Արտեմիսի տաճարը Եփեսոսում

(Վերահղված է Արտեմիսի տաճարից)

Արտեմիսի տաճար հունական աստվածուհի, Արտեմիսին (բնության, լուսնի և որսի աստվածուհի) նվիրված տաճար Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Սկսվել է կառուցվել մ.թ.ա. 550 թվականին։ Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է։

Արտեմիսի տաճարի վերականգնված մանրակերտը

Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա. 450 թվականին։ Ինչպես հաղորդում է հույն պատմիչ Ստրաբոնը, տաճարը նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնը, ով հասցրել է կառուցել պատը և սյունաշարը։ Նրա մահից հետո նրա գործը շարունակել են այնպիսի հայտնի ճարտապետներ, ինչպիսիք էին Մետագենեսը, Վիտրուվիոսը։ Տաճարի կառուցումը ավարտել են ճարտարապետներ Պայոնիոսն ու Դեմետրիոսը։ Արտեմիսի տաճարի երկարությունը 115 մետր էր, լայնությունը՝ 55 մետր։ Տանիքը հենվում էր 127 սյուների վրա, որոնք դասավորված էին 8 շարքով, իսկ սյուների բարձրությունը 18 մետր էր։ Ենթադրվում է, որ այն եղել է հունական առաջին տաճարը։ Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ։ Պատմիչները վկայում են, որ տաճարը շքեղ զարդարված է եղել, սակայն բուն զարդարանքի նկարագրությունը չի պահպանվել։ Հայտնի է,որ քանդակները ստեղծել են հույն հռչակավոր քանդակագործներ՝ Հունաստանի տարբեր վայրերից, իսկ Արտեմիս աստվածուհու արձանը կերտվել է ոսկուց և փղոսկրից։ Արտեմիսի տաճարը դարձել է Եփեսոս քաղաքի ամենանշանավոր վայրը։ Տաճարը միաժամանակ եղել է նաև Եփեսոսի ֆինանսական ու գործարար կենտրոնը։ Այն ղեկավարում էին մի խումբ քրմեր, որոնք ենթակա չէին Եփեսոս քաղաքի իշխանություններին։

Համաձայն պահպանված ավանդության, երբ ծնվել է նշանավոր զորավար Ալեքսանդր Մակեդոնացին՝ Մ.թ.ա. 356 հուլիսի 26-ին թվականին Արտեմիսի տաճարն այրվել է։ Ավանդության համաձայն՝ Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատես, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհեց այն։ Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը։ Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով։

 

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմիսի տաճարը Եփեսոսում» հոդվածին։