Հին աշխարհի յոթ հրաշալիքներ
Աշխարհի յոթ հրաշալիքներ (կամ Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ), վերաբերում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության հոյակապ համաշխարհային նշանակության կոթողներին։ Ներկայումս յոթ հրաշալիքներից կանգուն է միայն Քեոփսի բուրգը։
Պատմություն
խմբագրելՀրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, որը քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը, շուտով նրա հետ համաձայնվել են Փիլոն Բյուզանդացին, իսկ ավելի ուշ՝ Անտիպատրոս Սիդոնացին։ Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։
Հրաշալիքներ
խմբագրելԵգիպտական բուրգեր
խմբագրելԱշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։
Ալեքսանդրիայի փարոս
խմբագրելԵգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից)։
Զևսի արձան
խմբագրելՀունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։
Հռոդոսի կոթող
խմբագրելՀին եգիպտացիները և հին հույները իրենց աստվածների և արքաների համար քանդակում էին վիթխարի արձան, այդ հսկա քանդակներում մարմնավորելով նրանց մեծությունը։ Նման կոթողներին հույները կոլոսսուս էին անվանում։ Այս բառը հունարենից անցել է շատ ժողովուրդների, այդ թվում և ռուսներին, բայց արդեն կոլոսս (колосс-հսկա,վիթխարի) դարձած, որը գործածվում է հսկա արձանների կամ կոթողների համար։ Կոթողը կառուցվել է Հռոդոս կղզում, որը ժամանակին եղել է ծովային առևտրի ճանապարհների կենտրոնում․Միջերկրածովային աշխարհի, Եգիպտոսի, Փյունիկիայի և Սիրիայի հանգուցակետում։Հռոդոս նավահանգստում միշտ կանգնած են եղել առևտրական նավերը։ Հին աշխարհի այս նշանավոր կղզին իրականում անկախ պետություն էր։ Կղզում կենտրոնացված մեծ հարստությունը նպաստել էր կղզին զանազան արձաններով ու կոթողներով զարդարելուն։ Այդպիսի քանդակների թվին է պատկանում Լաոկոոնի հռչակավոր արձանախումբը։ Հռոդոսցիների կյանքը շատ բանով էր կապված ծովային առևտրի և նավագնացության հետ։ Նրանք հռչակված էին եղել որպես նավագնացներ։ Հռոդոսցիները իրենց քաղաքի պաշտպանությունը շատ լավ էին կազմակերպում, դրա ծնորհիվ էլ պատերազմում հաղթեցին եգիպտացիներին։ Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36 մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից, որի կառուցումը տևել է 12 տարի։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը, որպես մետաղ(բրոնզ)։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:Հին աշխարհում Հռոդոսյան կոթողի վրայով անցնող միջորեականը համարվում էր առաջին կամ գլխավոր միջորեականը։ Դա ընդունել էր նաև Պտղոմեոսը,հետագայում էլ արաբները։ Բայց 16-րդ դարում այդ միջորեականը տեղափոխել են Կանայան կղզիներ, ապա Փարիզ, իսկ 1884 թվականից սկսած՝ Գրինվիչ։
Շամիրամի կախովի այգիներ
խմբագրելՇամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։
Հալիկառնասի դամբարան
խմբագրելՀալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։
Արտեմիսի տաճար
խմբագրելՄյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։
Աշխարհի նոր 7 հրաշալիքները
խմբագրել2007 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ՝ Պետրան, Չինական մեծ պարիսպը, Հռոմի Կոլիզեումը, Չիչեն-Իցա, Մաչու-Պիկչու քաղաքները, Թաջ Մահալ դամբարանը և Հիսուս Քրիստոսի արձանը՝ Բրազիլիայում։ Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ։
Պետրա
խմբագրելՊետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր։ Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամբ՝ ժայռերի մեջ։ Մ. թ. ա. 6-րդ դարից քաղաքը կորցրել է իր նշանակությունը։ Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ, դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ։
Չինական մեծ պարիսպը
խմբագրելՉինական մեծ պարիսպը վիթխարի հուշարձան է, որը 2450 կմ երկարությամբ (ճյուղավորումներով՝ 6–6, 5 հզ. կմ) ձգվում է արևելքից արևմուտք, բարձրությունը 6, 6 մ է։ Պարսպի սկզբնահատվածները կառուցվել են մ. թ. ա. 4-3-րդ դարերում, իսկ Չինաստանի միավորումից (մ. թ. ա. 221 թվական) հետո կանգնեցվել է պաշտպանական հոծ պատը։
Կոլիզեում
խմբագրելԿոլիզեումը հինհռոմեական ճարտարապետական հուշարձան է՝ 50-հզր տեղանոց ամֆիթատրոն. կառուցվել է 75–80 թթ-ին։ Նախատեսված էր գլադիատորների մարտերի և ներկայացումների համար։ Պահպանվել է Կոլիզեումի մի մասը։
Չիչեն-Իցա
խմբագրելՉիչեն-Իցա քաղաքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան թերակղզում, մայա ժողովրդի քաղաքական և մշակութային կենտրոնն էր։ Հավանաբար հիմնադրվել է 8-րդ դարում։ 11-րդ դարի կեսից Չիչեն-Իցան տոլտեկների պետության մայրաքաղաքն էր, որը 1178 թվականին ավերել են Մայապան, Ուշմալ և Իցմալ քաղաք-պետությունները։ Բազմաթիվ պեղումներով բացվել են քաղաքի հուշարձաններից մի քանիսը՝ Կուկուլկանի տաճարը (24 մ բարձրությամբ իննաստիճանի բուրգ է), Հովազների տաճարը, Զինվորների տաճարը, Կարակոլ աստղադիտարանը, գնդակախաղի 7 ստադիոն և այլն։ Պահպանվել են նաև աստվածների ոճավորված արձաններ, հարուստ զարդապատկերներով բարձրաքանդակներ։
Մաչու-Պիկչու
խմբագրելՄաչու-Պիկչու քաղաքը, որ ներկայիս Պերուի տարածքում է, հայտնի է նաև «Ինկերի կորած քաղաք» անունով, իսկ բառացի նշանակում է «հին գագաթ»։ Կառուցել է ինկերի տիրակալ Պաչակուտեկը 1440 թ-ին, գոյատևել է մինչև 1532 թ.։ Շուրջ 400 տարի այդ քաղաքը մոռացված էր։ 1911 թվականին հայտնաբերել է ամերիկացի հետազոտող, Եյլի համալսարանի պրոֆեսոր Հայրեմ Բինգհեմը։
Թաջ Մահալ
խմբագրելԹաջ Մահալը (հայերեն՝ Թագի պալատ) Ջահան շահի կնոջ դամբարանն է (այնտեղ հետագայում թաղվել է նաև Ջահան շահը), կառուցվել է 1630–1652 թվականներին՝ Ջամնա գետի ափին՝ Ագրայի մոտ։ 74 մ բարձրությամբ հինգգմբեթանի շենք է՝ կից պարտեզով։
Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո դե Ժանեյրո)
խմբագրելՀիսուս Քրիստոսի արձանը Ռիո դե Ժանեյրո քաղաքի մերձակայքում է՝ Կորկովադու լեռան վրա՝ ծովի մակերևույթից 704 մ բարձր։ Կառուցվել է 1922–1931 թվականներին, բարձրությունը 37 մ է։ Հեղինակներն են Հեիտոր դա Սիլվան և Պոլ Լանդովսկին։ Վերջին 75 տարում 2 անգամ նորոգվել է։
Պատկերներ
խմբագրելՀրաշալիք | Կառուցում | Կառուցող | Ավերում | Ավերման պատճառ | Ներկայիս տեղադրություն |
---|---|---|---|---|---|
Քեոփսի բուրգ | Մ.թ.ա. 2580–մ.թ.ա. 2560 | Եգիպտացիներ | Կանգուն | Կանգուն | Գիզա, Եգիպտոս |
Շամիրամի կախովի այգիներ | Մոտ մ.թ.ա. 600 | Բաբելոնացիներ | Մ.թ.ա. 1-ին դարից հետո | Երկրաշարժ | Իրաք |
Արտեմիսի տաճար | Մոտ մ.թ.ա. 550 | Լիդիացիներ, հին Հույներ | Մ.թա. 356 (Հերոստրատի կողմից) մ.թ. 262 (գոթերի կողմից) |
Հրդեհ | Թուրքիա |
Զևսի արձան | Մ.թ.ա. 466–մ.թ.ա. 456 (տաճար); մ.թ.ա. 435 (արձան) | Հին հույներ | Մ.թ. 5-6-րդ դարեր | Հրդեհ | Օլիմպիա, Հունաստան |
Հալիկառնասոսի դամբարան | Մ.թ.ա. 351 | Կարիցիներ, հին հույներ | Մոտ մ.թ. 1494 | Երկրաշարժեր | Թուրքիա |
Հռոդոսի կոթող | Մ.թ.ա. 292–մ.թ.ա. 280 | Հին հույներ | Մ.թ.ա. 226 | Երկրաշարժեր | Հռոդոս, Հունաստան |
Ալեքսանդրիայի փարոս | Մոտ մ.թ.ա. 280 | Պտղոմեոսյան Եգիպտոս, հին հույներ | Մ.թ. 1303–1480 | Երկրաշարժ | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հին աշխարհի յոթ հրաշալիքներ կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 485)։ |