Մարդուկ-Ջարդուկը (բալետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարդուկ-Ջարդուկը (այլ կիրառումներ)

Մարդուկ Ջարդուկը (ռուս.՝ Щелкунчик), Պյոտր Չայկովսկու բալետ՝ երկու գործողությամբ։ Լիբրետոն` Մարիուս Պետիպայի, ստեղծված՝ Էռնեստ Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» հեքիաթի ֆրանսերեն փոխադրության մոտիվներով, որը կատարել էր Ալեքսանդր Դյումա հայրը[1] 1844 թվականին, սակայն Թատերական հանրագիտարանը այն սխալմամբ վերագրում է Դյումա որդուն[1]։

Մարդուկ-Ջարդուկը
ռուս.՝ Щелкунчик
Տեսակchoreographic work?
Ժանրballet-féerie?
ԿոմպոզիտորՊյոտր Չայկովսկի
Լիբրետտոյի
հեղինակ
Մարիուս Պետիպա
Սյուժեի աղբյուրՄարդուկ-Ջարդուկը
Գործողությունների քանակ2
Ստեղծման տարեթիվ1892
Առաջնախաղի վայրՍանկտ Պետերբուրգ, Մարիինյան թատրոն
 The Nutcracker Վիքիպահեստում
Մաշայի վարիացան
Ծաղիկների վալսը

Պրեմիերան կայացել է 1892 թվականի դեկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Կլարայի և Ֆրիցի դերերը կատարել են Պետերբուրգյան Կայսերական թատերական ուսումնարանի սաները։
1982 թվականին հրապարակվել է Մարդուկ Ջարդուկը բալետից սյուիտը Ա. Ս. Արենսկու տառադարձությամբ դաշնամուրի համար, իսկ երկու տարի անց իր իսկ կողմից, հրապարակվել է ողջ բալետի պարտիտուրայի տառադարձությունը[2]։

Մարդուկ Ջարդուկը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Չայկովսկու հետագա աշխատանքներում։ Այն առանձնանում է բալետի ժանրից, ավանդույթներից երաժշտական կերպարների նորարարական կիրառմամբ։ Գլխավոր հերոսուհու անվան հետ կապված կան տարաձայնություններ։ Հոֆմանի ստեղծագործության մեջ աղջկա անունը Մարի է, իսկ Կլարան նրա սիրելի տիկնիկն է։ Այլ հրատարակություններում հերոսուհու անունը Կլարա է։

Ռուսաստոնում Առաջին համաշխարհային պատերազմի սկզբի (1914 թվական) և հայրենասիրական տրամադրության աճի հետ բալետի սյուժեն ենթարկվում է փոփոխման. գլխավոր հերոսուհին վերանվանվում է Մաշա։ Ընդ որում Ֆրիցի անունը պահպանվում է, քանի որ նա բացասական կերպար է։ Այս փոփոխությունը պահպանվել է մինչ օրս։

Ստեղծման պատմություն խմբագրել

1890 թվականին Չայկովսկին Կայսերական թատրոնների տնօրինությունից պատվեր ստացավ գրելու մեկ գործողությամբ օպերա և երկու գործողությամբ բալետ՝ բեմադրելու համար մեկ երեկույթի ընթացքում։ Օպերայի համար կոմպոզիտորն ընտրեց դանիացի գրող Հերցի «Ռենե արքայի դուստրը» («Իոլանտա») դրամայի, իսկ բալետի համար՝ գերմանացի գրող Էռնստ Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» հեքիաթի սյուժեները։ Հեքիաթն օգտագործվեց ոչ թե բնօրինակով, այլ ֆրանսերեն փոխադրությամբ, որը կատարել էր Ալեքսանդր Դյուման՝ վերնագրելով «Մարդուկ-Ջարդուկի պատմությունը»։ Չայկովսկին, իր եղբայր Մոդեստի վկայությամբ, ինքը նախ գրավոր կերպով ուրվագծում է «Մարդուկ-Ջարդուկի» սյուժեն՝ ըստ Վսեվոլոժսկու խոսքերի, որից հետո միայն սկսում է աշխատել լիբրետիստ Մարիուս Պետիպայի հետ, որը կազմեց մանրամասն ծրագիրը և բեմականացման ցուցումները։ Հայտնի վարպետը, որն այդ ժամանակ ռուսական մշակույթին ծառայում էր արդեն ավելի քան քառասուն տարի և բեմադրել էր բազմաթիվ ներկայացումներ, Չայկովսկուն տվեց մանրամասն խորհուրդներ, թե ինչ բնույթի պետք է լինի բալետի երաժշտությունը։ Կոմպոզիտորը ստիպված եղավ ընդհատել աշխատանքը 1891 թվականի գարնանը, երբ մեկնեց ԱՄՆ՝ մասնակցելու համար Կարնեգի Հոլլ համերգասրահի հանդիսավոր բացմանը։ Բայց Չայկովսկին ստեղծագործում էր նույնիսկ շոգենավի վրա, բայց, հասկանալով, որ տնօրինության սահմանած ժամկետում չի հասցնի ավարտել աշխատանքը, դեռևս Փարիզից նամակ է գրում Վսեվոլոժսկուն՝ խնդրելով հետաձգել «Իոլանտա»-յի և «Մարդուկ-Ջարդուկի» պրեմիերան մինչև հաջորդ համերգաշրջանը։ Եվ միայն նրա վերադարձից հետո աշխատանքը սկսեց ընթանալ ամբողջ թափով։ 1892 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Չայկովսկին ավարտեց և գործիքավորեց բալետի երաժշտությունը։ Մարտ ամսին «Ռուսական երաժշտական միության» սիմֆոնիկ համերգներից մեկի ժամանակ հնչեց բալետի սուիտը՝ իր իսկ Չայկովսկու ղեկավարմամբ։ Հաջողությունն աննկարագրելի էր. երաժշտական վեց համարներից հինգը կրկնակի կատարվեցին՝ հանդիսատեսի պահանջով։

Ծանր հիվանդացած Պետիպայի սցենարով և օգտակար խորհուրդներով «Մարդուկ-Ջարդուկի» բեմադրությունը կատարեց Մարիինյան թատրոնի երկրորդ բալետմաստեր Լև Իվանովը։ Վերջինս, որ 1852 թվականին ավարտել էր Պետերբուրգի թատերական ուսումնարանը, այդ ժամանակ դադարեցրել էր պարողի իր կարիերան և արդեն յոթ տարի աշխատում էր որպես բալետմաստեր։ Երաժշտական քննադատներն Իվանովի բեմադրության մասին գրում էին, որ բալետի երաժշտությունից չկա մի ռիթմ, մեկ տակտ, որը հագեցված չլինի պարով։

Բալետի փորձերը սկսվեցին 1892 թվականի սեպտեմբերի վերջերին, իսկ պրեմիերան կայացավ դեկտեմբերի 6 (18)-ին։ Քննադատները շատ հակասական կարծիքներ արտահայտեցին՝ դրվատելով կամ փնովելով այն։ Սակայն բալետի Մարիինյան թատրոնի բեմին մնաց ավելի քան 30 տարի։ 1923 թվականին ներկայացումը կրկին բեմադրվեց բալետմաստեր Ֆ. Լապուխովի կողմից։ Իսկ 1923 թվականին նա կերտեց բալետի նոր խորեոգրաֆիկ տարբերակը։ Բալետի նախնական սցենարում գլխավոր հերոսուհու անունը Կլարա էր, բայց խորհրդային տարիներին նրան սկսեցին անվանել Մաշա (Դյումայի փոխադրության մեջ աղջկա անունը Մարի էր)։

Երաժշտություն խմբագրել

Իր վերջին բալետում Չայկովսկին կրկին դիմում է այն թեմային, որը հանդիպում էր «Կարապի լիճ» և «Քնած դշխուհին» բալետներում, այսինքն՝ սիրո հաղթանակը չար ուժերի նկատմամբ։ Իսկ սրանում կոմպոզիտորն առավել առաջ է գնում՝ երաժշտության գործիքավորման ճանապարհին՝ այն հարստացնելով բոլոր հնարավոր արտահայտչամիջոցներով։ Զարմանալիորեն բնական կերպով այստեղ միահյուսվում են թատերականացումն ու խոր հոգեբանական արտահայտությունները։ 1-ին գործողության մեջ բեմում տոնածառի աճի հետ զարգանում է նաև երաժշտությունը, որը սկզբում հնչում է տագնապալից և ուրվականային՝ արտահայտելով մկների խառնաշփոթը և տարօրինակ գիշերային տեսիլքը։ Ապա այն աստիճանաբար ընդլայնվում է, ասես ծաղկելով, վերածվում է մի անսահման ջինջ մեղեդու։ Երաժշտությունը նրբորեն մարմնավորում է նաև հաջորդ տեսարանի իրադարձությունները՝ ժամապահի ցնծությունը, ապա թմբուկների զարկերը, զինվորների, թեկուզև խաղալիք, շարային քայլերթը, մկների զայրույթը, բախումների լարվածությունը և Մարդուկ-Ջարդուկի հրաշալի կերպարանափոխությունը։ Ձյան փաթիլների վալսը հիանալի կերպով փոխանցում են ցրտի, լուսնի շողերի խաղի տպավորություն, և միաժամանակ հերոսուհու խոսուն զգացմունքները՝ խորհրդավոր կախարդական աշխարհում։ 2-րդ գործողությունն իր մեջ ամփոփում է բազմազան պարեր. շոկոլադի պարը (կրակոտ իսպանական), սուրճի պարը (նուրբ և խաղաղ արևելյան), թեյի պարը (վառ արտահայտված, կոմիկական չինական տարրերով), ինչպես նաև ժողովրդական ոգով ռուսական պար՝ հովվուհիների նրբագեղ պարի ոճով։ Բալետաային ներկայացման 2-րդ գործողության կուլմինացիոն պահը հանրահայտ «Ծաղիկների պարը» վալսն է՝ իր ինքնատիպ մեղեդիով, սիմֆոնիկ բաժանումներով, շքեղությամբ և հանդիսավորությամբ։ Զարմանալիորեն նրբագեղ է փերի Դրաժեի պարը։ Քնարական է բալետի ավարտին հնչող ադաջիոն։

Գործող անձինք խմբագրել

  • Շտալբաում
  • կինը
իրենց երեխաները՝
  • Կլարա (Մարի, Մաշա), արքայադուստր
  • Ֆրից (Միշա)
  • Մարիաննա, զարմուհի
  • Դայակ
  • Դրոսելմեյեր
  • Մարդուկ Ջարդուկ, արքայազն
  • Փերի Դրաժե
  • Արքայազն Կոկլուշ
  • Տիկնիկ
  • Պայաց (ծաղրածու)
  • Մկների թագավոր
  • Կորդեբալետ՝ հյուրեր, հարազատներ, ծառաներ, դիմակներ, ծաղիկներ, խաղալիքներ, զինվորիկներ և այլն,,,

Լիբրետո խմբագրել

Նախաբան խմբագրել

Սուրբ Ծննդյան նախօրեին դոկտոր Շտալբաումի գեղեցիկ տանը հյուրեր են հավաքվում։ Աղջիկները՝ տիկնիկներով, տղաները՝ խաղալիք թրերը ձեռքներին հետևում են մեծահասակներին։

Առաջին գործողություն խմբագրել

Մարին և Ֆրիցը, ինչպես նաև մյուս երեխաները, անհամբեր սպասում են նվերների։ Հյուրերից վերջինը ժամանում է Դրոսելմեյերը։ Նրա՝ խաղալիքներին կենդանացնելու ընդունակությունը, ոչ միայն զվարճացնում, այլ նաև վախեցնում է երեխաներին։ Դրոսելմեյերը հանում է դիմակը. Մարին և Ֆրիցը ճանաչում են իրենց սիրելի կնքահորը։ Մարին ցանկանում է խաղալ տիկնիկներով, բայց ցավով իմանում է, որ բոլոր տիկնիկները հավաքված են։ Աղջկան հանգստացնելու համար կնքահայրը նրան նվիրում է Մարդուկ Ջարդուկ տիկնիկը։ Տիկնիկի դեմքի տարօրինակ արտահայտությունը զվարճացնում է աղջկան։ Ֆրիցը պատահաբար կոտրում է տիկնիկը, ինչը շատ տխրեցնում է Մարիին։ Նա իր արդեն սիրելի տիկնիկին դնում է քնելու։ Ֆրիցը ընկերների հետ մկների դիմակ է հագնում և սկսում վախեցնել Մարիին։

Տոնը ավարտվում է, և հյուրերը պարում են «Գրոսֆատեր» ավանդական պարը, որից հետո բոլորը գնում են տուն։ Մթնում է, և սենյակը, որտեղ գտնվում էր եղևնին, լցվում է լուսնի լույսով։ Մարին վերադառնում և գրկում է Մարդուկ Ջարդուկին։ Հայտնվում է Դրոսելմայերը։ Հիմա նա արդեն կնքահայր չէ, այլ բարի կախարդ։ Նա թափահարում է ձեռքը, և սենյակում ամեն ինչ սկսում է փոխվել։ Պատերը բացվում են, եղևնին սկսում է աճել, իսկ տոնածառի խաղալիքները կենդանանում են և դառնում զինվորիկներ։ Հանկարծ հայտնվում են մկներն՝ իրենց թագավորի առաջնորդությամբ։ Քաջ Մարդուկ Ջարդուկը զինվորներին տանում է մարտի։

Նա մկների թագավորի հետ մահացու մարտի է բռնվում։ Մարին տեսնում է, որ մկների զորքը իր թվով գերազանցում է զինվորիկներին, հուսահատված հանում է կոշիկը և ամբողջ ուժով նետում մկների թագավորի վրա, որն էլ վախենալով՝ իր զորքի հետ փախուստի է դիմում։ Զինվորիկների բանակը տոնում է հաղթանակը և Մարիին ուսերի վրա դրած՝ տանում են Մարդուկ Ջարդուկին մոտ։ Հանկարծ վերջինիս դեմքը սկսում է փոխվել, նա վերածվում է գեղեցիկ արքայազնի։ Մարին և կենդանի մնացած մյուս տիկնիկները հայտնվում են աստղային երկնքի և կախարդական տոնածառի տակ։ Նրաց շուրջը պտտվում են ձյան փաթիլները։

Երկրորդ գործողություն խմբագրել

Մարին և արքայազնը հիանում են աստղալից երկնքի գեղեցկությամբ, երբ հանկարծ մկների բանակը կրկին հարձակվում է, բայց այս անգամ ևս նրանք պարտվում են։ Բոլորը պարում և զվարճանում են, տոնում են մկների դեմ տարած հաղթանակը։ Իսպանական, արաբական և չինական տիկնիկները շնորհակալություն են հայտնում Մարիին իրենց կյանքը փրկելու համար։ Նրանց շուրջը պարում են փերիները։ Հայտնվում է Դրոսելմեյերը և կրկին փոխում ամեն ինչ։ Բոլորը պատրաստվում են Մարիի և արքայազնի հարսանյաց հանդեսին։ Մարին արթնանում է քնից, իսկ Մարդուկ Ջարդուկը դեռ նրա ձեռքում է։ Նա նստած է ծանոթ սենյակում։ Ավաղ դա ընդամենը մի հեքիաթային երազ էր...

Կա նաև, Ռուդոլֆ Նուրեյևի մշակած, բալետի ֆրեյդական տարբերակը։ Ըստ որի, արքայազնի հետ պարից հետո Մարին արթնանում է և պարզվում է, որ Մարդուկ Ջարդուկը երիտասարդացած Դրոսելմեյերն է։

Նշանակալից բեմականացումներ խմբագրել

Մարիինյան թատրոն խմբագրել

Մեծ թատրոն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Histoire d’un casse-noisette» (ֆր.)
  2. П. И. Чайковский Полное собрание сочинений. Литературные произведения и переписка. — М.: Музыка, 1978. — Т. XVI-A. — С. 313. — 376 с. — 6000 экз.
  3. Александр Сергеев