Շնաձկան հարձակում, դեպք, երբ շնաձուկը որևէ պատճառով հարձակվում է մարդու վրա։ Այն աշխարհում տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ, սակայն պարտադիր չէ մահվան ելքով։ Չնայած համեմատաբար սակավաթիվ հարձակումներին, վախը նրանց նկատմամբ հսկայական է, առանձին դեպքերի բազմաթիվ նկարագրությունների (ինչպիսին է Նյու Ջերսիի ափին շնաձկների հարձակումը, որի պատճառով մահացավ 4 մարդ, իսկ 1-ը դարձավ անդամալույծ), ինչպես նաև գրական ստեղծագործությունների և սարսափ ֆիլմերի շնորհիվ, ինչպիսին «Ծնոտներ» ֆիլմաշարի կինոնկարներն են։ Բազմաթիվ մասնագետներ կարծում են, թե շնաձկները ներկայացրած վտանգը շատ չափազանցված է, և նույնիսկ «Ծնոտները» գրքի ստեղծող Փիթեր Բենչլին իր կյանքի վերջին տարիներին փորձում էր ցրել հսկայական մարդակեր շնաձկների մասին առասպելները։

Weekly World News ամսագրի 1993 թվականի սեպտեմբերի 7-ի համարի շապիկի լուսանկարը[1]

Վիճակագրություն

խմբագրել
1958–2014 թթ․ շնաձկների գրանցված հարձակումներ
Տարածք Ընդհանուր
հարձակումներ
Մահացու
հարձակումներ
Վերջին
մահեր
Միացյալ Նահանգներ
(առանց Հավայիի)
1104 35 2012
Ավստրալիա 536 72 2016
Աֆրիկա 346 94 2015
Ասիա 129 48 2000
Հավայի 137 10 2015
Խաղաղ կղզիներ / Օվկիանիա
(առանց Հավայիի)
126 49 2016
Հարավային Ամերիկա 117 26 2015
Անտիլյան և Բահամյան կղզիներ 70 16 2013
Միջին Ամերիկա 56 27 2011
Եվրոպա 52 27 1989
Նոր Զելանդիա 49 9 2013
Ռեյունյոն 38 18 2015[2]
Չնշված / Բաց օվկիանոս 21 7 1995
Բերմուդյան կղզիներ 3 0
Ընդհանուր 2,899 548 2016
Աղբյուրներ՝ Australian Shark Attack File for unprovoked attacks in Australia
International Shark Attack File for unprovoked attacks in all other regions
Last Updated: 19 February 2015

Ֆլորիդայի համալսարանի բնագիտության թանգարանը մատնանշում է, որ շնաձկների` մահվան ելքով հարձակումների ցուցանիշներն այդքան էլ մեծ չեն, համեմատած մահացության դեպքերի այլ ցուցանիշների, որոնք սովորաբար համարվում են ավելի քիչ վտանգավոր։ Օրինակ, ԱՄՆ-ի ծովափնյա նահանգներում կայծակի հարվածներից տարեկան մահանում է մոտավորապես 38 մարդ[3]։

Հաշվարկված է, որ շնաձկան հարձակմանը ենթարկվելու հավանականությունը (նրանց համար, ովքեր ծովափ են գնում) կազմում է 11,5 միլիոնից 1-ը, իսկ նման հարձակումից մահանալը՝ 264,1 միլիոնից 1-ը[4]։ ԱՄՆ-ում տարեկան միջինում խեղդվում է 3306 մարդ, իսկ շնաձկների հարձակման զոհ է դառնում 1 մարդ[5]։ Համեմատելու համար, մարդիկ տարեկան սպանում են 100 միլիոն շնաձուկ[6]։

Շնաձկների հարձակումների ուսումնասիրության նպատակներ

խմբագրել

Հարձակումների ուսումնասիրությունների նպատակներից մեկն է՝ մեծացնել շնաձկների աշխարհի և նրանց պահվածքի մասին պատկերացումները։ Շնաձկների՝ մարդկանց վրա հարձակվելու պատճառներն և հանգամանքները հասկանալը թույլ է տալիս հնարավորինս կրճատել այդ դժբախտ պատահարների թիվը։ Շնաձկների մասնակցությամբ որքան շատ դեպքեր ուսումնասիրվեն, այնքան ավելի լավ կուսումնասիրվեն նրանց բնավորությունն ու բնորոշ գործողությունները։ Մարդկանց համար վտանգ են ներկայացնում նրանց ցեղատեսակների մի փոքր տոկոսը։ Սակայն մինչ օրս ամեն տարի մարդը որսում է մինչև 100 միլիոն շնաձուկ։ Ոչնչացվում է օվկիանոսի ամենաթանկարժեք գիշատիչը, որը վճռական դեր է կատարում Համաշխարհային օվկիանոսի առողջ գոյության պահպանման գործում։ Սպիտակ շնաձկների քանակի պակասելը, որոնք կարգավորում են փոկերի և ծովառյուծների թիվը, կապվում է Կալիֆորնիայի և Օրեգոնի ափամերձ շրջաններում սաղմոնի պոպուլյացիայի խիստ կրճատման հետ[7]։ Շնաձկների հարձակումների առանձին դեպքերի ուռճացրած նկարագրությունները, ինչպես նաև մարդկային հիմնական վախերի խաղը՝ ստեղծված ռեժիսորների ու գրողների կողմից, լայնամասշտաբ հանդիսատեսին ներշնչել են անհիմն սարսափ։ Դրա համար պարտադիր են անկողմնակալ ուսումնասիրությունները, որոնք կարող են ողջամտորեն բացահայտել իրական դեպքն ու գնահատել շնաձկների հարձակումները[8]։

Ամենավտանգավոր տեսակներ

խմբագրել

Ի տարբերություն տարածված կարծիքի` շնաձկների միայն մի քանի ցեղատեսակներն են մարդու համար վտանգ ներկայացնում։ Ավելի քան 400 տեսակներից միայն 4-ի շրջանում են գրանցվել հարձակումներ մարդկանց վրա մահվան ելքով. դրանք են սպիտակ, վագրային, ցուլ[9] և երկարաթև շնաձկները[10]։ Այնուամենայնիվ, չնայած նրան, որ այս հզոր գիշատիչներն ի զորու են հարձակվել մարդկանց վրա, գոյություն ունեն լուսա- և տեսաձայնագրություններ, որոնք արվել են բաց ջրում անպաշտպան դայվերների կողմից։ Օրինակ` Ժակ Պերենի ֆրանսիական «Օվկիանոսներ»[11] ֆիլմում առկա են կադրեր, որտեղ մարդն ազատ լողում է շնաձկների կողքին։

 
Սպիտակ շնաձուկ

ԶԼՄ-ների և ֆիլմերի պատճառով այսօր ամենավտանգավոր և ագրեսիվ տեսակն է համարվում սպիտակ շնաձուկը (Carcharodon carcharias)։ Միլիոնավոր տարիների ընթացքում այս տեսակը ձեռք է բերել մի շարք առանձնահատկություններ` նրան դարձնելով ծովային կատարյալ որսորդ։ Լորենցինի ամպուլաները, որոնց գտնվում են մռութի մոտ, կարողանում են ղեկավարել մինչև 0,005 միլիվոլտ հզորությամբ էլեկտրական իմպուլսներ, իսկ անհավանականորեն սուր հոտառությունը թույլ է տալիս 5 կիլոմետր հեռավորության վրա զգալ արյան ամենափոքր կոնցենտրացիաները։ Զոհին հետևելու և հետապնդելու համար շնաձկան մոտ առկա է բնության կողմից տրված հրաշալի քողարկում՝ ներքևից բաց, իսկ վերևից մուգ երանգավորում, ինչը թույլ է տալիս ջրի մակերևույթին մինչև վերջին րոպեն անտեսանելի մնալ։ Ուժը, արագությունն ու մի քանի շարքերից բաղկացած սուր ատամները որսին ոչ մի ելք չեն թողնում։ Ըստ գիտնականների հետազոտությունների՝ սովորաբար սպիտակ շնաձուկը հարձակվում է ներքևից՝ հասցնելով ուժեղ հարված և ուժեղ առաջին խայթոցը, իսկ հետո կողք է լողում, որպեսզի խուսափի պաշտպանվող զոհի հնարավոր հարվածներից և թույլ տալիս նրան թուլանալ՝ արնաքամ լինելով։ Սովորաբար հենց առաջին հարձակումից սպիտակ շնաձուկը մահացու վերքեր է հասցնում[7]։

 
Վագրային շնաձուկ

Վագրային շնաձուկը (Galeocerdo cuvier ) մարդկանց վրա հարձակումների վիճակագրական սանդղակում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Նրան հաճախ կարելի է հանդիպել գետաբերաններին, ծովախորշերում և ափին մոտ կղզաշղթաների ծանծաղուտներում։ Հաշվի առնելով այդ տեսակի բնակվելու վայրերը և դրանցում ամեն օր հայտնվող դայվերների, լողորդների ու սերֆերների քանակը՝ հարձակումների հնարավորությունը (որը տարեկան տեղի է ունենում 3-4 անգամ) կարելի է անվանել շատ քիչ հավանական։ Սակայն դա չի խանգարում վագրային շնաձկներին համարել ամենավտանգավոր տեսակներից։ Չնայած նրա սովորական դանդաղաշարժությանը, վագրային շնաձուկը համարվում է ամենաուժեղ լողորդներից մեկը և առավելագույնս մոտենալով զոհին, հարձակման ժամանակ միանգամից արագություն է հավաքում այնպես, որ վերջինիս մոտ գրեթե փրկվելու ելք չի մնում։ Մինչ անհայտ օբյեկտի վրա հարձակում գործելը շնաձուկը նախևառաջ պտտվում է դրա շուրջը կամ հետախուզելու համար մռութով հրում։ Այնուամենայնիվ այդ տեսակին ավելի շատ բնորոշ է սնվելու ավելի ագրեսիվ եղանակ՝ առանց երկմտելու. հարձակման ժամանակ վագրային շնաձուկը փորձում է միանգամից խժռել իր որսը։ Հենց դրա պատճառով էլ երբեմն նրանց ստամոքսներում հայտնաբերվում են ոչ ուտելի առարկաներ, ինչի պատճառով նրան երբեմն անվանում են «օվկիանոսի հավաքարար»։

 
Ցուլ շնաձուկ

Ցուլ շնաձկան (Carcharhinus leucas) հարձակումների դեպքերը համեմատաբար քիչ են տեղի ունենում, քան ըստ պաշտոնական ցուցանիշների։ Գլխավոր պատճառն այն է, որ դրանք հիմնականում տեղի են ունենում երրորդ աշխարհի երկրների ափերում, Աֆրիկայի արևելքում և հարավում, Հնդկաստանում և այլ վայրերում, որտեղ շնաձկների հարձակումներն ուղղակի չեն գրանցվում։ Մեծ չափսերը, արգեսիվությունն ու մարդկանցով խիտ ափերում, քաղցրահամ ջրերում և փոքր խորություններում բնակվելը՝ այս ամենը մարդու համար ներկայացնում է էլ ավելի մեծ վտանգ, քան սպիտակ կամ վագրային շնաձկնեից։ Բացի այդ, ցուլ շնաձկանը տարբերակել այդքան էլ հեշտ չէ, ինչպես սպիտակին և վագրայինին, այդ պատճառով նրանց կողմից կատարված հարձակումների որոշ մասը կարող են գրանցվել որպես «հարձակումներ անհայտ շնաձկան կողմից»։ Այս տեսակի վտանգավորությունը մարդկանց նկատմամբ սկսվեց լուրջ ուսումնասիրվել 1916 թվականին Նյու Ջերսիում 5 հարձակումներից հետո[12]։

 
Երկարաթև շնաձուկ

Ի տարբերություն վերոնշյալ երեք տեսակների` մոխրագույն երկարաթև շնաձկան (Carcharhinus longimanus) հարձակումների մեծ մասը չեն գրանցվել[10]։ Ըստ ժամանակակից վիճակագրության` երկարաթև շնաձկները հազվադեպ են կատարում անսպասելի հարձակումներ։ Սակայն դրա հետ մեկտեղ հայտնի է այս տեսակի հարձակումների մի ամբողջ շարք, հատկապես Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակաշրջանում։ Օվկիանոսային երկարաթև շնաձուկը հիմնականում բնակվում է բաց ծովում և հազվադեպ է հայտնվում ափերում՝ այնտեղ, որտեղ գրանցվում են մարդկանց վրա հարձակումների մեծամասնությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բազմաթիվ ռազմանավեր, նավեր և ինքնաթիռներ աղետի են ենթարկվել բաց ծովում, իսկ երկարաթև շնաձուկը մշտապես առաջինն էր հայտնվում աղետի գոտում։ Երկարաթև շնաձկների հարձակումների ողբերգական դեպքեր են գրանցվել 1942 թվականի նոյեմբերի 28-ին Հարավային Աֆրիկայի շրջաններում գերմանական U-177 սուզանավի կողմից «Nova Scotia» մարդատար շոգենավի խորտակման ժամանակ։ 1000 ուղևորներից ողջ մնացին միայն 192-ը, ի դեպ մահվան դեպքերի մեծ մասը կատարվել էին երկարաթև շնաձկների կողմից։ Մեկ այլ օրինակ է 1945 թվականի հուլիսի 30-ին ամերիկյան «Ինդիանապոլիս» կրեյսերին պարտության մատնելը, որից հետո երկարաթև շնաձկների զոհ է դարձել առնվազն 60-50 մարդ։ Ըստ մի քանի փրկվածների` ողբերգության վայրում ներկա էին նաև վագրային շնաձկներ։

Հայտնի են նաև այլ շնաձկների տեսակների կողմից պատահական հարձակումներ, սակայն դրանք հազվադեպ են ավարտվել մարդու մահով։ Դրանք են՝ մակո, կացնագլուխ, գալապագոսյան, խութային մոխրագույն, կիտրոնային, մետաքսյա և երկնագույն շնաձկները։ Այս շնաձկները մեծ և ուժեղ գիշատիչներ են, որոնց հարձակման պատճառներ կարող են հանդիսանալ ուղղակի ոչ ճիշտ վայրում և ոչ ճիշտ ժամանակին հայտնվելը։ Այնուամենայնիվ, նրանք լողորդների և դայվերների համար համարվում են ավելի քիչ վտանգավոր։ Կան ևս մի քանի տեսակներ, որոնք տարին մի քանի անգամ հարձակվում են մարդկանց վրա` վնասվածքներ հասցնելով, որոնք վտանգավոր են կյանքի համար։ Սակայն այս դեպքերը տեղի են ունենում կա՛մ դիտովորյալ պրովոկացիայի, կա՛մ էլ ջրի վատ վիճակում շնաձկանը սխալ տարբերակելու պատճառով։

Դասակարգում

խմբագրել

Գիտնականներն առանձնացրել են շնաձկների հարձակումների հետևյալ տեսակները[13]՝

  1. Դիտավորյալ հարձակում, երբ մարդն առաջինն է շփման մեջ մտնում շնաձկան հետ։ Հիմնական զոհեր են դառնում հետաքրքրասեր դայվերները, ովքեր չեն պահպանում պաշպտանողական տարրական կանոնները[14]։
  2. Պատահական հարձակում․
  • Կտրուկ միանգամյա խայթում։ Որպես կանոն տեղի է ունենում ծողափների շրջաններում, որտեղ շնաձկները ձկներ են որսում։ Պղտոր ջրում ծովի մակերևույթի մանր ալիքների կամ ուժեղ հոսանքների դեպքում ծնաձուկը շարժվող մարդուն կարող է շփոթել իր սովորական սննդի՝ ձկան կամ փոկի հետ։ Շնաձուկը բռնում է, միանգամից թողնում ծնոտները և հեռանում։ Ծնկների կամ ոտքի այլ մասերի վրա մնում են վնասվածքներ, սակայն դրանք մեծ նշանակություն չունեն և շատ հազվադեպ են հանգեցնում մահի։ Այս դեպքում հիմնական զոհ են դառնում սերֆերները՝ նրանց ոտքերը և ձեռքերը մշտապես կախված են տախտակից։
  • Հանկարծակի հարձակումները սովորաբար տեղի են ունենում ստորջրջյա տարածքներում։ Այս դեպքերում շնաձուկը իր առջև տեսնում է որսին, աննկատ հետևելով մոտենում է ու հայտնվում լողորդի առաջ։ Դրա արդյունքները կարող են հանդիսանալ լուրջ անդամալուծությունը կամ մահը, հատկապես, երբ շնաձուկը շարունակում է հարձակվել։
  • Հարված-խայթում։ Այս հարձակման դեպքում շնաձուկը պտտվում է զոհի կողքերը, ամեն կծելուց առաջ զոհին գլխով կամ մարմնով հարվածներ հասցնելով։ Ինչպես հանկարծակի հարձակումներում, շնաձուկը կարող է հարձակում գործել մի քանի անգամ։ Այսպիսի հարձակման հետևանք կարող են լինել կրկին լուրջ անդամալուծություններն ու մահը։

Հարձակումների պատճառներ ու տակտիկա

խմբագրել

Հարձակումների պատճառներ

խմբագրել
 
Ջ․ Ս․ Կոպլի՝ «Բրուք Ուոթսոնը և շնաձուկը» (1778 թվական)

Ինչպես բնածին որսորդների մեծ մասը, շնաձկները նույնպես հետաքրքրասիրություն են զգում, երբ իրենց տարածքում հանդիպում են ինչ-որ անսովոր բանի։ Զրկված լինելով զգայուն մատներով վերջույթներից՝ նրանք կիրառում են օբյեկտն ուսումնասիրելու միակ հասանելի տարբերակը՝ կծելը։ Այդ խայթոցները հայտնի են որպես ուսումնասիրողական[8]։ Որպես կանոն, այդպիսի հարձակումից հետո շնաձուկը փախչում է հենց առաջին խայթոցից[15]։ Օրինակ, սերֆերների վրա կատարած հարձակումները[16] ընդունված է համարել ուսումնասիրողական խայթոցներ, քանի որ շնաձուկը հիրավի կարող է շփոթել տախտակի վրա կախված ձեռքերն ու ոտքերը, որոնք տակից նման են նրա սովորական որսին՝ փոկերին, ծովառյուծներին կամ կրիաներին[17]։ ԵՎ ամեն դեպքում այդպիսի «ուսումնասիրությունները» կարող են ծանր հետևանքներ թողնել մարդու վրա, հատկապես, երբ հարձակվում են այնպիսի հզոր գիշատիչներ, ինչպիսին սպիտակ կամ վագրային շնաձկներն են[18]։ Չնայած որոշ եզակի բացառությունների[19][20][21], կա կարծիք, որ շնաձկները մարդկանց վրա չեն հարձակվում նրանց՝ որպես սնունդ ընդունելու համար։ Մարդիկ չեն համարվում բարձր յուղայնության աղբյուր, որը խիստ անհրաժեշտ է շնաձկանը և չի կարող բավարարել նրանց ահռելու քանակությամբ էներգիա տալու համար, որով նրանք կարող են կառավարել իրենց մեծ ու հզոր մարմինները[17]։ Նրանք ավելի շատ կնախընտրեն յուղոտ փոկերին ու ծովառյուծներին համեմատաբար ոսկորոտ մարդու փոխարեն։ Սակայն իրենց թույլ տեսողության (որոշ տեսակների մոտ) և պղտոր ջրի պատճառով շնաձուկը ջրի մակերևույթին լողացող մարդկանց տեսնում է որպես (հատկապես սերֆինգի տախտակների վրա) հենց որպես այդ կենդանիներ։ Այդպիսի որսը, եթե ոչ միանգամից, ապա ոչ շարունակաբար ջրի տակ քարշ տալուց հետո հետ է լողում[22]։

Հարձակումների տակտիկա

խմբագրել

Սովորաբար շնաձկները կատարում են մեկ ուղղորդված հարձակում, իսկ հետո սպասում են՝ թույլ տալով զոհին մահանալ կամ ուժասպառ լինել՝ մինչ ճաշկերույթին անցնելը։ Դրանով շնաձուկը ապահովագրվում է վիրավոր և ակտիվ զոհի կողմից հնարավոր հարձակումներից, սակայն միևնույն ժամանակ մարդիկ այդ ընթացքում կարողանում են դուրս գալ ջրից ու ողջ մնալ[7]։ Շնաձկների էլեկտրականության զգացողության օրգանը, որը կոչվում է Լորենցինի ամպուլաներ, ունակ է զգալ մկանների կծկման ժամանակ արձակած էլեկտրական իմպուլսները[23]։ Ըստ տարբերակներից մեկի՝ շնաձկան էլեկտրական ռեցեպտորները զգում են նաև ինչ-որ մեկի ձկնորսության կամ ստորջրյա ձկնորսության ժամանակ վիրավորված ձկան շարժումների արձական էկելտրաիմպուլսները, ինչը նույնպես կարող է մարդկանց վրա հարձակումներ գործելու պատճառ հանդիսանալ[24]։ Բացի այդ, լողացող մարդու էկելտրաիմպուլսները շնաձկան մոտ նույնպես կարող են ընկալվել որպես վիրավոր կենդանու, այսինքն հեշտ որսի շարժումներ։ Մեծ շնաձկների յուրաքանչյուր տեսակ իրենից ներկայացնում է հնարավոր վտանգ։ Ինչպես ասել է Ժակ Իվ Կուստոն․ «Հարյուրամյակների անդունդներից մեր ժամանակներ է հասել արյունարբու, անհաղթ շնաձուկը՝ առանց էվոլյուցիայի կարիք ունենալու, հասել է ամենահին մարդասպանը, որը դեռ ամենասկզբից զինված է գոյության կռվի համար»[25]։ Շնաձկները մեծագույն վտանգ են ներկայացնում ջրի մակերևույթի մոտ լողացող լողորդների համար, իսկ գործող մեթոդ, որով հնարավոր է վախեցնել շնաձկանը, դեռևս չկա։ Շնաձուկը զգում է զոհի վախը և վերջինիս պրովոկացիոն գործողություններից հետո էլ ավելի վտանգավոր է դառնում։ Սակայն նրանց հարձակումները միանգամից չեն սկսում․ շնաձուկը սկզբում ուսումնասիրում է մարդուն՝ լողալով նրա շուրջը, իսկ հետո կարող է անհայտանալ և արդեն անսպասելիորեն հարձակվել[26]։

Հարձակումների նախազգուշացում

խմբագրել

Շնաձկների վարքը կանխագուշակել հնարավոր չէ։ Նրանք կարող են երկար ժամանակ լողալ միասին, այնուհետև անսպասելիորեն հարձակվել լողորդի վրա։ Այդ հարձակումը կարող է լինել ինչպես սովորական ուսումնասիրողական խայթոցներ, այնպես էլ ակնհայտ հարձակում։ Չկա որևէ մեթոդ, ըստ որի հնարավոր է լիովին բացառել շնաձկան հարձակումը մարդու հետ միասին լողալիս, սակայն կան ռիսկերը փոքրացնելու անվտանգության մի քանի կանոններ․

  • Խուսափել ջուրը մտնելուց արևածագին, մթնշաղին կամ գիշերը, որովհետև դրանք շնաձկների սնման ժամերն են։
  • Խուսափել այն մասերից, որտեղ գտնվում են շնաձկներ՝ մուգ ջուր և գետնի կտրուկ անկյուն։
  • Խուսափել արյունահոսությունից։
  • Կատարել փրկարարների հրահանգները։
  • Եվ ամենակարևորը՝ ուղղորդվել առողջ բանականությամբ։ Պարտադիր հիշել, որ բոլոր շնաձկները (նույնիսկ «անվնաս» համարվողները) վայրի կենդանիներ են, և ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչպես կվարվեն այդ կենդանիները։ Այդ պատճառով մշտապես պետք է մեծ զգուշություն ցուցաբերել՝ կապված նրանց վարքի հետ։

Պաշտպանություն հարձակման դեպքում

խմբագրել

Շնաձկների թույլ տեղերն են համարվում քիթն ու աչքերը։ Գոյություն ունի կարծիք, ըստ որի, եթե շնաձուկը խայթել է մարդուն և բաց չի թողնում մարդուն, ապա պետք է հարվածել նրա քթին ու աչքերին, որպեսզի վերջինս թողնի։ Այդ հնարքը վառ ցուցադրված է «Խորը կապույտ ծով» ֆիլմի վերջաբանում։

Դելֆինների պաշտպանություն

խմբագրել

Գոյություն ունեն գրանցված ոչ քիչ դեպքեր, երբ դելֆինները փրկել են մարդկանց շնաձկների հարձակումներից։ Այդպիսի դեպք է տեղի ունեցել 2007 թվականի Հյուսիսային Կալիֆորնիայում[27], ինչպես նաև 2004 թվականին Նոր Զելանդիայի ափամերձ շրջաններում[28]։ Որպես կանոն, դելֆինները շրջապատում են վիրավոր մարդուն։ Այնուամենայնիվ, չնայած ըստ երկար տարիներ տևած ուսումնասիրությունների, հաստատված է, որ նման վարք դելֆինների մոտ գոյություն չունի։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Weekly World News — Google Книги
  2. http://www.lemonde.fr/planete/article/2015/04/12/un-adolescent-tue-par-un-requin-a-la-reunion_4614491_3244.html
  3. Florida Museum of Natural History Ichthyology Department (անգլ.)
  4. Сравнение смертности от акул с с количеством всех случаев смертности на пляжах США на 2000 год (անգլ.)
  5. Соотношение смертельных случаев от нападений акул и по остальным причинам (անգլ.)
  6. Статья о масштабах вылова и угрозе уничтожения акул (անգլ.)
  7. 7,0 7,1 7,2 [«extremescience.com (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին. extremescience.com (անգլ.)]
  8. 8,0 8,1 Цели изучения нападений акул на sharkattackfile.net (անգլ.)
  9. Статистика нападений по данным ISAF
  10. 10,0 10,1 Самые опасные виды акул (անգլ.)
  11. Oceans // Disneynature (անգլ.)
  12. Тупорылая акула Արխիվացված 2016-02-05 Wayback Machine (անգլ.)
  13. Вопросы про акул (անգլ.)
  14. «В Египте акула убила человека впервые за 5 лет — GZT.RU». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 12-ին.
  15. «К чему готовиться дайверам, желающим понырять в компании белых акул (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  16. «Акула напала на австралийского серфера». Lenta.ru. 1 марта 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  17. 17,0 17,1 Как и почему нападает акула (անգլ.)
  18. Последствия нападения акулы (անգլ.)
  19. Акула разорвала подростка пополам (անգլ.)
  20. Акулу видели с телом человека в пасти (անգլ.)
  21. Человек погиб в результате неожиданного нападения акулы (անգլ.)
  22. Изучение нападений акул и способов их предотвращения (անգլ.)
  23. Ампулы Лоренцини (անգլ.)
  24. Органы чувств акулы (անգլ.)
  25. «zooclub.ru». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  26. Журнал Вокруг Света − Акулий характер
  27. [«Дельфины спасли сёрфера от акулы (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին. Дельфины спасли сёрфера от акулы (անգլ.)]
  28. Дельфины предотвратили нападение акулы у Новой Зеландии (անգլ.)]
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնաձկների հարձակումներ» հոդվածին։