Պողոս Նուբար Փաշա
Պողոս Նուբար Փաշա (օգոստոսի 2, 1851[1], Կահիրե, Եգիպտոս - հունիսի 25, 1930[2][3][4][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), հայ ականավոր քաղաքական գործիչ, Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշայի որդին։ Պողոս Նուբարը նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից է և առաջին նախագահը։ Պողոս Նուբարը ղեկավարել է պատվիրակությունը, որը մասնակցել է Փարիզի վեհաժողովին։
Պողոս Նուբար Փաշա արմտ. հայ.՝ Պօղոս Նուպար Փաշա | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | հասարակական գործիչ, քաղաքական գործիչ և դիվանագետ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | օգոստոսի 2, 1851[1] | |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս | |
Վախճանի օր | հունիսի 25, 1930[2][3][4][…] (78 տարեկան) | |
Վախճանի վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] | |
Թաղված | Պեր Լաշեզ և Grave of Boghos Nubar Pacha | |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Եգիպտական սուլթանություն և Եգիպտոսի թագավորություն | |
Ի ծնե անուն | արմտ. հայ.՝ Պօղոս Նուպար | |
Հայր | Նուբար Փաշա[1] | |
Զավակներ | Զարեհ Նուբար | |
Պարգևներ | ||
Պողոս Նուբարը վաղ հասակում և ընտանիքը
խմբագրելՊողոս Նուբարը ծնվել է 1851 թ․ օգոստոսի 2-ին Կոստանդնուպոլսում։ Հայրը՝ Նուբար Նուբարյանը, երեք անգամ եղավ Օսմանյան կայսրության, իսկ ավելի ճիշտ անգլո-ֆրանսիական գերիշխանության տակ գտնվող Եգիպտոսի վարչապետը։ Նուբարյան գերդաստանը սերում էր Սյունիքի մելիքներից։ Դավիթ Բեկի իշխանության ժամանակ նրա նշանավոր զորավարներից մեկն էր Չավնդուրի մելիք Թորոսը։ 1724 թ․, երբ նա սպանվեց, նրան իր պաշտոնում փոխարինեց մելիք Նուբարը, ով իշխանության տապալումից հետո անցավ Զմյուռնիա, որտեղ էլ հաստատվեց Նուբարյանների գերդաստանը։ Նուբարյանները այնուհետև կապեր հաստատեցին Եգիպտոսի հետ և տեղափոխվեցին այնտեղ՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ։ Եգիպտոսը Պողոս Նուբար փաշայի հորը՝ Նուբար փաշային է պարտական Սուեզի ջրանցքի կառուցումը։
Պողոս Նուբարը նախնական կրթությունը ստացել է տանը, հրավիրված ուսուցիչների միջոցով, այնուհետև ուսանել Շվեյցարիայում և Ֆրանսիայում, ապա Փարիզի կենտրոնական վարժարանի ճարտարագիտաարդյունաբերական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցնում ֆրանսիական հանքերում, երկաթուղիներում։ 1879-ին Պողոս Նուբարը մեկնում է Կոստանդնուպոլիս, որտեղ էլ գտնում է կյանքի ընկերուհուն՝ Մարին, ով թուրքական արքունիքի հանձնակատար Հովհաննես Տատյան բեյի աղջիկն էր։ 1880 թ. ամուսնանում է։ Ունեցել է հինգ զավակ՝ չորս որդի և մեկ դուստր։
Գործարար և բարեգործ
խմբագրելԱռժամանակ Պոլսում մնալուց հետո, Պողոս Նուբարը վերադառնում է Եգիպտոս՝ սկզբում ստանձնելով Բեհերայի անգլիական ընկերության, այնուհետև՝ Եգիպտոսի երկաթուղային ընկերության տնօրինությունը, որը հաջողությամբ վարում է 7 տարի։ Եգիպտոսի երկաթուղին այդ տարիներին անգլո-ֆըանս-եգիպտական համատեղ հսկողության ներքո էր և անհարկի միջամտությունները այն աստիճանի հասցրին, որ նա հրաժարական տվեց մերժելով անգամ սուլթան Հուսեյին 1-ինի պետական բարձր պաշտոններ ստանձնելու առաջարկները։ Նրան գրավում էր գործարար աշխարհը։ Մոտ տասնյակ բանկերի և ընկերությունների տեր կամ վարչության անդամ էր,հսկայակ կարողության տեր։ 1899 թ․ Պողոս Նուբարը բելգիացի միլիոնատերի հետ Կահիրեում՝ երբեմնի Հելիոպոլիս քաղաքի տեղում, նոր թաղամաս կառուցելու մտադրությամբ հիմնեց «Օազիս» ընկերությունը։ Հելիոպոլիսն այսօր էլ Կահիրեի դիտարժան վայրերից է։ Մեծ էր նրա ներդրումը նաև երկրագործության բնագավառում։ Ջրոռոգման աշխատությունից հետո նա ճանաչվեց որպես գիտնական։ Ստեղծեց նոր տիպի տրակտոր և այն ներկայացրեց Փարիզում՝ արժանանալով պատվո լեգեոնի խաչի։ 1904 թ. Պողոս Նուբար փաշան ընտրվում է Կահիրեի գավառական երեսփոխանական ժողովի ատենապետ։ Նրա օրոք՝ 1905 թ.-ից 1914 թթ. Կահիրեի հայոց եկեղեցու հասույթները 2000 ոսկուց հասան 10.000-ի։ 1904 թ.-ին օգնություն ուղարկեց Տարոնի տառապյալներին, 1905 թ.-ին՝ Էջմիածնին, աջակցեց Կահիրեի Գալուստյան վարժարանի կառուցմանը։ 1906 թ. Կահիրեում տեղի ունեցավ նշանավոր գործիչների համագումար, որը հիմնեց աշխարհում մինչ այսօր գործող ամենամեծ բարեգործական ընկերությունը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։ Նպատակը արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ապրող հայությանն օգնություն հասցնելն էր։ Ստեղծեցին անձեռնմխելի հիմնադրամ, որը կնպաստեր ծրագրի հարատևմանը։
Որպես դիվանագետ
խմբագրել1912 թ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի կոնդակով գլխավորեց ազգային պատվիրակությունը և պետք է Մեծ տերություններին ներկայացներ թուրքահպատակ հայկական նահանգներում բարեփոխումներ կատարելու հարցը։ Նրան էին ընտրել, քանի որ ուներ կարողություն, որևէ կուսակցության չէր հարում, հեղինակություն էր աշխարհասփյուռ հայության համար և Եվրոպայի դիվանագիտական պաշտոնական շրջանակներում։ Ի տարբերություն մինչ այդ պատվիրակության ղեկավար հոգևորականների,նա հարցը ներկայացնում էր ոչ թե մարդասիրական,այլ շահադիտական տեսանկյունից։ Հետևանքը եղավ 1914 թ֊ին Թուրքիային բարենորոգումներ պարտադրող պայմանագիրը,որը ցավոք համաշխարհային պատերազմի պատճառով, մնաց անկատար։ Պատերազմի սկսելու պահին Պողոս Նուբարը կիլիկիահայերին փրկելու նպատակով 1914 թ. նոյեմբերին, ծովեզերքը գրավելու առաջարկով դիմում է անգլիական իշխանություններին, Բրիտանական ուժերի ափ հանումը կապահովեր տեղի հայերի անվտանգությունը, սակայն Բրիտանացիները այլ ծրագիր ունեին։
Պողոս Նուբարը նոր թափ է հաղորդում արևելահայերի շարժամանը՝ 6000 ոսկի ուղարկելով Թիֆլիս։ Սկսում է նոր հանգանակություններ։ Հայության անունից շրջում է Եվրոպայում՝ բանակցելով տարբեր երկրների կառավարությունների հետ։ Հույս ուներ, որ պատերազմում մեր հաղթանակից հետո ամենինչ կփոխվի։
1919 թ֊. ապրիլին նա և ՀՀ․ պատվիրակության նախագահ՝ Ավետիս Ահարոնյանը Ամերկոմի հետ համաձայնագիր ստորագրեցին և անկախ Հայաստան մեծ օգնություն եկավ ալյուրի և այլ սննդամթերքների տեսքով։ Մի քանի ամսվա ընթացքում 1մլն․ 600.000 ֆրանկի օգնություն ուղղվեց արևմտահայերին։ 1919 թ. Պողոս Նուբարը՝ որպես արևմտահայերի պատվիրակության ղեկավար, ՀՀ պատվիրակության հետ միասին ներկայացավ Փարիզի կոնֆերանսում։ 1919 թ հոկտեմբերի 29 -ին Պողոս Նուբարը Միացյալ կառավարություն ստեղծելու առաջարկով պատվիրակներ ուղարկեց Հայաստան, սակայն արդյունքի չհասան։
Առողջության վատթարացման պատճառով 1928 թվականի մայիսի 28-ին հրաժարական տվեց։ ՀԲԸՄ-ն նախագահի պաշտոնին ընտրվեց Գալուստ Գյուլբենկյանը, իսկ Պողոս Նուբար փաշան հռչակվեց հավերժ նախագահ։ Սփյուռքում հովանավորել է մի շարք դպրոցների։ Հայագիտությունը զարգացնելու նպատակով 4000 ոսկի է փոխանցել Օքսֆորդի համալսարանին հայագիտական ամբիոն բացելու համար։ Խոշոր ձեռնարկություն էր Փարիզում՝ Նուբարյան մատենադարանի հիմնումը։
Մահացել է 1930 թ. Փարիզում։ Նրա անունով է վերաանվանակոչվել Նուբարաշեն վարչական շրջանը, որը կառուցվել էր Պողոս Նուբար փաշայի միջոցներով։
Գրականություն
խմբագրել- «Յիշատակարան» (Վ. Գ. Զարդարեան)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 369.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ 5,0 5,1 5,2 1930 , Décès , 16
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պողոս Նուբար Փաշա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 369)։ |