Նուբարյաններ, Նուպարյաններ, հայ գերդաստան Եգիպտոսում։ Սերել են 18-րդ դարի վերջին Ղարաբաղից Կոստանդնուպոլիս գաղթած առևտրական Մկրտիչ Նուբարի Մելիքյանի և Ապրոյան գերդաստանի առևտրական հիմնարկի Եգիպտոսի ներկայացուցիչ Պողոս Յուսուֆյանի քրոջ ամուսնությունից, որոնց զավակներն իրենց պապի անունով կոչվել են Նուբարյաններ։ Նշանավոր է եղել Նուբար Փաշան (1825-1899 թթ.), որի գծով էլ շարունակվել է սերունդը։ Նա ամուսնացել է օսմանյան արքունիքի սառաֆ (լումայափոխ) Գևորգ (Գարաքեհյա) Երամյանի դստեր հետ։ Նուբարյանների մյուս ճյուղը սերե է Նուբար Փաշայի որդի Պողոս Նուբարի (1851-1930 թթ.) և արքունիքի հանձնակատար Հովհաննես Տատյանի դստեր ամուսնությունից (սրանց զավակները, ապրելով Եվրոպայում, շուտով կորցրել են իրենց ազգային պատկանելությունը)։

Մկրտիչ Մելիքյանը և նրա որդիները

խմբագրել

Պ․ Յուսուֆյանի աջակցությամբ Մկրտիչ Մելիքյանը և նրա որդիները ընդգրկվել են եվրոպական գործերի և եգիպտական վաճառականության դիվանում։ Նուբար Փաշայի պետական-քաղաքական բարձրագույն դիրքերի հասնելու գործում որոշիչ նշանակություն են ունեցել Երամյան և Տատյան գերդաստանների կապերը օսմանյան արքունիքի հետ։ Նուբար Փաշայի շնորհիվ իր եղբայր Առաքելը (1826-1858 թթ.) նշանակվել է Եգիպտոսի առևտրի մինիստր (1850-1953 թթ.), ապա Սուդանի ընդհանուր կառավարիչ (1857-1958 թթ.), քրոջ ամուսինը՝ Տիգրան դե Ապրո Բագրատունին, Եգիպտոսի արտաքին գործերի նախարար (1881 թ.), որդին՝ Պողոս Նուբարը, Եգիպտոսի երկաթուղիների վարչության ընդհանուր տնօրեն։ Պետական-քաղաքական բարձր դիրքը նպաստել է Նուբարյանների տնտեսական հզորացմանը։ 1870-ական թվականներին Նուբարյանների ձեռքում էր Կահիրեի ջրամատակարարման ընկերության և սառույցի գործարանի բաժնետոմսերի մեծ մասը։

Նուբարյանների հիմնական եկամուտներ

խմբագրել

Նուբարյանների հիմնական եկամուտները ստացվել են բամբակամշակությունից (Եգիպտոսի տարբեր նահանգներում ունեցել են բամբակի խոշոր պլանտացիաներ)։ Եգիպտոսում բրիտանական տիրապետության հաստատումից (1881-1882 թթ.) հետո Նուբարյանների դիրքը և տնտեսական հզորությունն աստիճանաբար խարխլվել են։ 1919- 1923 թթ.-ին Նուբարյանները վաճառել են իրենց կալվածները, տեղափոխվել Ֆրանսիա։ Պահպանվել են Նուբարյանների տոհմական երկու դամբարան (Ալեքսանդրիայի հայ գերեզմանատանը և Փարիզի Պեր Լաշեզում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 401