Հայկական բարեգործական ընդհանուր միություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, տարածված հապավումը ՀԲԸՄ (դասական ուղղագրությունով՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւն, անգլերեն՝ Armenian General Benevolent Union, տարածված հապավումը՝ AGBU), 1906 թ հիմնադրված հայկական բարեգործական կազմակերպություն, որն աշխարհի ամենախոշոր հայկական հասարակական կազմակերպությունն է [փա՞ստ]։ Այժմ նրա գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, տարեկան միջազգային բյուջեն կազմում է մոտ 36 միլիոն ԱՄՆ դոլար։ ՀԲԸՄ-ն պահպանում և զարգացնում է Հայկական ազգային գիտակցությունը և ժառանգությունը զանազան կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով։
Հայկական բարեգործական ընդհանուր միություն | |
---|---|
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հապավում | ՀԲԸՄ |
Հիմնադրված | Ապրիլի 15, 1906 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, ԱՄՆ |
Պաշտ. լեզու(ներ) | հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն |
նախագահ | Պերճ Սեդրակյան |
հիմնադիր | Պողոս Նուբար Փաշա |
Բյուջե | $36 միլիոն (տարեկան) |
Հիմնադիր | Պողոս Նուբար Փաշա |
Կայք | agbu.am |
Պատմություն
խմբագրելՀայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)՝ հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ՝ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար։
Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել մի միություն, որը կոչված էր ամեն կերպ աջակցելու հայ ժողովրդին, որի գոյատևումը՝ իբրև Օսմանյան Կայսրության փոքրամասնություն, վտանգված էր։
1906-1912 թթ ՀԲԸ Միությունը Արևմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով և այլն։ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան Կայսրության հայաշատ այլ շրջաններում ՀԲԸՄ-ն հիմնել էր դպրոցներ և որբանոցներ։ 1914 թ-ին ՀԲԸՄ-ն ուներ 142 մասնաճյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Եվրոպայում և Աֆրիկայում, ընդհանուր թվով՝ 8533 անդամ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիերը և հատկապես Մեծ Եղեռնը շրջադարձային եղան ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ ՀԲԸՄ-ի համար։ 1914 թ-ին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և վերջնականապես տեղափոխվում Փարիզ։ Չնայած ՀԲԸՄ տարբեր մասնաճյուղերի կողմից կրած մեծ կորուստներին, Միությունը այնուամենայնիվ կարողանում է զգալի օգնություն ցուցաբերել Եղեռնը վերապրած հայերին։ 1915 թ-ի հոկտեմբերին Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի Սիսուան վարժարանը (1222 աշակերտ), ապա՝ որբանոցը և այրիանոցը։ Եղեռնի հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է որբախնամ գործունեությամբ։ Պատերազմից հետո ՀԲԸՄ-ն վերաձևավորվում և վերահաստատվում է նոր գաղթօջախներում, Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։
1921 թ-ին Միության նստավայրը Կահիրեից տեղափոխվում է Ֆրանսիա։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի գործունեության հիմնական նպատակն է կրթական, մշակութային և բարեսիրական ծրագրերի միջոցով պահպանել և տարածել հայ լեզուն, ինքնությունն ու ժառանգությունը։ 1926 թ-ին ՀԲԸՄ-ն Նիկոզիայում հիմնում է Մելգոնյան կրթական հաստատությունը, Նուպարյան սաներ հիմնադրամը, որը թոշակներ էր հատկացնում հայ երիտասարդներին եվրոպական համալսարաններում ուսանելու համար, իսկ 1930-ին Մարի Նուպար ուսանողական տունը Փարիզում։
1930 թ-ին Պողոս Նուբարի մահից հետո ՀԲԸՄ նախագահն է դառնում ոչ պակաս ականավոր հայ գործիչ, նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը։ Երկու տարի նախագահությունից հետո նրան փոխարինում է իր որդին՝ Զարեհ Բեյ Նուբարը, որը նախագահել է մինչև 1940 թվականը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ՀԲԸՄ-ի նստավայրը Փարիզից տեղափոխվում է Նյու-Յորք։ 1942 թ-ին Արշակ Կարագյոզյանը դառնում է ՀԲԸՄ չորրորդ հախագահը։
ՀԲԸՄ-ի ազգապահպանական գործունեությունը առավել արդյունավետ է դարձել հետպատերազմյան շրջանում, հատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք (1953-1989 թթ )։ Այդ ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ՀԲԸՄ-ն ընդլայնվում է և դառնում ամենաազդեցիկ սփյուքահայ կազմակերպությունը։ 1954-ին Ալեք Մանուկյանը հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան», իսկ 1968-ին «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր է դարձել կառուցել մի շարք կրթական և այլ հաստատություններ։
ՀԲԸՄ-ի մասնաճյուղերն այժմ գործում են 22 երկրների մոտ 80 քաղաքներում։ Այսօր հաշվվում են ավելի քան 22.000 ՀԲԸՄ անդամ, 120 մասնաճյուղ և 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ամբողջ աշխարհով՝ ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր արևելք, Հարավային Ամերիկա, Ավստրալիա։ ՀԲԸՄ-ն տնօրինում է մոտ 20 դպրոց (6600 աշակերտ) և ֆինանսավորում ավելի քան 16 կրթական հաստատություն։ Փարիզում և Նյու Ջերսիում ՀԲԸՄ-ն ունի 2 գրադարան։
1989 թ-ից ՀԲԸՄ-ի նախագահությունը ստանձնել է Լուիզ Մանուկյան Սիմոնը, Ալեք Մանուկյանի դուստրը, որն իր հերթին մի նոր շունչ է հաղորդել Հայաստանի և Սփյուռքի հայության միջև կապի սերտացմանը։ 1988-ին Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն կազմակերպել է սննդի, հագուստի, դեղորայքի տեղափոխումը աղետյալ շրջաններ։ 1990-ին բացվել է ՀԲԸՄ գրասենյակը Երևանում։ Շուրջ 50 տարի անց վերսկսելով իր գործունեությունը Հայաստանում՝ ՀԲԸՄ-ն նախապատվությունը տալիս է ոչ թե զուտ մարդասիրական օգնությանը, այլ երկրի զարգացմանը նպաստող ծրագրերին։
1995 թ-ին Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ն հիմնադրում է «Երիտասարդ արհեստավարժներ (ԵԱ)» կազմակերպությունը, որի ավելի քան 500 անդամներն են ԱՄՆ-ի, Կանադայի, և Եվրոպայի համալսարանի շրջանավարտները։ Այսօր աշխարհի 11 երկրում գործում են 17 «Երիտասարդ արհեստավարժների» խմբեր, որոնց թվում է նաև նորաստեղծ (2007 թ) ԵԱ Երևան խումբը։
2002 թ-ից ՀԲԸՄ-ն նախագահում է Պերճ Սեթրակյանը, որը դեռ երիտասարդ տարիներից լինելով ՀԲԸՄ երիտասարդական կառույցների անդամ, այսօր շարունակում է մեկ դար առաջ սկսած այս հայրենանվեր գործը։
ՀԲԸՄ-ն Հայաստանում
խմբագրել20-րդ դարի սկզբի սովի տարիներին ՀԲԸՄ-ն իր բարեգործական առաջին ծրագրերի շրջանակներում 1907 թ.-ին սննդամթերք և սերմացու ներմուծեց Երևան՝ որպես օգնություն սովյալ հայերին։
ՀԲԸՄ-ն Խորհրդային Հայաստանում
խմբագրել1923 թ Աս. Մռավյանի և Ար. Երզնկյանի կողմից ստորագրված հոդվածով ՀԲԸՄ դարձավ միակ ավանդական կազմակերպությունը, որին թույլատրվեց գործել Խորհրդային Հայաստանում հետագա 14 տարիների ընթացքում։ 1920-ական թթ. - Գյուղատնտեսական մեքենաների, սերմացուի և այլ օժանդակություն Խորհրդային Հայաստանին։ 1926 թ. - Օգնություն Շիրակի երկրաշարժի գոտու վերականգման աշխատանքներին։ 1937 թ. - ՀԲԸՄ-ի կողմից կառուցված Մատենադարանի հանրային գրադարանի և տպարանի բացում։ 1930 թ.-ից - Աջակցություն Երևանի Պետական Համալսարանին կարևոր գիտական հրատարակություններում և ապահովում անհրաժեշտ նորագույն սարքավորումներով։ 1936 թ. - Երևանում Հայ մտավորականների տան կառուցում։ 1923-36 թթ. - Մոտ 17,000 հայ գաղթականների վերադարձ մայր հայրենիք Հունաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Իսրայելից, Ֆրանսիայից, Բուլղարիայից և այլ երկրներից։ 1924 թ. - ՀԲԸՄ-ի որբանոցների 250 որբերի տեղափոխում Հայաստան։ 1929 թ. - Մարի Նուբար աչքի կլինիկայի հիմնում 1929 թ. - "Դարուհի Հակոբյան Մայրանոց" ծննդատան հիմնում 1925 թ. - Նոր Եդովկիա գյուղի հիմնում՝ գաղթածների վերաբնակեցման համար։ 1937 թ. - Հանգանակություն 1 միլիոն ԱՄՆ դոլար և Նուբարաշեն ավանի կառուցում, որտեղ բնակվեցին 1000 գաղթական։ 1944 թ. - 105,000 ԱՄՆ դոլարի դեղորայք և հագուստեղեն Հայաստանին։ 1946 թ. - Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Բուլղարիայից, Հունաստանից և Ռումինիայից 51,060 հայերի ներգաղթ ՀԲԸՄ-ի կողմից այդ նպատակով հանգանակված 1,073,810 ԱՄՆ դոլարի շնորհիվ։ 1944-48 թթ. - Ընդհանուր առմամբ ներգաղթին օժանդակելու և հետպատերազմյան Հայաստանին օգնելու նպատակով ՀԲԸՄ-ն հանգանակել է մոտ 2, 300,000 ԱՄՆ դոլար։ 1950-88 թթ. - ՀԲԸՄ-ի աջակցությունը Հայաստանին եկեղեցու միջոցով։ 1983 թ. - Ալեք Մանուկյան գանձատան բացում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
1988 թ. երկրաշարժ
խմբագրելԵրկրաշարժից արդեն 3 օր անց դեղորայքի, հագուստի, սննդամթերքի և այլ անհրաժեշտ պարագաների ներմուծում Հայաստան։ Աղետից տուժածների բուժում ԱՄՆ-ում։ Արտերկրի բժիշկ մասնագետների միջոցով տուժածների բուժում տեղում։ 10 միլիոն ԱՄՆ դոլարի հանգանակություն ՀԲԸՄ բարերաների կողմից՝ որպես օգնություն հայ ժողովրդին։ 1989-1992 թթ. - Գյումրիում մթերանոց սառցարանի կառուցում։ 1991 թ. - Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կենտրոնի հիմնում Երևանում։
ՀԲԸՄ-ն Հայաստանի Երրորդ Հանրապետությունում
խմբագրել- Կրթություն
- Մշակույթ
- Եկեղեցի
- Առողջապահական-սոցիալական
- Ղարաբաղի վերականգնում
- Դպրոցներ
- Ստեփանակերտի թիվ 7 դպրոց՝ ամբողջական վերանորոգում։ Բացումը տեղի է ունեցել 2006-ի հունվարի 16-ին։ Դպրոցն ունի 808 աշակերտ։
- Գյումրիի թիվ 7 դպրոց՝ ամբողջական վերակառուցում և վերականգնում։
- Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոց՝ վերանորոգում, մշտական հոգածություն, կաթսայատան և խաղահրապարակի կառուցում։
- Գյումրիի թիվ 3 հաշմանդամ երեխաների դպրոց՝ վերանորոգում և շարունակական հոգածություն
- Իրինդ գյուղի դպրոց՝ ամբողջական կահավորում
Գյումրիի արվեստների ակադեմիա
խմբագրել1997 թ.-ին ՀԲԸՄ-ն վերանորոգեց նախկին քաղկոմի շենքը և կառուցեց Գյումրիի Արվեստների ակադեմիան։ Ներառում է Գեղարվեստի ակադեմիայի, Կինոյի և թատրոնի ինստիտուտի և Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղերը։ 1997-ին ակադեմիան ուներ 9 ուսանող, այժմ՝ մոտ 150։ 2005 թ.-ին ՀԲԸՄ-ն շենքի տանիքում կառուցեց նոր արվեստանոցներ նկարիչ ուսանողների համար, և նրանց տեղափոխեցին ավելի լռակյաց վայր։ Ղարաբաղի Կամերային Նվագախումբ
Նավագախումբը հիմնվել է 2004 թ.-ի աշնանը ՀԲԸՄ-ի կողմից։ Ներկայումս ունի 17 երաժիշտ, որոնցից 11-ը Երևանից են, 6-ը՝ Ղարաբաղից։ Բացի համերգներով հանդես գալուց, երաժիշտները երաժշտություն են դասավանդում Շուշիի, Քաշաթաղի և Հադրութի երաժշտական դպրոցներում։
Եկեղեցի
խմբագրելՀԲԸՄ-ի ֆինանսավորմամբ կառուցվել են
- Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին
- Երևանի Սուրբ Երրորդություն
- Գյումրիի Սուրբ Հակոբ
- Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի
- Նոր Նորքի Սուրբ Սարգիս և բազմաթիվ այլ եկեղեցիներ
ՀԲԸՄ-ի ջանքերով վերակառուցվեց Խրիմյան հայրիկ ցուցասրահը, վերակառուցվեց գանձատունը, կառուցվեց Վեհարանի վարչական շենքը, կառուցվեց Բաց խորանը, կառուցվում է Միաբանական շենքը,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարեկան բյուջեի 70 տոկոսը միության հատկացումն է։
Մշակութային
խմբագրել- Օժանդակություն Օպերայի և Բալետի Ազգային Թատրոնի "Գայանե" բալետի, "Անուշ" և "Կարմեն" օպերաների բեմականացմանը
- Շարունակական օժանդակություն Երևանի Պետական Համալսարանին
- Շարունակական օժանդակություն Գիտությունների Ազգային Ակադեմիային
- Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի կառուցում
- Մատենադարանի գրապահոցում օդորակավորման և օդափոխության համակարգերի տեղադրում
- Օժանդակություն "Օտար, ամայի ճամփեքի վրա", "Մերոնք", "ՀՀ դեսպաններ" և "Վերադարձ դեպի ապագա" հաղորդաշարերին
- Գրողների Միության հետ համատեղ ժամանակակից հայ գրողների գործերի անգլերեն թարգմանություն և տպագրություն
- Օգնություն հայ թատրոնին՝ "Խոր Վիրապ" և "Ջին խաղ" ներկայացումների բեմականացմամբ
Սոցիալական
խմբագրել- Շարունակական օժանդակություն Մեղրիի մանկապարտեզին
- Օգնություն Գյումրիի "Հույս" մանկատանը
- Վանաձորի մանկատան վերանորոգում
- Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկայի վերանորոգում
- Կովերի տրամադրում Ամասիայի շրջանի կարիքավոր ընտանիքներին
- Ալյուրի տրամադրում Ամասիայի շրջանի կարիքավոր ընտանիքներին
ՀԲԸՄ ծրագրերն Արցախում
խմբագրելՂարաբաղի պատերազմի վետերանների և այրիների համար բնակելի շենքի կառուցում, ուր տեղակայված են 50 ընտանիք և Ստեփանակերտի Շախմատի դպրոցը։ Ստեփանակերտի տարեցների տուն-ինտերնատի վերանորոգում 55 մշտաբնակների և 150 խնամյալների համար։ Վերջերս ՀԲԸՄ-ն վերանորոգեց Ստեփանակերտի Ալեք Մանուկյանի անվան փողոցը և այնտեղ տեղադրեց մեծ բարերարի արձանը։
Արցախի վերաբնակեցման ծրագիր
խմբագրել- Նորաշեն
- Բարեշեն
- Ջրակն
2004 թ.-ին ՀԲԸՄ-ի ուժերով վերածնվեց Ղարաբաղի Նորաշեն գյուղը, և 22 տուն հանձնվեց շահագործման։ Ներկայումս գյուղն արդեն ունի 150 բնակիչ, որոնցից 30-ը դպրոցահասակ երեխաներ են։ 2006 թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ Նորաշենի ՀԲԸՄ-ի կողմից կառուցված 120 հոգանոց դպրոցի բացումը։ Նորաբաց դպրոցն այժմ արդեն ունի 30 աշակերտ։ Բացի 22 տներից և դպրոցից գյուղն ունի բժշկական կենտրոն՝ ապահովված անհրաժեշտ դեղորայքով և մշտական հերթապահ բժիշկով։ ՀԲԸՄ-ի կողմից կառուցված մանկապարտեզը ծառայում է ոչ միայն Նորաշենի, այլ նաև հարևան Այգեստան գյուղի բնակիչների երեխաներին։
Բարեշեն
խմբագրելԲարեշենը ՀԲԸՄ-ի կողմից Ղարաբաղում կառուցվող երկրորդ գյուղն է։ Շինարարությունը սկսվել է 2005 թ.-ին։ Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 6 տուն։ Գյուղացիներն օգտվելու են հարևան Նորաշեն գյուղի դպրոցից, մանկապարտեզից և բժշկական կենտրոնից։
Ջրակն
խմբագրել2006 թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ-ի կողմից Ղարաբաղում կառուցվող երրորդ գյուղի՝ Ջրակնի հիմնարկեքի արարողությունը։ Շինարարության առաջին փուլի ընթացքում, որը կավարտվի 2007 թ.-ի երկրորդ կիսամյակում, նախատեսվում է կառուցել 10 տուն։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 170)։ |