Մեսխեթցի թուրքերի աքսոր

Մեսխեթցի թուքերի տեղահանություն, խորհրդային կառավարության կողմից Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Մեսխեթ շրջանից մեսխեթցի թուրքերի բռնի տեղահանումն էր Միջին Ասիա 1944 թվականի նոյեմբերի 14-ին։ Արտաքսման ժամանակ 92,307-94,955 մեսխեթցի թուրքեր բռնի տեղահանվել են 212 գյուղերից։ Նրանք անասունների վագոններով հիմնականում ուղարկվել են Ուզբեկստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Աքսորի ընթացքում արտաքսվել են նաև այլ էթնիկ խմբեր ևս, այդ թվում՝ քրդեր և համշենահայեր (հայ մուսուլմաններ), ինչի արդյունքում տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է մոտ 115 000 մարդ։ Նրանք տեղափոխվել են հատուկ բնակավայրեր, որտեղ կատարել են հարկադիր աշխատանքներ։ Տեղահանությունը և աքսորի դաժան պայմանները 12,589-14,895 մարդու մահվան պատճառ են հանդիսացել։

Մեսխեթցի թուրքերի աքսոր
Մեսխեթցի թուրքերի բնակեցրած տարածքները Վրացական ԽՍՀ-ում, 1926 թվական
Թվական1944 թվականի նոյեմբերի 14-15
ՎայրՄեսխեթ, Վրացական ԽՍՀ
ՀետևանքԹուրք-վրացական սահմանի երկայնքով մեսխեթցի թուրքերի տեղահանում
Մահ(եր)Ըստ տարբեր հաշվարկների՝
1) 12,589
2) 14,895
3) 30,000
4) 50,000
Մեղադրանքմաքսանենգություն, թուրքերի հետ գործակցում

Արտաքսումն իրականացվել է ՆԳՎ պետ Լավրենտի Բերիայի կողմից՝ ԽՍՀՄ վարչապետ Իոսիֆ Ստալինի հրամանով․ գործողության իրականացման համար ներգրավվել են ՆԳՎ 4000 աշխատակիցներ։ Գործողության անցկացման համար հատկացվել է 34 մլն ռուբլի։ Դա բնակչության հարկադիր վերաբնակեցման խորհրդային ծրագրի մի մասն էր, որը 1930-ական և 1950-ական թվականների միջև ընկած ժամանակաշրջանում խորհրդային էթնիկ խմբերի մի քանի միլիոն ներկայացուցիչների վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Շուրջ 32 000 մարդ՝ հիմնականում հայեր, վերաբնակեցվել են խորհրդային կառավարության կողմից Մեսխեթի մաքրված շրջաններում։

Ստալինի մահից հետո նոր խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովը 1956 թվականին հանդես է եկել գաղտնի ելույթով, որում դատապարտել և չեղարկել է տարբեր էթնիկ խմբերի ստալինյան արտաքսումները, որոնցից շատերին թույլատրվել են վերադառնալ իրենց նախկին տարածքներ։ Սակայն, չնայած նրան, որ նրանք ազատ են արձակվել հատուկ կացարաններից, մեսխեթցի թուրքերը, Ղրիմի թաթարներիը և Պովոլժիեի գերմանացիները մնացել են աքսորի մեջ։ Մինչև մեսխեթցի թուրքեր՝ Ուզբեկստանում 1989 թվականի անկարգությունների թիրախ դառնալը նրանց արտաքսման գաղտնիության և Խորհրդային Միության վարած քաղաքականության պատճառով մեսխեթցի թուրքերի արտաքսումը համեմատաբար անհայտ է եղել, և շատ փոքր գիտական հետազոտություններ են գրվել դա մասին։ 1991 թվականին նորանկախ Վրաստանը հրաժարվել է մեսխեթցի թուրքերին իրավունք տալ վերադառնալ Մեսխեթի տարածաշրջան։ Մեսխեթցի թուրքերի թիվը 2006 թվականին հաշվվել է 260 000-ից 335 000 մարդ։ Այսօր նրանք ցրված են նախկին Խորհրդային Միության յոթ երկրներում, որտեղ նրանցից շատերը քաղաքացիություն չունեն։

Նախապատմություն

խմբագրել

Մեսխեթցի թուրքերը, որոնք հայտնի են նաև որպես թուրք ահիսկա, սկզբնապես ապրում էին Մեսխեթի շրջանում՝ ժամանակակից Վրաստանի հարավում։ Պատմաբանների շրջանում Նրանց ծագման վերաբերյալ միասնական կարծիք չկա։ Նրանք կամ էթնիկ թուրքեր են, կամ թրքացված վրացիներ, որոնք տարածաշրջանում օսմանյան տիրապետության ժամանակ իսլամ են ընդունել[1]։

 
Վրաստանի հարավում գտնվող Զեդա-Տմոգվի բնակավայրի ավերակները:

Օսմանյան բանակը 1578 թվականի թուրքական ռազմական արշավախմբի ժամանակ գրավել է Մեսխեթի շրջանը, որն այն ժամանակ մտնում էր Սամցխե իշխանության կազմի մեջ։ Թուրք պատմաբանները կարծում են, որ թյուրքական ցեղերն այս տարածաշրջանում հաստատվել են դեռևս 11-12-րդ դարերում, երբ վրաց Դավիթ IV թագավորը թուրք-կիպչակներին հրավիրել է պաշտպանել իրենց սահմանային շրջանները թյուրք-սելջուկներից[2]։ Այդ շրջանը Ռուսական կայսրության կազմի մեջ է մտել 1829 թվականի ռուս-թուրքական պատերազմից հետո[1]։

1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին և Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի սկզբին, Վրաստանը հռչակել է անկախություն, մինչդեռ Մեսխեթում բնակվող որոշ մուսուլմանական համայնքներ հռչակել են կիսաինքնավար կոնֆեդերացիայի ստեղծման մասին և պատրաստվում էին միավորվել փլուզվող Օսմանյան կայսրության հետ։ Օսմանյան զորքերը շարժվել են այդ շրջան, ինչի պատճառով տարածաշրջանի քրիստոնյա և մուսուլման բնակչության միջև բազմաթիվ բախումներ են բռնկվել։ 1921 թվականին խորհրդային զորքերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Վրաստանը և ստորագրել Կարսի պայմանագիրը, որի արդյունքում Մեսխեթը բաժանվել է Թուրքիայի և նորաստեղծ Խորհրդային Վրաստանի միջև[3]։ 1920-ական թվականներին Իոսիֆ Ստալինը դարձել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության նոր գլխավոր քարտուղար։ Ամերիկացի գիտնական և պատմաբան Բեն Քիրնանը ստալինյան դարաշրջանը բնութագրել է որպես «անկասկած ամենաարյունալին խորհրդային կամ նույնիսկ ռուսական պատմության մեջ»[4]։

1928-1937 թվականներին խորհրդային իշխանությունները ճնշումներ են գործադրել մեսխեթցի թուրքերի վրա, որպեսզի նրանք ընդունեն վրացական անուններ[5]։ 1926 թվականի խորհրդային մարդահամարի արդյունքում Վրաստանում ապրում էին 137 921 թուրքեր, սակայն այդ թիվը ներառում էր նաև ադրբեջանցիներին։ 1939 թվականի խորհրդային մարդահամարում մեսխեթցի թուրքերի մեծամասնությունը դասակարգվել է որպես ադրբեջանցիներ[6]։

 
Մեսխեթի տեղադրությունը ժամանակակից Վրաստանում

1944 թվականի հուլիսի 31-ին ԽՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեի թիվ 6277 որոշման մեջ ասվում էր․ «... Վրաստանի պետական սահմանը և ԽՍՀՄ պետական սահմանը պաշտպանելու համար մենք պատրաստվում ենք վերաբնակեցնել սահմանամերձ գոտու թուրքերին, քրդերին և համշենահայերին»[7]։ 1944 թվականի սեպտեմբերի 23-ին Ղազախական ԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարը հայտնել էր, որ պատրաստ է ընդունել նոր տեղահանվածների՝ թուրքերի, քրդերի, համշենահայերի, որոնցից 5350 ընտանիքների կոլխոզներում և 750 ընտանիքների՝ սովխոզներում։ Ուզբեկական ԽՍՀ-ն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել 50 հազար մարդու (նախատեսված 30 հազարի փոխարեն)։ Տեղահանվածների տեղափոխման համար պատրաստվել է 239 վագոն, մոբիլիզացվել են մարդիկ[8]։

Մեսխեթցի թուրքերը Կովկասի վեց էթնիկ խմբերից մեկն էին, որոնք խորհրդային գաղտնի ոստիկանության կողմից արտաքսվել էին 1943 և 1944 թվականների ընթացքում․ մնացած հինգ խմբերից էին չեչենները, ինգուշները, բալկարցիները, կարաչայները և կալմիկները[9]։ Մեսխեթցի թուրքերի տեղահանությունը համեմատաբար վատ է փաստագրված[10]։ Պատմաբանների կողմից դեպի Միջին Ասիա աքսորի թվական է նշվում 1944 թվականի թե՛ նոյեմբերի 14-ը[11], թե՛ նոյեմբերի 15-ը[9]։ Աքսորի աշխատանքներն ավարտվել են նոյեմբերի 26-ին։ Գործողության սկզբում խորհրդային զինվորներն արդեն առավոտյան ժամը 4-ին եկել են մեսխեթցի թուրքերի տուն և չեն ասել, թե ուր են տանում նրանց[12]։ Նրանց միայն տրվել է ծանուցում, որտեղ ասվում էր․ «Դուք ենթակա եք արտաքսման։ Պատրաստե՛ք։ Վերցրե՛ք սնունդ երեք օրվա համար։ Ունեք երկու ժամ նախապատրաստվելու համար»։ Մեսխեթցի թուրքերին մոտակա երկաթուղային կայարան հասցնելու համար օգտագործվել են «Studebaker» բեռնատարներ[8]։ Տեղահանության ընթացքում 16,700 ընտանիքներ[13]՝ 92,307[14]-94,955[15] մեսխեթցի թուրքեր բռնի տեղահանվել են 212 գյուղերից[16]։ Նրանց մտցրել են անասունների համար նախատեսված վագոնների մեջ[17] և արտաքսել արևելք՝ Կենտրոնական Ասիա։ Նոյեմբերի 17-ի ժամը 16:00-ի դրությամբ արդեն ուղարկվել էր 81 234 մարդ[18]։

Ճանապարհորդություն իրոք սարսափելի էր։ Ես ընդամենը չորս կամ հինգ տարեկան էի, և քիչ բան եմ հիշում, բայց ցուրտ էր, և գնացքից անընդհատ դիակներ էին նետում։ ․․․ Մեզ Ուզբեկստանում թույլատրված չէր լիարժեք կրթություն ստանալ։ Մենք մեկուսացված էինք, ճնշված։

- Էֆրաթուն Թիֆուր, 2016 թվական[19]

Խորհրդային պաշտոնական տվյալների համաձայն՝ արտաքսվել է 92 307 մարդ, որից 18 923-ը՝ տղամարդ, 27 309-ը՝ կին և 45 989-ը՝ մինչև 16 տարեկան երեխա։ 52 163 մարդ տեղափոխվել Է Ուզբեկական ԽՍՀ, 25 598-ը՝ Ղազախական ԽՍՀ և 10 546-ը՝ Ղրղզական ԽՍՀ։ 84 556 մարդ զբաղված էր կոլտնտեսություններում, 6316-ը՝ սովտնտեսություններում և 1395-ը՝ արդյունաբերական ձեռնարկություններում։ Արտաքսվածներից վերջինը Տաշքենդ է ժամանել 1945 թվականի հունվարի 31-ին[20]։

Տեղահանված մեսխեթցի թուրքերին թույլատրվում էր իրենց հետ վերցնել մինչև 1000 կիլոգրամ անձնական իրեր ընտանիքի համար, ինչը կրկնակի գերազանցում էր Ղրիմի թաթարներին թույլատրված քանակը նրանց նախորդ արտաքսման ժամանակ[21]։ Մեսխեթցի թուրքերի հետ միասին արտաքսվել են նաև այլ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ քրդեր և համշենահայեր (հայ մուսուլմաններ)[13], ինչի արդյունքում ընդհանուր առմամբ տեղահանվել է մոտ 115 000 մարդ[22]։ Մեկ աղբյուրի համաձայն՝ գործողության ընթացքում արտաքսվել է 8 694 քուրդ և 1385 համշենահայ։ Խնայում էին միայն այն կանանց, որոնք ամուսնացել էին այլ՝ աքսորի չենթակա էթնիկ խմբերի տղամարդկանց հետ։ Յուրաքանչյուր ընտանիքի տեղափոխությունից առաջ իրերը հավաքելու համար տրվել է երկու ժամ։ Յուրաքանչյուր ապրանքատար վագոնում տեղափոխվել է 7 ընտանիք, իսկ յուրաքանչյուր սովորական վագոնում՝ 20-25 ընտանիք[23]։ Կովկասյան այլ էթնիկ խմբերի նման մեսխեթցի թուրքերը նույնպես աքսորվել են մի քանի հազար մղոն հեռավորության վրա գտնվող Կենտրոնական Ասիա[24]։ Նրանք մեկ ամիս շարունակ արգելափակված են եղել անասունների համար նախատեսված վագոնների մեջ[12]։

 
Խորհրդային տեղահանությունների ժամանակ օգտագործված վագոն

Այս գործողության իրականացման համար նշանակվել են ՆԳՎ-ի 4000 գործակալներ[5]։ Ինչպես և նախորդ տեղահանությունները, այս մեկը նույնպես վերահսկվում էր ՆԳԺԿ ղեկավար Լավրենտի Բերիայի կողմից[25]։ Աքսորն իրականացվել է Խորհրդային Միության վարչապետ Իոսիֆ Ստալինի հրամանով[26]։ Ստալինը 34 մլն ռուբլի է հատկացրել ՆԳՎ-ին՝ աքսորը կազմակերպելու և իրականացնելու համար[21]։ Դա բնակչության հարկադիր վերաբնակեցման և վերաբնակեցման խորհրդային ծրագրի մի մասն էր, որը 1930-ական և 1950-ական թվականների միջև ընկած ժամանակահատվածում կիրառվել է ոչ ռուս խորհրդային էթնիկ փոքրամասնությունների մի քանի միլիոն ներկայացուցիչների նկատմամբ։ Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային Միությունում արտաքսվել է 3,332,589 մարդ[27]։ Ամբողջ Կովկասում նույն ժամանակ՝ 1943 և 1944 թվականների ընթացքում, աքսորվել է շուրջ 650 000 մարդ[28]։

Դա վերջին խորհրդային տեղահանությունն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[9]։ Մինչև 1956 թվականը խորհրդային իշխանությունները մեսխեթցի թուրքերին մերժում էին ցանկացած քաղաքացիական կամ քաղաքական իրավունքների հարցում[29]։ Շուրջ 32 000 մարդ՝ հիմնականում հայեր, խորհրդային իշխանությունների կողմից բնակեցվել են մեսխեթցի թուրքերից մաքրված տարածքներում[13]։

Հավանական պատճառներ

խմբագրել

Ի տարբերություն Կովկասի մյուս հինգ էթնիկ խմբերի, որոնք մեղադրվում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Առանցքի ուժերի հետ համագործակցելու մեջ, մեսխեթցի թուրքերը երբեք պաշտոնապես չեն մեղադրվել խորհրդային կառավարության կողմից որևէ հանցագործության մեջ, նրանք մոտ չէին որևէ ռազմական գործողությունների։ Չնայած դրան՝ նրանց նույնպես արտաքսել են[9]։ Գերմանական բանակը երբեք չի մոտեցել Մեսխեթի շրջանին ավելի մոտ, քան 100 մղոն հեռավորության վրա[29]։ Պրոֆեսոր Բրայան Գլին Ուիլյամսը եկել է այն եզրակացության, որ մեսխեթցի թուրքերի աքսորը, ինչը համընկել է Կովկասից և Ղրիմից այլ էթնիկ խմբերի արտաքսման հետ, ամենահամոզիչ ապացույցն է այն բանի, որ բոլոր տեղահանությունները եղել են նախօրոք պլանավորված խորհրդային արտաքին գաղտնի քաղաքականության մի լայն մաս, այլ ոչ թե «համընդհանուր զանգվածային դավաճանության պատասխան»[30]։ Սվանտե Քորնելը նշել է, որ տեղահանությունը եղել է 1864 թավականից գործող ռուսական ավելի լայն քաղաքականության մի մաս, որի նպատակն է եղել որքան հնարավոր է շատ մուսուլմանական փոքրամասնությունների հեռացնել Կովկասից[6]։

 
Քարտեզ, որը ցույց է տալիս Խորհրդային Միության տարածքային հավակնությունները Թուրքիայի նկատմամբ 1945 թվականին

1944 թվականի նոյեմբերի 28-ին Բերիան Ստալինին ուղարկել է հուշագիր, որում մեսխեթցի թուրքերին մեղադրել է «մաքսանենգության» և «թուրքական հետախուզության կողմից լրտեսության համար օգտագործելու» մեջ[13]։ Բերիան իր գաղտնի հրամանագրում մեսխեթցի թուրքերին, քրդերին ու համշենահայերին անվանում էր «անհուսալի բնակչություն», որը պետք է հեռացվի սահմանամերձ տարածաշրջանից[12]։ Որոշ պատմաբաններ այդ տեղահանությունը մեկնաբանում են որպես Ստալինի ծրագիր՝ թուրքամետ խմբավորումները սահմանամերձ գոտուց հեռացնելու համար, ինչն արվում էր Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածը՝ Արևմտյան Հայաստանի մի մասը Խորհրդային Միությանը միացնելու նպատակով[31][29]։ 1945 թվականի հունիսին խորհրդային արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովը Թուրքիայից պահանջել է, որպեսզի նա Խորհրդային Միությանը զիջի արևմտահայկական երեք նահանգ՝ Կարսը, Արդահանը և Արդվինը։ Գիտնականներ Ալեքսանդր Բենիգսենը և Մարիա Բրոքսուպը հանգել են այն եզրակացության, որ մեսխեթցի թուրքերի արտաքսումը եղել է սպասվող խորհրդա-թուրքական պատերազմի նախազգուշական միջոց[32]։ Այս պահանջները, ինչպես նաև Թուրքական նեղուցների ճգնաժամը էսկալացրել են իրավիճակը մինչև Թուրքիան 1951 թվականին մտել է ՆԱՏՕ-ի կազմ[33]։

Խորհրդային իշխանությունը փորձում էր ստեղծել 108 տարբեր ազգություններից բաղկացած պետություն[34]։ Սկզբում նրանք փորձում էին օգտագործել բազմազգ լինելու առավելությունը և նրանց միջոցով իրենց հարևան պետությունների վրա տարածել սեփական ազդեցությունը։ Ռուսական ուսումնասիրություններ պրոֆեսոր Թերի Մարտինը նշել է, որ դա հակառակ ազդեցություն է ունեցել։ Խորհրդային վախը «կապիտալիստական ազդեցությունից», ի վերջո հանգեցրել է նրան, որ ԽՍՀՄ-ը սկսել է մաքրել իր սահմանային տարածքները տարբեր էթնիկ խմբերից, որոնցից էին նաև մեսխեթցի թուրքերը[35]։

Մահերի քանակ

խմբագրել

Մեսխեթցի թուրքերը դրվել են հատուկ բնակավայրերի վարչակազմի կառավարման ներքո։ Այդ բնակավայրերի նպատակը Խորհրդային Միության հեռավոր մասերի տնտեսական առաջընթացի համար էժան աշխատուժի ստացումն էր[36]։ Տեղահանվածներից շատերը կատարում էին հարկադիր աշխատանքներ։ Հատուկ ներկայացուցիչները սովորաբար աշխատել են շաբաթը 7 օր՝ օրական 11-12 ժամ։ Նրանք տառապում էին հյուծումից և ցրտահարությունից։ Նրանց հրաժարվել են հաց տալ այն դեպքում, եթե նրանք չկատարեին իրենց առջև դրված աշխատանքային նորմը[37]։ Պարենամթերքի պակասն, ըստ երևույթին, այնքան լուրջ էր, որ ԽՍՀՄ Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը ընդունել է թիվ 942 որոշումը, որով Վրացական ԽՍՀ-ից տեղահանվածներին տրամադրվել էր 857 000 կգ ալյուր և 213 000 կգ հացահատիկ[20]։ Արտաքսված ժողովուրդները պետք է ամեն շաբաթ հաշվետու լինեն իրենց վերահսկողական մարմինների առջև և իրավունք չունեին դուրս գալ իրենց բնակավայրերից[29]։ Սակայն մեսխեթցի թուրքերին հատուկ կացարաններում մի փոքր ավելի լավ էին վերաբերվում, քան մյուս էթնիկ խմբերին, քանի որ նրանք չէին մեղադրվում որևէ կոնկրետ հանցագործության մեջ[6]։

Հատուկ կացարաններում գտնվելու առաջին 12 տարիների ընթացքում աքսորյալ մեսխեթցի թուրքերը հաղթահարել են արտաքին աշխարհից մեկուսացումն ու ծայրահեղ զրկանքները[29]։ Աքսորի առաջին տարիներին նրանք զգալի դժվարություններ են ունեցել․ սնվել են վատ որակի պարենով և օգտագործել վատ դեղորայք, ստիպված են եղել հարմարվել նոր կլիմային[20], եղել են համաճարակներ[38], կատարել են հարկադիր աշխատանք[39]։

Մեսխեթցի թուրքերի մահացության գնահատականները տարբեր են։ Կարաչայների ժողովրդագիր Էդիևը հաշվարկել է, որ տեղահանության հետևանքով զոհվել է 12 589 մեսխեթցի թուրք, ինչը կազմում է նրանց ողջ էթնիկ խմբի 13%-ի մահացություն[40]։ Պրոֆեսոր Մայքլ Սպրկինը այդ էթնիկ խմբի վերաբերյալ բերել է ավելի բարձր թիվ՝ 15 000 զոհ[41]։ Պաշտոնական, բայց ոչ լիարժեք տվյալներում խորհրդային արխիվները Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից արտաքսված մարդկանց շրջանում արձանագրել են 14 895 մահ[42], կամ 14[43]-15,7%[44] մահացության դեպք։ Այդ ցուցակը ներառում էր տարածաշրջանի բոլոր խմբերը, բայց մեսխեթցի թուրքերը նրանց ճնշող մեծամասնությունն էին կազմում։ Խորհրդային արխիվները նաև արձանագրում են, որ ևս 457 մարդ Է զոհվել Միջին Ասիա տեղափոխման ժամանակ։ Կան նաև ավելի բարձր գնահատականներ, որոնք հաղորդում են 30,000[45]-50,000[46] զոհի մասին։ 1948 թվականին մահացության մակարդակը նվազել է մինչև 2,8%[20]։

1948 թվականի նոյեմբերի 26-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահությունը հրամանագիր էր ստորագրել, որով արտաքսված խմբերը այդ հեռավոր շրջաններում դատապարտվել են մշտական աքսորի։ Այդ հրամանագիրը տարածվում էր չեչենների և ինգուշների, Ղրիմի թաթարների, Պովոլժիեի գերմանացիների, բալկարցիների, կալմիկների և մեսխեթցի թուրքերի վրա[47]։

Հետևանքներ

խմբագրել

Ստալինի հետնորդը՝ նոր խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովը, 1956 թվականի փետրվարի 24-ին կոմունիստական կուսակցության համագումարում հանդես է եկել գաղտնի ելույթով՝ դատապարտելով ստալինյան տեղահանությունները, սակայն տեղահանված ժողովուրդների շարքում չի հիշատակել մեսխեթցի թուրքերին[44]։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1956 թվականի ապրիլի 28-ի հրամանագիրը նշում է․ «Հայրենական մեծ պատերազմի տարիներին աքսորված ղրիմի թաթարների, բալկարցիների, խորհրդային թուրքերի, քրդերի, համշենահայերի և նրանց ընտանիքների անդամների արտաքսման հատուկ սահմանափակումների վերացման մասին»։ Արդյունքում՝ հրամաններ են տվել այդ էթնիկ խմբերին ՆԳՆ մարմինների վարչական վերահսկողությունից ազատելու մասին, սակայն չեն նախատեսել նրանց վերադարձը հայրենի հողեր[48]։ Ի տարբերություն մյուս տեղահանված ժողովուրդների՝ մեսխեթցի թուրքերը չեն ռեաբիլիտացվել[9]։ Նրանք մեկն էին այն երեք էթնիկ խմբերից, որոնց այդպես էլ թույլ չտրվեց վերադառնալ իրենց հայրենի հող, մյուս երկուսը էին Պովոլժյայի գերմանացիները և Ղրիմի թաթարները[49]։

Խորհրդային պաշտոնական պարբերականները 1945-1968 թվականների ընթացքում չեն հիշատակել ոչ մեսխեթցի թուրքերի, ոչ նրանց ծագման տարածաշրջանի մասին։ 1968 թվականի մայիսի 30-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագիրը ճանաչեց նրանց արտաքսման փաստը, սակայն հրամանագրի տեքստում ասվում էր, որ մեսխեթցի թուրքերը «արմատներ են գցել» իրենց նոր հայրենի վայրերում՝ Ղազախստանում և Ուզբեկստանում, և կոչ էր արվում մնալ այնտեղ[32]։ Մեսխեթցի թուրքերը 45 տարվա ընթացքում 144 խնդրագիր են ստորագրել՝ պահանջելով վերադարձի իրավունք։ 1964 թվականին նրանք ստեղծել են «Թուրք աքսորյալների ազգային իրավունքների թուրքական ասոցացիան» (անգլ.՝ Turkish Association for the National Rights of the Turkish People in Exile) և փորձել կապ հաստատել ՄԱԿ-ի և Amnesty International-ի հետ՝ փորձելով օգնություն ստանալ հայրենիք վերադառնալու համար[50]։ 1961-1969 թվականների ընթացքում Վրաստան վերադառնալու վեց փորձ է արվել, սակայն այդ բոլոր խմբերը կրկին արտաքսվել են։ 1960-ական թվականներին խորհրդային կառավարությունը բռնաճնշումների է դիմել, որպեսզի ճնշի մեսխեթցի թուրքերի շարժումը, որոնք պահանջում էին Մեսխեթի շրջան վերադառնալու իրավունք։ Այդ մեթոդները ներառում էին մեսխեթցի թուրքերի ձերբակալություններ, ահաբեկումներ և բանտարկություն։ Ավելին, 1968 թվականի հուլիսի 26-ին Վասիլ Մժավանաձեն, որը Վրացական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն է, հայտարարել է, որ այդ շրջանում տեղ չկա այդ էթնիկ խմբին վերադարձնելու համար, և որ միայն 100 ընտանիք կարող է վերադառնալ տարեկան։ 1211 մեսխեթցի թուրքեր վերադարձել են Վրաստան, սակայն նրանք ցրվել են Մեսխեթի շրջանից դեպի երկրի արևմտյան հատված ընկած տարածքներում։ 1988 թվականի հունիսին այդ էթնիկ խմբի շուրջ 200 ներկայացուցիչներ բողոքել են Բորժոմի շրջանում՝ պահանջելով վերադարձի իրավունք։ 1989 թվականին Վրաստանում մնացել է ընդամենը 35 ընտանիք, իսկ մեսխեթցի թուրքերը, որոնք վերադարձել են Մեսխեթի տարածաշրջան, վերջին հաշվով ստիպված են եղել լքել այն[16]։

Մեզ ասում են, որ մենք ոչ մեկին պետք չենք. Ուզբեկստանում մեզ ասում են ուզբեկներ, Ղազախստանում ՝ ղազախներ, իսկ հիմա շշնջում են նաև այլ հանրապետություններում։ .. Որտե՞ղ մենք կարող ենք ապրել, եթե մեզ նույնիսկ մեր նախնիների երկիր չեն թողնում։

- Անանուն մեսխեթցի թուրք վիրաբույժ Ղազախստանում, 1991 թվական[10]

Իրավիճակը առնվազն թղթի վրա փոխվել է 1980-ական թվականների վերջին, երբ նոր խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովը որոշել է խզել բոլոր կապերը ստալինյան անցյալի հետ։ 1989 թվականի նոյեմբերի 14-ին Գերագույն խորհուրդը հայտարարել է, որ էթնիկ խմբերի բռնի տեղափոխումը ստալինյան ժամանակաշրջանում, ներառյալ մեսխեթցի թուրքերին, «անօրինական էր և հանցավոր»։ 1991 թվականի ապրիլի 26-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Խորհուրդը Բորիս Ելցինի նախագահությամբ ընդունել է բռնադատվածների ռեաբիլիտացիայի մասին օրենքը՝ 2-րդ հոդվածով, որը դատապարտում է բոլոր զանգվածային տեղահանությունները՝ որպես «Ստալինի զրպարտության և ցեղասպանության քաղաքականություն»[51]։ Նույնիսկ 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, նորանկախ Վրաստանը հրաժարվել է մեսխեթցի թուրքերին իրավունք տալ վերադառնալ Մեսխեթի տարածաշրջան[52]։ Վրաստանում եզակի բացառություններից մեկը Գուրամ Մամուլիան էր, որը, լինելով քաղաքական գործիչ, պատմաբան և իրավապաշտպան, հանդես էր գալիս մեսխեթցի թուրքերի՝ Մեսխեթ վերադառնալու իրավունքի օգտին։ Ի տարբերություն խորհրդային տեղահանությունների ժամանակ տեղահանված այլ էթնիկ խմբերի՝ մեսխեթցի թուրքերը հազվադեպ հիշատակվել են այդ թեմային նվիրված գրքերում, որոնք գրվել են պատմաբաններ Ալեքսանդր Նեքրիչի և Ռոբերտ Կոնկվեստի կողմից[53]։ Պատմաբան Պավել Պոլյանը ստալինյան ժամանակաշրջանում էթնիկ խմբերի բոլոր տեղահանությունները, այդ թվում Կովկասից, դիտարկել է որպես մարդկության դեմ հանցագործություն։ Նա նաև նշել է, որ պետական դավաճանության մեղադրանքները նրանց հանդեպ «անարդար եւ կեղծավոր» էին՝ հաշվի առնելով, որ գրեթե 40,000 մեսխեթցի թուրքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել են ԽՍՀՄ-ի կողմից[54]։

1989 թվականի հունիսին մեսխեթցի թուրքերը Ֆերգանայի հովտում դարձել են ուզբեկական ազգայնական բռնության զոհ[31][55]։ Մինչև այդ իրադարձությունները շատ քիչ մարդիկ գիտեին մեսխեթցի թուրքերի գոյության մասին, և նրանց մասին շատ քիչ գիտական հետազոտություններ էին անցկացվել[55]։ Ֆերգանայի հովտում էթնիկ բախումներից հետո 70 000 մեսխեթցի թուրքեր փախել են և ցրվե նախկին Խորհրդային Միության յոթ երկրներում[56]։ 2006 թվականին մեսխեթցի թուրքերի թիվը կազմում էր 260,000-335,000 մարդ[1]։ Քանի որ ռուս պաշտոնյաները հրաժարվել են մեսխեթցի թուրքերին Ռուսաստանի քաղաքացիների կարգավիճակ տրամադրել, Եվրոպայի Խորհուրդը Կրասնոդարում նրանց վիճակը բնութագրել է որպես «legal limbo»: Նրանց մեծ մասը դե ֆակտո մնում են քաղաքացիություն չունեցող անձինք[57]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Council of Europe (2006), էջ. 22.
  2. Aydıngün et al. (2006), էջ. 4.
  3. Aydıngün et al. (2006), էջ. 5.
  4. Kiernan (2007), էջ. 511.
  5. 5,0 5,1 Polian (2004), էջ. 155.
  6. 6,0 6,1 6,2 Cornell (2005), էջ. 170.
  7. Bugay (1996), էջ. 137.
  8. 8,0 8,1 Bugay (1996), էջ. 140.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Wimbush & Wixman (1975), էջ. 320.
  10. 10,0 10,1 Human Rights Watch (1991), էջ. 51.
  11. Warikoo & Norbu (1992), էջ. 115.
  12. 12,0 12,1 12,2 Swerdlow (2006), էջ. 1834.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Hasanli (2014), էջ. 248.
  14. Hasanli 2014, p. 248; Bugay 1996, p. 143; Polian 2004, p. 155.
  15. Buckley, Ruble & Hofmann (2008), էջ. 204.
  16. 16,0 16,1 Khazanov (1995), էջ. 200.
  17. Brennan, Dan (2003 թ․ ապրիլի 5). «Guram Mamulia». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  18. Bugay (1996), էջ. 141.
  19. «Meskhetian Turks find shelter after decades of persecution». Irish Times. 2016 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 Bugay (1996), էջ. 143.
  21. 21,0 21,1 Marie (1995), էջ. 111.
  22. Human Rights Watch 1991, p. 51; UNHCR 1999, p. 20; Bukharbayeva 2019, p. 16.
  23. Polian (2003), էջ. 86.
  24. Markusen & Kopf (1995), էջ. 115.
  25. Mikaberidze (2015), էջ. 191.
  26. Mirkhanova (2006), էջ. 33.
  27. Parrish (1996), էջ. 107.
  28. Bugay 1996, p. 106; Pokalova 2015, p. 16; Mawdsley 1998, p. 71.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 Swerdlow (2006), էջ. 1835.
  30. Williams (2001), էջ. 386.
  31. 31,0 31,1 Francis X. Clines (1989 թ․ հունիսի 7). «57 Reported Dead in Uzbek Violence». New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  32. 32,0 32,1 Bennigsen & Broxup (1983), էջ. 30.
  33. Hasanli (2011), էջեր. 365, 382.
  34. Cohen (2014), էջ. 231.
  35. Martin (2001), էջ. 342.
  36. Pohl (1999), էջ. 48.
  37. Viola (2007), էջ. 99.
  38. Bugay (1996), էջ. 147.
  39. Bhat (2015), էջ. 33.
  40. Buckley, Ruble & Hofmann (2008), էջ. 207.
  41. Rywkin (1994), էջ. 67.
  42. Pohl 2000, p. 267; Travis 2013, p. 82; Bugay 1996, p. 143.
  43. Parrish (1996), էջ. 108.
  44. 44,0 44,1 Human Rights Watch (1991), էջ. 53.
  45. Akiner (2013), էջ. 261.
  46. Jones (1993), էջ. 14.
  47. Sakwa (2005), էջ. 292.
  48. Bugay (1996), էջ. 85.
  49. Kaiser (2017), էջ. 368.
  50. Jones (1993), էջ. 15.
  51. Perovic (2018), էջ. 320.
  52. Human Rights Watch (1991), էջ. 54.
  53. Khazanov (1992), էջ. 1.
  54. Polian (2004), էջեր. 125–126.
  55. 55,0 55,1 Aydingün (2002), էջեր. 185.
  56. Council of Europe (2006), էջ. 21.
  57. Council of Europe (2006), էջ. 24.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել