Բացել գլխավոր ցանկը

Մաթիլդա Կշեսինսկայա

լեհական ծագման բալետի պարուհի

Մաթիլդա Ֆելիքսովնա Կշեսինսկայա (ռուս.՝ Мария-Матильда Адамовна-Феликсовна-Валериевна Кшесиньская, լեհ.՝ Matylda Maria Krzesińska, օգոստոսի 19 (31), 1872, Ligovo, Saint Peterburg County, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 7, 1971(1971-06-07) կամ դեկտեմբերի 6, 1971(1971-12-06)[1], Փարիզ, Ֆրանսիա), բալետի լեհական ծագման ռուս դերասանուհի և մանկավարժ, Մարիինյան թատրոնի պրիմա պարուհի, Կայսերական թատրոնների վաստակավոր արտիստ: Հայտնի է Ռուսական կայսրության ռոմանովյան միապետների հետ իր հարաբերություններով, եղել է Նիկոլայ II-ի սիրուհին 1892-1894 թվականներին, մեծ իշխան Անդրեյ Ռոմանովի կինը (1921 թվականից), Վլադիմիր Կրասնիսկու (1902-1974) մայրը:

Picto infobox masks.png
Մաթիլդա Կշեսինսկայա
ռուս.՝ Мария-Матильда Адамовна-Феликсовна-Валериевна Кшесиньская
Camargo-Mathilde Kschessinskaya-1897.JPG
Ծնվել էօգոստոսի 19 (31), 1872
ԾննդավայրLigovo, Saint Peterburg County, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 7, 1971(1971-06-07) (98 տարեկանում) կամ դեկտեմբերի 6, 1971(1971-12-06)[1] (99 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունբալետի պարող
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունԱ. Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
ՊարգևներԿայսերական թատրոնների վաստակավոր արտիստ
Mathilde Kschessinska Վիքիպահեստ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Մարիինյան թատրոնի դերասանների ընտանիքում․ լեհ Ֆելիքս Կշեսինսկու (1823-1905) և Յուլիա Դոմինսկու (բալետի պարող Լեդեի այրին, առաջին ամուսնությունից ունեցել է 5 զավակ) դուստրը։ Բալետի պարուհի Յուլիա Կշեսինսկու և բալետմեյստեր, պարող Իոսիֆ Կշեսինսկու (1868-1942) քույրը։

Արվեստագետի կարիերաԽմբագրել

1890 թվականին ավարտել է Կայսերական թատերական ուսումնարանը, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Լև Իվանովը, Քրիստիան Յոհանսոնն ու Եկատերինա Վազեմը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մարիինյան թատրոնի բալետի խումբ, որտեղ նախ պարել է որպես Կշեսինսկայա Երկրորդ (Կշեսինսկայա Առաջին էր կոչվում իր ավագ քույր Յուլիան)։ 1890-1917 թվականներին պարել է կայսերական բեմում։ Իր կարիերայի սկզբում մեծապես զգացել է Վիրջինիա Ցուկկիի արվեստի ազդեցությունը․

  Ես անգամ կասկածներ ունեի իմ ընտրած կարիերայի իսկության հարցում: Չգիտեմ, թե դա ինչի կհանգեցներ, եթե մեր բեմում Ցուկկիի հայտնվելը միանգամից չփոխեր իմ տրամադրությունը՝ ինձ համար բացահայտելով մեր արվեստի իմաստն ու նշանակությունը։

Մաթիլդա Կշեսինսկայայի հիշողությունները, էջ 26[2]

 

Պարել է Մարիուս Պետիպայի և Լև Իվանովի բալետներում. «Մարդուկ-Ջարդուկը» բալետում խաղացել է փերու, Օդետտա-Օդիլլիայի դերը «Կարապի լիճ» բալետում, Նիկիայի դերը «Բայադերա» բալետում: Կարլոտտա Բրիյանցի` Իտալիա մեկնելուց հետո նրան է անցել «Քնած գեղեցկուհին» բալետում արքայադուստր Ավրորայի դերը: 1892 թվականի նոյեմբերի 18-ին, բալետի 50-րդ հոբելյանական ցուցադրության օրը բալերինան գրել է իր օրագրում.

  Թատրոն էր եկել Չայկովսկին, և նրան հրավիրեցին բեմ (ես ինքս նրան բեմ ուղեկցեցի), որպեսզի նրան ծաղկեփունջ նվիրեն...[3]:  


1896 թվականին ստացել է կայսերական թատրոնների պրիմա-բալերինայի կարգավիճակ (հավանական է, առավելապես արքայական պալատի հետ ունեցած իր կապերի շնորհիվ, քանի որ գլխավոր բալետմեյստեր Պետիպան ոչ մի կերպ չէր քաջալերում նրա բարձրացումը բալետային հիերարխիայում): Որպեսզի ռուսական բալետի դպրոցին հատուկ ձեռքերի փափուկ պլաստիկան ու արտահայտչականությունը լրացնի ոտքերի վիրտոուզ ու ներկայանալի տեխնիկայով, որով հայտնի էր իտալական դպրոցը, նա 1898 թվականից սկսած մասնավոր դասեր է վերցրել հայտնի ուսուցիչ Էնրիկո Չեկետից: Առաջին ռուս պարուհին է, որ բեմի վրա կատարել է միանգամից 32 ֆուետե, մի հնարք, որով ռուս հանդիսատեսին մինչ այդ զարմացրել էին միայն իտալուհիները, մասնավորապես` Էմմա Բեսսոնն ու Պիերինա Լենյանին: Զարմանալի չէ, որ իր հայտնի բալետները խաղացանկ վերադարձնելուց հետո Մարիուս Պետիպան փոփոխում էր խորեգրաֆիկ տեքստն ըստ պարուհու հնարավորությունների: Չնայած Կշեսինսկայայի անունը հաճախ էր գրավում աֆիշաների առաջին տողերը, այն չի կապվում բալետի դասական ժառանգության ամենահայտնի ներկայացումների հետ: Հատուկ նրա համար բեմադրվել է միայն մի քանի ներկայացում, և դրանցից ոչ մեկը հատուկ հետք չի թողել ռուսական բալետի պատմության մեջ: «Ֆլորայի արթնացումը», որ բեմադրվել է 1894 թվականին Պետերգոֆում հատուկ մեծ իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնայի և մեծ իշխան Ալեքսանդր Միխայլովիչի ամուսնության առթիվ, այնուհետև մնացել է թատրոնի խաղացանկում. այս ներկայացման մեջ նրան տրվել է աստվածուհի Ֆլորայի գլխավոր դերը: Պարուհու` Էրմիտաժի թատրոնում բենեֆիսի համար Մարիուս Պետիպան բեմադրել է «Արլեկինադա» և «Տարվա եղանակները» բալետները: Նույն տարում բալետմեյստերը հատուկ նրա համար թարմացրել է «Բայադերան», որը բեմում չէր հայտնվել Վազեմի հեռանալուց հետո: Կշեսինսկայան նաև եղել է երկու ձախողված բեմադրությունների` «Միկադոյի դուստրը» և «Հրաշագործ հայելին» բալետների գլխավոր դերակատարը: Մասնակցել է Կրասնոսելսկի թատրոնի ամառային ներկայացումներում, օրինակ, 1900 թվականին պարել է Օլգա Պրեոբրաժենսկայայի, Ալեքսանդր Շիրյաևի և այլ արտիստների հետ: Կշեսինսկայայի անհատական ստեղծագործականությանը հատուկ էր խորը դրամատիկական դերերի ընտրությունը: Բալետի ակադեմիական պարուհի լինելով` նա միևնույն ժամանակ մասնակցել է խորեգրոֆ-նորարար Միխայիլ Ֆոկինի «Էվնիկա» (1907), «Թիթեռնիկներ» (1912), «Էրոս» (1915) բեմադրություններում: 1904 թվականին Կշիսենսկայան հեռացել է թատրոնից իր ցանկությամբ, և հրաժեշտի բենեֆիսից հետո նրա հետ պայմանագիր է կնքվել մեկանգամյա ներկայացումների համար, նախ սահմանելով յուրաքանչյուր ելույթի համար 500, ապա, 1909 թվականից սկսած` 750 ռուբլի: Կշեսինսկայան ամեն կերպ դեմ էր օտարերկրյա պարուհիների` խմբին միանալուն և ինտրիգներ էր հյուսում Լենյանիի դեմ (ով, ամեն դեպքում, պարել է խմբում 8 տարի, մինչև 1901 թվականը): Նրա օրոք սկսել է չկիրառվել հայտնի պարուհիներ հրավիրելու փորձը: Բալերինան հայտնի էր սեփական կարիերան ստեղծելու և իր դիրքերն ամրապնդելու կարողությամբ: Ինչ-որ չափով հենց նա է պատճառ դարձել թատրոնից իշխան Վոլկոնսկու հեռանալուն. հրաժարվելով Կշեսինսկայայի համար վերականգնել հին «Կատարինա, ավազակի աղջիկ» բալետը, նա ստիպված էր հրաժարական տալ Կայսերական թատրոնների տնօրենի պաշտոնից[4]: 1911 թվականին Կշեսինսկայան Լոնդոնում մասնակցել է «Ռուսական սեզոններին»: Դյագիլևը համագործակցել է «իր ոխերիմ թշնամու» հետ` հույս ունենալով այդպիսով լուծել իր խնդիրները ռուսական բեմում. բալերինայի ազդեցության ու կապերի շնորհիվ նա մտադրված էր հնարավորություն ձեռք բերել իր անտրեպրիզը բեմադրել Պետերբուրգում և պարտադիր դարձած ծառայության համար հետաձգում ստանալ: Օժանդակության դիմաց Կշեսինսկայան հրավիրվում է խաղալու 1911 թվականի լոնդոնյան սեզոնին (պարուհուն հետաքրքրում էր հենց Լոնդոնը, որտեղ ավանդաբար հավաքվում էր բարձր հասարակությունն ի տարբերություն Փարիզի, որը արտիստական կյանքի նախկին կենտրոնն էր): Նրա ներկայանալու համար ընտրվել էր «Կարապի լիճ» բեմադրությունը. Դյագիլևը նպատակ ուներ ձեռք բերել նաև նրան պատկանող բալետի դեկորացիան: Պարուհին դարձել է Դյագիլևի ու Կայսերական թատրոնների տնօրեն Տելյակովսկու միջնորդը Միխայլովսկի թատրոնը 1912 թվականի թատերաշրջանին վարձակալելու բանակցությունների հարցում: Տնօրենն այս դաշինքի հանդեպ բացասական վերաբերմունք է ունեցել: «Ժամ առ ժամ ավելի դժվար է: Կշեսինսկայան հիմա էլ Դյագիլևի հետ է համագործակցում»[5]: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ռուսական կայսրության զորքերը արկերի մեծ կարիք ուներ, գլխավոր հրամանատար մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչը պնդում էր, որ անզոր է որևէ բան անել հրետանու վերաբերյալ հարցերում, քանի որ Մաթիլդա Կշեսինսկայան ազդեցություն ունի հրետանային գործերում ու մասնակցում է տարբեր կազմակերպություններին պատվերներ տալու որոշումների քննարկմանը[6]:

ՏարագրությունԽմբագրել

1917 թվականի ամռանը Կշեսինսկայան անվերադարձ հեռացել է Պետրոգրադից, նախ` Կիսլովոդսկ, հետո, 1919 թվականին` Նովոռոսիյսկ, որտեղից էլ որդու հետ մեկնել է արտերկիր: Հեղաշրջումից հետո, երբ Սերգեյ Միխայլովիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, Կշեսինսկայային առաջարկել է ամուսնանալ: Սակայն, ինչպես Կշեսինսկայան գրել է իր հուշերում, նա մերժել է նրան` Անդրեյի պատճառով: 1917 թվականի փետրվարից հետո Կշեսինսկայան, զրկվելով ամառանոցից ու փախչելով հայտնի առանձնատնից, սկսել է բնակվել ուրիշների բնակարաններում: Նա որոշել է գնալ Անդրեյ Վլադիմիրովիչի մոտ, ով Կիսլովոդսկում էր: «Ես, իհարկե, հույս ունեի աշնանը Կիսլովոդսկից վերադառնալ Պետերբուրգ, երբ, ինչպես ես հույս ունեի, կազատեն իմ տունը», միամտաբար գրել է նա: «Իմ մեջ պայքարում էին Անդրեյին կրկին տեսնելու ուրախությունն ու Սերգեյին մայրաքաղաքում միայնակ թողնելու համար խղճի խայթը, որտեղ նրան վտանգ է սպառնում: Միևնույն ժամանակ, ինձ համար դժվար էր նրանից հեռացնել Վովային, ում նա շատ էր սիրում»[2]: Եվ իսկապես, 1918 թվականին մեծ իշխան Սերգեյ Միխայլովիչը գնդակահարվել է Ալապաևսկում: 1917 թվականի հուլիսի 13-ին Մաթիլդան որդու հետ լքել է Պետերբուրգը` հուլիսի 16-ին գնացքով հասնելով Կիսլովոդսկ: Անդրեյը մոր` մեծ իշխանուհի Մարիա Պավլովնայի և եղբոր` Բորիսի հետ առանձին տուն էր զբաղեցնում: 1918 թվականի սկզբին Կիսլովոդսկից «բոլշևիզմի ալիք էր տարածվել», «դրանից առաջ բոլորս ապրում էինք համեմատաբար խաղաղ ու հանգիստ, չնայած և առաջ էլ կային խուզարկումներ ու կողոպուտներ` ամենատարբեր պատրվակներով», գրել է Կշեսինսկայան: Կիսլովոդսկում Վլադիմիրն ընդունվել է տեղի գիմնազիան և հաջողությամբ այն ավարտել է:

 
Մաթիլդան որդու հետ

1918 թվականի օգոստոսի 7-ին Անդրեյն ու եղբայրը ձերբակալվել են և տեղափոխվել Պյատիգորսկ, սակայն մեկ օր անց նրանց ազատ են արձակել` տնային կալանքի պայմանով: Օգոստոսի 13-ին Բորիսը, Անդրեյն ու նրանց համհարզ գնդապետ Կուբեն փախել են սարերը, որտեղ մնացել են մինչև սեպտեմբերի 23-ը: Կշեսինսկայան որդու, քրոջ ընտանիքի, պարուհի Զինաիդա Ռաշևսկայայի ու այլ մոտ 100 փախստականների հետ մնացել է Բատալպաշինսկում (հոկտեմբերի 2-19), որտեղից պահակախմբի հետ շարժվել են դեպի Անապա: Տուապսեում բոլորը նստել են «Թայֆուն» նավը, որը բոլորին հասցրել է Անապա: Այնտեղ Վովան հիվանդացել է իսպանական գրիպով, սակայն նրան կարողացել են բուժել: 1919 թվականին բոլորը վերադարձել են Կիսլովոդսկ, որն ազատագրված է համարվել, մնացել այստեղ մինչև տարվա վերջ և անհանգստացնող նորություններ լսելուց հետո մեկնել են Նովոռոսիյսկ: Փախստականները գնացել են երկու վագոնից բաղկացած գնացքով. Կշեսինսկայան որդու հետ եղել է երրորդ կարգի վագոնում: Նովոռոսիյսկում 6 շաբաթ ապրել են վագոններում, այստեղ տարածված է եղել տիֆ: 1920 թվականի փետրվարի 19-ին (մարտի 3-ին) «Սեմիրամիդա» նավով մեկնել են Կոստանդնուպոլիս, որտեղ ստացել են ֆրանսիական վիզաներ: 1920 թվականի մարտի 12-ի (25)-ին ընտանիքը հասել է Կապ-դ-Այ, որտեղ այդ ժամանակ 48-ամյա Կշեսինսկայան առանձնատուն է ունեցել[7] 1929 թվականին իր սեփական բալետի ստուդիան է բացել Փարիզում: Կշեսինսկայայի աշակերտների թվում է եղել Տատյանա Ռյաբուշինսկայան: Դասերի ժամանակ Կշեսինսկայան միշտ նրբանկատ է եղել աշակերտների հանդեպ, չի բարձրացրել ձայնը: Մաթիլդա Ֆելիքսովնայի մեծ եղբայրը` Իոսիֆ Կշեսինսկին մնացել է Ռուսաստանում (պարել է Կիրովի թատրոնում) և մահացել է Լենինգրադի բլոկադայի ժամանակ 1942 թվականին: Տարագրության տարիներին ամուսնու մասնակցությամբ գրել է մեմուարներ, որոնք առաջին անգամ հրատարակվել են 1960 թվականին Փարիզում, ֆրանսերենով: Առաջին ռուսալեզու տպագրությունը հրատարակվել է միայն 1992 թվականին:

Անձնական կյանքԽմբագրել

1892-1894 թվականներին հանդիպել է թագաժառանգ Նիկոլայ Ալեքսանդրովիչի (հետագայում` Նիկոլայ II) հետ. նրանց հարաբերությունները խզվել են թագաժառանգի ու Ալիսա Գեսսենսկայայի նշանադրությունից հետո 1894 թվականի ապրիլին: Այնուհետև եղել է մեծ իշխաններ Սերգեյ Միխայլովիչի ու Անդրեյ Վլադիմիրովիչի սիրուհին: 1902 թվականի հունիսի 18-ին Ստրելնայում ծնվել է որդին` Վլադիմիրը (ընտանիքում նրան Վովա էին ասում), ով 1911 թվականի դեկտեմբերի 15-ին Բարձրագույն հրամանով ստացել է «Կրասինսկի» ազգանունը (ըստ ընտանեկան պատկանելության, Կշեսինսկիները սերում էին Կրասինսկի կոմսերից), «Սերգեևիչ» հայրանունն ու ժառանգական ազնվական տիտղոս: 1921 թվականի հունվարի 17-ին (30) Կաննի Հրեշտակապետ Միքայելի եկեղեցում մորգանատիկական ամուսնություն է կնքել մեծ իշխան Անդրեյ Վլադիմիրովիչի հետ, ով որդեգրել է նրա որդուն (վերջինս դարձել է Վլադիմիր Անդրեևիչ): 1925 թվականին կաթոլիկ եկեղեցուց անցել է ուղղափառին` Մարիա անունով: 1926 թվականի նոյեմբերի 30-ին Կիրիլ Վլադիմիրովիչը նրան և նրա ժառանգներին տվել է իշխաններ Կրասինսկիներ, իսկ 1935 թվականի հուլիսի 28-ին` ամենապայծառափայլ իշխաններ Ռոմանովներ-Կրասինսկիներ ազգանունն ու կոչումը:

ՄահԽմբագրել

Մաթիլդա Կշեսինսկայան մահացել է 1971 թվականի դեկտեմբերի 5-ին, երբ իր 100-ամյակին մի քանի ամիս էր մնացել: Թաղված է Սենթ-Ժենևյեվ-դե-Բուա գերեզմանատանը, Փարիզի մոտ, ամուսնու ու որդու հետ նույն գերեզմանոցում: Հուշաքարի վրա գրված է. «Ամենապայծառափայլ իշխանուհի Մարիա Ֆելիքսովնա Ռոմանովսկայա-Կրասինսկայա, Կայսերական թատրոնների վաստակավոր արտիստ Կշեսինսկայա»:

 
Անդրել Վլադիմիրովիչի, Մաթիլդա Կշեսինսկայայի և Վլադիմիր Կրասինսկու գերեզմանը Սենթ-Ժենևիեվ դե Բուա գերեզմանատանը

ԽաղացանկԽմբագրել

  • 1892 - արքայադուստր Ավրորա, «Քնած գեղեցկուհին», Մարիուս Պետիպա
  • 1894 - Ֆլորա, «Ֆլորայի արթնացումը», Մարիուս Պետիպա և Լև Իվանով
  • 1896 - Մլադա, «Մլադա» Մինկուսի երաժշտությամբ, Լև Իվանովի և Էնրիկո Չեկետիի բեմադրությամբ, վերականգնել է Մարիուս Պետիպան
  • 1896 - աստվածուհի Վեներա, «Աստղաբաշխական պա» «Կապտամորուսը» բալետում, Մարիուս Պետիպա
  • 1896 - Լիզա, «Մանրամասն նախազգուշացում», Մարիուս Պետիպա և Լև Իվանով
  • 1897 - աստվածուհի Թետիս, «Թետի և Պելևս», Մարիուս Պետիպա
  • 1898 - Ասպիչիա, «Փարավոնի դուստրը» Մարիուս Պետիպա
  • 1899 - Էսմերալդա, «Էսմերալդա», Ժյուլ Պերո, Մարիուս Պետիպայի նոր խմբագրմամբ
  • 1900 - Կոլոս, «Տարվա ժամանակներ», Մարիուս Պետիպա
  • 1900 - Կոլոմբինա, «Առլեկինադա», Մարիուս Պետիպա
  • 1900 - Նիկիա, «Բայադերա», Մարիուս Պետիպա
  • 1901 - Ռիգոլետա, «Ռիգոլետա, փարիզյան նորաձև կին», Էնրիկո Չեկետի
  • 1903 - արքայադուստր, «Հրաշագործ հայելի», Մարիուս Պետիպա
  • 1907 - Էվնիկա, «Էվնիկա», Միխայիլ Ֆոկին
  • 10 մարտի, 1912 - թիթեռնիկ, «Թիթեռնիկներ», Միխայիլ Ֆոկին
  • 28 նոյեմբերի, 1915 - աղջիկ, «Էրոս», Միխայիլ Ֆոկին

ՀիշատակԽմբագրել

Մաթիլդա Կշեսինսկայան եղել է հետևյալ գրական ստեղծագործությունների հերոսը.

  • Վ. Ս. Պիկուլ. «Անմաքուր ուժ», քաղաքական վեպ, 1991:
  • Բորիս Ակունին. «Թագադրում», 2002:
  • Գենադի Սեդով. «Տիկին 17. Մաթիլդա Կշեսինսկայա և Նիկոլայ Ռոմանով», 2006:
  • Տ. Բրոնզովա. «Մաթիլդա. սեր և պար», 2013:

ՖիլմերԽմբագրել

  • «Մաթիլդա Կշեսինսկայա. երևակայություններ թեմայով» (1993)
  • «Կայսրության աստղը». ռուսական չորսսերիանոց ֆիլմ, 2007: Կշեսինսկայայի դերում` Վիկտորիա Սադովսկայա-Չիլապ
  • «Մաթիլդա», Ալեքսեյ Ուչիտելի գեղարվեստական ֆիլմը պարուհու և Նիկոլայ Ալեքսանդրովիչի սիրավեպի մասին: Նախապրեմիերային ցուցադրությունը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերին[8]: Մաթիլդայի դերում լեհ դերասանուհի Միխալինա Օլշանսկայան է:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 Кшесинская М. Воспоминания. — М., 1992.
  3. Ю. А. Бахрушин. Балеты Чайковского и их сценическая история. В сб.: «Чайковский и театр», стр. 115
  4. Ալեքսանդր Բենուա, Мои воспоминания. В пяти книгах. т. 1 и т. 2. Изд. второе, доп. М., Изд. «Наука» 1990. См. Том 2, с.366.
  5. Теляковский. Запись в дневнике от 24 октября 1911 года // Зильберштейн, Самков, 1982, Т. 2, С. 117.
  6. М. В. Родзянко. Крушение империи. — Гибель монархии. — М.: Фонд Сергея Дубова. — (История России и Дома Романовых в мемуарах современников. XVII-XX вв.).
  7. Миллиардер из России выставил на продажу особняк балерины Кшесинской
  8. «Никакой порнографии». Первые зрители о «Матильде» Алексея Учителя

Արտաքին հղումներԽմբագրել