Հարցհանգիստ
Հարցհանգիստ (Չովդար, ադրբ.՝ Çovdar), նախկին հայկական բնակավայր, ներկայիս ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանական Հանրապետության Դաշկեսանի շրջանում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Հարցհանգիստ (Չովդար) | ||
ադրբ.՝ Çovdar | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Դաշկեսանի շրջան | |
Համայնք | Ելիզավետպոլի գավառ և Դաշկեսանի շրջան | |
Բնակչություն | 65 մարդ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 1989թ․) Ադրբեջանցիներ (1989թ․-ից հետո) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև 1989թ․) Իսլամ (1989թ․-ից հետո) | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
| ||
Անուն
խմբագրելԲնակավայրի պատմական անունը Հարցհանգիստ է։ Գյուղն այդ անվանաձևով է նաև բազմիցս հիշատակվել դարեր առաջ ստեղծված ձեռագրերում[1]։
Գյուղի անվան ծագման վերաբերյալ տեսակետներից մեկի համաձայն, բնակավայրի անունը՝ Հարցհանգիստ, այսինքն՝ Հարանց (հայերի) գերեզման, կապ ունի գյուղի հարավ-արևմտյան կողմի լեռան վրա գտնվող հայկական նախաքրիստոնեական և քրիստոնեական գերեզմանների հետ[1][2]։
Ադրբեջանցիները բնակավայրն անվանում են Չովդար, որը թարգմանաբար նշանակում է անասնավաճառ։ Ներկայում այն Ադրբեջանի իշխանությունների կողմից պաշտոնապես ստացել է Չովդար անունը[1]։
Աշխարհագրություն
խմբագրելՀարցհանգիստ բնակավայրը գտնվում է շրջկենտրոն Քարհատից (Դաշքեսան քաղաքից) 11 կմ հեռու դեպի հյուսիս։ Ծովի մակարդակից բարձր է 1380-1500 մ[1]։
Պատմություն
խմբագրելՀարցհանգիստ բնակավայրն ունի բազմադարյա պատմությունը, ինչի մասին վկայում են գյուղի և հարակից տարածքներում հայտնաբերված և տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող պատմամշակութային հուշարձանները՝ բերդեր, վանքեր, գերեզմաններ և այլ տեսակի հնավայրեր[1]։
Կյուրիկյան հարստության ժամանակաշրջան
խմբագրելՀարցհանգիստ գյուղի մոտ է գտնվում է հայկական հռչակավոր Մածնաբերդը, որը հանդիսանում էր Կյուրիկյան հարստության արքա Գագիկ Կյուրիկյանի որդի Աղսարթան Ա-ի նստավայր[1][3]։ Կյուրիկյան թագավորության անկումից հետո Կյուրիկե Ա-ի որդի Դավիթ Անհողինը մոտավորապես 1113 թվականին հաստատվել է Մածնաբերդում և հիմք դրել Մածնաբերդի Կյուրիկյան իշխանությանը։ Կյուրիկյան իշխանության սահմանները տարածվել են նաև մերձակա գավառների ու բերդերի վրա[1][4]։ Հայտնի է, որ 1170 թվականին Մածնաբերդի վախճանված թագավորին ամփոփել են Կյուրիկյանների տոհմական դամբարանում՝ Հաղպատի վանական համալիրում[1]։
12-րդ դարի առաջին կեսին Մածնաբերդի իշխանությունը պայքարի մեջ էր Գանձակի սելջուկ ամիրայության դեմ։ Դավիթ Բ Կյուրիկյանի հաջորդներ Կյուրիկեի և Աբաս Ժամանակաշրջանից Մածնաբերդի իշխանության մասին տեղեկությունները սուղ են[1][5]։
12-րդ դարի վերջին Նոր-բերդի Կյուրիկյանները փորձել են Աղսարթան Ա-ից խլել Մածնաբերդը, սակայն չեն կարողացել։ 1236 թվականին՝ Աղսարթան Բ-ի օրոք, Մածնաբերդը ժամանակավորապես նվաճել են մոնղոլները։ 1250-ական թվականներին դեպի Նփրկերտ և Բաղդադ մոնղոլական արշավանքներին մասնակցել է Թաղիադինը, որի որդի Սարգիսը Մածնաբերդի իշխանության մեջ հայտնի վերջին տիրակալն է։ Մածնաբերդի Կյուրիկյանները մասնակցել են նաև հայ հոգևոր-մշակութային կյանքին։ Հայտնի է, որ Աբասի քույր Մարիամը կառուցել է տվել Քոբայրի վանական համալիրը։ Մածնաբերդի իշխանությունը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջը[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
խմբագրելՀարցհանգիստ գյուղից Խորհրդային Միության բանակի կազմում Երկրորդ համաշխարահային պատերազմին մասնակցել է 380 հոգի, որոնցից 178-ը զոհվել է։ Զոհվածների հիշատակին գյուղում կառուցվել էր հուշարձան և բացվել թանգարան։ Հայտնի է, որ Հարցհանգիստի բնակիչ և պատերազմին մասնակցած ավագ լեյտենանտ Ղազարոս Ավետիսի Ավագյանը հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման[1]։
Արցախյան շարժում
խմբագրելԱրցախյան շարժման մեկնարկով և Խորհրդային Միության փլուզման գործընթացով պայմանավորված Հարցհանգիստի հայ բնակչությունը ստիպված է եղել բռնագաղթել Խորհրդային Ադրբեջանի տարածքից։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՀարցհանգիստ գյուղը հարուստ է բազմադարյան պատմամշակութային հուշարձաններով։ Հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվել է նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ում կատարած աշխատանքի հիման վրա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հրատարակել է աշխատություններ[1]։
Մածնաբերդ ամրոց
խմբագրելՀարցհանգիստ գյուղի մոտակայքում է գտնվում հայկական հռչակավոր բերդերից մեկը՝ Մածնաբերդը։ Այն կառուցվել է բնակավայրից հարավ-արևելք՝ անդնդախոր ձորերով շրջապատված անտառապատ լեռան վրա[1][6]։ Բերդը հայտնի է նաև Մլզնաբերդ, Սուրբ Մալազնաբերդ անվանաձևերով[1][7]։
Պատմական աղբյուրներում Մածնաբերդը հիշատակվում է որպես Կյուրիկյան թագավորական հարստության արքա Գագիկ Կյուրիկյանի որդի Աղսարթանի նստավայր[1][3][8]։ Կյուրիկյան թագավորության անկումից հետո Կյուրիկե Ա-ի որդի Դավիթը մոտավորապես 1113-ին հաստատվել է Մածնաբերդում՝ հիմք դնելով Մածնաբերդի Կյուրիկյան իշխանությանը, որի սահմանները տարածվել են նաև մերձակա գավառների ու բերդերի վրա[1][4]։
Մածնաբերդի ճարտարապետությունից հայտնի է, որ ամրոցի խոցելի հատվածներն ամրացված են եղել անմշակ քարով, կրաշաղախով կառուցված բրգաշար պարսպապատով, որոնք 19-րդ դարի վերջերին արդեն քայքայված էին ու մասամբ ավերված[1][9][10]։
Մածնաբերդի վանք
խմբագրելԳարդմանքի հռչակավոր վանքերից մեկը՝ Մածնաբերդի վանական համալիրը, գտնվում է Հարցհանգիստ գյուղից 2,2 կմ հարավ-արևելք՝ շրջապատի նկատմամբ առանձնացած լեռան գագաթին։ Ծովի մակարդակից բարձր է 1648 մ։ Վանական համալիրի անունը վերցված է մոտակայքում գտնվող Մածնաբերդից[1][9]։ Վանքը բաղկացած է մեկ եկեղեցուց, որն ունի Սուրբ Վարդանանց զորավարաց անունը։ Այն հայտնի է նաև Սուրբ Սարգիս անունով[1][11]։ Սուրբ Վարդանանց զորավարաց եկեղեցին ունի միանավ բազիլիկի հորինվածք, իսկ թաղակապ տանիքն առնված է երկթեք ծածկի տակ։ Թաղը կրում են աղոթասրահի երկայնական պատերի երկու զույգ որմնասյուներին հենված որմնակամարները։ Կառուցված է անտաշ քարով և կրաշաղախով։ Անկյունաքարերը, որմնասյուները, որմնակամարները և բացվածքների եզրաքարերը սրբատաշ քարից են։ 1980-ականների դրությամբ արևմտյան ճակտոնի գագաթին կանգուն էր սրբատաշ քարով կառուցված, սրածայր վեղարով ավարտվող քառասյուն փոքր զանգակատունը։ Կառույցի արտաքին չափերն են 12,07 x 6,75 մ։ Ունի մեկ մուտք, որը բացված է արևմուտքից և շրջապատված է կամարակապ եզրակալով։ Կառույցի լուսավորությունն իրականացվել է հարավային և հյուսիսային պատերի ուղղանկյուն, կամարաձև վերնամասով չորս պատուհաններից։ Հետագայում հյուսիսային պատի մի պատուհանը փակվել է։ Արևմտյան և արևելյան պատերին բացված են նեղ պատուհաններ։ Հյուսիսային պատի մեջէ տեղադրված եղել մկրտարանի ավազանը[1]։
Հայտնի է, որ ներկայիս եկեղեցին կառուցվել է 1631 թվականին նախկինում տեղում եղած մեկ այլ եկեղեցու վրա, որը փոքր չափի քարաշեն եկեղեցի էր[1][10]։
Շատախ գյուղատեղի
խմբագրելՇատախ գյուղատեղին գտնվում է Հարցհանգիստ-Խաչակապ բնակավայրերի միջև՝ Շատախ գետակի ձախ ափին։ Հարցհանգիստ գյուղից հեռու է 2,6 կմ դեպի հարավ։ Ծովի մակարդակից բարձր է 1360-1400 մ։ Շատախը Եղել է Գարդմանքի պատմական ու առնվազն վաղ միջնադարից հայաբնակ գյուղերից մեկը[1]։ Ըստ տեղեկությունների՝ գրավոր աղբյուրներում գյուղն առաջին անգամ հիշատակվում է 1621 թվականին[1][12]։ Պատմական գյուղի մասին գրավոր հիշատակություններ են արձանագրվել նաև 1627, 1634, 1637, 1644, 1661, 1687 թվականներին։ Հայտնի է, որ Շատախ գյուղատեղիում է հայտնաբերվել 981 թվականով թվագրվող խաչքար։ Բնակավայրը հայտնի է եղել իր գրչօջախներով, ձեռագրերի ստեղծման կենտրոններով։ Շատախի համար հատկապես ծաղկուն ժամանակաշրջան է եղել 17-րդ դարը։ Այդ ժամանակ Շատախում ձեռագրեր են ստեղծել Դավիթ, Հովհաննես երեցները, Նազար դպիրը և այլ գրիչներ[1]։
Սուրբ Հովհաննես եկեղեցի
խմբագրելՀարցհանգիստ գյուղում է գտնվել Սուրբ Հակոբ եկեղեցին, որի տեղում 1869 թվականին կառուցվել է նոր եկեղեցի[1]։ Այն օծվել է Սուրբ Հովհաննես անվամբ[1][13]։ Հայտնի է, որ 18-րդ դարում եկեղեցում է պահվել 1221 թվականին Կիլիկիայի հայկական թագավորության Տարսոն քաղաքում ստեղծված մագաղաթե ձեռագիր[1][14][15]։ Եկեղեցու քահանաներից է եղել Վարդան Ոսկանյան Երեմյանցը, ով որպես քահանա է ձեռնադրվել 1898 թվականին[1][16]։ 1849 թվականից սկսած 20 տարի եկեղեցին սեփական քահանա չի ունեցել։ 1869 թվականին գյուղի համար քահանա է ձեռնադրվել Ղազար Տեր-Մխիթարյանցը[1][17]։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունների՝ եկեղեցում վերջին հայը մկրտվել է 1932 թվականին Ուսեփանց քահանայի կողմից[1]։
Ճարտարապետական տեսակետից եկեղեցին ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկ կառույց է, արևելքում՝ կիսաշրջան խորանով, կից ուղղանկյուն ավանդատներով։ Կառուցված է կոփածո քարով և կրաշաղախով։ Ունի 17,70 x 11,75 մ արտաքին չափեր։ Աղոթասրահի երկու զույգ սյուների և որմնասյուների վրա հենված թաղակապ ծածկն առնված է երկթեք տանիքի տակ։ Մուտքը հարավային ճակատից է և բացվում է նույն կողմից եկեղեցուն կից կրկնահարկ զանգակատան առաջին հարկի մեջ[1]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի
խմբագրելՀարցհանգիստ գյուղի կրոնական կառույցներից էր Սուրբ Աստվածածին անունը կրող հայկական առաքելական եկեղեցին։ Պատմական հուշարձանի հիմնադրման մասին տեղեկություններ հայտնի չեն։ Այն բազմիցս հիշատակվել է 17-րդ դարում[1]։
Բնակչություն
խմբագրելՀարցհանգիստ գյուղի բնակչության վերաբերյալ վիճակագրական տվյալներ հայտնի են սկսած 1804 թվականից։ Այդ ժամանակահատվածից գյուղի բնակչությունը շարունակաբար աճել է։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 1804-ից բնակավայրի բնակչությունը եղել են հայեր։ Որոշ տարիների համար արձանագրված թվաքանակի նվազումները կապված են եղել համաճարակների և մասնակի արտագաղթերի հետ[1][18]։
Հարցհանգիստ գյուղի հայ ազգաբնակչությունը բնակավայրը լքել է Արցախյան շարժման և Խորհրդային Միության փլուզման գործընթացների սկզբում։ Այդ ժամանակ Խորհրդային Ադրբեջանի հայկական բնակավայրերը հարկադրաբար լքում էր հայ ազգաբնակությունը։
Տնտեսություն
խմբագրելՀարցհանգիստ բնակավայրի շրջակա տարածքները հարուստ են քարի հանքերով։ Հայտնի է, որ այդտեղի քարերից են օգտվել շրջակա գյուղերը[1][19]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 «Հյուսիսային Արցախ», Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2004 թվական։
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 292։
- ↑ 3,0 3,1 Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երեւան, 1961, էջ 153։
- ↑ 4,0 4,1 Մխթար Այրիվանեցի, Պատմութիւն, Մոսկուա, 1861, էջ 153։
- ↑ Մանր ժամանակագրություններ», Բ, Երևան, 1956, էջ 502։
- ↑ «Նոր Դար», 1886, N 120, էջ 1։
- ↑ «Նոր-Դար», 1886, N 120, էջ 1։
- ↑ «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երեւան, 1982, էջ 265։
- ↑ 9,0 9,1 Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 293։
- ↑ 10,0 10,1 «Արձագանք», 1886, N 21, էջ 307։
- ↑ «Նոր-Դար», 1892, N 126, էջ 2։
- ↑ «ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», հատոր Բ, կազմեցին` Հակոբյան Վ., Հովհաննիսյան Ա., Երեւան, 1978, էջ 1։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3818, թ. 96-97, գ. 3819, թ. 106, գ. 3835, թ. 148-149:
- ↑ «Արձագանք», 1886, N 20, էջ 295-296։
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 292-293։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, Պ461, ց. 1, գ. 12, թ. 70-71:
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 5394, թ. 10: Նաև՝ գ. 4254, թ. 142:
- ↑ «Մշակ», 1900, N 77, էջ 2։
- ↑ Լալայեան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 309։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 167)։ |