Մաչու Պիկչու (/ˈmɑː ˈpk/[1][2][3][4][5][6] կամ /-ˈp/[3][7][8], Իսպաներեն արտասանություն՝ [ˈmatʃu ˈpi(k)tʃu][9], կեչուա՝ Machu Pikchu[10], թարգմանաբար «հին գագաթ»[11]), քաղաք հին Ամերիկայում, գտնվում է ժամանակակից Պերուի տարածքում` Ագուաս Կալիենտես ավանից 6 կմ հեռու[12]։ Տեղակայված է լեռնաշղթայի գագաթին՝ ծովի մակերևույթից 2500 մետր բարձրության վրա[13][14], իշխում է Ուրուբամբա գետի հովտի վրա։ 2007 թվականին արժանացել է Աշխարհի նոր յոթ հրաշալիքներ կոչմանը[15]։

Հին Մաչու Պիկչու քաղաքի ավերակներ
Historic Sanctuary of Machu Picchu*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Պերու Պերու
Տիպ խառը
Չափանիշներ i, iii, vii, ix
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Լատինյան Ամերիկա
և Կարիբներ
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1983  (7-րդ նստաշրջան)
Համար 274
Մաչու Պիկչու (Պերու)##
Մաչու Պիկչու (Պերու)
Մաչու Պիկչու (Հարավային Ամերիկա)##
Մաչու Պիկչու (Հարավային Ամերիկա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Մաչու Պիկչուն անվանում են «քաղաք ավերակներում» կամ «քաղաք ամպերի մեջ», ինչպես նաև «ինկերի կորուսյալ քաղաք»։ Որոշ հնագետներ ենթադրում են, որ այս քաղաքը ստեղծել է ինկերի մեծն տիրակալ Պաչակուտեկը՝ որպես լեռնային սուրբ ապաստան, իր կայսրության նվաճումից հարյուրամյակ առաջ, այսինքն՝ մոտավորապես 1440 թվականին[16], և գործել է մինչև 1532 թվականը, երբ իսպանացիները ներխուժեցին ինկերի կայսրության տարածք[17]։ Սակայն իսպանացի կոնկիստադորները այդպես էլ չհասան Մաչու Պիկչու։ Քաղաքը չի ավերվել։ Անհայտ են այս քաղաքի կառուցման նպատակը, բնակչության թիվը, և նույնիսկ իրական անվանումը։ 1532 թվականին քաղաքի բոլոր բնակիչները խորհրդավոր կերպով անհետացան։ Մաչու Պիկչուի նմանությամբ բարձրալեռնային Չոկեկիրաո քաղաքը գոյատևել է ավելի երկար՝ մինչև 1570-ական թվականները։

Պատմություն խմբագրել

 
Արևի տաճարը Մաչու Պիկչուում
 
Ինկերի չականա, 3 պատուհանների տաճարը Մաչու Պիկչուում

Պաչակուտեկի կողմից կառուցվելով որպես կայսրության աթոռանիստ, ինչպես նաև պատմության մեջ իր անունը հավերժացնելու նպատակով, Մաչու Պիկչուն դարձել է երրորդը այդպիսի գահանիստ-տաճարների շարքում։ Ենթադրվում է, որ քաղաքում և դրա շուրջը ապրել է մոտ 1200 մարդ, ովքեր այնտեղ երկրպագում էին Արևի աստված Ինտիին, մշակում նոր հողեր և կառուցում քաղաքներ։

Ավելի քան 400 տարի այս քաղաքը եղել է մոռացված և ամայի։ Այն հայտաբերել է ամերիկացի հետազոտող, Եյլի համալսարանի պրոֆեսոր Հայրամ Բինգհեմը 1911 թվականի հուլիսի 24-ին[18]։ Կառավարության կողմից ընտրված պահակախմբի և տեղաբնիկ մի տղա ուղեկցորդի ուղեկցությամբ հասնելով այնտեղ՝ նա հայտնաբերեց այնտեղ ապրող գյուղացիներին[19]։ Վերջիններս պատմեցին պրոֆեսորին, որ իրենք այնտեղ ապրում են «ազատ, առանց անցանկալի այցելուների, պաշտոնյաների, «կամավորներին» բանակ զորակոչողների կամ հարկեր հավաքողների»։ Բացի այդ, այնտեղ արդեն եղել էին տեսարժան վայրերի սիրահարներ, ովքեր գրանիտե պատերին ածուխով թողել էին իրենց անունները։

Ամերիկացի հետազոտողներ Ռիչարդ Բյուրգերը և Լյուսի Սալազարը Եյլի համալսարանից, հիմնվելով 16-րդ դարի իսպանական ժամանակագրության նյութերի վրա, առաջ քաշեցին այն ենթադրությունը, որ սա եղել է Պաչակուտեկի ձմեռային նստավայրը։ Ամառվա ընթացքում՝ անձրևների ժամանակ, քաղաքում ամենայն հավանականությամբ, մնում էր ոչ ավելի, քան 200 մարդ։ Ավելի ուշ՝ ինկերի կայսրության փլուզումից հետո, քաղաքը կորցրեց իր նշանակությունը, և բնակիչները ընդմիշտ լքեցին այն։

Անդյան մշակույթի կրողները մինչ այսօր էլ Մաչու Պիկչուն համարում են անցյալի հզոր քաղաքակրթության հետ իրենց կապի խորհրդանիշը, պատմության մի մասը, որը նվաճողները չեն կարողացել ջնջել իրենց հիշողությունից։

Ճարտարապետություն խմբագրել

Մաչու Պիկչուն իր փոքր չափսերով չի կարող հավակնել խոշոր քաղաքի դերին․ այնտեղ կա ոչ ավելի, քան 200 կառույց։ Դրանք հիմնականում տաճարներ են, նստավայրեր, պահեստներ և հասարակական կարիքների բավարարմանն ուղված այլ շինություններ։ Մեծ մասամբ կառուցված են լավ մշակված քարերից, իրար սերտ հարմարեցրած սալաքարերից։

Մաչու Պիկչուն ունի շատ հստակ կառուցվածք։ Հարավ-արևմուտքում նկատելի է պալատական շինությունների համալիրը։ Քարերը, որոնցով դրանք կառուցված են, մշակված են այնքան մանրակրկտորեն, որ վստահորեն կարելի է ասել․ դրանք չեն կառուցել այն նույն վարպետները, որոնք կառուցել են մնացած շինությունները։ Հնարավոր է, որ դրանք օգտագործվել են որպես կացարան բարձրաստիճան պաշտոնյաների և աստիճանավորների համար։

Բազմանկյուն կառույցը մասնագետների վրա տպավորություն է գործում իր գրանիտե աղյուսների ճշգրիտ տեղադրությամբ։ Այն նման է Երկրի հակառակ հատվածում՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Ալաջա Հյույուկին[20]։

Արևմտյան մասում վեր է խոյանում գլխավոր տաճարը՝ զոհաբերությունների մատուցման համար նախատեսված զոհասեղանով։ Դրա դիմաց բնակելի թաղամաս է՝ խիտ կառուցված երկհարկանի տներով։ Դրանց միջև լաբիրինթոսի նման նեղ փողոցներ ու աստիճաններ են, որոնք հաճախ հասցնում են փակուղու կամ անդունդի վրա կախված ճանապարհների։

Մաչու Պիկչուի հարավ-արևելյան վերջավորությունում որմնադիրները կառուցել են երկու տպավորիչ կառույց՝ կիսաշրջանաձև աշտարակ և նրան կից շինություն, որոնք Բինգհեմը համարում էր «վարպետ-նկարիչների» աշխատանք։

Այս աշտարակի նմանությունը Կուսկոյի Արևի տաճարի շրջանաձև հատվածին ստիպեց նրան իր հայտնագործությանը տալ նույն անունը։ Աշտարակից և նրան կից կառույցներից բաղկացած համալիրը, որը հետագայում պերուացիների կողմից միջնադարյան ամրոցի նմանությամբ կոչվեց Էլ-Տորեոն («բաստիոն»), ենթադրաբար ծառայել է միաժամանակ իբրև ոչ մեծ ամրոց և տաճար[21]։ Աշտարակը կառուցվել է բնական անձեռնմխելի ժայռի կտորի շուրջը, որը տաշվել է և վերածվել զոհասեղանի։ Աշտարակի տակ գտնվում է քարանձավ։ Բինգհեմը ենթադրում էր, որ այնտեղ գտնվում են ինկերի կառավարիչների մումիաները, բայց գիտնականների կարծիքով դա ավելի շատ եղել է ծիսական որոշակի արարողությունների անցկացման վայր, հատկապես, որ դրանից ոչ հեռու հայտնաբերվել է ինկերի սուրբ խաչը՝ չականան։ Արքայադստեր տան դիմացի սանդուղքը տանում է դեպի աշտարակ, որի պատուհաններից բացվում է տեսարան դեպի ներքևում փռված հովիտը։ Այդ ապակիները ամենայն հավանականությամբ քրմերի կողմից օգտագործվել են ձմեռային արևակայության ժամանակ արևի տեղաշարժը դիտելու համար։

Սուրբ հրապարակը ենթադրաբար եղել է Մաչու Պիկչուի կրոնական կենտրոնը։ Հարթ հրապարակի հյուսիսիային մասում խոյանում էր սպիտակ գրանիտից («մարդկային հասակից բարձր, ցիկլոպյան չափերի հասնող աղյուսներից») կառուցված եռապատ շինություն[22]։

Տաճարի արևմտյան պատին կից «Զարդարված սենյակ» անվանումով փոքր փակ շինությունը հանդիսանում է ինկ որմնադիրների վարպետության վառ ապացույցը․ հիմքի 2 հսկայական աղյուսները, որոնք բաժանված են 32 եռաչափ բարձրության, սերտորեն հարում են հարևան քարաբեկորներին։ Հրապարակի արևելյան մասում տեղակայված է «3 պատուհանների տաճարը»։ Այս 3 սեղանաձև պատուհանները, որոնք նայում են դեպի արևելք, կողքերում ունեն նույն չափերի «կույր պատուհաններ», որոնք կարող էին ծառայել որպես որմնախորշեր։ Ըստ տեղի պատմական ժամանակագրության՝ ինկերի առաջին կառավարիչը հրամայել է տաճարը կառուցել այն նույն վայրում, որտեղ ինքը ծնվել է՝ Տամբո տոկոյում, ընդ որում, այն պետք է ունենար 3 պատուհան, որոնք խորհրդանշում էին քարանձավը՝ «հայրական կողմից իր նախնիների տունը, որտեղից նա իմացել է իր ծագումը»։ Բինգհեմը կարծում էր, որ հենց այստեղ է գտնվում այդ վայրը։ Սակայն այս ենթադրությունը հակասում է այն ստույգ վկայություններին, որ Մաչու Պիկչուի ճարտարապետական ոճը բնորոշ է ինկերի կառավարության ուշ շրջանին։

Սուրբ հրապարակից կարելի է հասնել ժայռի գագաթին։ Այնտեղ է գտնվում մեծ բազմանկյուն քարը`«ինտիուատանան» կամ «այն վայրը, որտեղ կապված է արևը» (գեղարվեստական թարգմանությամբ «ինտի» նշանակում է «արև», «ուատա»՝ «կապել»)։ Բինգհեմը ենթադրում էր, որ ինկերը այստեղ խորհրդանշորեն «կապել» են արևը, որպեսզի այն իրենցից չփախչի ձմեռային արևակայության ժամանակ[23]։ Նա գրում է․

  Այն քրմերը, ովքեր կարողանում էին հունիսի 21-ին կամ 22-ին կանգնեցնել արևի շարժումը և այն «կապել» տաճարներից մեկի քարե սյանը, արժանանում էին ինկերի առանձնահատուկ հարգանքին և պատվին։  

Այս ժայռափոր քարը կարող էր լինել նաև արևային աստղադիտարան, որտեղ քրմերը որոշում էին ցանքի կամ բերքահավաքի լավագույն ժամանակը՝ աշնանային և գարնանային գիշերահավասարների ժամանակ հետևելով արևի ստվերների անհետացմանը։ Քրմերը քարը ծածկում էին ծաղիկների և խոտերի կույտերով, մասնավորապես՝ «ինտի-ռայմի»-ի ժամանակ` հունիսին և դեկտեմբերին, կազմակերպում էին Արևի տոները։ Մաչու Պիկչուի բնակիչները, ըստ երևույթին, հավաքվում էին «ինտիուատանայի» մոտ, որտեղ մի քանի օր շարունակ անցկացվում էին կրոնական ծիսակատարություններ, երգում էին և աղոթում։

Ճանապարհը Մաչու Պիկչուից դեպի Կուսկո ինկ շինարարների արվեստի յուրահատուկ օրինակ է։ Նույնիսկ անձրևների ժամանակ ճանապարհը լավ վիճակում է։ Ամբողջ կայսրությունը պատված էր շուրջ 40000 կմ երկարությամբ հաղորդակցական կապերով։ Ինկերի պետության ճանապարհները նախ և առաջ ունեին ռազմավարական նշանակություն․ դրանցով պետք է անցնեին զորքերը։ Բացի այդ, դրանք նպաստում էին կայսրության բոլոր շրջանների միջև մշակույթների փոխանակությանը։ Ճանապարհների շնորհիվ մարդիկ իրարից սովորում էին կերամիկայի արվեստ, ջուլհակություն, մետաղի մշակում, ճարտարապետություն և շինարարություն։

Ինկերը չգիտեին անիվի մասին, և լեռնային ճանապարհները հիմնականում աստիճանաձև էին։ Այն ճանապարհները, որոնք անցնում էին օվկիանոսի ափով, երկու կողմից պատում էին կավե պատերով արևից, քամուց և ավազից պաշտպանելու նպատակով։ Գետերի վրայով կառուցում էին քարից կամ պարանից պատրաստված կախովի կամուրջներ, որոնք ինկերի համար համարվում էին սուրբ իրեր․ կամուրջը վնասողին սպասվում էր մահ։

Շինարարության համար այսպիսի անհարմար վայրում քաղաք կառուցելու համար պահանջվում էր անհավանական վարպետություն։ Ճարտարապետ-շինարար Քենետ Ռայթի և հնագետ Ալֆրեդո Սեգարի կարծիքով շինարարության մեջ ծախսված ջանքերի կեսից ավելին ներդրվել է տարածքի նախապատրաստման, ցամաքեցման և հիմքի կառուցման գործում։ Զանգվածային հենարանային պատերը և աստիճանավոր տեռասաները ավելի քան 500 տարի պահում են քաղաքը՝ թույլ չտալով, որպեսզի անձրևներն ու սողանքները վնասեն այն։

Փաստեր Մաչու Պիկչուի մասին խմբագրել

  1. Քաղաքի ստույգ անվանումը հայտնի չէ․ Մաչու Պիկչուն մականունն է։
  2. Քաղաքում, որտեղ ապրել է ավելի քան 1000 մարդ, տները կառուցված էին անգղի՝ ինկերի կենդանիներից մեկի կառուցվածքով։
  3. 2012 թվականին հնէաբանները հայտնաբերեցին ստորգետնյա սենյակներ, որոնք ունեին գաղտնի մուտք։ Ենթադրվում է, որ այնտեղ պահվում էր ինկերի հայտնի ոսկին։

Ներկայիս վիճակ խմբագրել

 
Մաչու Պիկչուի սարահարթը և դրան կից սերպանտինը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելուց հետո Մաչու Պիկչուն դարձավ զանգվածային զբոսաշրջության կենտրոն։ 2011 թվականին որոշում կայացվեց սահմանափակել այցելուների քանակը։ Նոր կանոններով օրական միայն 2500 զբոսաշրջիկ կարող է այցելել Մաչու Պիկչու, և նրանցից միայն 400-ը կարող է բարձրանալ հնագիտական համալիրի մասը կազմող Ուայնա Պիկչու լեռը։ Հուշարձանը պահպանելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջում է կրճատել զբոսաշրջիկների քանակը՝ դարձնելով օրական մինչև 800 մարդ։

Մաչու Պիկչուն գտնվում է դժվարամատչելի վայրում։ Տուրիզմը խթանելու նպատակով Կուսկոյից Օլյանտայտամբոյի միջով դեպի հարևան Ագուաս-Կալյենտես կառուցվել է երկաթուղի։ Օլյանտայտամբոյից դեպի Մաչու Պիկչու օրական գնում է 10-ից ավելի գնացք։ Ագուաս-Կալյենտես երկաթուղային կայարանից դեպի Մաչու Պիկչու ավտոբուս է գնում, որը հաղթահարում է գալարաձև կտրուկ վերելքը։ Զբոսաշրջիկների հոսքը սահմանափակելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեմ է արտահայտվել ճոպանուղու կառուցմանը։ 2004 թվականին երկրաշարժի արդյունքում երկաթգիծը էապես վնասվել է, սակայն վերակառուցվել է։

2010 թվականի հունվարին հորդառատ անձրևների արդյունքում քանդված ճանապարհների պատճառով ավելի քան 2000 տեղաբնիկ և 2000 զբոսաշրջիկ չի կարողացել հեռանալ Ագուաս-Կալյենտեսից։ Մարդկանց հնարավոր եղավ դուրս բերել ուղղաթիռների միջոցով, իսկ Մաչու Պիկչուն ժամանակավորապես փակվեց մինչև 2010 թվականի ապրիլի 1-ը։

Ուրուբամբա գետի երկարությամբ պահպանվել է ինկերի՝ Մաչու Պիկչու տանող սկզբնական ոլորապտույտ ճանապարհը, որով արշավ կատարելու համար պահանջվում է մի քանի օր։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 35-րդ նստաշրջանի ժամանակ որոշում կայացվեց 2012 թվականի փետրվարի 1-ից հին քաղաքը հանել համաշխարհային ժառանգության օբյեկտների շարքից, քանի որ այն գտնվում է վտանգի տակ։ Դրա հետ մեկտեղ կոմիտեն չի հրաժարվում քաղաքի վիճակի հետագա բարելավմանը նպաստող գործողություններից, և անհրաժեշտ է համարում հետևել «այս անկլավի էվոլյուցիային»[24]։

Մաչու Պիկչուն գրականության մեջ և կինոյում խմբագրել

  • 1954 թվականին Paramount Pictures ընկերությունը նկարահանել է «Ինկերի գաղտնիքը» ֆիլմը։ Նկարահանումներն իրականացվել են Կուսկոյում և Մաչու Պիկչուում։ Դա հոլիվուդյան խոշոր ընկերության առաջին աշխատանքն էր այդ վայրերում։ Նկարահանումներին մասնակցել է 500 հնդկացի[25]։
  • Չիլիացի պոետ Պաբլո Ներուդան 1943 թվականին Մեքսիկայից Չիլի գնալիս այցելել է Մաչու Պիկչու։ Այս այցելությունից ստացած տպավորությունները հիմք հանդիսացան «Մաչու Պիկչուի բարձունքները» բանաստեղծական շարքի ստեղծման համար։
  • «Մոտոցիկլիստի օրագիրը։ Չե Գևարա» ֆիլմում երիտասարդ Չե Գևարան Հարավային Ամերիկայով ճամփորդության ընթացքում իր ընկերոջ՝ Ալբերտո Գրանադայի հետ այցելում է Մաչու Պիկչու[26]։
  • Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմում գլխավոր հերոսի նախապատմության մեջ հիշատակվում է Մաչու Պիկչուն։
  • «Սիմփսոնները» ֆիլմի 20-րդ եթերաշրջանում ամբողջ ընտանիքը՝ բացի Բարթ Սիմփսոնից, «պատահաբար» այցելում է Մաչու Պիկչու։
  • «Մոնտե Կառլո» ֆիլմում (2011), որտեղ գլխավոր դերում հանդես են գալիս Սելենա Գոմեսը, Լեյտոն Միստրը և Քեթի Քեսիդին, նույնպես հիշատակվում է Մաչու Պիկչուն։
  • Քաղաքը հիշատակվում է նաև «Սարսափելի գեղեցիկ» ֆիլմում։
  • «Орёл & решка» հեռուստանախագիծը 3-րդ եթերաշրջանում այցելել է Մաչու Պիկչու։
  • «Կյանքը սեր է» բրազիլական սերիալում գլխավոր հերոսներ Պալոման և Նինյուն հանդիպում են Մաչու Պիկչուում։
  • Ամերիկյան «The Strokes» խմբի «Angles» ալբոմի առաջին երգը կոչվում է«Machu Picchu»:
  • «Plants vs. Zombies 2: It’s About time» խաղում կա ժամանակ «Լքված քաղաք» անունով, որը ուղիղ հղում է Մաչու Պիկչուին։
  • «Թեդ Ջոնսը և Լքված քաղաքը» մուլտֆիլմում գլխավոր հերոսները պրոֆեսոր Լավրովին գտնելու նպատակով ուղևորվում են դեպի Մաչու Պիկչու։
  • Մաչու Պիկչուն կարելի է հանդիպել նաև «Ճանապարհորդելու արվեստը» (անգլ.՝ «The Art of Travel») ֆիլմում։
  • Արգենտինական «Խռովարար ոգի» սերիալում գլխավոր հերոսուհի Մարիցան այցելում է Մաչու Պիկչու։
  • «Sid Meier’s Civilization V» խաղում որպես ձեռակերտ հրաշք կարելի է կառուցել Մաչու Պիկչուն։

Համայնապատկեր խմբագրել






Ծանոթագրություններ խմբագրել

  1. Columbia Electronic Encyclopedia
  2. Collins English Dictionary, British and American English
  3. 3,0 3,1 American Heritage Dictionary
  4. Random House Dictionary
  5. BBC Pronunciation Unit
  6. Vocabulary.com
  7. Merriam-Webster Online Dictionary
  8. Oxford Living Dictionaries Արխիվացված 2018-07-05 Wayback Machine, British English
  9. Pronounced without /k/ by most Spanish speakers, but pronounced as spelled (with /k/) by experts and, for example, in carefully edited documentaries such as Netflix's Perú: Tesoro escondido)
  10. Nonato Rufino Chuquimamani Valer, Carmen Gladis Alosilla Morales, Victoria Choque Valer: Qullaw Qichwapa Simi Qullqan. Lima, 2014 p. 70
  11. Teofilo Laime Ajacopa, Diccionario Bilingüe, Iskay simipi yuyayk'ancha, Quechua – Castellano, Castellano – Quechua.
  12. escale.minedu.gob.pe – UGEL map of the Urubamba Province (Cusco Region)
  13. "UNESCO advisory body evaluation" (PDF).
  14. UNESCO World Heritage Centre.
  15. «Home | Creating Global Memory». New7Wonders of the World (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  16. Burger, Richard L.; Salazar, Lucy C. (2004). Machu Picchu: Unveiling the Mystery of the Incas (անգլերեն). Yale University Press. ISBN 0300097638.
  17. Burger, Richard L.; Salazar, Lucy C. (2004). Machu Picchu: Unveiling the Mystery of the Incas. Yale University Press. ISBN 0300097638.
  18. Bingham, Hiram (1952). Lost City of the Incas. Weidenfeld & Nicolson. pp. 112–135. ISBN 9781842125854.
  19. Wright & Valencia Zegarra 2001, p. 1.
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  21. Стингл М.; пер. с чешск. Г.П. Нещименко. Государство инков. Слава и смерть "Сыновей Солнца" = Slava a smrt Synu Slunce / Терехов В.П.. — М.: Прогресс, 1986. — С. 229.
  22. Wright & Valencia Zegarra 2000.
  23. Bingham, Hiram (16 December 2010). Lost City of the Incas. Orion. ISBN 978-0-297-86533-9.
  24. «Мачу-Пикчу исключат из списка всемирного наследия ЮНЕСКО». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  25. «Production Notes – Secret of the Incas». TCM Database. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  26. Excerpted Clip of Machu Picchu from the film The Motorcycle Diaries directed by Walter Salles, distributed by Focus Features, 2004

Արտաքին հղումներ խմբագրել