Չժենգ Հե (չինարեն ավանդ. 鄭和, հեշտ. 郑和 , պինին: Zhèng Hé, 1371[1][2][3][…], Կունմին, Յուան - 1433[4][5][6] կամ 1435[7], Նանկին, Մին դինաստիա), չինացի ճանապարհորդ, նավատորմի հրամանատար և դիվանագետ։ Ղեկավարել է յոթ խոշոր ծովային ռազմա-առևտրական արշավախմբեր դեպի Հնդկաչին, Հինդուստան, Արաբական թերակղզի և Արևելյան Աֆրիկա։ Ներկայումս Չինաստանում Չժենգ Հեն համարվում է ամենաականավոր չինացիներից մեկը, որի արշավները ներկայացվում են որպես Չինաստանի՝ իր հարևանների հետ տարվող խաղաղ քաղաքականության մի մաս[9]։

Չժենգ Հե
չինարեն՝ 鄭和
Դիմանկար
Ծնվել է1371[1][2][3][…]
ԾննդավայրԿունմին, Յուան
Մահացել է1433[4][5][6] կամ 1435[7]
Մահվան վայրՆանկին, Մին դինաստիա
ԳերեզմանTomb of Zheng Da Chia
ՔաղաքացիությունՄին դինաստիա[8]
ԱզգությունHui people?
Կրոնիսլամ
ԵրկերՃանապարհորդություն դեպի Չժենգ Հե
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, դիվանագետ, ղեկապետ, ներքինի և ճանապարհորդ
ԱշխատավայրYongle Emperor?, Hongxi Emperor? և Xuande Emperor?
Ծնողներհայր՝ Hajji Ma?
 Zheng He Վիքիպահեստում

Չինական առևտրական մասնավոր նավերը Հարավային Չինաստանի ու Հարավարևելյան Ասիայի միջև նավարկում էին դեռ Սուն արքայատոհմի տիրապետության ժամանակվանից, իսկ մոնղոլական Յուան արքայատոհմի օրոք կատարվում էին նաև ռազմադիվանագիտական արշավանքներ Հարավարևելյան Ասիայի երկրներ ու անգամ Շրի Լանկա, սակայն Չժենգ Հեի արշաբախումբն աննախադեպ էր իր մեծությամբ ու Չժու Դի կայսեր կողմից արշավին տրված մեծ նշանակությամբ։ Այս արշավախմբերը, թեև ձևականորեն ու կարճ ժամանակով (մի քանի տասնամյակ), բայց Մալայական թերակղզու թագավորությունները, Ինդոնեզիան, Շրի Լանկան ու Հարավային Հնդկաստանը դարձրին Մինյան կայսրության վասալներ և Չինաստան հասցրին նոր տեղեկություններ Հնդկական օվկիանոսի ափերին բնակվող ժողովուրդների մասին։ Ենթադրվում է, որ Մալայական թերակղզու, Սումատրայի ու Յավայի պատմական զարգացման վրա չինական նավատորմն ավելի երկարատև ազդեցություն է ունեցել, քանզի նրանք եղան այն գործոններից մեկը, որ նպաստեցին չինացիների նոր խմբերի գաղթին դեպի այդ տարածաշրջան և այդտեղ չինական մշակույթի դերի մեծացմանը։

Նույնիսկ Չժենգ Հեի գլխավոր հովանավորի՝ Չժու Դի կայսեր օրոք Չժենգ Հեի արշավանքները ենթարկվում էին սուր քննադատության Չինաստանի կոնֆուցիական բարձր խավի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, որոնք համարում էին, որ կայսեր այդ նախաձեռնությունները պետք չեն և թանկ են նստում։ Չժենգ Հեի ու Չժու Չժանցզիի (Չժու Դիի թոռան) մահից հետո արշավանքներին դեմ արտահայտվողներ կային արդեն Մինյան Չինաստանի կառավարության բոլոր մակարդակներում։ Արդյունքում ծովային արշավանքները դադարեցվեցին, իսկ Չժենգ Հեի նավատորմի մասին եղած տեխնիկական տեղեկությունների մեծ մասը ոչնչացվեց կամ կորավ։ Պաշտոնական «Մինի պատմությունը», որ կազմվել է 17-18-րդ դարերում, այդ արշավանքների մասին արտահայտվում է քննադատաբար, սակայն Չինաստանի բնակիչներից շատերի ու հատկապես Հարավարևելյան Ասիայում բնակություն հաստատած չինացիների համար Չժենգ Հեն մնում է ազգային հերոս։

20-րդ դարի սկզբում, երբ սկիզբ է առել Չինաստանն օտար տիրապետությունից ազատագրելու շարժումը, Չժենգ Հեի կերպարը նոր ժողովրդականություն ստացավ[10]։ Ժամանակակից ՉԺՀ-ում Չժենգ Հեն դիտվում է որպես երկրի պատմության ամենանշանակալի մարդկանցից մեկը, իսկ նրա նավարկությունները (սովորաբար դրանք ներկայացվում են որպես Չինաստանի խաղաղ քաղաքականություն հարևան երկրների նկատմամբ) հակադրվում են եվրոպական գաղութարարների՝ 16-19-րդ դարերի նվաճողական արշավանքներին[11]։

Կենսագրություն խմբագրել

Ծագում խմբագրել

 
Ապագա ծովագնացի մանկությունն անցել է Կունյանում, որ գտնվում էր Դյանչի լճից ոչ հեռու

Ապագա ծոցագնացը, որի ծննդյան անունը եղել է Մա Հե (馬 和), ծնվել է Կունյան գավառի[12][13][Ն 1] Հեդայ գյուղում[14]։ Կունյան գավառը տեղակայված էր կենտրոնական Յուննանում՝ Դյանչի լճի հարավային ափին, որի հյուսիսային ափին մոտ էր գտնվում գավառի մայրաքաղաք Կունմինը։

Մայի ընտանիքը ծագում էր այսպես կոչված սեմուներից, որոնք Միջին Ասիայից Չինաստան էին գաղթել մոնղոլական տիրապետության ժամանակ և զբաղեցնում էին տարբեր պաշտոններ Յուան կայսրության պետական ապարատում։ Սեմուների մեծ մասը, այդ թվում նաև Չժենգ Հեի նախնիները, եղել են մուսուլմաններ[12] (հաճախ համարվում է, որ «Մա» ազգանունն էլ ոչ այլ ինչ է, եթե ոչ «Մուհամեդ» անվան չինական արտասանությունը)։ Յուան արքայատոհմի անկումից և Մին դինաստիայի գահակալումից հետո նրանց սերունդները ձուլվել են չինացիների և առավելապես չինախոս մուսուլման հույցզուներին[15]։

 
Կոթող կրիայի հուշարձանի վրա, որ Չժենգ Հեն տեղադրել է իր հոր գերեզմանի մոտ (նրա շուրջը կառուցված ժամանակակից տաղավարում)

Մա Հեի ծնողների մասին շատ բան հայտնի չէ. նրանց մասին հայտնի տեղեկություների մի մասը հայտնի է Մա Հաջիի գերեզմանի մոտ տեղադրված կոթողից, որը կանգնեցվել է նրանց պատվին իրենց հայրենիքում 1405 թվականին հենց ծովակալի հրամանով։ Ապագա ծովագնացի հայրը հայտնի է եղել որպես Մա Հաջի (1345-1381 կամ 1382[12][Ն 2]) ի պատիվ դեպի Մեքքա կատարած ուխտագնացության։ Նրա կինը կրել է Վեն (温) ազգանունը։ Ընտանիքում եղել է վեց երեխա՝ չորս դուստր և երկու որդի. ավագը եղել է Մա Վենմինը, կրտսերը՝ Մա Հեն[12]։

 
Մա Հեն մանկության տարիներին հոր և եղբայրների հետ՝ ըստ կունյանցի նկարչի պատկերացման

Ստուգապես հայտնի չէ, թե ինչ ճանապարհով են Չժենգ Հեի նախնիները մեկնել Չինաստան։ Ըստ ընտանեկան ավանդության՝ Մա Հաջիի հայրը (այսինքն՝ ապագա ծովակալի պապը), որը նույնպես հայտնի էր որպես Մա Հաջի, եղել է Սեիդ Աջալ ալ Դին Օմարի թոռը, որը գաղթել էր Բուխարայից (ժամանակակից Ուզբեկստանում). վերջինս եղել է Խուբիլայ խանի զորավարներից մեկը, որ կարողացել է գրավել Յուննան գավառն և դառնալ նրա տիրակալը[12]։ Ստույգ հայտնի չէ, սակայն հավանական է, որ Մայի նախնիներն իսկապես Յուննանում հայտնվել են մոնղոլների հետ միասին[16]։

Չժենգ Հեն, ինչպես և իր նախնիները, դավանել է իսլամ և ըստ որոշ ենթադրությունների՝ հանդես է եկել որպես իր դավանակիցների պաշտպան այն դեպքում, որ Մին արքայատոհմի գահակալության սկզբնական շրջանում մուսուլմաններին վերաբերվում էին կասկածանքով։ Դրա պատճառն այն էր, որ Յուան արքայատոհմի օրոք սեմուներից շատերն զբաղեցնում էին հարկահավաքների պաշտոններ[17][18]։ Սակայն Չժենգ Հեն, նվիրված լինելով իսլամը, հարգալից է վերաբերվել մյուս կրոններին, ինչպիսիք են բուդդայականությունն (ունեցել է բուդդայական մականուն՝ Երեք թանկարժեք իրեր՝ Սանբաո) և դաոսականությունը, որ Չինաստանի հիմնական կրոններից էին, և անհրաժեշտության դեպքում պատրաստակամությամբ մասնակցել է համապատասխան ծիսակատարություններին։ Ենթադրվում է նաև, որ իսլամին նրա նվիրվածությունը փոքր դեր չի ունեցել նրան «Ոսկե նավատորմի» ծովակալ նշանակելու որոշման կայացման գործում, քանի որ վերջինս այլ պարտականությունների հետ միասին պետք է այցելեր նաև Արաբիա ու Աֆրիկա, որտեղ իսլամը գերիշխող կրոններից մեկն էր։

Ծառայության ընդունում Չժու Դիի մոտ և ռազմական կարիերա խմբագրել

Կենտրոնական և հյուսիսային Չինաստանում մոնղոլական լծի տապալումից և այնտեղ Չժու Յուանչժանի կողմից Մին արքայատոհմի հաստատումից (1368) հետո Յուննան լեռնային գավառը, որ գտնվում էր Չինաստանի հարավարևմտյան ծայրում, ևս մի քանի տարի շարունակել է մնալ մոնղոլների տիրապետության տակ։ Անհայտ է, թե կռվել է արդյոք Մա Հաջին Յուանի լոյալիստների շարքում Մինի զորքերի կողմից Յուննանի գրավման ժամանակ, սակայն ամեն դեպքում նա զոհվել է այդ արշավանքի ժամանակ (1382), իսկ նրա կրտսեր որդին՝ Մա Հեն, գերի է ընկել ու դարձվել Չժու Յուանչժան կայսեր որդու՝ Յուննանի արշավանքը գլխավորող Չժու Դիի սպասավորը[12][19]։

Երեք տարի անց՝ 1385 թվականին, տղան ներքինացվել է[Ն 3] և դարձել բազմաթիվ ներքինիներից մեկը Չժու Դիի արքունիքում, որը կրել է Յանի մեծ իշխանի (Յան Վանգ) տիտղոս և բազավորվել Բեյպինում (ներկայում՝ Պեկին)։ Պատանի ներքինին ստացել է Մա Սանբաո (馬三寶/马三宝) անունը, այսինքն՝ Մա «Երեք գանձեր» կամ «Երեք թանկարժեք իրեր»։ Ըստ բրիտանացի գիտնական Ժոզեֆ Նիդեմի՝ չնայած ներքինին անկասկած ուներ մուսուլմանական ծագում, նրա այդ տիտղոսը ծառայել է որպես հիշեցում բուդդայականության «երեք գանձերի» (Բուդդա, դհարմա և սանգհա) մասին, որոնց անունները հաճախ են կրկնում բուդդիստները[20]։

Ենթադրվում է, որ մեծ իշխանի արքունիքում գտնվելով՝ Մա Սանբաոն կարողացել է ստանալ ավելի լավ կրթությունը, քան նա կարող էր ստանալ այն դեպքում, եթե Բեյպինի փոխարեն ընկներ Նանկին՝ կայսր Չժու Յուանչժանի արքունիք, որը խիստ անվստահություն էր ցուցաբերում ներքինիների նկատմամբ ու ձգտում էր եթե ոչ բոլորովին արգելել նրանց սովորել գրագիտություն, ապա հնարավորինս սահմանափակել գրագետ ներքինիների քանակը[12]։

Որպես Յանի մեծ իշխան՝ Չժու Դին իր տրամադրության տակ ուներ նշանակալի ռազմական ուժեր և պայքար էր մղում մոնղոլների դեմ կայսրության հյուսիսային սահմանում։ ա Սանբաոն մասնակցել է 1386/87 նրա թվականներին նրա ձմեռային արշավանքին ընդդեմ մոնղոլների առաջնորդներից մեկի՝ Նագաչուի (Naghachu)[21]:

Առաջին Մին կայսր Չժու Յուանչժանը նախատեսել էր գահը փոխանցել իր անդրանիկ որդուն՝ Չժու Բյաոյին, սակայն նա մահացել է դեռ հոր կենդանության օրոք։ Արդյունքում առաջին կայսրը գահաժառանգ է նշանակել Չժու Բյաոյի որդուն՝ Չժու Յունվենին, թեև նրա հորեղբայրը (Չժու Յուանչժանի կրտսեր որդիներից մեկը) հավանաբար իրեն համարել է ավելի հարմար գահը ժառանգելու համար։ 1398 թվականին բազմելով գահին (կառավարման նշանաբանը՝ Ցզյանվեն)՝ Չժու Յունվենը, վախենալով, թե իր հորեղբայրներից որևէ մեկը կարող է խլել գահը, սկսել է մեկը մյուսի հետևից ոչնչացնել նրանց։ Շուտով Նանկինում գտնվող երիտասարդ կայսեր և Պեկինում գտնվող նրա հորեղբոր՝ Չժու Դիի միջև ծագել է քաղաքացիական պատերազմ։ Քանի որ Չժու Յունվենն ներքինիներին արգելել է մասնակցել երկրի կառավարմանը, նրանցից շատերն ապստամբության ընթացքում սատարել են Չժու Դիին։ Մատուցած ծառայությունների համար որպես պարգև Չժու Դին նրանց թույլատրել է մասնակցել քաղաքական հարցերի լուծմանը, ընդ որում՝ նրանց թույլ է տվել բարձրանալ քաղաքական կարիերայի ամենաբարձր աստիճաններ, ինչը բավական շահավետ էր Մա Սանբաոյի համար։ Երիտասարդ ներքինին աչքի է ընկել ինչպես 1399 թվականին՝ Բեյպինի պաշտպանության ժամանակ, այնպես էլ 1402 թվականին Նանկինի գրավման ժամանակ և եղել է այն հրամանատարներից մեկը, որոնց հանձնարարվել է գրավել կայսրության մայրաքաղաքը՝ Նանկինը։ Ոչնչացնելով իր զարմիկի վարչակարգը՝ Չժու Դին 1402 թվականի հուլիսի 17-ին գահ է բարձրացել կառավարման Յունլե նշանաբանով[22]։

Նոր (չինական) 1404 թվականին[23] նոր կայսրը հավատարիմ ծառայության համար որպես պարգև Մա Հեին շնորհել է նոր ազգանուն՝ Չժեն։ Դա հիշեցում էր այն մասին, թե ինչպես էր ապստամբության առաջին օրերին Մա Հեի ձին սպանվել Բեյպինի ծայրամասում՝ Չժենլունբա կոչվող վայրում[22]։

Ըստ որոշ աղբյուրների՝ 1404 թվականին Չժենգ Հեն ղեկավարել է նավատորմի կառուցումն այսպես կոչված «ճապոնական ծովահենների» դեմ պայքարելու համար և, հնարավոր է, այցելել է Ճապոնիա՝ ծովահենների դեմ համատեղ պայքարելու վերաբերյալ տեղի իշխանությունների հետ բանակցությունների վարելու համար[23]։

Չժենգ Հեի յոթ ծովային ճամփորդությունները խմբագրել

 
«Գանձարան-նավի» մոդել Նանկինի Գանձարան-նավերի նավաշինարանի այգում

Կայսերը մատուցած ծառայությունների համար Չժենգ Հեն արժանացել է «գլխավոր ներքինի» (տայցզյան) տիտղոսի, ինչը համապատասխանում էր չորրորդ աստիճանի պետական պաշտոնին[Ն 4], ինչից հետո կայսր Չժու Դին որոշել է, որ նա մյուսներից առավել լավ է համապատասխանում նավատորմի ծովակալի դերին և նրան նշանակել է ղեկավար բոլոր կամ գրեթե բոլոր յոթ ճամփորդությունների, որ կատարվել են դեպի Հարավարևելյան Ասիա ու Հնդկական օվկիանոս 1405-1433 թվականներին՝ միաժամանակ նրա կարգավիճակը բարձրացնելով երրորդ աստիճանի[24]։ Նավատորմը, ամենայն հավանականությամբ, կազմված էր շուրջ 250 նավերից, որոնց տախտակամածերին կար շուրջ 27 հազար մարդ 70 կայսերական ներքինիների գլխավորությամբ[25]։ Այդ նավատորմի ամենախոշոր նավերը կարող էին լինել (եթե ճիշտ են պաշտոնական «Մինյան պատմության» տվյալները) երբևէ գոյություն ունեցած ամենամեծ փայտե առագաստանավերը։

Չժենգ Հեի գլխավորած նավակազմն այցելել է ավելի քան 56 երկրներ ու խոշոր քաղաքներ Հարավարևելյան Ասիայում և Հնդկական օվկիանոսի ավազանում։ Չինական նավերը հասել են մինչև Արաբիայի և Արևելյան Ասիայի ափերը։ Չժեն Հեի առաջին նավարկությունը կայացել է 1405-1407 թվականներին Սուչժոու - Տյամպայի ափ - Յավա կղզի - Հյուսիսարևմտյան Սումատրա - Մալակկայի նեղուց - Շրի Լանկա կղզի երթուղով։ Ապա շրջանցելով Հինդուստանի հարավային վերջամասը՝ նավակազմը վերադարձել է Հնդկաստանի Մալաբարյան ափի առևտրային քաղաքներ՝ հասնելով մինչև հնդկական ամենամեծ նավահանգիստ՝ Կալիկուտա (Կոժիկոդե)։ Մոտավորապես նույնպիսի երթուղի են ունեցել երկրորդ (1407-1409) և երրորդ (1409-1411) արշավանքները։ Չորրորդ (1413-1415), հինգերորդ (1417-1419), վեցերորդ (1421-1422) և յոթերորդ (1431-1433) արշավանքները հասել են մինչև Օրմուզ և Աֆրիկայի ափերը՝ ներկայիս Սոմալիի տարածք, մտել Կարմիր ծով։ Ծովագնացները մանրամասն ու ստույգ կերպով գրի են առել իրենց տեսածները, կազմել են քարտեզներ։ Դրանցում գրանցվել են մեկնման ժամանակը, կայանման վայրերը, նշվել են խութերի ու ծանծաղուտների տեղերը։ Կազմվել են անդրծովյան երկրների ու քաղաքների, դրանց քաղաքական կարգի, կլիմայի, տեղի սովորությունների, լեգենդների նկարագրությունները։ Չժենգ Հեն օտար երկրներ է հասցրել կայսեր ուղերձները, խրախուսել օտարերկրյա դեսպանությունները ժամանումը Չինաստան, վարել առևտուր։

 
«12 նավային ղեկեր», Չժենգ Հեի նավարկություններին նվիրված քանդակների խումբ Նանկինի Գանձարան-նավերի նավաշինարանի այգում

Իր նպատակներին հասնելու համար Չժենգ Հեն կիրառել է նաև ռազմական ուժ[26]։ Օրինակ՝ 1405 թվականին՝ առաջին արշավանքի ժամանակ, Չժենգ Հեն պահանջել է, որ Չինաստանի կայսերը հանձնվեն Լանկայի բուդդայական սրբազան մասունքները՝ Բուդդայի ողորմության թասերը, ատամներն ու մազերը, որ կազմում էին սինգալների թագավորների իշխանութան կարևորագույն մասունքներն ու մշտական պատկանելիքները։ Ստանալով մերժում՝ Չժենգ Հեն 1411 թվականին վերադարձել է կղզի 3000 մարդուց բաղկացած ջոկատի ուղեկցությամբ, ներխուժել մայրաքաղաք, գերի վերցրել Վիրա Ալակեշվարա թագավորին, նրա ընտանիքի անդամներին ու մերձավոր անձանց և նրանց նավով տեղափոխել Չինաստան[27]։ Չորրորդ ճամփորդության ժամանակ այդ երթուղու ընթացքում սովորական դարձած Պասայ (հայտնի է նաև Սամուդրա անվանմամբ) պետություն (Սումատրայի հյուսիսում) այցելության ընթացքում՝ հավանաբար Օրմուզից Չինաստան վերադառնալու ժամանակ, Չժենգ Հեի հիմնական նավատորմն ստիպված է եղել մասնակցել Չինաստանի կողմից ճանաչվա միապետի՝ Զայն ալ Աբիդինի և Սեկանդեր անունով հավակնորդի միջև մղվող պայքարին։ Չինական նավատորմը Յունլե կայսրից նվերներ էր տարել Զայն ալ Աբիդինին, իսկ Սեկանդերին ոչինչ չի տրվել, ինչի պատճառով վերջինս զայրացել է ու հարձակվել չինացիների վրա։ Չժենգ Հեն կարողացել է դեպքերի ընթացքը փոխել հօգուտ իրեն, ջախջախել նրա զորքը, գերի վերցնել Սեկանդերին և ուղարկել Չինաստան[28][29]։

1424 և 1431 թվականների միջև ընկած ժամանակահատվածում՝ Չժու Դի կայսեր մահվանից հետո, ծովային արշավանքները մի որոշ ժամանակ դադարեցվել են, իսկ Չժենգ Հեն յոթ տարի ծառայել է որպես կայազորի պետ Նանկինում[30]։ Վերջին՝ յոթերորդ ճամփորդության ժամանակ Չժենգ Հեն եղել է 60 տարեկան։ Նա արդեն անձամբ չի այցելել շատ երկրներ, ուր մտել են չինական նավերը, և Չինաստան է վերադարձել 1433 թվականին, երբ նավատորմի առանձին ստորաբաժանումներ իր օգնականների հրամանատարությամբ 1434 թվականին այցելել են Մեքքա, ինչպես նաև Սումատրա և Յավա[31]։

 
գանձ նավ Չժենգ Հեի

Չժենգ Հեի ճամփորդությունները նպաստել են աֆրիկյան ու ասիական երկրների մշակութային փոխանակմանը Չինաստանի հետ և նրանց միջև առևտրային կապերի հաստատմանը։ Կազմվել են այն երկրների ու քաղաքների մանրամասն նկարագրությունները, ուր այցելել են չինացի ծովագնացները։ Դրանք հեղինակել են Չժենգ Հեի արշավանքների մասնակիցներ Մա Հուանը, Ֆեյ Սինը և Գուն Չժենը։ Կազմվել են նաև «Չժենգ Հեի ծովային ճամփորդությունների քարտեզներ» («Չժենգ Հե հան հայ տու»)[32]։

 
Ծովակալ Չժենգ Հեի ճամփորդության 600-ամյակին նվիրված ինդոնեզական նամականիշ, 2005

Չժենգ Հեի ծովային արշավանքների ընթացքում հավաքված նյութերի ու տեղեկությունների հիման վրա Մինյան Չինաստանում 1597 թվականին Լո Մաո-դենի կողմից գրվել է «Չժենգ Հեի նավարկությունները դեպի Արևմտյան օվկիանոս» («Սան բաո տայ ցզյան Սի յան ցզի») վեպը։ Ինչպես նշել է ռուս չինագետ Վիկտոր Վելգուսը, նրանում շատ է ֆանտաստիկան, սակայն որոշ նկարագրություններում հեղինակը ստուգապես օգտվել է պատմական ու աշխարհագրական աղբյուրների տվյալներից[33]։ Չժենգ Հեի ու նրա թիմի կողմից գցված երթուղիները հետագայում օգտագործվել են եվրոպացի ծովագնացների կողմից, որոնք նախքան Չժենգ Հեի ճամփորդությունները չէին անցել Բարեհուսո հրվանդանը և պատկերացում չունեին Աֆրիկայի արևելյան ափերի վերաբերյալ։

«Մին արքայատոհմի պատմության» մեջ Չժենգ Հեի ծովային ճամփորդություններին տրվել է չափազանց մեծ նշանակություն․ «Տարեգրություններում ասվում է, թե տայցզյան Սանբաոյի արշավանքները դեպի Արևմտյան ծով եղել են ամենանշանակալի իրադարձությունը Մին դինաստիայի տիրապետության սկզբում»[34]։

Ծովակալի մահը խմբագրել

 
Չժենգ Հեի շիրիմը Նանկինի մոտ՝ Նյուշոու բլրի վրա

Ավանդույթի համաձայն, որ փոխանցվել է Չժենգ Հեի ժառանգների միջոցով, ծովակալը մահացել է յոթերորդ ծովագնացությունից Չինաստան վերադառնալու ճանապարհին (այսինքն՝ 1433 թվականին), և նրա մարմինը թաղվել է ծովում։ Նրա մահվանից կարճ ժամանակ անց Յավայում անցկացվել է «հեռակա թաղման» արարողություն, որ արվել է հանգուցյալի մարմնի բացակայության դեպքում («ջանազա բիլ գաիբ»)։ Ծովակալի կոշիկներն ու մազափունջը[35] (ըստ այլ տարբերակի՝ հագուստն ու գլխարկը[36]) տարվել են Նանկին և թաղվել բուդդայական անձավային վանքի մոտ[35]։

Քանի որ մեզ հասած պատմական աղբյուրներում չկան հիշատակումներ Չժենգ Հեի՝ յոթերորդ ճամփորդությունից հետո ծավալած գործունեության վերաբերյալ, պատմաբանների մեծ մասը հակված է համաձայնելու ծովակալի հարազատների ներկայացրած տարբերակի հետ։ Սակայն չինացի պատմաբան Սյույ Յույհուն (徐玉虎) Չժենգ Հեի իր կենսագրության մեջ Մինյան կայսրության մեջ պետական ապարատում կատարված կադրային փոփոխությունների հիման վրա ենթադրել է, թե իրականում ծովակալը բարեհաջող վերադարձել է Նանկին, ծառայել որպես Նանկինի ռազմական պարետ ու իր նավատորմի հրամանատար ևս երկու տարի և մահացել է միայն 1435 թվականին[37]։ Այդ տեսակետի կողմնակից է եղել նաև ռուս ուսումնասիրող Ալեքսեյ Բոկշչանինը[34]։

Նանկինի մոտ գտնվող Նյուշոու բլրի հարավային լանջին[38] Չժենգ Հեի համար կառուցվել է մուսուլմանական տապանաքար[35]։ Տեղի բնակիչների ներկայացրած պատմությունների համաձայն՝ երբ 1962 թվականին գանձ որոնողները բացել են գերեզմանը՝ հույս ունենալով այնտեղ գտնել թանկարժեք իրեր, նրանց չի հաջողվել գտնել ո՛չ դիակի մնացորդները, ո՛չ այլ ինչ[35][39]։

1985 թվականին, երբ նշվել է Չժենգ Հեի առաջին ճամփորդության 580-ամյակը, տապանաքարը վերականգնվել է[36] (31°54′37″ հս․ լ. 118°43′43″ ավ. ե.HGЯO

2010 թվականի հունիսի 18-ին՝ հարևան Ցզուտան (祖堂山) բլրի վրա կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել է վաղ մինյան դարաշրջանի ևս մեկ շիրիմ, որը նույնպես հայտարարվել է որպես Չժենգ Հեի գերեզման[40]։ Սակայն մի քանի օր անց՝ տապանագրի բովանդակությունը կարդալուց հետո, Նանկինի հնագետները որոշել են, որ իրականում այդ գերեզմանը պատկանել է այլ ներքինի ծովակալի՝ Հուն Բաոյին, որը եղել է առանձին նավախմբի հրամանատար Չժենգ Հեի յոթերորդ ճամփորդության ժամանակ[41][42]։

Արտաքին տեսք խմբագրել

 
Չժենգ Հեի ժամանակներից պահպանված հուշարձանների պատճեններ, կենտրոնում՝ հուշակոթող կրիայի վրա, որ տեղադրվել է Նանկինում ի պատիվ Մացզու աստվածուհու ի հիշատակ առաջին ճամփորդության, կողքերին՝ այն կոթողները, որ ծովակալը տեղադրել է Լյուցզյագանում, Չանլեում (Ֆուչժոու), Գալլում (Շրի Լանկա) և Կալիկուտում (Հնդկաստան)

Սեռական հասունացումից առաջ ներքինացվածները համարվել են «մաքուր» (童净, tong jing) և հաճախ վայելել են պալատական կանանց բարեհաճությունը, որոնց նմանվել են իրենց վարքով։ Հասուն տարիքում նրանց ձայնը սովորաբար դարձել է բարձր ու սուր, տրամադրությունն աչքի է ընկել անկայունությամբ, զգացմունքները՝ բուռն արտահայտությամբ, ինչը հաճախ արտահայտվել է զայրույթի պոռթկումներով ու արցունքների առատությամբ[43]։

Չժենգ Հեն, թեև եղել է ներքինի, բոլորովին չի համապատասխանել է այդ կարծրատիպին։ Թեև Չժենգ Հեի կենդանության օրոք ստեղծված դիմանկարներ չեն պահպանվել, սակայն իր ընտանիքի անդամների հուշերի (որոնց օբյեկտիվությունը ստույգ չէ) համաձայն՝ նա եղել է «յոթ չի հասակով, և գոտկատեղի շրջագիծը եղել է հինգ չի»[43] (սովորաբար մինյան դարաշրջանի մեկ չին հաշվվում է հավասար 31,1 սմ, սակայն որոշ տարածաշրջաններում օգտագործվել է ավելի կարճ երկարություն ունեցող չի՝ սկսած մոտ 27 սմ-ից)[44]։ «Նրա ճակատը բարձր էր, այտերը կախված չէին երևում, քիթը փոքր էր։ Նրա ատամներն աչքի էին ընկնում ճերմակությամբ և կատարյալ ձևով, հայացքը պարզ էր, ձայնը՝ խորը և ուժեղ, ինչպես զանգի ձայն։ Նա լավ գիտեր ռազմական գործը և սովոր էր մարտի»[43]։

Չժենգ Հեի արտաքին վերաբերյալ տեղեկությունների ևս մեկ աղբյուր է այն փաստաթուղթը, որում կայսերական պալատի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը 35-ամյա Չժենգ Հեին երաշխավորել է կայսր Չժու Դիին նավատորմի հրամանատարի պաշտոնում առաջին անգամ նշանակվելու համար։ Այդ փաստաթղթի համաձայն՝ նրա մաշկը եղել է «կոշտ, ինչպես նարնջի կեղև»։ Ունքերի միջև հեռավորությունը, ըստ որի, չինական ավանդույթի համաձայն, որոշվում էր մարդու հաջողակ լինելն ու երջանկությունը, եղել է «լայն», ինչի հիման վրա նրա համար կանխագուշակվել է հաջող կարիերա։ «Նրա ունքերն ասես թրեր լինեին, իսկ ճակատը լայն էր, ինչպես վագրինը», ինչն իր հերթին վկայում էր բնավորության հաստատունության ու ղեկավարելու ընդունակության մասին։ Նրա բերանը «ասես ծով» լիներ, որից դուրս էին հորդում պերճախոս բառեր։ Նրա աչքերը «փայլոմ էին, ինչպես լույսն արտացոլվում է գետում, ինչը եռանդունության ու կենսական ուժի նշան էր[45]։

Ժառանգներ խմբագրել

 
Պիտեր Պանը՝ Չժենգ Հեի եղբոր ժառանգներից մեկն իր նախնու արձանի հետ (Նանկինում գտնվող նրա գերեզմանի մոտ)

Ներքինացվելով վաղ տարիքում՝ Չժենգ Հեն երեխաներ չի ունեցել։ Սակայն նա որդեգրել է իր զարմիկներից մեկին՝ Չժեն Հաոչժաոյին, որը, հնարավորություն չունենալով ժառանգել իրեն որդեգրողի տիտղոսը, այնուամենայնիվ կարողացել է պահպանել նրա ունեցվածքը։ Այդ պատճառով էլ մինչ այժմ գոյություն ունեն մարդիկ, որոնք իրենց համարում են «Չժենգ Հեի ժառանգները»[46]։

Հիշատակ խմբագրել

Չժենգ Հեի նավատորմի՝ իրենց ավարտին հաջորդած առաջին դարերի ընթացքում գրեթե մոռացված ճամփորդությունները ներկայում կարևոր տեղ են գրավում մարդկության պատմական հիշողության մեջ։

Չինացիների համար դա իրենց երկրի հերոսական անցյալի դրվագներից մեկն է, որն արտացոլում է ինչպես տերության նախկին հզորությունն ու նրա վաղ տեխնոլոգիական ձեռքբերումները, այնպես էլ երկրի (հարաբերական) խաղաղ արտաքին քաղաքականությունը՝ ի տարբերություն եվրոպացիների վարած գաղութային քաղաքականության[47]։

Մալազիայի ու Ինդոնեզիայի չինական շատ համայնքներ Չժենգ Հեին ու Վան Ցզինհունին դիտարկում են որպես հիմնադիր կերպարներ, գրեթե որպես սուրբ հովանավորներ։ Նրանց պատվին կառուցվել են տաճարներ ու կանգնեցվել հուշարձաններ[48]։ Չինաստանի ռազմածովային ուժերի վարժական նավը կրում է «Չժենգ Հե» անունը[49]։

Իրենց մասշտաբների, Չինաստանի պատմության մեջ իրենց նախորդած ու հաջորդած նավագնացություններից տարբերվելու և մի քանի տասնամյակ անց Աշխարհագրական մեծ հայտնագործությունների եվրոպական դարաշրջանի սկիզբը դրած նավագնացություններին իրենց նմանության շնորհիվ Չժենգ Հեի ճամփորդությունները դարձել են Չինաստանի պատմության՝ նրա սահմաններից դուրս առավել հայտնի դրվագներից մեկը։ Օրինակ՝ 1997 թվականին Life ամսագիրը վերջին հազարամյակում պատմության ընթացքի վրա առավել մեծ ազդեցություն թողած հարյուր անձանց ցանկում Չժենգ Հեին հատկացրել է 14-րդ տեղը (այդ ցանկում ընդգրկվել են ևս երեք չինացիներ՝ Մաո Ցզե Դունը, Չժու Սին և Ցաո Սյուեցինը)[50]։

Չժենգ Հեի պատվին են կոչվել լեռներ Պլուտոնի վրա (անվանումը հաստատված չէ Միջազգային աստղագիտական միության կողմից)։

Ժամանակակից մի շարք լրագրողների կարծիքով (բայց ոչ մասնագետ ֆոլկլորագետների)՝ Չժենգ Հեն կարող էր լինել Սինդբադ ծովագնացի նախատիպը[51]։

Նշումներ խմբագրել

  1. Ներկայում Կունյան գավառը (昆阳) կոչվում է Ցզիննին (Jinning), սակայն նրա վարչական կենտրոնը պահպանում է Կունյան (昆阳) անվանումը։
  2. Լևատեսը նշում է 1381 թվականը՝ որպես Մա Հաջիի մահվան թվական, սակայն միևնույն ժամանակ մեջբերում է կոթողի տեքստը, որտեղ նշվում է, որ նա մահացել է (ըստ եվրոպական օրացույցի) 1382 թվականի օգոստոսի 12-ին։
  3. Ըստ Levathes 1996, էջ. 57—58՝ Մա Հեն գերի է վերցվել 1382 թվականին և ներքինացվել երեք տարի անց՝ 1385 թվականին, սակայն ըստ Dreyer 2007, էջ. 16, 201՝ այդ երկու դեպքերն էլ կատարվել են 1382 թվականին։
  4. Մին կայսրության ժամանակաշրջանում գոյություն են ունեցել պետական պաշտոնների ինը աստիճաններ, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է երկու կարգ՝ հիմնական (ավագ) և հավասարեցված (կրտսեր)։ Որոշակի ծառայողական դիրքեր կարող էին զբաղեցնել միայն այդ կարգին համապատասխանող պաշտոնյաները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Autoritats UB
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Lo J. Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  7. 7,0 7,1 7,2 LIBRIS — 2018.
  8. Կենսագրական տվյալների չինական բազա
  9. Կահն Ջ. (2005 թ․ հուլիսի 20). «Չինաստանը ցանկություն ունի ձեզ ասելու իր հին ծովագնացի մասին» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  10. Dreyer, 2007, էջեր 180—181
  11. Kahn J. (2005 թ․ հուլիսի 20). «China Has an Ancient Mariner to Tell You About» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Levathes, 1996, էջեր 62—63
  13. Tsai, 1996, էջ 154
  14. Chunjiang Fu, Choo Yen Foo, Yaw Hoong Siew. The great explorer Cheng Ho: ambassador of peace. — Singapore: Asiapac Books Pte Ltd, 2005. — P. 7—8. — 153 p. — (Asiapac culture). — ISBN 9789812294104
  15. Jonathan Neaman Lipman. Familiar strangers : a history of Muslims in Northwest China. — Honk Kong: Hong Kong University Press, 1998. — P. 32-41. — 266 p. — ISBN 9622094686
  16. Tsai, 2002, էջ 38
  17. Rozario, 2005, էջ 36
  18. Levathes, 1996, էջեր 147—148
  19. Levathes, 1996, էջ 57—58
  20. Needham, 1971, էջ 487
  21. Levathes, 1996, էջ 64—65
  22. 22,0 22,1 Levathes, 1996, էջեր 72—73
  23. 23,0 23,1 Tsai, 1996, էջ 157
  24. Fujian, 2005, էջ 8
  25. Dreyer, 2007
  26. Усов В. Н. Чжэн Хэ // Духовная культура Китая : энциклопедия. — М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 2009. — Т. 4. — С. 790. — ISBN 978-5-02-036380-9.
  27. Сафронова А. Л. Ланка в XIV—XV вв // История Востока: В 6 т. — М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 2000. — Т. 2: Восток в средние века. — С. 489. — ISBN 5-02-017711-3.
  28. Levathes, 1996, էջ 139
  29. Dreyer, 2007, էջ 79
  30. The Cambridge History of China. — Cambridge: Cambridge University Press, 1998. — Vol. 7: The Ming Dynasty, 1368—1644, Part I. — P. 236. — 859 p. — ISBN 978-0-521-24332-2
  31. The Cambridge History of China. — Cambridge: Cambridge University Press, 1998. — Vol. 7: The Ming Dynasty, 1368—1644, Part I. — P. 302. — 859 p. — ISBN 978-0-521-24332-2
  32. Бокщанин А. А. Китай во второй половине XIV-XV вв // История Востока: В 6 т. — М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 2000. — Т. 2: Восток в средние века. — С. 544. — ISBN 5-02-017711-3.
  33. Вельгус А. В. Известия о странах и народах Африки и морские связи в бассейне Тихого и Индийского океанов (Китайские источники ранее XI в.). — М.: Наука. Главная редакция восточной литературы, 1978. — С. 25. — 302 с.
  34. 34,0 34,1 Бокщанин А. А. Волшебный свет на мачтах. Заморские экспедиции Чжэн Хэ // Лики Срединного царства. — М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 2002.
  35. 35,0 35,1 35,2 35,3 Levathes, 1996, էջ 172
  36. 36,0 36,1 Fujian, 2005, էջ 45
  37. Dreyer, 2007, էջ 166
  38. «Shipping news: Zheng He's sexcentenary». China Heritage Newsletter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  39. Nicholas D. Kristof (6 июня 1999). «1492: The Prequel» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  40. «Zheng He's Tomb Found in Nanjing» (անգլերեն). CRIENGLISH.com. 2010 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  41. «南京发现郑和下西洋副手之墓 (В Нанкине обнаружена могила заместителя Чжэн Хэ во время плаваний в Западный Океан)» (չինարեն). 2011 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  42. «南京祖堂山神秘大墓主人系郑和副手洪保 (Владелец загадочной могилы на нанкинском холме Цзутан - заместитель Чжэн Хэ, Хун Бао)» (չինարեն). 2011 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  43. 43,0 43,1 43,2 Levathes, 1996, էջ 64
  44. Dreyer, 2007, էջ 102
  45. Levathes, 1996, էջ 87
  46. Levathes, 1996, էջ 165
  47. Dreyer, 2007, էջ 29
  48. Levathes, 1996, էջ 190
  49. Учебный корабль ВМС Китая «Чжэн Хэ» встретили во Владивостоке : Министерство обороны Российской Федерации
  50. «List of the 100 people who made the Millennium». Life (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  51. Напр.: Richard Spencer, China's warring Sinbad reinvented as good neighbour, The Daily Telegraph, 11 Jul 2005

Գրականություն խմբագրել

Հիմնական գրականություն
  • Edward L. Dreyer. Zheng He: China and the Oceans in the Early Ming Dynasty, 1405–1433. — New York: Pearson Longman, 2007. — 256 p. — (Library of World Biography Series). — ISBN 0321084438
  • Louise Levathes. When China ruled the seas: the treasure fleet of the Dragon Throne, 1405-1433. — New York: Oxford University Press, 1996. — 252 p. — ISBN 0195112075
  • Paul Rozario. Zheng He and the Treasure Fleet 1405-1433: A Modern Day Traveller's Guide from Antiquity to the Present. — Singapore: SNP International, 2005. — 160 p. — ISBN 9812480900
  • Zheng He's voyages down the western seas. — Beijing: China Intercontinental Press, 2005. — 109 p. — ISBN 7508507088
Լրացուցիչ գրականություն
  • Бокщанин А. А. Китай и страны южных морей в XIV—XVI вв. — М.: Наука. Главная редакция восточной литературы, 1968. — 212 с.
  • Свет Я. М. За кормой сто тысяч ли. — М.: Географгиз, 1960. — 192 с. — 50 000 экз. (обл.)
  • Chan, Hok-Lam. Chapter 4: The Chien-wen, Yung-lo, Hung-hsi, and Hsüan-te reigns // The Cambridge history of China: The Ming dynasty, 1368-1644, Part 1. — Cambridge: Cambridge University Press, 1988. — Vol. 7. — P. 182—204. — 976 p. — ISBN 0521243327
  • Chunjiang Fu; Choo Yen Foo; Yaw Hoong Siew. The great explorer Cheng Ho : ambassador of peace. — Singapore: Asiapac, 2005. — 153 p. — (Asiapac culture). — ISBN 9812294104
  • Langlois, John D., Jr. Chapter 3: The Hung-wu reign // The Cambridge history of China: The Ming dynasty, 1368–1644, Part 1. — Cambridge: Cambridge University Press, 1988. — Vol. 7. — P. 107—181. — 976 p. — ISBN 0521243327
  • Needham J. 29. Nautical technology. // Science and civilisation in China: Physics and physical technology. — Cambridge: Cambridge University Press, 1971. — Vol. 4. — P. 477—484. — 990 p. — ISBN 0521070600
  • Shih-Shan Henry Tsai. Perpetual Happiness: The Ming Emperor Yongle. — Seattle, Wash.: University of Washington Press ; Chesham : Combined Academic, 2002. — 286 p. — ISBN 0295981245
  • Shih-shan Henry Tsai. Eunuchs in the Ming Dynasty. — New York: State University of New York Press, 1996. — 290 p. — (SUNY series in Chinese local studies). — ISBN 0791426874
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժենգ Հե» հոդվածին։