՄ675 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն75 833 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ071
Փոստային դասիչ9000
Ավտոմոբիլային կոդSG
Պաշտոնական կայքstadt.sg.ch(գերմ.)(անգլ.)
Սանկտ Գալլեն (Շվեյցարիա)##
Սանկտ Գալլեն (Շվեյցարիա)

Անվանումն ստացել է ի պատիվ սուրբ Գալլի։ Քաղաքը կառուցվել է բենեդիկտյան սուրբ Գալլի տաճարի շրջակայքում։ Տաճարի կառույցները՝ բարոկկո ոճով կառուցված գրադարանով հանդերձ, ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Քաղաքը հիմնադրվել է 7-րդ դարում և համարվում է արևելյան Շվեյցարիայի մշակութային և տնտեսական կենտրոնը։ Ժամանակակից քաղաքն ներառում է հին քաղաքային թաղամասը (մինչև 1798 թվականը՝ կայսերական քաղաք և Սանկտ-Գալլենի Հանրապետություն) և մերձակա գյուղերը (Հաֆներսբերգ, Ռոտմոնտեն, Բրուգեն, Լահեն, Սանկտ-Ֆիդեն և այլն), որոնք նախկինում պատկանում էին Շտրաուբենցել և Տաբլատ համայնքներին և քաղաքի կազմի մեջ են մտել 1918 թվականին։

Քաղաքի զինանշանի վրա պատկերված է հետևի ոտքերի վրա կանգնած արջ՝ ոսկյա մանյակով։ 1475 թվականին Ֆրիդրիխ 3-րդ կայսրը քաղաքին թույլ տվեց զինանշանի վրայի արջը զարդարել ոսկյա մանյակով՝ ի նշան Բուրգունդիայի հետ պատերազմում օգնելու համար շնորհակալության[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը տեղակայված է Բոդենի լիճ թափվող Շտայնախ գետի հովտում՝ երկու զուգահեռ բարձունքների՝ հյուսիսում Ռոզենբերգի և հարավում Ֆրոյդենբերգի միջև։ Բարենպաստ եղանակի պայմաններում Ֆրոյդենբուրգի ժայռերից, որտեղ գտնվում է քաղաքամերձ հանգստյան գոտին, բացվում է տեսարան դեպի Բոդենի լիճը և Գերմանիայի հարավը։

Յուրահատուկ ռելիեֆի շնորհիվ Սանկտ-Գալլենն անվանում են «հազար աստիճանների քաղաք», քանի որ բազմաթիվ աստիճաններ քաղաքի կենտրոնից տանում են դեպի Ռոզենբերգ և Ֆրոյդենբերգ։

Քաղաքի մեծ մասը կառուցված է անկայուն տորֆային հիմքի վրա՝ գրունտային ջրերի հարևանությամբ։ Այդ իսկ պատճառով քաղաքի կենտրոնի շատ կառույցներ (այդ թվում՝ գլխավոր կայարանը և փոստատունը) կառուցվել են փայտյա գերանների վրա։

Կլիմա խմբագրել

Սանկտ Գալլենը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում՝ եղանակի փոփոխական գրաֆիկով՝ պայմանավորված քամու ուղղությամբ։ Հյուսիսային կամ հյուսիս-արևելյան քամու դեպքում (հատկապես աշուն-ձմեռ շրջանում) եղանակը ցուրտ է, հիմնականում առաջանում է խիտ մառախուղ, որի ձևավորմանը նպաստում է Բոդենի լճին մոտ լինելը։ Ձմռանը քաղաքում նկատվում են տեղումներ ձյան տեսքով, որը ստվերոտ տեղերում կարող է պահպանվել մինչև ապրիլ։

Ամռանը քաղաքում հաճախակի են անձրևի տեսքով տեղումները, այդ թվում՝ երեկոյան ամպրոպները։ Հարավային քամին քաղաք է բերում արևոտ և տաք եղանակ, որի դեպքում օդի ջերմաստիճանը մի քանի ժամով կարող է 10 և ավելի աստիճանով բարձրանալ։

Քաղաքում օդի միջին ջերմաստիճանը 7,4 °C է, հուլիսին միջին ջերմաստիճանը 16 °C է, իսկ հունվարին՝ −1,8 °С: Տեղումների միջին քանակը կազմում է 1250 մմ, ընդ որում՝ տեղումների մեծ մասը թափվում է ամռանը[3]։

Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել

 
Համայնապատկեր

Սանկտ Գալլենը համարվում է արևելյան Շվեյցարիայի տնտեսական կենտրոնը։ Այստեղ են տեղակայված մի քանի խոշոր ապահովագրական ընկերություն և բանկեր (Սանկտ Գալլեն կանտոնի բանկ, Ռայֆայզեն բանկ, Ֆադիան բանկ)։ Քաղաքի տնտեսագիտական համալսարանը կադրեր է պատրաստում ֆինանսական ոլորտի համար։ 2005 թվականին քաղաքի տարածքում գրանցված էր 4 738 առևտրային ընկերություն։ Ձեռնարկությունների ավելի քան 85 %-ը զբաղվում է կենցաղային մատակարարմամբ, առևտրով և տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Զարգացած է նաև տեքստիլ արդյունաբերությունը։ Մեծ նշանակություն ունի մշակութային և գործնական տուրիզմը։ Զբոսաշրջիկների 41 %-ը (2006 թվականի տվյալներ) գալիս է արտասահմանից՝ հիմնականում Գերմանիայից և ԱՄՆ-ից։

Քաղաքը կարևոր տրանսպորտային հանգույց է, որն իրար է միացնում Մյունխեն-Լինդաու-Սանկտ Գալլեն-Ցյուրիխ տրանսպորտային ուղու արևելյան և արևմտյան ուղղությունները։ Լաստանավային տրանսպորտը Սանկտ Գալլենը միացնում է Ֆրիդրիխսհաֆենին և Լյուցեռնին։

1987 թվականին բացված Ռոզենբերգի և Ստեֆանշորնի թունելները հնարավորություն տվեցին քաղաքի ավտոմոբիլային շարժումը բեռնաթափել տրանզիտային տրանսպորտից՝ ուղղելով այն դեպի շրջանցիկ ճանապարհը։ Երկաթուղին բացվել է 1856 թվականին։ Քաղաքի գլխավոր կայարանը կառուցել է ճարտարապետ Ալեքսանդր ֆոն Զենգերը։ Դրանից բացի քաղաքում կա Շվեյցարական դաշնային երկաթգծի ևս 3 երկաթուղային կայարան։ Երկաթգծերը քաղաքը միացնում են Հռենոսի հովտի, Բոդենի լճի և Կենտրոնական Շվեյցարիայի հետ։ Քաղաքային շրջակայքի հետ Սանկտ Գալլենը կապվում է նաև գնացքի միջոցով։ Քաղաքից մեկ ժամ հեռավորության վրա է գտնվում Ցյուրիխի օդանավակայանը։ Հաջորդ մոտակա օդանավակայանը Սանկտ-Գալլեն-Ալտենրայն է, որն իրականացնում է կանոնավոր օդային չվերթներ դեպի Վիեննա։

Սանկտ Գալլենն ունի քաղաքային ավտոբուսների և ֆունիկուլյորների լայն ցանց, որը քաղաքը միացնում է քաղաքամերձ հանգստյան գոտու հետ։ Ֆունիկուլյորային ճանապարհը բացվել է 1893 թվականին։ Մինչև 1957 թվականը քաղաքում գործում էր նաև տրամվայ։

Մշակույթ և տուրիզմ խմբագրել

 
Սուրբ Գալլենի տաճար

Սանկտ Գալլենի կենտրոնից դեպի արևելք մի քանի րոպե քայլելու դեպքում կարելի է գտնել մշակույթի կենտրոնը (քաղաքային թատրոն և համերգային սրահ) և քաղաքային այգին։ Քաղաքային թատրոնում հնարավոր է դիտել ժամանակակից և դասական ներկայացումներ, օպերա, բալետ, օպերետ, մյուզիքլ։ Համերգասրահում անցկացվում են Սանկտ Գալլենի սիմֆոնիկ նվագախմբի և հյուրախաղով եկած խմբերի համերգները։ Քաղաքն ունի նաև տիկնիկային թատրոն, որտեղ բեմադրվում են ներկայացումներ երեխաների և մեծահասակների համար։

Թատրոնի և համերգասրահի մոտակայքում են գտնվում երեք թանգարանները՝ Պատմության և ազգագրության թանգարանը, որտեղ ներկայացված են քաղաքի և կանտոնի պատմության և մշակույթի ցուցանմուշները, Արտահայտչական արվեստի թանգարանը, որտեղ կարելի է ծանոթանալ 19-20-րդ դարերի գեղանկարչության և քանդակագործության հավաքածուներին, և Բնագիտության թանգարանը։ Պատմության թանգարանը Շվեյցարիայի ամենահին թանգարաններից մեկն է. հիմնադրել է Յոհան Քրիստոֆ Կունկլերը 1873-1877 թվականներին։ Դրան զուգահեռ քաղաքում կա նաև ժամանակակից արվեստի գեղանկարչական թանգարան և Մանածագործական թանգարան, որտեղ ներկայացված են քաղաքի տեքստիլ արդյունաբերության զարգացման մասին ցուցանմուշներ, տարբեր գործվածքներ և ասեղնագործ նմուշներ։

Մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Սանկտ Գալլեն՝ տեսնելու պատմական և մշակութային այնպիսի հուշարձաններ, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ 18-րդ դարի վանքը բարոկկո ոճով, Սուրբ Գալլի վանքի գրադարանը, որտեղ պահպանվում են հնագույն ձեռագրեր՝ սկսած 8-րդ դարից (այդ թվում՝ «Նիբելունգների երգը»)։ Վանքից հարավ գտնվող ֆունիկուլյորային ճանապարհը տանում է դեպի քաղաքամերձ հանգստյան գոտին, որտեղից պարզ եղանակին բացվում է տեսարան դեպի քաղաք, Բոդենի լիճ և գերմանական ափ։

Զբոսաշրջիկների համար հետաքրքրություն են ներկայացնում նաև քաղաքի պատմական հատվածի կառույցները, Շվեյցարիայի հնագույն բանկի շենքը՝ հիմնադրված 1741 թվականին, ինչպես նաև փակ լողավազանը, որը կառուցվել է 1906 թվականին ֆրանսիացի շինարար-ճարտարագետ Ֆրանսուա Էննեբիկի նախագծով։

Քաղաքում է գտնվում նշանավոր Institut auf dem Rosenberg մասնավոր գիշերօթիկ-դպրոցը և Սանկտ Գալլենի համալսարանը։

Թանգարաններ խմբագրել

  • Օդագնացության թանգարան (Fliegermuseum)
  • Պատմության թանգարան (Historisches Museum Prestegg)
  • Թանգարան Ամդեն (Museum Amden)
  • Թանգարան Ortsmuseum Andwil
  • Թանգարան Heimatmuseum Balgach
  • Դարբնության թանգարան (Toggenburger Schmiede-und Werkzeugmuseum)
  • Տուն «Տորգգել» (Haus zum Torggel)
  • Թանգարան Ortsmuseum Bϋtschwil
  • Թանգարան Heimatmuseum der Albert Edelmann-Stiftung
  • Ortsmuseum Lindengut

Նշանավոր բնակիչներ խմբագրել

  • Տուոտիլո - միջնադարյան նշանավոր կոմպոզիտոր, պոետ և նկարիչ (մոտ 850 - մոտ 915), Կարլ Մեծի ժամանակակիցը
  • Ռաֆայել Դ’Ալեսանդրո - շվեյցարացի կոմպոզիտոր
  • Պարացելս - բժիշկ, ալքիմիկոս
  • Գուստավ IV Ադոլֆ - Շվեդիայի արքա
  • Իոահիմ Վադիան - շվեյցարացի հումանիստ և հեղափոխական
  • Քրիստոֆոր Շապելեր - 16-րդ դարի գերմանացի կրոնական գործիչ
  • Կառլ ֆոն Մյուլլեր-Ֆրիդբերգ - (1755-1836), շվեյցարացի քաղաքական և պետական գործիչ, փաստաբան

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px/table/tableViewLayout2/?rxid=c5985c8d-66cd-446c-9a07-d8cc07276160
  2. «background-color». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել