Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մածնաբերդ (այլ կիրառումներ)

Մածնաբերդ, միջնադարյան հայկական բերդ Գարդման գավառում, ներկայում՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանի Հարցհանգիստ գյուղից հարավ-արևելք՝ անդնդախոր ձորերով շրջապատված լեռան վրա[1][2][3]։

Մածնաբերդ
Տեսակամրոց
ՏեղագրությունՀարցհանգիստ, Դաշքեսանի շրջան
Վարչական միավորԴաշկեսանի շրջան
ԵրկիրԱդրբեջան
Ընթացիկ վիճակավերված

Անուն խմբագրել

Ամրոցը հայտնի է տարբեր անուններով։ Հիմնական անուն ներկայացվում է Մածնաբերդը[1][2]։ Կիրառվել են նաև Մլզնաբերդ[1][3] և Սուրբ Մալազնաբերդ[1][3] անունները։

Պատմություն խմբագրել

Պատմական աղբյուրներում Մածնաբերդը հիշատակվում է որպես Կյուրիկյան Աղսարթանի նստավայր[4][5]։

Կյուրիկյան թագավորության անկումից հետո Կյուրիկե Ա-ի որդի Դավիթը (1113-1145) մոտ 1113-ին հաստատվել է Մածնաբերդում և հիմք դրել Մածնաբերդի Կյուրիկյան իշխանությանը (գոյատևել է մինչև XIII դարի վերջը)։ Իշխանության սահմանները տարածվել են նաև մերձակա գավառների և բերդերի վրա։ Մխիթար Այրիվանեցին վկայում է՝

  Իսկ ի զարմէ թագաւորացն Բագրատունեաց մնացին ի Վիրս և ի Մածնաբերդ և ի Նոր բերդ, որք կալան զբազում գաւառս և շինեցին բերդս բազումս...[6]  

Համաձայն Կիրակոս Գանձակեցու, Նոր բերդի Կյուրիկյանները տիրել են Մածնաբերդը՝

  Իսկ Դաւիթ իշխան Նոր բերդին խաբեաց զմանուկն Աղսարթան և փեսացոյց զնա ի դուստրն իւր և ինքն տիրեաց Մածնաբերդոյ և ապա եհան զդուստր իւր և նման է[4]  

XII դարի առաջին կեսին Մածնաբերդը ենթարկվել է Գանձակի սելջուկյանների հարձակումներին, իսկ XIII դարի կեսին այն կարճ ժամանակով եղել է մոնղոլների տիրապետության տակ։ Հայտնի է նաև, որ 1170 թվականին վախճանված Մածնաբերդի թագավորին ամփոփել են Հաղպատի վանքում, որտեղ գտնվում է Կյուրիկյանների տոհմական դամբարանը[7]։

Ճարտարապետություն խմբագրել

Բերդասարի խոցելի հատվածներն ամրացված են եղել անմշակ քարով, կրաշաղախով շարված բրգաշար պարսպապատով, որոնք XIX դարի վերջերին արդեն քայքայված էին ու մասամբ ավերված[8]։

1886 թվականին Մածնաբերդին անդրադարձած «Արձագանք» պարբերականում նշվում էր՝

  Բերդից այժմ հազիւ նշմարելի պարսպի հետքեր և բնակարանների աւերակներ կան...[3]  

1880-ականներին բերդի ավերակների մեջ կար նաև երեք սպիտակ խաչքար

  ...լեռներից մինի ստորոտում կայ մի տափարակ տեղ, որ հողից մի թզաչափ բարձր երևում է շրջանաձև պարիսպ, փորագրած խաչաձև քարերով։ Այդ պարսպի մէջ տեղը փորելու ժամանակ դուրս եկան երեք հատ սպիտակ քարեր[9]  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երևան, 2004, էջ 245
  2. 2,0 2,1 «Նոր Դար», 1886, N 120, էջ 1՝
      Գիւղից 3 վերստ հեռու, Գանձակի ճանապարհի վերայ գտնվում են երեք հատ բարձր անտառապատ լեռներ, որոնց ամեն մինի գագաթումը կայ մի բերդ  
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Արձագանք» գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ, 1 յունիսի 1886, № 21, էջ 307։
  4. 4,0 4,1 Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 153
  5. «Դիվան հայ վիմագրության», պր. V, կազմեց Բարխուդարյան Ս., Երևան, 1982, էջ 265
  6. Մխթար Այրիվանեցի, Պատմութիւն, Մոսկուա, 1861, էջ 153
  7. «Մանր ժամանակագրություններ», Բ, Երևան, 1956, էջ 502
  8. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 293։ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 245։
  9. «Նոր-Դար», 1886, N 120, էջ 1