Ջովաննի Տրապատտոնի

իտալացի ֆուտբոլիստ

Ջովաննի Տրապատտոնի (իտալ.՝ Giovanni Trapattoni,մարտի 17, 1939(1939-03-17)[2][3][4], Կուզանո Միլանինո, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Իր ֆուտբոլիստի կարիերայի մեծ մասը անցկացրել է «Միլանի» կազմում, իսկ մարզչական կարիերայում մեծ հաջողությունների է հասել գլխավորելով Թուրինի «Յուվենտուսը»։

Ջովաննի Տրապատտոնի
իտալ.՝ Giovanni Trapattoni
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իտալիա
Մականուն Il Trap[1]
Ծննդյան ամսաթիվ մարտի 17, 1939(1939-03-17)[2][3][4] (85 տարեկան)
Ծննդավայր Կուզանո Միլանինո, Միլան, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Հասակ 175 սմ
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք Պաշտպան, Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Իտալիա Կուզանո Միլանինո
1953—1957թթ․ Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1957—1971թթ․ Իտալիա Միլան 272 (3)
1971—1972թթ․ Իտալիա Վարեզե 10 (0)
Ազգային հավաքական
1960—1964թթ․ Իտալիա Իտալիա 17 (1)
Մարզչական կարիերա
1972—1974թթ․ Իտալիա Միլան երիտ․
1974թ․ Իտալիա Միլան գլխավոր մարզչի պաշտոնակատտար
1974—1975թթ․ Իտալիա Միլան գլխավոր մարզչի օգնական
1975—1976թթ․ Իտալիա Միլան
1976—1986թթ․ Իտալիա Յուվենտուս
1986—1991թթ․ Իտալիա Ինտերնացիոնալե
1991—1994թթ․ Իտալիա Յուվենտուս
1994—1995թթ․ Գերմանիա Բավարիա
1995—1996թթ․ Իտալիա Կալյարի
1996—1998թթ․ Գերմանիա Բավարիա
1998—2000թթ․ Իտալիա Ֆիորենտինա
2000—2004թթ․ Իտալիա Իտալիա
2004—2005թթ․ Պորտուգալիա Բենֆիկա
2005—2006թթ․ Գերմանիա Շտուտգարտ
2006—2008թթ․ Ավստրիա Ռեդ Բուլլ Զալցբուրգ
2008—2013թթ․ Իռլանդիա Իռլանդիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պատմության մեջ երկու այն մարզիչներից մեկն է ում հաջողվել է տիրանալ Չեմպիոնների լիգայի գավաթին, ՈւԵՖԱ-ի գավաթին, ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթին և միակը ով նվաճել է այս գավաթները գլխավորելով մեկ թիմ։

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

Ջովաննին 14 տարեկանում ընդունվել է «Միլանի» ֆուտբոլային դպրոց, իսկ վեց տարի հետո համալրել է հիմնական կազմի շարքերը, որտեղ հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Չնայած ավելի աստղային թիմակիցների առկայությանը (ինչպիսիք էին Չեզարե Մալդինին, Ջաննի Ռիվերան և Ժոզե Ալտաֆինին)՝ 1960-ականներին Տրապատտոնիին հաջողվեց դառնալ «ռոսսոներիների» համար առանցքային խաղացող։ Աչք էր ծակում նրա խաղը կարդալու և մրցակցի գորոծողությունները գուշակելու կարողությունը, ինչպես նաև նա անզիջելի էր մեկը-մեկի դեմ պայքարում։ «Միլանի» կազմում անցկացրած լավագույն հանդիպումներից էր Չեմպիոնների գավաթի եզրափակիչը, որի ժամանակ «Բենֆիկայի» լավագույն հարձակվող Էյսեբիոյին՝ Ջովաննիին «զրկել էր թթվածնից», դրա հետ մեկտեղ թույլ տալով նրան սեփական դարպասին կատարել մեկ հարված (որը ավարտվեց գոլով)։ Արդյունքում «Միլանը» Ալտաֆինիի դուբլի շնորհիվ 2։1 հաշվով հաղթանակ տարավ։ Ջովաննին իր կարիերայի մայրամուտում մի մրցաշրջան անցկացրեց համեստ «Վարեզե» ակումբի կազմում, որը մրցաշրջանի ավարտից հետո հայտնվեց Սերիա B-ում։

Իտալիայի ազգային հավաքականի կազմում Տրապատտոնին անցկացրել է 17 հանդիպում։ 1962 թվականին նա հավաքականի հետ մեկնել է Չիլի՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, սակայն նրան դաշտ դուրս գալու բախտ այդպես էլ չվիճակվեց։

Մարզչական կարիերա խմբագրել

«Միլան» խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան անմիջապես ավարտելուց հետո Տրապատտոնին սկսեց իր մարզչական կարիերան՝ գլխավորելով «Միլանի» երիտասարդական թիմը[6]։ 1974 թվականին Իտալիայի առաջնության 24-րդ տուրից նա զբաղեցրեց հիմնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Սակայն թիմին 7-րդ հորիզոնականից վերև բարձրացնել նրան չհաջողվեց։ Մրցաշրջանին որոշակի իմաստ կարող էր հաղորդել միայն Գավաթակիրների գավաթին տիրանալը, սակայն որոշիչ խաղում «ռոսոներիները» զիջեցին Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ակումբներից մեկին՝ «Մագդեբուրգին»։ Մրցաշրջանի ավարտից հետո Տրապատտոնին լքեց գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն 1975-1976 մրցաշրջանից առաջ վերանշանակվեց գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս անգամ «Միլանի» հետ նրան հաջողվեց տիրանալ Սերիա Ա-ի բրոնզին, որից հետո կրկին լքեց ակումբը։

«Յուվենտուս» խմբագրել

Չնայած «Միլանի» կազմում տեսանելի արդյունքների բացակայությանը, «Յուվենտուսի» ղեկավարությունը նկատեց երիտասարդ մարզչի պոտենցիալը և չվախեցավ վստահել նրան գլխավոր մարզչի պաշտոնը։ Այդպես Տրապատտոնին 1976 թվականին նշանակվեց «Յուվեի» նոր գլխավոր մարզիչ։ Նախորդ մրցաշրջանում «Յուվեն» չեմպիոնական տիտղոսը զիջեց սկզբունքային մրցակցին՝ «Տորինոյին», բայց և այնպես առաջին իսկ մրցաշրջանում Տրապատտոնիին հաջողվեց «Յուվեին» վերադարձնել չեմպիոնական բաղձալի տիտղոսը, ինչպես նաև հաղթել ՈւԵՖԱ-ի գավաթը․ վերջինս ակումբի պատմության առաջին միջազգային գավաթն էր։

Տրապատտոնին «Յուվենտուսում» աշխատել է ընդամենը տաս մրցաշրջան և հասել է անհավատալի հաջողությունների․ ակումբը վեց անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն՝ դրա հետ մեկտեղ միայն մեկ անգամ չհամալրելով մրցանակակիրների եռյակի շարքերը։ Բացի դրանից՝ նրան հաջողվեց երկու անգամ տիրանալ Իտալիայի գավաթին։ Նրա գլխավոր նվաճումներից էր «Յուվենտուսի» եվրոպական գրանդների շարքերի համալրումը (ներքին առաջնությունում կանոնավոր հաջողությունների հետ մեկտեղ, միջազգային ասպարեզում «ծեր սինյորան» չէր կարող հպարտանալ մեծ հաղթանակներով)։ 1983 թվականին «Յուվեի» պատմության մեջ երկրորդ անգամ թիմը հասավ Չեմպիոնների գավաթի եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով զիջեց Համբուրգին»։ Այս անհաջողությունից հետո Տրապատտոնիի ֆուտոբլիստները վերականգնեցին իրենց պատիվը հաջորդ երկու մրցաշրջանների ընթացքում՝ սկզբում հաղթելով Գավաթակիրների գավաթը (եզրափակչում տուժեց «Պորտուն»), իսկ հետո 1985 թվականին երկար սպասված Չեմպիոնների գավաթը (այս անգամ եզրափակչում հայտնվել էր «Լիվերպուլը»)։ Դրանից բացի՝ Տրապատտոնիին հաջողվեց տիրանալ ՈւԵՖԱ-ի Սուպեր գավաթին և Միջմայրցամաքային գավաթին։ Այսպես, «Յուվենտուսը» դարձավ առաջին ակումբը, որին հաջողվեց հաղթել բոլոր երեք եվրոգավաթները, իսկ Տրապատտոնին՝ երկրորդ մարզիչը (Ուդո Լատտեկից հետո), որին հաջողվեց հասնել նման տիպի հաջողության գլխավոր մարզչի պաշտոնում։

Հենց Տրապատտոնիի շնորհիվ է, որ այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք էին Դինո Ձոֆը, Կլաուդիո Ջենտիլեն, Գաետանո Շիրեան, Մարկո Տարդելլին, Միշել Պլատինին, Պաոլո Ռոսսին և ուրիշներ, լիովին բացահայտեցին իրենց տաղանդը։ Երբ 1982 թվականին Իտալիան հաղթեց Աշխարհի առաջնությունը, հիմնական կազմից վեց խաղացողներ ներկայացնում էին Թուրինի «Յուվենտուսը»։

«Ինտերնացիոնալե» խմբագրել

Տրապատտոնին, ցանկանալով իր ուժերը փորձել ուրիշ ակումբում, 1986 թվականին գլխավորեց Միլանի «Ինտերը», վերջինս այդ ժամանակներում ապրում էր իր ոչ ամենահեշտ ժամանակները։ Առաջին երկու մրցաշրջանները ոչ այդքան հաջող դասավորվեցին․ թիմը ներքին առաջնությունում զբաղեցրեց երրորդ և հինգերորդ տեղերը համապատասխանաբար, բայց և այնպես «ներաձուրիների» ղեկավարությունը շարունակում էր վստահել մարզչին։ Վերջինիս խնդրանքով ակումբը իրականացնում է Գերմանիայի հավաքականի մի քանի խաղացողների տրանսֆերներ, որոնք էին Անդրեաս Բրեմեն և Լոթար Մաթեուսը (մի տարվա ընթացքում նրանց միացավ Յուրգեն Կլինսմանը

Հաջողությունը իրեն երկար սպասեցնել չտվեց․ 1989 թվականին «Ինտերը» 9-ամյա ընդմիջումից հետո դարձավ Իտալիայի չեմպիոն, արծաթե մրցանակիրից («Նապոլիից») առաջ անցելով 11 միավորով (այդ ժամանակներում հաղթանակի դեպքում տրվում էր 2 միավոր), ինչը Սերիա Ա-ում չէր հանդիպել ավելի քան 30 տարի։ Ակումբն ամրագրեց իր հաջողությունը՝ նվաճելով Իտալիայի սուպերգավաթը։

Հաջորդ երկու մրցաշրջաններում Տրապատտոնիի սաները զբաղեցրեցին արժանավոր երրորդ հորիզոնականը, իսկ 1991 թվականին նրանց հաջողվեց տիրանալ Ուեֆա-ի գավաթին (որը «Ինտերի» համար դարձավ առաջին եվրոպական գավաթը 1965 թվականից սկսած)։

Վերադարձը «Յուվենտուս» խմբագրել

1991 թվականին Տրապատտոնին վերադարձավ «Յուվենտուս», վերջինիս նրա հեռանալուց հետո ոչ միայն չէր հաջողվում տիրանալ Իտալիայի առաջնության ոսկուն, այլ նաև կանոնավոր դուրս էր մնում մրցանակակիրների եռյակից։ Ջովաննիին հաջողվեց փոքր–ինչ շտկել իրավիճակը (թիմին հաջողվեց դուրս գալ ճգնաժամից և կրկնակի անգամ դառնալ առաջնության արծաթե մեդալակիր), սակայն թիմին հասցնել բարձունքների՝ նրան չհաջողվեց։ Այս ժամանակահատվածում «ծեր սինյորայի» հաղթած միակ գավաթը ՈւԵՖԱ-ի գավաթն էր, որը Տրապատտնիի համար դարձավ երրորդը կարիերայի ընթացքում։

«Բավարիա» և «Կալյարի» խմբագրել

«Յուվենտուսից» հեռանալուց հետո Տրապատտոնին որոշում կայացրեց կարիերայի ընթացքում առաջին անգամ աշխատել սահմաններից այն կողմ՝ գլխավորելով Մյունխենի «Բավարիան»։ Սակայն հենց այս ակումբում իտալացի մարզչին սպասում էր մարզչական կարիերայի ընթացքում առաջին անհաջողությունը։ Լինելով Գերմանիայի գործող չեմպիոնը՝ Տրապատտոնիի գլխավորության ներքո մյունխենցիները անսպասելի զբաղեցրեցին սոսկ 6-րդ հորիզոնականը, չկարողանալով դրսևորել իրենց նույնիսկ Չեպիոնների լիգայում, նրանք դուրս մնացին կիսաեզրափակիչ փուլից։ Իտալացի մասնագետը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։

Այս ամենից հետո, ի զարմանս շատերի, նա գլխավորեց իտալական համեստ ակումբներից «Կալյարին», որը Տրապատտոնիի գլխավորությամբ կարողացավ իր տեղը ամրագրել իտալական ֆուտբոլի էլիտայում (թիմը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը), սակայն Տրապատտոնիին հիշվել ինչ-որ յուրահատուկ նվաճումով չհաջողվեց։ Արդեն հաջորդ մրցաշրջանում մարզչին կրկին հրավեր ստացավ «Բավարիայից»։ Այս անգամ Տրապատտոնիին հաջողվեց տիրանալ Բունդեսլիգայի ոսկուն, իսկ հաջորդ տարի՝ Գերմանիայի գավաթին։ Չնայած ներքին հաջողություններին՝ «Բավարիայի» ղեկավարությունը մարզչից ակնկալում էր հաջողություններ եվրոգավաթներում, սակայն, անհաջող ելույթներից հետո Ջովաննին կրկին լքեց Մյունխենը։

«Ֆիորենտինա» խմբագրել

Ավարտելով իր գերմանական էպոպեան՝ Տրապատտոնին վերադարձավ Իտալիա և գլխավորեց «Ֆիորենտինան»։ Գլխավորելով «մանուշակներին», մարզչին հաջողվեց զարգացնել իրեն նախորդող Կլաուդիո Ռանիերիի հաջողությունը։ Կարգավորելով թիմի խաղը, նա նրանց պարգևեց Իտալիայի առաջնության բրոնզը (որը մանուշակների համար դարձավ 15 տարվա մեջ առաջինը և մինչ օրս վերջինը), ինչպես նաև թիմին դուրս բերեց Իտալիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հաջորդեց «Պարմայից» պարտությունը։ Հաջորդ մրցաշրջանում մանուշակները զբաղեցրեցին սոսկ 7-րդ հորիզոնականը, սակայն դրա հետ մեկտեղ նրանք հաջող հանդես եկան Չեմպիոնների լիգայում, որտեղ կարողացան դուրս գալ երկրորդ խմբային փուլ՝ մրցաշարից դուրս թողնելով ոչ ավել, ոչ պակաս Լոնդոնի «Արսենալին»։

Իտալիայի հավաքական խմբագրել

2000 թվականի հուլիսին Տրապատտոնին իր կարիերայի մեջ առաջին անգամ հեռացավ ակումբային մակարդակի աշխատանքից, գլխավորելով Իտալիայի հավաքականը, որտեղ փոխարինեց Դինո Ձոֆին։ Իտալացիները շատ վստահ անցան 2002 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլը, հաղթելով 8 հանդիպումներից 6-ում և 2-ում գրանցելով ոչ-ոքի, ինչը թույլ տվեց իրենց համարվել «մունդիալի» ստվերային ֆավորիտներից մեկը։ Բայց և այնպես խմբային փուլում նրանք անամոզիչ հանդես եկան․ խմբային փուլը նրանք հաղթանակով մեկնարկեցի հաղթելով Էկվադորի հավաքականին, երկրորդ տուրում նրանք զիջեցին խորվաթներին։ Միայն թե վերջին տուրի Մեքսիկայի դեմ հանդիպման վերջին րոպեներին կորզած ոչ-ոքիի շնորհիվ նրանք կարողացան փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել։ 1/8 եզրափակիչ հանդիպմանը իտալացիները պետք է մրցեին մրցաշարի տան-տերերից մեկի՝ Հարավային Կորեայի հավաքականի հետ։ Տրապատտոնիի սաներին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը, սակայն հետո բաց թողեցին երկուսը և լքեցին մրցաշարը։ Արդարության համար անհրաժեշտ է նշել այդ հանդիպման անարդար մրցավարությունը․ այսպես, էկվադորցի մրցավար Բայրոն Մորենոն խաղադաշտից «սիմուլյացիայի» համար հեռացրեց Ֆրանչեսկո Տոտտիին, իսկ հետ չեղարկեց Դամիանո Տոմազիի «մաքուր» գոլը։ Այս հանգամանքները սկիզբ դրեցին այսպես կոչված «հարավկորեական դավադրություն» խոսակցություներին։

Չնայած ոչ այդքան հաջող մրցելույթներին՝ Ջովաննին շարունակեց մարզել «սկուադրա աձուրային»։ Նրան հաջող կերպով հաջողվեց որակավորվել Եվրո 2004-ին (նրա սաները կրկին կարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը), սակայն եզրափակիչ մրցաշարում կրկնվեց երկամյա վաղեմիություն ունեցող պատմությունը։ Առաջին երկու տուրերում իտալացիները ոչ-ոքի խաղացին Դանիայի և Շվեդիայի հավաքականների հետ։ Փլեյ-օֆֆ դուրս գալու համար անհրաժեշտ էր խմբային փուլի եզրափակիչ տուրի Բուլղարիայի հետ խաղում հաղթանակ տանել և հուսալ, որ զուգահեռ ընթացող սկանդինավյան թիմերի դիմակայությունում չգրանցվի ոչ-ոքի արդյունքը։ Արդյունքում Տրապատտոնիի սաները կարողացան հաղթել Բուլղարիայի հավաքականին, սակայն Դանիայի և Շվեդիայի հավաքականները գրանցեցին մարտական ոչ-ոքի՝ 2-2 արդյունքը, այդպիսով իտալացիներին զրկելով պայքարը շարունակելու հնարավորությունից։ Այս անգամ շշուկներ էր գնում «սկանդինավյան դավադրության» մասին։ Միջազգային մրցաշարերում երկրորդ անհաջողությունից հետո Տրապատտոնին լքեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

Վերադարձ ակումբային աշխատանքին խմբագրել

Իտալիայի հավաքականից հեռանալուց հետո Տրապատտոնիի կարիերան անկում էր ապրում, բարձրակարգ ակումբները այլևս նրան չէին հրավիրում։ Այնուամենայնիվ, 2004 թվականի հուլիսի 5-ին նա ներկայացվեց Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Իտալացի մարզչին հաջողվեց արծիվների հետ 11 տարվա մեջ առաջին անգամ տիրանալ չեմպիոնական տիտղոսին և հասնել մինչև Պորտուգալիայի գավաթի եզրափակիչ (որտեղ տեղի ունեցավ Սետուբալի «Վիկտորիայից» անսպասելի պարտությունը)։

2005 թվականի ամռանը Տրապատտոնին կրկին ժամանեց Գերմանիա՝ այս անգամ պայմանագիր կնքելով «Շտուտգարտի» հետ։ Սակայն, այս անգամ նրան չհաջողվեց աշխատել մինչև մրցաշրջանի վերջ։ Անբավարար արդյունքներ գրանցելուց հետո նրան հեռացրին գլխավոր մարզչի պաշտոնից։ Բացի դրանից՝ այստեղ իտալացին վեճի էր բռնվել խաղացողների հետ, ովքեր մեղադրում էին մարզչին հարձակողական ֆուտբոլ չդավանելու համար։ Վեճի արդյունքում Տրապատտոնին պահեստայինների նստարանին նստեցրեց դանիացիներ Յոն-Դայլ Տոմասսոնին և Յեսպեր Գրյոնկյաերին, այդպիսով նա ամբողջովին ոչնչացրեց թիմի մթնոլորտը։ Այս մարզչական որոշումը հանգեցրեց խոսակցություններ այն մասին, որ այսպես իտալացին վրեժ է լուծել դանիացիներից Եվրո-ում իր հավաքականին պայքարից դուրս թողնելու համար։

Այս ամենից մի քանի ամիս հետ Տրապատտնին գլխավորեց ավստրիական «Ռեդ Բուլլը», ստեղծելով մարզչական տանդեմ Լոթար Մաթեուսի հետ։ Մարզիչներին առաջին իսկ փորձից հաջողվեց հաղթել ավստրիական Բունդեսլիգան, ինչը «ցուլերին» չէր հաջողվում 10 տարի շարունակ։ Թիմի հետ ևս մեկ մրցաշրջան աշխատելուց հետո Տրապատտոնին որոշում կայացրեց լքել պաշտոնը։ «Ռեդ Բուլլը» դարձավ իր մարզչական կարիերայի վերջին ակումբը։

Իռլանդիայի հավաքական խմբագրել

2008 թվականին Ջովաննին իր կարիերայի մեջ երկրորդ անգամ գլխավորեց ազգային հավաքական, այս անգամ Իռլանդիայի։ 2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խաղերում իռլանդացիները հանդես եկան բավականին վստահ՝ չպարտվելով ոչ մի խաղում, այդ թվում կրկնակի անգամ ոչ-ոքի խաղալով աշխարհի գործող չեմպիոն և Տրապատտոնիիի հայրենակիցների՝ իտալացիների հետ։ Սակայն մրցաշարային աղյուսակում սկուադրա աձուրայից առաջ անցնել նրանց չհաջողվեց, ինչից հետո նրանք պայքարը շարունակեցին որակավորման փուլում, որտեղ իրենց վիճակված էր մրցել Ֆրանսիայի ընտրանու հետ։ Առաջին հանդիպումը ավարտվեց Ֆրանսիայի օգտին՝ նվազագույն հաշվով հաղթանակով, սակայն Սեն Դենիում կայացած պատասխան խաղում իռլանդացիները կարողացան խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, իսկ մունդիալի եզրափակիչ մաս դուրս գալու համար նրանց անհրաժեշտ էր մեկ գոլ։ Սակայն որոշիչ գոլը խփեցին ֆրանսիացիները, որոնք հաշվի մեջ առաջ անցան կանոնների խախտման հաշվին․ հարձակվող Թիերի Անրին կասեցրեց գնդակը՝ ակնհայտ խաղալով ձեռքով, ինչից հետո գոլային փոխանցում կատարեց խաղից դուրս վիճակում գտնվող Վիլյամ Գալասին։ Այդ կերպ իռլանդացիներին չհաջողվեց հանդես գալ Աշխարհի առաջնությունում։

Տրապատտոնին շարունակեց աշխատել «կանաչների» կազմում և այս անգամ նրան հաջողվեց թիմին դուրս բերել Եվրո 2012-ի խմբային փուլ (իռլանդական հավաքականի պատմության մեջ երկրորդ անգամ)։ Բուն մրցաշարում Իռլանդիայի հավաքականը պարտվեց խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներում (թեև իր մրցակիցները եղել էին մրցաշարի ապագա ֆինալիստներ՝ իսպանացիները և իտալացիները, ինչպես նաև միշտ պայքարող Խորվաթիայի հավաքականը)։ Եվրոպայի առաջնության ընթացքում Տրապատտոնին դարձավ ամենամեծ տարիք ունեցող մարզիչը, լինելով թիմի գլխավոր մարզչի պաշտոնում առաջնության եզրափակիչ փուլերում (այդ ժամանակ նա 73 տարեկան էր)։

Աշխարհի առաջնության ընտրական փուլը իռլանդացիների համար դասավորվեց անհաջող և արդեն Ավստրիայի հավաքականից հերթական պարտությունից հետո 2013 թվականի սեպտեմբերին Տրապատտոնին հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս ամենից հետո Տրապատտոնին որոշում կայացրեց վերջացնել մարզչական կարիերան։

Վիճակագրություն խմբագրել

Ֆուտբոլային խմբագրել

Ելույթներ Առաջնություն Երկրի գավաթ Եվրոգավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Միլան Սերիա A 1957-58 0 0 2 0 0 0 0 0 2 0
1958-59 0 0 0 0 0 0 0 0 0 0
1959-60 2 0 1 0 0 0 0 0 3 0
1960-61 30 1 1 0 0 0 0 0 31 1
1961-62 31 0 0 0 0 0 1 0 32 0
1962-63 30 0 2 0 8 0 0 0 40 0
1963-64 28 1 0 0 2 0 3 1 33 2
1964-65 30 0 1 0 0 0 1 0 32 0
1965-66 18 1 1 0 0 0 2 0 21 1
1966-67 22 0 5 0 0 0 0 0 27 0
1967-68 24 0 9 0 9 0 0 0 42 0
1968-69 22 0 5 0 5 0 0 0 32 0
1969-70 20 0 0 0 2 0 0 0 22 0
1970-71 15 0 7 0 0 0 0 0 22 0
Ընդամենը 272 3 34 0 26 0 7 1 339 4
  Վարեզե Սերիա A 1971-72 10 0 3 0 0 0 0 0 13 0
Ընդամենը 10 0 3 0 0 0 0 0 13 0
Ամբողջ կարիերա 282 3 37 0 26 0 7 1 352 4

Մարզչական խմբագրել

Ակումբ Աշխատանքի սկիզբ Աշխատանքի վերջ Ցուցանիշներ
Խ Հ Ո Պ հաղթանակի %
  Միլան 1974թ․ ապրիլի 8 1974թ․ հունիսի 30 9 2 4 3 22,22
  Միլան 1975թ․ հոկտեմբերի 2 1976թ․ մայիսի 30 37 19 9 9 51,35
  Յուվենտուս 1976թ․ հուլիսի 1 1986թ․ մայիսի 3 452 245 133 74 54,20
  Ինտերնացիոնալե 1986թ․ հուլիսի 1 1991թ․ հունիսի 30 233 126 60 47 54,08
  Յուվենտուս 1991թ․ հուլիսի 1 1994թ․ հունիսի 30 142 74 44 24 52,11
  Բավարիա 1994թ․ հուլիսի 1 1995թ․ հունիսի 30 46 17 18 11 36,96
  Կալյարի 1995թ․ հուլիսի 1 1996թ․ փետրվարի 13 25 10 3 12 40,00
  Բավարիա 1996թ․ հուլիսի 1 1998թ․ հունիսի 30 90 55 21 14 61,11
  Ֆիորենտինա 1998թ․ հուլիսի 1 2000թ․ հունիսի 30 100 44 31 25 44,00
  Իտալիայի հավաքական 2000թ․ հուլիսի 5 2004թ․ հունիսի 30 44 25 12 7 56,82
  Բենֆիկա 2004թ․ հուլիսի 1 2005թ․ մայիսի 31 45 25 9 11 55,56
  Շտուտգարտ 2005թ․ հուլիսի 1 2006թ․ փետրվարի 9 31 12 12 7 38,71
  Ռեդ Բուլլ Զալցբուրգ 2006թ․ հունիսի 1 2008թ․ ապրիլի 30 87 48 19 20 55,17
  Իռլանդիայի հավաքական 2008թ․ մայիսի 1 2013թ․ սեպտեմբերի 11 62 25 22 15 40,32
Ընդամենը 1403 727 397 279 51,82

Նվաճումներ խմբագրել

Խաղացողի կարգավիճակում խմբագրել

Միլան

Մարզչի կարգավիճակում խմբագրել

Յուվենտուս

Ինտերնացիոնալե

Բավարիա

Բենֆիկա

Ռեդ Բուլ Զալցբուրգ

Իռլանդիայի հավաքական

Անհատական խմբագրել

  • Միլանի փառքի սրահ[7]
  • Եվրոպայի չեմպիոնի պատվավոր նշան․ 2006[8]
  • ESPN-ի վարկածով ֆուտբոլի պատմության 12-րդ լավագույն մարզիչ․ 2013[9]
  • France Football-ի վարկածով ֆուտբոլի պատմության 12-րդ լավագույն մարզիչ․ 2019[10][11]
  • World Soccer-ի վարկածով ֆուտբոլի պատմության 19-րդ լավագույն մարզիչ․ 2013[12][13]

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Տրապատտոնին հանդիսանում է Իտալիայի առաջնության հաղթանակների քանակով (7 տիտղոս) ռեկորդակիր։
  • Տրապատտոնին աշխարհում միակ մարզիչն է, ում հաջողվել է եվրոպական ակումբի հետ տիրանալ բոլոր հնարավոր գավաթներին։
  • Տրապատտոնին գլխավոր մարզչի պաշտոնում հաղթել է ազգային առաջնություններ 4 տարբեր պետությունների ակումբների հետ։ Բացի նրանից նման նվաճման հասել են նաև Էռնստ Հապպելը, Կառլո Անչելոտտին և Ժոզե Մոուրինյոն[14]։
  • Ջովաննի Տրապատտոնին պատմության մեջ առաջին մարզիչն է ում հաջողվել տիրանալ Չեմպիոնների լիգայի գավաթին՝ մարզչի և խաղացողի կարգավիճակում։
  • Տրապատոննին բրիտանացի լրագրող Դեվիդ Գոլդբլատտայի World Football Yearbook 2002/03 գրքում զբաղեցնում է ֆուտբոլի ողջ պատմության լավագույն մարզիչների մեջ 10-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Salzburgwiki (գերմ.)
  5. http://www.figc.it/it/3901/34457/Impianti.shtml
  6. «AC Milan .:. Coaches from A-Z». Worldfootball. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  7. «A.C. Milan Hall of Fame: Giovanni Trapattoni». acmilan.com. A.C. Milan. Վերցված է 31 марта 2015-ին.
  8. «La UEFA premia i grandi del Milan» (Italian). UEFA. 4 апреля 2006. Վերցված է 31 марта 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Greatest Managers, No. 12: Trapattoni». espn.com. ESPN. 6 августа 2013. Վերցված է 20 ноября 2019-ին.
  10. «Top 50 des coaches de l'histoire». France Football. 19 марта 2019. Վերցված է 19 марта 2019-ին.
  11. «Los 50 mejores entrenadores de la historia». FOX Sports. 19 марта 2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 29 декабря 2019-ին.
  12. The Greatest: — how the panel voted
  13. World Soccer The Greatest manager of all time
  14. Моуринью выиграл четыре разных европейских чемпионата — Футбол — Sports.ru
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Տրապատտոնի» հոդվածին։