Հայաստանի էկոլոգիա, երկրում տիրող էկոլոգիական դրությունը։ Ներկայում Հայաստանի էկոլոգիան վատ վիճակում է, ինչը պայմանավորված է երկրի բնական ռեսուրսների շարունակական գերօգտագործմամբ՝ առանց բարձրորակ տեխնոլոգիաների կիրառման[1]։

2018 թվականի Էկոլոգիական արդյունավետության գործակցի համաձայն՝ Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 63-րդ տեղը[2]։ Երկրի ամենամեծ խնդիրներն են օդի աղտոտվածությունը, շրջակա միջավայրի (արեալների) պաշտպանությունը և ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը[3]։

Լճեր խմբագրել

 
Սևանա լիճ

Սևան խմբագրել

Սևանա լիճը Հայաստանի ամենամեծ լիճն է, այն գնահատվում է քաղցրահամ ջրի հսկայական պաշարի համար։ Հայկական լեռնաշխարհի մյուս խոշոր լճերում`Վանա լճում և Ուրմիա լճում ջուրը աղի է և պիտանի չէ ոռոգման համար։

1940-ական թվականներից սկսած՝ 70 տարի ընթացքում Սևանի ջրի մակարդակը նվազել է մոտ 20 մետրով։ Դա պայմանավորված էր Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանի ինտենսիվ աշխատանքով և ոռոգման նպատակով լճի ջրի ակտիվ սպառմամբ, որի արդյունքում Սևանը «մաքուր» ջրավազանից վերածվել է «միջին աղտոտվածության» ջրավազանի։

Ներկայում Հայաստանում գործում է Սևանա լճի մակարդակի բարձրացման ծրագիր։ Սևանա լճի մակարդակի բարձրացման գլխավոր գործոնը Արփա-Սևան թունելն է, որով Արփա գետից ջուրը տեղափոխվում է Սևան։ Թունելի երկարությունը կազմում է 48,2 կմ։ Հայաստանի կառավարության որոշել է, որ լճի մակարդակը պետք է բարձրացնել տարեկան ավելի քան 20 սմ-ով։ 2008 թվականին 2007 թվականի համեմատ լճի մակարդակը բարձրացել է 6 սմ-ով, 2009 թվականին 2008 թվականի համեմատ՝ 38 սմ-ով։

Նախատեսվել է, որ մինչև 2019 թվականի վերջը ջրի մակարդակը կլինի 5-10 սմ-ով բարձր, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մինչև 2030 թվականը նախատեսվում է լճի մակարդակի բարձրացում մինչև 1903,5 մ[4]։

Լճի ողողված տարածքներում ծառերի ոչ բավարար հատման պատճառով սրվել է ճահճապատման վտանգը[5]։

Կենդանական աշխարհ խմբագրել

Սևանա լիճը նախկինում հարուստ է եղել ձկնորսական պաշարներով։ Ներկայում այնտեղ հանդիպում են էնդեմիկ Սևանի իշխան տարբեր տեսակ և սիգ, սակայն նախորդ տասնամյակների ընթացքում առանձնյակների թիվը մեծապես նվազել է որսագողության և ջրի աղտոտման պատճառով այնպիսի ծանր մետաղներով, ինչպիսիք են վանադիում և ալյումինը։ 1990-ական թվականների սկզբին Սևանում ձկների արդյունաբերական պաշարները կազմել են ավելի քան 50 հազար տոննա։ Ներկայում Սևանի բոլոր ձկնաբուծական պաշարները հազիվ հասնում են 150-250 տոննայի։

Արփի խմբագրել

Արփի լիճը ջրի երկրորդ մեծ պաշարն է Հայաստանում։ Լիճը ներկայում գտնվում է էկոլոգիական լավ վիճակում։

Կենդանական աշխարհ խմբագրել

Լճում հանդիպում են մեծ թվով կենդանիներ և բույսեր, որոնց մի մասը գրանցված է Կարմիր գրքում։ Լճի շրջանում հանդիպում է թռչունների ավելի քան 100 տեսակ։

Ջրլող թռչուններից լճի շրջանում հանդիպում են փոքր սուզակը (Tachybaptus ruficollis), սպիտակ արագիլը (Ciconia ciconia), կռնչան բադը (A. platyrhynchos), կարմրագլուխ սուզաբադը (Aythia ferina), կարմիր բադը (Tadorna ferruginea), ծովային քարադրը (Charadrius alexandrinus), մորակտցարը (Gallinago gallinago), կրկնակտցարը (G. media), հայկական որորը (Larus armenicus), փոքր ջրածիծառը (Sterna albifrons) և այլն։ Կարմիր գրքում գրանցված ջրլող թռչուններից համեմատաբար ավելի հաճախ հանդիպում են գանգրափետուր հավալուսնը (Pelekanus crispus), սև արագիլը (Ciconia nigra), Tadorna tadorna և մոխրագույն կռունկը (Grus grus)։

Բուսական աշխարհ խմբագրել

Բուսականությունը բնութագրվում է բոշխի գերակշռությամբ (Carex leporina)։ Որոշ տարածքներում նրան փոխարինվում է Phragmites հազվադեպ աճող տեսակները։ Լճի շրջակայքում աճում են այնպիսի վտանգված տեսակներ, ինչպիսիք են՝ Iris sibirica, Gladiolus imbricatus, Traunsteinera sphaerica, Seilla rosenii[6]։

Գետեր խմբագրել

Հայատսանի գետերի աղտոտվածությունը պայմանավորված է կոմունալ ջրհոսքերի մաքրման բավարար համակարգի բացակայությամբ և արդյունավերական ներհոսքերով ու հանքավայրային ջրերով աղտոտմամբ։

Հայաստանի ամենաաղտոտված գետերից մեկը համարվում է Ախթալան, որի մեջ են թափվում Ախթալայի բազմամետաղային հանքավայրի ներհոսքն ու Ողջի գետը, որի մեջ թափվում են Կապանի հանքարդյունաբերական կոմբինատի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնները, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարի վթարային արտանետվածքները, ներհոսում է ջուր Շահումյանի և Քաջարանի հանքավայրերից։

Ողջի գետում նկատվում է մի շարք նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում, ինչպիսիք են նիտրիտը, մանգանը, պղինձը, ցինկը, սուլֆատի իոնները, ալյումինը, վանադիումը, քրոմը, ամոնիումը և սելենը։ Հատկապես աղտոտված է ողջի գետի՝ Կապան (Կապանի պղնձի հանքավայր) քաղաքից ներքև ընկած հատվածը, որտեղ պղնձի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան թույլատրելիի ցուցանիշը գերազանցում է հարյուրից ավելի անգամ[7]։

Հող խմբագրել

Հայաստանում բնական հանքավայրերի ակտիվ շահագործման պատճառով նրանց շրջակա տարածքների հողերը մեծապես աղտոտված են ծանր և թունավոր մետաղներով, ինչպիսիք են պղինձը, մոլիբդենը, սնդիկը, մկնդեղը, վանադիումը, սելենը, կադմիումը և այլն։ Երբեմն հողում դրանց պարունակությունը հարյուրավոր անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Անտառներ խմբագրել

 
Անտառ Լոռու մարզում

1998 թվականին Հայաստանի անտառապատ տարածքները կազմել են երկրի ընդհանուր տարածքի 8 %-ից պակաս։

2019 թվականի տվյալներով՝ երկրի 11 %-ը ծածկված է անտառներով։ Մինչև 2025 թվականը նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 20 %-ի[8]։

Համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի՝ Հայաստանի անտառները դասակարգվում են որպես պաշտպանիչ (ջրային հաշվեկշռի կարգավորում, հողերի էրոզիայի կանխարգելում, հողերի պաշտպանություն և այլն) և սոցիալական (առողջարար և հանգստի նպատակներով օգտագործվող)։

Կառավարությունը մշակել է օրինագիծ՝ խստացնելով ապօրինի հատումների և ապօրինի հատումների արդյունքում ստացված փայտանյութի տեղափոխման համար սահմանված տուգանքները[9]։

Թափոններ խմբագրել

Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկն աղբի խնդիրն է։ 2008 թվականին Հայաստանում ձևավորվել է 11 միլիոն տոննա թափոն։

Կենցաղային աղբը ոչ մի տեղ չի օգտահանվում նույնիսկ մեծ քաղաքներում։ Ամենամեծ աղբավայրը գտնվում է Նուբարաշենում (Երևան)։ Հայաստանի շատ քաղաքներում աղբը ապօրինի թափվում է մոտակա կիրճերը։

Հանրապետությունում կա 23 պոչամբար[10]։

Մթնոլորտային օդ խմբագրել

Գլոբալ տաքացման պատճառով Հայաստանում 2019 թվականին ջերմաստիճանը 1960 թվականի համեմատ բարձրացել է 1,23 աստիճանով[11]։

2008 թվականին Հայաստանի մթնոլորտային օդում վնասակար նյութերի արտանետումները կազմել են մոտ 206,5 հազար տոննա, որից 83,4 %-ը եղել է տրանսպորտային միջոցների տեսակարար կշիռը, 16,6 %-ը՝ ստացիոնար արդյունաբերական օբյեկտների մասնաբաժինը։

Արդյունաբերական արտանետումների մոտ 65,1 %-ը ծծմբի անհիդրիդն է։ Հիմնական աղտոտողը եղել է Ալավերդու պղնձաձուլարանը, որը 2008 թվականին արտանետել է մոտ 22,4 հազար տոննա ծծմբի անհիդրիդ։ 2019 թվականի մայիսի դրությամբ՝ Ալավերդի քաղաքում պղնձաձուլարանը, որի աշխատանքը դադարեցվել էր 2018 թվականի հոկտեմբերին, շարունակում է չգործել։ Բնապահպանության նախարարությանն առընթեր բնապահպանական պետական տեսչության պահանջով՝ արտադրությունը վերագործարկելիս արտանետումները պետք է կրճատվեն 90 %-ով[12]։

Մթնոլորտային արտանետումների թվում կան տարատեսակ մետաղներ՝ տարեկան 33,1 տոննա, հիմնականում՝ պղինձ և կապար։

Ամբողջ 2008 թվականի ընթացքում փոշու ընդհանուր քանակը մոտավորապես կազմել է 3059,6 տոննա։ Առավել փոշոտ քաղաքներն են համարվում Արարատն ու Հրազդանը, որտեղ կան ցեմենտի ձեռնարկություններ։ 2009 թվականի հոկտեմբերին Հրազդան քաղաքի օդում ցեմենտի փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 4,6 անգամ, Արարատինը՝ 4,1 անգամ։

Ավտոմոբիլային գազերի արտանետումները նվազեցնելու համար էլեկտրական մեքենաների ներմուծումը և շահագործումը Հայաստանում ազատվում են մի շարք հարկերից և տուրքերից, ներառյալ ԱԱՀ[13]։

Հայաստանում արեգակնային էներգիան ակտիվորեն զարգանում է, ինչը նպաստում է գազի վառելիքով աշխատող էլեկտրակայանների արտանետումների կրճատմանը[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ecolur
  2. «2018 EPI Results | Environmental Performance Index». epi.envirocenter.yale.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  3. «Country Profile». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. «Уровень озера Севан начал повышаться – министр». newsarmenia.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  5. «Севан оказался перед угрозой заболачивания - газета». newsarmenia.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  6. «Озеро Арпи». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  7. Պղնձի կոնցենտրացիայի գերազանցումը Ողջի գետի ավազանում` գետի աղետալի վիճակի պատճառ
  8. «В Армении будут проведены лесные реформы». newsarmenia.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  9. «Arminfo: В Армении будут ужесточены меры ответственности за незаконную вырубку лесов» (անգլերեն). www.arminfo.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  10. Հայաստանը հումքային կցորդ դարձնելը էկոլոգիական ամենալուրջ խնդիրն է. աշխարհագրական գիտությունների դոկտոր
  11. «Глобальное потепление уже сказалось на Армении. Министр экологии прокомментировал вопросы орошения». newsarmenia.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  12. Sputnik. «Власти Армении надеются на лучшее, а промышленные гиганты простаивают» (ռուսերեն). Sputnik Армения. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  13. «Импорт электромобилей в Армению освободили от НДС». newsarmenia.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  14. «Солнечная энергетика - Энергосистема - www.minenergy.am». www.minenergy.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  15. Sputnik. «Армения запускает "парад" солнечных электростанций» (ռուսերեն). Sputnik Армения. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.